Երևան

Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները

428
(Թարմացված է 09:52 18.04.2020)
Մինչև վերջերս ընդունված էր համարել, որ հայ հասարակությունը կիսված է երկու մասի՝ «սևերի» և «սպիտակների»։ Հիմա, կորոնավիրուսի տարածման ֆոնին, ամեն ինչ խառնվել է իրար։ Հիմա արի ու գլուխ հանիր`ով է թաքնված դիմակի տակ՝ հին ռեժիմի կողմնակի՞ց, թե՞ նոր իշխանությունների պաշտպան։

Հայ հասարակությունը հիմա էլ է բաժանված, բայց արդեն այլ կերպ՝ դիմակ կրողների և չկրողների, նրանց, ովքեր թքած ունեն վարակվելու և ուրիշներին վարակելու վրա։

Ինչպես հայտնի է՝ պատմությունը կրկնվելու միտում ունի․ այն, ինչ տեղի է ունեցել, ասենք, 400 տարի առաջ, կարող է կրկնվել այսօր` ժամանակակից փոքր «շտկումներով»։ Ես այնքան էլ լավ չգիտեմ, թե ինչպես են իրենց պահել մեր նախնիները, երբ երկրում մոլեգնել է ժանտախտը կամ ինչ-որ այլ համաճարակ։ Հավանաբար մեր պատմաբանները գրել են այդ մասին։ Եթե այդպիսի հիշատակումներ կան, դրանք պետք է հանրության սեփականությունը դարձնել։ Օգտակար կլինի բոլորիս, հատկապես` մեր պարետ Տիգրան Ավինյանին։ 

Վերջերս Դանիել Դեֆոյի «Ժանտախտի քաղաքի օրագիրն» էի կարդում՝ Եվրոպայում 1665-1666թթ․բուբոնային ժանտախտի համաճարակի մասին։ Պատկերացրեք՝ լոնդոնցիներն այն ժամանակ իրենց պահում էին ճիշտ այնպես, ինչպես այսօր նրանց սերունդներն են պահում։ Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է  այլ երկրներում։ Դիմում եմ վստահություն ներշնչող աղբյուրների, ավելի հստակ՝ սեփական որդիներիս։ Ավագն ապրում է Գերմանիայում, արդեն մեկ ամիս է՝ ընտանիքի հետ միասին տնից դուրս չի գալիս, աշխատում է հեռակա կարգով։

«Դուրս կգաս այստեղ, բա չէ»,-պատմում է նա,-«դիմացի տան հարևանիս 50-ամյակն էր։ Ծնողներն ու քույրը եկել էին շնորհավորելու։ Հարևաններից ինչ-որ մեկը՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, անմիջապես ոստիկանություն էր զանգել ու հայտնել կարանտինի պայմանները խախտելու մասին։ Ոստիկանությունը եկավ, բոլորին հավաքեց-տարավ բաժանմունք՝ տուգանքներ գրելու և բացատրական աշխատանք տանելու»։

Կրտսերն ապրում է Մոսկվայում և բառացիորեն մինչև վերջին օրերը գործի բերումով գնում-գալիս էր մեկ Վորոնեժ, մեկ Սանկտ Պետերբուրգ, և երբ մայրը տեսազանգով համոզում էր տանը նստել, ակնհայտ հեգնանքով պատասխանում էր, թե «վախենալու բան եք գտել»։

Նախորդ դարի 60-ականներին աշխարհում տարածում ուներ «հոնկոնգյան» վիրուսային գրիպը։ Չգիտեմ որ երկրում ոնց, բայց, թե ինչպես էին մոսկվացիներն այն ժամանակ արձագանքում վտանգին, կարելի է դատել այդ թեմայով Վլադիմիր Վիսոցկու գրած երգից։

Աճել է աշխարհի շուրջ

Երեք-չորս` գրիպը լուրջ։

Տարածվում է հիվանդությունը։

Թե հիվանդ եք՝ դագաղը ձերն է,

Պահպանեք առողջությունը՝

Լավ օգնում է սառը շփումը։

Մի խոսքով` ոչինչ չի փոխվել։ Ռուսաստանը Ռուսաստան է, գերմանացիները՝ գերմանացիներ։

«Ձեր անունով անցագիր չկա»․ «Սվո Ռաֆի» խորամանկ հնարքների և մերօրյա հորինվածքների մասին

Իսկ մե՞նք։

Անկեղծ ասած, մեր քաղաքացիների մեծամասնության պահելաձևը ստիպում է լավատես չլինել վիրուսի դեմ հաղթանակի հանդեպ։

Երևանի փոքր կենտրոնը, այո, սակավամարդ է։ Այո, այստեղ շատերը դիմակներով ու ձեռնոցներով են։ Բայց այցելեք ծայրամասեր կամ նայեք, թե գյուղերում ինչպես են մարդիկ պայքարում համավարակի դեմ։

Իհարկե, օրինապաշտ և գիտակից քաղաքացիները միայն Երևանում չեն ապրում։ Նրանցից շատերը տանը համակարգչի առաջ նստած կրեատիվություն են ցուցաբերում` փորձելով հետաքրքրացնել իրենց և այլոց կյանքը։ Ոմանք ստեղծել են decameron.am կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գրել իրենց կյանքի պատմությունները (իտալացի գրող Ջովաննի Բոկաչոյի դասական «Դեկամերոն» վեպն այն մասին է, թե ինչպես 10 երիտասարդ ժանտախտից փրկվելու համար ինքնամեկուսանում են, ժամանակակից լեզվով ասած` ամառանոցում և ժամանակը հետաքրքրացնելու համար հերթով պատմում են իրենց կյանքի պատմությունները)։

Ոմանք է սոցիալական ցանցերում խաղ են մտածել, թե որ ֆիլմերի վերնագրերն են համապատասխանում իրավիճակին, իսկ որոնք կընկնեին պարետի «գրաքննության» տակ։ Օրինակ` «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմն այսօրվա իրականության պայմաններում իսկական դավադրություն է, իսկ ահա «Տանը մենակ» ֆիլմը այն է, ինչ պետք է։

Բայց քանի՞ այդպիսի գիտակից քաղաքացի կա։ Հավանաբար, ոչ այնքան շատ։ Մեծամասնությունը բակի տաղավարներում նարդի են խաղում։

Մի քանի օր առաջ կարանտինը երկարաձգեցին ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ը։ Կօգնի՞ այդ 30 օրը կանխել  կորոնավիրուսի տարածումը։

Այսպիսի անկեդոտ կամ, ավելի շուտ, առակ կա։

Պաստորն ու ռաբբին հետևում են բռնցքամարտի մենամարտին։ Ռինգ դուրս գալուց առաջ մարզիկներից մեկը խաչակնքում է։

-Դա նրան կօգնի՞,-հարցնում է ռաբին պաստորին։

-Եթե լավ է մենամարտում, ապա կօգնի։

Կորոնվիրուսի լավ կողմերը, կամ հետո կսկսենք ապրել այս չարիքի առաջադրած կանոններով

Վերջին տարիներին քաղաքի կենտրոնից տեղափոխվել եմ քաղաքից դուրս ապրելու։ Ոչ թե 30-50 կմ հեռու, այլ քաղաքին կպած։ Երևանը վերջանում է և սկսվում է իմ գյուղը։ Անցած ուրբաթ այստեղ դժբախտություն պատահեց․տեղի էլեկտրիկը հոսանքահարվել էր, մահացել։ Շաբաթ օրը խանութ եմ գնում և աչքերիս չեմ հավատում՝ հարյուրից ավելի մարդ խիտ կանգնած են նեղլիկ փողոցում՝ հոգեհանգստի են եկել։ Իհարկե, առանց դիմակ-ձեռնոցի։ Հերթով գրկում-համբուրում են հանգուցյալի հարազատներին, մխիթարանքի խոսքեր են ասում։

Հաջորդ օրը հարևանիս, որ տեղի բնակիչ է, հարցնում եմ․ «Խելքներդ հո չե՞ք թռցրել։ Օրենքը ձեզ համար չէ՞։ Պատկերացնո՞ւմ ես ինչ կլինի, եթե հավաքվածներից մեկնումեկը վարակակիր լինի»։

«Լսիր, վիրուսները գալիս-գնում են, իսկ մարդկությունը մնում է։ Նա ինչ-որ մեկի հարազատն է, մեկի ընկերը, գործընկերը, իմ դասարանցին էր։ Մենք ի՞նչ մարդ ենք, եթե չգնանք վերջին հրաժեշտին։ Ինքդ չէի՞ր գնա։ Թաղման էլ ենք գնացել, հոգեհանգստի էլ։ Մարդավարի, ոնց մեր ադաթներն են պահանջում, ճանապարհել ենք»,-եղավ պատասխանը։

Մտածելու բան է։ Պատկերացրեք՝ ոստիկանությունը գալիս է թաղման կամ հոգեհանգստի։ Կցրեի՞ն հավաքվածներին կամ կտուգանեի՞ն արտակարգ դրությունը խախտելու համար։ Պատկերացնելն անգամ ծիծաղելի է։ Ոչ, մենք հեռու ենք գերմանացի լինելուց։ Դա ոչ լավ է, ոչ վատ։ Դա փաստ է։

Մարտի սկզբին մամուլի ասուլիս էի անցկացնում հասարակագետ-փորձագետի հետ, որը հատուկ ընդգծեց․ «Կորոնավիրուսը խնդիր է, բայց ոչ ողբերգություն։ Ողբերգություն կդառնա, եթե մենք, ինչպես դա տեղի ունեցավ հետխորհրդային որոշ երկրներում, սկսենք փակել ճանապարհները, քարկոծել մեր հիվանդ հայրենակիցներին տեղափոխող ավտոբուսները, արգելափակել հիվանդների համար հատկացված բուժհաստատությունները, եթե դրանք մեր տնից հեռու չեն գտնվում»։

Բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ։ Ոչ Ծաղկաձորի բնակիչների, որտեղ բերել էին առաջին «կասկածյալներին», ոչ էլ այլ շրջանների բնակիչների մտքով անգամ չանցավ բողոքել։ Ավելին, վստահ եմ, որ եթե, Աստված մի արասցե, վաղը դուռը թակեն և ասեն, թե բոլոր հյուրատները լեփ-լեցուն են, իսկ դուք ազատ սենյակ ունեք, այս մարդուն 14 օրով կարանտինի կընդունե՞ք, մեր քաղաքացիներից շատերն առանց վարանելու կհամաձայնեն։

Այդպիսին են մեր գեները, այդպիսին է մեր բնույթը։ Բայց սա վերաբերում է «լավ» գեներին։ Իսկ հիմա այն գեների մասին, որոնց վրա աշխատելու կարիք կա։

Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

Ավելի քան վստահ եմ, որ դիմակ ու ձեռնոց չկրող և պարետի ցուցումները խախտող մարդկանց մեջ քիչ չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցները։ Մի կողմից՝ նրանք պատրաստ են «կտրտել» ցանկացածին, ով իրենց կուռքի հասցեին ոչ շոյիչ բան կասի։ Մյուս կողմից՝ կարանտին պահելու Փաշինյանի բոլոր կոչերը ականջի հետև են գցում։

Իսկ եթե կարանտինի այս ամիսն էլ անցնի ու պարզվի, որ մեր հասարակության մի մասի անհոգության ու թքած ունենալու պատճառով համավարակը չի նահանջում, հետևաբար` երկրի տնտեսությունը շարունակում է խրվել ճահճի մեջ, աշխատանք չկա, փողը վերջացել է, ո՞ւմ ենք մեղադրելու։ Ակնհայտորեն ոչ նախկին երեք նախագահներին։ Եվ ոչ գործող վարչապետին ու նախագահին։ Մենք ինքներս էլ հենց մեղավոր ենք։ «Սպիտակներն» ու «սևերը», դիմակ կրողներն ու չկրողները՝ բոլորս միասին և ամեն մեկս առանձին-առանձին:

428
թեգերը:
Գերմանիա, թաղում, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
Ըստ թեմայի
Բիթլոմանիա` «համաճարակ», որի դեմ մինչև այժմ բժիշկներն անզոր են
«Բոլորը տաք են, չգիտեն, թե ինչ է սպասվում հետո». մասնագետը լուրջ վտանգներ է կանխատեսում
Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

289
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

289
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնեինք. ի՞նչ է երազում Հայաստանի առաջին կին դիջեյը

1308
(Թարմացված է 09:31 11.07.2020)
Լյուդան դիջեյ դարձավ, երբ 20 տարեկանն էլ դեռ չէր լրացել։ Իսկ այդ գործում կարևոր դեր ունեցավ «գիր ու ղուշը»։ Գյումրիում շատերը գիտեն այս կնոջը. նա «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է։

67–ամյա Լյուդմիլա Բիլբիլիդիի օրը սկսվում է ժամը 6-ին. նա հեծանիվով հասնում է Վահրամաբերդ ու հետ դառնում՝ ճանապարհին չմոռանալով լուսանկարել հետաքրքիր դրվագները: Օրվա մեջ սիրում է գրել, հիշել երիտասարդության տարիները, իսկ օրն ամփոփում է իր տնկած ծառն ու ծաղիկները ջրելով, յուրաքանչյուր թուփը շտկելով: Ասում է` կյանքում ամեն ինչ սուտ է, մարդը պետք է ծառ տնկի ու հոգ տանի այդ ծառի մասին:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Գյումրիում Լյուդային շատերը գիտեն. հատկապես ռոքի ու ջազի սիրահարների համար նա 60-80–ականների «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է` Հայաստանի առաջին կին դիջեյը: Ոչ մեկը քաղաքում երաժշտական անցուդարձից այնքան տեղյակ չէ, որքան Լյուդան:

Людмила Билбилиди и Ян Гиллан
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին ու Յան Գիլանը

Նրա նախնիները 1918 թվականից հետո Գյումրի են տեղափոխվել Կարսից: Ծնվել ու մեծացել է Լենինականում, երակներով հույնի ու հայի արյուն է հոսում, մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը, իսկ թե որտեղից ու ինչպես է ծնվել երաժշտության հանդեպ սերը, ինքն էլ չգիտի:

«Սեր էր առաջին հայացքից; Երաժիշտ չեմ, չունեմ երաժշտական կրթություն, բայց առավոտից երեկո երաժշտություն էի լսում: 8-րդ դասարանից «Անգին քարերի» (առաջին ռոք խումբը Լենինականում. խմբ) համերգներին էինք գնում: Մեր սերունդը եղանակ էր ստեղծում քաղաքում»,– հիշում է նա:

Դժվար է հավատալ, բայց պահպանողական Գյումրիում ծնվեցին Հայաստանի առաջին ռոք խմբերն ու առաջին դիսկո դիջեյը:

«1976 թվականին Լենինականում բացվեց Երիտասարդական պալատը, ես 2-րդ կուրսում էի, մեզ հրավիրեցին բացմանը: Կուրսեցիներով որոշեցինք մյուս երկրների նման դիսկոտեկ բացել: Կոմսոմոլները դեմ էին, բայց մենք մի կերպ կազմակերպեցինք: Երևանի պոլիտեխնիկից երիտասարդների հրավիրեցինք, օգնեցին, ու Հայաստանում առաջիններից մեկը այդ դիսկոտեկը կայացավ։ Բայց դիսկոտեկի համար հարկավոր էր վարող՝ դիսկ ժոկեյ, «գիր ու ղուշ» գցեցինք, ու ես քաշեցի»,- պատմում է Լյուդան` հիշելով, որ այդ տարիներին շատ դժվար էր, որովհետև սկավառակներ չկային։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ստիպված էին շատ հաճույքներից զրկել իրենց, փող հավաքել, որպեսզի կարողանային սկավառակներ գնել: Բայց դա արդեն էական չէր, որովհետև այդ երաժշտությունն ամեն ինչ փոխել էր նրանց կյանքում: Լյուդայի խոսքով` դա իրենց կյանքի լավագույն շրջանն էր:

«Մենք կարողացանք հեղափոխություն անել»,- ասում է նա ու հպարտանում, որ ժամանակին 1000 սկավառակ ուներ։ Ճիշտ է, հետո բոլորը նվիրեց ընկերներին ու ուսումնական հաստատությունների, բայց բոլորովին չի զղջում:

Татевик Ованнисян и Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ

Լենինականի առաջին դիսկոտեկներում ռոք երաժշտություն ու տեղական խմբերի երգերն էին լսում: «Ծիծեռնակ», «Շիրակ», «Անգին քարեր», «Կիլիկիա», «The bells», «Արագած», «Ուրարտու», «Վիալպի», «Բիայնա», «Կյանք», «Սփյուռք», «Արեգակ», «Բամբիռ»… սրանք բոլորը 1964-1988 թվականներին գործող ջազ և ռոք խմբերն են: Ցավով է նշում, որ Լենինականի առաջին խմբերի ձայնագրությունները չեն պահպանվել:

Երիտասարդական պալատ, հետո Արվեստի աշխատողների տուն, ապա «Կռունկներ» սրճարան-դիսկոտեկ, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո հեռուստատեսություն, ռադիո, ռոք հաղորդումներ... Լյուդայի ճանապարհը երկար է:

Людмила Билбилиди, 80-е гг
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

«Սերունդն ուրիշ էր, յուրահատուկ ազատություն ուներ: Չէր կանգնեցնում ոչինչ, լինում էր, երբ երեկոյան Բիթլս կամ Արմսթրոնգ էինք լսում, առավոտյան բռնում–տանում էին անվտանգության ծառայության «պադվալներ», բայց էլի հաջորդ օրը նույն էր կրկնվում, նույնիսկ մի անգամ «Առաքյալների» համերգին բոլորին՝ խմբերին ու հանդիսատեսին, բռնեցին, տարան: Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնենք, բայց չստացվեց»,– ասում է նա:

Ավելի ուշ Արթուր Գրիգորյանի աջակցությամբ Լենինականում սկսեցին ջազ լսել: Հայկական ջազի բոլոր վառ դեմքերը ելույթ ունեցան Լենինականում, միջազգային փառատոներ ու նույնիսկ մանկական դիսկոտեկներ կազմակերպվեցին։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

... Հիմա Լյուդայի ապրուստի միակ միջոցը թոշակն է, բայց չի դժգոհում, ասում է` հերիքում է: Մարդկանց հետ շատ շփվել չի սիրում, սովոր է մենակությանը:

«Երջանիկ եմ, որ կարող եմ այսպես ապրել: Չեմ սիրում, երբ փողոցում մեքենաներից ռաբիս երաժշտության ձայն է գալիս, միշտ դրա պատճառով վեճերի մեջ եմ»,– խոստովանում է նա:

Լենինականի երաժշտական ձեռքբերումների մասին Լյուդան կարող է ժամերով խոսել, իր բոլոր պատմությունները երաժշտագետն ամփոփել է «Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» յուրատեսակ տարեգրքում, որում ընդգրկվել են Լենինականի երաժշտական նախասիրությունների ու խմբերի մասին հիշողություններն ու իրադարձությունները: Հայաստանի առաջին կին դիջեյը չի դժգոհում, որ հիմա աշխատանք չունի, հասկանում է՝ նոր սերունդը նոր մարդկանց է ուզում տեսնել, իսկ ինքը երբեք պարապ չի մնում. բացը փորձում է լրացնել հեծանիվ վարելով, նովելներ ու բանաստեղծություններ գրելով:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
«Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» գիրքը

Իր հասակակիցներից շատերի նման երազում է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեսնել կիթառ նվագող տղայի հավաքական արձանը:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի
1308
թեգերը:
Գյումրի, Հայաստան, Լյուդմիլա Բիլբիլիդի, դիջեյ, Կին
Ըստ թեմայի
Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները
«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները
Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

177
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

177
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական