Գալինա Ստարովոյտովա և Բորիս Ելցինը

«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա

2014
(Թարմացված է 21:48 15.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Ութսունականների վերջին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ռուսաստանյան մտավորականության մի շարք ներկայացուցիչներ միանշանակ կանգնեցին մեր կողքին: Նրանց թվում առաջինն էր Գալինա Ստարովոյտովան: Այս կիրակի Ստարովոյտովան կդառնար 74 տարեկան: 
«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա

Ինչու եմ ուզում պատմել այս հրաշալի կնոջ մասին: Երևանում, իհարկե, նրա անունով դպրոց կա, բայց նախ կասկածում եմ, որ մեր նոր սերունդը շատ բան գիտի Ստարովոյտովայի մասին, հետո էլ խոստովանենք, մենք էլ ընթացիկ իրադարձություններով տարված, մի տեսակ մոռանում ենք այն ազնիվ, պարկեշտ ու անշահախնդիր մարդկանց, որոնք շատ մեծ բան են արել Ղարաբաղի համար: Մոռանում ենք, որ 1989-ին Ազատության հրապարակում կանգնած բոլորս միասին վանկարկում էինք՝ «Գալինա»:

Народный депутат России Галина Старовойтова во время интервью (1 июня 1996). Москвa
© Sputnik / Юрий Абрамочкин
Գալինա Ստարովոյտովա

Այն ժամանակ մենք նրան ընտրեցինք Խորհրդային միության Գերագույն խորհրդի պատգամավոր, բայց մեծ տերությունն արդեն քայքայվում էր և ընդամենը երկու տարի անց վերջնականապես փլուզվեց: Գալինա Ստարովոյտովան դարձավ նախագահ Բորիս Ելցինի խորհրդականը՝ ազգամիջյան հարցերով: Մի անգամ գրել է. «Բորիս Նիկոլաևիչը մի սովորություն ուներ՝ շատ էր սիրում համբուրել կանանց ձեռքերը: Երբ Կազան էր գնում, հազիվ համոզեցի, որ թաթար կնոջ ձեռքը չի կարելի համբուրել, դա նրանց մոտ կարմիր լույս է»:

Ընդամենը մեկուկես տարի խորհրդական մնաց, սկսվեցին տարածայնությունները նախագահի հետ, որն արդեն կամաց-կամաց ընկնում էր օլիգարխների ազդեցության տակ: Ու Ստարովոյտովային ազատեցին: 

Իրողությունն այն է, որ Ստարովոյտովան այն ժամանակ արդեն հայտնի մարդ էր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հավատարիմ զինակիցը, շատ էր ճամփորդում։ Արևմտյան լրատվամիջոցները ժամանակին փաստել են՝ այդ կինը բրիտանական հառուստատեսությամբ այնքան հարցազրույցներ էր տվել, որ երբ գնում էր Լոնդոն, տաքսու վարորդներն էին նրան ճանաչում: Հիմա արդեն քչերն են հիշում, որ 1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատմության մեջ առաջին անգամ գրանցեց նախաձեռնող խումբ, որը մտադիր էր կին թեկնածու առաջադրել: Այդ կինը հենց Գալինա Ստարովոյտովան էր:

Զախարովան խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման խնդրից

Սկզբունքային էր ու անաչառ: Երբ 1988-ի վերջին Երևանում ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, ամեն ինչ անում էր, որպեսզի նրանց ազատ արձակեն մոսկովյան բանտերից: Հետո, երբ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ ղեկավար դարձան ու բանտ նետեցին Վահան Հովհաննիսյանին և նրա ընկերներին, նույն սկզբունքայնությամբ պաշտպանում էր դաշնակցական գործիչներին: 

Голодовка в Москве в знак протеста против отмены Горбачевым конституционной власти в Нагорном Карабахе в 1990 году, участники: Сос Саргсян, Зорий Балаян, Генрик Игитян. Католикос Всех Армян Вазген I посетил участников забастовки.
Գալինա Ստարովոյտովան այցելել է Մոսկվայում հացադուլ անող Սոս Սարգսյանին, Զորի Բալայանին, Հենրիկ Իգիթյանին

1998 թվականին, երբ մեզ մոտ կայացան վաղաժամկետ նախագահական ընտրություններ, որոնց արդյունքը բավական կասկածելի էր, նամակ գրեց և իր մտահոգությունը հայտնեց երկրորդ նախագահին: Այսինքն՝ երբեք որևէ մեկի կողմը չի բռնել, միշտ ղեկավարվել է միմիայն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության  սկզբունքներով: Համաձայնեք՝ այնքան էլ շատ չեն նման մարդիկ: 

Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Գալինա Ստարովոյտովայի հետ 1998 թվականի աշնանը՝ Պրահայում: Եթերում շատ երկար զրուցեցինք Ղարաբաղի մասին: Ասում էր՝ չափազանց դժվար է լինելու Արցախի ճանաչմանը հասնելը: Այն ժամանակ Էրիտրեան նոր էր անկախացել Եթովպիայից: Հարցրեցի՝ բա սա ինչպես հնարավոր դարձավ, չէ որ Եթովպիան այնուամենայնիվ համաձայնեց, այսինքն՝ նախադեպը կա: Հանգիստ պատասխանեց՝ «Եթովպիան չհամաձայնեց, Եթովպիային ստիպեցին  համաձայնել: Այ եթե Ադրբեջանին էլ ստիպեն, իհարկե, կճանաչի Արցախի անկախությունը»։  

Մեր այս հանդիպումից երկու ամիս էլ չանցած Գալինա Ստարովոյտովային սպանեցին Սանկտ-Պետերբուրգի իր բնակարանի շեմին: Ինչու սպանեցին՝ այդպես էլ մինչև վերջ չբացահայտվեց, թեև մի քանի տարի առաջ նրա սպանության կազմակերպման մեջ մեղադրվող ռուսաստանցի նախկին պատգամավորներից մեկը՝ Միխայիլ Գլուշչենկոն դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

Զգո՞ւմ էր արդյոք Ստարովոյտովան, որ իրեն վտանգ է սպառնում․ նրա քույրը՝ Օլգան, վկայում է՝ «Գալինան կանխազգում էր, բայց միշտ ասում էր․ «Չեն սպանի ինձ երեք պատճառով՝ նախ կին եմ, երկրորդ՝ հայտնի եմ և վերջապես փողի հետ որևէ առնչություն չունեմ, իսկ Ռուսաստանում հիմնականում փողի համար են սպանում»։  Բայց սպանեցին։ Հուղարկավորությանը եկել էր 40  հազար պետերբուրգցի։ 

Похороны депутата Государственной Думы Галины Старовойтовой, убитой 20 ноября 1998 года (24 ноября 1998). Санкт-Петербург
© Sputnik / Сергей Компанийченко
Գալինա Ստարովոյտովայի հուղարկավորությունը
2014
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արմեն Դուլյան, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (147)
Միխայիլ Պիոտրովսկի

Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

158
(Թարմացված է 15:12 22.05.2020)
Հնագետ Բորիս Պիոտրովսկու ընտանիքին Հայաստանում այսօր էլ հիշում են և սիրում։ Պիոտրովսկիների երևանյան տան մասին է պատմում Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Երբ Միխայիլ Պիոտրովսկուն հարցրել են,թե երբ է առաջին անգամ եկել Էրմիտաժ, նա պատասխանել է․ «Հենց սովորել եմ քայլել»։ Իսկ լեգենդար թանգարանի տնօրենը քայլել սովորել է իր ծննդավայրում՝ Երևանում։

Открытие памятника советскому ученому-археологу Борису Пиотровскому в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Խորհրդային գիտնական-հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշարձանի բացումը Երևանում

Երևանում գտնվող Պիոտրովսկիների տունը առանձնանում էր մյուսներից․բակում դրված սեղանի շուրջ երեկոները հավաքվում էին միանգամից չորս ապագա ակադեմիկոսներ։ Հաշվենք՝ հայր և որդի Պիոտրովսկիները, Ֆադեյ Սարգսյանը՝ Գիտությունների հանրապետական ակադեմիայի գլխավոր քարտուղարը,հետո նաև նախագահը, և Լևոն Խաչիկյանը՝ Երևանի Մատենադարանի տնօրենը։

Տունը գտնվում էր քաղաքի կենտրոնում, որի փողոցներով ոչխարի հոտեր էին անցնում (սեփական աչքերով եմ տեսել), կանաչի վաճառողները բարձր ձայնով գոռգոռում էին, իսկ քաղաքի ծայրամասում՝ ցեխի ջրափոսերի մեջ, պառկած էին խոշորեղջույր գոմեշները։

Պիոտրովսկիների տունն ընդարձակ էր, հարմարավետ, բայց սովետական իշխանության հետ միասին Երևան եկավ «բնակարանային խնդիրը»։ Տանտիրուհուն՝ Երանյակ Ջանփոլադյանին, Պիոտրովսկու մորական տատիկին, թույլ տվեցին «խտանալ» և հարևաններին ընտրել սեփական ճաշակով։ Երանյակ Ջանփոլադյանը, պարզվեց, հրաշալի ճաշակ ուներ։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Պիոտրովսկի-ավագը՝ Բորիս Բորիսովիչը, Պիոտրովսկի-կրտսերին՝ Միխայիլ Բորիսովիչին, պեղումների էր տանում «Կարմիր բլուր», որն ավելի ուշ Միխայիլ Պիոտրովսկին անվանեց ԽՍՀՄ տարածքում կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը, որտեղ ժամանում էին սովորելու, տեսնելու, թե ինչ է նշանակում «ռոմանտիկ հնէաբանություն»։

Իսկ որ ռոմանտիկ հնէաբանություն գոյություն ունի, հաստատել է Ագաթա Քրիստին, որին բոլորը գիտեն իբրև դետեկտիվի վարպետ, և ոչ իբրև արևելյան հնությունների պեղումներին սիրահարված տիկին։

Մեջբերենք քրեական գրականության դասականի էջերից․ «Փորել-հանել կավե ամանեղենի բեկորները, համակարգել, ծալել, ուսումնասիրել զարդաքանդակները՝ դա անվերջ հետաքրքիր աշխատանք էր»։

Ավելացնենք, որ աշխատանքը ոչ միայն հետաքրքիր էր նրանց համար, ովքեր ժամանակին դրանով զբաղվում էին, այլև ուսուցողական նրանց համար, ովքեր զբաղվում են այդ գործով այսօր։ Խոսքը կատվի և մկան կմախքների մասին է, որոնք Բորիս Պիոտրովսկին գտել է «Կարմիր բլուրի» պեղումների ընթացքում հայտնաբերված կավե տարրայում։ Կատուն վազել է մկան հետևից, երկուսն էլ մտել են տարրայի մեջ և չեն կարողացել դուրս գալ։

Այստեղ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված սերմերից կարելի է իմանալ, թե ինչ հացատիկեղեն էին օգտագործում հնագույն ժամանակներում, նռան ծաղկից՝ որոշել, թե երբ է իրականացվել ամրոցի վրա գրոհը, իսկ մկան ու կատվի «համատեղ սատկելուց» կարելի է հասկանալ այն, ինչն այսօր էլ հանդիպում է նաև քաղաքական տարաձայնություններ ունեցող մարդկանց դեպքում․ որոշակի հանգամանքներում այդ մարդիկ, ինչպես և մուկն ու կատուն, միասին են մահանում։ Ի՞նչ պակաս նախազգուշացում է մերօրյա Հայաստանի՝ մուկն ու կատվի պես անհաշտ ընդդիմադիրների համար։

․․․ 1944թ-ի աշնանը Բորիս Բորիսովիչը սպասում էր առաջնեկի լույս աշխարհ գալուն և բանտարկության մեջ գտնվող Լևոն Գյուզալյանին գրված նամակում նշում էր․ «Մինչև տարեվերջ կծնվի իմ ժառանգորդը կամ ժառանգորդուհին։ Կուզենայի, որ նա շագանակագույն աչքեր ու մուգ մազեր ունենա։ Որովհետև իմ աղջիկը կամ տղան հայկական անուն է կրելու»։

Դեկտեմբերի իննին ծնվեց նրա որդին, որին անվանեցին Միքայել։ Աչքերը շագանակագույն էին, մազերը՝ մուգ։ Ամեն ինչ հոր սրտով էր։

Михаил Пиотровский
© Sputnik / Asatur Yesayants
Միխայիլ Պիոտրովսկին

Դժվար է ասել՝ արդյո՞ք այն ժամանակ դեռ սկսնակ արևելագետը մտածում էր, որ որդին ժամանակի ընթացքում կփոխարինի իրեն և կգլխավորի աշխարհի լավագույն թանգարաններից մեկը՝ Էրմիտաժը(ֆրանսերենից թարգմանաբար «Էրմինտաժ» նշանակում է այգու տաղավար, առանձնացման վայր, փոքր գյուղական պալատ)։ 1992 թ-ին Միքայելը ստանձնեց Էրմիտաժի տնօրենի պաշտոնը և շարունակվում է ղեկավարել մինչ օրս։

«Էրմիտաժը պետք է սիրի քեզ։ Այն ընդունում է նրանց, ովքեր գալիս են, որ ամբողջ կյանքում այստեղ մնան։ Իսկ նրանց, ովքեր այստեղ գալիս են իմիջիայլոց, թանգարանը շատ արագ դուրս է շպրտում»,-հարցազրույցներից մեկում ասել է Միխայիլ Պիոտրովսկին։

Հարցին, թե ո՞րն է Էրմիտաժի կառավարման ընթացքում իր ամենահամարձակ քայլը, Միխայիլ Պիոտրովսկին պատասխանել է․ «Ոչ մի համարձակ քայլ էլ չեմ արել։ Ամենահամարձակը, գուցե, երեխաների անվճար մուտքը կազմակերպելն էր։ Ես ուղղակի ջանում եմ անել այն, ինչն անհրաժեշտ եմ համարում անել և ասել այն, ինչն անհրաժեշտ եմ համարում ասել, եթե դա վերաբերում է ինձ»։

Պիոտրովսկուն վերաբերո՞ւմ է արդյոք Հայաստանի թանգարանների հարցը։ Իհարկե՝ այո։ Բայց առաջին հերթին ակադեմիկոսը հետաքրքրված է «Կարմիր բլուրով»։

1970-ականներից այստեղ արդեն արդեն պեղումներ էին անում, այն զբոսաշրջիկների ուխտագնացության վայր էր, իսկ հետո, ինչպես դա հաճախ պատահում է, դանդաղ վերածվեց աղբավայրի, և հարկավոր էր ինչ-որ բան անել։

Աղբը մաքրեցին, պուրակ կառուցեցին և սկսեցին ցուցադրության նոր տարբերակներ փնտրել, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են ընթանում պեղումները։

Առաջարկ եղավ այդ գործում ներգրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Էրմիտաժը և Էրմիտաժի տնօրենը, որի համար «Կարմիր բլուրը» շատ ավելին է, քան պարզապես բարձունք, պատրաստ է գործուն մասնակցություն ունենալ գաղափարի իրականացման գործում։

Եվս մեկ հետաքրքիր փաստ մեր քաղաքի պատմությունից․1941թ-ին, երբ սկսվեց պատերազմը և թվում էր, թե հնագիտական պեղումների ժամանակը չէ, որոշվեց չդադարեցնել դրանք։ Բանն այն է, որ Կարմիր բլուրը երևում է Արարատ լեռան լանջերից և պետք էր թուրքերին ցույց տալ, որ չնայած պատերազմին, բնակիչները շարունակում են ապրել առօրյա կյանքով։

․․․ Իսկ 1990թ-ին Պիոտրովսկի-ավագը հայտնվեց հիվանդանոցում։ Կաթված էր ստացել։

Որդին եկավ Երևան, «Կարմիր բլուրից» մի բուռ հող վերցրեց, մի քանի քար և տարավ հիվանդանոց՝ հոր մոտ․ «Չհասցրեց տեսնել»,-հիշում է Միխայիլ Պիոտրովսկին,- «բայց, կարծում եմ՝ ինձ լսեց․․․»։

158
թեգերը:
պեղումներ, հնագիտություն, տուն, Երևան, Թանգարան, Էրմիտաժ
Ըստ թեմայի
Ովքեր էին Պլատոնը և Ալեքսանդր Դեմեխինը, և ինչ կապ ունեին այս երկուսը «Ջերմուկի» հետ
Օլիմպիական չեմպիոնի ոտաբոբիկ խաշի գնալը, կամ ինչպես «Քֆուր Սերոժը» հայտնի դարձրեց Եղվարդը
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Սևանը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ. խնայողության դաս Միչիգանում ապրող հայից
Յանիս Վասիլիս Յայլալի

Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին

260
(Թարմացված է 15:09 25.05.2020)
Գրող Վահան Թոթովենցն իր մանկության մասին գրքում պատմում է «հայ ու թուրք» խաղի մասին։ Իր հայրենի Խարբերդում երեխաներն այդպես էին «բռնոցի» խաղում՝ «հայեր» և «թուրքեր» թիմերի բաժանվելով։ Հետո մանկական այդ մարտերը վերադարձան, բայց արդեն լրիվ այլ տեսքով։

Երիտասարդ թուրք Իբրահիմ Յայլալին հատուկ նշանակության ջոկատում կռվել է քրդերի դեմ։ 1994 թվականի սեպտեմբերին թուրքական այդ ջոկատին ուղարկել են Հյուսիսային Իրաքի սահմանային շրջաններից Քելե Մեմեդի լեռները: Երկրորդ օրը հրաձգության ժամանակ Իբրահիմը ոտքից վիրավորվել է։ Նահանջելիս` ընկերները նրան չեն տարել, նա էլ արյան կորստից ուշագնաց է եղել ու գերի ընկել քրդերի մոտ։ Երկու տարի ու երեք ամիս գերության մեջ է անցկացրել։

Յայլալին հիշում է, որ կառավարական զորքերն անընդհատ կողոպտում էին քրդական գյուղերն ու այրում էին քրդերի տները` ցույց տալով, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, որոնք Քրդական աշխատավորական կուսակցության ջոկատների կողմն անցնեն։ Հենց գերության ժամանակ էլ Իբրահիմը սկսում է մտածել՝ ինչու է այդ ամենը տեղի ունենում։

Գերությունից ազատվելուց հետո Իբրահիմը տուն է վերադառնում։ Ապրում է այնտեղ, որտեղ իր նախնիները՝ Պոնտոսում, Սամսունից ոչ հեռու, Բաֆրայի շրջանում։ Գերության տարիներին նա երկար մտորում էր մի հարցի շուրջ, որը նրան հանգիստ չէր տալիս. ուզում էր իմանալ ու հասկանալ՝ ով է ինքը և որտեղից։ Իբրահիմը դիմում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչություն (ստանձնած գործառույթներով նման է մեր Ազգային արխիվին`խմբ)։ Այնտեղ աշխատող ընկեր ուներ, որից օգնություն է խնդրում։ Առանձնապես հույսեր չէր փայփայում, բայց, ի զարմանս իրեն,  կարճ ժամանակ անց ընկերը գտնում է իր ուզած տեղեկությունը։

Դանդաղ մահ

«Մեմեդ պապիս հոր անունը Կոնստանտին է եղել, իսկ մոր անունը գրված էր Փարասքևի: Սկզբում մի պահ ցնցվեցի, շոկ ապրեցին նաև մեր ընտանիքի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները» , - վերհիշում է Յանիս Վասիլիս Յայլալին`նույն ինքը Իբրահիմ Յայլալին։ Իր ծագման մասին իմանալուն պես` Իբրահիմը քրիստոնեություն է ընդունել ու հունական անուն ստացել։

Երբ հայրն իմացել է, որ որդին ամեն ինչ գիտի, իր տեղը չի գտել։ Նա տարիներով թաքցրել է իսկությունը, միայն թե երեխաները պատահաբար չխոսեն դրա մասին, միայն թե նրանց գլխին փորձանք չգա։ Իսկ այժմ...

«Հայրս ժամանակի ընթացքում տեսնելով, որ ոչ մի բան չի պատահի` մի փոքր թեթևություն է զգացել: Ինձ համենայն դեպս, դեռ չեն սպանել, թեև խոշտանգումները, բանտերն ու դատական գործերը շարունակվում են», - ասում է Յանիս Վասիլիսը։

«Արյան կանչով». ինչպես ամերիկացի լրագրողը հասավ Մուսալեռ և գտավ տատի գյուղը

Հետո պարզվել է, որ նրա պապի իսկական անունը ոչ թե Մեմեդ է եղել, այլ Էլեֆթերիոս (կրճատ՝ Լեֆթեր)։ Երբ թուրքերը  հարձակվել են հունական գյուղերի վրա, նրանց ընտանիքը փախել է։ Ծնողները կարծել են, որ ազգականներն են փոքրիկ Լեֆթերին գյուղից տարել։ Պարզվել է, որ ոչ։ Նրա համագյուղացիներին սպանել են, իսկ հորը` Կոնստանտինին ու մորը` Փարասքևիին դատապարտել են դանդաղ մահվան։ Նրանք տարիներով ամբողջ Հունաստանում փնտրել են իրենց կորցրած որդուն, գրել են Գերմանիա, Միջազգային Կարմիր Խաչ։ Ապարդյուն։

Այդ ընթացքում մի թուրք ընտանիք վերցրել է Լեֆերին ու անունը Մեմեդ է դրել։ Նա աշխատել է Բաֆրա գետի մոտ` այնտեղից սայլակով շինարարության համար ավազ է տարել։ Ամուսնացել է տատիս՝ Այշեյի հետ, նա էլ նրա պես որբ էր։  Ցավոք, տատս երկար չի ապրել, ժանգոտ մեխից քերծվածք է ստացել ու մահացել արյան վարակից։

Սպառնալիքներ ընտանիքի գլխին

Երբ Յանիս Վասիիլիսը սկսել է պայքարել հունական տաճարների պահպանման համար, հակառակորդներն ապշել են նրա վճռականությունից։

«Եվ իսկապես, ինչի՞ց էլ կարող է վախենալ մի մարդ, որը ռազմական բանտում ինչ խոշտանգման ու կտտանքի ասես չի արժանացել: Մի պահ պատկերացրեք՝ զինվոր եք, մարտնչում եք, գերի ընկնելուց հետո նույն երեկոյան պետությունը ռմբակոծում է այն ճամբարը, որտեղ գտնվում եք: Բազմիցս առերեսվել եմ մահվան հետ: Քրիստոնյաները միշտ ապրում են`գիտակցելով վտանգը, նրանք ասես արդեն սովոր են դրան», - ասում է Յայլալին։

Նրա հակառակորդները, որոնք պայքարում են «թուրք ժողովրդի պատվի համար», իրենց պատասխանն ունեն։ Ինչի՞ բանտարկել նրան ու հերոս դարձնել։ Ավելի լավ է հիշեցնել, որ ընտանիք ու հիվանդ մայր ունի։ Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ մարդուն, երբ ընտանիքի անվտանգության մասին ես ակնարկում, ոտքերի տակից հողը փախչում է...

«Պատկերացրեք`աԱլցհայմեր հիվանդությամբ մայր ունեմ, դնում են մորս նկարն ու սպառնալիքներ տեղում մեր հասցեին՝ ասելով. «Ձեր տան տեղը գիտենք. կանենք, ինչ պետք է»։ Նրանց ցանկությունը` որսալ մեզ որպես աղավնիների, իրականություն չի դառնում, քանի որ մենք չենք վախենում», - ասում է նա։

Յայլալի ընտանիքը Հունաստանում ազգականներին գտնելու համար հայտարարություն է տվել։ Հետո Յանիս Վասիլիսն էլ է այնտեղ տեղափոխվել։ Ազգականներին գտել են Լևկոյա գյուղում՝ հունական Թրակիայի Դրամա քաղաքի մոտակայքում։ Նրանք զարմանալիորեն նման էին Յանիսին ու նրա հորը։ Գենետիկ թեստը ցույց է տվել, որ 97,5%-ով ազգականներ են։

Տարիներ են անցել, Հրանտ Դինքն էլ թուրքի ձեռքով սպանվել, ու հիմա նրան սպանած հանցագործը կարող է ազատ արձակվել բանտից։ Սակայն մարդասպանը ոչ միայն զենքը բռնողն է, այլ նաև նա, ով նրա ձեռքն է տալիս զենքը, նա, ով բանտարկում է Ռագըփ Զարաքողլուին (հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության մասին գրքի հրատարակիչը` խմբ)։ Յանիս Վասիլիսն ասում է, որ առաջին հերթին հենց նրանք են մարդասպաններն ու դրա մասին պետք է բացահայտ խոսել։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

Այժմ Յայլալին օգնում է իր պես մարդկանց, հույների ու հայերի համար բացահայտում է իրենց արմատները, եթե նրանց ընտանիքների մասին փաստաթղթեր է գտնում։ Նա հույս ունի, որ գլխիվայր շուռ եկած ճակատագրերով մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց հավատքին, ազգությանը, լեզվին ու բանահյուսությանը։ Նա միշտ բարձրաձայնում է Պոնտում ու Փոքր Ասիայում հույների Ցեղասպանության, ինչպես նաև Ստամբուլում (Կոստանդնուպոլսում) 1955 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հույների ջարդի մասին։

Վախից սեղմված ձեռքերը

Խոսքը Յանիս Վալիսիլի, Ռագըփ Զարաքողլուի կամ Կարո Փայլանի մասի՞ն է։ Ոչ։ Սա Թոփալ Օսմանի ու Ռիզա Նուրիի մասին է։ Առաջինը թուրքական ավազակախմբերից մեկի ղեկավարն էր, երկրորդը՝ Թուրքիայի կրթության նախարարը։ Յանիս Վասիլիսն ավելացնում է, որ նրանց խոսակցությունն օգնում է հասկանալ՝ ինչու են Թուրքիայում շարունակում հարձակումներ գործել ոչ միայն հայերի ու հույների, այլև լուռ տաճարների վրա։ Իշխանության անգործության ներքո վանդալիզմի փորձեր են արվում հունական տաճարների վրա Տրապիզոնում, նաև Գիրեսունում, Օրդունում, Սամսունում և Սինոպում: Որպեսզի պատկերացնենք, թե դա նրանց ինչին է պետք, Յանիս Վասիլիսը մեջբերում է Թոփալ Օսմանի ու Ռիզա Նուրիի խոսակցությունը։

- Օսման աղա՛, իրավացի ես՝ հայրենիքին մեծամեծ ծառայություններ ես մատուցել: Շարունակեք ձեր իմացած ճանապարհով Պոնտոսը մի լավ կմաքրես: Հունական գյուղերում քարը քարին չթողնես:

- Այդպես էլ անում եմ, բայց եկեղեցիներին ու լավ շենք-շինություններին ձեռք չեմ տալիս. պետք են դրանք։

-Դրանք էլ ոչնչացրեք, նույնիսկ քարերը հեռուները ցրիվ տվեք, որ այլևս չկարողանան ասել՝ այստեղ եկեղեցի է եղել:

Յանիս Վասիլիսն իր ընկերների հետ պայքարում է, որ սա երբեք չկրկնվի։ Նա հայ ու ասորի շատ ընկերներ ունի։ Նրանք միասին պայքարում են, որ իրենց ժողովուրդների պատմությունն իրենց աչքի առաջ չվերացնեն։

«Շնորհակալություն, պարոն Յանիս», - դա նվազագույնն էր, ինչը կարող էինք ասել խոսակցության ավարտին։

«Ի՛նքս եմ շնորհակալ ձեզ: Հունաստանից Հայաստան, հայ ժողովրդին ջերմագին ողջույններս եմ հղում: Հայ և ասորի ժողովրդի հետ մենք մեկ ընդհանուր վշտի տեր ենք:

Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

Վերստին, հայ և ասորի մեր բարեկամ ժողովուրդներին համերաշխության և համախմբվածության կոչ եմ անում: Առիթից օգտվելով՝ Պոնտոսի 101-րդ տարելիցի առթիվ ես ոգեկոչում եմ կյանքից հեռացած 350.000 անշիրիմ զոհերին: Ընկերներիս, մտերիմներիս էլ կրկին և կրկին համերաշխության կոչ եմ անում», - ասաց նա մեզ։

Զրույցը թարգմանելու համար շնորհակալություն ենք հայտնում թուրքագետ Արմեն Մելքոնյանին։

260
թեգերը:
ասորի, հույն, հայ, Ցեղասպանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը
Թուրքերը Հայոց ցեղասպանության պատճառով հալածում են Քիմ Քարդաշյանին
Չեխիայի խորհրդարանի Սենատը բանաձև է ընդունել, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը

Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ

0
(Թարմացված է 16:59 25.05.2020)
ՀՀ նախագահից նվեր ստացած տղան խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ նախագահից նվեր ստացած փոքրիկը խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հիշեցնենք` մայիսի 13-ին, ժամը 14:00-ին Ադրբեջանը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակել էր մայիսի 13-ին։ Կրակոցների հետևանքով բնակելի տներ էին վնասվել։ 

0
թեգերը:
նվեր, երեխա, Արմեն Սարգսյան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը