Դիարբեքիր

Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մեռնել

683
(Թարմացված է 22:30 24.04.2020)
Քրդերը հայկական հարցն ու քրդական հարցը իբրև երկու առանձին իրադարձություն չեն դիտարկում և արդեն մեկ դար է՝ չեն կարողանում ազատվել հայերի Ցեղասպանության մասին հիշողություններից։

«Մենք թուրքերի համար նախաճաշ ենք, դուք ընթրիքն եք լինելու»։ Արտահայտությունը, որ ջարդից փրկվող հայերը նետել են քրդերին, արդեն ավելի քան մեկ դար է՝ բերնեբերան փոխանցվում է Թուրքիայի գլխավորապես հարավ-արևելյան և արևելյան տարածքները զբաղեցնող քուրդ ժողովրդի մեջ։

Այդ տարածքը թուրքերն անվանում են «Արևելյան Անատոլիա», քրդերը՝ «Հյուսիային Քուրդիստան», իսկ հայերը՝ «Պատմական Հայաստան»։

Եվ եթե հայ և թուրք գործիչները հաճախ են բարձրացնում հայերի 1915թ․-ի ցեղասպանության հարցը՝ գրքերում, հոդվածներում, կոնֆերանսներում և այլն, ապա քուրդ ժողովրդի դիրքորոշման մասին շատ հազվադեպ ենք լսում։

Ի դեպ, քրդերի մի մասն անմիջական մասնակցություն է ունեցել կոտորածներին, իսկ մեծամասնությունը տնտեսապես շահել է այդ տարածքներից հայ բնակչության վտարումից։

Հենց այդ պատճառով էլ քուրդ գրողներ Ադնան Չելիքի և Նամըք Քեմալ Դինչի «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գիրքը` հրատարակված 2015թ․-ին Թուրքիայում, հսկայական նշանակություն ունի։ Գրքում հավաքված են Դիարբեքիրում (հին հայկական Տիգրանակերտ մայրաքաղաք) ապրած 70 քրդերի հիշողությունները։ Մինչև հայերի կոտորածը Դիարբեքիրում հայերի ու քրդերի թվային հարաբերակցությունը գրեթե նույնն էր։ 100 տարի անց քրդերը հայերի Ցեղասպանության մասին պատմում են այնպես, ասես դա երեկ է պատահել։

Մի քանի պատմություն այդ գրքից

Սպանված հայ աղջկա ստվերը

Գրքում շատ դրվագներ կան քրդերի մասին, որոնք հայերի ջարդերին անմիջական մասնակցություն են ունեցել։ Սարսափելի կոտորածի ուղիղ կատարողների հետ հեղինակները չեն հանդիպել, բայց նրանց մասին հիշողությունները բավական շատ են։

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Օրինակ` գրքում պատմություն կա քուրդ ծերունի Օնդոյի մասին։ 1915թ․-ին նա եղել է հայերի վրա հարձակվող ավազակային խմբավորման կազմում։

Հարևաններն ու ծանոթները գրքի հեղինակներին պատմել են, որ 80 տարեկանում Օնդոն անկողին է ընկել ինչ-որ ահավոր հիվանդությամբ և ոչ մի կերպ հոգին չէր ավանդում, նա մոտ 10 տարի այդպես տանջվել է։

«Ընտանիքին նա խոստովանել էր, որ իրեն հանգիստ չի տալիս այն աղջնակի ստվերը, որին նա սպանել էր այդ օրերին։ Օնդոն վախենում էր, որ չի մեռնի և մինչև աշխարհի վերջմ այդպես կտառապի։ Բայց մահացավ, երբ 90 տարեկան էր»,-գրում են ժողովածուի հեղինակները։

Գրքի հերոսները հստակ գիտեին, թե իրենց գյուղերից ովքեր են մասնակցել կոտորածներին, նշում էին նրանց անուններն ու ազգանունները։ Հաճախ պատմում էին, որ այս կամ այն ընտանիքում, որը մասնակից է եղել հանցագործությանը, այլևս երբեք երեխաներ չեն ծնվել կամ ծանր հիվանդություններ են ի հայտ եկել։

Հայերի անեծքն ու Չունգուշի աղքատությունը

Քրդական Չունգուշ գյուղը՝ Դիարբեքիրի շրջանում, Թուրքիայի ամենաաղքատ գյուղերից մեկն է։ Հետաքրքիր է, որ իրենք՝ գյուղացիները, համարում են, որ աղքատ գոյության են դատապարտված ոչ թե Դիարբեքիրի քաղաքային վարչության վատ աշխատանքի, այլ հայերի անեծքի պատճառով։ Գյուղից ոչ հեռու մինչև այսօր պահպանվել է հանքը, որտեղ լցնում էին սպանված հայերի դիակները։

Չունգուշի բնակիչ Արին նույնպես վստահ է, որ գյուղը երբեք կուշտ չի ապրի։

«Այստեղ, ուր նայում ես՝ հայերի արյունն է... սրանք անիծված հողեր են, թեկուզ հարյուր տարի էլ անցնի, այս հողերը երբեք չեն մաքրվի ո՛չ արյունից, ո՛չ անեծքից»,-ողբում է Արին։

Նույն գյուղում հեղինակները հանդիպել են իր տան շեմին բարձրաձայն լացող ու ողբացող մի ծերունու։ Նա գանգատվում էր վատ կյանքից` գոռալով, որ քրդերն այսպես պատասխան ե

Հայերի անունները սրբերի անուններ են

Գրքի հեղինակներն իրենց աշխատության մեջ հիշատակում են նաև Ցեղասպանությունից փրկված հայերին` նշելով, որ նրանց մեծ մասը կանայք էին, որոնք ամուսնացրել են մուսուլմանների հետ։ Նրանց թվում նաև հիմնականում հարուստ հայերի երեխաներն էին։ Քրդերը պահում էին նրանց` հուսալով, որ կկարողանան տիրանալ նրանց կարողությանը կամ մեծ փրկագին ստանալ։

Գրքում պատմվում է նաև մի քուրդ կնոջ մասին, որի նորածին երեխաները մահանում էին անհայտ հիվանդությունից։ Ի վերջո նա ևս մի զավակ է ծնում` տղա և կոչում է նրան հայկական Տիգրան անունով։

«Նա հավատում էր, որ մահվան հրեշտակները չափազանց շատ հայկական կյանքեր են տարել, էլ չեն ցանկանան ևս մեկը տանել, և երեխային հայկական անուն տալով` փորձում էր փրկել նրան։ Զարմանալի է, բայց այդպես էլ եղել է, քանի որ այս պատմությունը մեզ պատմել են Տիգրանի հարևանները»,-գրում են հեղինակները։

Անցյալի հայկական ու ներկայիս քրդական հարցը

Հայերի համար ցեղասպանությունը միշտ մնում է կարևոր հարցերի օրակարգում, սակայն յուրաքանչյուր նոր սերունդ 1915 թվականի իրադարձություններին վերաբերվում է որպես անցյալի ողբերգություն ՝ միաժամանակ պահպանելով հոգեկան հավասարակշռությունը։ Քրդերի մոտ ամեն ինչ հակառակն է. յուրաքանչյուր նոր սերունդ ավելի սուր է ընկալում Ցեղասպանության փաստը և մտահոգվում նաև այն պատճառով, որ իրենց նախնիները մասնակցել են հայերի կոտորածներին։

Իսրայելի Պետախ Տիկվայում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող․ լուսանկար

«Անցյալի հայկական ու ներկայիս քրդական հարցերը քրդերը որպես երկու առանձին իրադարձություն չեն դիտարկում։ Յուրաքանչյուր ազգային դժբախտության դեպքում նրանք հիշում են Ցեղասպանությունը։ Նրանք հիշում էին այդ մասին 1930-ականներին, երբ թուրքական իշխանությունները վռնդում էին նրանց իրենց գյուղերից, հիշում էին այդ մասին 1980-ականներին, երբ քուրդ ակտիվիստներին բանտերում ծեծում ու սպանում էին։ Դիարբեքիրում յուրաքանչյուր քուրդ երեխա գիտեր հայերի արտահայտությունը.  «Մենք թուրքերի համար նախաճաշ ենք, դուք ընթրիքն եք լինելու»,-գրված է գրքում։

2015թ․-ին գիրքը հրատարակվել է թուրքերեն լեզվով, դրա որոշ հատվածներ թարգմանվել են հայերեն և հրապարակվել Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթում։

683
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, գիրք, քուրդ, Դիարբեքիր, Թուրքիա, Արևմտյան Հայաստան
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)
Ըստ թեմայի
«Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին ու հարգում նրանց հիշատակը»․ Կիպրոսի նախագահ
ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը
«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին». Թրյուդոյի գրառումը
Երիտասարդներ, արխիվային լուսանկար

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

36
(Թարմացված է 21:48 13.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա կորոնավիրուսային իրավիճակը այնքան լուրջ խնդիր է, որ բոլորովին չի տրամադրում մտածելու այլ խնդիրների մասին, որոնք ծառանալու են ամբողջ մարդկության առջև, ասենք՝ այս դարի կեսերին։

Այնինչ այդ խնդիրները հետզհետե սկսում են ուրվագծվել հենց այսօր, բոլորիս աչքի առջև ու BBC-ին ներկայացրել է այն 10 գլխավոր մարտահրավերները, որոնց հետ մարդկությունը ստիպված է լինելու գործ ունենալ 30 տարի հետո՝ 2050 թվականին։ Թույլ տվեք հնարավորինս հակիրճ անդրադառնալ դրանց, իսկ առաջիկայում հաստատ դեռ առիթներ կլինեն շատ ավելի մանրամասն խոսելու այդ դրանց մասին՝ առանձին-առանձին։

Եվ այսպես՝ առաջին։ Մարդու գենային մոդիֆիկացումը։ Խոսքը, ինչպես մասնագետներն են ասում, մարդու ԴՆԹ-ի խմբագրման մասին է։ Սա մի կողմից՝ հսկայական օգուտներ կարող է բերել շատ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում, մյուս կողմից՝ էթիկական բնույթի նուրբ հարցեր է առաջացնում՝ արդյոք մենք իրավունք ունենք արհեստականորեն կատարելագործել մարդու օրգանիզմը և, ի վերջո, ստեղծել իդեալական մարդ արարած։

Երկրորդ։ Տարեցների թվի ավելացում։ Համաձայնեք՝ Հայաստանը այն երկրներից է, որտեղ այս խնդիրը առավել, քան հրատապ է։ Իսկ գլոբալ առումով մասնագետներն այսպիսի կանխատեսումներ են անում՝ հարյուր տարին բոլորած մարդկանց թիվն այսօր աշխարհում ընդամենը մոտ կես միլիոն է, 2050 թվականին այն գերազանցելու է 25 միլիոնը, այսինքն` աճելու է 50 անգամ։ Իհարկե, հրաշալի է, որ մարդիկ ավելի երկար են ապրելու, բայց… Անցնենք հաջորդ խնդրին։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Կլիմայական փոփոխություններ։ Երբևէ լսե՞լ եք կլիմայական փախստականների մասին։ Իսկ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ եթե գլոբալ տաքացումը շարունակվի, որոշ տարածքներ լիովին կանցնեն ջրի տակ և դրանց բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր, այլ երկրներ, այսինքն՝ կդառնան կլիմայական փախստականներ։

Անցնենք սոցիալական ցանցերին։ Սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, որովհետև շփվելու անսահման հնարավորություններ էին ընձեռում, հիմա կամաց-կամաց հասկանում ենք, թե որքան խոցելի ենք դառնում՝ ով ասես կարող է կեղծ անվան տակ գրանցվել ու հանգիստ հայհոյել քեզ։ էլ չեմ ասում սուտ տեղեկության տարածման մասին։ Լավ՝ քանի անգամ կարող է մեռնել Միխայիլ Գորբաչովը՝ մի հիսուն անգամ թաղեցին խեղճ մարդուն։ Ու այս խնդիրը գնալով խորանալու է։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Հաջորդը։ Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հիշում եմ՝ մի ժամանակ Ֆուրմանովի փողոցում, երբ բակի տղաներով երթևեկելի հատվածում ֆուտբոլ էինք խաղում՝ հատ ու կենտ մեքենաներ էին անցնում։ Հիմա երեկոյան վերադառնում ես աշխատանքից, հաստատ, 100 տոկոսով գիտես, որ քաղաքի այսինչ հատվածում անպայման խցանում է լինելու։ Իսկ ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում ու ավելանում է։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե 2050 թվականին Երևանում ինչ է կատարվելու։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ պատկերացնում։

Անցնենք առաջ։ Ինչ է լինելու, երբ Երկրի բնական պաշարները, որոնք մենք անխնա օգտագործում ենք, սկսեն սպառվել։ Մասնագետները փաստում են՝ սովորական բջջային հեռախոսում կա մոտ 60 բաղադրիչ, որոնցից առնվազն մի քանիսը՝ հազվադեպ հանդիպող մետաղներ են։ Ճիշտ եք։ Այդ մետաղները այլ նյութերով փոխարինելու եղանակներն առաջիկա տասնամյակներում երևի այնուամենայնիվ կգտնվեն։ Բայց վերցրեք մեր հայաստանյան հանքարդյունաբերությունը՝ ախր մեր արտահանման, մանավանդ եվրոպական արտահանման մի զգալի մասը՝ բնական պաշարներն են, որոնք անսահման չեն։ Բա 2050-ին ինչ է լինելու։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Եվ վերջապես։ Որոշ մասնագետներ համոզված են, որ անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ արհեստական բանականությունը գերազանցելու է մարդկային բանականությանը և սկսելու է ինքնուրույն կատարելագործվել ահռելի արագությամբ։ Եվ այստեղ ծագում է ամենագլխավոր հարցը՝ իսկ արդյոք առանց մարդու միջամտության զարգացող այդ բանականությունը բարյացակամ կլինի մեր՝ մարդկանց նկատմամբ։ Բա, որ հանկարծ որոշի, որ մարդկությունը խոչընդոտում է իր կատարելագործմանը։ Բայց շատ ճիշտ եք՝ թող այս ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր առօրյա խնդիրներն էլ բավարար են։

36
թեգերը:
խցանում, կորոնավիրուս, երեխա, թոռ, տարեց, Տրանսպորտ, Երևան, արհեստական բանականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

338
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

338
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Анна Нагдалян

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

0
ԱԳՆ խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի հայ–ադրբեջանական սահմանին  գործողությունները. Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը։ Սա միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է»,–գրել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

0
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Աննա Նաղդալյան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան