Լեոնիդ Բրեժնև

Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ

1185
(Թարմացված է 21:49 22.01.2020)
Եկեք անկեղծ լինենք: Նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչներից քչերը գիտեն, թե ինչ կատարվեց ուղիղ 51 տարի առաջ այս օրը՝ հունվարի 22-ին։
Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ

Այնինչ 1969 թվականի հունվարի 22-ին աննախադեպ մի բան եղավ՝ մահափորձ Խորհրդային Միության ղեկավարի դեմ: Միանգամից ասեմ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ քչերն են տեղյակ այս մասին։ Այն ժամանակ՝ 60-ականների ամենավերջին այդ փաստը, բնականաբար, կոծկվեց, իսկ հետագայում` արդեն Միության փլուզումից հետո, երբ շատ բան բացահայտվեց, այս մահափորձի մասին էլի շատ քիչ խոսվեց:

Իսկ ես գիտեի դեռ տասնամյակներ առաջ: Այն պարզ պատճառով, որ 70-ականների սկզբներին ծառայել եմ Բալթիկ ծովի ափին՝ Լենինգրադի մարզի Լոմոնոսով շատ գեղեցիկ քաղաքում, այն նույն զորամասում,  որտեղ ինձանից առաջ ծառայել էր լեյտենանտ Վիկտոր Իլյինը՝ հենց այն մարդ, որը փորձեց վերացնել Խորհրդային միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին:

Այդ լեյտենանտի հետ ծառայած սպաներից մեկն ալկոհոլի շատ որոշակի քանակություն ընդունելուց հետո սիրում էր մեզ` շարքային զինվորներիս պատմել Վիկտոր Իլյինի մասին: Ասում էր՝ բավական անհավասարակշիռ մարդ էր, շուտ բռնկվող ու Խորհրդային կարգերն էլ չէր սիրում: Դասական դիսիդենտ, այլախոհ կամ որևէ գաղտնի կազմակերպության անդամ չէր, պարզապես իշխանություններին հայհոյում էր, իսկ երբ 1968 թվականին Խորհրդային զորքերը մտան Չեխոսլովակիա, ճնշելով «Պրահայի գարունը», ընդհանրապես սկսեց արմատական մտքեր արտահայտել:

Բայց դառնանք բուն իրադարձությանը: Ինչու Իլյինը որոշեց սպանել Բրեժնևին հենց հունվարի 22-ին: Պարզապես շատ հարմար առիթ էր: Նախօրեին Երկիր էին վերադարձել սովետական տիեզերագնացները, որոնք պատմության մեջ առաջին անգամ ուղեծրում իրականացրել էին երկու տիեզերանավերի՝ «Սոյուզ-4»-ի և«Սոյուզ-5»-ի միակցումը:Երկրի ղեկավարն այդ օրը պետք է դիմավորեր հերոսներին «Վնուկովո» օդանավակայանում, իսկ այնուհետև Մոսկվայի փողոցներով ուղեկցեր նրանց մինչև Կրեմլ, որտեղ շքեղ արարողություն էր նախատեսված:

Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը վաճառվել է աճուրդում

Իլյինը հասկացավ, որ պահը եկել է: Օգտվելով նրանից, որ զորամասի հրամանատարությունը տեղում չէր` վերցրեց Մակարով տիպի երկու ատրճանակ՝ փամփուշտներով, Լոմոնոսովից ուղևորվեց ուղիղ դեպի «Պուլկովո» օդակայան: Մոսկվայի տոմսը նախօրոք էր գնել: Կասեք՝ բա այդ ատրճանակներն ինչպես անցկացրեց ինքնաթիռ: Հիշեք՝ 1969 թվականն էր, մետաղորսիչ սարքեր չկային: Զինվորականներին էլ առանձնապես չէին ստուգում:

Առավոտ կանուխ հասավ «Շերեմետևո», ուղևորվեց քեռու տուն: Քեռին միլիցիոներ էր, դիմավորեց, կերակրեց լեյտենանտին ու գնաց ծառայության: Բայց պահարանում պահվում էր ոստիկանի ամառային համազգեստը: Իլյինը հագավ այն և շտապեց Կարմիր հրապարակ: Դիրք զբաղեցրեց հենց Կրեմլի պատերի տակ՝ այն դարպասի մոտ, որով պետք է մուտք գործեին կառավարական մեքենաները: Ոչ ոք նրան չէր խոչընդոտում, որովհետեւ ոստիկանական համազգեստով էր:

Երեկոյան կողմ մեքենաները երևացին: Առաջին մեքենան Իլյինը բաց թողեց, ըստ արարողակարգի երկրի ղեկավարը պետք է լիներ երկրորդ մեքենայում: Լեյտենանտը հանեց երկու ատրճանակներն ու երկու ձեռքով միաժամանակ սկսեց կրակել երկրորդ մեքենայի վրա: Նա չգիտեր, որ Բրեժնևը ամենևին էլ այդ մեքենայում չէր, այլ արդեն մտել էր Կրեմլ բոլորովին այլ մուտքով:  Իսկ այն մեքենայում, որի վրա լեյտենանտը մոտ 15 գնդակ արձակեց, գտնվում էին տիեզերագնացներ Բերեգովոյը, Լեոնովը, Նիկոլաևը և աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:

Մեքենայի վարորդը մահացավ տեղում, Ադրիան Նիկոլաևը թեթև վնասվածք ստացավ, բայց կարողացավ բռնել ղեկը և կանգնեցնել անկառավարելի դարձած ավտոմեքենան: Այս ամենն ընդամենը մի քանի րոպե տևեց, վրա հասան անվտանգության աշխատակիցներն ու գետին տապալեցին Իլյինին:

Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Լեոնիդ Բրեժնևին խորվաթ ռեժիսորի ֆիլմում

Նրան հարցաքննում էր անձամբ Յուրի Անդրոպովը՝ ԿԳԲ-ի, այսինքն` Պետանվտանգության կոմիտեի շեֆը, որն ինչպես գիտեք, հետո նաև երկրի ղեկավար դարձավ: Պարզ էր, որ Իլյինին մահապատիժ էր սպասվում, բայց կատարվեց աներևակայելի՝ անմեղսունակ ճանաչեցին և ուղարկեցին հոգեբուժարան: Իսկ 90 թվականին, երբ Սովետն արդեն փլուզվում էր, Գերագույն դատարանը որոշեց ազատ արձակել նրան: Ավելին՝ քանի որ այդ ընթացքում հաշմանդամ էր ճանաչվել, պետությունը նրան բնակարան հատկացրեց:

Մի քանի տարի առաջ լրագրողները փորձեցին նրան խոսեցնել: Ոչինչ չստացվեց՝ ընդամենը մի նախադասություն ասաց. «Ափսոսում եմ միայն, որ անմեղ մարդ մահացավ»: Համաձայնեք՝ իսկապես ցավալի է, որովհետև, պատկերացրեք,  այդ մարդու՝ մահացած վարորդ Իլյա Ժարկովի համար հունվարի 22-ը իր վերջին աշխատանքային օրն էր՝ գործընկերներն արդեն համեստ ճաշկերույթ էին ծրագրում, որպեսզի հաջորդ օրը ճանապարհեին նրան կենսաթոշակի:

1185
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Զինվոր, մահափորձ, Լեոնիդ Բրեժնև
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Ըստ թեմայի
2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ
Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում
Դավոս՝ միջոցների անիմաստ վատնո՞ւմ, թե արժեքավոր գաղափարներ. արժե՞ր հասնել Շվեյցարիա
Թերթեր, արխիվային լուսանկար

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

108
(Թարմացված է 20:45 03.08.2020)
Եկեք անկեղծ լինենք: Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում թաքնված է երկու էություն: Մեկն անընդհատ ձգտում է փոփոխության, մյուսը վախենում է այդ փոփոխություններից:

 

Բեն Բրեդլի. «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա գործը չէ՝ հոգալ հետևանքների մասին»

Չգիտեմ, միգուցե ես չափազանցնում եմ, որովհետև  Երկվորյակների նշանի տակ եմ ծնվել: Բայց ախր Բուլատ Օկուջավան էլ է ժամանակին նկատել․ «Բոլորն ուզում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, բայց բոլորը վախենում են՝ հանկարծ մի բան չպատահի»։

​Եվ հաճախ փոփոխությունները տեղի են ունենում միանգամայն անսպասելի՝ անկախ այն բանից՝ հավատում ենք մենք, թե չենք հավատում, վախենում ենք, թե չենք վախենում, դիմադրում ենք, թե չենք դիմադրում:  Մի շատ հայտնի օրինակ բերեմ։ 1974 թվականին հրաժարական տվեց Ամերիկայի նախագահը: Նման բան ո՛չ Ռիչարդ Նիքսոնից առաջ, ո՛չ էլ նրանից հետո չի եղել: Եվ ով պաշտոնանկ արեց նախագահին՝ իմ գործընկերը՝ ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի թղթակից Բեն  Բրեդլին, որը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ 93 տարեկան հասակում:

​Հիմա չեմ կարող շատ մանրամասն անդրադառնալ Ուոթերգեյթի այդ սկանդալին: Եվ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ, ինչպես ասում են՝ տոննաներով գրքեր ու հոդվածներ են գրվել այդ մասին, ֆիլմեր նկարահանվել: Բոլորդ գիտեք՝ 1972 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ի դեպ, Ռիչարդ Նիքսոնը վերընտրվեց ձայների զգալի առավելությամբ, նրա ղեկավարած հանրապետականները փորձեցին գաղտնալսում իրականացնել հակառակորդների՝ դեմոկրատների գրասենյակում ու բռնվեցին: Եվ Նիքսոնն ամեն ինչ արեց կոծկելու այս ամենը, որպեսզի հասարակությունը չիմանա, որ հետքերը տանում են ուղիղ նախագահական:  Եվ, երբ Ուոթերգեյը սկսեց փորփրել «Վաշինգտոն փոստը», Ամերիկայի այն ժամանակվա արդարադատության նախարար Ջոն Միթչելը թերթի կին հրատարակիչ Քեթրին Գրեհեմին իր մարդկանց միջոցով փոխանցեց հետևյալը․ «Այդ կնոջը ասեք, որ կբռնենք ու ծիծիկները մեծ քամիչով կքամենք»: Համաձայնեք՝ բավական օրիգինալ սպառնալիք է:

​Իսկ Բեն Բրեդլին չընկրկեց: Նրան վերևից՝  նախագահականից անընդհատ հասկացնում էին․ «Դու գիտե՞ս, թե քո սկսած հետաքննությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամերիկայի համար, ապակայունացնում ես իրավիճակը, երբ մենք Վիետնամական պատերազմի մեջ ենք խրված»։ Համաձայնեք՝ շատ ծանոթ փաստարկ է՝ չի կարելի իշխանությունների հանդեպ որևէ բան ձեռնարկել, քանի դեռ փաստացի պատերազմական վիճակում ենք:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հայաստանում էլ այդ փաստարկը միշտ համոզիչ ու տրամաբանական է թվացել: Այնինչ, Բրեդլին ասում էր․ «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա ինչ գործն է հոգալ հետևանքների մասին»: Կներեք, պարզապես համոզված եմ, որ  Բեն Բրեդլիին, որին տարիներ առաջ Բարաք Օբաման հանձնեց Ամերիկայի քաղաքացիական բարձրագույն պարգևը՝ Ազատության մեդալը, և, որի գործունեությունը օրինակ է դարձել ամերիկացի լրագրողների մի քանի սերունդների համար, Հայաստանում  շատերը միանշանակ կորակեին որպես անպատասխանատու լրագրող:

​Ու դժվար է դատապարտել այդ մարդկանց։ Ակնհայտ է, որ մեզ մոտ կա հասարակության որոշակի շերտ՝ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնք համոզված են՝ չի կարելի ոչինչ անել իշխանությունների դեմ, ինչպիսին էլ նրանք լինեն, չի կարելի ապակայունացնել իրադրությունը, մանավանդ որ բոլորովին միանշանակ չէ, թե ինչի կհանգեցնեն փոփոխությունները, արդյոք ավելի արժանի մարդիկ կգան, արդյոք կբարելավվի իրավիճակը, արդյոք ես անձամբ և իմ ընտանիքը, իմ հարազատները կշահենք դրանից: Լիովին հասկանում եմ, թե՛ այդ մարդկանց, թե՛ նրանց մտահոգությունները:  Այս հարցերը բոլորիս են հուզում:

​Ինչևէ, մինչ «Վաշինգտոն փոստը» փորձում էր պարզել ճշմարտությունը, նախագահականն ամեն ինչ արեց մամուլը վարկաբեկելու համար: Մոտավորապես այսպես․ «Մենք մաս մաքուր ենք, այ սրանք՝ այս սրիկա լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում մեր երկրում»: Ու դա ազդեց: Լրատվամիջոցների վարկանիշը իջավ մինչև 40 տոկոս, այսինքն՝ ամերիկացիների մեծ մասն այլևս մամուլին չէր հավատում:

​Բայց գիտե՞ք, թե ինչ կատարվեց հետո: 74-ին Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց, նրա շրջապատից մի քանի տասնյակ մարդ  ձերբակալվեց և դատվեց: Իսկ այդ նույն թվականին սկսվեց դիմորդների աննախադեպ հոսք դեպի ժուռնալիստիկայի ֆակուլտետներն ու դպրոցները՝ բոլորը ուզում էին լրագրող դառնալ: Այսպես հաղթեց ճշմարտությունը:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

108
թեգերը:
Բարաք Օբամա, ԱՄՆ, լրագրություն, Լրագրող
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Ըստ թեմայի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Վանաձորի մանկատան երեխաները

Մանկատունն ու 3 հայ աղջիկների ճակատագիրը. ինչ է լինում հաստատությունից դուրս գալուց հետո

2064
(Թարմացված է 08:59 03.08.2020)
Նրանք տարբեր վայրերում, տարբեր ընտանիքներում են ծնվել, բայց ինչ-որ պահի բոլորի ճակատագրերն ու նաև երազանքները նմանվել են։ Sputnik Արմենիան պատմում է մանկատան շրջանավարտների ու նրանց հետագա կյանքի մասին։

Նունեն և Իննան արդեն ուսանողներ են, Քրիստինան պատրաստվում է հեռակա բաժնի համար քննություններին։ Այս աղջիկներին միավորում է ոչ միայն սովորելու, մասնագիտություն ձեռքբերելու ցանկությունը, այլև նման ճակատագրերը։ Նրանք երեքն էլ Վանաձորի մանկատան շրջանավարտներ են։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Նունեն ու Քրիստինան նույնիսկ կես տարի կենցաղ են կիսել մանկատան երեք այլ աղջիկների հետ Anna Kara  հիմնադրամի վարձակալած բնակարանում: Իսկ մենթոր դայակներն էլ իրենց խորհուրդներով օգնել են ինքնուրույն կյանք սկսել՝ առօրյա գնումներ կատարել, կենցաղային տարբեր խնդիրներ լուծել և այլն։ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Նունեն, Քրիստինան և Իննան գրեթե մեկ տարի քաղաքի լավագույն մասնագետների մոտ բուհական ընդունելության քննությանն են պատրաստվել։ Հիմա աղջիկներն արդեն միասին չեն ապրում. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բնակարանի գնման հավաստագրեր են ստացել, բայց մանկատնից սկսված ընկերությունը մնացել է։

Նունեի պատմությունը

Նունե Պապյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 8 տարեկանում ավագ երկու եղբայրների և քրոջ հետ։ Այնտեղ 10 տարի է անցկացրել։ Թե ինչու ընտանիքի 4 երեխաները մանկատուն տեղափոխվեցին, շատերի նման ինքն էլ պատմել չի ցանկանում։ Ասում է՝ ծնողները ողջ են, հարազատներ էլ ունեն, նրանցից ոմանք Նունեի սոցցանցերի անձնական էջերի ընկերների թվում են, բայց շփում նրանց ու ծնողների հետ չկա։

Нуне Папян
© Photo : provided by Koryun Aslanyan
Նունե Պապյանը

Մանկատանը հայտնվելու պատճառները ցավեցնում են, բայց այնտեղ անցկացրած տարիներից լուսավոր հիշողություններ կան, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողները։ Հենց նրանց աշխատանքին հետևելով էլ իր մասնագիտության ընտրությունն արեց. արդեն Վանաձորի պետական համալսարանի «Սոցիալական մանկավարժության» ֆակուլտետի ուսանողուհի է, անհամբեր սպասում է սեպտեմբերին։

Նունեի համար նոր կյանք է սկսվել՝ մանկատնից դուրս, ինքնուրույն և սեփական բնակարանում։ Ուրախությամբ ասում է՝ արդեն ճաշ եփել գիտի. նոր հմտությունը ձեռք է բերել ընկերուհիների հետ կես տարի առանձին ապրելիս։

Նունեի լավագույն ընկերուհին Իննան է։ Թեպետ ապրում են քաղաքի տարբեր հատվածներում, բայց օրվա գրեթե մեծ մասը միասին են անցկացնում։ Միասին նույն դպրոցն են հաճախել, միասին նույն կրկնուսույցի մոտ պարապել։ Հիմա էլ արդեն համակուրսեցիներ են։ Հարցազրույցի ժամանակ ևս իրար կողքի են։

Իննայի պատմությունը

Իննա Աղաբեկյանն ավագ քրոջ՝ Անիի հետ մանկատանն է հայտնվել 2 տարեկանում։ Հորը չի էլ տեսել, մայրը մենակ է մնացել սոցիալական, առողջական խնդիրների և երկու աղջիկների հետ. նրանց ստիպված մանկատուն է տարել։ Անկեղծանում է՝ մոր դեմ չարացած չէ, տարիների ընթացքում հասկացել է, որ նման որոշում ստիպված է կայացրել։ Բնակարանի գնման հավաստագիր քույրը՝ Անին է ստացել, հիմա քույրերով վերանորոգում են բնակարանը։ Հույս ունեն շուտով ավարտել և մայրիկին էլ իրենց նոր բնակարան բերել։ Առաջին անգամ Նոր տարին նոր տանն ու երեքով են անցկացնելու, այնպես որ կես տարի առաջ արդեն որոշակի ծրագրեր ունեն։

Инна Агабекян
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյանը

Նունեի նման ինքն էլ է սոցիալական մանկավարժի մասնագիտությունն ընտրել։

«Սիրում եմ մարդկանց հետ խոսել, նրանց լսել, կարծում եմ՝ կարողանում եմ խորհուրդներ տալ։ Բացի այդ, ես անցել եմ այդ ամենի միջով, եղել եմ մանկատանը, եղել եմ նաև խնամատար ընտանիքում, գիտեմ, թե այդ իրավիճակում հայտնված երեխան ինչ է զգում, ինչի կարիք ունի, ուզում եմ օգնել նրանց իմ աշխատանքով»,- պատում է Իննան։

Խնամատար ընտանիքում երեք տարի է անցկացրել, այնտեղից մանկատուն է վերադարձել։

Инна Агабекян с сестрой Ани
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյաննը քրոջ` Անիի հետ

«Չստացվեց, իրար չէինք հասկանում»,- խոստովանում է Իննան։ Մի քիչ մասնագիտական վերլուծություն է անում՝ խնամատար ընտանիքում հայտնվեց 14 տարեկանում։ Ինքն արդեն բավականին կայացած մտածելակերպ ուներ, խնամատար ընտանիքում էլ իրենց կարգ ու կանոնն էր հաստատված, երևի խնդիրը դա էր։ Բայց և ավելացնում է՝ եթե ինչ-որ պատճառով սեփական երեխաներն ունենալ չկարողանա, ապա երեխա է որդեգրելու, որ երկու կողմի համար էլ ընտանեկան կայունություն լինի։

Քրիստինայի պատմությունը

Քրիստինա Մաթոսյանը Վանաձորի մանկատանն ամենաքիչն է մնացել՝ չորս տարի, մինչ այդ կրտսեր երկու եղբայրների ու քրոջ հետ խնամքի այլ հաստատությունում էր։ Ինչու են մանկատանը հայտնվել. այս հարցն ակտիվ խոսող, ուրախ ձայնով աղջկան ակնհայտ ցավ է պատճառում. ասում է՝ ընտանեկան խնդիրներ էին, հայրն էլ, մայրն էլ ողջ են, ամուսնալուծված են։ Նրանց հետ կապ չունի, երկար ժամանակ չի տեսել, անկեղծանում է՝ որևէ բան իմանալ չի էլ ցանկանում։ Հետ չի նայում, հիմա՝ միայն առաջ, բայց և սիրով է հիշում այն օրերը, երբ չորս ընկերուհիների հետ մի բնակարանում էին ապրում։

Кристина Матосян
© Photo : provided by Koryun Aslanyan
Քրիստինա Մաթոսյանը

Կենցաղային գրեթե յուրաքանչյուր գործի համար հատուկ գրաֆիկ էին սահմանել, բացի սուրճ եփելուց։ Դա կամավորության սկզբունքով էր։ Արդեն տասն օր է՝ իր սիրուն, հարազատ դարձած բնակարանում է։ Ի տարբերություն Նունեի ու Իննայի՝ Քրիստինա Մաթոսյանի բուհական ընդունելության քննությունն առջևում է։ Դիմել է ՎՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժին։ Հեռակա սովորելով՝ զուգահեռ աշխատել էլ կկարողանա.

«Ինձ պատկերացնում եմ գրասենյակում՝ սեղանի մոտ նստած, վրան լիքը թղթեր լցված, ես էլ թարգմանություններ եմ անում»,- ասում է Քրիստինան։

Կառավարությունը բարձրացնում է աշխատավարձերը. երեխաներին խնամողները պետք է լավ վարձատրվեն

Մի քիչ վախենում է «մեծ–մեծ բաներ» երազել, բայց մտքերն ուժ ունեն. տուն ունի, երազում է մի օր ավտոմեքենա ու իր երազած աշխատանքն ունենալ, գնալ ՌԴ, Սարատովի մարզ՝ իր ծննդավայր, պարզապես պտտվելու, այլ ոչ թե մնալու։ Հստակ որոշել է՝ ընտանիք շուտ չի կազմելու, դեռ պետք է սովորի, աշխատի, գումար վաստակի և կուտակի։ Բայց երբ էլ կազմի՝ երազում է ամուր ընտանիք ստեղծել, լավ կին ու լավ մայր լինել, իր երեխաներին տալ ընտանեկան այն ջերմությունն ու մայրական հոգատարությունը, որից ինքը, եղբայրներն ու քույրը զրկված են եղել։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Հ.Գ. Նշենք, որ հոդվածի հերոսները Վանաձորի մանկատան վերջին շրջանավարտներն են։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ անցյալ տարի 4 գիշերօթիկ հաստատություն և 1 մանկատուն է լուծարվել՝ Վանաձորինը։ Գավառի մանկատան 4 շրջանավարտներից երեքը տղաներ են, որոնք այս տարվա նորակոչիկներն են, իսկ աղջիկը դիմել է Գավառի պետական բժշկական քոլեջ, քննություններն ու արդյունքները դեռ առջևում են։ Վիճակագրություն, թե մանկատան շրջանավարտների որ տոկոսն է բուհեր դիմում և ընդունվում, չկա։ Մանկատնից դուրս գալուց հետո ոչ բոլոր շրջանավարտներ են կապ պահում հաստատության հետ, հետևաբար՝ շրջանավարտների հետագա կյանքի մասին ամբողջական տեղեկություններ հնարավոր չի լինում հավաքագրել։

2064
թեգերը:
տուն, շրջանավարտ, Ուսանող, դիմորդ, բուհ, աղջիկ, Վանաձոր, մանկատուն
Ըստ թեմայի
Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան
Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան

«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում զոհվածների հարազատներին

0
Նիկոլ Փաշինյանը խորապես ցավակցել է զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում մաղթել:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Լիբանանին` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար։
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի մեր եղբայրական ժողովրդին»,– գրել է նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

0
թեգերը:
Վիրավոր, Զոհ, պայթյուն, ցավակցություն, Նիկոլ Փաշինյան, Լիբանան, Բեյրութ