Քեմալ Յալչընը` Արևմտյան Հայաստանում

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

1558
(Թարմացված է 09:28 16.05.2020)
Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հեղինակություն վայելող շատ անհատներ բարձրաձայնում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Թուրքիայում իրենց ազգային ինքնությունը թաքցնող հայերի մասին։

Թուրք գրող Քեմալ Յալչընի հետ ծանոթացա Արևմտյան Հայաստան հերթական այցերից մեկի ժամանակ։ Ընդհանուր ծանոթներից մեկն ասաց, որ Յալչընը տևական ժամանակ եղել է մոլի ազգայնական, սակայն մի հայուհու մղումով ուսումնասիրել է Թուրքիայի արևելյան շրջանների (Արևմտյան Հայաստանի) իրականությունը՝ բացահայտելով այնտեղ մեծ թվով ծպտյալ հայերի։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Քեմալին հրավիրեցի Երևան՝ միասին բարձրանալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օրեր անց` մի փունջ ծաղիկ ձեռքներիս, մոտենում էինք անմար կրակին և որքան առաջ էինք գնում, Քեմալն այնքան ծանր էր շնչում։ Կրակի մոտ ծնկի եկավ, ապա խոնարհվելով՝ շարեց նաև իր աշխատությունները՝ չկարողանալով զսպել արցունքները։ Քեմալի գրքերից մեկը, որ վերնագրված է «Հոգիս քեզնով է խայտում», պատմում է Արևմտյան Հայաստան նրա շրջագայության և այնտեղ տեսած հայերի մասին։

Кемаль Ялчин в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քեմալ Յալչընը` Ծիծեռնակաբերդում

«Թուրքիայի  բոլոր կառավարությունները միշտ նույն քաղաքականությունն են շարունակում՝ ցեղասպանության ժխտում, իրականության հետ առնչվելու ցանկության բացակայություն, ստի, կեղծիքի իշխանություն, բայց ամբողջ աշխարհը հո գիտի՞, որ թուրքական իշխանությունը ստում է։ 1000 տարի էլ անցնի, հայերի ցեղասպանության փաստը չպետք է մոռացվի, որովհետև դա աշխարհում միակ հանցանքն է, որը չունի ո՛չ վաղեմության ժամկետ, ո՛չ ներման իրավունք»,-ցեղասպանության զոհերի հուշամատյանում այս գրառումն անելուց հետո թուրք գրողը պատմեց, որ մինչև 1990-ականներ ինքը գրեթե ոչինչ չի իմացել հայերի և առավել ևս` ցեղասպանության մասին։ Գերմանիայում մանկավարժական վերապատրաստումների ժամանակ ծանոթացել է Մելինե անունով մի հայուհու հետ, որը նրան պատմել է իր ծնողների ցավոտ անցյալը։

Հենց այդ պատմությունն էլ դարձել է Քեմալ Յալչընի գրքի հիմք և նախաբան։

Кемаль Ялчин в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քեմալ Յալչընը` Ծիծեռնակաբերդում

Մելինե-ուզում եմ քեզ պատմել մի հետաքրքիր բան, տխուր պատմություն անցյալի ու այսօրվա մասին:

Քեմալ-Շաբաթվա վերջին գնալու եմ Թուրքիա, պետք է հասցնեմ լսել պատմությունդ: Այսօր կկարողանա՞ս պատմել:

Մելինե -Նայիր, տղա, քեզ համար դժվար կլինի:

Քեմալ -Կդիմանամ:

Մելինե -Պատմում եմ, լավ լսիր: Հետո, երբ գնաս այնտեղ, քո աչքով կտեսնես այն, ինչ պատմում եմ: Կգնաս այնտեղ ու կտեսնես իրականությունը:

Քեմալի ու Մելինեի միջև այս երկխոսությամբ է սկսվում վեպը։ Հայուհի Մելինեն պատմում է այն տառապանքների մասին, որոնք կրել են Արևմտյան Հայաստանի հայերը ցեղասպանության տարիներին։ Մելինեն միաժամանակ մանրամասներ է հայտնել կրոնը և ազգությունը բռնի փոխած հայերի մասին՝ նշելով, որ Թուրքիայի արևելյան շրջաններում այժմ էլ շատ կան ազգային ինքնությունը թաքցնող հայեր։

Обложка книги Кемаля Ялчина Душа тобой ликует
© Photo : Kemal Yalçin
Քեմալ Յալչընի գիրքը

«Երբ ուսումնասիրում էի Մելինեի կյանքը, հասկացա, որ նրա ապրած ցավն իրականում հայերի ապրած ցավի միայն մի կաթիլն է։ «Հոգիս քեզնով կխայտա» վեպս 1994–2000թթ. ընթացքում իմ արած ուսումնասիրությունների արդյունքն է։ 1998-ի ամռանը Թուրքիա վերադարձա։ «Հոգիս քեզնով կխայտա»-ն պատրաստելու համար որոշել էի ճանապարհ ընկնել։ Ամասիայում հայ տարեց կնոջը պետք է փնտրեի, որի մասին ինձ պատմել էր Մելինեն։ Պիտի գտնեի կենդանի վկաների, զրուցեի նրանց հետ, Անին ու Աղթամարը պիտի տեսնեի։ Այս գաղափարն ասացի մորս։

«Գնա, տղաս, գնա»,-ասաց մայրս։ Գլխիս ցավը բուժած եվդոկիացի հայ կնոջը գտիր ու բարև տար նրան»»,- իր աշխատանքի մասին գրքի նախաբանում պատմում է Յալչընը։

Обложка книги Кемаля Ялчина Душа тобой ликует
© Photo : Kemal Yalçin
Քեմալ Յալչընի գիրքը` հայերեն

Թուրք գրողը նաև խոստովանում է՝ Արևմտյան Հայաստան այցելելիս ապշել է, թե ինչպես կարող է մի վայրում, որտեղ ինքը մեծացել է, թաքնված լինել այդպիսի պատմություն, որի մասին տեղյակ չեն թուրքերը։ Խոսքն Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգության ու այնտեղ ապրող մեծաքանակ հայերի մասին է։

Кемаль Ялчин в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քեմալ Յալչընը` Ծիծեռնակաբերդում

Անցնելով Էրզրում, Սարիղամիշ, Կարս քաղաքներով՝ Քեմալ Յալչընը հասնում է Անի։ Այնտեղից շարունակում ճանապարհը և մեկնում Ամասիա, ծանոթանում ծպտյալ հայ Օհան Յոզանթի հետ։ Նա 1915-ի համատարած կոտորածի ժամանակ նորածին է եղել։ Հրաշքով է փրկվել մոր հետ, ապա թաքնվել Սեբաստիայում։ Երբ տարիներ անց վերադարձել են Ամասիա, պարզվել է, որ Օհանի ազգականներից մեկն ընտանիքի կյանքը փրկելու համար իսլամ է ընդունել։ Հենց նա էլ Օհանին վերցրել է իր հովանավորության տակ, դարձրել մահմեդական և մեծացրել իսլամական կանոններով։ Որպես հայի, մտերիմները նրան «Օհան» են կոչել, իսկ որպես մահմեդականի՝ «Իհսան»։ Այդպես էլ՝ երկու ինքնությամբ, մեծացել է Օհանը, սակայն ողջ կյանքում հիշել է իր հայ լինելու մասին, ու դա պատմել է զավակներին ու թոռներին։

«Մանկությունս չքավորության, երկյուղի, անհանգստության մեջ անցավ։ Մեր կյանքը եղունգներով, մեր ճակատի քրտինքով ստեղծեցինք։ Հիմա խաղաղության մեջ եմ ուզում աչքերս փակել։ Մեր խաղաղությանը մի խանգարեք»,-թուրքերին ուղղված խոսքում ասում է ամասիացի հայ Օհան Յոզանթը։

Քեմալ Յալչընը Կեսարիայում ծանոթանում է Զաքարիա անունով մեկ այլ հայի հետ, որը պատմում է, թե ինչպես է հայ ուսուցիչ Գեղամ Իսքոլը տասնամյակներ շարունակ այդ տարածքներում հայերենի դասեր տվել ծպտյալ հայերի երեխաներին, այդ թվում՝ Զաքարիային։

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում

Ավելի քան 300 էջանոց ստեղծագործության մեջ թուրք գրողը ներկայացնում է տասնյակ այլ հայերի կյանքի պատմությունները Արևմտյան Հայաստանում՝ նշելով այն վախերն ու տառապանքները, որոնց միջով անցել և անցնում են նրանք։ Գրքի վերջում Յալչընը մեջբերում է թուրքական հայտնի մի ասույթ՝ «Արևը ցեխով չես ծածկի», ասել է թե` ճշմարտությունից չես փախչի։

Քեմալի հետ մեկնում ենք Ծիծեռնակաբերդից։ Ճանապարհին լռությունը խախտում է նրա ընդհատ շնչառությունը։ Օրեր անց՝ հրաժեշտին, խոստովանում է՝ որպես թուրք` ինքը ամաչում է իր նախնիների արածի համար, բայց վստահ է՝ Արևմտյան Հայաստանը չի վերածվել Թուրքիայի կամ Քրդստանի՝ շնորհիվ այնտեղ ապրող մեծ թվով հայերի։

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

1558
թեգերը:
Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո (19)
Ըստ թեմայի
Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

199
(Թարմացված է 09:35 14.05.2021)
Ինչպես հայտնի է, Հայաստանը պտղաբեր հողերի պակաս ունի։ Հարց է ծագում` ի՞նչ կարելի է անել երկիրը մթերքով ապահովելու համար։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիշեցնում է մի մեթոդ, որին պետությունը դեռևս լուրջ ուշադրություն չի դարձնում։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պատվավոր հյուրերին Մատենադարանից, հռչակավոր կոնյակի գործարանից և Մարտիրոս Սարյանի արվեստանոցից բացի, տանում էին նաև Երևանի ծայրամասերից մեկը։ 60-ականների կեսեր։ «Ամենաամենաների» ցանկում ներառված տեսարժան վայրը՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ։

Ինչո՞վ է լավ հիդրոպոնիկան։ 90-ականների հուշերից․ Երևանի Թումանյան և Հանրապետության (այն ժամանակ՝ Ալավերդյան) փողոցների անկյունում բազմահարկ շենք կա, այն տարիներին այդ շենքում էր տեղակայված մշակույթի նախարարությունը։

Հարևանությամբ ապրողները (իսկ ես հենց հարևանությամբ էի ապրում) չէին կարող չլսել աքաղաղի զրնգուն ծուղրուղուն, որն ամեն առավոտ լսվում էր վերևներում ինչ-որ տեղից։ Վեր նայելով` կարելի էր որոշել ձայնի աղբյուրը․ աքլորները կանչում էին նախարարության շենքի հարթ տանիքից, իսկ թե ինչ էին նրանք անում այդ տանիքին, մնում էր գուշակել։

-Հա, տիկին Գոհարն է` հարևանուհիս, տանիքին հավ է պահում, կանաչի, բանջարեղեն է աճեցնում, նաև սունկ, ելակ։ Ընտանիքն է կերակրում, ավելացածն էլ վաճառում է,-բացատրեց մշակույթի նախարարության դիմացի շենքում ապրող հին ընկերս՝ բանասիրության պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։

-Կարո՞ղ ես ծանոթացնել։

-Հեշտ ու հանգիստ։

․․․Ագրոքիմիական պրոբլեմների ինստիտուտի նախկին աշխատակից տիկին Գոհարն ինձ տարավ շենքի տանիք` ընթացքում փառաբանելով ակադեմիկոս Գագիկ Դավթյանին (Հիդրոպոնիկայի ինստիտուտի հիմնադրին և առաջին տնօրենին) և հայհոյելով իշխանություններին` գիտությունը մոռացության մատնելու համար, մինչդեռ․․․

- Ինքդ կտեսնես,-տիկին Գոհարը բացեց տանիքի դուռը, և ինձ մնում էր տեսնել ու զարմանալ։

Իսկ զարմանալու բան կար։ Շարքով արկղեր՝ արհեստական լցանյութի (հողի փոխարինիչ) վրա աճող սամիթով, համեմով, հատապտուղներով։ Մեծ ծաղկամաններում՝ ցածրիկ խնձորենիներ և տանձենիներ, քիչ այն կողմ` հավաբուն՝ վերոնշյալ զրնգուն աքաղաղի գլխավորությամբ։ Վերևում երկինքը չէր երևում. հարթակի վրա պոլիէթիլենային վարագույր էր, պատի տակ՝ թասերի և դույլերի մեջ` քարե փշրանքի և ինչ-որ անորոշ զանգվածի խառնուրդ։

Տիկին Գոհարի՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին կրտսեր գիտաշխատողի բացատրություններից․

-Բույսերը, որոնք նման ձևով են խնամվում, հիվանդություններ չունեն, իսկ պտուղները պահպանում են իրենց հատկություններն ու համը։ Բայց դրա համար պետք է կայուն միկրոկլիմա պահպանել, հավասարակշռված սնուցում տալ և բերքը ճիշտ ժամանակին հավաքել։

Իջնենք բարձր տանիքից ու վերադառնանք երկրային խնդիրներին։ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն տարի կրճատվում է պտղաբեր հողերի մակերեսը։ Հայաստանում` նույնպես։

Ընդամենը մեկ տարում (2014-ից մինչև 2015թ.) այն կրճատվել է 800 հեկտարով, և այդ ժամանակից ի վեր մենք կորցնում ու կորցնում ենք (էլ չասենք պատերազմի և հետպատերազմական քաղաքականության հետևանքով հողերի կորստի մասին): Իսկ մեզ մոտ, ինչպես Ֆրունզիկն էր ասում. «Թանկագինս, հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լեռներ են, լեռներ...»: Լեռները կազմում են Հայաստանի տարածքի ավելի քան 90 տոկոսը, ընդամենը մոտ կես միլիոն հեկտար վարելահող է մնում։

Մինչդեռ հիդրոպոնիկայի համար, ինչպես պարզվեց, լեռները ոչ միայն վատ չեն, այլև հենց այն են, ինչ պետք է։ Հիդրոպոնիկայում կիրառվող ամենատարածված (բայց բնավ ոչ միակ) լցանյութը գրանիտի խճաքարն է։ Մեր երկրում գրանիտ ամեն տեղ չկա, իսկ այն բազմաթիվ կիլոմետրեր տեղափոխելը չափազանց թանկ է։ Ուստի այն հաճախ փոխարինում են հրաբխային տուֆով. իր ծակոտկենության և մեծ քանակի խոնավություն պահելու հատկության շնորհիվ դա հենց այն է, ինչ պետք է։

…Ակադեմիկոս Գագիկ Դավթյանը մեծ ապագա էր խոստանում հիդրոպոնիկային, նրան հավատացին, և որպեսզի խոսքը գործ դարձնելն ավելի հեշտ լինի, խորհրդային տարիներին չլսված-չտեսնված քայլի դիմեցին. գիտնականին նշանակեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի փոխնախագահ։ Այդպիսով, ԵՊՀ նախկին ռեկտորի (1957-1961թթ.), այնուհետև ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձած ինստիտուտի տնօրենի կենսագրության մեջ նոր տող գրվեց։

-Մենք նախատեսում ենք հիդրոպոնիկ բերքը մոտեցնել օրգանականին։ Դրա համար բույսերը կսնուցենք ոչ թե հանքային, այլ օրգանական պարարտանյութերով, մանրակրկիտ կընտրենք լցանյութերը և կօգտագործենք վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդներ,-հարցազրույցներից մեկում պատմել է ակադեմիկոս Դավթյանը։

Հիդրոպոնիկ բերքը շահավետ է նաև բերքը սպառողին արագ և առանց խնդիրների հասցնելու առումով։ Ինչպես տիկին Գոհարի մոտ էր․ այն ամենը, ինչ աճեցնում էր տանիքին, փողոցն անցնում ու տուն էր հասցնում, մնացածն էլ հանձնում էր մոտակա խանութին։

Եթե հիշենք, որ արդեն այսօր Երկրի բնակչության 50 տոկոսը քաղաքներում է ապրում, իսկ մինչև 2050թ․-ը այդ թիվը կհասնի 80 տոկոսի, մթերքն էլ գյուղերից քաղաք հասցնելը էժան չէ, ապա տանիքներից ու այլ օժանդակ կառույցներից բերք հավաքող ընկերությունները կարող էին նկատելիորեն օգնել պետությանը մարդկանց կերակրելու հարցում։

․․․Ի՞նչ է մնացել ակադեմիկոս Դավթյանից հետո, բացի Մաշտոցի պողոտայում նրա ապրած շենքի պատին ամրացված հուշատախտակից։ Մնացել է նրա անվան ինստիտուտը՝ հայտնի գիտնական Խաչատուր Մայրապետյանի գլխավորությամբ։ Բայց ի՞նչ կարող է անել գիտությունն առանց պետության աջակցության։ Տեսնում ենք։ Տխրում ենք։

199
թեգերը:
մթերք, տանիք, շենք, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
Իսրայել

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

210
​Եկեք անկեղծ լինենք։ Քննադատական վերաբերմունքն իրականության նկատմամբ սովորաբար շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան հաջողությունների ճոխացրած թվարկումը։
Իսրայելը կարող է տոնել իր լիակատար հաջողությունը միայն արաբական ողջ աշխարհի հետ խաղաղություն հաստատելուց հետո

Թույլ տվեք ներկայացնել մի մեջբերում, իսկ դուք փորձեք կռահել, թե ով է նման գնահատական տվել սեփական պետությանը։ «Մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի։ Ըստ երևույթին, մեր ազգին հատուկ հանճարեղությունը շրջանցել է մեր պետությանը։ Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, սակայն անհնար է պնդել, թե աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իղձերն ուղղված են դեպի այս պետությունը, և որ նրանք այն ընկալում են որպես իրենց մշակույթի կենտրոն»։ ​Միանգամից ասեմ՝ այս ավելի քան խիստ խոսքերը` մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի, պատկանում են Իսրայելի վարչապետներից մեկին՝ Արիել Շարոնին, որը որպես հմուտ զինվորական մասնակցել է Իսրայելի վարած բոլոր պատերազմներին և հարազատ պետության կայացման համար արել է ամեն ինչ։

Համեմատեք այն գնահատականների հետ, որոնք մեր հարազատ երկրին տվել են մեր հարազատ ղեկավարները։ «Հայաստանը տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն է», «մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է», «մեր ջանքերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է արձանագրել», «մենք մեկ տարում ստեղծել ենք 40 հազար աշխատատեղ»։

Էլ չեմ խոսում այն նվաճումների մասին, որոնց երկար ցանկը հրապարակեցին իշխող ուժի ներկայացուցիչները մեր խորհրդարանի վերջին նիստում։ Պարզվեց, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում մեր իշխանությունների անխոնջ աշխատանքի արդյունքն է։ Լավ էր գոնե մեր ֆուտբոլային հաջողություններն իրենց չվերագրեցին։ Թե՞ դա էլ արեցին. ամբողջ նիստը չեմ նայել։ ​Ինձ հեգնանքով անվանեք անուղղելի ոչմիթիզական, բայց ես պարզապես որպես լրագրող փաստում եմ անհերքելի ճշմարտությունը՝ Իսրայելն իր ողջ գոյության ընթացքում չի զիջել ոչ մի թիզ հող, միայն գրավել է։ Միգուցե նաև այն բանի շնորհիվ, որ ոչ թե շարունակ ուռճացրել է իր ձեռքբերումները, այլ համառ ու հետևողական աշխատանքով իրական նվաճումների է հասել։ Եվ մայիսի 14-ի նախօրեին, երբ նշվելու է Իսրայելի կազմավորման 73-ամյակը, «Ֆիգարո» թերթը թվարկում է այդ նվաճումները։ ​

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

«Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ դեմոկրատական պետությունն է»,-գրում է ֆրանսիական պարբերականը։ Ի դեպ, այս փաստարկը դեռ տասնամյակներ առաջ մշտապես օգտագործում էր ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Աբբա Էբանը, որն ասում էր. «Եթե ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է ժողովրդավարության հաստատումն աշխարհում, ապա չեք կարող անտեսել, որ դեմոկրատական սկզբունքներով առաջնորդվող Իսրայելի դեմ կռվող բոլոր պետությունները բռնապետական են։ Թերթի հեղինակը շարունակում է. «Տնտեսական առումով Իսրայելը տարածաշրջանի առաջատարն է բարձր տեխնոլոգիաների բնագավառում»։ ​Իսրայելը նաև ստեղծել է տարածաշրջանի ամենահզոր բանակը։ Իսկ ռազմական արդյունաբերության տեսակետից Իսրայելը գերազանցում է Ֆրանսիային»,– փաստում է թերթը, բերելով այն օրինակը, որը մեզ` հայերիս, համար շատ ու շատ ցավալի է հնչում. «Վերջին տեխնոլոգիաների վրա հիմնված պատերազմները մշտական են դարձել աշխարհում, և հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը մեծապես նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին Լեռնային Ղարաբաղում», - կարծիք է հայտնում «Ֆիգարոն»։

Համաձայնեք՝ ավելի քան զարմանալի է, մի՞թե ֆրանսիական թերթի հոդվածագիրը պիտի տեղեկացնի Հայաստանի իշխանություններին, որ այսպես կոչված կիբեռպատերազմները վաղուց արդեն մշտական են դարձել աշխարհում, և այս կամ այն կողմի ռազմական հաջողությունները ամենաժամանակակից դրոններից են կախված։ ​Մի փաստ էլ, ու վերջ։ Ինչպես նշում է «Ֆիգարոն», համավարակի դեմ պայքարում Իսրայելն աշխարհի չեմպիոնն է։ Պետությունը, որն ունակ է կանխատեսելու և ցանկացած գործ առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու, դեռ գարնան կեսերին ապահովել էր պատվաստանյութի 110 չափաբաժին յուրաքանչյուր 100 բնակչի հաշվով։

Թող ներեն ինձ նրանք, ովքեր տանել չեն կարողանում Հայաստանի համեմատությունը Իսրայելի հետ, բայց հո հանրահայտ փաստ է՝ մեզ մոտ մինչեւ հիմա չի պատվաստվել բնակչության 99 տոկոսը։ ​Գիտեմ, թե ինչ հակափաստարկ եք հիմա հնչեցնելու՝ եթե Իսրայելում ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է այդքան վատ, և ինչո՞ւ են իսրայելցիներն ամեն օր նետվում դեպի ռմբապաստարանները՝ տագնապի ազդանշանը լսելիս։ Կներեք, բայց հենց իրենք՝ իսրայելցիներն են անվերապահորեն ընդունում. «Այո՛, մենք իրավունք կունենանք տոնելու մեր պետության լիակատար հաջողությունը միայն այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատենք արաբական ողջ աշխարհի հետ»։

210
թեգերը:
Պատերազմ, Իսրայել, հրեա, հայ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է
Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավորը 23 տարեկան է

0
(Թարմացված է 13:32 14.05.2021)
Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ։ Մի շարք մարդիկ են հարցաքննվել։

Երևանի Նար–Դոսի փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Վրաերթ Նոր Նորքում․ 56-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև մայիսի 8-ին, մեկ մարդ մահացել էր, մեկը` վիրավորվել։

 

0
թեգերը:
հիվանդանոց, Երիտասարդ, կրակոց, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է