Սոցցանցեր. արխիվային լուսանկար

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

757
(Թարմացված է 21:21 17.04.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Սոցիալական ցանցերը վաղուց արդեն դարձել էին մեր կյանքի անբաժանելի մասը, իսկ այս կորոնավիրուսային պայմաններում շփման գրեթե միակ հնարավորությունն են։ Եվ այդ ցանցերից ամենամեծ ժողովրդականություն վայելողն, իհարկե, Facebook-ն է։

Facebook-ի օգտատերերի թիվը վաղուց արդեն հատել է երկու միլիարդի սահմանը։ Ու էսպիսի վիճակագրություն էլ կա՝ ամեն վայրկյան Facebook-ի նոր օգտատեր է դառնում 8 մարդ։ Իհարկե, ճիշտ են նաև նրանք, ովքեր պնդում են, որ մարդիկ լքում են Facebook-ը ամենատարբեր պատճառներով։ էլ չեմ ասում, որ մարդիկ պարզապես մահանում են, բայց նրանց անձնական էջերը մնում են, և հենց այս պահին Facebook-ում կա մոտ 30 միլիոն այդպիսի էջ։ 

Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Քանզի առիթը կա, մի քանի հետաքրքրական փաստ ներկայացնեմ։ Օրինակ՝ երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է Facebook-ը հիմնականում կապույտ, այլ ոչ թե, օրինակ, կարմիր կամ կանաչ։ Անկեղծ ասեմ, ես էլ երբեք այդ մասին չէի մտածել մինչև մի տեղ կարդացի, որ Facebook-ի ստեղծողը՝ Մարկ Ցուկերբերգը մի այսպիսի առանձնահատկություն ունի՝ լավ չի կարողանում տարբերել կարմիր և կանաչ գույները, և հենց այդ պատճառով էլ նախընտրել է կապույտը։

Իսկ ի՞նչ վատ գույն է, որ։ Կապույտը, ասում են, վստահության գույն է։

Facebook-ը, իհարկե, մեծ հարված հասցրեց հեռուստատեսությանը, ռադիոյին և մյուս լրատվամիջոցներին: Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, մեծահասակների մոտ 30 տոկոսը խոստովանել է՝ օրվա նորություններն իմանում են Facebook-ից։ Բայց մյուս կողմից՝ բոլորովին գաղտնիք չէ, որ Facebook-ն էլ մեզանից է օգտվում՝ գովազդ է տեղադրում ու շահույթ ստանում։

Չգիտեմ, թե ես որպես հայաստանցի որքան օգուտ եմ բերում, բայց նույն Հյուսիսային Ամերիկայում Facebook-ի յուրաքանչյուր օգտատեր այդ ընկերությանը բերում է մոտ 6 դոլար։ Եվ հենց այդ պատճառով էլ Facebook-ի ղեկավարները խիստ շահագրգիռ են, որ խափանումներ չլինեն, որովհետև խափանման յուրաքանչյուր րոպեն մոտ 25 հազար դոլարի վնաս է բերում։

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

Նաև իմացեք՝ Facebook-ում գրառում կամ լուսանկար տեղադրելու ամենալավ ժամանակը երեկոյան ժամը 10-ից մինչև 11-ն է։ Մասնագետները պնդում են, որ ամենամեծ դիտումները և արձագանքը հենց այդ մեկ ժամվա ընթացքում են լինում։ Երևի ինչ-որ տրամաբանություն կա՝ մարդիկ լուրերը հեռուստացույցով նայել են, հիմա ուզում են քննարկել դրանք կամ պարզապես քնելուց առաջ որոշել են տեսնել, թե Facebook-ում ինչ կա-չկա։ 

Մի գաղտնիք էլ բացահայտեմ։ Ամենամեծ արձագանքն ունենում են ձեր այն գրառումները, որոնք հարցական նշան են պարունակում։ Դա ինչ-որ նոր հայտնագործություն չէ՝ հարցական ձևը միշտ ավելի շահեկան է, քան կոշտ պնդումը։ Փորձառու փաստաբաններն այս հնարքը հաճախ են դատարաններում օգտագործում։ Եթե, օրինակ, ասեք՝ բոլորս գիտենք, որ երկու անգամ երկու հավասար է չորսի, մարդիկ միայն ուսերը կթոթվեն՝ հետո՞ ինչ։ Դրա համար հմուտ դատապաշտպանը կասի. «Իսկ միգուցե նրանք, ովքեր անհիմն մեղադրանք են ներկայացնում իմ պաշտպանյալին, ընդհանրապես մոռացե՞լ են, որ երկու անգամ երկուսը չորս է անում»։ 

Facebook-ի մի առանձնահատկությունն էլ այն է, որ ով ինչ ասես կարող է դնել ու երբեք չգիտես, թե որքանով է դա հավաստի։ Ասենք թե, ես տեսնում եմ, որ օգտատերերից մեկը այնպիսի նյութ է դրել, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, իսկ ես ամեն օր եմ նման բաներ տեսնում։ Եթե ես ահազանգեմ ու ֆեյսբուքյան պատասխանատուն հեռացնի այդ նյութը, դրա հեղինակը իրավունք կունենա բողոքելու՝ բայց սա խոսքի ազատության խախտում է, այդ նյութում ո՛չ հերյուրանք կա, ո՛չ էլ վիրավորանք. բա ասում էիք՝ Facebook-ը ազատ խոսքի տարածման համար է ստեղծվել, հիմա, փաստորեն, գրաքննությամբ եք զբաղվում։ 

Եվ վերջապես։ Գաղտնիք չէ, որ ոմանք ուղղակի կախվածության մեջ են ընկնում Facebook-ից։ Բայց այս դեպքում, ինչպես ասում են, ելք կա։ Մի տեղ կարդացել եմ, որ մի մարդ, չեմ հիշում որ երկրում, կնոջը խնդրել է՝ հենց որ տեսնես, որ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ։ Համաձայնեք՝ հետաքրքիր լուծում է։ 

«Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս». տանգոյի ոգին խորապես զգացող հայը

757
թեգերը:
Մարկ Ցուկերբերգ, Facebook, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեք օրում կորցրել է 3,71 միլիարդ դոլար
Այ քեզ բան. Փաշինյանի պայքարին «միացել» է Ցուկերբերգը, իսկ դրոնը գրավում է առաքման շուկան
Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները
Սևրի պայմանագրի ստորագրում

Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

113
(Թարմացված է 22:06 10.08.2020)
Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր` օգոստոսի 10-ին, երբ նշվում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, անչափ հաճելի է վերընթերցել այդ պատմական փաստաթղթի որոշ հոդվածներ։ Մանավանդ 89-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:

Իհարկե, մի քիչ անհասկանալի է, թե ինչու պիտի Ամերիկան որոշեր Հայաստանի սահմանները, բայց համաձայնեք` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի հիշատակումը, մանավանդ դեպի ծով ելք ունենալու դրույթը այն ժամանակ ցեղասպանություն ապրած հայերի համար բալասանի նման մի բան էին։ Մանավանդ, որ Սևրի պայմանագրի հաջորդ հոդվածում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած եվրոպական պետությունները և Թուրքիան պայմանավորվում էին. «Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայից անջատվող և Հայաստանին հանձնվող տարածքներ։ Ուրիշ որևէ փաստաթղթում նման բան չեք հանդիպի։ Այո, եթե հիմա Հայաստանի, գումարած Ղարաբաղի և մյուս տարածքները կազմում են մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր, Սևրի պայմանագրով հայերին տրամադրվող տարածքը չորս անգամ շատ էր՝ 160 հազար քառակուսի կիլոմետր, ընդ որում` պիտի ելք ունենայինք նաև դեպի Սև ծով։ Ի դեպ, մի քանի ամիս անց՝ նոյեմբերի վերջին, Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը իրոք հրապարակեց այդ բաղձալի Հայաստանի քարտեզը։ Բայց արդեն ուշ էր. ամեն ինչ փոխվել էր։

Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որովհետև Թուրքիան կատարյալ պարտություն էր կրել, իսկ հայերն աջակցում էին հաղթած երկրներին, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։ Ու երբ արևելքից մեզ վրա հարձակվեցին ադրբեջանցիները, իսկ հյուսիսից թուրքերը, որոնք գրավեցին այսօրվա Գյումրին, այն ժամանակվա Ալեքսանդրապոլը, հանկարծ պարզվեց, որ մեծ տերությունները, որոնք թղթի վրա մեզ հոյակապ ապագա էին խոստացել, ամենևին էլ պատրաստ չեն երաշխավորել Սևրի պայմանագրում ամրագրված դրույթները։

Մինչև հիմա էլ պատմաբանները շարունակում են վիճել՝ ինչու այսպես ստացվեց։ Ոմանք պնդում են, թե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները պարզապես շատ միամիտ էին և հույսը դրել էին մեծ տերությունների վրա, որոնք իրականում ամենևին էլ այլևս պատրաստ չէին հանուն հայերի առճակատվել իր հզորությունը վերականգնող Թուրքիայի հետ։ Մյուսները համոզված են՝ մենք ինքներս առանց այլ պետությունների միջամտության պետք է բանակցեինք թուրքերի հետ և մեզ համար շահեկան հանգուցալուծման հասնեինք։

Վերջապես այսպիսի տեսակետ էլ կա՝ Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը ոչինչ էլ չէր կարող անել այն պայմաններում, երբ բոլշևիկները դաշինք էին կազմել քեմալականների հետ՝ դրանով ամեն ինչ կանխորոշված էր։ Ինչպիսին էլ լիներ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, այն ոչ մի դեր չէր խաղալու։ Գիտե՞ք՝ երբ նման վեճեր են ծագում, իսկ այդ վեճերը մինչև այսօր էլ շարունակվում են, միշտ հիշում եմ ֆրանսիացի գրող Աննա Լուիզա Ժերմենա դե Ստալի խոսքերը. «Պատմությունը գրեթե միշտ վերագրում է առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին այնպիսի լայն հնարավորություններ և տարբերակներ, որոնք իրականում այդ անհատները և կառավարությունները երբեք չեն ունեցել»։

113
թեգերը:
Թուրքիա, Սևրի պայմանագիր, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան
Դա ձեր խղճի վրա է. Մնացականյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին
Ո՞ր դեպքում կարող է կյանքի կոչվել Սևրի պայմանագիրը. Մանոյանի տեսակետը
Սևանի ափի գերեզմանատունը

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

648
Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

648
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան
Ըստ թեմայի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ
Ռուբեն Վարդանյան, արխիվային լուսանկար

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

9
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար։ Միաժամանակ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ Բեյրութի հայ համայնքին աջակցելու նպատակով։

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից»,– նշված է համահիմնադիրների ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարության մեջ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ վերոհիշյալ 200 000 դոլարից  100 000–ը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով կտրամադրվի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, 50 000–ը կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար ակնկալվում է հավաքել հանգանակության միջոցով։ Այդ միջոցները ևս կուղղվեն  աջակցության ու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության և մարդկային կյանքի։

9
թեգերը:
Տուժածներ, Լիբանան, հայ, պայթյուն, Բեյրութ, Ռուբեն Վարդանյան, Ավրորա
Ըստ թեմայի
Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ
Հայտնի է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը
Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը
Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ