Ару Тамба, индийский кардиолог

Երկու անգամ էլ հայուհու հետ է ամուսնացել. հնդիկ սրտաբանը սիրահարված է հայերին և Հայաստանին

27129
(Թարմացված է 00:20 03.11.2019)
19 տարի առաջ հնդիկ Արու Տամբան եկավ Հայաստան սովորելու, բայց մնաց ընդմիշտ։ 2 տարի առաջ նա իր կյանքի ամենամեծ ողբերգությունն ապրեց։ Ճակատագրի հեգնանքով՝ բազմաթիվ կյանքեր փրկած սրտաբան Տամբան չկարողացավ փրկել սիրելի կնոջը։

Արու Տամբայի մասին իմացա տաքսու վարորդից։ Գործընկերոջս հետ հեռախոսազրույցից կռահեց, որ լրագրող եմ, շտապեց հիացմունքով պատմել, թե ինչպես հնդիկ սրտաբանը հետազոտեց իր հորը՝ ամբողջ ընթացքում խոսելով մաքուր հայերեն։ Քանի որ առաջին տեղում հիվանդներն են, իսկ լրագրողները թող սպասեն, մոտ երկու շաբաթ մասնագիտական հետապնդումից հետո ի վերջո հաջողվեց հարցազրույց անցկացնել «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբան Արու Տամբայի հետ։

Հնդիկների մի մասը բուսակեր է․նրանց մանկուց սովորեցնում են, որ չի կարելի ցավ պատճառել, դրա համար շատերը մսից հրաժարվում են։ Իսկ եթե ուտում են, ապա` ոչ կովի միս։ Արու Տամբան կյանքում առաջին անգամ կովի միս կերավ Հայաստանում։ Անկեղծանում է՝ դա շատ ցավոտ էր իր համար, բայց և փորձում էր հարմարվել նոր կյանքին։

«Դրա համար էլ գործընկերներիս կատակով ասում եմ՝ ես հնդիկ չեմ, ես փչացած հնդիկ եմ»։

Արուն Հայաստան եկավ 2000թ․-ին, զարմիկի հետ։ Ընկերոջից իմացել էր՝ լավ տեղ է, բժշկական կրթություն ստանալն էլ անհամեմատ ավելի մատչելի է, քան Հնդկաստանում։ Այնտեղ եթե անվճար չես ընդունվել, ուրեմն մոտ 30-40 հազար ԱՄՆ դոլար պիտի վճարես միայն նրա համար, որ քեզ համալսարան ընդունեն, հետո էլ յուրաքանչյուր տարի մոտ 2000 դոլար էլ վճարես որպես ուսման վարձ։ Արուն խոստովանում է՝ մինչ այդ չգիտեր, թե Հայաստանը որտեղ է՝ չնայած ծնվել է Մադրասում, որտեղ հայերի մասին գիտեն․հայկական փողոց կա, եկեղեցի ու կամուրջ, որը հայերն են կառուցել։

Երևանի Պետական բժշկական համալսարանը փոխեց Արուի կյանքն ու ապագան` բոլոր առումներով։ Սիրահարվեց համակուրսեցուն ու սկսեց Հայաստանը ճանաչել նրա աչքերով։

«Համալսարանն ավարտելուց հետո շատ դժվար ընտրության առաջ կանգնեցի։ Իմ բոլոր հնդիկ ընկերները հետ էին գնում Հնդկաստան։ Մի կողմից այնտեղ իմ տունն էր, բայց այստեղ էլ իմ սերն էր»,–պատմում է նա։

Արուն որոշեց մնալ․իր խոսքով այդ պահին ժամանակավոր լուծումն օրդինատուրա ընդունվելն էր։ Այստեղ էլ սկսեց հայերեն սովորել, մինչ այդ ոչ մի բառ չգիտեր, բայց հասկացավ՝ որքան էլ ռուսերեն լավ է խոսում, բայց հիվանդները սիրում են, որ իրենց հետ իրենց լեզվով ես խոսում։ Հայերենի հարցում շատ էր օգնում ապագա կինը․

«Ես գիտեի, որ նա սրտի խնդիր ունի, բայց դա կապ չուներ՝ մենք սիրում էինք իրար»։

Արուի ընտանիքը սկզբում կողմ չէր, ասում էին՝ հնդկական ավանդույթները պահել է պետք։ Բայց 2009թ․-ին նրանք ամուսնացան։

«Դե ինչպես ավանդույթն է՝ ծնողներին հարցրեցի՝ կտա՞ք ձեր աղջկան։ Ասացին՝  դու գիտես․2 դեպքում էլ կհասկանանք։ Ենթադրում եմ՝ նկատի ունեին կնոջս հիվանդությունը։ Այն ժամանակ անգամ վստահ էինք, որ մենք երեխա էլ չենք կարող ունենալ, բայց դա ինձ իմ սիրուց հետ չպահեց»,– պատմում է Արուն։

«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

Ամուսնությունից հետո Արուն որոշեց մեկնել Հնդկաստան, աշխատել, կայունություն ձեռք բերել՝ կնոջն այնտեղ տեղափոխելու համար։ Ասում է՝ որքան անհամեմատելի է Հայաստանում և Հնդկաստանում բժշկական կրթության ուսման վճարը, նույնքան անհամեմատելի է բժշիկների աշխատավարձը։ Հնդկաստանում 1 բժշկին մոտ 2000-3000 հիվանդ է բաժին ընկնում, գրեթե բոլորն աշխատում են օրական մոտ 20 ժամ, բայց նաև շատ բարձր են վճարվում։ Մոտ 10 ամիս աշխատելուց հետո Արուն վերադարձավ Հայաստան․ հասկացել էր, որ հայկական ապրելակերպին է սովորել։ Վերադարձի տարին բավականին ծանր էր․կնոջ սիրտը վիրահատեցին, դրանից հետո ևս երկու անգամ վիրահատություններ եղան։ 2011թ-ին Արուի կյանքում իսկական հրաշք եղավ․ ծնվեց նրանց դուստրը՝ Վիկտորյան։

Հայաստանում աշխատանքի սկիզբը դժվար ստացվեց, բայց ստացվեց․ 2011թ․-ից աշխատանքի անցավ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Անկեղծորեն ասում է՝ սկզբում շատ դժվար էր, վերակենդանացման բաժնում շատ ծանր դեպքեր է տեսել։

«Մարդն իր ոտքով գալիս է, կես ժամ անց մահացած է․ շատ դաժան է։ Բայց այս նոր ծրագրերով՝ անվճար ստենտավորմամբ, շատ կյանքեր են փրկվում»,–ասում է նա։

Սկզբում հիվանդների համար տարօրինակ էր հնդիկ բժիշկ տեսնելը, բայց մոտ մեկ տարի անց Արու Տամբայի անունը հայտնի դարձավ։ Նրան հրավիրեցին աշխատելու Ճամայկայում՝ բարձր պաշտոնով և բարձր աշխատավարձով։ Կնոջ և երեխայի հետ տեղափոխվեցին հեռավոր կղզի։

«Վարձատրության առումով շատ լավ էր, բայց անհետաքրքիր, կողքիդ ոչ ոք չկար։ Նաև չկար այն ապահովությունը, որ Հայաստանում է։ Ասենք, գիշերը կարող էին գլխիդ ատրճանակ դնել ու ասել՝ փողերդ տուր։ Ինձ հետ եղել է։ Կինս ասաց՝ ավելի լավ է Հայաստանում հաց ու պանիր ուտենք, քան թե այստեղ՝ խորոված»։

Ասում է` երբ հիվանդանոցում իմացան՝ վերադառնում է, շատ ուրախացան։ Բայց Արուի ընտանեկան երջանկությունը երկար չտևեց․ 2017թ․-ին կինը մահացավ սրտի սուր անբավարարությունից։

Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում

«Ես ու երեխաս անտեր մնացինք։ Շատ դժվար էր, ինձ կորցրել էի, չէի կարողանում աշխատել»,- պատմում է Արուն ու հիշում, թե ինչպես մի քանի ամիս անց ընկերները պնդեցին՝ պետք է աշխատանքի վերադառնա, կյանքը շարունակվում է։ Ասում է, որ կնոջ մահից հետո մայրը կարծում էր, թե որդին թոռնուհու հետ Հնդկաստան կգնա, բայց, հակառակը. այստեղից հեռանալ մտքով էլ չէր անցնում։

Որոշ ժամանակ անց Արուն կրկին ամուսնացավ՝ կրկին հայուհու`կնոջ ընկերուհու հետ։ 2018թ.-ին ծնվեց նրանց որդին՝ Առոնը․ ասում է՝ և՛ հնդկական անուն է, և՛ հայկական (Ահարոնի մի տարբերակը)։

«Մայրս շատ ուրախ է, որ սթրեսից դուրս եկա։ Նա հաճախ է աղջկաս հետ Skype-ով խոսում։ Միշտ ասում է՝ գոնե երեխային հնդկերեն սովորեցրու, իրար հասկանանք, բայց մեր տանը միշտ հայերեն ենք խոսում։ Այնպես որ մայրս ու աղջիկս իրար հետ հաղորդակցվում են ձեռքով-ոտքով, ամեն դեպքում՝ կարողանում են իրար հասկանալ»,- ժպտալով պատմում է Արուն ու ավելացնում, որ շատ կցանկանա Հնդկաստանը ցույց տալ իր զավակներին։ Ուզում է, որ հարազատների հետ ջերմ կապեր ունենան, բայց Հնդկաստան ընդմիշտ վերադառնալու մասին չի մտածում։ Իր տունն արդեն վաղուց Հայաստանում է, ինքն էլ ներսում հայ է։

«Ես չեմ զգում, որ հնդիկ եմ, ինձ ձեզանից մեկն եմ համարում»։

Շատ ուրախ է, որ կարողանում է հայ ժողովրդի համար մի լավ բան անել, օգնել, բուժել։ Արուն դեռ ՀՀ քաղաքացիություն չունի. ասում է՝ թղթաբանությունը շատ է, իր ժամանակը՝ քիչ, բայց հույս ունի, որ եկող տարի կհասցնի այդ հարցն էլ լուծել։ Խոսքում հաճախ է կրկնում՝ պետք չէ ամեն ինչից դժգոհել, կնոջ մահն իրեն շատ փոխեց, շատ բան սովորեցրեց։ Հասկացավ, որ եթե սիրելի մարդիկ առողջ են, ուրեմն պիտի փառք տալ աստծուն և ուրախանալ ունեցածով։

27129
թեգերը:
Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հիվանդանոց, հիվանդ, սեր, տղամարդ, հնդիկ, Հնդկաստան, երեխա, Կին, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Որքան է ավելացել հնդիկների թիվը Հայաստանում, և ինչն է նրանց բերում մեր երկիր. տվյալներ
Աշխատաշուկայում իրավիճակ է փոխվել. գործատուները պատժո՞ւմ են աշխատանք փնտրող տեղացիներին
Հայաստանը կարողանում է նվիրել. ինչպես են հնդիկները ArMath–ի օգնությամբ ինժեներիա սովորելու
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

279
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

279
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

178
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

178
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

0
(Թարմացված է 12:34 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

 

0