Ալլա Պուգաչովա

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

913
(Թարմացված է 10:54 04.01.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը գրել է ռուսական «Առաջին ալիքի» տոնական թողարկման շուրջ սկանդալի մասին, այդ պատմության մեջ և հենց Պրիմադոննայի ճակատագրում հայերի մասնակցության մասին։

Այնպես չէ, որ տարաձայնությունները օդից ծագեցին, բայց, ինչպես հաճախ է լինում, հայերի «մեղքի» բաժինը կար։ Ռոստովցի Վադիմ Մանուկյանն «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին առաջարկեց 2018 թվականին փոխել ամանորյա շոուի ձևաչափը, և դրանում արտառոց ոչինչ կարծես թե չկար։

Արտառոցն այն էր, որ փոփոխությունը վերաբերում էր Ալլա Պուգաչովային։

Կոպիտ ասած՝ Պրիմադոննան հոգնեցրել էր Մանուկյանին։ Անկեղծ ասած՝ միայն Մանուկյանը չէր, որ ձանձրացել էր էկրաններին հայտնվող նույն դեմքերից ու նույն ձայներից։ Ռոստովցին նամակ էր գրել Էռնստին․ «Այն, ինչ տեղի ունեցավ ձեր ամանորյա եթերում, արդեն չափից դուրս է։ Ինչո՞ւ եմ հատկապես առանձնացնում «Առաջին ալիքի» ամանորյա եթերը։ Որովհետև, իմ կարծիքով, այն իր որակով զգալիորեն զիջում է անցած տարվա իր եթերներին։ Հավատացեք` քչերին է դուր գալիս «Հյուր գնալ Պրիմադոննային»։ Կարդացեք խնդրագրի տակ տասնյակ հազարավոր մեկնաբանությունները և ինքներդ համոզվեք»։

Նման կարծիք կարո՞ղ է լինել։ Ինչո՞ւ ոչ։

Հայտնի երգչուհու նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովն արձագանքեց և «խռովարար» Մանուկյանին անվանեց «նախանձոտ կեղտ»․ «Թող մեզնից յուրաքանչյուրը միացնի ուղեղը, նայի իր հոգու խորքը և հիշի, թե այդ մեծ երգչուհին որքան բան է արել երկրի համար, մեզնից յուրաքանչյուրի համար, որպեսզի մեր սրտերում և հոգիներում միայն ուրախություն ու երջանկություն լինի։ Նա մեր հարստությունն է, մեր Ալլան։ Դե, իսկ չարախոսները ի՞նչ կարող են նվիրել մարդկանց իրենց չարությունից բացի․․․ Շները հաչում են, քարավանն անցնում է․․․ Երգի՛ր Ալլա, ուրախացրու միլիոններին, երգի՛ր, երգեցիկ թռչնակ։ Մենք քո կողքին ենք և միշտ քեզ հետ»։

Միացնում ենք ուղեղը, նայում ենք հոգու խորքը։ Մեծ երգչուհին իսկապես հարստություն է, իսկապես հազվագյուտ տաղանդ և նույնիսկ մեզանից յուրաքանչյուրի կյանքի մի մասնիկը։ Հայերը նրա նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեն դեռ անցած դարի 70-ականներից։

Անհրաժեշտ բացատրություն։

...1974 թվական, խորհրդային էստրադայի արտիստների մրցույթ։ Գեղեցիկ ձայնով շիկահեր աղջիկն անջնջելի տպավորություն է թողնում Կոնստանտին Օրբելյանի վրա (նա այդ ժամանակ Հայաստանի էստրադային նվագախմբի ղեկավարն էր)։

1975 թվական։ Օրբելյանը «Ոսկե տավիղ» միջազգային փառատոնի ժյուրիի անդամ է։ Երբ հարց է դրվում, թե ում ուղարկեն մրցույթին, նա գնում է մշակույթի նախարարություն և առաջարկում Պուգաչովայի թեկնածությունը։

1976 թվական։ Պուգաչովան Կոնստանտին Օրբելյանի նվագախմբի մենակատարն է։ Ելույթ «Ռոսիա» հեղինակավոր համերգասրահում հայտնի համույթի կազմում։ Օրբելյանը 46 տարեկան է, իսկ Ալլան՝ 25, լուրեր են պտտվում ամուսնության մասին։ 1992 թվական։ Կոմպոզիտորը մեկնում է Ամերիկա։ Վերջին հանդիպումը` 2009թ-ին։

«Կոնստանտին Օրբելյանն է ինձ ծանոթացրել հայկական խոհանոցին։ Ես շատ սիրեցի տոլման, հատկապես` ամառայինը։ Ես քսան տարի չեմ տեսել Օրբելյանին։ Եվ ահա ձմռանը հանդիպեցինք նրա հոբելյանի ժամանակ։ Գիտե՞ք՝ ինչ ասացի նրան։ «Դու, կատվիկ, բոլորովին չես փոխվել։ Քեզ 80 տարեկանից ավել չեմ տա», - հիշում է Պուգաչովան։

Վերադառնում ենք մեր օրեր։ Ի՞նչ եղավ Վադիմ Մանուկյանի նամակից հետո։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան ելույթ չունեցավ ռուսական հեռուստատեսության ամանորյա ծրագրում։ Մասնակցությունից հրաժարվելու մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հաղորդեց նրա տնօրենը։

«Ալլա Բորիսովնան չի երգելու «ամանորյա օգոնյոկի» ընթացքում», - պարբերականին ասաց երգչուհու ներկայացուցիչ Ելենա Չուպրակովան։

Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը

«Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեց, որ Պուգաչովան այդ տարի բազմաթիվ ելույթներ է ունեցել` հոբելյանական համերգ, հեռուստատեսային նկարահանումներ «Առաջին ալիքի» համար և «Հենց այդ համերգը» ֆիլմի թողարկումը։ Իսկ 2019թ-ի հունվարի 1-ին նախորդ ամանորյա գիշերվա ժամանակ Պուգաչովան «Առաջին ալիքում» կատարեց «Я летала» երգը։

Այդ ընթացքում իրարանցման հեղինակ Վադիմ Մանուկյանը պարզաբանեց․ «Ցավոք, մեր Արտիստները, որոնք արդարացիորեն հայտնի են Ռուսաստանում, ուստի մեծատառով եմ գրում նրանց մասին, մինչև վերջ չեն պարզել իրավիճակը, այս գիշեր «Մենք Պուգաչովայի կողքին ենք» ֆլեշմոբ են սկսել։ Նրանք ակցիան հիմնավորել են նրանով, որ, պարզվում է, իմ հայտարարությունում կոչ է արվում Պուգաչովային և նրա շրջապատին հեռացնել եթերից։ Ինչպե՞ս կարելի էր «քչերին է դուր գալիս» արտահայտությունը վերածել «խնդրում եմ արգելել եթեր դուրս գալ» խոսքերի»։

Հետո գրում է․ «Նրանք, ովքեր կարդացել են խնդրագիրը, հիանալի գիտեն, որ այն կառուցողական է, ուղղված է Կոնստանտին Էռնստին և կոչ չի անում որևէ մեկին վռնդել հեռուստատեսությունից, այլ միայն գնահատականներ է պարունակում «Առաջին ալիքի» ամանորյա հաղորդման մասին, որոնց հետ համակարծիք են եղել հազարավոր հեռուստադիտողներ։ Խնդրագիրը կոչ է անում փոխել 2018թ-ի շոուի ձևաչափը, որպեսզի այլևս նման խնջույքներ չլինեն, որոնք շատերին այդպես հոգնեցրել են։ Շատ տհաճ է, որ պատմությունն այսպես աղավաղվել է, ինչպես լինում ծուռ հայելում»։

Նշենք միայն, որ հունվարի 1-ի երեկոյան «Առաջին ալիքի» եթերում ցուցադրեցին Ալլա Պուգաչովայի «Հենց այդ համերգը»՝ Պրիմադոննայի շոուի կինոտարբերակը, որը վերջերս մեծ հաջողությամբ ցուցադրվել էր Ռուսաստանի կինոթատրոններում։ 2019թ-ի դեկտեմբերի 31-ի ամանորյա հաղորդման ժամանակ Պուգաչովան կատարեց «Звезда» երգը։

Սանրվածք տիկին դե Գոլի համար. ինչպես են հայերը կտրում կամ հարդարում առաջին դեմքերի մազերը

913
թեգերը:
նամակ, եթեր, հայեր, Ալլա Պուգաչովա, հայ
Ըստ թեմայի
Ի՞նչ նվերներ են Ձմեռ պապից ուզել հայտնի հայերի երեխաները
«Ձայնի» հաղթողը հայտնի է. Շնուրովի թիմը ներողություն է խնդրել Գագարինայից․ տեսանյութ
Անգամ Քարդաշյանն է հիացած. Բելլա Հադիդը տեսանյութ է հրապարակել, որում առանց կրծկալի է
Սիրուշոն որոշել է եթեր դուրս գալ
Грусть

Ինչպես հայերը պատրաստվեն COVID-19–ի երկրորդ ալիքին. փորձառու մարդկանց խորհուրդներ

231
(Թարմացված է 00:45 10.07.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի, կարանտինի և ինքնամեկուսացման դժվարությունների մասին, ինչպես նաև ներկայացնում այն մարդկանց խորհուրդները, որոնք գիտեն` ինչպես է մարդը գոյատևում, երբ մնում է ինքն իր հետ։

Կորոնավիրուսի, այսպես կոչված, «երկրորդ ալիքը» կլինի՞, թե՞ բախտներս կժպտա։ Կարծես թե առաջին տարբերակն է լինելու։ Այդ մասին են վկայում բազմաթիվ վարակաբանները, փորձագետներն ու նույնիսկ հասարակ դիտորդները։ Ի՞նչ են ասում նրանք։

Լսում ենք. Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկո. «Կորոնավիրուսը կվերադառնա աշնանը»։

WMA բժիշկների համաշխարհային արհմիության նախկին ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Էյդելման. «Սուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային դրսևորմամբ սրված նոր տիպի կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի բռնկմանը պետք է սպասել նոյեմբեր–դեկտեմբերին»։

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիկտոր Զուև. «Երբ համավարակի անկում նկատվի, COVID-19–ի վարակիչ հատկությունը մի փոքր կնվազի, իսկ երկրորդ ալիքը կսկսվի հոկտեմբերից»։

Ստացվում է, որ թուլանալը դեռ վա՞ղ է։ Այո՛։ Այնտեղ, որտեղ շտապել են կարանտինը չեղարկել, կորոնավիրուսն արդեն վերադարձել է` չսպասելով աշնանը, և ստիպված են դարձյալ խիստ միջոցներ ձեռնարկել։ Նախկինից էլ խիստ։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Իտալական Վենետոյում (Վենետիկ) կորոնավիրուսով վարակված, սակայն ստացիոնար բուժումից հրաժարված բնակիչներին ազատազրկում է սպառնում։

COVID-19–ի հետ կապված իրավիճակի բարդացման պատճառով Սերբիայի նախագահը խոստանում է Բելգրադում պարետային ժամ սահմանել։ Այդ պատճառով բողոքի ակցիաները չեն դադարում։

Եվ այսպես շարունակ։ Ասածս ի՞նչ է։ «Կորոնայի» առաջին ալիքն ամբողջությամբ չմարելով` աշնանը կամ սպասվող ձմռան սկզբին կարող ենք հայտնվել երկրորդի հարվածի տակ, և այդ ժամանակ ինքնամեկուսացման կամ հարկադիր մեկուսացման խստացումներն ավելի սարսափելի պատկեր կստանան։ Խիստ կարանտինը կվերադառնա, և դա որևէ լավ բան չի խոստանում։

Այդ «պատժամիջոցը»՝ մեկուսացումը, ինչպես արդեն գիտենք, ամենաբարդն է մեզ համար․ բակերը, ընկերները, հարևանները, նարդին, սուրճը, մանղալը, գրկախառնություններ-համբույրները և խիստ հայկական «ջիգյարի» այլ արտահայտումները՝ ամեն բան գրողի ծոցն է գնում և վճռական հակասության մեջ է մտնում չորս պատերի մեջ փակված մնալու հեռանկարի հետ։ Դե, սովոր չենք, չենք կարողանում, չենք ցանկանում․․․

Իսկ այժմ՝ նրանց մասին, ովքեր կարողանում են, գիտեն և անգամ հաճույք են ստանում դրանից։ Օգտակար կլինի իմանալ հնարավոր տհաճություններից առաջ։

Աշխարհում բազմաթիվ մասնագիտություններ և սիրողական զբաղմունքներ կան, որոնք տևական ժամանակ հասարակությունից հեռու ապրելու ունակություն են ենթադրում՝ երկրաբաններ, տիեզերագնացներ, միայնակ ճանապարհորդներ, սուզանավերի նավաստիներ, էլ չասենք նրանց մասին, ովքեր նստած են ճաղերի հետևում։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Օրինակ` գործարար Վարդա Ա․-ն, որը տնտեսական հոդվածով անազատության մեջ էր հայտնվել։ Բանտախցում նստած է եղել գրեթե մեկ տարի, այն էլ` մենախցում։ Վարդան Ա․-ն չի հասկանում նրանց, ովքեր չեն կարողանում իրենք իրենց հետ մենակ մնալ․ միայնության մեջ ավելի լավ ես մտածում, ավելի արագ ես լուծումներ գտնում, կոնֆլիկտների ավելի քիչ առիթներ կան։ Թեև բանտը, իհարկե, քաղցր բան չէ, ավելին` առանձնանալու վատագույն վայրն է։

Կարող ես մենակության զգացողությունը «վայելել» ոչ միայն բանտախցում, այլև տիեզերքում։ Քանի որ մենք սեփական տիեզերագնացներ դեռ չունենք, հիշենք ռուս տիեզերագնացներին։ Տիեզերագնաց-փորձարկող Ալեքսանդր Միսուրկինի խոհերից․ «Փոքրիկ, փակ տարածքում երկար ժամանակ միևնույն մարդկանց հետ ծանր է ապրել, բայց պետք է հասկանալ, որ կայանի ներսում անվտանգ է, իսկ եթե դուրս գաս, կմեռնես, չէ՞ որ դրսում վակուում է»։

COVID-19-ի հետ համեմատությունը ակամա է ծնվում․ ինքնամեկուսացումը չարիք չէ, այլ բարիք, իսկ համաճարակաբանորեն ոչ բարենպաստ տարածություն դուրս գալը վտանգավոր է յուրաքանչյուրիս և մեր մտերիմների համար։ Տիեզերագնացը նաև նշում է, որ փակ տարածության մեջ շատ կարևոր են մարդկանց միջև հարգալից և փոխվստահելի հարաբերությունները։

Բնակարանի չորս պատերի մեջ երկար ժամանակ մենակ մնացած մարդկանց մասին․ այստեղ տեղին է հիշել հայտնի ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի խորհուրդները։ Առավելագույն ժամանակը, որ նա անցկացրել է ինքն իր հետ, 222 օր է՝ զբոսանավով շուրջերկրյա ճամփորդություն կատարելու ընթացքում, առանց նավահանգիստներ մտնելու և առանց բջջային հեռախոսների. 1990թ․-ին դրանք դեռ չկային։

Հայտնի ճանապարհորդը հաստատում է գործարար-բանտարկյալի կարծիքը․ «Մենակությունը շուրջդ դիտելու, ինքդ քո մեջ նայելու հնարավորություն է տալիս»։

Բայց նույն այդ Կոնյուխովը Esquire ամսագրին տված հարցազրույցում խոստովանում է․ «Գիտարշավների ժամանակ ձանձրանալու, տաղտուկին տրվելու ժամանակ չկա, պետք է աշխատես, դու ունես նպատակ, դրան հասնելու միջոցներ, հեռանկարները հստակ են և հասկանալի։ Այդ առումով, իհարկե, օվկիանոսում ավելի հեշտ է, քան Մոսկվայում ինքնամեկուսացման մեջ»։

Կոնյուխովը, իհարկե, չգիտի, որ Երևանում շատ ավելի դժվար է ինքնամեկուսացած լինել, փոխարենը մենք գիտենք։ Եվ երևի սկսում ենք գիտակցել, որ փորձությունների շրջանում ամենավատ բանը մենակությունը չէ․ ամենավատը ձեռքերը ծալած նստելն է։

Իսկ մինչ այդ կորոնավիրուսի երկրորդ ալիքը թափ է առնում։ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Լուգո գավառում, դրա պատճառով կրկին կարանտին են հայտարարել։ Լուգոն արդեն երկրորդ մարզն է Իսպանիայում, որտեղ կրկնակի կարանտին է։ Հուլիսի 4-ին նույնը տեղի ունեցավ ավելի քան 200 հազար բնակչություն ունեցող Սեգրիայում (կատալոնական Լյեյդա գավառ)։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին ալիքն անգամ դեռ չի ավարտվել։ Պատրաստվել է պետք։

231
թեգերը:
քաղբանտարկյալ, տիեզերագնաց, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը
Մոսկվա

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

151
(Թարմացված է 23:26 09.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ ժամանակին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դեմ մահափորձ է կատարվել, բայց ոչ բոլորը գիտեն, որ այդ մարդու մահից հետո էլ ահաբեկիչները նրան հանգիստ չեն թողել։
Վլադիմիր Լենին. «մահափորձեր» մահվանից հետո

Վերջին դեպքը տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիմա աշնան առաջին օրը երեխաներն ուր են գնում՝ դպրոց։ Իսկ այն ժամանակ` Սովետի օրոք,  Մոսկվայի դպրոցներում սովորող երեխաներին ոչ միայն դպրոց էին տանում, այլ նաև Լենինի դամբարան։ Էդպիսի ավանդույթ կար։

Երբ դպրոցներից մեկի աշակերտներն այդ օրը մտնում էին դամբարան, նրանց հետևից ներս մտավ նաև մի տղամարդ։ Բոլորը կարծեցին, թե ուսուցիչն է, այնինչ այդ մարդը բոլորովին այլ մտադրություն ուներ. նա հագուստի տակ պահել էր պայթուցիկ սարքը։ Երբ մոտեցավ սարկոֆագին, որտեղ գտնվում էր Լենինի մարմինը, իրար միացրեց երկու լարերը ու պայթյուն որոտաց։ Ինքը կտոր-կտոր եղավ, զոհվեց։ Նրա հետեւից քայլող զույգը, որը Աստրախան քաղաքից էր եկել, երեխաներից չորսը ծանր վնասվածքներ ստացան։

​Իսկ Լենինի մարմինը չտուժեց։ Որովհետև սարկոֆագը պատված էր զրահապատ ապակիով։ Ինչու էր զրահապատ։ Որովհետև նման դեպք նախկինում էլի էր եղել։ Մոտ հիսունհինգ տարի առաջ՝ էլի սեպտեմբերի սկզբին, Լիտվայի Կաունաս քաղաքի բնակիչ ոմն Կրիսանովը էլի պայթուցիկ սարք էր գործի դրել դամբարանի ներսում, պայթյունն ավելի թույլ էր, բայց ինքը նույնպես զոհվել էր։

​Սակայն դա էլ բոլորովին առաջին դեպքը չէր։ Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են վնասել Լենինի մարմինը։ 1934 թվականին մի տղամարդ իր հետ զենք էր բերել և փորձել կրակել Լենինի դիակի վրա։ Նրան շրջապատող մարդիկ խոչընդոտել են, ի վերջո նա ինքնասպան է եղել։ Գոնե այս դեպքում շարժառիթը հայտնի է՝ մարդը հուսահատ քայլի էր դիմել։ Քաջ գիտակցում էր, որ ողջ չի մնալու և գրություն էր թողել` պատմելով, որ աշխատում է հեռավոր մի սովխոզում, որտեղ աղաղակող անօրինականություններ են տեղի ունենում։ Ինքը բազմիցս այդ մասին ահազանգել է, նամակներ է գրել Կրեմլ, բայց արձագանք չի ստացել և ի վերջո որոշել է գոնե նման ձևով գրավել խորհրդային իշխանության ուշադրությունը։ Ասում են` նրա այդ գրությունը հայտնվել է Իոսիֆ Ստալինի սեղանին, առաջնորդը կարդացել է և կարգադրել այն հանձնել արխիվ։ Ու վերջ։ Այսինքն` այդ մարդու հուսահատ քայլն էլ որևէ արդյունք չի տվել։

​Իսկ Լենինի մարմնի նկատմամբ ոտնձգությունները շարունակվեցին նաև Ստալինի մահվանից հետո։ 1959 թվականին մի մարդ մուրճ էր իր հետ բերել ու հարվածել սարկոֆագին։ Ապակին բավական պինդ էր, միայն ճաքեց։ Մեկ տարի անց՝ 1960-ին, մի տղամարդ  անսպասելիորեն թռավ սարկոֆագի վրա, ոտքով հարվածեց. այս անգամ ապակին ջարդվեց, Լենինի դեմքը վնասվեց։ Ժամանակավորապես փակեցին դամբարանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Բայց խնդիրը մնում է։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ժողովուրդն է ասում, կրակն են ընկել՝ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել դամբարանի հարցում։ Հասարակությունում տիրող տրամադրություններն էլ տարբեր են։ Երեք տարի առաջ անցկացրած հարցումների համաձայն՝ կարծիքները բաժանվել են երեք՝ գրեթե հավասար մասերի՝ 31 տոկոսը կողմ է, որ ոչինչ չփոխվի, ու Լենինի մարմինը մնա դամբարանում, 32 տոկոսը գտնում է, որ առաջնորդին պետք է թաղել Կրեմլի պատի մոտ, 29 տոկոսն էլ համաձայն է, որ նրա աճյունն ամփոփվի Սանկտ Պետերբուրգի գերեզմանատներից մեկում։ Ի դեպ, ըստ BBC-ի, այժմ ողջ աշխարհում կա Լենինի 3260 արձան, գերակշիռ մասը՝ 2800-ը, իհարկե, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում է։ Բայց ըստ նույն աղբյուրի` Հայաստանում էլ մնացել է Լենինի 4 արձան, Վրաստանում դրանք երկուսն են։ Երկու արձան էլ Նորվեգիայում կա ։ Մեկն էլ՝ Ճապոնիայում։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Կազանում գործում է նաև գիշերային ակումբ, որը կոչվում է Լենին։ Դրա տերը բացատրել է՝ ոչ մի գաղափարական ենթատեքստ չկա, ուղղակի Լենինը հայտնի անուն է, ինչպես հիմա են ասում՝ բրենդ։ Մի անգամ մի տարեց, թոշակառու կին էր եկել, ուզում էր մտնել, անվտանգության աշխատակիցներն ասել էին. «Մայրիկ, ախր դու ինչ գործ ունես, սա գիշերային ակումբ է»։ Խեղճ կինն էլ խոստովանել էր. «Ես էլ կարծում էի, թե Լենինի երկրպագուների ակումբն է»։

151
թեգերը:
ԽՍՀՄ, Մոսկվա, դամբարան, մահափորձ, Վլադիմիր Իլյիչ Լենին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

0
(Թարմացված է 16:48 10.07.2020)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից այս պահին հաստատությունում գիշերում են 21-ը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ):

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

0
թեգերը:
կորոնավիրուս, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում