Ֆուտբոլային գնդակ

Լարված պայքար ՀՖՖ նախագահի աթոռի համար. քաղաքական ինտրիգները միայն կխանգարեն

191
Հայաստանի ֆուտբոլային ընտանիքի համար նոր ՀՖՖ նախագահ ու գործկոմ ընտրելը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ընտրություններին հաստատ հետևելու են նաև ֆուտբոլի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաները՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում սպասվածից ավելի լարված պայքար է ծավալվել: Առաջադրված թեկնածուներից որևէ մեկին ակնհայտ պետական աջակցության դեպքում ՀՖՖ-ն համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների կողմից կարող է ընդհանրապես հայտնվել «խաղից դուրս» վիճակում:

Ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ սկսեցին «պիտակավորվել» առաջադրված թեկնածուներից երկուսին. Արմեն Մելիքբեկյանը հիմա համարվում  Հայաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչը, նրանց նախընտրելի թեկնածուն, իսկ Թովմաս Գրիգորյանին էլ Մելիքբեկյանն ու նրա կողմնակիցները համարում են Ռուբեն Հայրապետյանի թեկնածուն: Այս ամենը վատ ընթացք է ստանում հայկական ֆուտբոլում:

Ամենահետաքրքիրն այն է, որ ֆուտբոլային հասարակությունը փոփոխություն է ուզում, բայց նոր մարդիկ համարյա չկան այդ պլանների մեջ: ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի գործունությունն անբավարար գնահատելով` նույն գնահատականին են արժանանում նաև նրա օգնականները, ովքեր փաստացի ղեկավարել են Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությունը: Բայց հիմա նախագահի թեկնածուներից մեկը` Արմեն Մելիքբեկյանը, հենց նախորդ աշխատակազմն է ներկայացնում:

«ՈՒԵՖԱ-ից այցելում են մեզ ու ասում, որ ապրում ենք քարե դարում». Սուրեն Բաղդասարյան

Արմեն Մելիքբեկյանի և Թովմաս Գրիգորյանի անունները ավելի հաճախ են հնչում, քան երրորդ թեկնածուի՝ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի: Այսինքն` կարելի է եզրակացնել, որ պայքարը հիմնականում ընթանալու է Մելիքբեկյանի և Գրիգորյանի միջև:

Թե ո՞վ կլինի նախագահը կիմանանք, համաժողովից հետո: Ընտրությունը պատկանում է ընտրողներին: Բայց ֆուտբոլային հասարակությունը պետք է հնարավորինս աշխատի զերծ մնալ քաղաքական ազդեցություններից: Ֆուտբոլն ու քաղաքականությունը իրար հետ կապ չպետք է ունենան: Հակառակ դեպքում կգրավենք ՖԻՖԱ-ի ուշադրությունն, ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կորակազրկվի։

Գաղտնիք չէ, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն երբեք չեն հանդուրժել ու չեն էլ պատրաստվում հանդուրժել պետության միջամտությունը տվյալ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի գործերին: Եղել են բազմաթիվ որակազրկումներ այդ պատճառով: 2011 թվականին, օրինակ, կանոնակարգի ոչ ճիշտ փոփոխման պատճառով որակազրկվեց ֆուտբոլի Բոսնիայի ֆեդերացիան, պետական միջամտության պատճառով 2008 թվականին որակազրկվել են Պերուի, 2010 թվականին` Նիգերիայի, 2016-ին էլ Քուվեյթի ու Բենինի ֆուտբոլային ֆեդերացիաները:

ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. գործին խառն են տեղակալները. «Ժողովուրդ»

 Հայաստանի ֆուտբոլի առաջնություններում բազմաթիվ խնդիրներ կան: Մասնավորապես առաջին լիգայում կասկածելի արդյունքներ գրանցված շատ խաղերի պատճառով մեր ֆեդերացիան արդեն հայտնվել է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում: Հիմա էլ ՀՖՖ նախագահի ընտրություններում զգացվում է քաղական ազդեցությունը: Սա շատ վտանգավոր երևույթ է: Եթե մենք ուզում ենք մնալ որպես համաշխարհային ու եվրոպական ֆուտբոլային ընտանիքի լիարժեք անդամ, պետք է անմիջապես հետևություններ արվեն ու ընտրություններն անցկացվեն առանց քաղաքական ուժերի միջամտության:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 23-ին: 

191
թեգերը:
ՖԻՖԱ, Խորեն Հովհաննիսյան, Նախագահ, Ընտրություններ, ՀՖՖ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին
Ֆուտբոլիստների ապահովագրություն, կամ ինչպես կանխել ողբերգական դեպքերն այս մարզաձևում
Ո՞վ է ձերբակալված Հրաչ Քանանյանը
Երիտասարդներ, արխիվային լուսանկար

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

79
(Թարմացված է 21:48 13.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա կորոնավիրուսային իրավիճակը այնքան լուրջ խնդիր է, որ բոլորովին չի տրամադրում մտածելու այլ խնդիրների մասին, որոնք ծառանալու են ամբողջ մարդկության առջև, ասենք՝ այս դարի կեսերին։

Այնինչ այդ խնդիրները հետզհետե սկսում են ուրվագծվել հենց այսօր, բոլորիս աչքի առջև ու BBC-ին ներկայացրել է այն 10 գլխավոր մարտահրավերները, որոնց հետ մարդկությունը ստիպված է լինելու գործ ունենալ 30 տարի հետո՝ 2050 թվականին։ Թույլ տվեք հնարավորինս հակիրճ անդրադառնալ դրանց, իսկ առաջիկայում հաստատ դեռ առիթներ կլինեն շատ ավելի մանրամասն խոսելու այդ դրանց մասին՝ առանձին-առանձին։

Եվ այսպես՝ առաջին։ Մարդու գենային մոդիֆիկացումը։ Խոսքը, ինչպես մասնագետներն են ասում, մարդու ԴՆԹ-ի խմբագրման մասին է։ Սա մի կողմից՝ հսկայական օգուտներ կարող է բերել շատ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում, մյուս կողմից՝ էթիկական բնույթի նուրբ հարցեր է առաջացնում՝ արդյոք մենք իրավունք ունենք արհեստականորեն կատարելագործել մարդու օրգանիզմը և, ի վերջո, ստեղծել իդեալական մարդ արարած։

Երկրորդ։ Տարեցների թվի ավելացում։ Համաձայնեք՝ Հայաստանը այն երկրներից է, որտեղ այս խնդիրը առավել, քան հրատապ է։ Իսկ գլոբալ առումով մասնագետներն այսպիսի կանխատեսումներ են անում՝ հարյուր տարին բոլորած մարդկանց թիվն այսօր աշխարհում ընդամենը մոտ կես միլիոն է, 2050 թվականին այն գերազանցելու է 25 միլիոնը, այսինքն` աճելու է 50 անգամ։ Իհարկե, հրաշալի է, որ մարդիկ ավելի երկար են ապրելու, բայց… Անցնենք հաջորդ խնդրին։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Կլիմայական փոփոխություններ։ Երբևէ լսե՞լ եք կլիմայական փախստականների մասին։ Իսկ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ եթե գլոբալ տաքացումը շարունակվի, որոշ տարածքներ լիովին կանցնեն ջրի տակ և դրանց բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր, այլ երկրներ, այսինքն՝ կդառնան կլիմայական փախստականներ։

Անցնենք սոցիալական ցանցերին։ Սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, որովհետև շփվելու անսահման հնարավորություններ էին ընձեռում, հիմա կամաց-կամաց հասկանում ենք, թե որքան խոցելի ենք դառնում՝ ով ասես կարող է կեղծ անվան տակ գրանցվել ու հանգիստ հայհոյել քեզ։ էլ չեմ ասում սուտ տեղեկության տարածման մասին։ Լավ՝ քանի անգամ կարող է մեռնել Միխայիլ Գորբաչովը՝ մի հիսուն անգամ թաղեցին խեղճ մարդուն։ Ու այս խնդիրը գնալով խորանալու է։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Հաջորդը։ Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հիշում եմ՝ մի ժամանակ Ֆուրմանովի փողոցում, երբ բակի տղաներով երթևեկելի հատվածում ֆուտբոլ էինք խաղում՝ հատ ու կենտ մեքենաներ էին անցնում։ Հիմա երեկոյան վերադառնում ես աշխատանքից, հաստատ, 100 տոկոսով գիտես, որ քաղաքի այսինչ հատվածում անպայման խցանում է լինելու։ Իսկ ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում ու ավելանում է։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե 2050 թվականին Երևանում ինչ է կատարվելու։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ պատկերացնում։

Անցնենք առաջ։ Ինչ է լինելու, երբ Երկրի բնական պաշարները, որոնք մենք անխնա օգտագործում ենք, սկսեն սպառվել։ Մասնագետները փաստում են՝ սովորական բջջային հեռախոսում կա մոտ 60 բաղադրիչ, որոնցից առնվազն մի քանիսը՝ հազվադեպ հանդիպող մետաղներ են։ Ճիշտ եք։ Այդ մետաղները այլ նյութերով փոխարինելու եղանակներն առաջիկա տասնամյակներում երևի այնուամենայնիվ կգտնվեն։ Բայց վերցրեք մեր հայաստանյան հանքարդյունաբերությունը՝ ախր մեր արտահանման, մանավանդ եվրոպական արտահանման մի զգալի մասը՝ բնական պաշարներն են, որոնք անսահման չեն։ Բա 2050-ին ինչ է լինելու։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Եվ վերջապես։ Որոշ մասնագետներ համոզված են, որ անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ արհեստական բանականությունը գերազանցելու է մարդկային բանականությանը և սկսելու է ինքնուրույն կատարելագործվել ահռելի արագությամբ։ Եվ այստեղ ծագում է ամենագլխավոր հարցը՝ իսկ արդյոք առանց մարդու միջամտության զարգացող այդ բանականությունը բարյացակամ կլինի մեր՝ մարդկանց նկատմամբ։ Բա, որ հանկարծ որոշի, որ մարդկությունը խոչընդոտում է իր կատարելագործմանը։ Բայց շատ ճիշտ եք՝ թող այս ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր առօրյա խնդիրներն էլ բավարար են։

79
թեգերը:
խցանում, կորոնավիրուս, երեխա, թոռ, տարեց, Տրանսպորտ, Երևան, արհեստական բանականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

338
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

338
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Սերոբ Անտինյան

Մարդկանց՝ հանրահավաք անելու իրավունքը պե՞տք է սահմանափակել մասնագետի վերլուծությունը

0
(Թարմացված է 22:33 13.07.2020)
Կառավարման մասնագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության երկարաձգման խնդրին, այդ պայմաններում հանրային կառավարման արդյունավետության հարցին և արտակարգ դրությունից բխող որոշ հանգամանքներին: 
Անտինյան. «Հավաքների սահմանափակումը տեղավորվում է համավարակի դեմ պայքարի տրամաբանության մեջ»

Սերոբ Անտինյանը, թեև չի ցանկանում քաղաքական գնահատական տալ, թե արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը ինչպես է մեկնաբանվում քաղաքական ուժերի կողմից, բայց զուտ ողջախոհության շրջանակներում դիտարկելով խնդիրը՝ բացատրում է՝ արդյո՞ք  հանրահավաքները կամ զանգվածային միջոցառումները համավարակի դեմ պայքարի տրամաբանության մեջ թույլատրելի են: 

«Եթե մենք խոսում ենք համավարակի դեմ համապետական պայքարի մասին, պետք է ողջախոհության սահմաններում ընդունենք, որ պարետատան կողմից կիրառվող զանգվածային միջոցառումների սահմանափակումը տեղավորվում է համավարակի դեմ պայքարի տրամաբանության մեջ»,- նշում է կառավարման մասնագետը:

Սերոբ Անտինյանը վկայակոչում է այն հանգամանքը, որ ոչ վաղ անցյալում որոշվել էր, որ լրատվամիջոցներով կորոնավիրուսի թեմայի վերաբերյալ տեղեկատվության տարածումը պետք է համահունչ լիներ միայն պաշտոնական լրահոսին, սակայն հետագայում արգելքը հանվեց, հետևաբար պարետատունն ըստ անհրաժեշտության կիրառում է գործիքակազմեր՝ նկատի առնելով համավարակի դեմ պայքարի միջոցների արդյունավետությունը: Ըստ վերլուծաբանի՝ այդ արգելքը հանվեց, որպեսզի չդիտարկվեր որպես խոսքի ազատության սահմանափակում: 

«Չեմ կարծում, թե համավարակի դեմ պայքարի տրամաբանության մեջ, եթե նույնիսկ մի կողմ թողնենք արտակարգ դրության իրավական ռեժիմը, հանրահավաքների ազատության իրավունքը պետք է լիարժեք կիրառվի, որովհետև այդ իրավունքի սահմանափակումը բխում է հանրության շահերից, համավարակի չտարածման ու կանխարգելման տրամաբանությունից»,- նշում է կառավարման մասնագետը: 

Սերոբ Անտինյանի կարծիքով՝ արտակարգ դրության պայմաններում հանրային կառավարման արդյունավետությունը պետք է գնահատել համեմատության մեջ, որովհետև գործ ունենք ըստ էության նոր տեսակի համավարակի հետ, որն ուսումնասիրված չէ, դրա դեմ արդյունավետ պայքարի եղանակները դեռ առկա չեն և միջազգային գիտական շրջանակները տակավին փնտրտուքների մեջ են:  

Բողոքի ակցիայի մասնակիցներից 48–ին ոստիկանություն են տարել. Նարեկ Մալյանը նրանց թվում է

Այդուհանդերձ, ըստ մասնագետի, կան նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված դեպքեր, երբ որոշ երկրներ կարողացել են համավարակի տարածման դեռ նախնական փուլում իրականացնել կանխարգելիչ արդյունավետ միջոցառումներ, ուստի համեմատաբար լավ վիճակում են, վիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է, կարողանում են նույնիսկ արագ դուրս գալ «լոքդաունի» ռեժիմից՝ կարգավորելով ներքին տնտեսական գործունեությունն ու կապն արտաքին աշխարհի հետ: Հետևաբար Հայաստանն էլ կարող էր ավելի արդյունավետորեն պայքարել կորոնավիրոսի տարածման դեմ, եթե դեռ փետրվարին համավարակի մասին տեղեկատվության առկայության պարագայում կիրառեր ավելի անմիջական ու նպատակասլաց միջոցառումներ:   

  Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ին, որոշեց 4-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, որը կտևի մինչև օգոստոսի 12–ը։

0
թեգերը:
Բողոքի ակցիա, կարանտին, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան