Պետրոս Թովմասյանը

Հայ ռեստորանատերը խորհուրդներ է տալիս լեհ նախարարներին, հյուրընկալում փոխվարչապետին

344
(Թարմացված է 10:30 09.03.2020)
Լեհաստանի Գլիվիցե քաղաքի յուրաքանչյուր բնակիչ գիտի, թե ինչ է նշանակում «բրդուճ»։ Քաղաքի ամենամեծ ու սիրված ռեստորաններից մեկը հայկական է, որտեղ հյուրերին ոչ միայն համով-հոտով կերակրում են, այլև սովորեցնում հայերեն, պատմում հայերի ու Հայաստանի մասին։

Սմարթֆոն չունի, սոցիալական ցանցերից գրանցված է միայն Twitter-ում, որովհետև քաղաքական գործունեության համար է պետք։ 33-ամյա Պետրոս Թովմասյանն այնքան զբաղված է, որ ոչ մի ավելորդ րոպե չունի վատնելու կամ աննպատակ ինքն իրեն զբաղեցնելու համար։ Նա Լեհաստանի ժամանակակից հայ համայնքի ամենահայտնի դեմքերից է։ Թովմասյանը տարբեր նախարարների խորհրդատու-փորձագետ է, ելույթների տեքստեր է գրում քաղաքական գործիչների համար, քիչ էր մնում՝ ընտրվեր Գլիվիցե քաղաքի կառավարման խորհրդի անդամ, պետական կառույցների համար տարբեր մեծ ու կարևոր նախագծեր իրականացնող ՀԿ-ի նախագահն է և քաղաքի միակ հայկական ռեստորանի տերը։

Армянский ресторан Ormiańska в городе Гливице, Польша
© Photo : provided by Petros Tovmasyan
«Ormiańska» հայկական ռեստորանը Լեհաստանի Գլիվիցե քաղաքում

Կար ժամանակ, երբ Գլիվիցեում 400-500 հայ էր ապրում, հիմա 4-5 ընտանիք է մնացել։ Թովմասյանների ընտանիքը Լեհաստանում հայտնվել է 1996 թ.-ին։ Եկել էին 1-2 տարի առևտրով զբաղվելու, բայց այդպես էլ Հայաստան չվերադարձան։ Պետրոսի մանկության հիշողություններում Գլիվիցեի շուկայում ծնողների ու մյուս հայերի կատարած տաժանակիր աշխատանքն է։ Առևտրով զբաղվելն իննսունականներին Լեհաստանում եկամտաբեր էր, բայց և ծանր։ Օրական 10 և ավելի ժամ, առանց հանգստյան օրերի, հայերն առևտրով էին զբաղված, անգամ երեխաներն ուսման փոխարեն ծնողների կողքին շոր ու կոշիկ էին վաճառում։ Այդպես շատերն ուսում չստացան, բայց Պետրոսի ծնողներն ամեն ինչ արեցին, որ որդիները սովորեն, մասնագետ դառնան։ Պետրոսն իրավաբանական կրթություն ստացավ, եղբայրը՝ սպորտային, հիմա Լեհաստանում անվանի մարզիչ է։

Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

«Մոտ 6 տարի առաջ հայրս ու մայրս կորցրին իրենց աշխատանքը, չէին կարողանում նոր գործ գտնել։ Ծանր շրջան էր, որոշեցի ռեստորան հիմնել՝ ծնողներիս օգնելու համար»,- պատմում է Պետրոսը։

Ռեստորանը կոչեցին պարզ ու հասարակ՝  «Ormiańska», այսինքն՝ «Հայկական»։ Ընդամենը 50 քառ. մետր տարածք զբաղեցնող ռեստորանը շատ արագ մարդաշատ դարձավ։

Владелец армянского ресторана Ormiańska Петрос Товмасян с матерью
© Photo : provided by Petros Tovmasyan
Լեհաստանի Գլիվիցե քաղաքի «Ormiańska» հայկական ռեստորանի տերը մոր հետ

«Այնքան շատ մարդ էր հավաքվում, որ ես իմ աշխատանքը թողնում էի, մամայիս հետ ճաշ էի եփում»,- հիշում է Պետրոսը։

Որոշեցին, որ ռեստորանը տեղափոխելու ժամանակն է։ Քաղաքի կենտրոնի շինություններից մեկում միանգամից մի քանի հարկ վարձակալեցին՝ առաջին հարկում ռեստորանը տեղակայվեց, վերևի երկու հարկերում՝Պետրոսի գրասենյակները։ Հիմա «Ormiańska»-ն Գլիվիցեի ամենամեծ ռեստորաններից է, որտեղ հաճախ կարելի է տեսնել նաև Լեհաստանի փոխվարչապետին։

Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը

«Ռեստորանն իմ հոբին է, ես քաղաքականությամբ եմ զբաղվում։ Շատ հետաքրքիր ձևով իմ ռեստորանային բիզնեսն ու քաղաքական կյանքը խառնվում են, որովհետև մեր ռեստորանում հաճախ քաղաքական տարբեր գործիչների հանդիպումներ են տեղի ունենում, մի տեսակ քաղաքական կենտրոն էլ է դարձել»։

Армянский ресторан Ormiańska в городе Гливице, Польша
© Photo : provided by Petros Tovmasyan
«Ormiańska» հայկական ռեստորանը Լեհաստանի Գլիվիցե քաղաքում

Ռեստորանի շեֆ խոհարարը Պետրոսի մայրն է, մսի պատասխանատուն՝ հայրը, մեկ այլ հայ աղջիկ հայկական քաղցրեղենն է պատրաստում։ Լեհերը շատ են սիրում հայկական կերակուրները։ Այստեղ մատուցվում են բոլոր ավանդական, դասական կերակրատեսակները։

Պետրոսի ընտանիքը Վեդիից է, ճաշատեսակները պատրաստվում են տատիկի համով-հոտով բաղադրատոմսերով։ Անկեղծանում է՝ միայն խաշլաման ու հարիսան լավ չեն վաճառվում։ Խաշլաման մի տեսակ սիրուն, ակնահաճո կերակուր չէ,  կատակում է, որ հարիսան էլ լեհերը չեն հասկանում։ Ռեստորանի միջոցով նաև հայերեն են սովորեցնում, օրինակ` Գլիվիցեում յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է նշանակում «բրդուճ»։

«Մեզ համար կարևոր է, որ բոլոր ուտեստները հայկական անուն ունենան։ Ասենք` մաման կարող է մի բան եփել, անունը դնել կերուսուս։ Ճաշացանկում այդպես էլ գրում ենք ու հյուրերին բացատրում, թե որ բառն ինչ է նշանակում»,–պատմում է նա։

Ռեստորանում մատուցվող շատ բաներ հենց Հայաստանից են բերվում՝ գինի, գարեջուր, տարբեր հյութեր, ջեմեր։Միշտ հայկական ժողովրդական երգեր են հնչում։

«Ոչ մի ռաբիս, դրա համար շատ երկար ենք փնտրում, գտնում երգերը»,- ասում է Պետրոսն ու նշում, որ լեհերն այնքան հետաքրքրված են հայկական ամեն ինչով, որ այստեղ ժամանակ առ ժամանակ նաև հայկական թեմաներով բաց դասեր է անցկացնում, պատմում Գարեգին Նժդեհի, Կոմիտասի, հայոց պատմության, լեզվի, մշակույթի, խոհանոցի, հայկական սուրճի մասին։

Армянский ресторан Ormiańska в городе Гливице, Польша
© Photo : provided by Petros Tovmasyan
«Ormiańska» հայկական ռեստորանը Լեհաստանի Գլիվիցե քաղաքում

Պետրոսը նշում է՝ հայ լինելն իրեն երբեք չի խանգարել, լրիվ հակառակը։ Հայերը մեծ ներդրում ունեն ոչ միայն Գլիվիցեի, այլև ամբողջ Լեհաստանի պատմության մեջ։ Օրինակ` յուրաքանչյուր լեհ գիտի, որ 17-րդ դարում, երբ լեհ թագավորը գնացել էր Վիեննա թուրքերի դեմ կռվի, նրա հազար հոգանոց էլիտար զորախմբի զինվորներին հայերն են վճարել։

Владелец армянского ресторана Ormiańska Петрос Товмасян с матерью
© Photo : provided by Petros Tovmasyan
Լեհաստանի Գլիվիցե քաղաքի «Ormiańska» հայկական ռեստորանի տերը մոր հետ

Պետրոսն ընդամենը տասը տարի է, ինչ Լեհաստանի քաղաքացի է, բայց արդեն հասցրել է երկու անգամ առաջադրվել ընտրություններում։ Նախորդ անգամ ընդամենը քսան ձայն չբավարարեց քաղաքի խորհրդում ընտրվելու համար։ Ասում  է՝ էլի է փորձելու։ Սիրով հրավիրում է «Ormiańska» և խոստանում՝ մի օր Գլիվիցեի քաղաքապետի պաշտոնում է դիմավորելու։ Ի դեպ, մի քանի ամսից Պետրոսի հարսանիքն է։ Թեպետ հարսիկը լեհ է, բայց հարսանիքը հայկական ավանդական է լինելու։

344
թեգերը:
Նախարար, փոխնախարար, Ռեստորան, հայ, Լեհաստան
Ըստ թեմայի
Արարատը կհասնի Արարատին. Սուդանում ծնված իտալացի հայը էսկիմոսական սահնակավազքի վարպետ է
Նա Կարապետ անունը փոխարինեց Լյութեր Ջորջով. ինչպես հայը ստեղծեց առաջին բանկոմատը
Պատանի հայը զարմացրել է Լարա Ֆաբիանին ֆրանսիական «Ձայնը» շոուում. տեսանյութ
Դավիթ Քոչարյանը

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

586
(Թարմացված է 10:09 27.05.2020)
Կորոնավիրուսն այս տարի նաև «Վերջին զանգի» միջոցառումները չեղարկեց։ Դպրոցականներից շատերը տխրեցին՝ չէ որ սեպտեմբերից մտածում էին 12 տարիների ամենասպասված խնջույքի մասին։ Դավիթի ծրագրերն այս դեպքում ամենաքիչը տուժեցին՝ միայնակ քեֆ անել, այսպես թե այնպես, չէր լինի։

Դավիթին արդեն գիտի ոչ միայն ամբողջ Չինչինը։ Նրա մասին այս տարի իմացան նաև հարևան գյուղերում ու շրջկենտրոնում։ Բերդ համայնքն այս տարի 271 շրջանավարտ ունեցավ (նախորդ տարի՝ 280). խոշորացված համայնքում ընդգրկված Չինչին գյուղը միակն էր, որ միայն մեկ շրջանավարտ ուներ։

Երբ բացակա ես` ամբողջ դասարանն է բացակա

Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։ Այն հարցիս՝ բա ինչպես ես դասից փախել, զարմանում է՝ դասարանում միակը լինելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ դպրոցական նման չարաճճիությունները մարդու մտքով էլ չի անցնում։ Իր դպրոցական 12 տարիների ընթացքում մատների վրա է հիշում հիվանդանալու պատճառով բացակայելու դեպքերը։ Ասում է՝ դասարանում միակը լինելը և՛ առավելություն ունի, և՛ թերություն։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by Berd administration
Դավիթ Քոչարյանը

«Մի կողմից ստացվում է, որ ուսուցչի ամբողջ ուշադրությունը դեպի քեզ է ուղղված, բայց այս դեպքում էլ մրցակցություն չկա»։

Աշակերտները քիչ են, բայց ուսուցիչները լավն են. Դավիթը հպարտությամբ է ասում ՝ գյուղի գրեթե բոլոր շրջանավարտները, որ ցանկանում են ուսումը շարունակել, բարձրագույն են ընդունվում անգամ առանց կրկնուսույցի։ Օրինակներից մեկն իր քույրն է, որն արդեն Բրյուսովի ուսանող է։

Դավիթը ոչ միայն այս, այլև 2019-2021թթ. Չինչինի միակ շրջանավարտն է

Այն, որ «Վերջին զանգի» միջոցառում չունեցավ, առանձնապես չի տխրեցրել ու չի հիասթափեցրել Դավիթին. կարևորը՝ բոլորը ջերմ ու անկեղծ շնորհավորել են իրեն, անուշադրության չեն մատնել։ Նույնիսկ օրեր առաջ խնդրել էին սպիտակ վերնաշապիկով լուսանկարվել, որ «Վերջին զանգի» օրը հատուկ շնորհավորեն ու պատմեն Չինչինի միակ շրջանավարտի մասին։

«Հարևանները, ուսուցիչները, բարեկամները, մանկապարտեզի դաստիարակները՝ բոլորը շնորհավորել են»,-ասում է Դավիթն ու միանգամից ավելացնում՝ հեռախոսազանգով։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Չինչինի դպրոցը նախանցած տարի շրջանավարտ չի ունեցել, եկող տարի էլ չի ունենա։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Մանկապարտեզի անձնակազմը Դավիթի համար հետաքրքիր անակնկալ էլ էր պատրաստել. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։

Скала Камень Кузана близ села Чинчин, Тавуш
© Photo : Jemma Manukyan
Չինչին գյուղը

Հիմա Դավիթը կենտրոնացած իր հետագա ծրագրերի մասին է մտածում։ Մաթեմատիկայի միասնական քննության է մասնակցելու. ցանկանում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, ռոբոտատեխնիկա ու մեխատրոնիկա սովորել։ Համագյուղացի տղաներից մեկը հիմա այնտեղ է սովորում, մասնագիտության գրավչության մասին հենց նա է պատմել։ Դավիթն ուզում է սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծել։       

Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է

Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։

Монастырь Шхмурада близ сел Чинчин и Верин Цахкаван, Тавуш
Չինչին գյուղի տեսարժան վայրերից

Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։

Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը

«Անգամ մարդկանց տնամերձերում հին խաչեր կան, մեր գյուղում շատ բան կա, որ տուրիստներին կհետաքրքրի»,- առանձնահատուկ սիրով պատմում է Դավիթն ու կրկնում, որ գյուղն ավելի լավ էլ կարող է լինել, եթե զարգացման ծրագրերն իրականություն դառնան։

Երբ գյուղի 60-70 տոկոսը ծերերն են...

Խորհրդային տարիներին Չինչինը 1000-ից ավելի բնակիչ ուներ, դպրոցն այնքան շատ աշակերտ էր ունենում, որ Ա, Բ, Գ դասարաններ էին կազմվում։ Գյուղապետը՝ Կարեն Դարբինյանը, 1998-ին է դպրոցն ավարտել, դասարանում 13 հոգի էին։ Բայց տարեց տարի շրջանավարտների թիվը պակասեց։

«Հիմա գյուղի 60-70 տոկոսը ծերերն են»,- ցավով ասում է գյուղապետը։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by David Kocharyan
Դավիթ Քոչարյանը հայրենի Չինչինում

Չինչինում 180 տնտեսություն կա, գրանցված բնակիչների թիվը մոտ 630 է, փաստացի ապրում են 400-430-ը։ Մյուսները տան դռները փակել, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնել։

Գյուղը զարգանալու, գրավիչ դառնալու մեծ ներուժ ունի։ Գյուղապետի խոսքով՝  եթե վիրուսը չլիներ, զբոսաշրջության զարգացման համար այս տարի արդեն բավականին շատ բան արած կլինեին, հյուրատներից մեկն արդեն պատրաստ է, մի քանիսն էլ են լինելու։

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

Հիմա Չինչինի պատմության, միգուցե, լավագույն շրջանը չէ, բայց գյուղն ապագա ունի. մանկապարտեզում հիմա քսանից ավելի երեխա կա, նախկինում վեց-յոթն էին։ Այս տարի արդեն երկու ծնունդ են ունեցել, մի քանիսն էլ դեռ սպասվում են։ Ամեն ինչ կորած չէ՝ նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, հաջորդին էլ չեն ունենա, բայց այս տարի Դավիթը կար, երկու տարի հետո էլ նոր շրջանավարտներ կլինեն։

Հ.Գ. Ու էլի Դավիթի մասին...

Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում եմ ես։

Рассвет в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից

-Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռվել, մեծ պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռվից խուսափելը պախարակելի է։

Իսկ մինչ ծառայության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները։

Закат в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից
586
թեգերը:
Գյուղապետ, Գյուղ, Վերջին զանգ, դպրոց, շրջանավարտ, Տավուշ
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

416
(Թարմացված է 17:25 27.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի երեքը մեկում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

416
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է

0
(Թարմացված է 20:12 27.05.2020)
Այս ցանկում մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանում 932 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով կասեցվել է. նրանք չեն պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ մշտադիտարկումները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են։

«Մայիսի 26-ի դրությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եվս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն»,- նշված է ՍԱՏՄ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ին իրականացվել է 234 դիտարկում։ Իրականացված մշտադիտարկումների արդյունքում տեսչական մարմինն արձանագրել է, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողներն ավելի շատ են անտեսում անվտանգության կանոնները, իսկ մարզերում էլ անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս կա։

Կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվել են նաև շինարարական աշխատանքներ, ինչպես նաև մի շարք գրասենյակների ու դեղատների գործունեությունը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մշակվել են ոլորտային ուղեցույցներ, որոնք բաժանվել են տնտեսվարողներին։ Վերահսկող մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։

0
թեգերը:
Հայաստան, Արտակարգ դրություն, պարետ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երևանում ժամանակավորապես կասեցվել է մի շարք բուժկենտրոնների աշխատանքը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները