Այո, խոսքը գրին քարտի ամենամյա խաղարկության մասին է:
Այդ հույսը անհիմն չէ. ըստ տարբեր աղբյուրների՝ անցած տարի գրին քարտի համար դիմել էր մոտ 40 հազար հայաստանցի: Այդ կանաչ փաստաթուղթը շահել էր մոտ հազար մարդ, այսինքն՝ 40-ից մեկը: Սա բավական բարձր ցուցանիշ է։ Օրինակ, Ռուսաստանից գրին քարտ էր ստացել 2400 մարդ: Դե համեմատեք՝ 150 միլիոնանոց Ռուսաստանը և 3 միլիոնանոց Հայաստանը: Ի դեպ, Պետդումայի պատգամավորներից մեկն օրերս առաջարկել էր ընդհանրապես արգելել ամերիկյան այդ վիճակախաղի անցկացումը Ռուսաստանի տարածքում։ Դե ամերիկացիներին դրանով չես վախեցնի. հենց Դոնալդ Թրամփն է անընդհատ խոսում այն մասին, որ գրին քարտի խաղարկությունը անհրաժեշտ է վերացնել, որովհետև դա խայտառակություն է՝ աշխարհի որևէ պետությունում նման բան չկա։
Համաձայնեք, Ամերիկայի նախագահին կարելի է հասկանալ։ Նրա փաստարկները բավական հիմնավոր են՝ Միացյալ Նահանգներում, երևի գիտեք, այս պահին ապրում է ավելի քան 10 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնց քաղաքացիության կամ գոնե բնակվելն օրինականացնելու հարցը շարունակ քննարկվում է և՛ Սպիտակ տանը, և՛ Կոնգրեսում, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծում չի ստացել: Եվ իրոք, հարց է ծագում՝ միլիոնավոր այս մարդիկ, այդ թվում նաև հայաստանցիներ, տարիներ շարունակ ապրում են Ամերիկայում (ճիշտ է՝ անօրինական, բայց այնուամենայնիվ աշխատում են), ինչ-որ օգուտ են բերում երկրին: Նրանց հարցը չի լուծվում, և հանկարծ Հայաստանի, ասենք, Համզաչիման գյուղի բնակիչը, որը միգուցե նույնիսկ պատկերացում էլ չունի Ամերիկայի մասին ու չգիտի, որ Նյու Յորքը չէ այդ երկրի մայրաքաղաքը, պարզապես ինչ-որ թուղթ է լրացնում և բառի բուն իմաստով բախտի բերմամբ ու պատահմամբ միանգամից շատ ավելի մեծ իրավունքներ է ստանում, քան Գլենդեյլում ապրող մեր հայրենակիցը, որը տարիներ շարունակ ապրում և աշխատում է այնտեղ, բայց մշտապես գտնվում է «դիփորտի», այսինքն երկրից արտաքսվելու վտանգի տակ: Համաձայնեք՝ իրոք այնքան էլ արդարացի չէ:
Թրամփն առաջարկում է այս կանաչ վիճակախաղի փոխարեն կիրառել այն համակարգը, որը գործում է հարևան Կանադայում կամ հեռավոր Ավստրալիայում։ Դա միավորների համակարգն է. երիտասարդ ես՝ ստանում ես 20 միավոր, բարձրագույն կրթություն ունես՝ 30 միավոր, ծրագրավորող ես՝ ևս 30 միավոր, առողջ ես՝ էլի 20 միավոր: Արդեն հավաքեցիր 100 միավոր, ուրեմն կարող ես մշտական բնակության և աշխատանքի իրավունք ստանալ, երկու տարուց էլ դիմել քաղաքացիության համար։
Ի դեպ, այս շաբաթվանից այս համակարգի որոշ տարրեր սկսելու են գործել Ամերիկայում՝ գրին քարտը տրվելու է միայն այն օտարերկրացիներին, որոնք համապատասխանում են շատ որոշակի պահանջների՝ առողջ են, ունեն որոշակի աշխատանքի փորձ ու եկամուտ և այլն։ Այսինքն՝ ես քեզ իրավունք եմ տալիս ապրելու Ամերիկայում ոչ թե նրա համար, որ բեռ դառնաս պետության համար ու բյուջեից կերակրեմ քեզ, այլ որպեսզի օգուտ տաս ու ծաղկեցնես երկիրս։
Արդյո՞ք գրին քարտի այս տարվա խաղարկությունը վերջինը չի լինի. շատ բան կախված է նաև հաջորդ տարվա նախագահական ընտրությունների արդյունքներից։ Միգուցե Թրամփը չվերընտրվի ու չհասցնի ավարտին հասցնել անողոք պայքարը գրին քարտի դեմ։ Բա որ ընտրվե՞ց... Բոլոր դեպքերում մի հուսահատվեք. եթե նույնիսկ կորցնեք գրին քարտ շահելու հնարավորությունը վիճակահանության միջոցով, այդ բաղձալի քարտը ձեռք բերելու ուրիշ ճանապարհ էլ կա՝ ամուսնացեք ամերիկացու հետ։
Հեղինակ՝ Արմեն Դուլյան