Ryanair ավիաընկերության պատկերանշանը՝ անձնակազմի անդամի բաճկոնին

Ryanair. ինչ է իրենից ներկայացնում Հայաստան մտնող ավիաընկերությունը

1330
(Թարմացված է 14:45 28.11.2019)
Եկեք անկեղծ լինենք։ Այս տարվա ամենահաճելի իրադարձություններից մեկն այն է, որ այս շաբաթ հայտարարվեց՝ հաջորդ տարվանից Հայաստան է մտնում Ryanair ավիաընկերությունը, որի տոմսերի գները պարզապես ֆանտաստիկ են՝ մոտ 35 եվրո դեպի եվրոպական քաղաքներ։

Այսինքն այլևս ստիպված չենք լինելու գնալ Թբիլիսի՝ էժան չվերթեր իրականացնելու համար։ Համաձայնեք, միանգամից հարց է ծագում՝ լավ, ինչպե՞ս է այս ավիաընկերությունը ապահովում այնպիսի գներ, որոնք ոչ թե երկու, ոչ թե երեք, այլ 10 անգամ ցածր են այն գներից, որոնց մենք սովոր ենք։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Ryanair. ինչ է իրենից ներկայացնում Հայաստան մտնող ավիաընկերությունը
Առաջին պատասխանը, որը հնչում է, սա է՝ ինքնաթիռում չեն կերակրում։ Կներեք էլի, ախր էդ ուտելիքը ինչ մի հսկայական ծախս է։ Ճիշտ է՝ միանգամից հիշում եմ մեկ զեյթունի պատմությունը։ Ամերիկյան ավիաընկերություններից մեկի ղեկավարությունը որոշեց ուղևորին մատուցվող կերակուրից հանել ընդամենը մեկ զեյթուն (դե ով է պարզելու՝ պիտի լինի այդ զեյթունը, թե չպիտի լինի)։ Ու միանգամից տարեկան խնայեց մեկ միլիոն դոլար։ Եվ, այնուամենայնիվ, հասկանալի է, որ թռիչքի ժամանակ ինձ չկերակրելը չի կարող տոմսի գինն իջեցնել 10 անգամ։

Նախ՝ շատ հակիրճ այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս ընկերությունը։

Այն հիմնադրեց Թոնի Ռայանը, որը հիմա Իռլանդիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Ճիշտ այնպես, ինչպես Քըրք Քրքորյանը ժամանակին իր ճանապարհը բիզնեսում սկսեց մեկ ինքնաթիռից. Ռայանն էլ ուներ ընդամենը մեկ փոքրիկ ինքնաթիռ՝ 18-տեղանոց, և իրականացնում էր ընդամենը մեկ չվերթ՝ Իռլանդիայից Անգլիա։

Գործը ոչ միայն եկամտաբեր չէր, այլև կորուստներ էր բերում։ Եվ օրերից մի օր Թոնի Ռայանը որպես խորհրդատու հրավիրում է Մայքլ Օլիրիին, որն այդ միակ ինքնաթիռով մեկ թռիչք կատարելուց հետո ասում է. «Լսիր, Թոնի, ընդամենը մեկ շատ կարճ խորհուրդ ունեմ քեզ տալու՝ անմիջապես փակիր այս քո վնասաբեր ընկերությունը և ուրիշ գործով զբաղվիր»։

Բայց Թոնին էլ Մայքլին է ֆանտաստիկ առաջարկ անում. «Եթե կարողանաս շահութաբեր դարձնել ընկերությունս և տարեկան եկամուտը հասցնել 2 միլիոն դոլարի, այդ գումարի մեկ քառորդը քոնը կլինի»։

Մայքլը գայթակղվում է և մեկնում Ամերիկա, որտեղ այն ժամանակ արդեն գործում էին, այսպես կոչված, լոուքոսթերները՝ էժան տոմսեր վաճառող ավիաընկերությունները։ Դրանց սկզբունքը սա էր՝ մի կողմից՝ խնայել ամեն ինչի վրա, մյուս կողմից՝ փորձել փող կորզել ուղևորից ամեն լրացուցիչ ծառայության համար։ Հենց այդ սկզբունքով էլ սկսեց գործել Ryanair-ը։

Արտառոց տարբերակներ էին դիտարկվում։ Օրինակ՝ վճարովի դարձնել ինքնաթիռի զուգարանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ գնում ես զուգարան, իսկ դռան մոտ կանգնած գեղեցկադեմ ուղեկցորդուհին ասում է՝ 5 եվրո։ Ու դու չունես այդ 5 եվրոն... Սա, իհարկե, ի վերջո չիրականացվեց, ինչպես չիրականացվեց նաև մեկ այլ գաղափար՝ ինքնաթիռի հետևի մասում հանել նստարանների մի քանի շարք, բար բացել և վաճառել սուրճ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ ու թեթև խորտիկներ։ Սա էլ ի վերջո իրականություն չդարձավ։

Իրականացվեցին բոլորովին այլ՝ շատ ավելի արդյունավետ գաղափարներ։ Ընկերությունը հսկայական գումարներ է խնայում օգտագործելով միայն մի տիպի ինքնաթիռներ՝ Բոինգ 737-800։ Կարիք չկա տարբեր մասնագետներ պահել մի քանի տեսակի ինքնաթիռ սպասարկելու համար, պահեստամասերն էլ ընդամենը մի ընկերությունից են ձեռք բերվում։ Ինքնաթիռներն էլ օգտագործվում են առավելագույն արդյունավետությամբ։

Եթե այլ ընկերությունների ինքնաթիռները օդակայանում, այսպես ասած, հանգստանում են նվազագույնը 30-40 րոպե, Ryanair-ի դեպքում ուղևորների նստեցումը տևում է 23 րոպե։ Ընդ որում՝ ուղևորները հիմնականում ոտքով են հասնում ինքնաթիռի մոտ։

Ryanair-ը խնայում է նաև գրանցման վրա՝ պահանջելով ուղևորից դա անել ինքնուրույն՝ ինտերնետի միջոցով։ Չարեցիր՝ 50 եվրո, այսինքն՝ տուգանքն ավելի մեծ է, քան տոմսի գինը։ Նաև ուղեբեռի նկատմամբ ներկայացվող պահանջներն են շատ խիստ՝ մի փոքր մեծ եղավ ուղեբեռդ սահմանված չափսերից՝ էլի հսկայական գումար՝ 60 եվրո։

Այս ամենի պատճառով Ryanair-ն աշխարհի ամենաքննադատվող ավիաընկերությունն է։ Այսօր բացեցի այն էջը, որտեղ տեղադրված են ուղևորների կարծիքները ընկերության մասին։ Իսկապես, ինչ դժգոհություն ասես կա։ Բայց կա նաև մի շատ ճիշտ խորհուրդ՝ նախապես ուշադրությամբ կարդացեք բոլոր պահանջները, մի խախտեք կանոնները, և ամեն ինչ լավ կլինի։

Հեղինակ՝ Արմեն Դուլյան

1330
թեգերը:
չվերթ, Բեռլին, Միլան, Երևան, Հայաստան, Ryanair ավիաընկերություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (207)
Արտակ Ղարագյոզյան

Թշնամու «ինովացիոն զենքի» և կրակոցների թիրախում․ ինչպես են ապրում Բարեկամավան գյուղում

76
(Թարմացված է 21:55 14.08.2020)
Բարեկամավանը երեք կողմից նայում է սահմանին։ Դաշտերն ու արոտավայրերը պարբերաբար գնդակոծվում են։ Գյուղի միակ ձեռնարկությունը չի գործում։ Սակայն բնակիչները գյուղը չեն լքում։

Անտառ, սալոր, դեղձ, մեղր, դատարան։ Սրանք պատահական բառերի չեն․ դրանք այն միջոցներն են, որով իրենց հողին ամուր կառչած սահմանամերձ գյուղի բնակիչները գումար են վաստակում, միայն թե այստեղից չհեռանան։ Բարեկամավանը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, որտեղից երևում են դաշտերը, արոտավայրերն ու բլուրների լանջի ներքևում և անտառից հեռու գտնվող տների մի մասը։

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաների փորձը կարող է օգնել տավուշցիներին

Այստեղ կարծես ամեն քայլափոխին վերևից պտուղներ են թափվում։ Դրանց միջով քայլելով, մոտենում ենք փեթակներին։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը

«Մեղրն այնպիսի բան է, որ սովորության հարց է։ Ինչ-որ մեկը, ասենք, մեղուներին մեղրի փոխարեն շաքարի օշարակ է տալիս․․․ պարզ է՝ որպեսզի իրեն շատ մեղր մնա։ Եվ համն արդեն այն չէ։ Բայց նրա գնորդները սովոր են․ նրանց նորմալ մեղր ես բերում, առանց էդպիսի բաների, չեն վերցնում, ասում են՝ համն ինչ-որ ուրիշ է, քաղցր չէ»,- պատմում է տեղի բնակիչ Արտակ Ղարագյոզյանը։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը՝ ձեռքին Մեղրի ափսեն

Մեղվափեթակներ այստեղ գրեթե բոլորն ունեն։ Ոմանք՝ մեկ-երկու հատ, իրենց և հարազատների համար, ուրիշները՝ ավելի շատ՝ վաճառքի համար։ Մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում գյուղի որոշ ընտանիքների մեղվափեթակներ բաժանեցին։ Դա օգնեց փոքր-ինչ գումար վաստակել, քանի որ դաշտում աշխատել չէր հաջողվում։

Пчелиный воск с медом
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ

«Մեղուներով առաջ էլ եմ զբաղվել։ Մորական պապս հիանալի մեղվապահ էր։ Մեր կոլխոզի հաշվապահն էր, իսկ տանը փեթակներ ուներ ու մեղուներով էր զբաղվում։ Արդեն 90 տարեկան էր, բայց հանգիստ, այ ինչպես ես հիմա, հետևում էր մեղուներին»,-պատմում է Արտակը։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը

Այնուհետև մենք կանգնում ենք փեթակներից մի քանի քայլ հեռավորության վրա, իսկ Արտակը հանգիստ անցնում է մեջտեղ և բացում դրանցից մեկը։ Այստեղ բոլորն արդեն սովոր են մեղուներին, իսկ մեղր գրեթե բոլորի տներում կա։

Տարածքային ամբողջականությունը

Գարնանը և ամռանը այստեղ և հարևան գյուղերից մի քանիսում «միջազգային հանցագործություն» է կատարվում՝ «խախտվում է Ադրբեջանի Հանրապետության սահմանը և տարածքային ամբողջականությունը»։ Հարևան Հայաստանում մեղուներին բաց են թողնում՝ ծաղիկների փոշոտում կատարելու։ Իրականում մեղուները անցնում են սահմանը և ապօրինի օգտվում դաշտային ռեսուրսներից։ Մեր բախտից է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայոց մեղուներին դեռ չի սպառնացել։ Այնպես որ, մենք դանդաղ անցնում ենք պատասխանատու պահին՝ ափսեից վերցնում ենք թեյի գդալը և մեղրը քսում հացին։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը պաշտպանիչ հագուստ է հագնում

«Արագ կերեք, թե չէ մեղուներն ու իշամեղուները մի վայրկյանում գալիս են, հոտն զգում են։ Եթե հիմա չուտեք, իրենք կուտեն ձեր փոխարեն»,- ծիծաղում է Արտակը և մեր ափսեի մեջ մեղր լցնում՝ մեղրամոմի վեցանկյունիկներով շաղախված։

© Sputnik / Asatur Yesayants
Մեղուները մեղրի մեջ

Նրա տանը, առաջին հարկի մութ սենյակում, գտնվում է «երջանկության արհեստանոցը»։ Դռնից բացի, մուտքն այստեղ ծածկված է գորգով, պատուհանները պինդ փակված են, որ «ոչ մեկ չբզզա»։ Այստեղ Արտակը շրջանակներից մեղր է քամում և ցենտրիֆուգայով առանձնացնում մեղրամոմից։ Բայց մեղրով լի տարրաները դեռ երջանկություն չեն։ Երջանկությունը որդին է՝ Նարեկը, որը քայլում է հոր հետևից և օգնում նրան։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը ՝ աշխատելիս

«Նա ոչ միայն մեղվապահի գործն է յուրացնում։ Պապս ախր նաև սազ էր նվագում, այն էլ ինչպե՜ս։ Նրանից հետո սազը տանը դրած էր, ես հենց էնպես ծնգծնգացնում էի։ Իսկ Նարեկը կիթառ նվագել սովորեց, հիմա էլ արդեն պապու սազն է նվագում»,- հպարտությամբ ասում է Արտակը։

«Ֆուտբոլային ո՞ր թիմին ես երկրպագում» հարցին յուրաքանչյուր երևանցի (և ոչ միայն երևանցի) տղա պատրաստ պատասխան ունի։ Նարեկը՝ նույնպես։

«Ես խաղալ սիրում եմ, բայց հեռուստացույցով ֆուտբոլ չեմ դիտում։ Ժամանակ չկա, երեկոյան քունս տանում է»,-ժպտում է տղան։

Հիմա հայրը Նարեկին Երևան է ուղարկել՝ սովորելու․ ավտոէլեկտրիկ պիտի դառնա։ Տարիներ առաջ, երբ տղան դեռ սովորում էր տեղի դպրոցում, նրա պատմության ուսուցչի տունը գնդակոծեցին․․․

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը

Յուրա Չիտչյանը տասնամյակներ շարունակ հայրենի գյուղի դպրոցում պատմության ուսուցիչ է աշխատել։ Վերջերս թոշակի է անցել, բայց ամբողջ օրը տանը նստելը նրա համար անսովոր է։ Հիմա գառներ է պահում։

«Գառներին ներքևում՝ դաշտո՞ւմ եք արածացնում»,- հարցնում ենք։

Այստեղ մարդիկ ավելի խորն են, քան մեզնից շատերը. նախագահն այցելել է սահմանամերձ Չինարի

«Չէ, անտառ եմ տանում։ Դաշտ չի ստացվի։ Կարող է կրակեն։ Տներին վրա էլ են կրակում․․․ մի անգամ իմ տան վրա կրակել են ականանետից, լուսամուտները ջարդուփշուր արել։ Ես էլ տախտակներ խփեցի։ Հիմա օրը ցերեկով էլեկտրական լամպի տակ ենք նստում․․․ կրակոցներն էլ վերջին 1-2 տարում քչացել են։ Հենց կրակում են, մերոնք տեղնուտեղը պատասխան են տալիս, նրանք էլ լռում են»,- նշում է նախկին ուսուցիչը։

Пчелиный воск с медом в тарелке
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ՝ մեղրով

1918թ-ին, պատմում է նա, գյուղացիները ոտքով տասնյակ կիլոմետրեր անցան, որպեսզի Արևմտյան Հայաստանից հեռացող ցարական բանակից հրացաններ վերցնեն։ Հետո վերադարձան և «տարածքային ամբողջականության» այն ժամանակվա սիրահարներին սթափեցրին։

«Մենք նոր չէ, որ պետք է սովորենք ոտքով քայլել։ Մեր երիտասարդները չեն հիշի, բայց մինչև 65 թիվը մեզ մոտ առհասարակ ճանապարհ չի եղել։ Ոչ ավտոբուսներ կային, ոչ մեքենաներ։ Միայն կոլխոզի բեռնատարներն էին ինչ-որ բան տանում-բերում։ Կամ էլ՝ ձիերով։ Իսկ մյուսները հենց այդպես, ոտքով սարերով գնում էին։ Ես էլ։ Մի զարմացեք, այդպես էլ ապրել ենք»,- հիշում է Չիտչյանը։

Пасека в селе Барекамаван Тавушской области
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ

Նախկինում հարևան պետությունից գալիս էին առևտուր անելու և գյուղի ճաշարանում գինի խմելու։ Հիմա այդ մարդկանց երեխաներն ու թոռները «ինովացիոն զենք» են հնարել։ Ամռանը նրանք հետևում են, թե երբ է քամին փչում ատելի Բարեկամավանի կողմը, և իրենց կողմում չոր խոտ վառում։ Հարցին, թե ինչ են անում նման դեպքերում, տեղի բնակիչները ուղղակի թափ են տալիս ձեռքերը։ «Սա․․․ չգիտեմ էլ ինչպես ասեմ․․․ հասուն մարդու բան չէ, էլի»,- ասում է նրանցից մեկը։

Դատ ու մեղր՝ ամբողջ գյուղին

«Դուք երբ հոդվածը գրեք, ինձ տեղյակ պահեք։ Ահա իմ հեռախոսահամարը, սա էլ էլեկտրոնային փոստիս հասցեն, գրանցեք»,-ասում է Ղարագյոզյան-հայրիկը։

Пасека в селе Барекамаван Тавушской области
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը ՝ աշխատելիս

-Էլեկտրոնային փո՞ստ։

-Այո։

Ղարագյոզյանն այն բացել է մի տարիներ առաջ, երբ նրան առաջարկեցին որոշակի գումար աշխատել։ Միջազգային կազմակերպություններից մեկը Հայաստանում դատական նիստերի մոնիթորինգի ծրագիր էր իրականացնում։

Ղարագյոզյանը պետք է գնար դատական նիստերին, գրեր լսածները և էլեկտրոնային փոստով ուղարկեր նրանց։

«Իրարից անպակաս լինեք». ՀՀ նախագահի տիկինը գեղեցիկ լուսանկար է հրապարակել Տավուշից

«Արդեն չեմ էլ հիշում, թե ինչպես էր կոչվում կազմակերպությունը․․․ մեր գյուղից մի քանի հոգի Նոյեմբերյան էին գնում՝ դատերի, դրանք սղագրում։ Բայց հետո մեզ մոտ ծրագիրը դադարեցրին, թողեցին միայն Երևանում։ Մենք չէինք տալիս այն, ինչ նրանք ուզում էին։ Ասում էին․ «ընդմիջումներին մոտեցեք ու լսեք, թե ինչի մասին են խոսում դատախազն ու դատավորը»։ Եվ ի՞նչ, նրանց հետևից միջանցքում ման գանք ու ականջ դնե՞նք»,-տարակուսում է նա։

Пасека в селе Барекамаван Тавушской области
© Sputnik / Asatur Yesayants
Մեղվաընտանիք

Այստեղ այլ աշխատանք չկար և դեռ չկա։ Փորձել են ոչ մեծ արտադրություն բացել․ այստեղ պետք է դրոսելների (էլեկտրոնիկայում և ռադիոտեխնիկայում օգտագործվող սարքավորում է) համար կծիկներ փաթաթեին։ Արտադրությունը չստացվեց՝ չլուծվեցին կազմակերպչական հարցերը (այդ մասին մանրամասն կպատմենք առանձին հոդվածում)։ Մարդկանց ընդունեցին աշխատանքի, բայց հետո ստիպված եղան ազատել։

Արմեն Սարգսյանն այցելել է ադրբեջանական կրակոցների զոհ դարձած Սոս Էլբակյանի ընտանիքին

«Ես ու ամուսինս մինչ օրս աշխատանք չունենք»,-ասում է գյուղի բնակչուհի Նաիրա Ազիզբեկյանը։ Նրա ամուսնու՝ Գառնիկ Կարաքեշիշյանի հայրական տունը մնացել է գյուղի ծայրամասում՝ կրակոցների կիզակետում։ 90-ականներին այն քանդվել էր, հետո նորոգել չհաջողվեց։

Жительница села Барекамаван Наира Азизбекян с детьми
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկամավան գյուղի բնակիչ Նաիրա Ազիզբեկյանը՝ երեխաների հետ

Հիմա նրանք բնակվում են ազատ տներից մեկում։ Այստեղ այդպիսիք շատ են․ ԽՍՀՄ-ի տարիներին գյուղում մոտ 30 ընտանիք էր ապրում, հիմա մի քանի անգամ պակաս։ Շատերը Ռուսաստան են մեկնել․ մեկը՝ Բելգորոդ, մյուսը՝ Ստավրոպոլ, երրորդը՝ Մոսկվա։ Հիմա տեղի դպրոցում 16-17 աշակերտ է սովորում։ Նրանցից չորսը Կարաքեշիշյան ընտանիքից են․ երեք տղա և մեկ աղջիկ։ Ծնողները ոչ աշխատանք ունեն, ոչ հող։ Թե ինչպես են երեխաներին պահում, ինչ աշխատանք են անում՝ միայն իրենք գիտեն։

Дети жительницы села Барекамаван Наиры Азизбекян
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկամավան գյուղի բնակչուհի Նաիրա Ազիզբեկյանի երեխաները

«Չմտածեք, թե բողոքում եմ։ Ինչպես կարողանում ենք, ապրում ենք։ Միայն թե երեխեքի համար եմ մի քիչ․․․ նեղվում։ Դպրոց գնալու հագուստ չունեն։ Տան հագուստով չես կարող ուղարկել, հետո ի՞նչ, որ գյուղում ենք ապրում․․․ դասագրքերն էլ տալիս են, իսկ տետր ու գրիչ առնել չենք կարողանում․․․ մենք օրավարձով էլ կաշխատենք, բայց այստեղ ո՞ւմ մոտ գնաս։ Մյուսներն էլ հազիվ են ծայրը ծայրին հասցնում»,- սրտնեղում է Ազիզբեկյանը, ապա ցածրաձայն խնդրում, որ ամուսնուն ու մեծ երեխաներին չնկարենք։

Дети жительницы села Барекамаван Наиры Азизбекян
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկամավան գյուղի բնակչուհի Նաիրա Ազիզբեկյանի երեխաները

«Ես հանուն երեխեքի կարող եմ խոսել, բայց տղամարդը ո՞նց էդպիսի բան ասի, կամ երեխաները»,- ասում է տիկինը։

Այժմ այս և մի քանի այլ սահմանամերձ գյուղերում կառավարությունը որոշել է նորոգել ոռոգման համակարգը և կաթիլային ոռոգում անցկացնել։ Այդ դեպքում գյուղում ջուրը բոլորին կբավականացնի։ Բայց խողովակներ տեղադրելու և կաթիլային ոռոգման ավազանների համար գումար է պետք։ Գյուղացիների հայտերի ընդունումն ու ընտրությունը կսկսեն աշնանը։

Հեռանկարում իշխանությունները մտադիր են այստեղ նաև այլ նոր տեխնոլոգիաներ ներդնել, որպեսզի հողն իր տերերին վերադարձնի գոնե մի փոքր ավելին, քան հիմա։

  • Մեղրամոմ
    Մեղրամոմ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մեղրամոմ
    Մեղրամոմ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մեղրամոմ
    Մեղրամոմ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արտակ Ղարագյոզյանը
    Արտակ Ղարագյոզյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Բարեկամավան, Տավուշի մարզ
    Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Բարեկամավան, Տավուշի մարզ
    Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Բարեկամավան, Տավուշի մարզ
    Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արտակ Ղարագյոզյանը
    Արտակ Ղարագյոզյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ
76
թեգերը:
մեղվապահ, կառավարություն, սահմանամերձ գյուղեր, Բարեկամավան, Տավուշ
Ըստ թեմայի
Ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ. Տավուշի մարզպետն այցելել է սահմանամերձ գյուղեր
Կյանքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, կամ նոր իրականություն` Բերքաբեր այցից հետո
Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները
Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով
Հարազատները դիմավորում են գերությունից ազատվածներին. Իսրայել

Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի

90
(Թարմացված է 21:19 14.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք: Լինում են պահեր, երբ ստիպված ես հրատապ որոշում կայացնել` ամենևին վստահ չլինելով, որ արդյունքը դրական կլինի:
Արդյոք աշխարհում կա ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքը

Այդպես եղավ գրեթե 45 տարի առաջ՝ 1976 թվականի ամռանը, երբ «էյր Ֆրանս» ավիաընկերության ինքնաթիռը, որը Թել Ավիվից թռչում էր Փարիզ, պաղեստինցիներն առևանգեցին, իջեցրին աֆրիկյան հեռավոր մի երկրի՝ Ուգանդայի Էնտեբե օդակայանում, առանձնացրեցին Իսրայելի քաղաքացիներին և պահանջեցին ազատ արձակել Իսրայելի բանտերում գտնվող 40 պաղեստինցիներին:

​Արդյո՞ք Իսրայելի իշխանությունները պատրաստ էին բանակցել։ Վարչապետ Իցհակ Ռաբինը, ըստ մի քանի տարի առաջ հրապարակված տեղեկությունների, հարցրել էր պաշտպանության նախարար Շիմոն Պերեսին, թե պատանդներին ազատելու ինչ շանսեր կան: Պերեսն ամենայն անկեղծությամբ պատասխանել էր. «Բոլորն այն կարծիքին են, որ նման գործողությունն ընդհանրապես անհնար է»:

​Հետագայում Շիմոն Պերեսը պատմել է. «Երբ ես առաջարկեցի հատուկ ջոկատայիններ ուղարկել Ուգանդա, շատերը համարեցին ինձ անպատասխանատու նախարար: Ինքս էլ շատ լավ գիտակցում էի, որ կարող են սպանվել ոչ միայն պատանդները, այլև մեր ամենալավ պատրաստված մոտ 100 հատուկ ջոկատայինները»։ Իրադրությունն այսպիսին էր: Իսրայելի 106 քաղաքացիներին ահաբեկիչները պահում էին օդակայանի հին տերմինալում: Նրանց հետ էին նաև ֆրանսիացի օդաչուները: Ահաբեկիչներն ի սկզբանե առաջարկել էին օդաչուներին հեռանալ, որովհետև պաղեստինցիները ֆրանսիացիների դեմ ոչինչ չունեին: Բայց ֆրանսիական ողջ անձնակազմը որոշեց մնալ պատանդների հետ:

​Ու մի դրվագ էլ: Երբ հրեա պատանդներից մեկը հարցրեց ահաբեկիչներին՝ ինչի համար եք սա անում, ահաբեկիչներից մեկը պատասխանեց. «Որովհետև դուք նացիստների պես եք վարվում պաղեստինցիների հետ»: Այդ ժամանակ տարեց հրեան վեր քաշեց վերնաշապիկի թևքը, ցույց տվեց ձեռքին դաջված համարը, որը մնացել էր համակենտրոնացման ճամբարից ու կամաց ասաց. «Ե՞ս եմ նացիստը»։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

​Հուլիսի 4-ին չորս տրանսպոտային ինքնաթիռներ օդ բարձրացան Իսրայելի տարածքից և կտրելով 4 հազար կիլոմետր` հասան Ուգանդայի մայրաքաղաք Կամպալա: Ամեն ինչ մանրամասն հաշվարկված էր՝ ինքնաթիռներից մեկը հոսպիտալի դեր էր կատարելու, որովհետեւ կանխատեսվում էր, որ կլինեն շատ վիրավորներ: Օդանավերից մեկն էլ վայրէջք չէր կատարելու՝ պտտվելու էր օդում և այնտեղից համակարգվելու էին հատուկ ջոկատայինների բոլոր գործողությունները:  Նաև այսպիսի բարենպաստ հանգամանք կար: Այն ժամանակ Ուգանդայի նախագահ Իդի Ամինը մեկնել էր աֆրիկյան մեկ այլ երկիր և ուր որ է պետք է վերադառնար: Իսրայելցիները որոշեցին օգտագործել նաև այդ հանգամանքը: Երբ հատուկ ջոկատայինների ինքնաթիռներից մեկը վայրէջք կատարեց Էնտեբե օդակայանում, այնտեղից դուրս եկավ շքեղ մի Մերսեդես՝ Ուգանդայի պետական դրոշներով: Այսինքն` իսրայելցիները ուզում էին պատրանք ստեղծել, թե նախագահն է վերադարձել:

​Հետո ամեն ինչ շատ արագ կատարվեց: Հատուկ ջոկատայինները՝ մոտ 30 հոգի, ներս խուժեցին այն տերմինալը, որտեղ պահվում էին պատանդները: Ոչնչացրեցին բոլոր ահաբեկիչներին: Փոխհրաձգության ժամանակ սպանվեց նաև 3 պատանդ: Հատուկ ջոկատայիններն էլ կորուստ ունեցան՝ զոհվեց նրանց հրամանատարը՝ Յոնաթան Նեթանյահուն: Այո, նա Իսրայելի այժմվա առաջնորդի՝ Բենյամին Նեթանյահուի հարազատ եղբայրն էր: 106 պատանդներից 103-ը փրկվեցին և անմիջապես տեղափոխվեցին Իսրայել: Օդակայանում պատանդներին ու հատուկ ջոկատայիններին դիմավորեց պաշտպանության նախարար Շիմոն Պերեսը:

Այս օպերացիան այն ժամանակ էլ միանշանակ չընդունվեց։ Շատերն էին ասում. «Ինչպես թե, ուրեմն մի պետություն իրեն իրավունք է վերապահում առանց հարցնելու միջազգային հանրության կարծիքը գործողություն իրականացնում իրենից 4 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող օտար երկրում՝  նույնիսկ չտեղեկացնելով այդ երկրի ղեկավարությանը»:  Ի պատասխան իսրայելցիները հարց էին տալիս. «Բայց մենք որևէ վատ բան ենք արե՞լ: Մենք մարդկային կյանքեր ենք փրկել՝ ավելի քան 100 մարդու կյանք: Արդյո՞ք աշխարհում կա ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքը»։  Համաձայնեք՝ այս փաստարկը հերքելը բավական դժվար է։

90
թեգերը:
Բինյամին Նեթանյահու, Վարչապետ, Ահաբեկչություն, Իսրայել, ինքնաթիռ, Պաղեստին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (207)
Ըստ թեմայի
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ
Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք
Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է