Կաթ

Եթե ցավում է, ուղարկեք «էխո»–ի. ինչու Հայաստանում չեն հավատում լակտոզային անտանելիությանը

158
(Թարմացված է 13:21 02.03.2020)
Իմ մանկության մեծագույն սարսափը ընտանեկան հավաքույթներն էին։ Սոցիոֆոբիայով չէի տառապում, հակառակը՝ սիրում էի ուշադրության կենտրոնում լինել։ Բայց սկսում էի դողալ, երբ ամեն ազգական իր պարտքն էր համարում ինձ կաթնամթերքով կերակրել։

«Ես թթվասեր չեմ սիրում։ Չէ, կաթնաշոռ էլ չեմ ուտում։ Պանիր էլ չեմ ուտում։ Կաթ էլ չեմ ուզում»,–ինչպես կարող էի, հրաժարվում էի։

Յուրաքանչյուր այսպիսի մեկնաբանություն զարմանք էր առաջացնում, և իմ սիրելի ազգականները, համարյա սրտները բռնած, խրատում էին, թե կաթը կալցիումի լավագույն աղբյուրն է, առանց դրա ատամներս կթափվեն, իմ տարիքում պետք է լավ սնվել և այլն։ Իսկ հետո ծնողներիս էին փնտրում, որ նույն դասախոսությունը նրանց գլխին կարդան։

«Հա, փորձել ենք կաթնամթերքի սովորեցնել, բայց դե չի ստացվում, չի ուտում, ու վերջ»,–ասում էին ծնողներս։

«Դե լավ, կմեծանա, խելք կհավաքի ու էլ կամակորություններ չի անի»,–կարեկցանքով ասում էին ազգականներս ու գնում էին նոր զոհեր փնտրելու` խրատներ կարդալու համար։

Զարմանալի չէ, որ խիղճս տանջում էր «բոլոր նորմալ երեխաների պես» կաթնամթերք չուտելու համար։ Երկու տասնամյակ պետք եղավ, որպեսզի ապշեմ սեփական օրգանիզմիս իմաստնությունից, և որ «աննորմալության» զգացումն ընդմիշտ լքի ինձ։

–Ինչպես ենթադրում էի` ձեզ մոտ հիպոլակտազիա է։ Ընդ որում՝ ամենաբարձր աստիճանի,–նայելով անալիզներիս արդյունքները` հայտարարեց իմ հմայիչ բժշկուհին` գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։

–Դա ի՞նչ է նշանակում,–անհանգստացած հարցրի ես։

–Նշանակում է, որ լակտոզային անտանելիություն ունեք։ Ձեզ խստիվ արգելվում է կաթնամթերք օգտագործել։

Հավանաբար բժշկուհին սպասում էր, որ այդպիսի տեղեկությունից ես շոկ կապրեմ կամ գոնե կտխրեմ։ Բայց ոչ, գլխումս անմիջապես միտք ծագեց. «Ախ, ահա թե ինչու ես ենթագիտակցաբար, չնայած բոլոր խրատներին, կաթնամթերքին մոտ չէի գնում»։

Մթերքի տեսակներ, որոնք օգնում են այրել ճարպը, կամ ինչ ուտել մարզվելիս

Որքան իմաստուն է մեր բնազդը, երբ մենք ականջ ենք դնում դրան։ Բայց ես, թեև կաթնամթերք չէի ուտում, սակայն կաթով սուրճ խմում էի, յոգուրտ ուտում էի, պանրով պիցցա ու բուրգերներ պատվիրում էի։ Բժշկի ախտորոշումից հետո ստիպված եղա հրաժարվել այդ ամենից, և փորացավերս տեղում վերացան։

Մինչդեռ նախքան այդ բժշկի մոտ հայտնվելը շատ բժիշկների մոտ էի եղել, շատերը նրանից տարիքով մեծ էին։ Ինձ ուղարկում էին ստամոքսի ուլտրաձայնային հետազոտության, պահանջում էին արյան և դիսբակտերիոզի անալիզներ հանձնել։ Ոչ մի խնդիր չէին հայտնաբերում։ Բժիշկները տարակուսում էին, մեկը նույնիսկ ասաց. «Քո ցավերը քո գլխում են»։ Իհարկե, ես նրան պատասխանեցի այն, ինչ լեզվիս ծայրին էր։

Ուրեմն ինչո՞ւ միայն մեկ բժիշկ, լսելով իմ գանգատները և նայելով «մաքուր» անալիզները, ուղարկեց լակտոզային անբավարարության անալիզ հանձնելու։ Այն էլ՝ ոչ «արտասահմանից եկած կադր», այլ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ։

Հաջորդ քայլը` հարկավոր էր լաբորատորիա գտնել։ Իմ տան շրջակայքում երկու խոշոր լաբորատորիա կա, որտեղ հնարավոր է հանձնել բոլոր հնարավոր անալիզները, բացի լակտոզային անտանելիության անալիզից։ Զանգեցի Երևանի այլ լաբորատորիաներ, և գտնվեց ընդամենը երկու լաբորատորիա, որտեղ նման անալիզ էին անում` Promtest–ը և Abmed–ը։ Դրա համար պետք էր արյուն հանձնել, և երկու օրվա ընթացքում արդյունքները պարզ կլինեին։

«Մեր բժիշկները բավականաչափ տեղեկացված չեն, լաբորատորիաները նոր–նոր են սկսում նման անալիզներ անել։ Շատ բժիշկների համար ավելի հեշտ է բոլոր տեսակի փորացավերի դեպքում «դիսբակտերիոզ» ախտորոշել և բուժել»,–ասաց իմ բժիշկ Շուշան Միրիջանյանը։

Հայաստանում ավագ սերունդն առանձնապես չի հավատում «լակտոզային անտանելիությանը», նրանց համար շարունակում է արժանահավատ մնալ լեգենդը, թե իբր կաթը կալցիումի գլխավոր աղբյուրն է։ Իրականում լոբազգիները, ոսպը, նուշը և թուզը ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Սակայն մեր երկրում ևս լինում են դեպքեր, երբ ավագ սերնդի հարցում մարդկանց բախտը բերում է։ 34-ամյա Արսեն Հայթյանին «լակտոզայն անտանելիություն» են ախտորոշել դեռ նոր ծնված ժամանակ։

«Մամայություն» է անում. հայուհու ալիքը Telegram-ում իր հետևողներին սոված չի թողնում

«Կրծքի կաթ չեմ կերել, ինձ տարել են բժշկի, և պարզվել է, որ լակտոզային անտանելիություն ունեմ»,–պատմում է Հայթյանը։

Նա կաթնամթերք և կաթ պարունակող որևէ սնունդ չի ուտում։ Բայց առանձին դիետոլոգ չունի, անգամ գաստրոէնտերոլոգի մոտ վաղուց չի եղել. օրգանիզմը մանկուց հարմարվել է և, ի տարբերություն ինձ, նրա համար խնդիրներ չի ստեղծել։

Լակտոզայի անտանելիություն կամ հիպոլակտազիա տերմինով նկարագրվում են պաթոլոգիական վիճակները, որոնք առաջանում են լակտազայի մակարդակի նվազման հետևանքով։ Լակտազան ֆերմենտ է, որն անհրաժեշտ է կաթնամթերքում պարունակվող լակտոզայի ճիշտ մարսման համար։ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 65 տոկոսը լակտոզային անտանելիություն ունի։ Ռուսաստանում այսպիսի ախտորոշում ունի մարդկանց 48 տոկոսը։ Հայաստանում նմանատիպ վիճակագրություն չկա։

158
թեգերը:
երեխա, Կաթնամթերք
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

337
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

337
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնեինք. ի՞նչ է երազում Հայաստանի առաջին կին դիջեյը

1357
(Թարմացված է 09:31 11.07.2020)
Լյուդան դիջեյ դարձավ, երբ 20 տարեկանն էլ դեռ չէր լրացել։ Իսկ այդ գործում կարևոր դեր ունեցավ «գիր ու ղուշը»։ Գյումրիում շատերը գիտեն այս կնոջը. նա «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է։

67–ամյա Լյուդմիլա Բիլբիլիդիի օրը սկսվում է ժամը 6-ին. նա հեծանիվով հասնում է Վահրամաբերդ ու հետ դառնում՝ ճանապարհին չմոռանալով լուսանկարել հետաքրքիր դրվագները: Օրվա մեջ սիրում է գրել, հիշել երիտասարդության տարիները, իսկ օրն ամփոփում է իր տնկած ծառն ու ծաղիկները ջրելով, յուրաքանչյուր թուփը շտկելով: Ասում է` կյանքում ամեն ինչ սուտ է, մարդը պետք է ծառ տնկի ու հոգ տանի այդ ծառի մասին:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Գյումրիում Լյուդային շատերը գիտեն. հատկապես ռոքի ու ջազի սիրահարների համար նա 60-80–ականների «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է` Հայաստանի առաջին կին դիջեյը: Ոչ մեկը քաղաքում երաժշտական անցուդարձից այնքան տեղյակ չէ, որքան Լյուդան:

Людмила Билбилиди и Ян Гиллан
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին ու Յան Գիլանը

Նրա նախնիները 1918 թվականից հետո Գյումրի են տեղափոխվել Կարսից: Ծնվել ու մեծացել է Լենինականում, երակներով հույնի ու հայի արյուն է հոսում, մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը, իսկ թե որտեղից ու ինչպես է ծնվել երաժշտության հանդեպ սերը, ինքն էլ չգիտի:

«Սեր էր առաջին հայացքից; Երաժիշտ չեմ, չունեմ երաժշտական կրթություն, բայց առավոտից երեկո երաժշտություն էի լսում: 8-րդ դասարանից «Անգին քարերի» (առաջին ռոք խումբը Լենինականում. խմբ) համերգներին էինք գնում: Մեր սերունդը եղանակ էր ստեղծում քաղաքում»,– հիշում է նա:

Դժվար է հավատալ, բայց պահպանողական Գյումրիում ծնվեցին Հայաստանի առաջին ռոք խմբերն ու առաջին դիսկո դիջեյը:

«1976 թվականին Լենինականում բացվեց Երիտասարդական պալատը, ես 2-րդ կուրսում էի, մեզ հրավիրեցին բացմանը: Կուրսեցիներով որոշեցինք մյուս երկրների նման դիսկոտեկ բացել: Կոմսոմոլները դեմ էին, բայց մենք մի կերպ կազմակերպեցինք: Երևանի պոլիտեխնիկից երիտասարդների հրավիրեցինք, օգնեցին, ու Հայաստանում առաջիններից մեկը այդ դիսկոտեկը կայացավ։ Բայց դիսկոտեկի համար հարկավոր էր վարող՝ դիսկ ժոկեյ, «գիր ու ղուշ» գցեցինք, ու ես քաշեցի»,- պատմում է Լյուդան` հիշելով, որ այդ տարիներին շատ դժվար էր, որովհետև սկավառակներ չկային։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ստիպված էին շատ հաճույքներից զրկել իրենց, փող հավաքել, որպեսզի կարողանային սկավառակներ գնել: Բայց դա արդեն էական չէր, որովհետև այդ երաժշտությունն ամեն ինչ փոխել էր նրանց կյանքում: Լյուդայի խոսքով` դա իրենց կյանքի լավագույն շրջանն էր:

«Մենք կարողացանք հեղափոխություն անել»,- ասում է նա ու հպարտանում, որ ժամանակին 1000 սկավառակ ուներ։ Ճիշտ է, հետո բոլորը նվիրեց ընկերներին ու ուսումնական հաստատությունների, բայց բոլորովին չի զղջում:

Татевик Ованнисян и Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ

Լենինականի առաջին դիսկոտեկներում ռոք երաժշտություն ու տեղական խմբերի երգերն էին լսում: «Ծիծեռնակ», «Շիրակ», «Անգին քարեր», «Կիլիկիա», «The bells», «Արագած», «Ուրարտու», «Վիալպի», «Բիայնա», «Կյանք», «Սփյուռք», «Արեգակ», «Բամբիռ»… սրանք բոլորը 1964-1988 թվականներին գործող ջազ և ռոք խմբերն են: Ցավով է նշում, որ Լենինականի առաջին խմբերի ձայնագրությունները չեն պահպանվել:

Երիտասարդական պալատ, հետո Արվեստի աշխատողների տուն, ապա «Կռունկներ» սրճարան-դիսկոտեկ, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո հեռուստատեսություն, ռադիո, ռոք հաղորդումներ... Լյուդայի ճանապարհը երկար է:

Людмила Билбилиди, 80-е гг
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

«Սերունդն ուրիշ էր, յուրահատուկ ազատություն ուներ: Չէր կանգնեցնում ոչինչ, լինում էր, երբ երեկոյան Բիթլս կամ Արմսթրոնգ էինք լսում, առավոտյան բռնում–տանում էին անվտանգության ծառայության «պադվալներ», բայց էլի հաջորդ օրը նույն էր կրկնվում, նույնիսկ մի անգամ «Առաքյալների» համերգին բոլորին՝ խմբերին ու հանդիսատեսին, բռնեցին, տարան: Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնենք, բայց չստացվեց»,– ասում է նա:

Ավելի ուշ Արթուր Գրիգորյանի աջակցությամբ Լենինականում սկսեցին ջազ լսել: Հայկական ջազի բոլոր վառ դեմքերը ելույթ ունեցան Լենինականում, միջազգային փառատոներ ու նույնիսկ մանկական դիսկոտեկներ կազմակերպվեցին։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

... Հիմա Լյուդայի ապրուստի միակ միջոցը թոշակն է, բայց չի դժգոհում, ասում է` հերիքում է: Մարդկանց հետ շատ շփվել չի սիրում, սովոր է մենակությանը:

«Երջանիկ եմ, որ կարող եմ այսպես ապրել: Չեմ սիրում, երբ փողոցում մեքենաներից ռաբիս երաժշտության ձայն է գալիս, միշտ դրա պատճառով վեճերի մեջ եմ»,– խոստովանում է նա:

Լենինականի երաժշտական ձեռքբերումների մասին Լյուդան կարող է ժամերով խոսել, իր բոլոր պատմությունները երաժշտագետն ամփոփել է «Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» յուրատեսակ տարեգրքում, որում ընդգրկվել են Լենինականի երաժշտական նախասիրությունների ու խմբերի մասին հիշողություններն ու իրադարձությունները: Հայաստանի առաջին կին դիջեյը չի դժգոհում, որ հիմա աշխատանք չունի, հասկանում է՝ նոր սերունդը նոր մարդկանց է ուզում տեսնել, իսկ ինքը երբեք պարապ չի մնում. բացը փորձում է լրացնել հեծանիվ վարելով, նովելներ ու բանաստեղծություններ գրելով:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
«Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» գիրքը

Իր հասակակիցներից շատերի նման երազում է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեսնել կիթառ նվագող տղայի հավաքական արձանը:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի
1357
թեգերը:
Գյումրի, Հայաստան, Լյուդմիլա Բիլբիլիդի, դիջեյ, Կին
Ըստ թեմայի
Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները
«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները
Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

0
(Թարմացված է 21:20 13.07.2020)
Հուլիսի 12-ից անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը։ Հակառակորդը սկսել է հրետակոծել հայկական դիրքերը։ Նրանց կրակոցներն անպատասխան չեն մնացել։ Թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել ներկայացնում է Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան։
Ինչպես է տեղի ունեցել Տավուշի դիրքերի հրետակոծությունը
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն այսօր անդրադարձել են խնդրով զբաղվող միջազգային կառույցները և ոչ միայն։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ՀԱՊԿ-ը, առանձին պետություններին արտաքին գերատեսչությունների ղեկավարներ կոչեր են հղել կամ հեռախոսազրույց ունեցել 2 երկրների իրենց պաշտոնակիցների հետ։

Նշենք, որ հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել Տավուշի ուղղությամբ: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ադրբեջանական զինծառայողներից չորսը մահացել են։ Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հինգ վիրավոր ունի, երեքը զինծառայողներ են, երկուսը` ոստիկան։

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով

0
թեգերը:
հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Սահման, Տավուշ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին