Ելիզավետա Երկրորդն ու Մեգան Մարկլը

Արեգը Ծաղկաձորից, իսկ Մեգանը Վինձորից, կամ ինչն է միավորում հայուհուն և արքայազնի կնոջը

662
(Թարմացված է 01:49 13.04.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը դատողություններ է անում պարզ մարդկային պատմությունների պակասի և ընտանիքի կարևորության մասին՝ անկախ ազգային պատկանելությունից և սոցիալական դիրքից։ Նաև հիշեցնում է կյանքի կատարյալ ուղեկից գտնելու իմաստուն առակը․․․

Ծաղկաձորցի վաստակաշատ սկեսրոջը՝ տիկին Արեգին, հիասթափեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի՝ հարսի՝ Մեգան Մարկլի և թոռան՝ արքայազն Հարրիի նկատմամբ չափազանց խիստ վերաբերմունքը։

Ճիշտն ասած՝ տիկին Արեգը պետք է որ որևէ կապ չունենա արքայական ընտանիքի հետ, բայց ի տարբերություն իր հասակակիցներից շատերի՝ նա հեռուստացույց դիտում է ոչ թե հենց այնպես, այլ տեսածն ու լսածը վերլուծելով և սեփական կարծիքի հետ համեմատելով։

Երբեմնի ինքնուս նկարչուհին այժմ երեք հարս ունի, չորրորդը տնից գնացել է, բայց տիկին Արեգի մտքով անգամ չի անցել իրենց լքած հարսից պահանջել իր նվիրած իրերը։ Իհարկե, տիկին Արեգի նվերները դժվար է թագավորական անվանել, բայց դրանք էլ նրա հնարավորությունների սահմանում բավականին արժեքավոր են։ 

-Թագուհուն վայել չէ պահանջել, որ Մեգանը վերադարձնի թանկարժեք հագուստը, կոշիկներն ու պայուսակները,- նշում է ծաղկաձորցի սկեսուրը,- իսկ թոռանը բոլոր արտոնություններից ու հասարակության առաջ զինվորական համազգեստով հայտնվելու իրավունքից զրկելն ընդհանրապես խելամիտ չէ։

Իր բաժանված հարսին տիկին Արեգը նախկինի պես լավ է վերաբերվում, օգնում է նրան թե՛ խորհուրդներով, թե՛ գումարով․ իր աջակցությամբ վերջերս հարսը թոռան հետ Իսպանիա էր մեկնել, որտեղից վերադառնալով իր մի արտահայտությամբ ցնցել էր սկեսրոջը․«Մադրիդը ահավոր քաղաք է, այնտեղ ոչ ոք հայերեն չի խոսում»,- ասել էր հարսը։ Բայց անգամ այստեղ մեծահոգի սկեսուրն հարսի մեջ հայրենասիրական ինչ-որ բան էր տեսել։ 

Տիկին Արեգն իր առօրյան առանց հեռուստացույցի չի պատկերացնում և ի տարբերություն շատերի՝ այն ինչ լսում է էկրանից բառացի չի ընկալում, ամեն ինչին քննադատաբար  է մոտենում, սեփական կարծիքի հետ համեմատում։

Նա կարծում է, որ մեր օրերում հասարակությունը գերհագեցած է քաղաքական տեղեկատվությամբ, մինչդեռ մարդիկ կարոտում են սովորական մարդկային պատմությունները։

Նա շատ է սիրում Վլադիմիր Պոզների ծրագիրը, բայց ավելի շատ՝ Պոզներին՝ առաջին հերթին խելացիության և անկեղծության համար, նաև նրա համար, որ վերջինս հայերին շատ է սիրում։

Տիկին Արեգը սիրում է բոլոր նրանց, ովքեր Պոզների նման սիրում են Հայաստանը․Ստաս Նամինին, օրինակ, կամ հեռուսահաղորդավար Դմիտրի Դիբրովին, որը Ջիվան Գասպարյանին ջերմորեն և հարգանքով «Ջիվան հորեղբայր» է անվանում, կամ Մարգարիտա Սիմոնյանին, որը բավական չէ՝ հայուհի է, նաև Տիգրան Քյոսայանի կինն է։

Հեռուստատեսության մարդիկ հաճախ զարմացնում են տիկին Արեգին

«Ինժեներները վերանորոգել են «Վոյաջեր – 2-ը»՝ դրանից 18 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա գտնվել»։ Այս և նմանօրինակ լուրերը տիկին Արեգին ուրախացնում են, թեև չի կարողանում հասկանալ՝ ինչպես է հնարավոր այդքան հեռու գտնվելով վերանորոգման աշխատանքներ անել։ Արցախյան հարցի շուրջ ևս ինչ-ինչ անհասկանալի բաներ կան։

Օրինակ՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում է, որ «վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կողմերին օգնելու հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև կարևորում արդարացի և հաստատուն խաղաղության հասնելու փոխզիջումային ոգու անհրաժեշտությանը»։

Անհասկանալի է, բայց չկա մեկը, որը կարող է բացատրել։ Այս հարցում ինքս էլ չկարողացա հստակություն մտցնել։ Ամուսինը՝ Զոհրաբը, քաղաքականությամբ չի հետաքրքրվում, հարևանուհիները հիմնականում Խաչատուրյան քույրերի գործի նոր զարգացումներից են բամբասում, հիմա էլ անցել են կորոնավիրուսին։

Ընտանեկան կյանքում տիկին Արեգը կարևորում է փոխըմբռնումը։ Նա պնդում է՝ որքան տարիքով մեծ ես, այնքան ավելի զիջող պիտի լինես։ 

Այդ առիթով նա մի առակ է հիշում․ Դուք էլ լսեք։

«Մի տղամարդ կար, որն ամբողջ կյանքում խուսափել էր ամուսնությունից, և երբ 90 տարեկան հասակում մահամերձ պառկած էր, նրան հարցնում են․

-Այդպես էլ չամուսնացար, բայց երբեք չասացիր, թե ինչու։ Եթե ինչ-որ գաղտնիք կա, պատմիր։

-Այո, ես երբեք ամուսնությանը դեմ չեմ եղել, բայց միշտ կատարյալ կին եմ փնտրել։ Այդպես էլ ողջ կյանքս անցավ։

-Բայց մի՞թե այս մոլորակում, որի կեսը կանայք են, այդպես էլ չկարողացար կատարյալ կին գտնել։

-Դե, մեկին գտա։

-Իսկ ինչո՞ւ չամուսնացաք։

-Այդ կինը կատարյալ տղամարդ էր փնտրում․․․»։

Տիկին Արեգը մոտ վաթսուն տարի է, ինչ ամուսնացած է։ Ամուսինը երկու տարով իրենից փոքր է, հետևաբար, ինչպես ինքն է ասում՝ մեծերին պետք է լսել։ Տիկինը կարծում է, որ իսկական տղամարդը, ինչպես իր եղբայրը, պետք է պատերազմի բովով անցած լինի, իսկ աշխատանքի հերոսներին ուղղակի մեդալներով պատված տխմարներ է անվանում։ Վիճելի է, իհարկե, բայց Զոհրաբը, որը հասցրել է և՛ պատերազ գնալ, և՛ մի լավ աշխատել, բանավեճի չի բռնվում։ Քմծիծաղով ասում է՝ մեծը ինքն է, թող խոսի․․․

Այսպես էլ ապրում են։ Իրենց ուրախություններով, հոգսերով՝ ոչ միայն իրենց, երբեմն նաև Անգլիայի թագուհի Էլիզաբեթի, նրա հարսի՝ Մեգան Մարկլի, Վինձորի դքսուհու հոգսերով, Արցախյան հարցում ԵԱՀԿ դիրքորոշումը հասկանալու փորձերով և այն հույսով, որ կորոնավիրուսը բարեհաջող կավարտվի։

662
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Վլադիմիր Պոզներ, հեռուստացույց, Ծաղկաձոր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ
Ֆուտբոլ. գնդակ

Ընդհատված մրցաշրջան, որակազրկված ակումբներ. ինչո՞ւ է ՀՖՖ–ն նման աննախադեպ որոշում կայացրել

37
(Թարմացված է 22:05 03.07.2020)
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների պատմության մեջ եղել են մրցաշրջաններ, երբ չի անցկացվել, օրինակ, սուպեր գավաթի խաղարկությունը: Բայց մրցաշարի դադարեցումն աննախադեպ է: Սակայն փաստն այն է, որ առաջին խմբի մրցաշարը դադարեցվեց, ու այս դեպքում պատճառը կորոնավիրուսը չէ:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստն այսօր կայացրել է աննախադեպ որոշում՝ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի  մրցաշարը: Աննախադեպ էր նաև «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45-ին` ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին կայացված որոշումը:

2019/20 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ, երբ պարզ դարձավ, որ 17 թիմ է մասնակցելու Հայաստանի  ֆուտբոլի առաջին խմբի մրցաշարին, շատերը զարմացան, ոմանք էլ ուրախացան: Զարմացան, որ մրցաշարին այդքան թիմ է մասնակցելու է, ուրախացան, որ առաջին խմբի մրցաշարը կարող է մրցունակ դառնալ: Բայց առաջին լիգայի ընթացքում գրանցվող արդյունքները սկսեցին կասկածներ առաջացնել շատերի մոտ: 7:0, 9:0, 8:2, 7:2, 7:1,12:0, 8:3, 5:4. մի խոսքով` ոչ ֆուտբոլային հաշիվներ:

Կասկածները հիմք տվեցին ուսումնասիրություններ անցկացնել մի քանի թիմերի մասնակցությամբ խաղերին ու գրանցված արդյունքներին: Ցավոք, կասկածները հաստատվեցին`առաջին խմբի մրցումներում եղել են պայմանավորված բազմաթիվ խաղեր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից անմիջապես հետո ՀՖՖ-ն արձագանքեց: Տարբեր պատճառներով առաջին խմբում հաջորդ մրցաշրջանում հանդես գալու արտոնագրեր չստացան 6 ակումբներ՝«Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո»:

Իսկ հուլիսի 3-ին ուրբաթը հաստատ շաբաթից շուտ եկավ: ՀՖՖ գործկոմի նիստի ժամանակ հինգ ակումբներ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը» ու 58 անձիք, որոնցից 45-ը` ցմահ, որակազրկվեցին, իսկ առաջին խմբի մրցաշարը դադարեցվեց: Հասկանալի է, որ պայմանավորված խաղերի դեմ պայքարում բոլոր միջոցներն էլ արդարացված են: Ու այդ արատավոր երևույթը Հայաստանում արմատախիլ անելու համար ՀՖՖ-ն, ունենալով բազմաթիվ փաստեր ու ապացույցներ, դիմել է այս աննախադեպ միջոցին:

«Վան» թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իրենք երկու ձեռքով կողմ են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումներին, առավել ևս որ նրանք ուղղված էր ֆուտբոլը արատավորված երևույթներից զերծ պահելուն: «Բազմիցս նշել եմ, որ ֆուտբոլը պետք է մաքուր լինի, և ամեն ինչ այստեղ պետք է որոշվի ազնիվ պայքարում: Եթե ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել, ուրեմն կան փաստեր, կան ապացույցներ: Իսկ նման իրավիճակում մենք միայն կողմ ենք պայմանավորված խաղերի դեմ պայքարին»,–ասում է Բարսեղյանը` նշելով, որ ինչպես և բոլոր ակումբները, իրենք էլ այսօր են տեղեկացել , որ մրցաշարը դադարեցվում է: Նա համոզված է, որ մոտ ապագայում կլինեն նաև այլ որոշումներ, ու այդ դեպքում իրենք կկարողանան արտահայտել իրենց տեսակետը, քանի որ «Վանը» հայկական ֆուտբոլի «մաքրման» աշխատանքների կողմնակից է:

Մելիքյանը վերադարձել է Հայաստան. նա կգլխավորի «Ալաշկերտը»

Գրեթե նույն կարծիքին է նաև Ռազմիկ Գրիգորյանը, որը գլխավորում է «Դիլիջան» թիմը։ Նա էլ գտնում է, որ միանշանակ ճիշտ որոշում է կայացվել, ինչքան էլ այն զարմանալի թվա շատերին։ «Ֆուտբոլը զարգացնելու համար մենք պետք է ազատվենք սև ու մութ ուժերից, որոնք պարզապես կեղտոտում են այս հրաշալի մարզաձևը: Համոզված եմ` նման աննախադեպ որոշման պատճառները շատ խորն են, ու ՀՖՖ-ն ունի բազմաթիվ նյութեր պայմանավորված խաղերի հետ կապված»,–ասում է նա` տարօրինակ համարելով առաջին լիգայում ճապոնացի, նիգերիացի, մարոկոցի ու շատ այլ ազգերի ֆուտբոլիստների ներկայությունը:

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

ՀՖՖ-ն անկասկած մոտ ապագայում այլ որոշում էլ կհրապարակի, քանի որ առաջին խմբում կան ակումբերն, որոնք ազնիվ պայքար են մղել յուրաքանչյուր խաղում, և հետապնդել մեկ նպատակ՝ նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր:

Մնում է սպասել ՀՖՖ որոշումներին: Պարզ է, որ բարձրագույն խմբում մեկ թիմ խաղալու է ներկայիս առաջին խմբից: Բայց որ թիմը կլինի դա, կիմանանք շուտով:

37
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
Հայաստանի և Ալբանիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն
«Ռոմայի» հետ իմ պատմությունը շարունակվում է․ Մխիթարյանը գրառում է արել
Սուրբ Սոֆիա

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

127
(Թարմացված է 21:59 03.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Թուրքիայում կարող է տեղի ունենալ մի իրադարձություն, որի ազդեցությունը կզգան ողջ աշխարհի քրիստոնյաները։
Այա Սոֆիա՝ կրկին մզկի՞թ

Առաջին հայացքից տարօրինակ է թվում՝ մահմեդական Թուրքիայում այդ ի՞նչ կարող է կատարվել, որը վերաբերի քրիստոնեական աշխարհին։ Բայց խոսքը Ստամբուլի խորհրդանիշ համարվող Սուրբ Սոֆիայի հանրահայտ տաճարի մասին է, որը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը մտադիր է վերածել մզկիթի, այնինչ առնվազն վերջին գրեթե հարյուր տարվա ընթացքում այդ հոյակերտ շինությունը թանգարան էր։

Հինգշաբթի այդ հարցն է քննել Թուրքիայի Պետական խորհուրդը, որը բարձրագույն դատարանի դեր է կատարում։ Իրականում քննարկում էլ չի եղել, նիստը տևել է ընդամենը 17 րոպե, ինչից հետո հայտարարվել է, որ որոշումը կհրապարակվի 15 օրից։ Սակայն հունական մամուլն այսօր պնդում է՝ Պետական խորհուրդը հայտարարելու է, որ տաճարի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացնել երկրի ղեկավարը, այսինքն` Ռեջեփ Էրդողանը։

Շատերը վրդովված են՝ ինչպես թե մի մարդ որոշում է կայացնելու այն հոյակերտ շինության վերաբերյալ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ ուղիղ 35 տարի առաջ ներառել է համաշխարհային ժառանգության ցուցակում։ Սակայն ընդդիմախոսները հիշեցնում են, որ ուղիղ 85 տարի առաջ՝ 1935 թվականին, տաճարը թանգարան հռչակելու հրամանագիր է ստորագրել էլի ընդամենը մի մարդ՝ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Քեմալ Աթաթուրքը։

Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

Հայտնի է, որ Աթաթուրքը աշխարհիկ պետության կողմնակից էր, կղերականությանը բացասաբար էր վերաբերվում և նույնիսկ մի անգամ Ղուրանը շպրտել է բարձրագույն հոգևորականի երեսին։

Հիմա գլխավոր հարցը՝ լավ, ինչո՞ւ է Էրդողանը որոշել Այա Սոֆիա կոչվող տաճարը մզկիթ դարձնել, աղոթելու տեղ չկա՞։ Բայց չէ որ Սուրբ Սոֆիայից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում Կապույտ մզկիթը։ Քանզի եղել եմ այնտեղ, կարող եմ վկայել, որ դա էլ է մի հոյակերտ շինություն, որը նույնպես անջնջելի տպավորություն է թողնում։ Վերլուծաբանները և արևմտյան լրատվամիջոցները տարբեր կերպ են մեկնաբանում Էրդողանի` տաճարը մզկիթ դարձնելու որոշումը։ Նույնիսկ այսպիսի վարկած են առաջ քաշում՝ սա Թուրքիայի պատասխանն է Դոնալդ Թրամփին, որն, ինչպես գիտեք, ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի պաշտոնական մայրաքաղաք։

Իսկապես, Թուրքիայի և Ամերիկայի միջև հարաբերություններն այս պահին բավական լարված են։ Եվ Վաշինգտոնը չի էլ թաքցնում, որ ամենևին հավանություն չի տալիս Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու գաղափարին։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակավ հայտարարել է՝ «Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունն իմ երկիրը դիտարկում է որպես այդ զարմանահրաշ շինության ժառանգության նսեմացում, որովհետև այդ տաճարը ծառայում է որպես մարդկության տարբեր կրոնական ավանդույթների և մշակույթների կապող օղակ», փաստել է ԱՄՆ-ի արտգործնախարարը։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Ռուսաստանում էլ են խիստ մտահոգված տաճարի ճակատագրով։ Չէ՞ որ ժամանակին իշխան Վլադիմիրի պատվիրակները հենց այս տաճարում տեղի ունեցած պատարագին մասնակցելուց հետո այնքան են տպավորվել, որ համոզել են իշխանին ընդունել ուղղափառությունը։

Եվ այժմ էլ մոսկովյան պատրիարքության ներկայացուցիչը հայտարարել է. «Աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների համար այս տաճարը Բյուզանդիայի և ուղղափառության խորհրդանիշն է։ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ հանգեցնելու է արդի աշխարհում ձևավորված փխրուն միջկրոնական հարաբերությունների փլուզմանը»։

Չգիտեմ՝ արդյոք դուք երբևէ եղել եք Ստամբուլում և այցելել եք այս տաճար։ Ինձ վրա Սուրբ Սոֆիան, որը մոտ 1000 տարի շարունակ աշխարհի ամենամեծ շինությունն է եղել, անմոռաց տպավորություն է թողել։ Իր այժմյան տեսքով տաճարը բացվել է 6-րդ դարում՝ Հուստինիանոս առաջին կայսրի օրոք։ Դրա կառուցման վրա ծախսվել է ողջ Բյուզանդական կայսրության երեք տարվա բյուջեն։ Տաճարի հսկայական գմբեթը, որի տրամագիծը, չեք պատկերացնի, ավելի քան 31 մետր է, մի քանի անգամ փլուզվել է երկրաշարժերի պատճառով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 986 թվականին։ Եվ այդ ժամանակ Բյուզանդիայի ղեկավարությունը Կոստանդնուպոլիս է հրավիրել հայ ճարտարապետ Տրդատին, որն էլ վերականգնել է տաճարի գմբեթը։ Եվ այնպես է վերականգնել, որ այդ գմբեթը պահպանվել է մինչև մեր օրերը՝ ավելի քան հազար տարի։
1453 թվականին, ինչպես գիտեք, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, և պարզ դարձավ, որ տաճարն այլևս քրիստոնեական չի լինելու։

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանը իր «Մանդիլիոն» պատմավեպում դա այսպես է նկարագրում. «Սուրբ Սոֆիային մերձ հրապարակը լցված էր տաճարում պատսպարվելու եկած ամբոխով։ Ամենուրեք վառվող ջահեր էին և կանթեղներ, նույնիսկ մոմեր։ Հրապարակն ասես հառաչում էր, օդի մեջ կար զգացողություն, որ միախառնված աղոթքներն ու անեծքները, խուլ գվվոցի վերածված այդ ամբողջ աղմուկը վերջն է, որովհետև քրիստոնյաներն այստեղից վերջին անգամ են դիմում Աստծուն»։

Ինչպես էին իսրայելցիները պատրաստվում ատոմային ռումբ պայթեցնել անապատում

127
թեգերը:
Սուրբ Սոֆիայի տաճար, մզկիթ, Թուրքիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Թուրքիայում ավերում են հայկական կոթողները, իսկ ի՞նչ է անում թուրքական իշխանությունը
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին
Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

86
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

86
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ