Ֆուտբոլ 1992

Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը

407
(Թարմացված է 20:16 09.04.2020)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի անդրանիկ առաջնությունը հիշվում է ոչ միայն թիմերի միջև ծավալված համառ ու անզիջում պայքարով, այլև մասնակից ակումբերի թվով: Այդ առաջնությունից հետո բարձրագույն խմբի թիմերի թիվը գնալով նվազեց:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի անդրանիկ առաջնությունն անցկացվել է 1992 թվականին: Այն յուրահատուկ էր ոչ միայն մասնակից թիմերի քանակով՝ 24, այլ նաև վերջնական արդյունքով: Առաջնության ավարտից հետո չեմպիոն հռչակվեցին միագամից երկու ակումբներ՝ «Շիրակն» ու Հայ մարմնակրթական ընդհանուր միության թիմը(ՀՄԸՄ):

Մինչ անկախացումը երկար տարիներ Հայաստանի ֆուտբոլի դրոշակակիրը «Արարատն» է եղել: «Արարատը» պատվով ներկայացրել է հայկական ֆուտբոլը ԽՍՀՄ առաջնություններում: Բայց ոչ բոլոր ֆուտբոլիստները կարող էին տեղ գտնել հայտնի թիմի կազմում ու խաղալ նախկին ԽՍՀՄ առաջնությունում: Անկախ Հայաստանն այդ առումով դռներ բացեց. տարբեր թիմերի կազմերում խաղալու հնարավորություն ստացան մեր հանրապետության բոլոր ֆուտբոլիստները, իսկ նախապես անվիճելի առաջատար թվացող «Արարատը» ձեռք բերեց մի քանի ուժեղ մրցակիցներ:

Հայաստանի առաջնության անցկացումն այնքան էր ոգևորել մարդկանց, որ հիմնադրվեցին մի քանի նոր ակումբներ: Եվ նորաստեղծ «Բանանցը» հանպատրաստից նվաճեց իր առաջին տիտղոսը` գավաթի խաղարկության եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով ՀՄԸՄ–ին: Նորաստեղծ մյուս ակումբը՝ ՀՄԸՄ-ն կարողացավ դառնալ Հայաստանի չեմպիոն, ճիշտ է, ՀՄԸՄ միակ թիմը չէր, որ արժանացավ ոսկե մեդալին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշրջանն ավարտելու երեք տարբերակ է առաջարկում

Գեղեցիկ ու շատ դեպքերում  նաև դրամատիկ պահերով ընթացած առաջնությունն ավարտվեց սկանդալով: «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն հավասար միավորներ վաստակեցին: Չեմպիոնին որոշելու համար պետք էր անցկացնել հանդիպում երկու թիմերի միջև: Բայց ակումբները չէին վստահում ոչ իրար, ոչ էլ ՀՖՖ-ին: Ու չնայած վճռական խաղն անցկացնելու համար որպես մրցավար շատ տարբերակներ առաջարկեցին, կողմերը այդպես էլ համաձայնության չեկան:

Թիմերը մրցավարական կողմանակալ գործոնից վախենում էին: Արդարության համար ասենք, որ եղան խաղեր, որոնցում մրցավարները գործում էին կոպիտ սխալներով` կայացնելով անհասկանալի որոշումներ կողմերից մեկի օգտին:

Անկախ Հայաստանի առաջին առաջնության մրցումների ընթացքում սպասելի էին նաև ոչ ֆուտբոլային հաշվով արդյունքները, որովհետև առաջատարների առավելությունը հետնապահների նկատմամբ շատ խաղերում բացահայտ էր: Օրինակ՝ «Արարատի» հաղթանակը Սևանի «Ախթամարի» նկատմամբ` 18:0: Ընդ որում, այդ խաղում Վահե Յաղմուրյանը ռեկորդ սահմանեց, որը մինչև օրս անգերազանցելի է՝ ութ գոլ մեկ խաղում: Երկկողմանի արդյունավետությամբ մեկ խաղում աչքի ընկան «Ալաշկերտն» ու «Սյունիքը»: Խաղն ավարտվեց 9:8 հաշվով, «Սյունիքի» հաղթանակով:

«Մարդկային կյանքի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու». օլիմպիականները` Տոկիո 2020-ի մասին

Անհերքելի է այն փաստը, որ նախկին ԽՍՀՄ ֆուտբոլային դպրոցը ամուր հիմքեր էր թողել խորհրդային 15  հանրապետություններում: Հայաստանում էլ կային ֆուտբոլային մանկապատանեկան բազմաթիվ դպրոցներ, որոնց աշխատանքը արդյունք էր տալիս: Հայաստանն ուներ բազմաթիվ ֆուտբոլիստներ ու թիմեր, ինչի կարիքը մենք հիմա ունենք:

Футбол 1992
© Photo : provided by Hakob Berberyan
Հայաստանի առաջնություն. 1992թ.

1992 թվականին Հայաստանի առաջնությունում հանդես էին գալիս Խորեն Հովհաննիսյանը, Ալբերտ Սարգսյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Ալեքսանդր Քերոբյանը ու էլի ու էլի շատ ֆուտբոլիստներ, որոնք թրծվել էին ԽՍՀՄ առաջնություններում ու շատ բարձր խաղամակարդակ ունեին: Իսկ նորաստեղծ ՀՖՖ-ի նախագահը հանրահայտ Նիկոլայ Ղազարյանն էր:

1992 թվականը դժվար ժամանակաշրջան էր ոչ միայն ֆուտբոլում: Անկախ Հայաստանն առաջին քայլերն էր կատարում ամեն բնագավառում, և բոլոր ոլորտներն էլ խնդիրներ ունեին: Վերջապես մենք պատերազմի մեջ էինք: Ու այդ դժվարությունների ֆոնին 1993 թվականի առաջնությունում մասնակցությունից հրաժարվեց Կապանի «Սյունիքը», քանի որ վտանգավոր էր մասսայական միջոցառումներ անցկացնելը Կապանում` թշնամու կրակի տակ:

Ինչևէ, կարևորն այն էր, առաջնությունն անցկացվեց: Լեգենդար «Արարատ» թիմը մրցակիցներ ունեցավ, և այդ մրցակիցները մինչ օրս Հայաստանի ֆուտոլային էլիտան են կազմում: «Շիրակը», համալրված լինելով երիտասարդ ֆուտբոլիստներով, նոր անուններ տվեց հայկական ֆուտբոլին :ՀՄԸՄ (թիմի հետնորդը դարձավ «Փյունիկը») դեռ շատ հաղթանակներ պետք է տոներ Հայաստանի առաջնությունում, իսկ «Բանանցը» (ներկայիս «Ուրարատու»), միշտ լինելով պայքարի մեջ, միայն մեկ անգամ հասավ չեմպիոնական տիտղոսին, այն էլ արդեն 21-րդ դարում:

Օպերայի շենքը Թամանյանը նախագծել էր նաև որպես մարզական. ինչու չիրականացավ նրա մտահղացումը

1992 թվականին մենք արդեն տեսանք այն ֆուտբոլիստներին, որոնք երկու տարի անց Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրին` ոչ–ոքի՝ 0:0 խաղալով Մոլդովայի հետ: Մեծ հույսեր ունեինք, որովհետև ունեինք լավ մարզաբազաներ ու ֆուտբոլիստների ընտրության բավականին մեծ հնարավորություն: Հիմա էլ մարզաբազաներ ունենք, ու միգուցե` ավելի լավ վիճակում գտնվող, բայց այ ֆուտբոլիստների ընտրության հարցում 1992թվականի հետ, ցավոք,  չենք կարող համեմատվել:

Футбол 1992
© Photo : provided by Hakob Berberyan
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. 1992 թ.
407
թեգերը:
Հայաստան, Սկանդալ, ՀՖՖ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա» ֆուտբոլային ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ
Ծխող երիտասարդ

Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

58
(Թարմացված է 00:15 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մի տեսակ աննկատ անցավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է գարնան վերջին՝ մայիսի 31-ին։ Սա, իհարկե, հասկանալի է՝ դա նույնն է, ինչ, ենթադրենք, խոսեմ գիրության վնասների մասին, երբ աշխարհում մոլեգնում է ժանտախտը։
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք. նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, միանգամայն իրավացի էր իտալացի քաղաքական գործիչ Սանդրո Պերտինին, երբ ասում էր. «Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում»։ Իտալացու այս կատակին կարելի է երևի ավելացնել, որ ծխողները ոչ միայն հանդուրժող են, այլև հենց իրենք են պայքարում ծխելու դեմ։ Ինչպես թե ինչպես։ Խնդրում եմ` մի համոզեք ինձ, որ մեր հայաստանյան կառավարության անխտիր բոլոր անդամները չծխող են։ Եվ ստացվում է, որ եթե կառավարությունը ծխելու դեմ ծրագիր է ներկայացրել, իսկ այդ կառավարության առնվազն մի մասը ծխում է, ուրեմն ծխողները մտադիր են պայքարել ծխելու դեմ։

Երբ մեր առողջապահության նախկին նախարարներից մեկը պնդում էր, թե ծխող մարդիկ անհաջողակ են, համաձայնեք՝ նախարարի հետ շատ դժվար է համաձայնել։ Կներեք, դա լուրջ փաստարկ չէ։ Դա նույնն է, եթե ես ասեմ. «Այ, առաջին նախագահի օրոք վատ էինք ապրում, որովհետև նա ծխում էր, իսկ երկրորդ նախագահի օրոք երկնիշ տնտեսական աճ ունեցանք, որովհետև ոչ միայն չէր ծխում, այլև բասկետբոլ էր խաղում ու նույնիսկ վինդսերֆինգով էր զբաղվում»։ Չեմ ուզում հիմա բերել բազմաթիվ ծխող, բայց հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի հանկարծ չմեղադրեք ինձ, թե ուզում եմ ապացուցել, որ ծխողները հաջողակ են։ Քավ լիցի, ամենևին չեմ պատրաստվում հերքել անհերքելին և երկու ձեռքով կողմ եմ ծխելը հասարակական վայրերում արգելելու բոլոր նախաձեռնություններին, որովհետև ողջ աշխարհն է շարժվում այդ ուղղությամբ, մենք մի բան էլ ուշացել ենք։

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

Ուղղակի էսպիսի բան էլ կա։ Մարկ Տվենը, որն օրական քսան սիգար էր ծխում, մի անգամ ասել է. «Եթե դրախտում ծխելն արգելված է, չեմ ուզում այնտեղ հայտնվել»։ Չգիտեմ՝ այդ մարդը հաջողակ էր, թե անհաջողակ։ Ինքներդ կարող եք գնահատական տալ, բայց Էռնեստ Հեմինգուեյը միշտ ասում էր. «Ամերիկյան ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է Մարկ Տվենի մի գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ծխախոտի գները բարձրացնելն է, և ողջ աշխարհը հենց այդ ճանապարհով է ընթացել։ Գնացեք Նոր Զելանդիա, որի իշխանությունները մտադիր են 2025 թվականին իրենց պետությունը դարձնել ընդհանրապես smocking free։ Մի տուփ սիգարետը 5 հազար դրամ արժե, կողքի Ավստրալիայում 6 հազարն անցնում է։ Գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա այնտեղի աշխատավարձերը, բա այնտեղի բարեկեցությունը։ Դուք էլ բարձրացրեք ձեր բարեկեցությունը՝ հենց ծխելուց հրաժարվելով։ Եթե, օրինակ, մի տուփ սիգարետի միջին գինը դառնա 1000 դրամ, իսկ դուք օրական հենց մի տուփ եք ծխում, մի ծխեք և տարեկան կխնայեք ուղիղ 365 հազար դրամ։ 365 հազար դրամով կարելի է այցելել Արևմտյան Հայաստան՝ Կարս, Էրզրում, Կիլիկիա, 9 օրով, հարմարավետ ավտոբուսով, երկու անգամվա սնունդով, թուրքագետ խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներով, այդ 9 օրից հինգն էլ՝ ծովափնյա շքեղ հյուրանոցում։

Ասում ենք՝ պատժամիջոցները չափից դուրս խիստ են։ Ու միաժամանակ բողոքում ենք, թե երթուղայինների վարորդները ծխում են։ Այ, եթե գծատերին գոնե հազար դոլարով տուգանեին, լավ էլ կհետևեր, որ վարորդների ծխից չխեղդվեինք։ Էլի համաձա՞յն չեք կտրուկ միջոցներին։ Էդ դեպքում գնացեք Բութան։ Հիմալայան այդ պետությունում գիտե՞ք` ինչ օրենքներ են գործում։ Ոստիկանը կարող է մտնել ձեր բնակարան, ու եթե հանկարծ բռնեցնի ձեզ ծխելուց, երեք տարի կնստեք բանտում։

Կան, իհարկե, փոխզիջումնային տարբերակներ։ Մի քանի տարի առաջ կարդացի, որ Սլովակիայում որոշ կազմակերպություններում այսպիսի կանոն է գործում՝ դուք կարող եք ծխել նույնիսկ աշխատասենյակում, բայց մի պայմանով՝ եթե տվյալ աշխատասենյակում անխտիր բոլորը ծխող են։ Բայց ախր ամեն օր պիտի Աստված կանչեք, որ հանկարծ մի նոր աշխատող չընդունեն, որը ծխող չէ, այլապես ծխողների երջանկությունը հօդս կցնդի սիգարետի ծխի նման….

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

58
թեգերը:
ծխախոտ, Ծխել, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

405
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

405
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան