Գրագիր

Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 

634
(Թարմացված է 08:28 08.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Նրանք, ովքեր պնդում են, թե պատմությունը փոխելն անհնար է, մի քիչ էլ սխալվում են: Պատմությունը հենց մեր աչքի առջև գրեթե ամեն օր խմբագրվում ու սրբագրվում է: Կարող եմ հազարավոր օրինակներ վկայակոչել, բայց բերեմ դրանցից ընդամենը մեկը։
Պատմությունը շատ լուրջ բան է. մի վստահեք այն պատմաբաններին

Գրեթե 10 տարի առաջ՝ 2011 թվականի մայիսի սկզբին  տեղի ունեցավ մի  իրադարձություն, որի մասին խոսեց ողջ աշխարհը՝ Պակիստանի Աբոթաբադ քաղաքում սպանվեց «Ալ Քաիդա» ահաբեկչական միջազգային ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը: 
Պաշտոնական վարկածը հայտնի է: Երկար տարիներ այդ մարդուն որոնելուց հետո ամերիկյան հատուկ ծառայությունները վերջապես նրա կապավորի միջոցով հայտնաբերեցին այն առանձնատունը, որտեղ թաքնվում էր աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը: Առանց տեղեկացնելու Պակիստանի իշխանություններին՝ ամերիկացի հատուկ ջոկատայինները ուղղաթիռներով վայրէջք կատարեցին այնտեղ և կարճատև փոխհրաձգությունից հետո սպանեցին բեն Լադենին, որի մարմինը հետո տարան և թողեցին ծովի հատակին: 

Մի քանի տարի առաջ բրիտանական պարբերականներից մեկում հրապարակվեց ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշի ծավալուն հոդվածը, որտեղ նա, վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների անանուն բարձրաստիճան պաշտոնյային, որը հիմա պաշտոնաթող է եղել, պնդում է, որ Սպիտակ տան և ամերիկյան ուժային կառույցների ներկայացրած պաշտոնական վարկածը ամենևին չի համապատասխանում իրականությանը:  

Հերշը պնդում է՝ Պակիստանի իշխանությունները ոչ միայն տեղյակ էին ամեն ինչից, այլև դեռ 2006 թվականից հսկում էին այն տունը, որտեղ ապրում էր Ուսամա բեն Լադենը: Եվ նրա գտնվելու վայրի մասին Վաշինգտոնում իմացել են ոչ թե կապավորին հետևելով, այլ հենց պակիստանյան հատուկ ծառայությունների մի սպայից, որը պարզապես ցանկացել է ստանալ այն 25 միլիոն դոլար պարգևավճարը, որն ամերիկացիները  խոստացել էին բեն Լադենի մասին տեղեկատվության դիմաց:

Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին

Ավելին՝ Պակիստանի իշխանությունները ոչ միայն թույլ են տվել ամերիկացի զինվորականներին մտնել իրենց օդային տարածքը, այլև անջատել են էլեկտրականությունը Աբոթաբադում, որպեսզի ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեն հատուկ ջոկատայինների համար:

Բուն գործողության ընթացքում, պնդում է Հերշը, բացարձակ ոչ մի փոխհրաձգություն չի եղել, հատուկ ջոկատայիններն ընդամենը կրակել և սպանել են ահաբեկչին: Ուրիշ կրակոց չի եղել: Ու բեն Լադենի մարմինն էլ ծովի հատակին չէ, այլ Աֆղանստանում՝ անանցանելի լեռնային մի տարածքում:

«Ինչո՞ւ է Սպիտակ տան վարչակազմը թաքցրել իրականությունը: Պարզապես հաջորդ տարի՝ 2012 թվականին Ամերիկայի այն ժամանակվա նախագահը՝ Բարաք Օբաման, վերընտրվելու խնդիր ուներ և ընտրողների սիրտը շահելու համար որոշվեց ամեն ինչ վերագրել հենց նախագահին»,-համոզված է Սեյմուր Հերշը: Հիմա կարող եք, իհարկե, հակադարձել՝ նման սենսացիոն բացահայտումներ շատ ենք տեսել, դրանք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը և շատ որոշակի նպատակներ են հետապնդում: Լիովին կհամաձայնեմ ձեզ հետ, եթե դուք էլ ընդունեք՝ այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի իշխանությունները փորձում են պատմական իրադարձությունները ներկայացնել իրենց համար շատ շահեկան լույսով: 

Նույն այս ամերիկացի հետաքննող լրագրողը՝ Սեյմուր Հերշը ուղիղ 50 տարի առաջ՝ 1970 թվականին արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր պարգևներից մեկին՝ Պուլիտցերյան մրցանակին: Այն ժամանակ նա պատմել էր հանրությանը, թե ինչ էր իրականում կատարվել 1968 թվականին Վիետնամում, երբ ամերիկացի զինվորականները խաղաղ բնակիչների ջարդ կազմակերպեցին Միլայ կոչված բնակավայրում: Սկզբից Սպիտակ տունը և Պենտագոնը պնդեցին, թե այնտեղ հերոսական ճակատամարտ է տեղի ունեցել և ամերիկացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել մոտ 150 զինված կոմունիստների: Իսկ Հերշը՝ հենվելով ամենատարբեր աղբյուրների վրա, ապացուցեց, որ իրականում ամերիկացիներն այդ ավանում պարզապես կոտորած  են իրականացրել, անխնա սպանելով մոտ 400 անզեն վիետնամցիների՝ ծերերի, կանանց և երեխաների:

Լուկաշենկոն և Բերդիմուհամեդովը հաղթեցին կորոնավիրուսին. ինչ վիճակ է նախկին ԽՍՀՄ երկրներում

Հիմա դա արդեն որևէ մեկը չի հերքում, այնինչ այն ժամանակ Հերշը իր հետաքննության արդյունքների մասին հոդվածն առաջարկել էր ամենահայտնի ամերիկյան պարբերականներին և նրանք հրաժարվել էին տպագրել: Ինչո՞ւ՝ որովհետև հակասում էր պաշտոնական վարկածին: Բայց համաձայնեք, պաշտոնական վարկածները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, որովհետև իմաստուն  մարդկանցից մեկն ասել է․ «Նրանք, ովքեր կերտում են պատմությունը, շատ հաճախ հենց իրենք էլ խեղաթյուրում են այն»:  Եվ, եթե դուք հիմա առաջարկեք՝ եկեք այնուամենայնիվ, պատմությունը թողնենք պատմաբաններին, ես էլ կհիշեցնեմ ձեզ բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ Յան Մաքլեոդի խոսքերը․ «Պատմությունն այնքան լուրջ բան է, որ այն երբեք չի կարելի վստահել պատմաբաններին»։

634
թեգերը:
Բարաք Օբամա, Սպիտակ տուն, Պակիստան, պատմություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (148)
Ըստ թեմայի
Լապշինի կինն` ամուսնուն հանձնելու մասին. Բեն Լադենին այդպես չէին տանի…
Ուսամա բեն Լադենի որդին մահացել է. ԶԼՄ–ներ
Մամուլի ազատության մասին խոսելուց առաջ նախ պարզենք, թե ինչ է մամուլը
Կիմ Չեն Ինը շրջում է Lada Priora–ով
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

118
(Թարմացված է 22:16 26.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի մեկը երեքում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

118
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (148)
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Համակարգիչ

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

287
(Թարմացված է 18:06 26.05.2020)
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն այս օրերին շատերիս բարի նախանձով էին նայում. նույնիսկ գնում կատարելու համար տանից դուրս չգալն ու անհրաժեշտ ամեն ինչի համար առաքում պատվիրելն արտասահմանում ճոխություն է, մեզ մոտ առօրյա դարձավ։

Կորոնավիրուսը շատերիս կյանքն ու սովորությունները փոխեց, ու խոսքը միայն անվտանգության կանոններին հետևելու և սոցիալական հեռավորություն պահպանելու մասին չէ։ Այս իրավիճակը ստիպեց նոր հմտություններ ձեռք բերել՝ մեր առօրյայում ավելի մեծ տեղ հատկացնելով առցանց ծառայություններին։ Ես ու ինձ նման շատերը բացահայտեցինք, որ առօրյա օգտագործման, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի գնումներն առցանց անելն իսկապես հեշտացնում է կյանքը։ Կորոնավիրուսից առաջ առցանց գնման միայն մեկ անհաջող փորձ էի ունեցել՝ տաբատ էի պատվիրել, որն ինձ բացարձակ չէր սազում և անհասկանալի կարճ էր. ասեմ, որ նման բան ինձ հետ հինգերորդ դասարանից հետո չէր եղել, հակառակը՝ տաբատները միշտ երկար են լինում, որովհետև ես, մեղմ ասած, բարձրահասակ չեմ։

Արտակարգ դրության առաջին օրն իսկ ամբողջ ընտանիքով փակվեցինք տանը. հացը որոշեցինք ինքներս թխել երկու օրը մեկ անգամ, իսկ անհրաժեշտ ամեն ինչը՝ պատվիրել։ Այդպես երկու ամիսների ընթացքում ես փորձարկեցի մրգի, բանջարեղենի, սննդամթերքի առաքմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ։ Անշուշտ, առաջին օրերին եղան հիասթափություններ, նյարդային իրավիճակներ, որովհետև պարզվեց՝ իրավիճակը նոր էր ոչ միայն ինձ ու ինձ նման օնլայն գնումներ նախկինում չկատարած մարդկանց համար, այլև հենց այդ ընկերությունների. որովհետև ես և ինձ նմանները միանգամից մի գիշերում շատացանք։

«Gazar.am» ընկերությունը հիմնադրվել է մոտ երկուսուկես տարի առաջ։ Առաջին իսկ օրերից ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց, որովհետև շուկայում նորություն էր՝ մրգի և բանջարեղենի առաջին մասնագիտացված առցանց խանութն էր։ Պատվերների մեծ թիվ սկզբում չկար, քանի որ գրանցումը բացառապես առցանց էր արվում։ Հասկացան, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել համակարգչից, իսկ եթե օգտվում էլ են, հատկապես մեծերի մոտ մտավախություն կա, թե առցանց պատվեր գրանցելիս մի բան սխալ կանեն։ Որոշեցին նաև հեռախոսով պատվերներ գրանցել, այդպես այս տարիների ընթացքում ձեռք բերեցին հավատարիմ հաճախորդներ, իսկ արտակարգ դրությունը իսկապես փորձություն դարձավ ընկերության ամբողջ թիմի համար։ Հիմնադիր տնօրեն Էլեն Թադևոսյանն ասում է՝ պատվերների թիվն այնքան կտրուկ ավելացավ կարանտինի օրերին, որ իր ամբողջ ընտանիքը կամավոր միացավ աշխատանքին. հենց՝ ինքը, տնօրենը սկսեց նաև հեռախոսազանգերի պատասխանել, առաքվող փաթեթների հավաքմանը մասնակցել և այլն։

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

«Մեր պատվերները բառի բուն իմաստով մեկ օրվա մեջ քսանապատկվեցին, հիսունապատկվեցին։ Օր է եղել՝ ամբողջ թիմը ջուր էլ չի խմել»,- պատմում է Էլենն ու անկեղծորեն ասում՝ թերություններ լինում էին՝ կապված նաև այդ օրերին խափանումներով աշխատող ինտերնետի հետ, բայց իր գնահատականով՝ մոտ իննսուն տոկոսով աշխատանքի որակը պահվել է։ Նրա խոսքով՝ ավելացավ ոչ միայն պատվերների թիվը, այլև պատվերը՝ հաճախորդին հասցնելու եղանակները։

«Շատ հետաքրքիր դեպքեր էին լինում, որովհետև նաև պատվերներ էինք հասցնում ինքնամեկուսացած, մեկուսացած մեր հայրենակիցներին։ Դուռը ծեծում էին, պատվերը թողնում դռան առջև, պատշգամբից թել էին կախում, կապում էին առաքիչները, այդպես էին բարձրացնում»։

Ծավալն այնքան մեծ էր, որ մարզերը չկարողացան էլ ներառել աշխատանքում, թեպետ տնօրենի խոսքով` բացառություններ արվում էին հատկապես տարեց պատվիրատուների դեպքում։

«Քանի որ սահմաններն էլ փակ էին, լինում էր, որ առաքիչները հասցնում էին մարզային սահմանահատված, այնտեղից գալիս, վերցնում էին»։

Ինքնամեկուսացած պատվիրատուների համար Էլենը հետաքրքիր անակնկալներ էլ մտածեց. ծաղկեփնջերի նման կանաչիներ էր փնջում և պատվերի հետ ճանապարհ դնում՝ փորձելով բարձրացնել տանը փակված կանանց տրամադրությունը

Էլենի խոսքով՝ թեպետ «պիկն» անցել է, բայց իրենց հաճախորդների թիվն ավելացել է, որովհետև այս ընթացքում շատերն իմացան իրենց մասին, փորձեցին ու համալրեցին հավատարիմների շարքերը։ Բացի այդ, առցանց գնումներ կատարելը նաև սովորության հարց է, իսկ այս ընթացքում մարդկանց սովորություններն էլ փոխվեցին։ Հիմա արդեն, երբ վիճակը քիչ թե շատ խաղաղվել է, մտածում են օնլայն հարթակ ստեղծել նաև հայ ֆերմերների հետ, որպեսզի գյուղացու ապրանքն ուղիղ ու առանց բազմաթիվ միջնորդների ու արհեստական գնաբարձրացման գնորդին հասնի։

Առհասարակ, մեկուսացման օրերին ամենատարածված ու ամենաշատ գովազդվող օնլայն հարթակներն առաջարկում էին անմիջապես գյուղից առաքվող ապրանքներ։ Այդպես միանգամից մի քանի հարթակներ ստեղծվեցին։

IrindNatural.am-ը դրանցից ամենաառաջինն է, որովհետև դեռ կորոնավիրուսից մոտ մեկ տարի առաջ է հիմնվել։ Ընկերությունն առաջարկում է Թալինի շրջանի Իրինդ գյուղի արտադրանքը։ Պատվերները գրանցում են երեք եղանակով՝ զանգով, Facbook-ի էջով և առցանց հարթակով։ Մեկ տարեկան դառնալը նոր էին նշել, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Որոշեցին իրավիճակից չօգտվել ու գնի արհեստական բարձրացում չանել, դրա կողքին էլ հայտարարեցին՝ առաքումներն անվճար են արվելու։ Ի՞նչ եղավ։ Պատվերների այնպիսի մեծ թիվ «թափվեց» ընկերության գլխին, որ մտքներով անցնել էլ չէր կարող։ Արդյունքում ինչ-որ առումով վիճակը հենց իրենց դեմ շրջվեց։

«Մի գիշերում պատվերների թիվը քառասուն, հիսուն, հետո մինչև հարյուր անգամ ավելացավ»,- այդ օրերը սարսափով հիշելով՝ պատմում է հիմնադիր տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Դա բազմակի խնդիրներ բերեց, մի կողմից՝ թիմի պակաս, մյուս կողմից՝ ինտերնետային խնդիրներ ի հայտ եկան. համակարգում կարող էր նույն պատվերը մի քանի անգամ գրանցվել, իսկ ֆորսմաժորային վիճակում ամեն ինչ ստուգելու հնարավորություն չկար։

«Իրականում ֆինանսական կորուստներ ունեցանք, որովհետև լինում էին դեպքեր, որ ապրանքը փչանում էր, մեքենաների հետ էին խնդիրներ լինում»,- պատմում է նա ու ավելացնում, որ ապրիլից իրավիճակը սկսեց կարգավորվել, նաև ռազմավարությունը փոխեցին։ Նոր մոտեցումն ու երկրում փոխված իրավիճակը պատվերների քանակը հավասարակշռեցին։ Գագիկն ասում ՝ «պիկն իջել է», բայց լավն այն է, որ նոր հաճախորդներ էլ ունեցան՝ մարդիկ, որոնք նախկինում չէին օգտվել, որովհետև դրա կարիքը չէր եղել, իրենք էին խանութ գնում, իսկ հիմա փորձեցին այս տարբերակն ու հաճախորդ դարձան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը պետության թվայնացման գործում կարևոր հարցերից է, այն չափանիշներից մեկը, որով կարող ենք արձանագրել, թե որքանով է մեր հասարակությունն օգտվում էլեկտրոնային համակարգերից և տիրապետում թվային հմտություններին։

«Թվերն օրեցօր փոփոխվում են, բայց շատ մոտավոր մոտ երեք անգամ ծավալի մեծացում ունենք»,- ասում է փոխնախարարն ու մեկնաբանում, որ էլեկտրոնային առևտուր ասելով՝ հասկանում ենք էլեկտրոնային վճարումը՝ մի դեպքում, երբ քաղաքացին այցելեց էլեկտրոնային կայք, ընտրեց համապատասխան ապրանքը, կատարեց վճարում, նշեց հասցեն և ստացավ ապրանքը։ Մյուս տարբերակը՝ քաղաքացին այցելեց խանութ, էլեկտրոնային քարտով վճարում կատարեց և վերցրեց իր ապրանքը։ Այսինքն՝ եթե առցանց հարթակով ապրանք ես պատվիրում, բայց դրա համար վճարում ես կանխիկ, ապա ստացվում է, ըստ էության, առաքման պատվեր, այլ ոչ թե էլեկտրոնային գնում։

Փոխնախարարը վստահ է՝ էլեկտրոնային գնում կատարելու համար պետք է նման սովորություն ու վստահություն ձևավորել գործարքի հանդեպ։ Այդ նպատակով առաջիկայում նախարարությունը կընդունի կիբեռանվտանգության ստանդարտներ, որոնք կլինեն ուղեցույց նման համակարգերը ստեղծելիս՝ դրանք պարտադիր պետք է բավարարեն նվազագույն պահանջները՝ ռիսկերը նվազեցնելով։

Մեր երկրում էլեկտրոնային առևտրի զարգացման համար նախարարությունը տնտեսվարողների գործընկեր է դիտարկում «Հայփոստին»։ Համաշխարհային մեծ ընկերությունները՝ Amazon, eBay և մյուսները, կարողանում են ապրանքը հասցնել գրեթե ցանկացած կետում գտնվող պատվիրատուին, որովհետև համագործակցում են մեծ ընկերությունների հետ։ Հայաստանում էլ «Հայփոստը» կարող է դառնալ այն գործընկերը, որը ծառայությունների մատուցման աշխարհագրությունը մեծացնելու հնարավորություն կտա տնտեսվարողներին։

287
թեգերը:
մթերք, առցանց վաճառք, Հայաստան
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց ստուգման փուլը սկսվել է. ի՞նչն է փոխվել
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

29
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

29
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում