երկրպագուներ

Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը

153
(Թարմացված է 22:36 04.11.2019)
Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբում, բացառությամբ մի քանի թիմերի, նոր հիմնադրված մյուս թիմերը ոչ թե ֆուտբոլ են խաղում, այլ «զբոսնում» խաղադաշտում: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել հոկեյին բնորոշ հաշիվները:

2019/20 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանում ակումբների հիմնադրումը դարձավ հիմնական նորությունը ֆուտբոլային շրջանակներում: Միանգամից 9 նոր ակումբ հիմնադրվեցին ու հայտավորվեցին Հայաստանի առաջին լիգայում: Այդ պահին դժվար էր հասկանալ` ակումբ հիմնելը նոր մոդա է, թե ֆուտբոլի զարգացման նոր համակարգ է ձևավորվում:

Այսօր այդ բոլոր ակումբերը հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի մրցաշարում (նշանակությամբ երկրորդը Հայաստանում)։ Սա վերջին քսան տարիների ընթացքում աննախադեպ երևույթ է: Բայց ի՞նչ է տալիս առաջին խմբի ընթացիկ առաջնությունը հայկական ֆուտբոլին:

Երկար տարիներ բարձրագույն խմբի թիմերին աղյուսակի վերջին տեղը չէր սպառնում բարձրագույն խմբին հրաժեշտ տալու գործոնով: Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հիմնականում հանդես էին գալիս էլիտայի դուստր թիմերը, որոնք բարձրագույն խումբ տեղափոխվելու իրավունք չունեին:

Առաջին խմբի մրցաշարին հիմա մասնակցում են 17 թիմեր, որոնցից մեկը (մրցաշարի հաղթողը) տեղափոխվելու է բարձրագույն խումբ` էլիտայի անհաջողակ թիմի փոխարեն:

Առաջին խմբի առաջնությունը միշտ էլ դիտարկվել է, որպես ռազմավարական նշանակության մրցաշար: Այսինքն` այս մրցումներում են որպես ֆուտբոլիստ վերջնական հղկումն անցնում այն տղաները, որոնք ապագայում կարող են արդեն դրսևորվել բարձրագույն խմբում կամ, ավելի հեռու գնալով, միգուցեև տեղափոխվեն ավելի ուժեղ թիմեր: Բայց այսօր առաջին խմբում արդեն կան գոյացած բազմաթիվ խնդիրներ, որոնք խոսում են ոչ թե ֆուտբոլի զարգացման, այլ լրիվ հակառակ երևույթների մասին:

Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան

Առաջին խմբում, բացառությամբ մի քանի թիմերի, նոր հիմնադրված մյուս թիմերը ոչ թե ֆուտբոլ են խաղում, այլ «զբոսնում» խաղադաշտում: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել հոկեյին բնորոշ հաշիվները: Նույնիսկ հոկեյում էլ հիմա դժվար է հանդիպել 9:0,8:2,7:1, 7:2, 6:0, 6:1 և այլ հաշիվներ: Իսկ մեր առաջին խմբում դա սկսել է սովորական բնույթ կրել: Ուրեմն վարպետության ի՞նչ զարգացման մասին է խոսքը: Նման արդյունքները չեն կարողացել գոհացնել ո՛չ հաղթողին, առավել ևս ո՛չ էլ պարտվողին: Այսպիսի խաղերում վարպետության զարգացման մասին նույնիսկ մտածել չի կարելի:

Ստացվում է, որ քանակը իրոք որակ չէ: Բացի այդ էլ, կան բազմաթիվ կասկածելի խաղեր: Ճիշտ է` դեռևս ոչ ոք փաստերով չի խոսել պայմանավորված խաղերի մասին, բայց այդ տեսակետը արտահայտող կարծիքները գնալով շատանում են ու համընկնում: Վերջերս նույն կարծիքն էր հայտնել նաև առաջին խմբի առաջատար «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ «Առաջին խմբում ես ֆուտբոլային չարիք եմ տեսնում, որը չարորակ ուռուցքի նման կարող է սպանել ֆուտբոլը: Կոնկրետ փաստեր չունեմ, բայց տեսնում եմ կասկածելի շատ խաղեր: Ժամանակն է մաքրել առաջին լիգան»,- նշել էր նա:

Բացի «Վանի» մարզչից, շատ այլ մասնագետներ էլ նույն կարծիքի են: Պայմանավորված խաղերի դեմ պայքարը պետք էր սկսել երեկ, ոչ թե թողնել վաղվան: Գաղտնիք չէ, որ չկա մրցակցություն, չի լինի նաև վարպետության աճ: Իսկ եթե մրցակցություն էլ կա, ապա մի քանի թիմերի միջև: Բացի այդ էլ հայ ֆուտբոլիստների դեֆիցիտը հստակ արտահայտվում է առաջին խմբում: Արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստները շատ մեծ դժվարությամբ են տեղափոխվում բարձրագույն խմբում հանդես եկող հայկական թիմեր, հետևաբար առաջին խմբում նրանց կարգը չի էլ կարող շատ բարձր լինել: Բայց ինչ անեն թիմերը, եթե չկան հայ ֆուտբոլիստներ: Նրանց թիվը պարզապես չի համապատասխանում թիմերի թվին: Իսկ 15-17 տարեկան ֆուտբոլիստներին նախապես պարտվողի հոգեբանությամբ խաղադաշտ դուրս բերելն արդեն ոչ թե զարգացում է, այլ դեգրադացիա հայկական ֆուտբոլի համար:

Bsports-ը տաղանդներ է փնտրում Հայաստանում. «թիրախում» պատանի ֆուտբոլիստներն են

153
թեգերը:
ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշում նահանջել է 3 հորիզոնականով
Ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել. տեսանյութ
Արմեն Մելիքյանն աշխարհի չեմպիոն է