Յուրի Գագարին. արխիվային լուսանկար

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

912
(Թարմացված է 21:59 13.04.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբ գրեթե 60 տարի առաջ՝ 1961 թվականի ապրիլի 12-ին, մարդն առաջին անգամ դուրս եկավ ուղեծիր, պատմական պահ էր ողջ մարդկության կյանքում։
Գագարինի հայրը բարկացել էր՝ «Առանց ինձ հարցնելու ինչպես է տիեզերք թռել»

Յուրի Գագարինի թռիչքի հետ կապված ամեն ինչ հույժ գաղտնի էր պահվում և դա հասկանալի է՝ անզիջում մրցակցություն կար ամերիկացիների հետ՝ ում կհաջողվի առաջինը մարդուն դուրս բերել տիեզերք։ 

Առաջին տիեզերագնացի եղբայրը՝ Վալենտինը, հետագայում պատմել է, որ նույնիսկ իրենց հայրը, որն ապրում էր ռուսաստանյան գյուղերից մեկում, բացարձակ ոչինչ չգիտեր։ Վաղ առավոտից գնացել էր դաշտում աշխատելու, ուշ երեկոյան տուն վերադառնալիս նստել էր լաստանավը, որպեսզի գետն անցներ, ու համագյուղացիներից մեկը հարցրել էր. «Գոնե տեղյա՞կ ես, որ տղադ տիեզերք է թռել»։

Գագարինի հայրն էլ բարկացել էր. «Ոնց թե տիեզերք է թռել, մի քանի ամիս առաջ եմ հեռախոսով հետը խոսել, բան չի ասել, էդ ինչպե՞ս է համարձակվել առանց հորը զգուշացնելու տիեզերք թռչել»։ 

Իսկ Յուրի Գագարինի Երկիր վերադառնալն այսպես են նկարագրում։ Այն ժամանակ իջեցվող ապարատը՝ այդ գունդը, որն անջատվում է հրթիռից և տիեզերագրացներին հետ է բերում, դեռ փափուկ վայրէջքի համար նախատեսված չէր։ Ու Գագարինը ստիպված «պարաշյուտով» է իջել։ Վայրէջքն էլ ծրագրված է եղել ոչ թե անմարդաբնակ տարածքում, ինչպես հիմա են անում, այլ ընդհակառակը՝ խիտ բնակեցված Սարատովի մարզում, որպեսզի հեշտ գտնեն։ 

«Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս». տանգոյի ոգին խորապես զգացող հայը

Սմելովկա գյուղում ապրող Աննա Ակիմովնան ճաշից հետո թոռնուհու՝ Ռիտայի հետ դուրս է եկել զբոսնելու ու մեկ էլ տեսել է, որ իրենց բանջարանոցով այս ու այն կողմ օրորվելով մի մարդ է գալիս՝ տարօրինակ նարնջագույն հագուստով։ Տատիկը հարցրել է. «Դու որտեղի՞ց ես»։

Գագարինն էլ ծիծաղելով պատասխանել է. «Տիեզերքից»։ 

Երբ որոնողական խմբի անդամները մի քանի ժամից վերջապես հասել են Սմելովկա, տեսել են, որ Գագարինը տեղի տրակտորիստների հետ միասին նստած է սեղանի շուրջ ու թթվասերով պելմենի է ուտում։ Սեղանին դրված տնական օղու մեծ շիշն էլ արդեն դատարկ էր։ Գագարինը երջանիկ ժպտում էր։ 

Ի դեպ, հիմա արդեն հայտնի է, որ տիեզերագնացները երբեմն տեիզերանավում էլ են ոգելից խմիչք օգտագործել, բայց դա մեծ դժվարությունների հետ էր կապված։ Նախ՝ պիտի ալկոհոլը ինչ-որ կերպ անցկացնես։ Դրա ձևը գտել էին՝ կոնյակով տափաշիշը թաքցնում էին հաստ թղթապանակի մեջ, որում գրանցամատյանն էր։ Կարծում էին, թե որևէ մեկը չի նկատում, բայց մի անգամ թռիչքից առաջ տիեզերագնացներին ստուգող սպան շշուկով ասել է. «էդ խմիչքը որ լցնում եք, գոնե մինչև վերջ լցրեք, որ հեղուկի կլկլոցը չլսվի»։

Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

Բայց ամենաբարդն, իհարկե, ձգողական ուժի բացակայության պայմաններում այդ կոնյակն օգտագործելն էր։ Տիեզերագնացներից մեկը՝ Գեորգի Գրեչկոն, մի առիթով պատմել էր.

«Տիեզերակայանում հայտնաբերեցինք մետաղե տարայով կոնյակ, որը նախորդ անձնակազմն էր թողել։ Որոշեցինք օրական մի հինգ գրամ խմել քնելուց առաջ, բայց տափաշշի կեսը հազիվ կարողացանք դատարկել. հեղուկը դուրս չէր գալիս։ Հետո մեզ փոխարինած հաջորդ անձնակազմի անդամները հպարտությամբ պատմեցին, որ իրենց հաջողվել է լուծել խնդիրը։ Տիեզերագնացներից մեկը բարձրանում էր մինչև առաստաղը, տափաշիշը դնում բերանը, մյուսն էլ ուժեղ հարվածում էր նրա գլխին, տիեզերագնացը հայտնվում էր հատակին, կոնյակն էլ նրա բերանում։ Հետո տեղերով փոխվում էին։ Այդպես էլ միմյանց գլխներին հարվածելով կարողացել էին կոնյակի վերջը տալ»։ 

Ու նաև այսպիսի մի պատմություն։ Իմ սերնդակիցները կհիշեն, որ այն ժամանակ խորհրդային հրթիռներով տիեզերք էին թռչում նաև սոցիալիստական երկրների ներկայացուցիչները։ Նրանցից մեկը վիետնամցի Ֆամ Տուանն էր, որը բավական երկար մնաց ուղեծրում ռուսաստանցի Վլադիմիր Գորբատկոյի հետ։ Ու երբ կապ էր հաստատվում կառավարման կենտրոնի հետ, այդ վիետնամցին անընդհատ բողոքում էր, թե «Գորբատկոն ամենակարևոր գործերը, գիտափորձերն ինքն է անում, ինձ որևէ լուրջ հանձնարարություն չի տալիս, էլ ես ինչո՞ւ եմ այստեղ գտնվում»։

Ու այնքան նվնվաց, որ մի օր Կառավարման կենտրոնի օպերատորն ասաց վիետնամցուն. «Մենք քեզ համար շատ կարևոր հանձնարարություն ունենք՝ շտապ անցիր տիեզերանավի երկրորդ հատվածը»։

Ոգևորված վիետնամցին անմիջապես տեղափոխվում է երկրորդ հատված։ Ականջակալով լսում է. «Զգուշությամբ բացիր յոթ համարի պահարանը»։ Բացում է։ «Այժմ նույնքան զգուշությամբ բացիր պահարանում գտնվող չորս համարի արկղը»։ Դա էլ է անում։ Կրկին լսում է. «Արկղում կտեսնես բանան, վերցրու այդ բանանը»։ Վերցնում է ու հարցնում. «Բա հիմա ի՞նչ անեմ»։ Ու լսում է. «Մաքրիր բանանը ու տար թող Գորբատկոն ուտի»…

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

912
թեգերը:
Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան, տիեզերագնաց, տիեզերք, Յուրի Գագարին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը
Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները
Լուսնի վրա օգտակար հանածոներ արդյունահանել, կամ գերլիալուսինը ազդել է Թրամփի վրա
Սևրի պայմանագրի ստորագրում

Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

110
(Թարմացված է 22:06 10.08.2020)
Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր` օգոստոսի 10-ին, երբ նշվում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, անչափ հաճելի է վերընթերցել այդ պատմական փաստաթղթի որոշ հոդվածներ։ Մանավանդ 89-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:

Իհարկե, մի քիչ անհասկանալի է, թե ինչու պիտի Ամերիկան որոշեր Հայաստանի սահմանները, բայց համաձայնեք` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի հիշատակումը, մանավանդ դեպի ծով ելք ունենալու դրույթը այն ժամանակ ցեղասպանություն ապրած հայերի համար բալասանի նման մի բան էին։ Մանավանդ, որ Սևրի պայմանագրի հաջորդ հոդվածում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած եվրոպական պետությունները և Թուրքիան պայմանավորվում էին. «Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայից անջատվող և Հայաստանին հանձնվող տարածքներ։ Ուրիշ որևէ փաստաթղթում նման բան չեք հանդիպի։ Այո, եթե հիմա Հայաստանի, գումարած Ղարաբաղի և մյուս տարածքները կազմում են մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր, Սևրի պայմանագրով հայերին տրամադրվող տարածքը չորս անգամ շատ էր՝ 160 հազար քառակուսի կիլոմետր, ընդ որում` պիտի ելք ունենայինք նաև դեպի Սև ծով։ Ի դեպ, մի քանի ամիս անց՝ նոյեմբերի վերջին, Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը իրոք հրապարակեց այդ բաղձալի Հայաստանի քարտեզը։ Բայց արդեն ուշ էր. ամեն ինչ փոխվել էր։

Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որովհետև Թուրքիան կատարյալ պարտություն էր կրել, իսկ հայերն աջակցում էին հաղթած երկրներին, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։ Ու երբ արևելքից մեզ վրա հարձակվեցին ադրբեջանցիները, իսկ հյուսիսից թուրքերը, որոնք գրավեցին այսօրվա Գյումրին, այն ժամանակվա Ալեքսանդրապոլը, հանկարծ պարզվեց, որ մեծ տերությունները, որոնք թղթի վրա մեզ հոյակապ ապագա էին խոստացել, ամենևին էլ պատրաստ չեն երաշխավորել Սևրի պայմանագրում ամրագրված դրույթները։

Մինչև հիմա էլ պատմաբանները շարունակում են վիճել՝ ինչու այսպես ստացվեց։ Ոմանք պնդում են, թե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները պարզապես շատ միամիտ էին և հույսը դրել էին մեծ տերությունների վրա, որոնք իրականում ամենևին էլ այլևս պատրաստ չէին հանուն հայերի առճակատվել իր հզորությունը վերականգնող Թուրքիայի հետ։ Մյուսները համոզված են՝ մենք ինքներս առանց այլ պետությունների միջամտության պետք է բանակցեինք թուրքերի հետ և մեզ համար շահեկան հանգուցալուծման հասնեինք։

Վերջապես այսպիսի տեսակետ էլ կա՝ Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը ոչինչ էլ չէր կարող անել այն պայմաններում, երբ բոլշևիկները դաշինք էին կազմել քեմալականների հետ՝ դրանով ամեն ինչ կանխորոշված էր։ Ինչպիսին էլ լիներ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, այն ոչ մի դեր չէր խաղալու։ Գիտե՞ք՝ երբ նման վեճեր են ծագում, իսկ այդ վեճերը մինչև այսօր էլ շարունակվում են, միշտ հիշում եմ ֆրանսիացի գրող Աննա Լուիզա Ժերմենա դե Ստալի խոսքերը. «Պատմությունը գրեթե միշտ վերագրում է առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին այնպիսի լայն հնարավորություններ և տարբերակներ, որոնք իրականում այդ անհատները և կառավարությունները երբեք չեն ունեցել»։

110
թեգերը:
Թուրքիա, Սևրի պայմանագիր, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան
Դա ձեր խղճի վրա է. Մնացականյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին
Ո՞ր դեպքում կարող է կյանքի կոչվել Սևրի պայմանագիրը. Մանոյանի տեսակետը
Սևանի ափի գերեզմանատունը

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

634
Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

634
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան
Ըստ թեմայի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ
Ռուբեն Վարդանյան, արխիվային լուսանկար

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

2
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար։ Միաժամանակ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ Բեյրութի հայ համայնքին աջակցելու նպատակով։

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից»,– նշված է համահիմնադիրների ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարության մեջ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ վերոհիշյալ 200 000 դոլարից  100 000–ը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով կտրամադրվի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, 50 000–ը կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար ակնկալվում է հավաքել հանգանակության միջոցով։ Այդ միջոցները ևս կուղղվեն  աջակցության ու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության և մարդկային կյանքի։

2
թեգերը:
Տուժածներ, Լիբանան, հայ, պայթյուն, Բեյրութ, Ռուբեն Վարդանյան, Ավրորա
Ըստ թեմայի
Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ
Հայտնի է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը
Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը
Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ