Անրի (Բաբկեն) Հայրապետյան

Թե ինչպես Հայրապետյանը մնաց Նիցցայում, որտեղ նրա անունով մարզադաշտ կա

244
(Թարմացված է 09:38 28.04.2020)
Հայկական դարպասապահական դպրոցը բազմաթիվ անվանի վարպետներ է տվել մեծ ֆուտբոլին։ Հայտնի դարպասապահներ են եղել նաև հայաշատ երկրներում։ Նրանցից մեկն էլ ֆրանսահայ Անրի (Բաբկեն) Հայրապետյանն է, որի անունով նույնիսկ մարզադաշտ է անվանակոչվել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:

Մեր հայրենակիցը ծնվել է 1931 թվականին Ֆրանսիայի Մեյրուիլ քաղաքում։ Նա ժամանել է Նիցցա 1950-ականների սկզբին և մեծ ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել որպես սիրողական դարպասապահ: Ավելի ուշ նա ընկերացել է Եսո Ամալֆիի և Ժան Բելվերի հետ, որոնք նրան հրավիրել են «Նիցցա» ակումբի բազմաթիվ ուսումնամարզական հավաքներին:

Երկու տարվա տքնաջան աշխատանքից հետո Հայրապետյանը նշված ակումբի հետ ստորագրեց իր առաջին պայմանագիրն արդեն որպես պրոֆեսիոնալ խաղացող: Հատկանշական է, որ այդ ժամանակահատվածում, ավելի ստույգ` 1953 թվականին, «Նիցցայում» հայտնվեց ևս մեկ ֆուտբոլիստ, որը հինգ տարի անց միջազգային ասպարեզում փառաբանելու էր Ֆրանսիան, և նրա անունը ոսկե տառերով գրվելու էր համաշխարհային ֆուտբոլի տարեգրության մեջ։

Խոսքը լեգենդար Ժյուստ Ֆոնտենի մասին է, որը ֆենոմենալ, առայժմ անգերազանցելի ռեկորդի հեղինակ է՝ աշխարհի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով։ 1958 թվականի շվեդական ստուգատեսում նա խփել է 13 գոլ։ Բնական է, որ «Նիցցայի» երկու նորեկների միջև կարճ ժամանակամիջոցում առաջացավ ամուր ընկերություն։ Ֆոնտենն ու թիմակիցները դեռ բազում առիթներ էին ունենալու հայ դարպասապահի վարպետությունը գովաբանելու համար, որն իրոք ֆրանսիական ակումբի առանցքային խաղացողներից մեկն էր, հաղթանակների ու առաջընթացի հուսալի գրավականը։

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

1954 թվականին Անրի Հայրապետյանի երկրորդ մրցաշրջանը նշանավորվեց Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ տարած հաղթանակով: Երկու տիտղոսակիր թիմերի մրցախաղը կայացավ մայիսին Փարիզի մերձակայքում գտնվող հանրահայտ «Իվ դյու Մանուար» մարզադաշտում, որտեղ տասնվեց տարի առաջ կայացել էր աշխարհի երրորդ առաջնության գագաթնախաղը։

После победы в Кубке Франции. Анри Айрапетян - первый слева в нижнем ряду, а в центре рядом с тренером стоит Жюст Фонтен (1954)․
Ֆրանսիայի գավաթի հաղթանակից հետո։ Անրի (Բաբկեն) Հայրապետյանը` ձախից առաջինը

Հիշելով Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ խաղը` Հայրապետյանը նշում էր. «Ես ընդամենը քսաներեք տարեկան էի և գտնվում էի ծայրահեղ լարվածության մեջ: Բայց խաղի սկզբից, երբ տեսա, թե ինչպիսի արագությամբ և ժրաջանությամբ էին խաղում թիմակիցներս, անմիջապես հասկացա, որ մենք կարող ենք ինչ-որ հիանալի բանի հասնել, ու ես հանգստացա` դառնալով ավելի ինքնավստահ»:

Այդ եզրափակիչում իրադարձություններն իսկապես բարեհաջող ընթացան «Նիցցայի» համար։ 57 հազար հանդիսականներ ականատես եղան դիտարժան ու անհաշտ պայքարի։ Խաղասկզբից անցել էր ընդամենը 10 րոպե, և արդեն Հայրապետյանի թիմակիցներն առջևում էին 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո մարսելցիները կտրուկ աշխուժացան` կազմակերպելով սուր գրոհներ։ Երբ 55-րդ րոպեին հաշիվը կրճատվեց, «Նիցցայի» դարպասին ճնշումը հետզհետե սաստկացավ։ Հենց այդ ժամանակ էլ փայլատակեց Անրի Հայրապետյանի դարպասապահական տաղանդը, և նա մի քանի անգամ թիմակիցներին փրկեց անխուսափելի թվացող գոլից։

Болельщики французского футбольного клуба Ницца на трибуне
«Նիցցա» ակումբի երկրպագուներ

Անրի Հայրապետյանը ֆրանսիական 1-ին դիվիզիոնում հանդես եկավ մինչև 1956 թվականը, որը նույնպես նշանավորվեց տպավորիչ հաջողությամբ։ «Նիցցան» 1955-56 թվականների մրցաշրջանում մնաց անգերազանցելի ու նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ մրցաշրջանում Հայրապետյանն արդեն պաշտպանում էր «Տուր» ակումբի դարպասը։ Այդ թիմի կազմում նա խաղաց մինչև 1959 թվականը, այնուհետև տեղափոխվեց Ֆրանսիայի հարավ և մարզական կարիերան շարունակեց երկրորդ դիվիզիոնում մինչև 1964 թվականը` հանդես գալով «Բեզիեր» ակումբի կազմում։

Այդուհանդերձ, Նիցցա քաղաքը մնաց Հայրապետյանի սրտում, դարձավ հարազատ օրրան, որտեղ վերադառնալուց հետո անցկացրեց իր կյանքի մնացած մասը և մահկանացուն կնքեց 2004 թվականին՝ 73 տարեկանում։

Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի

Անվանի դարպասապահն իսկապես թողեց լուսաշող հետք` դառնալով «Նիցցա» ակումբի երկրպագուների կուռքը, որոնք նրա մահից երեք տարի անցխորհրդանշական քայլ կատարեցին։ 2007 թվականին Նիցցա քաղաքը Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ ցանկացավ հարգանքի տուրք մատուցել անվանի դարպասապահին: Քաղաքային «Լովետ Ինֆերիոր» մարզադաշտն անվանափոխվեց Անրի (Բաբկեն) Հայրապետյանի անունով։ Քաղաքապետ Ժակ Պեյրատն այդ կապակցությամբ ապրիլի 7-ին հանդիսավոր արարողություն կազմակերպեց:

2016 թվականին, երբ Ֆրանսիայում կայացավ Եվրոպայի հերթական առաջնությունը, Նիցցան նույնպես ընդգրկվեց խաղեր սպասարկող քաղաքների ցանկում։ Այդպիսով, յուրաքանչյուր հյուրընկալող քաղաք ստացավ երկու միլիոն եվրո։ Քաղաքապետարանն օգտվեց իրեն հասանելիք բյուջեից և վերանորոգման աշխատանքներ կատարեց նաև Հայրապետյանի անվան մարզադաշտում։ Երկրպագուները մինչև հիմա էլ ջերմությամբ են հիշում Հայրապետյանին։

«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները

244
թեգերը:
ֆուտբոլ, հայ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
«Ինձ առաջարկել են գումարի դիմաց վաճառել հաղթանակս». խոստովանում է Արմեն Նազարյանը
Հպարտ եմ, որ հայ եմ. բացառիկ զրույց Իրանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի հետ
Սպորտի զարգացումն Առաջին հանրապետությունում. ինչպես մոխիրներից հառնեց ամեն ինչ
Դավիթ Քոչարյանը

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

395
(Թարմացված է 10:09 27.05.2020)
Կորոնավիրուսն այս տարի նաև «Վերջին զանգի» միջոցառումները չեղարկեց։ Դպրոցականներից շատերը տխրեցին՝ չէ որ սեպտեմբերից մտածում էին 12 տարիների ամենասպասված խնջույքի մասին։ Դավիթի ծրագրերն այս դեպքում ամենաքիչը տուժեցին՝ միայնակ քեֆ անել, այսպես թե այնպես, չէր լինի։

Դավիթին արդեն գիտի ոչ միայն ամբողջ Չինչինը։ Նրա մասին այս տարի իմացան նաև հարևան գյուղերում ու շրջկենտրոնում։ Բերդ համայնքն այս տարի 271 շրջանավարտ ունեցավ (նախորդ տարի՝ 280). խոշորացված համայնքում ընդգրկված Չինչին գյուղը միակն էր, որ միայն մեկ շրջանավարտ ուներ։

Երբ բացակա ես` ամբողջ դասարանն է բացակա

Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։ Այն հարցիս՝ բա ինչպես ես դասից փախել, զարմանում է՝ դասարանում միակը լինելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ դպրոցական նման չարաճճիությունները մարդու մտքով էլ չի անցնում։ Իր դպրոցական 12 տարիների ընթացքում մատների վրա է հիշում հիվանդանալու պատճառով բացակայելու դեպքերը։ Ասում է՝ դասարանում միակը լինելը և՛ առավելություն ունի, և՛ թերություն։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by Berd administration
Դավիթ Քոչարյանը

«Մի կողմից ստացվում է, որ ուսուցչի ամբողջ ուշադրությունը դեպի քեզ է ուղղված, բայց այս դեպքում էլ մրցակցություն չկա»։

Աշակերտները քիչ են, բայց ուսուցիչները լավն են. Դավիթը հպարտությամբ է ասում ՝ գյուղի գրեթե բոլոր շրջանավարտները, որ ցանկանում են ուսումը շարունակել, բարձրագույն են ընդունվում անգամ առանց կրկնուսույցի։ Օրինակներից մեկն իր քույրն է, որն արդեն Բրյուսովի ուսանող է։

Դավիթը ոչ միայն այս, այլև 2019-2021թթ. Չինչինի միակ շրջանավարտն է

Այն, որ «Վերջին զանգի» միջոցառում չունեցավ, առանձնապես չի տխրեցրել ու չի հիասթափեցրել Դավիթին. կարևորը՝ բոլորը ջերմ ու անկեղծ շնորհավորել են իրեն, անուշադրության չեն մատնել։ Նույնիսկ օրեր առաջ խնդրել էին սպիտակ վերնաշապիկով լուսանկարվել, որ «Վերջին զանգի» օրը հատուկ շնորհավորեն ու պատմեն Չինչինի միակ շրջանավարտի մասին։

«Հարևանները, ուսուցիչները, բարեկամները, մանկապարտեզի դաստիարակները՝ բոլորը շնորհավորել են»,-ասում է Դավիթն ու միանգամից ավելացնում՝ հեռախոսազանգով։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Չինչինի դպրոցը նախանցած տարի շրջանավարտ չի ունեցել, եկող տարի էլ չի ունենա։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Մանկապարտեզի անձնակազմը Դավիթի համար հետաքրքիր անակնկալ էլ էր պատրաստել. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։

Скала Камень Кузана близ села Чинчин, Тавуш
© Photo : Jemma Manukyan
Չինչին գյուղը

Հիմա Դավիթը կենտրոնացած իր հետագա ծրագրերի մասին է մտածում։ Մաթեմատիկայի միասնական քննության է մասնակցելու. ցանկանում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, ռոբոտատեխնիկա ու մեխատրոնիկա սովորել։ Համագյուղացի տղաներից մեկը հիմա այնտեղ է սովորում, մասնագիտության գրավչության մասին հենց նա է պատմել։ Դավիթն ուզում է սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծել։       

Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է

Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։

Монастырь Шхмурада близ сел Чинчин и Верин Цахкаван, Тавуш
Չինչին գյուղի տեսարժան վայրերից

Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։

Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը

«Անգամ մարդկանց տնամերձերում հին խաչեր կան, մեր գյուղում շատ բան կա, որ տուրիստներին կհետաքրքրի»,- առանձնահատուկ սիրով պատմում է Դավիթն ու կրկնում, որ գյուղն ավելի լավ էլ կարող է լինել, եթե զարգացման ծրագրերն իրականություն դառնան։

Երբ գյուղի 60-70 տոկոսը ծերերն են...

Խորհրդային տարիներին Չինչինը 1000-ից ավելի բնակիչ ուներ, դպրոցն այնքան շատ աշակերտ էր ունենում, որ Ա, Բ, Գ դասարաններ էին կազմվում։ Գյուղապետը՝ Կարեն Դարբինյանը, 1998-ին է դպրոցն ավարտել, դասարանում 13 հոգի էին։ Բայց տարեց տարի շրջանավարտների թիվը պակասեց։

«Հիմա գյուղի 60-70 տոկոսը ծերերն են»,- ցավով ասում է գյուղապետը։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by David Kocharyan
Դավիթ Քոչարյանը հայրենի Չինչինում

Չինչինում 180 տնտեսություն կա, գրանցված բնակիչների թիվը մոտ 630 է, փաստացի ապրում են 400-430-ը։ Մյուսները տան դռները փակել, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնել։

Գյուղը զարգանալու, գրավիչ դառնալու մեծ ներուժ ունի։ Գյուղապետի խոսքով՝  եթե վիրուսը չլիներ, զբոսաշրջության զարգացման համար այս տարի արդեն բավականին շատ բան արած կլինեին, հյուրատներից մեկն արդեն պատրաստ է, մի քանիսն էլ են լինելու։

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

Հիմա Չինչինի պատմության, միգուցե, լավագույն շրջանը չէ, բայց գյուղն ապագա ունի. մանկապարտեզում հիմա քսանից ավելի երեխա կա, նախկինում վեց-յոթն էին։ Այս տարի արդեն երկու ծնունդ են ունեցել, մի քանիսն էլ դեռ սպասվում են։ Ամեն ինչ կորած չէ՝ նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, հաջորդին էլ չեն ունենա, բայց այս տարի Դավիթը կար, երկու տարի հետո էլ նոր շրջանավարտներ կլինեն։

Հ.Գ. Ու էլի Դավիթի մասին...

Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում եմ ես։

Рассвет в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից

-Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռվել, մեծ պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռվից խուսափելը պախարակելի է։

Իսկ մինչ ծառայության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները։

Закат в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից
395
թեգերը:
Գյուղապետ, Գյուղ, Վերջին զանգ, դպրոց, շրջանավարտ, Տավուշ
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

199
(Թարմացված է 22:16 26.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի մեկը երեքում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

199
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

0
(Թարմացված է 13:22 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում