Բժշկության ոլորտում կատարված ամենանշանակալի, շրջադարձային հայտնագործություններից մեկը, այսպես կոչված, PET խցիկն է։ Այն հնարավորություն տվեց քաղցկեղային ուռուցքները հայտնաբերել ամենավաղ շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ դրա բուժման հավանականությունն ավելի բարձր է։ Իսկ գիտե՞ք, որ այդ գյուտի հեղինակներից մեկը մեր հայրենակիցն է՝ Միքայել Տեր-Պողոսյանը։
Նա ծնվել է 1925 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նրանց ընտանիքն ապաստան էր գտել Գերմանիայում։ Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են հարևան երկիր՝ Ֆրանսիա. այստեղ Միքայելը Միշել է դառնում և սկսում մեծ հետաքրքրություն ցուցաբերել ֆիզիկայի ու քիմիայի հանդեպ։ Դեռ պատանի տարիքում Միշելը սկսում է իր առաջին գիտական փորձարկումները, որոնք միշտ չէին հաջողված լինում, բայց նա գիտեր՝ իր ընտրած ճանապարհն առանց սխալների, հիասթափությունների ու փոքրիկ լաբորատոր պայթյունների չի լինում։
Սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը. գիտնական լինելուց բացի Միշելը նաև ակտիվ քաղաքացի էր։ Նա միացել էր ֆրանսիական դիմադրությանն ու պայքարում էր գերմանացի ֆաշիստների դեմ: Քաղաքական ակտիվ գործունեությանը զուգահեռ չէր մարել նաև նրա սերն ու հետաքրքրությունը ֆիզիկայի ու քիմիայի հանդեպ։
Այնպես որ աշխարհակուլ պատերազմը նրան չխանգարեց գիտական աստիճաններ ստանալ Փարիզի, ապա նաև Մարի Կյուրիի, կամ ինչպես անվանում են այն՝ Ռադիումի համալսարաններում։ 1946 թվականին Միքայել-Միշելն ընտանիքի հետ տեղափոխվում է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներ։ Այստեղ նա արդեն Մայքլ էր, որը շարունակում է խորացնել գիտելիքները Սենտ Լուսի Վաշինգտոնի համալսարանում։ ԱՄՆ-ում լինելը նրա համար մեծ նպատակի իրականցում էր, համալսարանը ղեկավարում էր հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Արթուր Հոլի Քոմփթոնը։ Ուսմանը զուգահեռ նա ֆիզիկայի բաժնի գիտաշխատող էր։
Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...
1950 թ.-ին Տեր-Պողոսյանը նա ստանում է միջուկային ֆիզիկայի դոկտորի աստիճան: Նա շարունակում է իր գիտական գործունեությունը Ռադիոլոգիայի Մալլինկրոտ ինստիտուտում։ Դա Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի ռադիոլոգիայի ակադեմիական կենտրոնն էր։ Այստեղ նա ստանում է ռադիացիոն հետազոտությունների, ինչպես նաև կենսաֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսորի աստիճան: 1973 թվականից Տեր-Պողոսյանը ղեկավարում է Մալինկրոտի ինստիտուտի ռադիոակտիվ հետազոտությունների բաժինը: Ղեկավար ու դասախոս լինելուց առաջ նա գիտնական էր, որին պետք է բախտ վիճակվեր դառնալ աշխարհը փոխողներից մեկը։
Այսպիսով, 1977 թվականին Մայքլ Տեր-Պողոսյանը, իր գլխավորած բժիշկների, կենսաբանների և ֆիզիկոսների մասնագիտական խմբի հետ միասին, երկար հետազոտություններից, անհաջողություններից ու անդադար փորձերից հետո ստեղծում է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող համակարգչային սարքը, այսպես կոչված PET խցիկը: 1979 թվականին արտոնագրված սարքը դառնում է բժշկության ոլորտը հեղաշրջած գյուտերից մեկը, որը հնարավորություն է տալիս քաղցկեղային ուռուցքը հայտնաբերել ամենավաղ փուլում։
Պատահական չէ, որ մեր հայրենակցին հաճախ անվանում են Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայր. նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ու կոչումների աշխարհի տարբեր երկրներում, եղել է բազմաթիվ մասնագիտական միությունների անդամ ու նաև հիմնադիր, ավելի քան 250 գիտական աշխատանքների, գիտահետազոտական գրքերի ու հոդվածների հեղինակ է։
Ալեքսեյ Սիսակյանի Տիեզերքի ողբերգությունը. ի՞նչ չհասցրեց անել հայ մեծ ֆիզիկոսը
Մայքլ Տեր-Պողոսյանը զբաղեցրել է նաև ԱՄՆ էներգետիկայի նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդականի պաշտոնը:
Հայտնի է, որ նույնիսկ պատկառելի տարիքում դոկտոր Տեր-Պողոսյանը չի կորցրել իր կիրքն ու սերը գիտական հետազոտությունների նկատմամբ: Նա ապրում էր գիտությամբ, բառիս բուն իմաստով, մինչև կյանքի վերջին վայրկյանը։ 1996 թվականի հունիսի 19-ին Փարիզ կատարած այցելության ժամանակ՝ 71 տարեկան հասակում, նա մահացավ սրտի կաթվածից։
Հ.Գ. Ի դեպ, Միքայել Տեր-Պողոսյանը միակ հայը չէ, որը հեղափոխական դեր է ունեցել բժշկության ոլորտում։ Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր կողմերում հայտնված մեր հայրենակիցները ծանրակշիռ հետք են թողել այս բնագավառում։ Օրինակ՝ Ռայմոնդ Վահան Դամադյանը մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆի, այսպես կոչված ՄՌՏ-ի ստեղծողն է, Վարազդատ Ղազանչյանը համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը, Ջոն Նաջարյանը՝ օրգանների ժամանակակից փոխպատվաստման հայրը, Հրայր Շահինյանն էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված մի շարք սարքավորումների հեղինակ է, իսկ Ասատուր Սարաֆյանը (Օսկար Բենքեր) օդամուղ անասեղ ներարկիչի ստեղծողն է։ Սա իսկական հայտնագործություն էր հատկապես զանգվածային պատվաստումներ կատարելու համար։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։
«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։
Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։
Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։
«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։
Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։
Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։
Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։



