Արխիվային լուսանկար

Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել

576
(Թարմացված է 22:09 08.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք` հայաստանցիներս ու արցախցիներս,  մայիսի 9-ը  նշելու մի քանի առիթ ունենք, բայց դրանցից մեկը համաշխարհային նշանակություն ունի՝ հաղթանակ ֆաշիզմի նկատմամբ։
Ումբերտո Էկո. «Հավերժական ֆաշիզմը պետք է բացահայտենք ամեն օր»

Հանուն ճշմարտության փաստենք, որ պարտված երկրում՝ Գերմանիայում, պատերազմից հետո ամեն ինչ արեցին, որպեսզի այդ երևույթը՝ ֆաշիզմը, այլևս չկրկնվի։ Իրականացրին մի համապարփակ ծրագիր, որն ունի հինգ բաղադրիչ՝ ինչպես ասում են՝ հինգ «դե». դեմոկրատիզացիա` հասարակության ժողովրդավարացում, դեմիլիտարիզացիա՝ պետության ապառազմականացում, դեցենտրալիզացիա՝ իշխանության ապակենտրոնացում, դեմոնոպոլիզացիա՝ մենաշնորհների վերացում և վերջապես՝ դենացիֆիկացիա, այսինքն ազգայնամոլության բացառում։ 

Հաջողվե՞ց արդյոք արմատախիլ անել ֆաշիզմը։ Գաղտնիք չէ, որ դա չի հաջողվել անել ողջ աշխարհում։ Շատ լավ գիտենք, որ մինչև հիմա էլ ամենատարբեր երկրներում գործում են խմբավորումներ, որոնք հիմնականում թաքուն, երբեմն էլ բացահայտորեն, քարոզում են ֆաշիստական գաղափարներ։ Այսինքն՝ այդ գաղափարները ինչ-որ մարդկանց համար առաջվա պես գայթակղիչ են, իսկ նացիստական Գերմանիայում դրանք գայթակղեցին լայն զանգվածներին, որովհետև, հիշեք պատմությունը՝ Ադոլֆ Հիտլերի կուսակցությունը հո հեղաշրջման արդյունքո՞ւմ չեկավ իշխանության, համընդհանուր ընտրություններով եկավ։ 

Երեք տարի առաջ 84 տարեկան հասակում կյանքից հեռացավ իտալացի հայտնի գրող, փիլիսոփա, հրապարակախոս Ումբերտո էկոն։ Չչգիտեմ՝ տեղյա՞կ եք արդյոք, բայց նա ունի մի էսսե, որը կոչվում է «Հավերժական ֆաշիզմ», որտեղ առանձնացված են այդ երևույթի 14 հատկանիշները։ Ինչո՞ւ է կոչվում ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ֆաշիզմ։ Վերջերս մի հեղինակի հոդված կարդացի, ասում է՝ ընթերցեք Ումբերտո Էկոյի այդ էսսեն ու ժամանակ առ ժամանակ նայեք պատուհանից՝ արդյո՞ք այդ երևույթի քողարկված տարրեր չեք նկատի մեր իրականության մեջ, տարրեր, որոնք առաջին հայացքից բավական անմեղ են թվում։

Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան

Իհարկե` մի հաղորդման շրջանակներում անհնար է մեկ առ մեկ ներկայացնել իտալացի գրողի թվարկած բոլոր 14 հատկանիշները, բայց եթե թույլ կտաք՝ գոնե ընդհանուր գծերով փորձեմ անդրադառնալ։

Առաջին՝ գործողություն հանուն գործողության։

Այսինքն՝ մտածելն ավելորդ է, պետք է գործել։ Իսկ քանի որ մտածելը մշակույթի հետ է առնչվում, մշակույթն էլ է ավելորդ։ Ընդհանրապես ինտելեկտուալ աշխատանքը շատ կասկածելի է, որովհետև վաղ թե ուշ քննադատական վերաբերմունք է ծնում։ Մարդը սկսում է հարց տալ՝ իսկ արդյո՞ք այն ամենն, ինչ արվում է, ճիշտ է։ Սա լուրջ վտանգ է ներկայացնում իշխող վերնախավի համար։ 

Էստեղից հաջորդ սկզբունքը՝ անհամաձայնությունը դավաճանություն է։ Եթե դու իմ արածը կասկածի տակ ես առնում, ուրեմն դու պարզապես դավաճան ես, իսկ դավաճաններին պետք է պատժել։ Սրա շարունակությունը՝ ով ինձանից տարբերվում է, երկրորդ կարգի մարդ է, իսկ երկրորդ կարգի մարդկանց հետ կարելի է վարվել ինչպես կուզես։ Համաձայնեք՝ հենց այդպես վարվեցին գերմանացի նացիստները հրեաների հետ, թուրքերը՝ մեզ` հայերիս հետ։ 

Հենց այստեղից էլ ծագում է ազգայնամոլությունը։ Ես արտոնյալ եմ միայն այն պատճառով, որ պատկանում եմ այսինչ ազգին։ Ու իմ ազգին միավորում է այն հանգամանքը, որ թշնամիներն անընդհատ դավադրություններ են կազմակերպում իմ ազգի դեմ։ Ու քանի որ իմ դեմ շարունակ դավեր են նյութում, ես անընդհատ պիտի պայքարեմ։ Խաղաղություն չի կարող լինել, որովհետև եթե ես հաշտություն եմ կնքում թշնամուս հետ, պայքարը կորցնում է իր իմաստը, իսկ պայքարը կյանքի միակ նպատակն է։ 

Եվ վերջապես ևս մի դրույթ՝ մեծամասնությունը միշտ ճիշտ է։ Առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել։

Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները

Ճշմարտությունը ծնվում է միայն այն ժամանակ, երբ մարդիկ հավաքվում են, կազմում են մի ամբողջական հավաքականություն, որտեղ անխտիր բոլորը միակարծիք են։ Իսկ քանզի բոլորը միակարծիք են, այդ ընդհանուր կարծիքը արտահայտում է Առաջնորդը։ Այստեղից տրամաբանորեն բխում է, որ Առաջնորդը միշտ անսխալական է, նա երբեք չի կարող սխալվել այն պարզ պատճառով, որ համընդհանուր կարծիքն է արտահայտում։

Իր էսսեն Ումբերտո էկոն այսպես է ավարտում.

«Հավերժական ֆաշիզմը կարող է այսօրվա իրականությունում, մեր կյանքում ներկայանալ ամենաանմեղ ձևերով ու դրսևորումներով։ Մեր պարտքն է բացահայտել դրա էությունն ամեն օր, աշխարհի բոլոր ծայրերում»։

Համաձայնեք՝ ախր միանգամայն ճիշտ էր ասում իտալացի գրողը. իր թվարկածներից առնվազն որոշ բաներ արտաքուստ բավական անմեղ տեսքով մեկ-մեկ սպրդում են այսօրվա իրականությունում։

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

576
թեգերը:
Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան, ֆաշիզմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր
«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան
Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք
Սևրի պայմանագրի ստորագրում

Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

108
(Թարմացված է 22:06 10.08.2020)
Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր` օգոստոսի 10-ին, երբ նշվում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, անչափ հաճելի է վերընթերցել այդ պատմական փաստաթղթի որոշ հոդվածներ։ Մանավանդ 89-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:

Իհարկե, մի քիչ անհասկանալի է, թե ինչու պիտի Ամերիկան որոշեր Հայաստանի սահմանները, բայց համաձայնեք` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի հիշատակումը, մանավանդ դեպի ծով ելք ունենալու դրույթը այն ժամանակ ցեղասպանություն ապրած հայերի համար բալասանի նման մի բան էին։ Մանավանդ, որ Սևրի պայմանագրի հաջորդ հոդվածում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած եվրոպական պետությունները և Թուրքիան պայմանավորվում էին. «Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայից անջատվող և Հայաստանին հանձնվող տարածքներ։ Ուրիշ որևէ փաստաթղթում նման բան չեք հանդիպի։ Այո, եթե հիմա Հայաստանի, գումարած Ղարաբաղի և մյուս տարածքները կազմում են մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր, Սևրի պայմանագրով հայերին տրամադրվող տարածքը չորս անգամ շատ էր՝ 160 հազար քառակուսի կիլոմետր, ընդ որում` պիտի ելք ունենայինք նաև դեպի Սև ծով։ Ի դեպ, մի քանի ամիս անց՝ նոյեմբերի վերջին, Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը իրոք հրապարակեց այդ բաղձալի Հայաստանի քարտեզը։ Բայց արդեն ուշ էր. ամեն ինչ փոխվել էր։

Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որովհետև Թուրքիան կատարյալ պարտություն էր կրել, իսկ հայերն աջակցում էին հաղթած երկրներին, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։ Ու երբ արևելքից մեզ վրա հարձակվեցին ադրբեջանցիները, իսկ հյուսիսից թուրքերը, որոնք գրավեցին այսօրվա Գյումրին, այն ժամանակվա Ալեքսանդրապոլը, հանկարծ պարզվեց, որ մեծ տերությունները, որոնք թղթի վրա մեզ հոյակապ ապագա էին խոստացել, ամենևին էլ պատրաստ չեն երաշխավորել Սևրի պայմանագրում ամրագրված դրույթները։

Մինչև հիմա էլ պատմաբանները շարունակում են վիճել՝ ինչու այսպես ստացվեց։ Ոմանք պնդում են, թե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները պարզապես շատ միամիտ էին և հույսը դրել էին մեծ տերությունների վրա, որոնք իրականում ամենևին էլ այլևս պատրաստ չէին հանուն հայերի առճակատվել իր հզորությունը վերականգնող Թուրքիայի հետ։ Մյուսները համոզված են՝ մենք ինքներս առանց այլ պետությունների միջամտության պետք է բանակցեինք թուրքերի հետ և մեզ համար շահեկան հանգուցալուծման հասնեինք։

Վերջապես այսպիսի տեսակետ էլ կա՝ Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը ոչինչ էլ չէր կարող անել այն պայմաններում, երբ բոլշևիկները դաշինք էին կազմել քեմալականների հետ՝ դրանով ամեն ինչ կանխորոշված էր։ Ինչպիսին էլ լիներ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, այն ոչ մի դեր չէր խաղալու։ Գիտե՞ք՝ երբ նման վեճեր են ծագում, իսկ այդ վեճերը մինչև այսօր էլ շարունակվում են, միշտ հիշում եմ ֆրանսիացի գրող Աննա Լուիզա Ժերմենա դե Ստալի խոսքերը. «Պատմությունը գրեթե միշտ վերագրում է առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին այնպիսի լայն հնարավորություններ և տարբերակներ, որոնք իրականում այդ անհատները և կառավարությունները երբեք չեն ունեցել»։

108
թեգերը:
Թուրքիա, Սևրի պայմանագիր, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան
Դա ձեր խղճի վրա է. Մնացականյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին
Ո՞ր դեպքում կարող է կյանքի կոչվել Սևրի պայմանագիրը. Մանոյանի տեսակետը
Սևանի ափի գերեզմանատունը

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

597
Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

597
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան
Ըստ թեմայի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ

0
(Թարմացված է 10:32 11.08.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանում կատարվող ճանապարհաշինական լայնածավալ ծրագրերի մասին։

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ 10 կմ երկարությամբ ճանապարհի  հիմնանորոգման համար հատկացվել է 1 մլրդ 6 մլն 800 հազար դրամ։

Կատարվում են հողային աշխատանքներ,  պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Այս ճանապարհը վերջին անգամ  նորոգվել է խորհրդային կարգերի օրոք` ավելի քան 40 տարի առաջ։

0
թեգերը:
ասֆալտ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան