Բանտ

Համբիկ Սասունյանի ճակատագիրը մեկ մարդու ձեռքում է, կամ ինչով կարող է հայրենիքն օգնել նրան

730
Լիբանանահայ Համբիկ Սասունյանը թուրք դիվանագետի սպանության համար գրեթե 4 տասնամյակ է՝ ԱՄՆ բանտերից մեկում է։ Վաղաժամկետ ազատ արձակման համար հիմա նա սպասում է Կալիֆոռնիայի նահանգապետի որոշմանը, իսկ Թուրքիան այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստում։

Ժորժեթ Սասունյանը մահացավ 2017 թվականին՝ այդպես էլ որդուն` Համբիկ Սասունյանին չտեսնելով ազատության մեջ։ Գրեթե 40 տարի է՝ թուրք դիվանագետի սպանության համար ԱՄՆ բանտերից մեկում իր պատիժն է կրում մեր հայրենակից, լիբանանահայ Համբիկ Սասունյանը։ Նա բանտում հայտնվեց 19 տարեկանում, հիմա արդեն 57 է։ Այս տարիների ընթացքում Սասունյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել։ Միայն 2016–ին կարծես սայլն ուզում էր տեղից շարժվել, բայց նորից ցանկալի արդյունքը չեղավ։ 37 տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերին, Կալիֆոռնիայի դատարանը բավարարեց Սասունյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ միջնորդությունը, 2020 թվականի հունվարին նրան ազատ արձակելու որոշում ընդունվեց։ Նա վերջնական ազատության մեջ կլինի, թե ոչ՝ հիմա միայն Կալիֆոռնիայի նահանգապետից է կախված, որն իրավունք ունի վետո կիրառել դատարանի որոշման վրա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ստամբուլահայ թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը նշում է, որ մեր պետությունն ու ժողովուրդն էլ կարող են այս գործում անելիք ունենալ։ Եթե Թուրքիան կարող է ոչ միայն դիվանագիտական մակարդակով բողոքել, այլև «օգտագործել» ԱՄՆ-ում բնակվող թուրքերին, նրանց ստորագրությունները հավաքել ի նշան բողոքի, ինչու նման մի բան հայերն էլ չեն կարող անել։ Թեպետ հիշում է, որ մի քանի տարի առաջ նման մտադրություն կար, որ հայերն էլ ստորագրություններ հավաքեին, սակայն, ըստ Լոքմագոզյանի, հենց Սասունյանի փաստաբանական թիմը խորհուրդ է տվել դա չանել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու, աղմուկ չբարձրացնելու համար, սակայն արդյունք չեղավ։

«Տասնամյակներ առաջ թուրքական պետությունը դատավարությանը ներկա էր և հետևում էր. նրանք շատ լավ են աշխատում, ի տարբերություն մեզ։ Մենք միայն հետևում ենք, իրենք չեն հետևում, իրենք առաջ են մղում իրադարձությունները իրենց ուզած ձևով, իրենց ուզած ճանապարհով։ Ցմահ ազատազրկումը հենց դրա համար էլ տրվեց, որովհետև Թուրքիան ամբողջ ուժով այդ գործի հետևում կանգնեց, որ հենց այդ պատժին արժանանա»,- նշեց թուրքագետը։

Լոքմագոզյանն ասում է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպիսի որոշում կընդունի նահանգապետը։ Նրա խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ հիմա ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ամեն ինչ կարող է փոխվել։

Մարալիկում «բացել են» Թալեաթի գլուխը

«Սասունյանն էլ ամերիկացիների համար այնքան էլ կարևոր անձ չէ, կարող են բաց թողնել, նաև բաց չթողնել։ Այն, որ մինչև հիմա չեն ազատում, թուրքերը չեն թողնում։ Ամերիկացիների համար մեկ է ՝ ազատ կարձակվի, թե ոչ։ Վերջերս ինչպես օգտագործվեց Հայոց ցեղասպանության խաղաքարտը, Սասունյանն էլ է մի խաղաքարտ Թուրքիայի դեմ։ Եթե Թուրքիան ինչ-որ զիջումներ չանի, ԱՄՆ-ն էլ չստանա Թուրքիայից իր ուզածը, ապա բաց կթողնի»,- կարծում է Լոքմագոզյանը։

Амбик Сасунян
© Photo : Agos
Համբիկ Սասունյանը

Տասնամյակների անազատ կյանքն անգամ մի չի նվազեցրել Համբիկ Սասունյանի հայրենասիրությունը, նրա մտքերը շարունակում են հայրենիքի հետ լինել։ 2012 թվականին Սասունյանը «Հայ զինվոր» թերթի խմբագրությանը նամակ էր գրել, որում նշել էր, թե երանի ինքն էլ 18 տարեկան լիներ ու բանակում ծառայեր։

«Պատրաստ եմ անվերջ ժամերով ու ամիսներով արևի, փոշու, ցրտի և ամեն դժվարության մեջ պահակ կենալ Հայրենիքիս սահմանի վրա… Ավելի մեծ պատիվ ու պարտականություն չկա: Հայրենասիրությունը և ծառայությունը մեր արյան մեջ է, մեր պարտքն ու պատիվը: Մասիսի դիմաց` Մասիսին եք ծառայում, պատիվ բերում ազգին ու Հայրենիքին: Երազում ու միշտ ինքս ինձ հարցնում եմ. «Ե՞րբ պիտի Ձեզ հասնիմ` Հայրենիք, Մասիս, Մերի…»: Խոստանում եմ, որ վերադառնալով, եթե թույլատրեն, գոնե մի քանի օրով սահման կուզեմ երթամ և հսկիմ, պաշտպանիմ մեր երկրի սահմանը: Նույնիսկ հառաջացած տարիքիս մեջ` անելու եմ այդ:Հայրենիքիս զինվորն եմ ցմահ, այդ է սովորեցրել ինձ իմ հայու արյունը»։

Հիշեցնենք, որ 1982 թվականի հունվարի 27-ին, Լոս Անջելեսում՝ Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում 19-ամյա Սասունյանը սպանել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, որն այդ ժամանակ իր մեքենայով կարմիր լույսի տակ կանգնած էր։ 70-ականներին ստեղծված «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը սպանությունից հետո զանգահարել էր տեղական լրատվամիջոցներ ու հայտարարել, որ ստանձնում է սպանության պատասխանատվությունը: Թեև դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության վրեժից, սակայն դատարանը հաշվի առավ քննիչի՝ Սասունյանից կորզած այն հայտարարությունը, թե սպանությունը կատարվել է զոհի ազգային պատկանելության պատճառով։ Այսպես 1984 թ․-ին նրան մեղադրեցին առաջին աստիճանի ծանրության սպանության մեջ (ԱՄՆ քրեական օրենսգրքի 182 հոդված) և դատապարտեցին ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի:

Սասունյանն ի սկզբանե չէր ընդունել հյուպատոսին սպանելու մեղադրանքը, միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002 թվականին, պայմանական ազատ արձակման հնարավորություն ստանալու հույսով նա խոստովանեց հանցանքը և նշեց, որ  ցավակցում է Արըքանի ընտանիքին: Այս խոստովանությունից հետո միայն նրա մեղադրականից հանվեց «սպանությունն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը և նրան շնորհվեց ներման հնարավորության համար խնդրագիր ներկայացնելու իրավունք։ Պայմանական վաղաժամ ազատ արձակվելու Սասունյանի բոլոր դիմում- խնդրագրերը հանդիպել են թուրքական կողմից բողոքների և ճնշումների, ամեն անգամ Թուրքիան խափանել է նրա ազատ արձակվելու հնարավորությունները։

Պատմական իրադարձություն. Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց

Այսպես 2006թ.-ից սկսած ամերիկյան դատարանը մի քանի անգամ մերժեց Սասունյանին, միայն 2016թ․-ին ներման դիմումները քննող հանձնաժողովն առաջարկեց քննարկել նրա խնդրագիրը։ Կալիֆոռնիայի նահանգապետն իրավունք ուներ վետո կիրառել (չեղարկել որոշումը)․ 2017 թ․-ին նահանգապետ Ջերի Բրաունն այդպես էլ վարվեց, և Սասունյանը կրկին մնաց Սեն Լուիս Օբիսպո բանտում:

Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին

Նախորդ տարվա դեկտեմբերին Կալիֆոռնիա նահանգի դատարանը բավարարել էր Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը: Չնայած Թուրքիայի հորդորներին ու բողոքներին՝ 2020 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել ազատ արձակել նրան: Սակայն դեռևս վաղ է վստահ լինել՝ Սասունյանն ազատ կարձակվի, թե կշարունակի մնալ բանտում։ Որոշումը դեռևս պետք է հաստատվի Կալիֆոռնիայի նահանգապետի կողմից, նա իր որոշումը պետք է հրապարակի 90 օրվա ընթացքում։

730
թեգերը:
կալանավոր, Սպանություն, Բանտ, Հայաստան, Համբիկ Սասունյան, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (86)
Ըստ թեմայի
«Ես լավատեսորեն սպասում եմ...». Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Իսրայելում. տեսանյութ
Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը
Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բողոքի ցույց, արխիվային լուսանկար

Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

291
(Թարմացված է 21:32 01.12.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները ի սկզբանե բավական բարդ և վիճահարույց են եղել։
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

Ինչու եմ այսօր այդ մասին խոսում՝ որովհետև շատ լավ հիշում եք` հենց դեկտեմբերի 1-ին, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ազգային խորհուրդը Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում ընդունեցին։ Ու սկսվեց խաղը։ Բայց խոստովանենք` խաղում էինք երևի հիմնականում ինքներս մեզ հետ։ Այսինքն՝ երբ պետք էր, ասում էինք, թե ոչ մի խնդիր չկա, մենք ու Ղարաբաղը անբաժանելի մի մարմին ենք, իսկ երբ հակառակն էր պետք ապացուցել, ասում էինք, թե Արցախը ընդամենը պայքարում է ինքնորոշման համար, ինչը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի ընդունված նորմերին։

Այն ժամանակ էլ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, ոչ բոլորն էին կողմ վերամիավորման օգտին որոշում ընդունելուն։ Հիշենք, որ շատ լուրջ տարաձայնություններ կային։ Նոր սերնդի ներկայացուցիչները երևի չեն էլ հիշում, որ այն ժամանակ՝ ավելի քան 30 տարի առաջ, Ղարաբաղյան շարժման հայտնի գործիչներից մեկը՝ Արկադի Մանուչարովը, հիմնավորում էր՝ դեկտեմբերի 1-ի որոշումը խաղաթուղթ է Բաքվի ձեռքում` իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից։

«Այդ որոշումը պատմական տեսակետից նշանակալի է, մինչդեռ մենք գործնական քայլեր չենք կատարել դրա իրականացման համար: Այդ պատճառով էլ տվյալ որոշումը ոչ մի ուժ չունի, նույնիսկ վնասում է Արցախի ժողովրդին: Մեր առջև դիլեմա է` կա՛մ շտապ կերպով միացնել երկու վարչատարածքային միավորները, կա՛մ գրագետ ձևով «սառեցնել» դեկտեմբերյան որոշումը` աշխարհին ապացուցելու, որ կա ինքնորոշման հարց և ոչ թե տարածքային պահանջատիրության», ասում էր Արկադի Մանուչարովը:

Ավելին, դեկտեմբերի 1-ի վիճահարույց որոշման դեմ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հետագայում Հայաստանի նախագահ դարձավ։

«Դա կարող է ներկայացվել իբրև միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հաստատել Հայաստանի տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ, իսկ քաղաքական տեսակետից նման որոշման կայացումը կլիներ անուղղելի սխալ, քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր նաև արցախահայության ինքնորոշման փաստի իրավացիությունը», հիմնավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այնուամենայնիվ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումն այն ժամանակ ընդունվեց։ Դե, անորոշ տարիներ էին, որքան էլ հիմա կարող է անհավանական և անհավատալի թվալ, այդ անցումային տարիներին Հայաստանի պառլամենտի անդամ դարձան ղարաբաղցի գործիչները, որոնք ընտրվեցին Հայաստանի որոշ ընտրատարածքներից։ Այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը։

Ի դեպ, ըստ հայաստանյան որոշ լրատվամիջոցների, հենց Ռոբերտ Քոչարյանն էլ ամենից շատ շահեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, որովհետև երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականի փետրվարի սկզբին հրաժարական տվեց, և նշանակվեցին նախագահական արտահերթ ընտրություններ, իր թեկնածությունն առաջադրեց այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Վարչապետների առումով այն ժամանակվա մեր Սահմանադրությունը ոչ մի սահմանափակում չուներ՝ կարող էինք նույնիսկ, ասենք, Սինգապուրից վարչապետ բերել, մինչդեռ նախագահի մասին այն Սահմանադրությունում շատ հստակ ասված էր։ Պարզապես մեջբերեմ։ «Նախագահ կարող է դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա արդեն ավելի քան երեք տասնամյակ առաջ դեկտեմբերի ամենասկզբին Հայաստանի խորհրդարանում ընդունված որոշման մասին կարծես թե որևէ մեկը չի էլ հիշում։

Ու միայն կարգախոսներ են հնչում՝ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»։ Այսինքն՝ մենք չենք հիշեցնում, որ ավելի քան 30 տարի առաջ պաշտոնապես միավորվել ենք, բայց սպասում ենք, որ այլ երկրներ կճանաչեն Արցախի անկախությունը։

291
թեգերը:
Արցախ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել
Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին
«Սարմատ»

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

116
Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրն ու ՌԴ ՊՆ վերազինման ծրագիրը բարձր կայունություն ցուցադրեցին անցնող տարվա տնտեսական մրրկայնության պայմաններում և գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների ֆոնին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսական ճգնաժամն այս տարի չխաթարեց սպառազինության զարգացման ռուսական պետական ծրագիրը (Սպառազինության պետական ծրագիր-2020) և ՌԴ դիրքերը զենքի միջազգային շուկայում։ Ռուսական զորքերի համար մատակարարումներն անցած տարվա համեմատ աճեցին 11%–ով։ «Ռոսոբորոնէքսպորտը» արտասահմանյան պատվիրատուներին 10 մլրդ դոլարի չափով ռազմական նշանակության ապրանք մատակարարեց, պահպանեց պատվերների պորտֆելը մոտ 50 մլրդ դոլարի մակարդակում և 9 մլրդ դոլարի նոր պայմանագրեր կնքեց։

Չներքաշվելով սպառազինության մրցավազքի մեջ` Ռուսաստանը 2019 թվականից ավելի քան 1.5 տրիլիոն ռուբլի է ծախսում բանակի ու նավատորմի վերազինման վրա, ընդ որում` 70%–ը ժամանակակից սերիական նմուշների համար։ Մեկ տարվա ընթացքում զորքերն ավելի քան 2300 միավոր նոր սպառազինություն են ստացել։

Ռուսական նավատորմը համալրվել է 35 սուզանավով, վերջրյա նավերով. միայն Բալթյան նավատորմը 6 նոր հրթիռային նավ է ստացել։ ՀՕՊ–ը համալրվել է 4 հատ Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի գնդային հավաքածուով և 6 հատ «Պանցիր» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի դիվիզիոն հավաքածուով։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

Սպառազինության պետական ծրագիր-2020–ի կատարման ընթացքում բանակի և նավատորմի ժամանակակից սպառազինության մակարդակը հասել է 70%–ի, ռազմավարական միջուկային ուժերինը` 83%–ի, ՕՏՈւ–ինը` 75%–ի։ Եվ ընդհանուր առմամբ 2011–2020 թվականների ՌԴ սպառազինությունների զարգացման պետական ծրագիրը դարձավ առաջին լիարժեք իրականացվող ծրագիրը, ինչպես նաև սպառազինության ու տեխնիկայի նոր և ժամանակակից նմուշների զանգվածային մատակարարումներ ապահովեց զորքերի համար։ Արագացումը շարունակվում է, նոր տարում զորքերն ավելի քան 3400 միավոր նոր ռազմատեխնիկա կստանան, 2022 թվականի սկզբին մշտական պատրաստության զորամիավորումների համալրումը սպառազինության նորագույն նմուշներով կգերազանցի 71%–ը։

Խնդիրների օղակում

Հակառուսական պատժամիջոցների և արևմտյան «գործընկերների» անբարեխիղճ մրցակցության հետ մեկտեղ ՌԴ զենքի արտահանման համար մեծ խնդիր դարձավ համավարակը։ Նկատենք, որ 2020 թվականին զենքի համաշխարհային առևտրի ցուցանիշների ընդհանուր «քովիդյան» իջեցում է կանխատեսվում 10%–ի մակարդակում, սակայն Ռուսաստանը պահպանել է առաջատարի դիրքը։ Ռուսական զենքը զբաղեցնում է սպառազինության համաշխարհային շուկայի շուրջ մեկ երրորդը (երկրորդ տեղը ԱՄՆ–ից հետո)։

Ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունը գերազանցապես փակ բնույթ է կրում, բայց հայտնի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ս-400 ԶՀՀ մատակարարման համար երկրորդ պայմանագիրն են ստորագրել, Եգիպտոսը 500 հատ Տ-90ՄՍ տանկեր է պատվիրել, արտասահմանյան պատվիրատուին Մի-38Տ բազմաթիրախային ուղղաթիռներ մատակարարելու համաձայնագիր է ստորագրվել։ Հնդկաստանը պատրաստ է ռուսական Միգ-29 և Սու-30 կործանիչների համար 2 մլրդ դոլար ծախսել։ Արտահանման բարձր ներուժ ունեն հինգերորդ սերնդի Սու-57Է կործանիչները, Մի-28ՆԷ արդիականացված ուղղաթիռներն ու Կա-52Կ նավի վրա տեղակայվող ուղղաթիռները։

Պակաս պահանջարկ չեն վայելում «Անթեյ-4000» Ս-300Վ4 ԶՀՀ–ն ու «Արմատա» զրահամեքենաները։ Ռուսաստանի առաջատարության գինը հասկանալու համար նշենք, որ ՌԴ զենքի արտահանման մոտ 45%–ը ավիացիան է։ 2020 – 2023 թվականներին էլ բազմաթիրախային կործանիչների համաշխարհային արտահանման ծավալը գնահատվում է 110,7 մլրդ դոլար, մարտական ուղղաթիռներինը` 65,3 մլրդ դոլար։

Բարձր տեխնոլոգիաները մարտական շարքերում

Անցնող տարին հատկանշական է ռուսական զենքի քանակական (սերիական արտադրություն) և որակական (մարտական օգտագործում) առաջընթացով։ Մի քանի վառ շտրիխներ` ժամանակագրական կարգով։

Կա-52 «Ալիգատոր» ժամանակակից և ունիվերսալ հետախուզական-հարվածային ուղղաթիռը ստուգվել է Սիրիայի մարտական պայմաններում, կարող է կրել 2,8 տոննա կշռով զինանոց, և այսօր մինչև 100 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ է «փորձում» (աշխարհում նմանատիպը չկա): Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական շարքերում մոտ 140 այդպիսի մեքենա կա։

«Պանցիր» ԶՀՀՀ-ն 2020 թ-ին առաջին անգամ «ոտք դրեց» մարտական նավի տախտակամածին։ Ժամանակի պահանջն էր: Օդային թիրախների արագության և խոցման հնարավորություններն անընդհատ աճում են, դրանց չափն ու նկատելիությունը՝ նվազում։ Հակառակորդի էժանագին անօդաչուների վրա Ս-300 կամ Ս-400 թանկարժեք հրթիռներ ծախսելը ռացիոնալ չէ։ Կոմպակտ համակարգի ծովային մարմնավորումն արդյունավետ կերպով ոչնչացնում է բոլոր տեսակի օդային թիրախները՝ սկսած 20 կմ հեռավորությունից մինչև նավի տախտակամած։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են Ս-350 «Վիտյազ» նորագույն զենիթահրթիռային համակարգի մարտական շահագործումը Լենինգրադի մարզում, և այդ զենքը թույլ է որակական ցատկ կատարել ՀՕՊ-ի ամրապնդման գործում՝ Արևմտյան ռազմավարական ուղղությամբ: Դիվիզիոնում կա 12 կայանք, յուրաքանչյուրի վրա՝ 12 հրթիռ։ Ընդհանուր առմամբ՝ 1728 հրթիռ, որոնք պատրաստ են արագ և ճշգրիտ, ավտոմատ ռեժիմով օդային թիրախներ խոցել ավելի քան 120 կմ հեռավորության և մինչև 30 կմ բարձրության վրա: Ավարտվում են Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի փորձարկումները, որոնց ընթացքում հրթիռը խոցել է թիրախը 553 կմ ռեկորդային հեռահարությամբ:

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Սևծովյան ուղղությամբ Ս-500 համակարգերը կարող են (ուղղակի տեսականորեն) Ղրիմից խոցել ագրեսորի ռմբակոծիչները Բուխարեստի, Անկարայի կամ Կիևի երկնքում (այս բոլոր դեպքերում հեռավորությունը 550 կմ-ից քիչ կլինի)։

ՌԴ ռազմածովային նավատորմը 2020թ․-ին 28 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունում է միանգամից վեց սուզանավ․ չորս ատոմային՝ 955Ա և 885Մ նախագծերի և երկու դիզելային-էլեկտրական՝ 636․3 և 677 նախագծերի։ Չորրորդ սերնդի տասը ռազմավարական ստորջրյա հածանավերը (երեք «Բորեյ» և յոթ «Բորեյ-Ա») մոտակա տասնամյակների համար ռուսական ատոմային եռամիասնության ծովային հիմքը կդառնան և կկրեն ամենաքիչը 160 «Բուլավա» հրթիռներ (դա 1600 առանձնացող մարտագլխիկ է՝ 100-150-ական կիլոտոննա հզորությամբ)՝ 8000 կմ գործողության շառավղով։ Ռուսաստանը սրընթաց կերպով նոր ստորջրյա նավատորմ է ստեղծում, որը կարող է պաշտպանել երկրի շահերը Համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում։

Սկսվել է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների արտադրությունը։ Նորագույն կործանիչն ունակ է օդային և ցամաքային թիրախներ հայտնաբերել մինչև 400 կմ հեռավորության վրա, մինչև 62 օբյեկտ ուղեկցել և թիրախանշում փոխանցել այլ ինքնաթիռներին՝ հարվածային և անօդաչու։ Առաջին խմբաքանակում 76 կործանիչ է ՌԴ պաշտպանության նախարարության համար, հեռանկարում Սու-57-երի երեք ավիագունդ կապահովեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական հնարավորությունների կայուն աճը։

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր մուտք գործելուց առաջ վերջնական փորձարկումներ է անցել նոր ծանր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է թռչել մոլորակի երկու բևեռների վրայով։ Սկզբունքային տարբերությունն այն է, որ նոր ՄԲՀ-ն՝ Յու-71 տիպի գերձայնային բլոկերով, կարելի է օգտագործել որպես գերճշգրիտ ոչ միջուկային զենք։ Մթնոլորտում մոտ 15 Max (7կմ/վ) արագության պարագայում բլոկի կինետիկ էներգիան երաշխավորում է միջուկային զենքին բնորոշ ավերածություններ՝ առանց տարածքի ռադիոակտիվ աղտոտման։ Հիպերձայնային մանևրող մարտագլխիկների զգալի առավելությունը հետագիծը խիստ ճշգրիտ շտկելու և մեկնարկի կետից հազարավոր կիլոմետրեր հեռու անշեղորեն խոցելու ունակությունն է:

Միջուկային էներգետիկ կայանքով խորջրյա «Պոսեյդոն» սարքի փորձարկումները հաստատել են անօդաչու նավարկության եզակի բնութագրերը և գրեթե անսահմանափակ հեռավորությունը։ Դա ռազմավարական միջմայրցամաքային խորջրյա սարք է, որը կարող է 1000 մետր խորությամբ մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն կտրել 100 հանգույց (185 կմ/ժ) արագությամբ: 24 մետր երկարությամբ սարքը կարող է հագեցած լինել սովորական կամ մեգատոննանոց ջերմամիջուկային զինամթերքով և նախատեսված է ավիակիր խմբավորումների, ռազմավարական սուզանավերի բազաների, հակառակորդի առափնյա ենթակառուցվածքի ոչնչացման համար:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Ռուսաստանը հաջողությամբ ավարտում է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի՝ արդյունավետ բարձր ճշգրտության զենքի փորձարկումները, որի համանմանը չկա աշխարհի ոչ մի երկրում: Հոկտեմբերին Սպիտակ ծովում «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատից արձակված «Ցիրկոնը» չորսուկես րոպեում խոցել է Բարենցի ծովում՝ 450 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը և հաստատել է ՌԴ արկտիկական սահմանների և Հյուսիսային ծովային ճանապարհի պաշտպանության հուսալիությունը: Արագությունը գերազանցել է 8 Max-ը, թռիչքի առավելագույն բարձրությունը հասել է 28 կմ-ի։ Նախագծով նախատեսված է հրթիռների մինչև 9 Max (ավելի քան 10789 կմ/ժամ) արագություն և թռիչքի ավելի քան 1000 կիլոմետր հեռավորություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է զորքերը համալրել «Ուրան-6» ականազերծող ռոբոտներով։ Ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է ականապատ տարածքներում անցուղիներ բացելու և զգալիորեն մեծ տարածքներ ականազերծելու համար (ավելի վաղ փորձարկվել է Սիրիայում):

116
թեգերը:
Զենք, Ռուսաստան
Ստեփանակերտի օդանավակայան. արխիվային լուսանկար

Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

100
Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր` վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առանձնանում է բարդագույն լոգիստիկայով։ Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումն ու արդիականացումը թույլ կտա ընդունել Ռուսաստանի ՌՏՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռները, նոր գործողությունների հնարավորություն կտա, զորախմբի մատակարարման հետ կապված բազում խնդիրներ կլուծի։

Ղարաբաղը Հայաստանին կապում է միայն հինգ կիլոմետր լայնություն ունեցող Լաչինի միջանցքը։ Ճանապարհն այժմ ռուս խաղապահաների հսկողության տակ է, բայց ամեն դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման դեպքում այն չափազանց խոցելի է։ Ադրբեջանին Լաչինի փոխանցումից հետո հեռանկարում նոր ճանապարհի (միջանցքի) շինարարություն է։ Սակայն մարդկանց ու բեռների օպերատիվ մատակարարումն արդեն այսօր է անհրաժեշտ։

Ստեփանակերտից Երևան («Էրեբունի» ավիաբազա, «Զվարթնոց») ավտոմեքենայի ճանապարհը 320 կմ է։ Գործողության առաջին օրերին խաղաղապահները հենց այդ ճանապարհով էին Ստեփանակերտ շարժվում։ Հետո՝ նոյեմբերի 28-ին, խառը երթուղի յուրացրին․ բեռներով ու տեխնիկայով վագոնները Ռուսաստանից ժամանում են Բարդա ադրբեջանական երկաթուղային կայարան, որից հետո մեքենաներով ուղղվում են Բարդա – Աղդամ – Ստեփանակերտ երթուղով։ Ամեն դեպքում ճանապարհը երկար է։

Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր` վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։ Տարածաշրջանում իրավիճակի բարդացումը կարող է լրացուցիչ ուժեր ու միջոցներ պահանջել։ Միաժամանակ Ստեփանակերտից ինը կիլմետր հեռավորության վրա կա օդանավակայան, որը տեսականորեն կարող է ծանր ռազմատրանսպորտային ավիացիա ընդունել։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Այստեղ չվերթերը դադարել են 1990-ականների սկզբին՝ մարտական գործողությունների պատճառով։ Օդանավակայանի ենթակառուցվածքը տուժել է Ադրբեջանի կողմից հրթիռակոծության հետևանքով 2020 թվականի սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Թռիչքուղու երկարությունը 2200 մետր է։ Տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ևս 1000 կիլոմետրով երկրարացնել այն ու կողքին նորը կառուցել։ Կարող է պարզվել, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերակենդանացմումն ու արդիականացումն ավելի թանկ չէ, քան տարիներ շարունակ երկար չվերթերի գինը, ժամանակի և ուժերի ահռելի ծախսը։ Օդանավակայանը կարող է նաև քաղաքացիական բեռների տեղափոխման լոգիստիկ կենտրոն դառնալ ու ապագայում կարևոր բաղադրիչ լինել Լեռնային Ղարաբաղի տնտեսական աճի համար։

Երկար ու վտանգավոր ճանապարհ

Ռուս խաղաղապահները 23 դիտորդական կետում շուրջօրյա ռեժիմով հսկում են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի երթևեկության ու տեղի բնակչության տեղափոխության անվտանգությունը։ Նոյեմբերի 14-ից սկսած` ավելի քան 26 հազար փախստական իրենց տուն են վերադարձել։ Տարածաշրջանում ակտիվորեն աշխատում են ռուս սակրավորները, ռազմական բժիշկներն ու ԱԻՆ աշխատակիցները։

Խաղաղապահ խնդիրների լուծումը մշտական շարժունակություն է պահանջում։ Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հայտարարության հիման վրա Մոսկվայի և Բաքվի ստորագրած հատուկ արձանագրությունը նախատեսում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տրանսպորտային շփման ապաարգելափակումը։ Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հանում է արգելքները ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում` նկատի ունենալով չվերթերը Ստեփանակերտի օդանավակայան։ Ուղիղ չվերթը Ռուսաստանից կարող էր վերացնել լոգիստիկայի ու մատակարարման շատ խնդիրներ, նոր գործողությունների հնարավորություն կտար խաղաղապահների 15-րդ զորախմբավորման համար։

Արցախում խաղաղությունը երերուն է, կամ «նոր աշխարհի» վտանգավոր անորոշությունները

Ավելի վաղ Վրաստանն Ադրբեջանի ու Հայաստանի խնդրանքով բացել է իր օդային տարածքը ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի համար։ Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները չվերթեր էին իրականացնում դեպի Երևան, հետո՝ տեխնիկայով անխուսափելի ու երկար երթ դեպի Ստեփանակերտ։ Այժմ ճիշտ ժամանակն է ամբողջովին ապաարգելափակելու տարածաշրջանի երկինքը։ Դա կարող է օգտակար լինել նաև Ադրբեջանին` Նախիջևան տանող ճանապարհի կառուցման համար։

Փակ երկինք

Ստեփանակերտի օդանավակայանը վերանորոգվում էր և պատրաստ էր արդեն 2012 թվականին ինքնաթիռներ ընդունելու։ Դա տեղի չունեցավ Բաքվի դիմակայության պատճառով։ Սակայն եռակողմ հայտարարության ստորագրումից և ռուսական խաղաղարար գործողությունների մեկնարկից հետո իրավիճակը տարածաշրջանում արմատապես փոխվեց։

Ժամանակն է վերանայել մոտեցումները թռիչքների անվտանգության նկատմամբ և չեղարկել արգելքները։ Առավել ևս, որ ադրբեջանահայկական «փոխադարձ ստուգարքի» նախադեպեր կան. Բաքվից Նախիջևան չվերթերն իրականացվում են միջազգային միջանցքերով Հայաստանի երկնքում, հայկական ավիաընկերությունները էլ օգտագործում են Ադրբեջանի տարածքի վրայով անցնող միջազգայնորեն պաշտպանված օդային միջանցքները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 1–ին հայտարարեց. «Կգա օրը, երբ ԼՂ–ում այսօր բնակվող հայերն ու ադրբեջանցիները, որոնք անպայման այնտեղ կվերադառնան, կրկին կապրեն բարիդրացիականության պայմաններում։ Այստեղ լոգիստիկ հարցեր կան, տրանսպորտային հարցեր, էներգետիկ անվտանգություն։ Կդիտարկենք բոլոր այդ հարցերը»։

Սա հուսադրող է։ Եվ եթե բարձրադիր լեռնային տեղանքում գտնվող օդանավակայանը շուտով բացի իր թևերը, դա կօգնի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

100
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտի օդանավակայան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ գրեթե 19 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ