Երբ ինձ հարցնում են` ինչը դուրս կբերեի հրդեհվող տնից, փոքր տարիքում ասում էի՝ փողը, ավելի ուշ` փաստաթղթերը, իսկ հիմա ասում եմ` տատիս հարսանեկան զգեստն ու լուսանկարներով փոքր սնդուկը։ Այդ սնդուկում մեր ընտանիքի և տատ ու պապիս սիրո հիշատակն է։ Նրանց սերը զուսպ ու գեղեցիկ էր, առանց ավելորդությունների։
Նրանք հարսանիքի օրը չէին նշում, սուրբ Վալենտինի օրը չէին տոնում և Տրնդեզին կրակի վրայով չէին թռչում։ Տատս պապիս սիրած ուտեստներ էր պատրաստում, սեղանին դնում նրա սիրած սպասքը, հետևում էր, որ միշտ կոկիկ հագնված և սափրված լինի, իսկ պապս հոգ էր տանում տատիս մասին և պաշտպանում նրան ուժերի ներածին չափով։ Նրանք երբեք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ, երբեմն նույնիսկ «խայթում» էին միմյանց, սակայն բոլորս զգում էինք նրանց սրտի թրթիռը, երբ միասին էին։
Երկրորդ դասարանում մեր հանդեսին ինձ արքայադստեր դերը բաժին ընկավ։ Տատս հանեց 50-ականների ոճի իր արծաթապղնձագույն երանգի զուսպ զգեստը և կարգադրեց հագնել այն։ Ես պտտվում էի զգեստը հագիս, իսկ նրանք պապիս հետ երջանկությունից փայլում էին։ Այդ ժամանակ պապս առաջին անգամ ինձ պարի հրավիրեց։ Տատիս հարսանեկան զգեստն էր, նրան այդ շորը հագած ես չեմ տեսել. սնդուկում հարսանեկան լուսանկարներ չկան։ Հետաքրքրասիրությունն ինձ խեղդում էր։ Որոշ ժամանակ սպասելով` սկսեցի հարցուփորձ անել տատիս, թե ինչպես են ծանոթացել։
Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ
Գրեթե կինոյի արժանի պատմություն։ Պապս վերանորոգում էր իրենց տունը, որպեսզի ամուսնանա, և ծանոթության օրը կեղտոտ շորերով է եղել։ Տատիկս նրան չի հավանել, բայց խղճացել է և որոշել է ժամադրության գնալ։ Պայմանավորվել են թատրոնի մոտ հանդիպել։ Երբ տատս սպասելիս է եղել ապագա ամուսնուն, քիչ հեռու մի տղամարդ է կանգնած եղել` վանդակավոր տաբատով, մուգ պիջակով և փարիզյան ոճով կապած շարֆով։ Նրա ձեռքում գեղեցիկ ծաղկեփունջ է եղել, տատս նայել է նրան ու մտածել. «Ինչ գեղեցիկ տղամարդ է, իսկ ես այն «փնթիի» հետ եմ հանդիպելու։ Բայց... պարզվել է` այդ գեղեցիկ տղամարդը հենց պապս է։ Կարճ ժամանակ հանդիպելուց հետո ամուսնացել են։
Պատմության մնացած մասը հատված առ հատված պատմել են մայրս ու քեռիս։ Բայց ամենահուզիչն իմ սեփական աչքերով եմ տեսել։ Պապիս ծննդյան օրվա նախօրեին տատս պատրաստել էր նրա սիրած բոլոր ուտեստները, հյուրեր հրավիրել և նրան մեծ անակնկալ մատուցել։ Կեսգիշերն անց հյուրերը նոր ցրվեցին, իսկ առավոտյան տատս մահացավ։ Ես տասը տարեկան էի, բայց լավ եմ հիշում, թե ինչպես պապս միանգամից ծերացավ, թուլացավ ու մեկնեց Ռուսաստան` քեռուս մոտ։ Նա փոխանցեց մեզ ամենաթանկը` սնդուկը։ Երբեմն գալիս էր մեզ մոտ, բարձրանում երկրորդ հարկ, հանում սնդուկն ու դանդաղ ուսումնասիրում այն։ Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր զննում էր մի քանի վայրկյան, իսկ տատիս լուսանկարներին երկար էր նայում։ Այդ արարողությունը ժամեր էր տևում։ Երբեմն նա պատմում էր լուսանկարի պատմությունը, իսկ երբեմն կողք կողքի դնում տատիս, մորս ու իմ լուսանկարներն ու պնդում, որ մենք շատ նման ենք։
Տատիս ծննդյան օրը պապս, որն այդքան էլ հավատացյալ չէր, իր սենյակում մոմ էր վառում և ձևացնում, թե չի հիշում` ինչ օր է։ Պապս սիրում էր վալս պարել, և մի օր ինձ հաջողվեց պարզել, որ երիտասարդ տարիքում նրանք տատիս հետ հաճախ են վալս պարել։ Նա ժպտում էր և լռում, իսկ ես նայում էի ու պատկերացնում նրանց այնպիսին, ինչպիսին կային սնդուկի լուսանկարներում։ Նա շատ էր սիրում, երբ տատիս զգեստն էի հագնում, բայց ամենից շատ հիանում էր, երբ ասում էի, որ հենց այս զգեստը կհագնեմ հարսանիքիս։ Պապս տանել չէր կարողանում, երբ ասում էի, որ սիրո գոյությանը չեմ հավատում։
Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում
«Կամակոր ես դու, բայց ոչինչ, կմեծանաս, շատ բան կհասկանաս», – ասում էր ինձ, և մենք սկսում էինք բարձրաձայն ծիծաղել։
Երբ պապս մահացավ, մայրիկիս հետ սկսեցինք դասավորել նրա իրերը և զինվորական գրքույկ գտանք։ Մայրս բացեց գրքույկն ու սկսեց հեկեկալ։ Մեջը լուսանկարներ կային, որոնցում տատս շատ երիտասարդ էր։ Այդ լուսանկարներում իսկապես երևում է մեր նմանությունը։ Նայեցինք իրար ու հասկացանք, որ ավելի քան կես դար հետո էլ պապս հիշում էր տատիս այնպիսին, ինչպիսին եղել էր ծանոթանալիս և միշտ նրան էր փնտրել մեր մեջ։
Նա ճիշտ էր, մենք շատ բան հասկացանք, իսկ ամենակարևորը` իրական սիրուն դժվար են գտնում, բայց այն լուսավորում է ողջ կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Էդուարդ Քալանթարյանին մարզասերները Հայաստանում լավ են ճանաչում։ Նա հայտնի մեկնաբան է. ոմանք նրան միայն որպես ֆուտբոլային մեկնաբան գիտեն, բայց պարզվում է` Քալանթարյանը մեծ հաճույքով մեկնաբանում է նաև այլ մարզաձևերի մրցումները։
Թենիսն աշխարհում սիրված մարզաձևերից մեկն է։ Էդուարդի` այս մարզաձևի ընտրության «մեղավորը» հայրն է։ Սպորտին նվիրվելու գործընթացը Քալանթարյանի համար սկսվեց 5 տարեկանից, երբ հայրը նրան թենիսի խմբակ տարավ։ Դրանից հետո սպորտը Քալանթարյանի համար դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև կենսակերպ ու աշխատանք։
«Հայրս թենիսի աշխարհում հայտնի շատ մոտ ընկեր ուներ` նախկին ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Հրանտ Կարապետյանը։ Հենց նրա մոտ առաջին քայլերը կատարեցի այս մարզաձևում»,–պատմում է Քալանթարյանը։
Տղան շարունակեց մարզվել է թենիսով, բայց գնալով գիտակցում էր, որ կարող էր խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։
«Հայրս պահանջում էր, շատ ուշադիր հետևում էր թենիսի իմ մարզումներին, ես էլ մարզվում էի, որպեսզի ուժեղ թենիսիստ դառնամ։ Բայց որքան թենիսով շատ էի զբաղվում, այդքան հասկանում էի, որ ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում։ Ու ոչ բարձրաձայն հորս հետ միշտ վիճում էի, թե ինչու է ինձ թենիսի տարել, այլ ոչ թե ֆուտբոլի։ Փառահեղ թենիսիստ ինձանից դուրս չեկավ, բայց մինչև հիմա վստահ եմ` եթե ֆուտբոլի գնայի կարող էի նույնիսկ խաղալ մեր ազգային հավաքականում։ Միգուցե շատ բարձր է հնչում, բայց ես գտնում եմ, որ այդ հնարավորությունն ունեի»,- ասում է Էդուարդը։
Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ
Բանակից վերադառնալուց հետո՝ 2003 թվականին, նա մասնակցել է Համահայկական խաղերին։ «Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Հայաստանի առաջնություններում հաղթանակներ շատ եմ ունեցել, բայց ամենակարևոր հաջողությունն ինձ համար գրանցվել է Իրանում 1997 թվականին, որտեղ հաղթանակի հասա ITF (թենիսի միջազգային ֆեդերացիա) մրցաշարում։ Մինչև հիմա ITF արխիվում այդ հաղթանակը կա»,–ժպիտով հիշում է մեկնաբանը։
Իսկ ավելի ուշ թենիսը նրա համար դարձավ պարզապես հաճելի զբաղմունք և շարունակվում է այդպիսին լինել մինչ օրս։
23–ամյա պատանին շատ պատահական հայտնվում է հեռուստաշխարհում։ Ընկերը` Դավիթ Ալավերդյանը, տեղեկացնում է, որ «Հանրային հեռուստատեսությունում» մարզական մեկնաբանի աշխատատեղ կա։
«Գնացի փորձարկման, դրական արձագանքներ եկան (ժպտում է)։ Բայց այն ժամանակ «Հանրայինում» աշխատանքի անցնելու համար շատ արգելքներ էր պետք հաղթահարել։ Ու քանի որ աշխատանքի ընդունվելու գործընթացը ձգձգվում էր, մեկնեցի Մոսկվա, որտեղ իմ ընկերոջ հետ զբաղվում էի թենիսի մարզչի աշխատանքով։ Բայց երկար չդիմացա, մոտ հինգ ամիս անց վերադարձա»,–պատմում է Էդուարդը։
Այդ ընթացքում Սլավա Սարգսյանի հետ կապի մեջ լինելով իմացել է, որ կարող է արդեն անցնել աշխատանքի ու մեկնաբանել 2004թ.–ի Աթենքի օլիմպիական խաղերը։ «Առաջին ֆուտբոլային մեկնաբանությունս էլ կայացավ հենց այդ խաղերի շրջանակում։ Եզրափակիչում Արգենտինան հաղթեց Պարագվային։ Այսպես սկսվեց իմ` մեկնաբանի և լրագրողի կարիերան»,- հիշում է Քալանթարյանը։
Ուղիղ եթերում աշխատանքը մեծացնում է սխալվելու, հավանականությունը, մանավանդ եթե մրցումը կամ խաղը տևում է ժամեր։ «Ժամանակին կամաչեի այս մասին խոսել, բայց հիմա կպատմեմ, որովհետև շատ վաղուց է եղել»,–անկեղծանում է Էդուարդը։
«Հանրայինին» զուգահեռ նա աշխատել է «Հայ TV»-ում, որտեղ մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղերը։ «Մի մեկնաբանության ժամանակ ես տրիբունայում տեսա մի մարդու, որը շատ նման էր հանրահայտ դերասան Ժան Գաբենին, ու ասեցի, որ նա էլ եկել է խաղին հետևելու։ Ընդմիջմանը մի երկրպագու զանգել էր հեռուստաընկերություն ու ասել, որ Գաբենը վաղուց մահացել է։ Երկրորդ կեսում ես այլևս չհիշատակեցի Գաբենին, իսկ հաջորդ օրը մեկ այլ խաղի ժամանակ ներողություն խնդրեցի իմ ասածի համար, բայց իրավիճակը փրկելու համար ասեցի` ճշտել եմ, որ տրիբունայում եղել է Գաբենի եղբայրը», - ծիծաղելով հիշում է Էդուարդը։
Քալանթարյանը երկու զավակ ունի։ Աղջիկը` Նատալին, փոքր հասակում շատ հաղթանակներ ուներ լողի մրցումներում, զբաղվում է նաև թենիսով։
Իսկ որդին` Դավիթը, դեռ հինգ տարեկան է։ «Շատ կուզեի, որ Դավիթը դառնա լավ ֆուտբոլիստ։ Անկասկած փորձելու ենք։ Բայց մեկ կամ երկու տարի հետո արդեն կհասկանանք` արդյոք կարող է որդիս ֆուտբոլիստ դառնալ», - ասում է Քալանթարյանը։
Համենայնդեպս, որդու ծնվելուց հետո ընկերները, հարազատները նրան «Բարսելոնայի» մի քանի մարզահագուստ են նվիրել` ակնարկելով, որ գուցե երեխան իրագործի հոր երազանքը։
Մեր զրույցի վերջում Էդուարդից ճշտեցի, թե ինչ մարզիկներ են նրա մոտ անջնջելի հետք թողել։ Ներկայացնում ենք նրա սիրելի մարզիկների ցանկը.
Քալանթարյանն առանձնակի շեշտեց ռուսական հոկեյի նկատմամբ իր սերը, ու չկարողացավ առանձնացնել մեկ հոկեյիստի։ «Շատ- շատ էի սիրում Սերգեյ Ֆյոդորովին, շատ էի սիրում Ալեքսեյ Յաշինին, բայց բոլորից շատ ինձ համար կա ու կլինի Ալեքսանդր Օվեչկինը»։
Էդուարդի հետ շատ երկար կարելի է խոսել տարբեր մարզաձևերի մասին։ Բայց կարծում եմ` թենիսի կորտում, ֆուտբոլի դաշտում, թե մեկնաբանի բարձրախոսի մոտ նստած` Էդուարդ Քալանթարյանն իր գործն անում է սիրով, պատասխանատվությամբ ու նվիրումով։
Ամանորյա գիշերից հետո զինվորներից մեկին արված հեռախոսազանգս սովորականից երկար տևեց, ու պատճառը ոչ միայն տոնական փոխադարձ շնորհավորանքներն էին, այլև զինվորի համար այն անսովոր փաստը, որ կարող է սովորականից մի փոքր ավելի ազատ խոսել։ Որ այլևս չկա կոորդինատի կամ տեղանքի արտահոսքի այդչափ մեծ վտանգ ու այդչափ կաշկանդված զգուշություն, որքան պատերազմական օրերին։
Քանի դեռ Երևանում շարունակվում էին Նոր տարին նշել–չնշելու բանավեճերը, չկարողանալով զսպել հետաքրքրությունս, հարցրի զինվորին, թե ինչպես դիմավորեցին Նոր տարին։
«Այնքան Նոր տարի չդիմավորեցինք, որքան ճանապարհեցինք հինը», – իմաստուն հեգնանքով պատասխանեց նա։
Անհարմար դադարը լրացնելու համար քմծիծաղով միջամտեցի` ասելով, որ ուղղակի հարցնում եմ ու նկատի չունեմ, որ պետք է տոնածառ զարդարեին, ինչին հետևեց զինվորի` էլ ավելի հանկարծակիի բերող պատասխանը։
«Հենց տոնածառ էլ զարդարել ենք»։ Մի պահ ինձ թվաց, թե կիսահեգնանքը վերածվեց լիարժեք ծաղրի, բայց այս անգամ անհարմար լռությունը կոտրեց հենց ինքը` շարունակելով պատմել հետպատերազմական ամանորյա բանակային գիշերվա մասին։
Մոտոհրաձգային վաշտի տղաներով ճաշարանից վերցրել են 13 հատ պահածո (տուշոնկա) ու ուղևորվել դեպի զորամասից ոչ հեռու գտնվող եղևնին։
«Վերցնում էինք պահածոն, բացում այն, դատարկում միջի պարունակությունը, հիշում պատերազմի ընթացքում մեր զորամասից զոհված տղաներից յուրաքանչյուրին, գրում նրա անունը պահածոյի տուփի վրա, այնուհետև դրա մեջ դնում չոր սպիրտ ու կախում եղևնուց»,–պատմում է նա։
Րոպեներ անց եղևնին զարդարված էր 13 պահածոյատուփերով, ամեն մեկի վրա գրված մի անուն` «Վահե», «Արտյոմ», «Անդրանիկ», «Կարո» և այսպես շարունակ։
«Հետո տեսանք, որ եղևնին գեղեցիկ է, բայց ինչ–որ բան` պակաս։ Այն չուներ գագաթ։ Ես վազեցի զորամաս, որտեղ մասունքի պես պահել էինք մեր վաշտի հերոս հրամանատարի սաղավարտը։ Բերեցի այն ու հագցրեցի եղևնու գագաթին։ Հետո վառեցինք պահածոյատուփերի միջի չոր սպիրտը, ու «խաղալիքները» լուսավորվեցին, ինչպես Նոր տարին մեզ նվիրած եղբայրների հիշատակը»։
Երբ դրոշն ես պահպանում, քեզ են պատվի առնում․ ինչ տեսավ փոխգնդապետ Սիմոնյանը զոհվելուց առաջ
Հեռախոսազրույցը լցվեց այն լռությամբ, որից այդքան խուսափում էինք ամբողջ խոսակցության ընթացքում, հետո զինվորն ասաց.
«Դե լավ, ես պիտի գնամ, հրամանատարը կանչում է ձյուն մաքրելու, որպեսզի ճանապարհները բացենք, առանց այն էլ մեր երկրում բաց ճանապարհներ քիչ են մնացել»...
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: