Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха

Ինչի՞ մասին էր մտածում 19-ամյա պատանին նռնակը պայթեցնելիս, կամ իմ սերնդի պատերազմի մասին

597
(Թարմացված է 07:37 04.04.2020)
Ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի տատիկի համար ամենաանտանելին պատկերացնելն էր, թե 19-ամյա թոռն ինչի մասին է մտածել իրեն և հակառակորդին պայթեցնելուց առաջ։ Մենք դա երբեք չենք իմանա, բայց գիտենք Ռոբերտի տարեկից աղջկա մտքերը, որը պատերազմին հետևում էր Երևանից։

««Պատերազմի մասին հնարավոր չէ պատմել »,–ասում էր հայրս և ջղայնացած գնում-գալիս էր սենյակում, իսկ ես տետրը ձեռքիս հետևում էի նրան, որովհետև դպրոցում հանձնարարել  էին շարադրություն գրել պատերազմի մասին․․․»։

Այս տողերով է սկսվում 21-րդ դարում գրված հայկական լավագույն պոեմներից մեկը՝ «Շարադրությունը»։ Հեղինակը՝ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, պատերազմի և այդ պատերազմին իր հոր մասնակցության մասին պատմելու յուրօրինակ ձև է գտել։ Ու հանկարծ սիրտս ուժեղ զարկեց. որ պատերազմի մասին է խոսքը։ Չէ՞ որ ընդամենը 4 տարի առաջ բոլորս արցախյան մի պատերազմ գիտեինք՝ այն մեկը, որ եղել է 1991-94թթ․ ընթացքում։

Իսկ հիմա մենք ստիպված ենք հստակեցնել՝ սա 90-ականների պատերազմի՞ մասին է, թե՞ 2016-ի քառօրյայի․․․

Գրիգորյանի տողերն անմիջապես մտքիս եկան, երբ խմբագրությունում հանձնարարեցին գրել 2016-ի պատերազմի մասին։ 4 տարի է անցել Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողություններից։ Քառօրյա չընդհատվող մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ավելի քան 100 զինվոր կորցրեց։

2016-ի ապրիլի 2-ը շաբաթ էր։ Իսկ ուրբաթ երեկոն քսանամյա երիտասարդների համար զվարճանալու առիթ է՝  աշխատանքային շաբաթվա ավարտը նշելու։ Այդ ուրբաթը՝ 2016-ի ապրիլի 1-ը, ես միջազգային երիտասարդական կազմակերպությունում ծանոթացած ընկերներիս հետ էի անցկացնում։ Կազմակերպությունը հյուր էր ընդունում կամավորների աշխարհի տարբեր երկրներից։ Եվ այդ օտարերկրացի կամավորները նույնպես զվարճանում էի մեզ հետ։

Պատերազմն այլևս անսպասելի չէ՞․ ինչ դասեր ենք քաղել 2016թ-ից

Նրանց թվում էր վրացուհի Մայան, որի շնորհիվ այդ օրն առաջին անգամ չաչա (վրացական օղի) փորձեցի, և թուրք Ռամազանը, որը մեզ պարել էր սովորեցնում։

-Դե, լավ, սրանից ի՞նչ թուրքական պար, Ռամազան ջան,-ծիծաղելով ասում էի նրան,- դուք մի օր կդադարե՞ք մերը՝ հայկականը, գողանալ։

-Ազնիվ խոսք, եթե մի քիչ էլ չաչա խմեմ, Արարատն էլ կվերադարձնեմ, - ի պատասխան ծիծաղեց նա։

Բոլորն ուրախ էին ու երջանիկ, ուրեմն միմյանց հետ խաղաղ։ Այդ րոպեներին, սակայն, Արցախի սահմանին ադրբեջանական զինուժը սկսեց հարձակումը։ Եթե Ադրբեջանի կողմից կռվում էին հիմնականում վարձկանները, ապա հայոց բանակը հիմնականում 20-ամյա երիտասարդներից էր կազմված։

Իմ տարեկիցներն այդ պահին կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, իսկ ես պարում էի, այն էլ` թուրքի հետ։ Երբ հաջորդ օրը բոլոր լրագրողներին շտապ կանչեցին խմբագրություն, այդ միտքն ավելի էր սղոցում ուղեղս, քան խմածս չաչան։

«Ռամազան, կներես, բայց կարծում եմ՝ մի որոշ ժամանակ պիտի չշփվենք»,-  գրեցի նրան` այդ ժամանակ հասկանալով, որ նա ոչ մի մեղք չունի։ Բայց զգացմունքներս չէի կարողանում զսպել։

Ռամազանը պատասխանեց, որ շատ է ցավում կատարվածի համար և հարգում է իմ ընտրությունը։

Հաջորդ օրը Facebook-ում հաղորդագրություն ստացա ադրբեջանուհի Այթաչից, որի հետ ծանոթացել և ընկերացել էինք եվրոպական մի դասընթացի ժամանակ։

«Կներես, պիտի քեզ ֆեյսբուքյան ընկերներիս ցանկից ջնջեմ»։ Ես պատասխանեցի, որ ցավում եմ կատարվածի համար և հարգում եմ նրա ընտրությունը․․․

«Նախադեպը չունի Հայաստանում». «Հարսանիք թիկունքումը» մեծ էկրան կբարձրանա

Ռազմաճակատից սկսեցին տխուր լուրեր գալ։ Ամեն ժամ տեղեկություն երեք-չորս նոր զոհի մասին։ Խմբագրության փորձառու լրագրողներն անմիջապես գլխի ընկան, որ մեծ քանակով զոհերի մասին տեղեկությունը հասարակությանը մաս-մաս են տալիս, որպեսզի խուճապ չսկսվի։ Իսկ ես քարացած հայացքով նայում էր տղաների ծննդյան տարեթվերին։ Տարիներ անց գործընկերներիցս մեկը կգրի. «Այսօր իմ 24-ն է լրանում, իսկ զոհված զինվորը հավերժ կմնա 19 տարեկան»։ Այդ միտքն այն ժամանակ շատ 20-ամյաներիս գլխում էր պտտվում։ Մենք ցավ էինք ապրում զոհերի համար և միաժամանակ ամաչում մեր տարիքից։

Պատերազմի օրերին Հայաստանի հանրությունը միավորվեց։ Մարդիկ սկսեցին հագուստ, մթերք, ուտելիք, ծխախոտ հավաքել ռազմաճակատ ուղարկելու համար։ Շատերը զինկոմիսարիատ էին գնում՝ կամավոր գրանցվելու։ Արդեն ապրիլի 4-ն էր։ Ինձ զանգեց այն երիտասարդը, որի հետ հանդիպում էի այն ժամանակ։ Էլի քսանքանի տարեկան։

 -Գնում եմ կամավոր գրվեմ։

-Ի՞նչ։ Ի՞նչ ես խոսում։ Դու իսկի բանակում չես ծառայել։ Ոչ մի բան չգիտես։ Խնդրում եմ, հերոս մի խաղա։

Իմ ճառը մի քանի րոպե տևեց։ Նա չլսելու տվեց և նույն ոգևորված տոնով, որով հայտարարել էր ռազմաճակատ գնալու մասին, հարցրեց․

-Գալի՞ս ես հետս։ Բուժքույր կլինես։

Ես հասկացա, որ որոշում ընդունած տղամարդու հետ վիճելն անիմաստ է ու համաձայնեցի։ Որոշմանս մասին հայտնեցի խմբագրիս, որը նույնպես 20-քանի տարեկան էր։

-Ի՞նչ։ Ի՞նչ ես խոսում։ Քեզնից ի՞նչ բուժքույր։ Ախր ոչ մի բան չգիտես։ Խնդրում եմ, հերոս մի խաղա։

Ես հայտարարեցի, որ նա չի կարող ինձ կանգնեցնել, և նույն երեկո ես ու ընկերս գնացինք մոտակա զինկոմիսարիատ։ Բակում շատ մարդ կար հավաքված, բոլորը բարձր էին խոսում ու բարկացած էին։

Զարթոնքը փորձության պահին եղավ. ապրիլյան պատերազմի տղերքը հաղթեցին ոչ միայն հակառակորդին

-Ի՞նչ է ստեղ կատարվում,- ես մոտեցա զայրացած տղամարդկանցից մեկին(որն արտաքինից մոտ 40 տարեկան կլիներ) և «միացրի» ներսիս լրագրողին։

- Մեզ չեն գրանցում, էդ ա կատարվում, - չարությամբ նետեց նա։

- Մենակ ջահելներին են գրանցում, հա՞, -հարցրի։

- Ի՞նչ։ Չէ՛։ Ոչ մեկին  չեն գրանցում։ Ասում են՝ էլ տեղ չկա։ Կարիք չկա։

-Պիտի շուտ գայինք,-հառաչեց զայրացած ընկերոջ կողքին կանգնած մյուս տղամարդը։

- Ի՞նչ շուտ գալ, է։ Սաղ գիշեր ստեղ կկանգնեմ, տենամ՝ ոնց չեն գրանցում։ 90-ականներին քյոռփա–քյոռփա գնացի, հիմա եքա տղամարդ եմ, ոնց չեն թողնի։ Չէ մի չէ։

Մի քիչ հեռացա աղմուկից ու զանգահարեցի խմբագրիս․

«Բուժքույր չդառա, մնում եմ լրագրողական պարտքս կատարեմ։ Այնքան կամավոր կա, որ այլևս մարդկանց չեն գրանցում։

Հաջորդ օրն արդեն ԶԼՄ–ներում սկսեցին հայտնվել զոհված զինվորների սխրանքների պատմությունները։ Ահա 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը, իր դասակից միակ ողջ մնացածը լինելով, սպասել է, որ հակառակորդը մոտենա, և ձեռքի մեջ պայթեցրել է նռնակը։ Մի քանի տարի անց ես հանդիպեցի Աբաջյանի տատիկին ու պապիկին։ Գևորգ պապը թոռան սխրանքի մասին հպարտությամբ ու դառնությամբ էր պատմում։ Անահիտ տատը՝ միայն դառնությամբ։

«Սկզբում մեզ լուրեր հասան, որ Ուրֆանյանն է ինքն իրեն պայթեցրել նռնակով (Արմենակ Ուրֆանյան՝ Աբաջյանի հրամանատարը, նույնպես զոհվել է քառօրյա պատերազմում)։ Ես ինքս ինձ ասացի՝ վայ, ինչ տղա է, ինչ հերոս տղա․․․ Բայց երբ իմացանք, որ դա իմ Ռոբերտիկն է արել, ի՞նչ հպարտության մասին էր խոսքը։ Երբ պատկերացնում եմ երեխուս ապրումները․․․ թե ինչպես է լրիվ մենակ, զոհված ընկերների մարմիններով շրջապատված, կանգնել ու սպասել թշնամու մոտենալուն, ինչպես է քաշել նռնակի օղակը։ Ինչի՞ մասին է մտածել 19 տարեկան թոռս, ի՞նչ է հասկացել այդ պահին, երբ որոշել է նման քայլի դիմել․․․ Անտանելի ծանր է այդ մասին մտածելը»։

Հիմա էլ արտասվում եմ, երբ հիշում եմ հերոսի տատի այս խոսքերը։ Նա կգերադասեր միշտ ուղղակի տատիկ մնալ, առանց հերոսական մակդիրների, միայն թե թոռը ողջ լիներ։

Ինչպես և բոլոր զոհվածների հարազատները։ Նրանցից  յուրաքանչյուրից կարելի այսպիսի դաժան մեջբերում անել։

Բայց չեմ ուզում շատ ծանրացնել։ Քյարամ Սլոյանի, Սարգիս Խալաֆյանի, Հրաչյա Մուրադյանի, Սասուն Մկրտչյանի, Հովսեփ Կիրակոսյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ադամ Սահակյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Աբգարյանի և ուրիշ շատերի աննունները մեխվել են մեր հիշողության մեջ և այնտեղ կմնան ընդմիշտ՝ 90-ականների հերոսների անունների կողքին։

Այս ամենի կողքին շատ կարևոր է նաև հիշողության մեջ պահել 2017-ի հունվարին ծնված Մոնթե անունով փոքրիկին։ Զոհված հերոս Մոնթե Եղոյանի քույրը Երևանում որդի ունեցավ և անվանակոչեց նրան եղբոր պատվին։

2017-ի մարտի 21-ին` ապրիլյանում զոհված Հրաչ Գալստյանի ծննդյան օրը, Գյումրիում ծնվեց նրա անվանակից եղբորորդին՝ Հրաչը։ Իսկ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի (որը հայտնի էր որպես «Մոռոզ Ալիկ») պատվին անվանակոչեցին նրա նորածին ազգականին։

Անահիտ Վանյանը երկրորդ երեխային էր սպասում, երբ զոհվեց նրա որդին՝ Գևորգ Հարությունյանը։ Նորածին տղային կնքեցին Գևորգ անունով։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Զոհված Արտեմ Վարդերեսյանի մայրը 2016-ին երազում տեսավ, որ որդին տուն է վերադառնում, իսկ ավելի ուշ իմացավ, որ հղի է։ Հուլիսին ծնվեց երկրորդ Արտեմ Վարդերեսյանը։ Իսկ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում երկրորդ Ազատ Սիմոնյանը ծնվեց, առաջինի՝ պատերազմում զոհվելուց հետո։ 2019-ի հուլիսին Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա ծնվեց, որին Ռոբերտ անվանեցին՝ Աբաջյանի պատվին։

Կյանքը շարունակվում է։ Եվ թող այդ երեխաները հերոս դառնան, բայց արդեն խաղաղ ժամանակներում․․․

597
թեգերը:
Թուրք, Զոհ, Ռոբերտ Աբաջյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստան
Ըստ թեմայի
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Սարկիսովից
Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Ինչպես Խորհրդային Միության համար պատերազմած հայ սպան դարձավ Ռուսաստանի Դաշնության հերոս
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

114
(Թարմացված է 22:16 26.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի մեկը երեքում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

114
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Համակարգիչ

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

286
(Թարմացված է 18:06 26.05.2020)
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն այս օրերին շատերիս բարի նախանձով էին նայում. նույնիսկ գնում կատարելու համար տանից դուրս չգալն ու անհրաժեշտ ամեն ինչի համար առաքում պատվիրելն արտասահմանում ճոխություն է, մեզ մոտ առօրյա դարձավ։

Կորոնավիրուսը շատերիս կյանքն ու սովորությունները փոխեց, ու խոսքը միայն անվտանգության կանոններին հետևելու և սոցիալական հեռավորություն պահպանելու մասին չէ։ Այս իրավիճակը ստիպեց նոր հմտություններ ձեռք բերել՝ մեր առօրյայում ավելի մեծ տեղ հատկացնելով առցանց ծառայություններին։ Ես ու ինձ նման շատերը բացահայտեցինք, որ առօրյա օգտագործման, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի գնումներն առցանց անելն իսկապես հեշտացնում է կյանքը։ Կորոնավիրուսից առաջ առցանց գնման միայն մեկ անհաջող փորձ էի ունեցել՝ տաբատ էի պատվիրել, որն ինձ բացարձակ չէր սազում և անհասկանալի կարճ էր. ասեմ, որ նման բան ինձ հետ հինգերորդ դասարանից հետո չէր եղել, հակառակը՝ տաբատները միշտ երկար են լինում, որովհետև ես, մեղմ ասած, բարձրահասակ չեմ։

Արտակարգ դրության առաջին օրն իսկ ամբողջ ընտանիքով փակվեցինք տանը. հացը որոշեցինք ինքներս թխել երկու օրը մեկ անգամ, իսկ անհրաժեշտ ամեն ինչը՝ պատվիրել։ Այդպես երկու ամիսների ընթացքում ես փորձարկեցի մրգի, բանջարեղենի, սննդամթերքի առաքմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ։ Անշուշտ, առաջին օրերին եղան հիասթափություններ, նյարդային իրավիճակներ, որովհետև պարզվեց՝ իրավիճակը նոր էր ոչ միայն ինձ ու ինձ նման օնլայն գնումներ նախկինում չկատարած մարդկանց համար, այլև հենց այդ ընկերությունների. որովհետև ես և ինձ նմանները միանգամից մի գիշերում շատացանք։

«Gazar.am» ընկերությունը հիմնադրվել է մոտ երկուսուկես տարի առաջ։ Առաջին իսկ օրերից ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց, որովհետև շուկայում նորություն էր՝ մրգի և բանջարեղենի առաջին մասնագիտացված առցանց խանութն էր։ Պատվերների մեծ թիվ սկզբում չկար, քանի որ գրանցումը բացառապես առցանց էր արվում։ Հասկացան, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել համակարգչից, իսկ եթե օգտվում էլ են, հատկապես մեծերի մոտ մտավախություն կա, թե առցանց պատվեր գրանցելիս մի բան սխալ կանեն։ Որոշեցին նաև հեռախոսով պատվերներ գրանցել, այդպես այս տարիների ընթացքում ձեռք բերեցին հավատարիմ հաճախորդներ, իսկ արտակարգ դրությունը իսկապես փորձություն դարձավ ընկերության ամբողջ թիմի համար։ Հիմնադիր տնօրեն Էլեն Թադևոսյանն ասում է՝ պատվերների թիվն այնքան կտրուկ ավելացավ կարանտինի օրերին, որ իր ամբողջ ընտանիքը կամավոր միացավ աշխատանքին. հենց՝ ինքը, տնօրենը սկսեց նաև հեռախոսազանգերի պատասխանել, առաքվող փաթեթների հավաքմանը մասնակցել և այլն։

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

«Մեր պատվերները բառի բուն իմաստով մեկ օրվա մեջ քսանապատկվեցին, հիսունապատկվեցին։ Օր է եղել՝ ամբողջ թիմը ջուր էլ չի խմել»,- պատմում է Էլենն ու անկեղծորեն ասում՝ թերություններ լինում էին՝ կապված նաև այդ օրերին խափանումներով աշխատող ինտերնետի հետ, բայց իր գնահատականով՝ մոտ իննսուն տոկոսով աշխատանքի որակը պահվել է։ Նրա խոսքով՝ ավելացավ ոչ միայն պատվերների թիվը, այլև պատվերը՝ հաճախորդին հասցնելու եղանակները։

«Շատ հետաքրքիր դեպքեր էին լինում, որովհետև նաև պատվերներ էինք հասցնում ինքնամեկուսացած, մեկուսացած մեր հայրենակիցներին։ Դուռը ծեծում էին, պատվերը թողնում դռան առջև, պատշգամբից թել էին կախում, կապում էին առաքիչները, այդպես էին բարձրացնում»։

Ծավալն այնքան մեծ էր, որ մարզերը չկարողացան էլ ներառել աշխատանքում, թեպետ տնօրենի խոսքով` բացառություններ արվում էին հատկապես տարեց պատվիրատուների դեպքում։

«Քանի որ սահմաններն էլ փակ էին, լինում էր, որ առաքիչները հասցնում էին մարզային սահմանահատված, այնտեղից գալիս, վերցնում էին»։

Ինքնամեկուսացած պատվիրատուների համար Էլենը հետաքրքիր անակնկալներ էլ մտածեց. ծաղկեփնջերի նման կանաչիներ էր փնջում և պատվերի հետ ճանապարհ դնում՝ փորձելով բարձրացնել տանը փակված կանանց տրամադրությունը

Էլենի խոսքով՝ թեպետ «պիկն» անցել է, բայց իրենց հաճախորդների թիվն ավելացել է, որովհետև այս ընթացքում շատերն իմացան իրենց մասին, փորձեցին ու համալրեցին հավատարիմների շարքերը։ Բացի այդ, առցանց գնումներ կատարելը նաև սովորության հարց է, իսկ այս ընթացքում մարդկանց սովորություններն էլ փոխվեցին։ Հիմա արդեն, երբ վիճակը քիչ թե շատ խաղաղվել է, մտածում են օնլայն հարթակ ստեղծել նաև հայ ֆերմերների հետ, որպեսզի գյուղացու ապրանքն ուղիղ ու առանց բազմաթիվ միջնորդների ու արհեստական գնաբարձրացման գնորդին հասնի։

Առհասարակ, մեկուսացման օրերին ամենատարածված ու ամենաշատ գովազդվող օնլայն հարթակներն առաջարկում էին անմիջապես գյուղից առաքվող ապրանքներ։ Այդպես միանգամից մի քանի հարթակներ ստեղծվեցին։

IrindNatural.am-ը դրանցից ամենաառաջինն է, որովհետև դեռ կորոնավիրուսից մոտ մեկ տարի առաջ է հիմնվել։ Ընկերությունն առաջարկում է Թալինի շրջանի Իրինդ գյուղի արտադրանքը։ Պատվերները գրանցում են երեք եղանակով՝ զանգով, Facbook-ի էջով և առցանց հարթակով։ Մեկ տարեկան դառնալը նոր էին նշել, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Որոշեցին իրավիճակից չօգտվել ու գնի արհեստական բարձրացում չանել, դրա կողքին էլ հայտարարեցին՝ առաքումներն անվճար են արվելու։ Ի՞նչ եղավ։ Պատվերների այնպիսի մեծ թիվ «թափվեց» ընկերության գլխին, որ մտքներով անցնել էլ չէր կարող։ Արդյունքում ինչ-որ առումով վիճակը հենց իրենց դեմ շրջվեց։

«Մի գիշերում պատվերների թիվը քառասուն, հիսուն, հետո մինչև հարյուր անգամ ավելացավ»,- այդ օրերը սարսափով հիշելով՝ պատմում է հիմնադիր տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Դա բազմակի խնդիրներ բերեց, մի կողմից՝ թիմի պակաս, մյուս կողմից՝ ինտերնետային խնդիրներ ի հայտ եկան. համակարգում կարող էր նույն պատվերը մի քանի անգամ գրանցվել, իսկ ֆորսմաժորային վիճակում ամեն ինչ ստուգելու հնարավորություն չկար։

«Իրականում ֆինանսական կորուստներ ունեցանք, որովհետև լինում էին դեպքեր, որ ապրանքը փչանում էր, մեքենաների հետ էին խնդիրներ լինում»,- պատմում է նա ու ավելացնում, որ ապրիլից իրավիճակը սկսեց կարգավորվել, նաև ռազմավարությունը փոխեցին։ Նոր մոտեցումն ու երկրում փոխված իրավիճակը պատվերների քանակը հավասարակշռեցին։ Գագիկն ասում ՝ «պիկն իջել է», բայց լավն այն է, որ նոր հաճախորդներ էլ ունեցան՝ մարդիկ, որոնք նախկինում չէին օգտվել, որովհետև դրա կարիքը չէր եղել, իրենք էին խանութ գնում, իսկ հիմա փորձեցին այս տարբերակն ու հաճախորդ դարձան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը պետության թվայնացման գործում կարևոր հարցերից է, այն չափանիշներից մեկը, որով կարող ենք արձանագրել, թե որքանով է մեր հասարակությունն օգտվում էլեկտրոնային համակարգերից և տիրապետում թվային հմտություններին։

«Թվերն օրեցօր փոփոխվում են, բայց շատ մոտավոր մոտ երեք անգամ ծավալի մեծացում ունենք»,- ասում է փոխնախարարն ու մեկնաբանում, որ էլեկտրոնային առևտուր ասելով՝ հասկանում ենք էլեկտրոնային վճարումը՝ մի դեպքում, երբ քաղաքացին այցելեց էլեկտրոնային կայք, ընտրեց համապատասխան ապրանքը, կատարեց վճարում, նշեց հասցեն և ստացավ ապրանքը։ Մյուս տարբերակը՝ քաղաքացին այցելեց խանութ, էլեկտրոնային քարտով վճարում կատարեց և վերցրեց իր ապրանքը։ Այսինքն՝ եթե առցանց հարթակով ապրանք ես պատվիրում, բայց դրա համար վճարում ես կանխիկ, ապա ստացվում է, ըստ էության, առաքման պատվեր, այլ ոչ թե էլեկտրոնային գնում։

Փոխնախարարը վստահ է՝ էլեկտրոնային գնում կատարելու համար պետք է նման սովորություն ու վստահություն ձևավորել գործարքի հանդեպ։ Այդ նպատակով առաջիկայում նախարարությունը կընդունի կիբեռանվտանգության ստանդարտներ, որոնք կլինեն ուղեցույց նման համակարգերը ստեղծելիս՝ դրանք պարտադիր պետք է բավարարեն նվազագույն պահանջները՝ ռիսկերը նվազեցնելով։

Մեր երկրում էլեկտրոնային առևտրի զարգացման համար նախարարությունը տնտեսվարողների գործընկեր է դիտարկում «Հայփոստին»։ Համաշխարհային մեծ ընկերությունները՝ Amazon, eBay և մյուսները, կարողանում են ապրանքը հասցնել գրեթե ցանկացած կետում գտնվող պատվիրատուին, որովհետև համագործակցում են մեծ ընկերությունների հետ։ Հայաստանում էլ «Հայփոստը» կարող է դառնալ այն գործընկերը, որը ծառայությունների մատուցման աշխարհագրությունը մեծացնելու հնարավորություն կտա տնտեսվարողներին։

286
թեգերը:
մթերք, առցանց վաճառք, Հայաստան
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց ստուգման փուլը սկսվել է. ի՞նչն է փոխվել
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

29
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

29
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում