Էրիկ Պողոսյանը «Օբի» մրցանակաբաշխությանը

Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին

618
(Թարմացված է 17:24 20.03.2020)
Սովորական հայ ընտանիքում ծնված երիտասարդը կարողացավ նվաճել ամերիկյան թատրոնը, հետո նաև իր տեղը գտնել կինոյում։ Հայտնի գրող, դերասանն այսօր էլ իր դիրքն ու հնարավորություններն օգտագործում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու համար։

ԱՄՆ-ում ծնված հայտնի դրամատուրգ, սցենարիստ, դերասան Էրիկ Պողոսյանն այն հայերից է, որոնք հպարտանում են իրենց ծագմամբ և իրենց դիրքն ու հնարավորություններն օգտագործում ի շահ այն հայրենիքի, որը միգուցե երբեք չեն էլ տեսել։

Էրիկ Պողոսյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում` Էդվինա Ժամկոչյանի և Հենրի Պողոսյանի ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ հաշվապահ էր, մայրը՝ վարսավիր։ Օբեռլինի քոլեջում, զուգահեռ նաև Չիկագոյի համալսարանում սովորելուց հետո տեղափոխվում է Նյու Յորք ու սկսում իր թատերական կարիերան տեղի թատրոններում, հանդես է գալիս և՛ որպես դերասան, և՛ որպես դրամատուրգ։

Актеры Эрик Богосян и Кристина Риччи во время фотосъемки после спектакля Time Stands Still (19 декабря 2010). Нью-Йорк
© AP Photo / Amanda Schwab / Starpix
Էրիկ Պողոսյանը Քրիստինա Ռիչիի հետ

Կարճ ժամանակում նվաճում է ամերիկացի հանդիսատեսի սիրտը` թե՛ իր խաղով, թե՛ իր սուր, անկեղծ, կյանքից վերցրած ստեղծագործություններով։ Պողոսյանը թատրոնում հաճախ ներկայանում էր մենապիեսներով,  դրանցից մի քանիսը ներկայացվել են Նյու Յորքի Շեքսպիրյան փառատոնում։ Նրա գործերից մեկը՝ «Ռադիոզրույցները», ներկայացվել է Պուլիցերյան հեղինակավոր մրցանակի։ Հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն էլ 1988թ.-ին «Ռադիոզրույցները» վերածեց ֆիլմի, որը Էրիկ Պողոսյանին Բեռլինի կինոփառատոնում բերեց «Արծաթե արջ»` լավագույն դերակատարման համար։

Գրաքննադատներն անտարբեր չանցան նրա հեղինակած «Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլ» մենաներկայացման կողքով, որը նկարահանվեց և ներկայացվեց նաև որպես հեռուստաներկայացում։ «Նյու Յորք Թայմսը» մի ամբողջ հոդված նվիրեց մենաներկայացմանը՝ գրելով. «Ֆիլմում Պողոսյանը տեսախցիկի առջև միայնակ է, բայց էկրանը լի է տարբեր կերպարներով...»։

Պողոսյանը երեք անգամ արժանացել է հեղինակավոր Օբի մրցանակին: Տասնյակից ավելի պիեսների, թատերգությունների ժողովածուների հեղինակ է, իսկ նրա «Ճեմուղի» և «Կորսված գեղեցկություն» վեպերը բեսթսելլեր են ճանաչվել։ Նա ոչ միայն  թատրոնի դերասան է, այլև հաջողությամբ հանդես է եկել ֆիլմերում, մի շարք հեռուստասերիալներում։ Պողոսյանի ամենահայտնի դերերից մեկը դարձել է «Օրենք և կարգուկանոն» ֆիլմում ներկայացրած հետաքննիչ կապիտան Դենի Ռոսի կերպարը։

Էրիկ Պողոսյանի՝ օվկիանոսից այն կողմ հայտնվելու պատմությունը նման է միլիոնավոր այլ հայերի կյանքի պատմությանը։ Իր հուշերում դրամատուրգ դերասանը գրում է, որ ընտանիքը Խարբերդից է, պապիկներից երկուսը եկեղեցու սպասավոր են եղել, հայկական կոտորածների օրերին նրանցից մեկին՝ Մկրտիչին, հաջողվել է փախչել, նա փրկել է նաև Էրիկի մայրիկին։ Նրանք միասին տեղափոխվել են ԱՄՆ։

Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

«Ընդհանուր առմամբ իմ ընտանիքում չեն խոսում ցեղասպանության կամ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Թուրքիայում։ Մենք դրանք բացասական մտքեր ենք համարում։ Ու թեպետ ծննդյանս օրը ապրիլի 24-ին է, այս իրադարձությունը երբևէ չի քննարկվել մեր տանը։ Մենք երբեք չենք ասել, որ սա հատուկ օր է։ Երբ ես դարձա դերասան, չէի ցանկանում, որ իմ հայկական ինքնությունն ինձ բնորոշեր, որ ինձ դիտարկեին որպես «էթնիկ դերասան»,- գրել է Պողոսյանը։

Բայց, իհարկե, դա չխանգարեց նրան ուսումնասիրել իր ժողովրդի պատմության ողբերգական էջերը, իմանալ նախնիների ճակատագրի մասին։ Անկեղծանում է, որ Հայոց ցեղասպանության թեման ամբողջ կյանքի ընթացքում է ուսումնասիրել։ Որքան էլ ընտանիքը գաղտնի էր պահում 20-րդ դարասկզբի իրադարձությունները, թերևս չցանկանալով թարմացնել չսպիացող վերքերի ցավերը, բայց 1915-1923թթ. տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունն Էրիկ Պողոսյանին ոգեշնչեց գրել «Նեմեսիս գործողություն» գիրքը, որը լույս տեսավ 2015 թվականի ապրիլին։ Խոստովանում է, որ «Օրենք ու կարգուկանոն» հեռուստասերիալում հետաքննիչի դերակատարումը որոշակիորեն օգնել է իրեն այս խորհրդավոր պատմությունն ուսումնասիրելու ու մարդկանց դատին ներկայացնելու համար։

67-ամյա հայը շարունակում է ապրել ու ստեղծագործել ԱՄՆ-ում, վերջին տարիներին հաճախ է հանդես գալիս տարբեր հեռուստասերիալներում, դրանցից ամենահայտնիներն են «Միլիարդները», «Ժառանգները», վերջերս էլ կինոսիրողների դատին ներկայացվեց «Չհղկված ադամանդներ» ֆիլմը, որում Էրիկ Պողոսյանը հանդես եկավ հայտնի դերասան Ադամ Սենդլերի հետ։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Ի դեպ, նրա երկու որդիները՝ Հարի և Թրևիս Պողոսյանները նույնպես իրենց  տեղն արվեստում են գտել. Թրևիսը սկսնակ կինոպրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ է, իսկ Հարին գրաֆիկ դիզայներ է։       

618
թեգերը:
«Նեմեսիս» գործողություն, Էրիկ Պողոսյան (դերասան, ռեժիսոր), գրող, դերասան, կինո, ռեժիսոր, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
«Հանճարեղ հայր Կոմիտաս». ինչպես Կլոդ Դեբյուսին սիրահարվեց Կոմիտասի երաժշտությանը
Չամուսնացավ, զավակ չունեցավ, բայց այս հայուհուն Իրանում անվանում են «արևային մայր»
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

363
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

363
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

75
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

75
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Աննա Նաղդալյան

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի

0
(Թարմացված է 14:22 05.03.2021)
Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։ 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը: 

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը: 

Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:

Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: 

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Եռակողմ հայտարարություն, Հայաստան, Զանգեզուր, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ