Սառա տատը թոռների հետ

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

957
(Թարմացված է 00:00 25.04.2020)
Երբեմն ինձ թվում է, թե գաղթի ճամփան ինքս եմ անցել: Անպատմելի այդ դաժանությունները ես ուղնուծուծով եմ զգում, այն արյան հիշողությամբ է ինձ փոխանցվել:

Գաղթականի զավակ եմ: Սառա տատս, ավելի ստույգ` հորս տատը, որի անունը կրում եմ, ծնվել ու մեծացել է Արևմտյան Հայաստանի Բայազետի Ջուջան գյուղում: Խոշոր սև աչքերով, սպիտակամաշկ այս հայուհին լավ ձիավարել է, բայց եղել է ամոթխած ու համեստ մի աղջիկ: Դեռահաս էր, երբ ամուսնացավ Գեղամի հետ` Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Չլկանի գյուղից: Գեղամն իսկական հայ տղամարդ էր` խիստ ու հաղթանդամ: Նա իր ազդեցիկ տեղն ուներ արևմտահայ ու թուրք հասարակության մեջ, որովհետև բացի մեծահարուստ լինելուց, նաև ժամանակի լավ դատավորներից էր:

Պատմում են, որ երբ Գեղամը ձիով տուն էր գալիս, կրտսեր եղբայրներն ընդառաջ էին վազում` նրան դիմավորելու, բռնում էին ձիու սանձը, օգնում, որ իջնի և ուղեկցում տուն: Դա հայերի մեջ տարածված` մեծի հանդեպ հարգանքի գեղեցիկ դրսևորում էր: Ջերմությամբ ու սիրով լի հայկական ընտանիք էր Գեղամի ու Սառայի ընտանիքը:

Նրանք 6 զավակ են ունենում` 5 աղջիկ, մի տղա: Այս ամենը մինչև… մինչև չարաբաստիկ կոտորածներ: Երբ Վանի կողմերում սկսվում են ջարդերն ու ազատագրական պայքարը, Սառայենց գյուղում ապրող ազդեցիկ մի թուրք, որը լավ հարաբերությունների մեջ էր գյուղի հայ բնակչության հետ, թաքուն նրանց հասկացնում է սպասվելիքի մասին և խորհուրդ տալիս Արաքսի մյուս կողմն անցնել, մինչև խժդժություններն ավարտվեն:

Սառան ու Գեղամը, որ տուն ու տեղ ունեին, հողեր, անասուն, ոսկեղեն, մնում են շվարած: Ստիպված մեծ մասը վաճառում են, որովհետև գումարն ավելի հեշտ էր տեղափոխել, ու 6 երեխաների հետ բռնում գաղթի ճամփան: Չնայած Ալաշկերտն Արևելյան Հայաստանին մոտ է, բայց դառնություններով լի այս ճանապարհին նրանց զավակներից 3-ը` 3 դուստրերը, մահանում են: Երկու աղջիկների, որոնցից մեկը դեռ ծծկեր էր, և որդու հետ Սառան ու Գեղամը հասնում են Էջմիածին: Իսկ Էջմիածնում այդ օրերին` անթիվ ու անհամար անտուն գաղթականներ, սով, համաճարակ, համատարած մահ: Հենց Մայր աթոռի պատերի տակ մի գիշերվա ընթացքում մահանում են Սառայի ամուսինը, որդին ու մի դուստրը: Երիտասարդ կինը մնում է մենակ` բարուրի երեխան ձեռքին:

Գաղթի ճամփով էր անցել ու կոտորածի դառնությունները սեփական մաշկի վրա զգացել նաև Ալաշկերտի Չլկանի գյուղում մեծացած Խաչոն, որը հետագայում մեր մեծ պապը պիտի դառնար: Ասում են` Չլկանին չքնաղ մի գյուղ էր` 40 հրաշագործ աղբյուրներով: Պատմում են նաև, որ հիվանդները գալիս էին Չլկանի, լվացվում այդ աղբյուրների ջրով, խմում ու դարման անում իրենց ցավերին: Խաչոն էլ մեծ ազգի զավակ էր: Սառան պատմում էր, որ էրգրի իրենց տանը 40 մարդ է ապրել` հաշտ ու համերաշխ: Մինչև ցեղասպանությունը նա էլ է ընտանիք ունեցել` 5 երեխա: Խաչո պապիս առաջին կինն ու երեխաների մի մասը, չդիմանալով գաղթի ճամփի դաժանություններին` անհաց, անջուր օրերին, մահացել են ու չեն հասել Արևելյան Հայաստան: Երեխաներից երկուսն արդեն այստեղ են համաճարակի զոհ դարձել: Մնացել է միայն Հայկանուշը` մեր մեծ հորաքույրը:

Արևելյան Հայաստան գաղթելուց կարճ ժամանակ անց, երբ պարզ է դառնում, որ այս պայմաններում մենակ կինը չի կարող ապրել, Սառայի առաջին ամուսնու քրոջ` տալոջ ամուսինն ասում է. «Սառա, ես քեզ պիտի ամուսնացնեմ: Ես չեմ թողնի, որ Գեղամ էֆենդու կնիկը մեկի դեմը քոծություն ընե, մեկի տանն աշխատի, ես չեմ թողնի, որ Գեղամ էֆենդու կնկա վիզը ծուռ մնա»: Եվ իրենց հարսին նորից ամուսնացնում է էրգրից եկած, համագյուղացի Խաչոյի հետ, որը նույնպես կրկին ընտանիք ունենալու կարիք ուներ:

Ցավ ու դառնության, վշտի ու կեղեքումների այդ օրերին հայը նորից օջախ է ստեղծում, նորից նրա երդիկից սկսում է ծուխ բարձրանալ: Բայց ամեն օր ու գիշեր մեծ տատս ու մեծ պապս քնում ու արթնանում են էրգիր՝ իրենց հող ու ջրին վերադառնալու երազով: 1918 թ.-ին, երբ ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը, երբ կազմավորվում է Հայաստանի Առաջին հանրապետությունը, ու 6 վիլայեթներն ընդգրկվում են Հայաստանի կազմում, Սառան ու Խաչոն վերցնում են նախորդ ամուսնություններից իրենց մնացած մեկական դստրիկներին ու նորից վերադառնում Չլկանի` հայրենի գյուղում հայրենի օջախի ծուխը վառ պահելու և շենացնելու համար: Ավաղ, նրանց ուրախությունը կարճ է տևում, որովհետև շատ չանցած` պարզ է դառնում, որ հետդարձն իզուր էր, որ թուրք խուժանը դեռ չի հանգստացել, որ վտանգն ամեն օր կախված է իրենց գլխին: Խեղճերը նորից գլխիկոր փախեփախ են լինում, անցնում Արաքսի այս կողմ` այնտեղ թողնելով շեն տներն ու բերրի հողերը:

Սկզբում Խաչոն ու Սառան ապաստանում են Արտաշատի Բզովան գյուղում, բայց կարճ ժամանակ անց տեղափոխվում են Հոկտեմբերյանի շրջանի Մոլաբադալ թուրքական անունը կրող գյուղ, որտեղ բնակություն էին հաստատել ալաշկերտցի իրենց համերկրացիներն ու վանեցիները:

Մայրը երեխային նետել է ժայռից` եղբորը փրկելու համար. Դեր Զորի սարսափելի երկար ճանապարհը

Մոլաբադալում, որն այսօրվա Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղն է, Սառան 50 տարեկան հասակում Խաչոյի համար երկվորյակ որդիներ է ծնում: Մելիքի, որը առաջինն է լույս աշխարհ եկել ու փարթամ երեխա էր, տակաշորերը պատրաստ էին: Բայց մեկ էլ տատմերն ասում է, որ էլի երեխա կա: Կնյազը, որին կարծես չէին սպասում ծնողները, տակաշոր ու փաթաթան չուներ: Շվարած տատմերն արագ իր վրայից հանում է Աստված գիտի որքան կեղտոտ գոգնոցն ու փաթաթում 2-րդ նորածնին` Կնյազին, որը պիտի իմ պապը դառնար: Չնայած Կնյազն ավելի նվազ էր, չնախատեսված, ու անգամ շոր չկար, որ նրան փաթաթեին, բայց Աստծո կամոք նա շարունակում է ապրել, իսկ փարթամ ու առողջ Մելիքը 9-10 տարեկանում հիվանդությունից մահանում է: Սառան ու Խաչոն նորից հայտնվում են որդեկորույս ծնողների դերում: Սառան` մեծ տատս, որ ապրել է մինչև 1968 թ-ը, մինչև կյանքի վերջին օրը երազում էր էրգրի մասին ու հավատում, որ մի օր հետ է գնալու:

Իմ երազներում հաճախ եմ տեսնում Չրկանլի գյուղը, մեր 40 աղբյուրը, մեր պապենական տունը, լսում սարերից եկող սրինգի ձայնը: Մեծ տատիկս իր անվան հետ ինձ է փոխանցել նաև էրգրի կարոտը, տունդարձի հավատը: Մի օր իրականացնելու եմ մեծ տատիս երազանքը` գնալու եմ տուն, որ նրա հոգին ի վերջո հանգիստ գտնի հավերժի գրկում:

Հայոց ցեղասպանություն. «Իմ երակներով էլ է ղարսեցու արյուն հոսում»

957
թեգերը:
ամուսնություն, Էջմիածին, Արևմտյան Հայաստան, Ցեղասպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես հայ եմ, ես 3000 տարեկան եմ»․ ռուսաստանցի աստղերը տեսանյութ են տարածել
Մենք մի պատասխան ունենք աշխարհին. Գագիկ Գինոսյանը երիտասարդների հետ պարում է Սարդարապատում
Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում է արել
«Թուրքիայի խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ». Փայլան
Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

187
(Թարմացված է 09:35 14.05.2021)
Ինչպես հայտնի է, Հայաստանը պտղաբեր հողերի պակաս ունի։ Հարց է ծագում` ի՞նչ կարելի է անել երկիրը մթերքով ապահովելու համար։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիշեցնում է մի մեթոդ, որին պետությունը դեռևս լուրջ ուշադրություն չի դարձնում։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պատվավոր հյուրերին Մատենադարանից, հռչակավոր կոնյակի գործարանից և Մարտիրոս Սարյանի արվեստանոցից բացի, տանում էին նաև Երևանի ծայրամասերից մեկը։ 60-ականների կեսեր։ «Ամենաամենաների» ցանկում ներառված տեսարժան վայրը՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ։

Ինչո՞վ է լավ հիդրոպոնիկան։ 90-ականների հուշերից․ Երևանի Թումանյան և Հանրապետության (այն ժամանակ՝ Ալավերդյան) փողոցների անկյունում բազմահարկ շենք կա, այն տարիներին այդ շենքում էր տեղակայված մշակույթի նախարարությունը։

Հարևանությամբ ապրողները (իսկ ես հենց հարևանությամբ էի ապրում) չէին կարող չլսել աքաղաղի զրնգուն ծուղրուղուն, որն ամեն առավոտ լսվում էր վերևներում ինչ-որ տեղից։ Վեր նայելով` կարելի էր որոշել ձայնի աղբյուրը․ աքլորները կանչում էին նախարարության շենքի հարթ տանիքից, իսկ թե ինչ էին նրանք անում այդ տանիքին, մնում էր գուշակել։

-Հա, տիկին Գոհարն է` հարևանուհիս, տանիքին հավ է պահում, կանաչի, բանջարեղեն է աճեցնում, նաև սունկ, ելակ։ Ընտանիքն է կերակրում, ավելացածն էլ վաճառում է,-բացատրեց մշակույթի նախարարության դիմացի շենքում ապրող հին ընկերս՝ բանասիրության պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։

-Կարո՞ղ ես ծանոթացնել։

-Հեշտ ու հանգիստ։

․․․Ագրոքիմիական պրոբլեմների ինստիտուտի նախկին աշխատակից տիկին Գոհարն ինձ տարավ շենքի տանիք` ընթացքում փառաբանելով ակադեմիկոս Գագիկ Դավթյանին (Հիդրոպոնիկայի ինստիտուտի հիմնադրին և առաջին տնօրենին) և հայհոյելով իշխանություններին` գիտությունը մոռացության մատնելու համար, մինչդեռ․․․

- Ինքդ կտեսնես,-տիկին Գոհարը բացեց տանիքի դուռը, և ինձ մնում էր տեսնել ու զարմանալ։

Իսկ զարմանալու բան կար։ Շարքով արկղեր՝ արհեստական լցանյութի (հողի փոխարինիչ) վրա աճող սամիթով, համեմով, հատապտուղներով։ Մեծ ծաղկամաններում՝ ցածրիկ խնձորենիներ և տանձենիներ, քիչ այն կողմ` հավաբուն՝ վերոնշյալ զրնգուն աքաղաղի գլխավորությամբ։ Վերևում երկինքը չէր երևում. հարթակի վրա պոլիէթիլենային վարագույր էր, պատի տակ՝ թասերի և դույլերի մեջ` քարե փշրանքի և ինչ-որ անորոշ զանգվածի խառնուրդ։

Տիկին Գոհարի՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին կրտսեր գիտաշխատողի բացատրություններից․

-Բույսերը, որոնք նման ձևով են խնամվում, հիվանդություններ չունեն, իսկ պտուղները պահպանում են իրենց հատկություններն ու համը։ Բայց դրա համար պետք է կայուն միկրոկլիմա պահպանել, հավասարակշռված սնուցում տալ և բերքը ճիշտ ժամանակին հավաքել։

Իջնենք բարձր տանիքից ու վերադառնանք երկրային խնդիրներին։ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն տարի կրճատվում է պտղաբեր հողերի մակերեսը։ Հայաստանում` նույնպես։

Ընդամենը մեկ տարում (2014-ից մինչև 2015թ.) այն կրճատվել է 800 հեկտարով, և այդ ժամանակից ի վեր մենք կորցնում ու կորցնում ենք (էլ չասենք պատերազմի և հետպատերազմական քաղաքականության հետևանքով հողերի կորստի մասին): Իսկ մեզ մոտ, ինչպես Ֆրունզիկն էր ասում. «Թանկագինս, հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լեռներ են, լեռներ...»: Լեռները կազմում են Հայաստանի տարածքի ավելի քան 90 տոկոսը, ընդամենը մոտ կես միլիոն հեկտար վարելահող է մնում։

Մինչդեռ հիդրոպոնիկայի համար, ինչպես պարզվեց, լեռները ոչ միայն վատ չեն, այլև հենց այն են, ինչ պետք է։ Հիդրոպոնիկայում կիրառվող ամենատարածված (բայց բնավ ոչ միակ) լցանյութը գրանիտի խճաքարն է։ Մեր երկրում գրանիտ ամեն տեղ չկա, իսկ այն բազմաթիվ կիլոմետրեր տեղափոխելը չափազանց թանկ է։ Ուստի այն հաճախ փոխարինում են հրաբխային տուֆով. իր ծակոտկենության և մեծ քանակի խոնավություն պահելու հատկության շնորհիվ դա հենց այն է, ինչ պետք է։

…Ակադեմիկոս Գագիկ Դավթյանը մեծ ապագա էր խոստանում հիդրոպոնիկային, նրան հավատացին, և որպեսզի խոսքը գործ դարձնելն ավելի հեշտ լինի, խորհրդային տարիներին չլսված-չտեսնված քայլի դիմեցին. գիտնականին նշանակեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի փոխնախագահ։ Այդպիսով, ԵՊՀ նախկին ռեկտորի (1957-1961թթ.), այնուհետև ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձած ինստիտուտի տնօրենի կենսագրության մեջ նոր տող գրվեց։

-Մենք նախատեսում ենք հիդրոպոնիկ բերքը մոտեցնել օրգանականին։ Դրա համար բույսերը կսնուցենք ոչ թե հանքային, այլ օրգանական պարարտանյութերով, մանրակրկիտ կընտրենք լցանյութերը և կօգտագործենք վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդներ,-հարցազրույցներից մեկում պատմել է ակադեմիկոս Դավթյանը։

Հիդրոպոնիկ բերքը շահավետ է նաև բերքը սպառողին արագ և առանց խնդիրների հասցնելու առումով։ Ինչպես տիկին Գոհարի մոտ էր․ այն ամենը, ինչ աճեցնում էր տանիքին, փողոցն անցնում ու տուն էր հասցնում, մնացածն էլ հանձնում էր մոտակա խանութին։

Եթե հիշենք, որ արդեն այսօր Երկրի բնակչության 50 տոկոսը քաղաքներում է ապրում, իսկ մինչև 2050թ․-ը այդ թիվը կհասնի 80 տոկոսի, մթերքն էլ գյուղերից քաղաք հասցնելը էժան չէ, ապա տանիքներից ու այլ օժանդակ կառույցներից բերք հավաքող ընկերությունները կարող էին նկատելիորեն օգնել պետությանը մարդկանց կերակրելու հարցում։

․․․Ի՞նչ է մնացել ակադեմիկոս Դավթյանից հետո, բացի Մաշտոցի պողոտայում նրա ապրած շենքի պատին ամրացված հուշատախտակից։ Մնացել է նրա անվան ինստիտուտը՝ հայտնի գիտնական Խաչատուր Մայրապետյանի գլխավորությամբ։ Բայց ի՞նչ կարող է անել գիտությունն առանց պետության աջակցության։ Տեսնում ենք։ Տխրում ենք։

187
թեգերը:
մթերք, տանիք, շենք, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
Իսրայել

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

168
​Եկեք անկեղծ լինենք։ Քննադատական վերաբերմունքն իրականության նկատմամբ սովորաբար շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան հաջողությունների ճոխացրած թվարկումը։
Իսրայելը կարող է տոնել իր լիակատար հաջողությունը միայն արաբական ողջ աշխարհի հետ խաղաղություն հաստատելուց հետո

Թույլ տվեք ներկայացնել մի մեջբերում, իսկ դուք փորձեք կռահել, թե ով է նման գնահատական տվել սեփական պետությանը։ «Մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի։ Ըստ երևույթին, մեր ազգին հատուկ հանճարեղությունը շրջանցել է մեր պետությանը։ Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, սակայն անհնար է պնդել, թե աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իղձերն ուղղված են դեպի այս պետությունը, և որ նրանք այն ընկալում են որպես իրենց մշակույթի կենտրոն»։ ​Միանգամից ասեմ՝ այս ավելի քան խիստ խոսքերը` մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի, պատկանում են Իսրայելի վարչապետներից մեկին՝ Արիել Շարոնին, որը որպես հմուտ զինվորական մասնակցել է Իսրայելի վարած բոլոր պատերազմներին և հարազատ պետության կայացման համար արել է ամեն ինչ։

Համեմատեք այն գնահատականների հետ, որոնք մեր հարազատ երկրին տվել են մեր հարազատ ղեկավարները։ «Հայաստանը տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն է», «մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է», «մեր ջանքերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է արձանագրել», «մենք մեկ տարում ստեղծել ենք 40 հազար աշխատատեղ»։

Էլ չեմ խոսում այն նվաճումների մասին, որոնց երկար ցանկը հրապարակեցին իշխող ուժի ներկայացուցիչները մեր խորհրդարանի վերջին նիստում։ Պարզվեց, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում մեր իշխանությունների անխոնջ աշխատանքի արդյունքն է։ Լավ էր գոնե մեր ֆուտբոլային հաջողություններն իրենց չվերագրեցին։ Թե՞ դա էլ արեցին. ամբողջ նիստը չեմ նայել։ ​Ինձ հեգնանքով անվանեք անուղղելի ոչմիթիզական, բայց ես պարզապես որպես լրագրող փաստում եմ անհերքելի ճշմարտությունը՝ Իսրայելն իր ողջ գոյության ընթացքում չի զիջել ոչ մի թիզ հող, միայն գրավել է։ Միգուցե նաև այն բանի շնորհիվ, որ ոչ թե շարունակ ուռճացրել է իր ձեռքբերումները, այլ համառ ու հետևողական աշխատանքով իրական նվաճումների է հասել։ Եվ մայիսի 14-ի նախօրեին, երբ նշվելու է Իսրայելի կազմավորման 73-ամյակը, «Ֆիգարո» թերթը թվարկում է այդ նվաճումները։ ​

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

«Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ դեմոկրատական պետությունն է»,-գրում է ֆրանսիական պարբերականը։ Ի դեպ, այս փաստարկը դեռ տասնամյակներ առաջ մշտապես օգտագործում էր ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Աբբա Էբանը, որն ասում էր. «Եթե ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է ժողովրդավարության հաստատումն աշխարհում, ապա չեք կարող անտեսել, որ դեմոկրատական սկզբունքներով առաջնորդվող Իսրայելի դեմ կռվող բոլոր պետությունները բռնապետական են։ Թերթի հեղինակը շարունակում է. «Տնտեսական առումով Իսրայելը տարածաշրջանի առաջատարն է բարձր տեխնոլոգիաների բնագավառում»։ ​Իսրայելը նաև ստեղծել է տարածաշրջանի ամենահզոր բանակը։ Իսկ ռազմական արդյունաբերության տեսակետից Իսրայելը գերազանցում է Ֆրանսիային»,– փաստում է թերթը, բերելով այն օրինակը, որը մեզ` հայերիս, համար շատ ու շատ ցավալի է հնչում. «Վերջին տեխնոլոգիաների վրա հիմնված պատերազմները մշտական են դարձել աշխարհում, և հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը մեծապես նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին Լեռնային Ղարաբաղում», - կարծիք է հայտնում «Ֆիգարոն»։

Համաձայնեք՝ ավելի քան զարմանալի է, մի՞թե ֆրանսիական թերթի հոդվածագիրը պիտի տեղեկացնի Հայաստանի իշխանություններին, որ այսպես կոչված կիբեռպատերազմները վաղուց արդեն մշտական են դարձել աշխարհում, և այս կամ այն կողմի ռազմական հաջողությունները ամենաժամանակակից դրոններից են կախված։ ​Մի փաստ էլ, ու վերջ։ Ինչպես նշում է «Ֆիգարոն», համավարակի դեմ պայքարում Իսրայելն աշխարհի չեմպիոնն է։ Պետությունը, որն ունակ է կանխատեսելու և ցանկացած գործ առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու, դեռ գարնան կեսերին ապահովել էր պատվաստանյութի 110 չափաբաժին յուրաքանչյուր 100 բնակչի հաշվով։

Թող ներեն ինձ նրանք, ովքեր տանել չեն կարողանում Հայաստանի համեմատությունը Իսրայելի հետ, բայց հո հանրահայտ փաստ է՝ մեզ մոտ մինչեւ հիմա չի պատվաստվել բնակչության 99 տոկոսը։ ​Գիտեմ, թե ինչ հակափաստարկ եք հիմա հնչեցնելու՝ եթե Իսրայելում ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է այդքան վատ, և ինչո՞ւ են իսրայելցիներն ամեն օր նետվում դեպի ռմբապաստարանները՝ տագնապի ազդանշանը լսելիս։ Կներեք, բայց հենց իրենք՝ իսրայելցիներն են անվերապահորեն ընդունում. «Այո՛, մենք իրավունք կունենանք տոնելու մեր պետության լիակատար հաջողությունը միայն այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատենք արաբական ողջ աշխարհի հետ»։

168
թեգերը:
Պատերազմ, Իսրայել, հրեա, հայ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է
Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Նաիր Տիկնիզյան

«Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկել է ձեռք բերել հայ կիսապաշտպանին

0
(Թարմացված է 13:11 14.05.2021)
Նաիր Տիկնիզյանը 14 տարեկանից խաղում է ԲԿՄԱ-ում, 2017-ին՝ 18 տարեկանում, նա իր նորամուտը նշեց մեծահասակների թիմի հիմնական կազմում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանին գնելու պաշտոնական առաջարկ է ուղարկել ԲԿՄԱ-ին: Տեղեկությունը հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»՝ հղում անելով իր աղբյուրին։

«22-ամյա կիսապաշտպանը հետաքրքրում է Մարկո Նիկոլիչին, «երկաթուղայիններն» արդեն Եվրոպայի լիգայի ուղեգիր ունեն և ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմաններ են առաջարկում։ Բանակայինների ակումբը որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո», - գրում է պարբերականը։

Եվրոպայի չեմպիոնը կկողմնորոշովի մոտ ապագայում. տեսանյութ

Նաիր Տիկնիզյանը 6 տարեկանից ֆուտբոլով է զբաղվում։ ԲԿՄԱ-ի կազմում է 14 տարեկանից, 2017 - ին՝ 18 տարեկանում, նորամուտն է նշել մեծահասակների թիմի հիմնական կազմում՝ Կուրսկի «Ավանգարդի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղում։ Տիկնիզյանը խաղացել է նաև Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Նաիրը երկու անձնագիր ունի՝ ռուսական և հայկական։

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին

0
թեգերը:
(ԲԿՄԱ) Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ալեքսանդր Կարապետյանը խոստանում է մորուքը ներկել ՀՀ-ի դրոշի գույներով, բայց մի պայմանով
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը