Բանկոմատ

Նա Կարապետ անունը փոխարինեց Լյութեր Ջորջով. ինչպես հայը ստեղծեց առաջին բանկոմատը

552
(Թարմացված է 20:42 23.10.2019)
Ինչ կլիներ աշխարհի վիճակը, եթե չլինեին գյուտարար հայերը, որոնց հայտնագործություններից շատերը հեշտացրել են մարդկանց կյանքը։ Օրինակ` այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բանկոմատի։ Իսկ գիտե՞ք, որ այստեղ էլ հայերի «մատը խառն է եղել»։

Ի՞նչ եք կարծում՝ երբ է ստեղծվել առաջին բանկոմատը․ 90-ականների սկզբների՞ն։ Ոչ, դեռևս հեռավոր 1930-ական հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանն աշխատում էր մարդկության կյանքը հեշտացրած այս սարքը ստեղծելու ուղղությամբ։ Առաջին բանկոմատը նրան հաջողվում է ստեղծել 1939թ․-ին։ Բայց մինչ իր՝ աշխարհը փոխած գյուտին հասնելը Սիմջյանը դժվար ճանապարհ է անցել։

Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը

Հայտնի է, որ նա ծնվել է 1905 թվականին Արևմտյան Հայաստանում՝ Այնթապում։ Այն ժամանակ նա դեռ Կարապետ էր, միայն հետո ստիպված եղավ արևմուտքի համար ավելի հասկանալի ու հեշտ արտաբերելի անուն գտնել՝ Լյութեր Ջորջ։ Հայոց ցեղասպանությունը Կարապետին բաժանեց ընտանիքից. դեռ պատանի տարիքում նա ստիպված եղավ փախչել Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թ․-ին Ֆրանսիայից տեղափոխվեց ԱՄՆ, ապաստան գտավ Կոնեկտիկուտում բնակվող հարազատների մոտ։ Սիմջյանը սիրում էր լուսանկարել ու 15 տարեկանից ուսմանը զուգահեռ աշխատում էր որպես լուսանկարիչ։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի անցավ Յեյլի համալսարանի բժշկական համալիրի ֆոտոսարքավորումների բաժնում որպես կառավարիչ։ Հենց այստեղ էլ աշխատանքի ընթացքում ի հայտ եկան նրա նորարարական մտածողությունը։

Лютер Джорж Симджян
auroraprize
Լյութեր Ջորջ Սիմջյան

Նա մի շարք հայտնագործությունների հեղինակ դարձավ, այդ թվում ստեղծեց նկարների մանրադիտակի լուսարձակը, դա մոտավորապես պրոյեկտոր էր, որի միջոցով էկրանին հնարավոր էր տեսնել միկրոսկոպով ստացված պատկերներ։ 1934 թվականին տեղափոխվեց Նյու Յորք ու սկսեց աշխատել ֆոտոսարքավորումների ոլորտում։ Ըստ էության, երիտասարդ Սիմջյանն արդեն գյուտարար էր։ 1939-ին նա անգամ հիմնեց սեփական ընկերությունը՝ «Reflector Co.»–ն՝ նոր սարքավորումների սերիական արտադրության համար։ Ի դեպ, այս ձեռնարկությունը գոյատևեց 65 տարի, մինչև որ 90 միլիոն դոլարով այն գնեց «British Aerospace» ընկերությունը։ Ընկերությունը հիմնելու նույն տարեթվին Սիմջյանը որոշեց ստեղծել այնպիսի սարքավորում, որը կանխիկ գումար կտրամադրեր։

Իր ստեղծած առաջին սարքավորումը նա անվանեց Բանկոմատիկ՝ Բանկ և ավտոմատ բառերի համադրումից։ Բանկոմատիկը նա առաջարկեց ամերիկյան տարբեր բանկերին, որոնք, սակայն, թերահավատորեն վերաբերվեցին Սիմջյանի ստեղծածին, չհասկացան դրա իմաստն ու հրաժարվեցին Բանկոմատիկի կիրառումից։ Չնայած դրան, Սիմջյանը չհիասթափվեց ու թևաթափ չեղավ։ Գրեթե 20 տարի նա աշխատեց, կատարելագործեց իր սարքը։ Վերջապես 1960 թվականին նրան հաջողվեց 6 ամիս ժամկետով պայմանագիր կնքել Նյու Յորքի City Bank-ի հետ՝ իր սարքը փորձնական շահագործելու համար, սակայն կես տարի անց պայմանագիրը չերկարացվեց. սարքավորումը վերադարձվեց պահանջարկի բացակայության պատճառով։ Անգամ այս անհաջողությունից հետո նա չհանձնվեց՝ շարունակելով ստեղծել նոր սարքավորումներ։ Արդյունքում նա հորինեց ոչ միայն թղթադրամի ստացման բանկոմատ, այլև 1965 թվականին արտոնագրեց մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտը։

«Թվում է՝ բանկոմատներից օգտվում են միայն խաղամոլներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին»,- իր գյուտերի մասին խոսելիս մի առիթով ասել է Սիմջյանը:

Գյուտարար հայեր. կանանց կյանքը հեշտացրել է մեր հայրենակիցը

Բանկոմատի թեման նրան հանգիստ չէր տալիս, բայց նա նաև այլ ոլորտներին վերաբերող բազմաթիվ սարքավորումների գյուտերի հեղինակ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատոր, այսինքն՝ այնպիսի սարքավորում, որը ռազմական ինքնաթիռով թռիչքի տպավորություն ու զգացողություններ էր տալիս։ Այն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում` գնահատելու ավիատեխնիկայի արագությունն ու միջտարածությունը։ Պատերազմի ավարտից հետո նա նաև հայտնագործեց հատուկ տեխնոլոգիա, որը հեշտացնում էր գիշերային թռիչքների ժամանակ օդաչուների կողմնորոշումը։ Սիմջյանը նաև բժշկական մի շարք հայտնագործությունների հեղինակ է դարձել։

1968թ.-ին բանկոմատից հետո իր ամենահայտնի երկրորդ գյուտի հերթն էր՝ Տելետրանս, այն պարզապես հեռագրի կատարելագործված տարբերակ չէր, այլ էլեկտրոնային հաշվիչ մեքենայի բազմաֆունկցիոնալ մի համակարգ, որը հեռագրի՝ այն ժամանակների համար շատ արդիական խնդրի լուծում դարձավ։ Այն հնարավորություն էր տալիս հաղորդագրություններն ուղարկելուն զուգահեռ տեքստը թարգմանել մի լեզվից մյուսը։

Նրա հայտնագործությունների ոլորտները շատ են ու բազմազան՝ միսը փափկեցնելու սարքից մինչև մերսման հատուկ հեծանիվ։ Ընդհանուր առմամբ, Սիմջյանի հայտնագործություններն ընդգրկում են 30 ոլորտներ։ Նա համարվում է ԱՄՆ ամենաունիվերսալ գյուտարարը, ռեկորդակիր է արտոնագրված գյուտերի թվով։ Իր կյանքի ընթացքում Լյութեր Ջորջ Սիմջյանն ավելի քան երկու հարյուր գյուտ է արտոնագրել։ Նա չի դադարել ստեղծել մինչև կյանքի վերջին օրը։ Իր վերջին արտոնագիրը ստացել է 92 տարեկանում, երբ գրեթե կորցրել էր տեսողությունը։ Այս գյուտից մի քանի ամիս անց 1997թ.-ի հոկտեմբերի 23-ին Լյութեր Ջորջ Սիմջյանի հետաքրքիր, հայտնագործություններով լի կյանքի ճանապարհն ընդհատվեց։

Ի դեպ, աշխարհի ամենահայտնի գյուտարարներից մեկը, որին շատերն անվանում էին երկրորդ Թոմաս Էդիսոն, ոչ միայն տեխնիկական կրթություն չուներ, այլև ընդհանրապես բարձրագույն կրթություն։

Ալեք Մանուկյանի ֆենոմենը․ ինչի՞ համար է Հենրի Ֆորդը գովել հանճարեղ հային

552
թեգերը:
Լյութեր Ջորջ Սիմջյան, բանկոմատ
Ըստ թեմայի
«Արև» բույսերի համար. հայ գյուտարարի հայտնագործությունը կարող է օգնել ֆերմերներին
Խելացի դրամապանակ ստեղծող հայերը միլիոններ են աշխատել. Նարեկ Վարդանյանը բացում է գաղտնիքը
Որպեսզի էլեկտրականությունը չկորչի. հայ–գերմանական նոու–հաուն կկիրառեն Նորվեգիայում
Ծխող երիտասարդ

Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

124
(Թարմացված է 00:15 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մի տեսակ աննկատ անցավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է գարնան վերջին՝ մայիսի 31-ին։ Սա, իհարկե, հասկանալի է՝ դա նույնն է, ինչ, ենթադրենք, խոսեմ գիրության վնասների մասին, երբ աշխարհում մոլեգնում է ժանտախտը։
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք. նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, միանգամայն իրավացի էր իտալացի քաղաքական գործիչ Սանդրո Պերտինին, երբ ասում էր. «Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում»։ Իտալացու այս կատակին կարելի է երևի ավելացնել, որ ծխողները ոչ միայն հանդուրժող են, այլև հենց իրենք են պայքարում ծխելու դեմ։ Ինչպես թե ինչպես։ Խնդրում եմ` մի համոզեք ինձ, որ մեր հայաստանյան կառավարության անխտիր բոլոր անդամները չծխող են։ Եվ ստացվում է, որ եթե կառավարությունը ծխելու դեմ ծրագիր է ներկայացրել, իսկ այդ կառավարության առնվազն մի մասը ծխում է, ուրեմն ծխողները մտադիր են պայքարել ծխելու դեմ։

Երբ մեր առողջապահության նախկին նախարարներից մեկը պնդում էր, թե ծխող մարդիկ անհաջողակ են, համաձայնեք՝ նախարարի հետ շատ դժվար է համաձայնել։ Կներեք, դա լուրջ փաստարկ չէ։ Դա նույնն է, եթե ես ասեմ. «Այ, առաջին նախագահի օրոք վատ էինք ապրում, որովհետև նա ծխում էր, իսկ երկրորդ նախագահի օրոք երկնիշ տնտեսական աճ ունեցանք, որովհետև ոչ միայն չէր ծխում, այլև բասկետբոլ էր խաղում ու նույնիսկ վինդսերֆինգով էր զբաղվում»։ Չեմ ուզում հիմա բերել բազմաթիվ ծխող, բայց հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի հանկարծ չմեղադրեք ինձ, թե ուզում եմ ապացուցել, որ ծխողները հաջողակ են։ Քավ լիցի, ամենևին չեմ պատրաստվում հերքել անհերքելին և երկու ձեռքով կողմ եմ ծխելը հասարակական վայրերում արգելելու բոլոր նախաձեռնություններին, որովհետև ողջ աշխարհն է շարժվում այդ ուղղությամբ, մենք մի բան էլ ուշացել ենք։

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

Ուղղակի էսպիսի բան էլ կա։ Մարկ Տվենը, որն օրական քսան սիգար էր ծխում, մի անգամ ասել է. «Եթե դրախտում ծխելն արգելված է, չեմ ուզում այնտեղ հայտնվել»։ Չգիտեմ՝ այդ մարդը հաջողակ էր, թե անհաջողակ։ Ինքներդ կարող եք գնահատական տալ, բայց Էռնեստ Հեմինգուեյը միշտ ասում էր. «Ամերիկյան ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է Մարկ Տվենի մի գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ծխախոտի գները բարձրացնելն է, և ողջ աշխարհը հենց այդ ճանապարհով է ընթացել։ Գնացեք Նոր Զելանդիա, որի իշխանությունները մտադիր են 2025 թվականին իրենց պետությունը դարձնել ընդհանրապես smocking free։ Մի տուփ սիգարետը 5 հազար դրամ արժե, կողքի Ավստրալիայում 6 հազարն անցնում է։ Գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա այնտեղի աշխատավարձերը, բա այնտեղի բարեկեցությունը։ Դուք էլ բարձրացրեք ձեր բարեկեցությունը՝ հենց ծխելուց հրաժարվելով։ Եթե, օրինակ, մի տուփ սիգարետի միջին գինը դառնա 1000 դրամ, իսկ դուք օրական հենց մի տուփ եք ծխում, մի ծխեք և տարեկան կխնայեք ուղիղ 365 հազար դրամ։ 365 հազար դրամով կարելի է այցելել Արևմտյան Հայաստան՝ Կարս, Էրզրում, Կիլիկիա, 9 օրով, հարմարավետ ավտոբուսով, երկու անգամվա սնունդով, թուրքագետ խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներով, այդ 9 օրից հինգն էլ՝ ծովափնյա շքեղ հյուրանոցում։

Ասում ենք՝ պատժամիջոցները չափից դուրս խիստ են։ Ու միաժամանակ բողոքում ենք, թե երթուղայինների վարորդները ծխում են։ Այ, եթե գծատերին գոնե հազար դոլարով տուգանեին, լավ էլ կհետևեր, որ վարորդների ծխից չխեղդվեինք։ Էլի համաձա՞յն չեք կտրուկ միջոցներին։ Էդ դեպքում գնացեք Բութան։ Հիմալայան այդ պետությունում գիտե՞ք` ինչ օրենքներ են գործում։ Ոստիկանը կարող է մտնել ձեր բնակարան, ու եթե հանկարծ բռնեցնի ձեզ ծխելուց, երեք տարի կնստեք բանտում։

Կան, իհարկե, փոխզիջումնային տարբերակներ։ Մի քանի տարի առաջ կարդացի, որ Սլովակիայում որոշ կազմակերպություններում այսպիսի կանոն է գործում՝ դուք կարող եք ծխել նույնիսկ աշխատասենյակում, բայց մի պայմանով՝ եթե տվյալ աշխատասենյակում անխտիր բոլորը ծխող են։ Բայց ախր ամեն օր պիտի Աստված կանչեք, որ հանկարծ մի նոր աշխատող չընդունեն, որը ծխող չէ, այլապես ծխողների երջանկությունը հօդս կցնդի սիգարետի ծխի նման….

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

124
թեգերը:
ծխախոտ, Ծխել, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

745
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

745
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է և հասել 6.3 միլիոնի

0
Աշխարհում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները շարունակում են աճել։ Առաջատարների առաջին եռյակում են ԱՄՆ–ն, Բրազիլիան և Ռուսաստանը։ Հայաստանը 56-րդ հորիզոնականում է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 371 166 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։ Հիվանդության բարդությունից մահվան ելքերն այսօրվա դրությամբ  377 552 են։

Տարածվածության ցուցանիշներով առաջին տեղում է ԱՄՆ–ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 859 323 մարդու մոտ։ COVID-19–ի բարդացումներից այստեղ մահացել է 106 925 վարակված։

Երկրորդ տեղում է Բրազիլիան, այստեղ 529 405 վարակման դեպք է գրանցվել։  Մահվան ելքերը 30 046–ն են։  

Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որտեղ կորոնավիրուս է բացահայտվել 414 878 մարդու մոտ։ COVID-19–ից այս երկրում մահացել է 4 855 մարդ։

Հայաստանը 56-րդ հորիզոնականում է` հիվանդացության 9492 դեպքերով։

COVID-19–ի տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Պերուն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

0
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Բրազիլիա, ԱՄՆ, աշխարհ, թեստ, կորոնավիրուս