1942 թվական

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

580
(Թարմացված է 10:16 10.05.2020)
Հայրենական մեծ պատերազմի տարիները մնացել են ոչ միայն պատերազմ տեսած վետերանների հիշողություններում, այլև նրանց, ովքեր այն ժամանակ դեռ տակավին պատանի էին։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է իր մանկության հիշողությունները։

Հասանք այս օրվան... Այն առումով, որ հսկայական Մոսկվայում ընդամենը 80 հազար «պատերազմի զավակ» է ողջ մնացել, և սա միայն կարգավիճակ չէ, այլև նյութական աջակցության շարժառիթ։

Զանգահարեցին Մոսկվայի Կունցևսկի շրջանի սոցիալական աջակցության բաժնից։ Խնդրեցին հաստատել անունս, ազգանունս, հայրանունս, ծննդյանս թիվը, մշտական գրանցման հասցեն։

– Իսկ ինչի՞ համար է, – հետաքրքրվեցի ես։

– Ձեզ որպես` «պատերազմի զավակներ» կատեգորիայի քաղաքացու, գումար է հասնում` ամսական 1584 ռուբլի,– պարզաբանեցին հեռախոսագծի մյուս կողմից։

Տխրեցի։ Ոչ թե այն պատճառով, որ գումարի չափը շատ ազդեցիկ չէր, այլ որովհետև տարիներն անցնում են, ու կռվածների թիվը գնալով պակասում է։ Նոսրանում են նույնիսկ նրանց շարքերը, ովքեր պատերազմի տարիներին 1-15 տարեկան են եղել. նրանց թիվը հսկայական Մոսկվայում 80 հազարից մի փոքր է շատ։

Հայաստանում, բնականաբար, ավելի քիչ է։ Ե՛վ նրանց թիվը, ովքեր պատերազմել են, և՛ նրանց երեխաների։ Ես դեռ երեխա էի, երբ մայրս ինձ ու քրոջս Չելյաբինսկից Երևան բերեց։ Այն բակը, տունը, որը կառուցում էին գերեվարված գերմանացիները, փողոցը` ամեն ինչ, բացի դպրոցի շենքից, պահպանվել է նաև այսօր, բայց նրանցից շատերը, ում հետ մենք վազում էինք փողոցով, խաղում բակում և դասի գնում, արդեն չկան։

... Աշխարհում բազմաթիվ հաճելի բույրեր կան` խոնավ հողի, անձրևի, խոտի, սակայն կա մեկը, որն ամենից շատ է հիշվում` թարմ հացի բույրը։ Հացը, որն ուտում էինք վաղ մանկության տարիներին, համով էր թվում նաև այն պատճառով, որ քիչ էր։ Ընդամենը երկու տեսակ սև բոքոն էին վաճառում` քաշով և կտրոնով։ Վաճառողուհի տիկին Ռուզանը կտրատում էր խոհանոցային դանակով, կշռում` մի նժարի վրա դնելով հացը, մյուսին` կշռաքարերը։ Վճարում էիր, վերցնում, գնում տուն։

Ի՞նչ արժեր։ Մի օր մայրս դատարկաձեռն վերադարձավ, ասաց, որ խանութը փակ է, սպանել են պահակին, տարել առավոտվա համար թողած բոլոր բոքոնները... Ահա ձեզ հետպատերազմական հացի իրական արժեքը։

Իսկ մյո՞ւս արժեքները։ Օրինակ` սրտացավությունը։ Շահումյան փողոցի 14-րդ շենքը աստիճանաբար էին բնակեցնում. առաջին շքամուտքում արդեն ապրողներ կային, երկրորդն ու երրորդը դեռ կառուցում էին։ Մեզ հասավ հինգերորդ հարկում գտնվող բնակարանը, երկու հարկ ներքև բնակվում էր Կնթեղցյանների ընտանիքը` պատերազմից վերադարձած որդու հետ։

Ովքեր էին Պլատոնը և Ալեքսանդր Դեմեխինը, և ինչ կապ ունեին այս երկուսը «Ջերմուկի» հետ

Սպարտակը ռազմաճակատ գնաց, երբ դեռ շատ երիտասարդ էր, պատերազմում կորցրեց ոտքը, սկսեց սովորել (Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը նրա լավագույն նախագծերից մեկն է) և ամեն օր տեսնել նրանց, ովքեր իրեն հաշմանդամ էին դարձրել։

Տունը կառուցում էին գերի ընկած գերմանացիները։ Ամեն օր նրանց բերում ու տանում էին պահակախմբի ուղեկցությամբ, թեև նրանք փախչելու տեղ չունեին, մնում էր աշխատել ու սպասել ազատման։ Բոլորին դեմքով գիտեինք, ոմանց` անուններով։ Մեր մայրերը (այդ թվում Սպարտակ Կնթեղցյանի մայրը) գերեվարվածներին կերակրում էին, իսկ նրանք մեզ ինքնաշեն խաղալիքներ էին նվիրում։

Այստեղ մեջբերեմ գրող Վարդգես Պետրոսյանին, որն ինձնից մեծ էր ու գերմանացիներին ավելի վաղ էր տեսել. «1943 թվականին Երևանում գերի ընկած գերմանացիներ կային, ես փոքր էի (11 տարեկան)։ Ձեռքումս դեղձ կար (մենք աղքատ էինք), և ես դրանք տվեցի երկու գերիներին, մենք ընկերացանք։ Ես նրանց մրգեր էի բերում, գերմանացիներից մեկն էլ ինձ համար փայտե տիկնիկ պատրաստեց, աչքերի փոխարեն բալի կորիզներ էին… Շատ տարիներ անցան, 1971 թվականին Բելգիայում` գնացքի կուպեում, մի գերմանացու հանդիպեցի։ Նա ինձ ասաց, որ եղել է Կովկասում, գերի է եղել… Պարզվեց, որ նա էլ կովկասցի տղա–ընկեր է ունեցել, որը նրան միրգ է բերել և որի համար նա տիկնիկ է պատրաստել… Կարծեցի` իմ ճանաչած գերմանացին էր։ Բայց պարզվեց` նա Կովկասում եղել է, բայց ոչ Երևանում… Ուրիշ գերմանացի էր, նա չէր, ով ինձ համար պատրաստել էր իմ վերջին խաղալիքը»։

Խաղաղ կյանքին վերադառնալով` հայրս, որքան էլ ինձ համար ցավալի էր, մայորի ուսադիրներով զինվորական համազգեստն այլևս չէր հագնում, փոխարենը քեռի Վասյան (Ռիտա մորաքրոջ ամուսինը), կարելի է ասել, համազգեստը հագից չէր հանում։ Խորհրդային բանակի կապիտան Վասիլի Բուրմիստրովը Լենինականում էր ծառայել, այնտեղ ամուսնացել էր մորաքրոջս` Մարգարիտա Նիկոլաևնայի հետ Նրանք հաճախ էին Երևան գալիս, և ես ռազմաճակատային կապիտանի հետ հաճույքով քայլում էի փողոցով, հետևում, թե ինչպես են նրան ողջունում, ինչպես է նա ձեռքը մոտեցնելով ճակատին` բարևում իրենից բարձր կոչում ունեցողներին։

Եվ եթե այսօր աղջիկներն ու տղաներն ուզում են նմանվել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին կամ ռեփեր Տիմատիին, ապա իմ տարիների երեխաների մեծ մասի համար օրինակ էին ծառայում պատերազմի հերոսները, իսկ Գագարինը, Ջեյմս Բոնդն ու մյուսներն ավելի ուշ հայտնվեցին։

... Դետրոյթի միջազգային օդանավակայան (ԱՄՆ)։ Անձնագրային ստուգումն անցնելու հերթում համազգեստով զինվոր է կանգնած։ Մոտենում է ոստիկանը, ինչ–որ բան հարցնում, այնուհետև անմիջապես զինվորին շարքից դուրս է հանում, մոտեցնում սահմանապահին։

– Իրաք, – ասում է ոստիկանը սահմանապահ ծառայության սպային, և վերջինս ժպտալով, առանց որևէ հարցի կնքում է նրա անձնագիրը։

Հետո ոստիկանը մոտենում է մաքսային ծառայության աշխատակիցներին, կրկին հնչեցնում «Իրաք» բառը։ Եվ կրկին պատասխանում են հասկացող ժպիտներով, այս անգամ ժպտում են մաքսայինները։ Տուն վերադարձած զինվորին ոստիկանը հասցնում է սպասասրահի դռների մոտ և, ձեռքը ճակատին մոտեցնելով, հրաժեշտ տալիս նրան։

Տեսե՞լ եք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այդպես վարվեն Արցախում կռված տղաների հետ։

Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին

... Պատերազմի տարիներին ռազմաճակատ մեկնեց ավելի քան 600 հազար հայ, զոհվեց շուրջ 300 հազարը, վերադարձածներից քչերն են այսօր ողջ մնացել։ Ուշադիր նայեք նրանց, ովքեր Հաղթանակի օրը դեռ կարող են հոտնկայս դիմավորել։ Կրծքներին` շքանշաններ, մեդալներ, դեմքներին`շփոթմունքի ստվեր, կարծես մեղքի զգացում լինի, որ բոլորը հեռացել են, իսկ իրենք` մնացել։

– Պապիկ, իսկ քո հայրը պատերազմում եղե՞լ է, – հարցրեց ինձ թոռնուհիս` Մարթան, և պատերազմական տարիների լուսանկար խնդրեց։

– Ինչի՞դ է պետք։

– Ուսուցչուհին ասաց` դպրոցում մայիսի 9-ին ընդառաջ ստենդ են պատրաստում։

Ես գտա հորս ռազմաճակատային լուսանկարը։

– Իսկ ես քո հայրիկի համար ո՞վ եմ, – ավելի ուշ հարցրեց Մարթան։

– Եթե մենք պատերազմի զավակներն ենք, ստացվում է, որ դուք էլ պատերազմի ծոռներն եք։

... Խունացած լուսանկարից Մարթային էր ժպտում նրա նախապապը` պատերազմում հաղթողներից մեկը։

580
թեգերը:
հաղթանակ, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Հովիվյանին վերադարձրին, իսկ էշը մնաց. ինչպես նույն կարգախոսը երեք անգամ փրկեց Հայաստանը
«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցներին
Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

24
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

24
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

165
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

165
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները