Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը

«Կուլակաթափ» հայկական ձևով, կամ ինչու մեր երկրում հարուստներին չեն սիրում

1967
(Թարմացված է 09:18 10.03.2020)
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում հարյուր երեսուն միլիարդ դոլար են կորցրել։ Կորոնավիրուսի պատճառով։ Նույն կորոնավիրուսի շնորհիվ էլ Չինաստանում միլիարդատերերի թիվն աճել է։ Ի՞նչ է տեղի ունենում այդ առումով Հայաստանում՝ վերլուծում է սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Այս ընթացքում Հայաստանում նախապատրաստվում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա սկսել ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի բռնագրավումը։ Ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Մեր երկրում հարուստներին չեն սիրում։ Մինչև անձամբ չեն հարստանում։

Հարուստները կարող են շարունակել բարգավաճել. նախարարն ասաց, թե ում գույքն է բռնագանձվելու

Բայց հարուստները տարբեր են լինում ու կան. ինչպես Մարքսն էր նշում, կապիտալի պարզամիտ հավաքողներն անգամ գլխի չեն ընկնում, որ փողն ընդամենը միջոց է և ամենևին ոչ նպատակ։ Ոմանք ատում են նոր հարուստներին։ Իսկ քանի որ սոցիալիզմի ժամանակներում հնարավոր չէր հարստանալ այլ կերպ, քան խաբեությամբ ու խարդախությամբ, ապա շատ փող ունեցող մարդիկ ինքնըստինքյան դասվում էին դասակարգային թշնամիների շարքը, ընկնում էին դատախազության անգութ հսկողության տակ։

Խորհրդային Միության տարիներին Կենտրոնական կոմիտեի նախագահության նիստերից մեկի ժամանակ Հայաստանի ներքին գործերի նախարար գեներալ Պատալովը բոլոր մասնակիցներին գունավոր լուսանկարներ բաժանեց։

Լուսանկարներում Չարենցավանի արվարձաններում ինչ-որ տեղ գտնվող երկհարկանի քոթեջ էր` կարմիր տուֆից (այսօրվա հարուստների տներում այդպիսի շինությունները ծառայող անձնակազմին են տրամադրում)։ Տունը պատկանում էր կոմիսիոն խանութի տնօրենին, որը Երևանում հայտնի էր որպես «Կյաժ Հրաչիկ»։

«Բռնագրավե՛լ»,–միաձայն բացականչեց պարտիական վերնախավը։ Բայց սեփականության իրավունքը ձևակերպված էր բոլոր օրենքներին համապատասխան, ամբողջ շինանյութի համար անդորրագրեր և ապրանքագրեր կային, իսկ անցումային արդարադատությանը դեռ շատ կար։

Այդպես ծնվեց մեկ այլ որոշում. «Թող հրաժարական գրի և տունը փոխանցի մանկապարտեզին»։ Բայց այստեղ մի ուրիշ հարց ծագեց. որտեղի՞ց երեխաներ գտնել։ Տունն ամայի վայրում էր կառուցված։ Կարճ ասած, որոշեցին քանդել։

...Ժամանակին «Коммерсант» թերթից նոթատետրի մեջ դուրս եմ գրել, հիմա կպատմեմ, թե ինչպես է վերաբերվում հարուստներին լրագրող Իգոր Սվինարենկոն։ Նա համարում է, որ նրանց մեջ տհաճ մարդիկ շատ կան, բայց առանց նրանց համազգային բարեկեցության հասնել հնարավոր չէ։ Հետո հո սև աշխատանքը հրեշտակները չեն անելու։

Ովքե՞ր են Հայաստանի հարուստները. ԱԱԾ պետն աղմկահարույց բացահայտումներ է խոստանում

Եվ հետո, կոլեգայիս խոսքով, հարուստներն իրենց երեխաներին լավ կրթություն կտան, կուղարկեն հարվարդներ ու քեմբրիջներ, այնտեղից երեխաները կվերադառնան գիտելիքով ու ազնվությամբ լցված, ինչից հետո նրանց մեջ կխոսի ցավոտ խիղճը և նրանք կասեն. «Հայրի՛կ, դու սրիկա ես»։ Ու կսկսեն գործերն ազնվորեն վարել։

Գուցե այդպես է, բայց եթե հայրիկն ի սկզբանե սրիկա չէ, այլ ազնիվ գործարար և օրինավոր մարդ։ Եղե՞լ է նման բան մեր երկրում։ Եղել է։ Հիշեցնեմ թեկուզ Հրանտ Վարդանյանին` «Գրանդ Հոլդինգ» կորպորացիայի հիմնադրին։ Նրա անժամանակ մահից հետո երկու որդիները` Միքայելն ու Կարենը, շարունակում են հոր գործը։

Եվ քանի որ գնացինք պատմության խորքեր, հիշենք նաև Արտյոմ Տարասովին (Թորոսյան)` խորհրդային առաջին օրինական միլիոնատիրոջը, Նիկողայոս Թորոսյանին ծոռ եկող ազգականին։

Ամերիկացի գործարար Վլադիմիր Ալեքսանյանը նրա մասին իր տպավորություններն է պատմել լրագրող Դևիդ Ռեմնիքին. «Ես հիացմունքով եմ նայում նոր սերնդին, երիտասարդ Տարասովներին, որոնք ակնհայտորեն ավելի շատ խաղն են սիրում, քան պարզապես փողը։ Նրանք օրը 16-18 ժամ աշխատում են։ Նրանց մտածելակերպն արդեն լիովին այլ է։ Նրանք օտար լեզուներ գիտեն, նրանք գալիս են Ամերիկա, վարձույթով մեքենա են վերցնում ու ճամփորդում երկրով մեկ։ Նրանք ոչնչից չեն վախենում։ Հանգիստ քննարկում են, որ կարելի է ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վարձել` բեռն ավելի արագ տեղ հասցնելու համար։ Նրանց մտքով էլ չի անցնում, թե ինչ ֆանտաստիկ տեսք ունի դա երեսունից բարձր տարիքի մարդկանց աչքերում»։

Փռել ասֆալտին. վատ մեթոդ կամ ինչպես Հայաստանի հարուստները սովորեն կիսվել

Արագ առաջ գնացող գործարարը (երիտասարդ, թե ծեր` կարևոր չէ) ոչ միայն ընդօրինակման առարկա է, այլ հաճախ նաև նախանձի և ոտնձգությունների։ Հո չենք կարող ժխտել, որ մեզ մոտ ամեն մեկը պատրաստ չէ ուրիշի հաջողությամբ ի սրտե ուրախանալու։

«Ինչո՞ւ հայ գրողները հայտնի չեն ԽՍՀՄ–ում,–ժամանակին հարցնում էր գրականության ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը և ինքն էլ բացատրում,–որովհետև նրանք զգոն հետևում են, որ հանկարծ որևէ մեկն առաջ չանցնի, հանկարծ փառքի չարժանանա։ Կարծես նստած են խրամատում ու սպասում են, թե ով է գլուխը բարձրացնելու, որ կրակեն։

Նույն իրավիճակն է, երբ ոչ թե գրում են, որպեսզի աչքի ընկնեն գրականության ոլորտում, այլ աշխատում են, որ հարստանան։ Բիզնեսի բազմաթիվ «առաջամարտիկներ» իրենց մաշկի վրա են զգացել դա, ընդ որում` ոչ միայն վերահսկող և իրավապահ մարմինների կողմից։

Թոշակի գնացած մի դրամաշորթ, որը ժամանակին աջակցություն էր ցուցաբերել նոր սկսվող շուկայական տնտեսությանը, պատմում է. «Սկզբում գործարարին ամեն ինչ բացատրում են։ Դանդաղ ու հանգամանալից։ Հետո, եթե նա չի հասկանում, որ պետք է վճարի, ծեծում են։ Բայց պրոֆեսիոնալ ձևով։ Մի երկու կոտրված կողոսկր, մի երկու օր հիվանդանոցում։ Հաջորդ անգամ նրան մեքենա են նստեցնում, տանում են անտառ, ձեռքը բահ են տալիս և ասում` գերեզմանդ փորի՛ր։ Սովորաբար այդ պահին բոլորը «կոտրվում» են»։

Պետք չէ հուսալ, որ մեր յուրաքանչյուր հարուստ հայրենակից մեր ժամանակների հերոսն է և ընդօրինակման առարկա։ Բայց նաև չարժե ատել նրանց միայն այն պատճառով, որ նրանք հաջողության են հասել։ Ինչպես և պետք չէ «կուլակաթափ» անել բոլոր նրանց, ովքեր զայրացած պահին ձեռքիդ տակ են ընկել։ Որովհետև լինում է նաև այնպես, որ կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին կոռուպցիայից սարսափելի է դառնում։

1967
թեգերը:
Հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիա, մեծահարուստ, Հայաստան
Ըստ թեմայի
Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց
Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին
Ի՞նչ է պետք Նոր Նորքի բնակչին ծալված վիճակում ամեն օր «Բանգլադեշ» հասնելու համար
Դավիթ Քոչարյանը

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

572
(Թարմացված է 10:09 27.05.2020)
Կորոնավիրուսն այս տարի նաև «Վերջին զանգի» միջոցառումները չեղարկեց։ Դպրոցականներից շատերը տխրեցին՝ չէ որ սեպտեմբերից մտածում էին 12 տարիների ամենասպասված խնջույքի մասին։ Դավիթի ծրագրերն այս դեպքում ամենաքիչը տուժեցին՝ միայնակ քեֆ անել, այսպես թե այնպես, չէր լինի։

Դավիթին արդեն գիտի ոչ միայն ամբողջ Չինչինը։ Նրա մասին այս տարի իմացան նաև հարևան գյուղերում ու շրջկենտրոնում։ Բերդ համայնքն այս տարի 271 շրջանավարտ ունեցավ (նախորդ տարի՝ 280). խոշորացված համայնքում ընդգրկված Չինչին գյուղը միակն էր, որ միայն մեկ շրջանավարտ ուներ։

Երբ բացակա ես` ամբողջ դասարանն է բացակա

Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։ Այն հարցիս՝ բա ինչպես ես դասից փախել, զարմանում է՝ դասարանում միակը լինելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ դպրոցական նման չարաճճիությունները մարդու մտքով էլ չի անցնում։ Իր դպրոցական 12 տարիների ընթացքում մատների վրա է հիշում հիվանդանալու պատճառով բացակայելու դեպքերը։ Ասում է՝ դասարանում միակը լինելը և՛ առավելություն ունի, և՛ թերություն։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by Berd administration
Դավիթ Քոչարյանը

«Մի կողմից ստացվում է, որ ուսուցչի ամբողջ ուշադրությունը դեպի քեզ է ուղղված, բայց այս դեպքում էլ մրցակցություն չկա»։

Աշակերտները քիչ են, բայց ուսուցիչները լավն են. Դավիթը հպարտությամբ է ասում ՝ գյուղի գրեթե բոլոր շրջանավարտները, որ ցանկանում են ուսումը շարունակել, բարձրագույն են ընդունվում անգամ առանց կրկնուսույցի։ Օրինակներից մեկն իր քույրն է, որն արդեն Բրյուսովի ուսանող է։

Դավիթը ոչ միայն այս, այլև 2019-2021թթ. Չինչինի միակ շրջանավարտն է

Այն, որ «Վերջին զանգի» միջոցառում չունեցավ, առանձնապես չի տխրեցրել ու չի հիասթափեցրել Դավիթին. կարևորը՝ բոլորը ջերմ ու անկեղծ շնորհավորել են իրեն, անուշադրության չեն մատնել։ Նույնիսկ օրեր առաջ խնդրել էին սպիտակ վերնաշապիկով լուսանկարվել, որ «Վերջին զանգի» օրը հատուկ շնորհավորեն ու պատմեն Չինչինի միակ շրջանավարտի մասին։

«Հարևանները, ուսուցիչները, բարեկամները, մանկապարտեզի դաստիարակները՝ բոլորը շնորհավորել են»,-ասում է Դավիթն ու միանգամից ավելացնում՝ հեռախոսազանգով։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Չինչինի դպրոցը նախանցած տարի շրջանավարտ չի ունեցել, եկող տարի էլ չի ունենա։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Մանկապարտեզի անձնակազմը Դավիթի համար հետաքրքիր անակնկալ էլ էր պատրաստել. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։

Скала Камень Кузана близ села Чинчин, Тавуш
© Photo : Jemma Manukyan
Չինչին գյուղը

Հիմա Դավիթը կենտրոնացած իր հետագա ծրագրերի մասին է մտածում։ Մաթեմատիկայի միասնական քննության է մասնակցելու. ցանկանում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, ռոբոտատեխնիկա ու մեխատրոնիկա սովորել։ Համագյուղացի տղաներից մեկը հիմա այնտեղ է սովորում, մասնագիտության գրավչության մասին հենց նա է պատմել։ Դավիթն ուզում է սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծել։       

Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է

Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։

Монастырь Шхмурада близ сел Чинчин и Верин Цахкаван, Тавуш
Չինչին գյուղի տեսարժան վայրերից

Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։

Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը

«Անգամ մարդկանց տնամերձերում հին խաչեր կան, մեր գյուղում շատ բան կա, որ տուրիստներին կհետաքրքրի»,- առանձնահատուկ սիրով պատմում է Դավիթն ու կրկնում, որ գյուղն ավելի լավ էլ կարող է լինել, եթե զարգացման ծրագրերն իրականություն դառնան։

Երբ գյուղի 60-70 տոկոսը ծերերն են...

Խորհրդային տարիներին Չինչինը 1000-ից ավելի բնակիչ ուներ, դպրոցն այնքան շատ աշակերտ էր ունենում, որ Ա, Բ, Գ դասարաններ էին կազմվում։ Գյուղապետը՝ Կարեն Դարբինյանը, 1998-ին է դպրոցն ավարտել, դասարանում 13 հոգի էին։ Բայց տարեց տարի շրջանավարտների թիվը պակասեց։

«Հիմա գյուղի 60-70 տոկոսը ծերերն են»,- ցավով ասում է գյուղապետը։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by David Kocharyan
Դավիթ Քոչարյանը հայրենի Չինչինում

Չինչինում 180 տնտեսություն կա, գրանցված բնակիչների թիվը մոտ 630 է, փաստացի ապրում են 400-430-ը։ Մյուսները տան դռները փակել, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնել։

Գյուղը զարգանալու, գրավիչ դառնալու մեծ ներուժ ունի։ Գյուղապետի խոսքով՝  եթե վիրուսը չլիներ, զբոսաշրջության զարգացման համար այս տարի արդեն բավականին շատ բան արած կլինեին, հյուրատներից մեկն արդեն պատրաստ է, մի քանիսն էլ են լինելու։

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

Հիմա Չինչինի պատմության, միգուցե, լավագույն շրջանը չէ, բայց գյուղն ապագա ունի. մանկապարտեզում հիմա քսանից ավելի երեխա կա, նախկինում վեց-յոթն էին։ Այս տարի արդեն երկու ծնունդ են ունեցել, մի քանիսն էլ դեռ սպասվում են։ Ամեն ինչ կորած չէ՝ նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, հաջորդին էլ չեն ունենա, բայց այս տարի Դավիթը կար, երկու տարի հետո էլ նոր շրջանավարտներ կլինեն։

Հ.Գ. Ու էլի Դավիթի մասին...

Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում եմ ես։

Рассвет в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից

-Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռվել, մեծ պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռվից խուսափելը պախարակելի է։

Իսկ մինչ ծառայության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները։

Закат в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից
572
թեգերը:
Գյուղապետ, Գյուղ, Վերջին զանգ, դպրոց, շրջանավարտ, Տավուշ
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

247
(Թարմացված է 17:25 27.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի երեքը մեկում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

247
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը կարիք չունի Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու. Մնացականյան

0
(Թարմացված է 19:42 27.05.2020)
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին, ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։

0