Կինը սպա կենտրոնում

Ինչպես թոթափել ամանորյա հոգնածությունը և հանել սթրեսը. խորհուրդներ հայ կանանց

168
(Թարմացված է 09:34 17.01.2020)
Բուռն կերպով և մեծ շուքով նշեցինք Նոր տարին։ Ոմանց համար այն տևում է մինչև հունվարի 13–ը։ Հիմա արդեն ուրախությունը, խնջույքները և իրարանցումը մնացել են հետևում։

Ամանորյա արձակուրդներ ասվածը շատ հակասական բան է, ամեն դեպքում` հայերի համար։ Արձակուրդը հանգստանալու համար է, բայց տոնական անվերջ վազվզոցից և բազմաթիվ ազգականների հետ անդադար շփումից ավելի շատ ես հոգնում, քան եթե գրասենյակում հանգիստ նստեիր և զբաղվեիր քո գործերով։ Ասվածը հատկապես վերաբերում է կանանց։

Մի խոսքով` հիմա է իսկական հանգստանալու ժամանակը, և թող այդ գաղափարը ոչ մեկին տարօրինակ չթվա։ Եթե աշխատանքը խանգարում է մեկնել քաղաքից դուրս հանգստանալու, առաջարկենք մի քանի գաղափար։

Գաղափար 1

Երևանի բազմաթիվ սպա կենտրոնները պատրաստ են մի քանի ժամով լիակատար հանգիստ ապահովել։ Ընդ որում, դրանք աշխատում են մինչև ուշ գիշեր, այսինքն` աշխատանքից հետո կարելի է գնալ սպա խնամքի կամ մերսման։ Չմոռանանք նաև հանգստյան օրերի մասին։

Գաղափար 2

Եթե սպա սրահները այս կամ այն պատճառով ձեզ դուր չեն գալիս, ապա արժանի այլընտրանք կարող են լինել ակվապարկերը կամ սովորական լողավազանները։ Ջրում անցկացրած մեկ կամ երկու ժամը լիովին կթոթափեն ձեր լարվածությունը և կլիցքավորեն էներգիայով։ Իսկ եթե հաշվի առնել, որ տեղի շատ ակվապարկերում կան ջակուզիներ և շոգեբաղնիքներ, ապա կարելի է վստահ լինել, որ երկար ժամանակով կազատվեք սթրեսից և լարվածությունից։

Գաղափար 3

Լինում է, երբ նույնիսկ սիրելի քաղաքն ինչ-որ մի պահի սկսում է նյարդայնացնել։ Դա հատկապես անտանելի է դառնում, երբ ամանորյա իրարանցմանը փոխարինում են խցանումները։ Այդ դեպքում միակ ելքը քաղաքից դուրս գնալն է։ Բարեբախտաբար, Հայաստանը հարուստ է հանգիստ և գեղեցիկ վայրերով։

Ի՞նչ ընդհանուր բան կա հայ եկեղեցու տոնի և հին Նոր տարվա միջև

Կարելի է գնալ մեկ կամ երկու օրով։ Մենք մեր կողմից կհուշենք մի քանի ուղղություն...

«Կանյոնի» հմայքը

Եթե չեք ուզում շատ հեռու գնալ, բայց վայելել հիասքանչ տեսարաններ, ապա ամենահարմար տեղերից մեկն Աշտարակի ձորն է, որտեղ վեր են խոյանում երկու հիանալի եկեղեցիներ` Սաղմոսավանքը և Հովանավանքը` թվագրված 13–րդ դարով։

Այս սեզոնին էքսկուրսիոն խմբերը շատ չեն, այնպես որ հանգստությունն ու խաղաղությունը երաշխավորված են։ Նստելով հնագույն եկեղեցու մոտ և հիանալով Քասախ գետի փառահեղ կիրճով` կարելի է լիովին կտրվել առօրյա հոգսերից և ընկղմվել «կեցության անտանելի թեթևության» մեջ։ Կարելի է կարգավորել սեփական մտքերը ու նաև մտածել այս տարվա ծրագրերի մասին։ Մի խոսքով` կատարյալ վայր է մեդիտացիայի և հանգստի համար։

Բազմաշերտ Տավուշը

Եթե ավելի շատ ժամանակ ունեք և աղմկոտ մայրաքաղաքից դուրս ուզում եք անցկացնել երկու կամ երեք օր, ապա անդորրի, մաքուր օդի և գեղեցիկ տեսարանների համար ավելի լավ է մեկնել Տավուշի մարզ, մասնավորապես Դիլիջան կամ Ենոքավան։ Ցանկացած ճաշակի լավ հյուրանոցների լայն ընտրությունն ավելի հաճելի կդարձնեն ձեր հանգիստը Տավուշում։ Պետք է նշել, որ դրանցից շատերն առաջարկում են իրենց հյուրերին լողավազան, համամ, սպա և բուժիչ կենտրոն։

Ամանորին քանի՞ մարդ է այցելել թանգարաններ. Փաշինյանը թվեր է հրապարակել

Այստեղ հանգիստը կարող է ոչ միայն պասիվ լինել, այլ նաև ակտիվ։ Այսպես, Ենոքավանում կարելի է ձիավարություն կազմակերպել, ընդ որում ոչ միայն ձիարշավարանի տարածքում, այլ նաև անտառում։ Կարելի է ուղղակի շփվել այդ հիասքանչ կենդանիների հետ, որոնք կարող են ազատել սթրեսից։ Այստեղ հնարավոր է նաև էքստրիմ–ժամանց` ճախրուղի (զիփլայն), տարբեր արհեստական արգելքների հաղթահարում և այլն։

Մշակութային մայրաքաղաքի գրավչությունը

Թեև Գյումրին իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, բայց այն եռուզեռով լի չէ։ Հակառակը, ժամանակն այստեղ դանդաղ և հանգիստ է հոսում։ Քաղաքի փոքր կենտրոնը գրավում է ոչ միայն իր հյուրընկալ տներով և հետաքրքիր պատմություններով, այլ նաև ներդաշնակության յուրահատուկ մթնոլորտով։ Երբեմն թվում է, որ սա անցյալի կոլորիտային ուրվանկար է` անսպասելիորեն հայտնված 21–րդ դարում։

Այստեղ միմյանցից ոչ հեռու գտնվում են Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարանները։ Զբոսնելով կենտրոնում` անպայման մտեք դրանցից յուրաքանչյուրը։ Այդ զբոսանքից հետո կարելի է մտնել սրճարան, որտեղ ձեզ ինչ-որ անսովոր ու համեղ բան կառաջարկեն սուրճի հետ։

Արվեստների ու արհեստների այս հյուսիսային մայրաքաղաքում անցկացրած մի քանի օրը ոչ միայն կընդլայնի ձեր աշխարհայացքը, այլ նաև բազմազան կդարձնի աշխատանքային առօրյան։ Առավել ևս, որ քաղաքում շատ են բարձրակարգ հյուրանոցները և հարմարավետ հյուրատները։

Այս օրերի հանգիստը թույլ կտա ոչ միայն թոթափել ամանորյա հոգնածությունը, այլ նաև կազատի հետտոնական դեպրեսիայից։ Այն հատկապես օգտակար է հայ կանանց համար, ովքեր անընդհատ զբաղված են խոհանոցով և կենցաղային գործերով։

168
թեգերը:
խոհանոց, Կին, սթրես, դեպրեսիա, Սպա, լողավազան, Տավուշ, Արձակուրդ, Ամանոր, Հայաստան
թեմա:
Նոր տարի (72)
Ըստ թեմայի
Ամանորի գիշերվա երազները «շարքային» չեն լինում․ ինչից է պետք զգուշանալ և ինչից` ուրախանալ
Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի. ՀՌՀ
Ինչպե՞ս հաղթահարել հետտոնական դեպրեսիան. Sputnik–ի հյուրը Անահիտ Արզումանյանն է
Սերգեյ Քալենջյանը

Ոչ միայն կենացով. սփյուռքահայ տնտեսագետն ուզում է Հայաստանում կառավարման նոր մոդել ներդնել

107
(Թարմացված է 17:50 07.05.2021)
Ժամանակակից աշխարհում կառավարման մոդելը պետք է լինի ոչ այնպիսին, ինչպես պատկերացնում են մեզանից շատերը։ Հայաստանում նոր մոտեցումների ուսուցմամբ ուզում է զբաղվել Ռուսաստանում կորպորատիվ կառավարման գծով ամենահայտնի մասնագետներից մեկը` Սերգեյ Քալենջյանը։

Արդյո՞ք սփյուռքից մասնագետների կարելի է հրավիրել Հայաստան։ Կարելի է և անհրաժեշտ է, սակայն ոչ խնջույքների և կենացների համար։ Այս կարծիքին է տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Քալենջյանը։ Նա Ռուսաստանում կառավարման տեսության առաջատար մասնագետներից է, ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրենը։

Դեռ 1980-ականների վերջին Քալենջյանն աշխատում էր Հայաստանի օգնության փորձագիտական հանձնաժողովում, որը գլխավորում էր ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը։

Քալենջյանը կազմում էր Հայաստանում բիզնես–դպրոցի հիմնադրման նախագիծը, որը կօգներ տեղի ձեռնարկություններին հաջողությամբ անցնել կառավարման նոր մոդելի (որն այն ժամանակ տնտեսահաշվարկային էին կոչում)։ Այն ժամանակ դա իրականացնել չհաջողվեց, սակայն հետագա տարիներին հայկական բուհերի հետ համագործակցություն հաստատվեց։

ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիան ՀՀ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի ու Հայ-ռուսական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր ստորագրեց։ Ժամանակ առ ժամանակ Հայաստանից մասնագետներ են մեկնում Մոսկվա ուսանելու, բայց կանոնավոր ծրագրեր դրա համար դեռևս չկան։

Մոսկվայում Աղանբեկյանի ղեկավարությամբ նմանատիպ բիզնես–դպրոցը սկսեց աշխատանքները ձեռնարկություններում կառավարման նոր հմտություններ ներդնելու ուղղությամբ։  Դպրոցը Ռուսաստանի և հետխորհրդային երկրների պայմաններին հարմարեցված տասնյակ աշխատություններ և դասագրքեր հրապարակեց։

«Ռուսաստանից բացի, ղազախական ավելի քան 500 ընկերությունների ղեկավարներ դասընթացներ են անցել մեզ մոտ։ Ուզում ենք գործն առաջ տանել նաև Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում, առավել ևս որ այդ երեք երկրներից շրջանավարտներ ունենք», – հավելեց Քալենջյանը։

Այն ժամանակ ձեռնարկություններում լայնածավալ վերազինում էր ընթանում` կապված անձնակազմի կրճատման հետ։ Բայց Քալենջյանն ու գործընկերներն առաջարկում էին նախ աշխատակիցների համար զբաղվածության այլընտրանքային հնարավորություններ ստեղծել, երկրորդ` հնարավորինս լիարժեք օգտագործել յուրաքանչյուրի ունակությունները։ Նրա խոսքով` հետխորհրդային բիզնեսում դա հաճախ պակասում էր։

Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը

«Այստեղ գերիշխում է «я начальник – ты дурак, ты начальник – я дурак» (ես եմ ղեկավարը` հիմարը դու ես, դու ես ղեկավարը` հիմարը ես եմ) մոտեցումը։ Թող ներեն ինձ մեր ընթերցողներն այս արտահայտության համար, բայց այն շատ ճիշտ է արտացոլում իրականությունը։ Իսկ մենք այլ մոտեցում ենք առաջարկում։ Յուրաքանչյուր աշխատող իր տեղում առաջին մարդն է։ Իր գործում նա պետք է ավելի կոմպետենտ լինի, քան ղեկավարը, և նրա գիտելիքները պետք է օգնեն խնդիրների լուծման հարցում»,– ընդգծում է Քալենջյանը։

Նա հավելում է, որ յուրաքանչյուրի տաղանդը բացահայտելով` հնարավոր է հասկանալ այն պարադոքսը, երբ հայ մասնագետները այստեղ մնալով որպես մասնագետ չեն աճում, իսկ արտերկիր մեկնելով ճանաչված են դառնում։

«Չինական տնտեսության տրանսֆորմացիայի ժամանակ ես եղա ՉԺՀ տասնյակ համալսարաններում։  Այնտեղ գիտնականներից շատերը ուսանել էին Հյուսիսային Ամերիկայի լավագույն համալսարաններում։ Բայց կա մի «բայց». դրանից հետո գրեթե բոլորը հայրենիք էին վերադարձել։ Այդպես մասնագետների քանակը որակի է վերածվում։ Իսկ կառավարման տարբեր ոճերը` ավանդական և արևմտյան, շատ հետաքրքիր կոմբինացի են տալիս։ Հայաստանում կարելի է նման արդյունք ստանալ, բավական է միայն փոխել մարդկանց հետ փոխգործակցության ձևն ու բացահայտել նրանց մեջ թաքնված պոտենցիալը»,– հավելեց նա։

Քալենջյանը նկատում է, որ ցավոք, Հայաստանի և սփյուռքի փոխգործակցությունը հասնում է ինչ-որ կետի, որից հետո սկսում է արգելակվել։ Ռուսաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում (որտեղ Աղանբեկյանը ևս աշխատել է) իրենց մասնագետների առաջարկները սկսել են ներդրվել, իսկ Հայաստանում չգիտես ինչու` ոչ։

«Ես միշտ դեմ եմ եղել այն սովորույթին, որ սփյուռքից եկած մասնագետների հանդիպումները վերածվում են բանկետների և կենացների շարքի, որոնց հետևում ոչինչ չկա։ Դա անցած փուլ է։ Այսօր մասնագետներն այցելում են ոչ այդ նպատակով, այլ որպեսզի կոնկրետ նախագծեր իրականացնեն», – հավելեց նա։

Ինքը` Քալենջյանը, արդեն մի քանի արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀԱՊԿ Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ քննարկումներ է ունեցել։

«Մենք ուզում ենք մոդուլային սկզբունքով մեր մշակումները ներդնել այդ բուհի ուսումնական ծրագրերում։ Համագործակցության հարցում պատրաստակամություն և գործարար մոտեցում կա», – ասաց նա։

Ի՞նչ դեր են ունեցել Փարաջանովն ու մյուս հայերը Իտալիայի պատմության մեջ

Այս ծրագրերը տեսական վարժություններ չեն միայն։ 1980-ականների վերջին Աղանբեկյանը, ինչպես նաև Միքայել Մկրտչյանը (Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ) Հայաստանի և Արցախի զարգացման համատեղ ծրագիր էին կազմել` ինտեգրված կառավարման համակարգով։ Տնտեսագետներին օգնում էին նաև այլ ոլորտի գիտնականներ. հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էր հայտնի քիմիկոս Նիկոլայ Սերգեյի Ենիկոլոպովը, որը հիմնավորում էր Խորհրդային Հայաստանի քիմիական արդյունաբերության, մասնավորապես` «Նաիրիտի» (այն ժամանակվա համար բացառիկ գործարանային համալիրի) կարևորությունը։ Ցավոք, ոչ կոմպետենտ որոշումները (և՛ այն ժամանակ, և՛  հետագայում) շատ բաներ փոշիացրին։ Կրկին նման բան թույլ տալ չի կարելի։  Եթե աշխատենք հին ձևով` մեզ բոլորից խելացի համարելով, աշխարհին հասնելն ավելի ու ավելի կբարդանա։

107
թեգերը:
կրթություն, գործատու, գործարար, սփյուռքահայ, Սփյուռք, Հայաստան
Ռադիո

Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ

129
(Թարմացված է 22:37 07.05.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ռադիոն, որի աշխատողների օրը շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պաշտոնապես նշվում է հենց այսօր՝ մայիսի 7-ին, առնվազն երկու թերություն ունի թերթերի հետ համեմատած։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Այդ օգտակար եւ վտանգավոր ռադիոն

Նախ, եթե երթևեկում եք քաղաքային տրանսպորտով, ու չեք ուզում զիջել ձեր հարմար տեղը, միշտ կարող եք բացել թերթը և ձև անել, թե շատ կարևոր հոդված եք կարդում և ձեր շուրջը ոչինչ չեք նկատում։ Ռադիոյով հո չե՞ս կարող ծածկվել ու փրկել տաքուկ տեղդ երթուղայինի պատուհանի մոտ։ Եվ երկրորդ, թերթով առնվազն կարող ես նյարդերիդ վրա ազդող ճանճին սպանել։ Չեմ կարծում, թե որևէ մեկը երբեւէ փորձել է նույնն անել ռադիոյի օգնությամբ։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռադիոն նաև աշխատանքով է ապահովել Ամերիկայում ապրող հնդկացիներից ոմանց։ Այո՛, այո՛, երբ ԱՄՆ-ը պատերազմում էր Ճապոնիայի հետ, Միացյալ Նահանգների բանակի հրամանատարությունն աշխատանքի ընդունեց նավահո ցեղի մի քանի տասնյակ ներկայացուցիչների, որոնց պարտականությունն էր գաղտնի ռադիոհաղորդագրություններ ուղարկել և ընդունել իրենց մայրենի լեզվով։ Տոկիոյում այդ հաղորդումներն, իհարկե, լսում էին, բայց բան չէին հասկանում շատ պարզ պատճառով՝ ողջ Ճապոնիայում նավահո ցեղի գեթ մի ներկայացուցիչ չգտնվեց, որը կարողանար թարգմանել հույժ գաղտնի հաղորդագրությունները։

Էլ չեմ ասում, որ հենց ռադիոյի շնորհիվ մինչև հիմա Փարիզի կենտրոնում կանգուն է մնացել Էյֆելյան աշտարակը, որի վրա, համոզված եմ, շատերդ բարձրացել եք։ Ինչպես գիտեք, այդ աշտարակը հատուկ կառուցվել է 1889 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի համար և երկու տասնամյակ անց պիտի ապամոնտաժվեր։ Բայց երբ այդ 20 տարին անցել էր, և ռադիոն արդեն բավական լայն տարածում էր ստացել, Ֆրանսիայի իշխանությունները գլխի ընկան՝ ախր այս աշտարակը ուղղակի իդեալական կառույց է անտենաներ տեղադրելու համար։ Ահա այսպես ռադիոն փրկեց Էյֆելյանը, որը վաղուց արդեն Փարիզի խորհրդանիշն է դարձել։

Ի դեպ, մենք, հայերս էլ ենք պարտական ռադիոյին, որովհետեւ տասնամյակներ շարունակ այսպես կոչված Հայկական ռադիոն մեծ ժողովրդականություն էր վայելում ոչ միայն Սովետում, այլև Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Ինքս եմ գնել Հայկական ռադիոյի անեկդոտների հավաքածուն Պրահայի Վացլավի հրապարակի գրախանութներից մեկում։ Սովորաբար Հայկական ռադիոյի կատակները ներկայացվում են հարց ու պատասխանի տեսքով։ Օրինակ։ Հայկական ռադիոյին հարցնում են. «Արդյոք ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը վիճակախաղով 1000 ռուբլի է շահել»։ Պատասխան. «Իհարկե, ճիշտ է, բայց դա ոչ թե շախմատիստ Պետրոսյանն էր, այլ «Արարատի» խաղացող Հակոբյանը և ոչ թե 1000 ռուբլի է շահել, այլ 10 հազար, եւ ոչ թե ռուբլի, այլ դոլար և ոչ թե վիճակախաղով է շահել, այլ խաղաթղթով և ոչ թե շահել է, այլ տարվել»։

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները

Շատ ճիշտ եք, սովորաբար Հայկական ռադիոյի պատասխաններն այսքան երկար չեն լինում, այլ կարճ ու դիպուկ։ Մոտավորապես այսպիսին։ «Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա»։ Պատասխան. «Չէ՛, այնտեղ էլ կյանք չկա»։ Եվ քանզի ի վերջո Մարսին հասանք, ուզում եմ շատ հակիրճ անդրադառնալ ռադիոյի վտանգավոր հնարավորություններին։ Այո՛, խոսքը 1938 թվականին ամերիկյան ՍիԲիԷս  ռադիոկայանով հայտնի ռեժիսոր Օրսոն Ուելսի բեմադրած «Աշխարհների պատերազմ» ներկայացման մասին է։ Գիտեք իհարկե, որ այդ վեպը գրել է Հերբերտ Ուելսը, որը նկարագրել է, թե ինչպես են Մարսի բնակիչները ներխուժում Երկիր և նույնիսկ այրում Սպիտակ տունը Վաշինգտոնում։

Օրսոն Ուելսը, որն ի դեպ, ժամանակին մի քանի հարցումների արդյունքներով ճանաչվել էր աշխարհի թիվ մեկ ռեժիսոր, լիուբոլ օգտագործել է ռադիոյի հնարավորությունները՝ այնպիսի տպավորություն է ստեղծել, իբր մարսեցիների հարձակումը տեղի է ունենում ուղիղ եթերում, և նույնիսկ այն դերասանը, որը կարդացել է Ամերիկայի նախագահի՝ սյուժեով նախատեսված ուղերձը քաղաքացիներին, զարմանալի հմտությամբ կարողացել է իր ձայնը նմանեցնել Ֆրանկլին Ռուզվելտի ձայնին։ Դե ինչպե՞ս չհավատաս, որ Մարսից ժամանած օկուպանտների դեմ պայքարը իսկապես տեղի է ունենում Նյու Յորքի մոտակայքում։ Եվ խուճապ է սկսվել. տասնյակ հազարավոր ամերիկացիներ շտապ հեռացել են Նյու Յորքից ու Ֆիլադելֆիայից։  

Տեսնո՞ւմ եք, ինչ ուժ եւ ազդեցություն ունի ռադիոն։ Ճիշտ է, հրաշալի գրող Իլյա Իլֆը մի անգամ փաստել է. «Ֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակները ժամանակին կանխատեսում էին, որ հենց ռադիոն կվերափոխի աշխարհը, ավելի երջանիկ կդարձնի մարդկանց։ Ահա՝ ռադիոն շարունակում է իր հաղթարշավը, իսկ երջանկությունը, կներեք, չկա ու չկա»։ Բոլոր դեպքերում՝ եկեք միասին շնորհավորենք Հայաստանում հեռարձակվող բոլոր ռադիոկայանների իմ գործընկերներին։

129
թեգերը:
տոն, Էյֆելյան աշտարակ, Փարիզ, Հայաստան, Ռադիո
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
Մի հրաժարականի պատմություն, կամ պատիվը կյանքից թանկ է
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Մանկապարտեզ

Մայիսի 10-ից Երևանի մանկապարտեզներում կվերսկսվի ընդունելությունը

0
(Թարմացված է 17:53 08.05.2021)
Քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարությանը դեռ մարտին էր առաջարկել մեղմացնել սահմանափակումը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մայիսի 10-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա տեղեկացրել է, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:

Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան

  • այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,
  • հիմնանորոգման պատճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կհամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,
  • հերթագրված երեխաները։

Հիշեցնենք՝ դեռ մարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ հենց առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն մոտ 7000 երեխա։ Առողջապահության նախարարությունն արձագանքել էր քաղաքապետի գրառմանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ նախարարությունում քննարկում է կազմակերպվել քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում կատարվել են սահմանափակումները մեղմացնող փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 1-ին են ներկայացվել ընդունելության սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ։ Դրանք դեռևս քննարկման փուլում են:

Նախարարությունը հավելել էր, որ անվտանգության կանոններ սահմանելով` հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների հիման վրա:

0
թեգերը:
մանկապարտեզ, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
Գյումրիում էլ է շարժական կայան գործում. քանի՞ մարդ է պատվաստվել Շիրակի մարզում
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում