Առնո Բաբաջանյան

Ծննդյան փոխված օրը, կամ ինչպե՞ս հայկական քիթը մատնեց Բաբաջանյանին

395
(Թարմացված է 22:18 22.01.2020)
Իսկ դուք գիտե՞ք, որ հանճարի ծննդյան օրը հունվարի 22–ը չէ, Խաչատրյանն էլ Բաբաջանյանի տաղանդը նկատել է դեռ այն ժամանակ, երբ նա մանկապարտեզ է հաճախել։ Sputnik Արմենիան ներկայացնում է ականավոր կոմպոզիտորի կյանքի հայտնի և ոչ այնքան հայտնի փաստերը։

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը դեռ առջևում է, անկասկած եկող տարի այն մեծ շուքով կնշվի։ Բայց 99 տարեկանն էլ է պատկառելի ու մեծարման արժանի տարիք, հատկապես այն կոմպոզիտորի դեպքում, որի կերպարն անբաժան է նրա անմահ ստեղծագործություններից։ Դրանք անդադար ու երևի ամեն վայրկյան հնչում են մոլորակում։

Իրականում, եթե ճշգրիտ լինենք, Բաբաջանյանի ծնունդը պետք է նշել ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։ Բանն այն է, որ Առնոյի ծննդից երեք տարի անց Լենինը որոշեց մահանալ հենց հունվարի 21-ին, ու հսկայական երկրում սուգ հայտարարվեց։ Այն ժամանակ թվում էր, որ այդ օրը միշտ սուգ է լինելու (Բաբաջանյանի դեպքում այդպես էլ եղավ), ու հայրը մտածեց, որ որդու ծննդյան օրը պետք է փոխել։ Այդպիսի օրը տոնելը կարող էր վատ հետևանքներ ունենալ, ու Առնոյի ընտանիքը ծննդյան վկայականում փոխեց տղայի ծննդյան օրը։

Նա դեռ մանկապարտեզ էր հաճախում, երբ տղային նկատեց Արամ Խաչատրյանը, որն այն ժամանակ դեռ «ծերուկ» չէր, բայց արդեն հայտնի կոմպոզիտոր էր։ Հարցազրույցներից մեկում Բաբաջանյանը կատակել է, որ պարոն Խաչատրյանն առանձնացրել էր նրան հասակի ու քթի պատճառով, որը համապատասխանում էր իր հասակին։ «Նա ընտրյալ է»,- ասել է Խաչատրյանը փոքրիկ Առնոյի մասին, ու այդ ասածը ոչ մի կապ չուներ ֆիզիկական տվյալների հետ։

Ավելի ուշ այնպես ստացվեց, որ ամենադժվար ու ամենաուրախ պահերին Բաբաջանյանի կողքին միշտ հայտնվում էր Արամ Իլյիչը։

Բաբաջանյանի դիպլոմի պաշտպանությունը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում ցնցող էր։ Քննական հանձնաժողովի կազմը «աստղային» էր` Յակով Ֆլիեր, Ալեքսանդր Գոլդենվեյզեր, Հենրիխ Նեյհաուզ և այլն։ Պաշտպանության ընթացքում, դասական ստեղծագործություններից բացի, պետք էր սեփական ստեղծագործությունները ներկայացնել։ Բաբաջանյանը ժյուրիին ներկայացրեց Ալեքսանդր Սկրյաբինի ոճով մի ստեղծագործություն։ Դասականները մինչև վերջ լսեցին ու ասացին, որ լավ կլիներ` նա սեփական ստեղծագործությունը նվագեր. Բաբաջանյանը պատասխանեց, որ հենց այդ էլ արեց։ Քննողները ցնցվեցին ու տհաճ իրավիճակում հայտնվեցին, չէ՞ որ նրանք քաջածանոթ էին Սկրյաբինի արվեստին։

Երեսուն տարի շարունակ՝ կյանքի ուղիղ կեսը, Առնո Բաբաջանյանը մշտապես պայքարում էր սարսափելի հիվանդության դեմ (սպիտակարյունություն), որն ախտորոշել էին 1953 թվականին։ Երեք տասնյակ տարի նա ապրեց երաժշտության մեջ ու երաժշտության շնորհիվ։

Երևի այդ պատճառով է, որ նրա ստեղծագործություններն այնքան դրամատիկ են, չէ՞ որ Առնո Բաբաջանյանը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, փորձում էր հնարավորինս շատ բան հասցնել անել։ Միաժամանակ շարունակում էր ուրախ ու ընկերասեր լինել, սիրում էր ծիծաղել, անեկդոտներ պատմել ու տարատեսակ կատակներ անել։

Բաբաջանյանը մագնիսական ձգողականություն ուներ։ Եվգենի Եվտուշենկոն նրա մասին ասում էր. «Նա երաժիշտ է ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ արտասովոր շնորհալի երաժշտի տքնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Հենց բնությունն է հոգ տարել այդ մասին»։

Իսկ հենց ինքը` մաեստրոն, սեփական անձին իրեն բնորոշ հումորով էր վերաբերվում. «Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակ ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի և շախմատ չէին խաղում, և կյանքն այդքան էլ հետաքրքիր չէր։ Այսօր նույնիսկ չգիտես` երաժշտություն գրես, թե ապրես։ Եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար բեմում կխաղայի, կատակերգու կլինեի։ Կարծում եմ` ես գրոտեսկային կերպար կլինեի»։

395
թեգերը:
Առնո Բաբաջանյան
Ծխող երիտասարդ

Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

123
(Թարմացված է 00:15 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մի տեսակ աննկատ անցավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է գարնան վերջին՝ մայիսի 31-ին։ Սա, իհարկե, հասկանալի է՝ դա նույնն է, ինչ, ենթադրենք, խոսեմ գիրության վնասների մասին, երբ աշխարհում մոլեգնում է ժանտախտը։
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք. նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, միանգամայն իրավացի էր իտալացի քաղաքական գործիչ Սանդրո Պերտինին, երբ ասում էր. «Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում»։ Իտալացու այս կատակին կարելի է երևի ավելացնել, որ ծխողները ոչ միայն հանդուրժող են, այլև հենց իրենք են պայքարում ծխելու դեմ։ Ինչպես թե ինչպես։ Խնդրում եմ` մի համոզեք ինձ, որ մեր հայաստանյան կառավարության անխտիր բոլոր անդամները չծխող են։ Եվ ստացվում է, որ եթե կառավարությունը ծխելու դեմ ծրագիր է ներկայացրել, իսկ այդ կառավարության առնվազն մի մասը ծխում է, ուրեմն ծխողները մտադիր են պայքարել ծխելու դեմ։

Երբ մեր առողջապահության նախկին նախարարներից մեկը պնդում էր, թե ծխող մարդիկ անհաջողակ են, համաձայնեք՝ նախարարի հետ շատ դժվար է համաձայնել։ Կներեք, դա լուրջ փաստարկ չէ։ Դա նույնն է, եթե ես ասեմ. «Այ, առաջին նախագահի օրոք վատ էինք ապրում, որովհետև նա ծխում էր, իսկ երկրորդ նախագահի օրոք երկնիշ տնտեսական աճ ունեցանք, որովհետև ոչ միայն չէր ծխում, այլև բասկետբոլ էր խաղում ու նույնիսկ վինդսերֆինգով էր զբաղվում»։ Չեմ ուզում հիմա բերել բազմաթիվ ծխող, բայց հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի հանկարծ չմեղադրեք ինձ, թե ուզում եմ ապացուցել, որ ծխողները հաջողակ են։ Քավ լիցի, ամենևին չեմ պատրաստվում հերքել անհերքելին և երկու ձեռքով կողմ եմ ծխելը հասարակական վայրերում արգելելու բոլոր նախաձեռնություններին, որովհետև ողջ աշխարհն է շարժվում այդ ուղղությամբ, մենք մի բան էլ ուշացել ենք։

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

Ուղղակի էսպիսի բան էլ կա։ Մարկ Տվենը, որն օրական քսան սիգար էր ծխում, մի անգամ ասել է. «Եթե դրախտում ծխելն արգելված է, չեմ ուզում այնտեղ հայտնվել»։ Չգիտեմ՝ այդ մարդը հաջողակ էր, թե անհաջողակ։ Ինքներդ կարող եք գնահատական տալ, բայց Էռնեստ Հեմինգուեյը միշտ ասում էր. «Ամերիկյան ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է Մարկ Տվենի մի գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ծխախոտի գները բարձրացնելն է, և ողջ աշխարհը հենց այդ ճանապարհով է ընթացել։ Գնացեք Նոր Զելանդիա, որի իշխանությունները մտադիր են 2025 թվականին իրենց պետությունը դարձնել ընդհանրապես smocking free։ Մի տուփ սիգարետը 5 հազար դրամ արժե, կողքի Ավստրալիայում 6 հազարն անցնում է։ Գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա այնտեղի աշխատավարձերը, բա այնտեղի բարեկեցությունը։ Դուք էլ բարձրացրեք ձեր բարեկեցությունը՝ հենց ծխելուց հրաժարվելով։ Եթե, օրինակ, մի տուփ սիգարետի միջին գինը դառնա 1000 դրամ, իսկ դուք օրական հենց մի տուփ եք ծխում, մի ծխեք և տարեկան կխնայեք ուղիղ 365 հազար դրամ։ 365 հազար դրամով կարելի է այցելել Արևմտյան Հայաստան՝ Կարս, Էրզրում, Կիլիկիա, 9 օրով, հարմարավետ ավտոբուսով, երկու անգամվա սնունդով, թուրքագետ խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներով, այդ 9 օրից հինգն էլ՝ ծովափնյա շքեղ հյուրանոցում։

Ասում ենք՝ պատժամիջոցները չափից դուրս խիստ են։ Ու միաժամանակ բողոքում ենք, թե երթուղայինների վարորդները ծխում են։ Այ, եթե գծատերին գոնե հազար դոլարով տուգանեին, լավ էլ կհետևեր, որ վարորդների ծխից չխեղդվեինք։ Էլի համաձա՞յն չեք կտրուկ միջոցներին։ Էդ դեպքում գնացեք Բութան։ Հիմալայան այդ պետությունում գիտե՞ք` ինչ օրենքներ են գործում։ Ոստիկանը կարող է մտնել ձեր բնակարան, ու եթե հանկարծ բռնեցնի ձեզ ծխելուց, երեք տարի կնստեք բանտում։

Կան, իհարկե, փոխզիջումնային տարբերակներ։ Մի քանի տարի առաջ կարդացի, որ Սլովակիայում որոշ կազմակերպություններում այսպիսի կանոն է գործում՝ դուք կարող եք ծխել նույնիսկ աշխատասենյակում, բայց մի պայմանով՝ եթե տվյալ աշխատասենյակում անխտիր բոլորը ծխող են։ Բայց ախր ամեն օր պիտի Աստված կանչեք, որ հանկարծ մի նոր աշխատող չընդունեն, որը ծխող չէ, այլապես ծխողների երջանկությունը հօդս կցնդի սիգարետի ծխի նման….

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

123
թեգերը:
ծխախոտ, Ծխել, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

721
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

721
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Լամպ

Երևանում հոսանքազրկումներ կգրանցվեն

0
(Թարմացված է 09:40 02.06.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն իրականացվում են հետագայում վթարներից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Օրբելի փ. 4 շենքի 2-րդ մուտքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 բաժանորդը, Նորք Մարաշ թաղ.՝ Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Ս․Խանզադյան եւ Շոպրոնի փողոցների սեփական տները Նորքի 4, 5, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Գ․Հովսեփյան 10 փողոցը, Սերո Խանզադյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 33 հասցեն և հարակից ոչ բնակիչ –բաժանորդները:

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

0
թեգերը:
Լույս, էլեկտրաէներգիա, Երևան
Ըստ թեմայի
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Դավթյան. «2020թ–ի առաջին կիսամյակում կունենանք 15-20% էլեկտրաէներգիայի անկում»
Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի