Սիրահար զույգ

Եթե ամուսնացել ես հայի հետ... օտարերկրացի կանայք պատմում են իրենց ամուսինների մասին

1210
(Թարմացված է 18:49 25.04.2020)
Հայ տղամարդու հետ կյանքը կապող օտարերկրացի կանանց թիվը քիչ չէ։ Sputnik Արմենիայի լրագրողը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։

Հայերի հետ ամուսնացած օտարերկրացի կանանց մասին հոդված գրելու մտադրությանս մասին մի օր պատմեցի մտերիմ ընկերուհուս։

«Լիլ, դու գիտես, չէ՞, որ մեր տղաները օտարերկրացի կանանց հետ կարող են իրենց պահել բոլորովին այլ կերպ, քան հայերի», – ասաց նա։

Ընկերուհիս լիովին ճիշտ էր նկատել։ Բայց պիտի ասեմ, որ մի նրբություն կա. մեծ նշանակություն ունի, թե որտեղ է մեծացել մարդը։

Ֆրանսուհի Կարոլին Կոստենը, որը երկար տարիներ ապրում ու աշխատում է Երևանում, իմ հարցին ի պատասխան գրեց. «Հայ տղամարդկանց ես կբաժանեի երկու տեսակի. նրանք, ովքեր մեծացել են Հայաստանում, և նրանք, ովքեր ծնվել ու դաստիարակվել են արտասահմանում, իսկ պատմական հայրենիք արդեն ավելի ուշ են տեղափոխվել։ Նրանց միջև հսկայական տարբերություն կա»։

Каролина Костен
Կարոլին Կոստեն

Այս մտքի հետ ևս չհամաձայնել չի կարելի։ Իսկ այժմ ներկայացնենք մեր հերոսուհիների փորձը...

Միակն ու անկրկնելին

Նատալյա Կոլոմազովան ռուսաստանցի է։ Ամուսնու` վիրաբույժ Մեսրոպ Շատախյանի հետ ծանոթացել է Ռուսաստանում, ուր տղամարդը մեկնել է դոկտորականը պաշտպանելու։ Մեսրոպը ծնվել ու մեծացել է Երևանում։ Նրանք երեք երեխա ունեն։

Наталья Коломазова с семьей
© Photo : provided by Natalya Kolomazova
Նատալյա Կոլոմազովան ընտանիքի հետ

Արդեն տասներորդ տարին է` միասին ենք։ Նա միակն է ու անկրկնելի։ Հենց սկզբից էլ նա ինձ գերեց իր նուրբ ճաշակով ու լավ կրթությամբ։ Իսկ ամուսնությունից հետո երիտասարդ ու տաքարյուն տղան պատասխանատու ամուսին դարձավ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ հայկական ընտանիքներից շատերում ամուսինը ստանձնում է ընտանիքի ղեկավարի դերը, բայց միևնույն ժամանակ կնոջ հետ մնում է հավասար դիրքերում։ Ես ինքս բազմիցս եմ նման երևույթի ականատես եղել։

Наталья Коломазова с семьей
© Photo : provided by Natalya Kolomazova
Նատալյա Կոլոմազովան ընտանիքի հետ

Երեխայի ծնունդը տղամարդկանց շատերի համար խթան է դառնում մի քանի անգամ ավելի քրտնաջան աշխատելու համար, որպեսզի երեխաները որևէ բանի կարիք չունենան։ Տղամարդու զբաղվածության պատճառով երեխաների խնամքի մեծ մասն ավանդաբար ընկնում է կնոջ ուսերին։ Սակայն գնալով ավելի շատ եմ տեսնում հայրիկների, որոնք երեխաների հետ զբոսնում են հանգստյան օրերին, նրանց խմբակներ են տանում, հանդեսների և ծնողական ժողովների մասնակցում, երեխաների հետ մնում են տանը, երբ կնոջը պետք է լինում որևէ տեղ գնալ։

Наталья Коломазова
Նատալյա Կոլոմազովա

Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ հայ տղամարդիկ շատ լուրջ են վերաբերվում ամուսնությանը։ Եթե նրանք ամուսնանում են, ապա այդ քայլը մտածված են անում, ոչ թե «փորձենք, չստացվի` կբաժանվենք» տարբերակով։

Յուրաքանչյուր օրը պայքար է

Նաիրի Գրեյս Բերդակջյանն ամերիկահայ է։ Ծնվել ու մեծացել է ԱՄՆ–ում, իսկ 1990-ականներին ընտանիքով տեղափոխվել է պատմական հայրենիք ու այստեղ հանդիպել ապագա ամուսնուն։ Արդեն երեք երեխա ունեն։ Գրեյսի ամուսինը դերասան է ու գործարար։ Իսկ Գրեյսն անգլերեն է դասավանդում, թարգմանություններ անում ու միջոցառումներ վարում։

Նախքան որևէ բան ասելը, պետք է նշեմ, որ ոչ հայկական մտածելակերպ ունեցողների համար բարդ կլինի Հայաստանում ծնված ու մեծացած տղաների հետ։ Ամեն օրը պայքար է։ Բայց դա կոնկրետ այս կամ այն մարդու խնդիրը չէ, այլ հայ ժողովրդի մշակույթի մի մասը։

Օրինակ` տան մաքրության և երեխաների հետ կապված հարցերի մեծ մասը հիմնականում կնոջ ուսերին է։ Ընդ որում` դա ընկալվում է որպես նորմ, այսինքն` քո աշխատանքը ոչ ոք նույնիսկ չի գնահատի։Միաժամանակ ինձ համար անընդունելի է, երբ մայրն անընդհատ խառնվում է որդու ընտանեկան գործերին։ Էլ չասեմ, որ շատերը նաև միասին են ապրում։ Հաճախ հենց այդ պատճառով են ընտանիքներ կործանվում։

Ճիշտ է, մեր տանն այդ խնդիրը չկա, որովհետև ես հիանալի սկեսուր ունեմ, բայց այդ կործանարար երևույթը տեսնում եմ իմ բազմաթիվ ծանոթների և ընկերուհիների ընտանիքներում։

Наири Грейс Бердакджян  с супругом
© Photo : provided by Nairi Grace Berdakjyan
Նաիրի Գրեյս Բերդակջյան

Նույնքան կործանարար է նաև «ընկերների մշակույթը»։ Ամերիկայում ոչ ոք ամուսնացած տղամարդուն միջոցառման չի հրավիրի առանց կնոջ, այնտեղ նման բան պարզապես չկա։ Իսկ այստեղ ընդունված է առանց կանանց, ընկերների հետ հավաքույթներ կազմակերպել։... Փառք Աստծո, իմ ընտանիքում նման բան չկա, սակայն եթե խոսենք ընդհանուր առմամբ հայ ամուսինների մասին, ապա արդիական է նաև դավաճանության խնդիրը։ Ամուսնու անհավատարմությունն էլ, չգիտես ինչու, որպես սարսափելի բան չի դիտվում... Գենդերային խտրականության խնդիրը դեռ շատ սուր է հայ հասարակության մեջ։

Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

Սակայն այստեղի տղամարդիկ նաև դրական կողմեր ունեն։ Անձամբ ինձ գրավում է նրանց քաջությունն ու առնականությունը, այն ինչ անվանում ենք «դուխով»։ Բացի այդ, օտարերկրացիների համեմատ, հայերն ավելի առատաձեռն են, ինչը չի կարող դուր չգալ։

Գրեթե կատարյալ է

Դեբորա Մեյ Հովհաննիսյանը պերուական արմատներով անգլուհի է։ Արդեն 3.5 տարի է` ամուսնացած է ամերիկահայ Սուրեն Հովհաննիսյանի հետ, որը միշտ սերտ կապ է պահպանել պատմական հայրենիքի հետ։ Սուրենը գրող է։ Նրանց որդին 1.5 տարեկան է։

Ամուսինս գրեթե կատարյալ է։ Նա մոլի ճանապարհորդ է, միշտ պատրաստ արկածների, բայց նաև շատ հոգատար է։

Ամուսնուս ընտանիքի պատմության շնորհիվ ցանկացա պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները և դրանք փոխանցել որդուս։ Իսկապես կարծում եմ, որ մշակույթը, պատմությունն ու լեզուն ավելի կարևոր են, քան արյունը։ Միևնույն ժամանակ ամուսնուս շատ է գրավում Անգլիայի, ինչպես նաև Պերուի մշակույթը։ Նա սիրում է անընդհատ նոր բան իմանալ։

Дебора Мэй Оганесян с супругом
© Photo : provided by Deborah May Hovhannisyan
Դեբորա Մեյ Հովհաննիսյան

Պատմության ազդեցությունն ու աշխատանքի հանդեպ կիրքը

Մաուրին Գումուսմակասն իռլանդական արմատներով ամերիկուհի է, որն այսօր նաև Հայաստանի քաղաքացի է։ Նրա ամուսինը` Նուրհանը, ծնվել է Ստամբուլում, բայց վաղ տարիքում ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Նա ոսկերիչ է և գործարար։ Երիտասարդներին ծանոթացրել է աղջկա եղբայրը։ Երեք տարի միասին ապրելուց հետո 2011 թվականին պսակադրվել են Թբիլիսիի հայկական եկեղեցում։ Մեկ դուստր ունեն, անունը` Մարիամ։

Ամուսնուս մեջ ոչինչ չէի փոխի։ Նա խելացի է, նպատակասլաց, բարոյական արժեքների կրող և սիրում է այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ։

Հայ ժողովրդի ամենաուժեղ գծերից մեկը` տոկունությունը, բնորոշ է նաև իմ ամուսնուն... Ընդհանրապես կարծում եմ, որ Ցեղասպանության վերքերը հետք են թողել յուրաքանչյուր հայի վրա։

Маурин Гумусмакас с семьей
© Photo : provided by Maurin Gumusmakas
Մաուրին Գումուսմակաս

Նուրհանը միշտ ձգտում է հասնել հաջողության։ Հիանում եմ նրա ջանասիրությամբ, աշխատանքով։ Բայց այդ վերքը կարող է նաև կործանարար ազդեցություն ունենալ։ Օրինակ` երբեմն նա ընկճախտի մեջ է ընկնում։

Մենք երեք երկրի բնակիչ ենք` ԱՄՆ-ի, Հայաստանի, Թուրքիայի, և պետք է յուրաքանչյուրում կարողանաս հարմարվել իր կյանքին։ Միացյալ Նահանգներում ամուսինս բավականին հայտնի է իր տաղանդի և ընկերասիրության շնորհիվ։ Ստամբուլում ավելի դժվար է, ես մտերիմ եմ տեղի ամերիկացի և հայ կանանց հետ, իսկ նա քիչ ընկերներ ունի, ու ես եմ դառնում նրա հիմնական հենարանն ու աջակցությունը։ Երբեմն դժվար է լինում, բայց նա այդ ուշադրության կարիքն ունի` գեներացնելու և իրականացնելու համար գաղափարները։

Հայաստանում Նուրհանը կարծես իր տարերքի մեջ լինի, վերադառնում է իր արմատներին, շատ է շփվում։ Պատրաստվում ենք տուն գնել Հայաստանում։ Ես էլ ուզում եմ հայերեն սովորել։

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ

1210
թեգերը:
հայ, Կին, ամուսին, Հայաստան
Ըստ թեմայի
Իտալացի պատգամավորն ամուսնության առաջարկ է արել խորհրդարանում. տեսանյութ
Ղազախստանցի լրագրողն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում. տեսանյութ
Տարավ անտառ և սկսեց փոս փորել․ ամուսնության ամենազարմանալի առաջարկությունը
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

1458
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

1458
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 1 մարտի, 2021

Անքննելի է ընտրողների վարքագիծը

145
(Թարմացված է 21:15 02.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք միշտ փորձում ենք կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները։
Անքննելի է ընտրողների վարքագիծը

Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում  այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։

Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։

Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։

​Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։

Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն  տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։

​Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։

2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։

​Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։  Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։

Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը

Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։

Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։

145
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Ընտրություններ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը

9
(Թարմացված է 15:20 03.03.2021)
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

9
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»