Ռուսական ուղղափառ եկեղեցի. արխիվային լուսանկար

Հավատի համար պայքարեց, յուրայիններին չմատնեց. Վլադիմիր Համբարձումովը` սովորական նահատակը

92
(Թարմացված է 08:42 02.10.2019)
Ինչ–որ մեկը դուրս է եկել շարժումից` վախից, ինքնապահպանման բնազդից, մնացածներն անցել են ընդհատակ, և նրանց շարքում, իհարկե, եղել է Վլադիմիր Համբարձումյանցը, որն այդ ժամանակ ռուսաֆիկացրել էր ազգանունը և դարձել Համբարձումով։

Ծնվելիս նրան գրանցել են որպես Վոլդեմար. այդպես է որդուն կոչել լյութերական գերմանուհի մայրը։ Ուսյալ Վլադիմիր Համբարձումովը դարձել է խոնարհ ուղղափառ քահանա, տոկունորեն դիմացել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հարցաքննություններին և տարիներ անց սրբադասվել որպես սուրբ նահատակ։

Владимир Амбарцумов
© Photo : из семейного архива
Վլադիմիր Համբարձումովը

Համբարձումյանցը, չնայած Շվեյցարիայում ստացած կրթությանը, որը փայլուն հեռանկար է բացել նրա առաջ ամբողջ Եվրոպայում` Պետերբուրգից մինչև Լոնդոն, նախընտրել է վերադառնալ հայրենի Շեմախ, որտեղ բազմաթիվ փառավոր գործեր է արել մանկավարժական ասպարեզում` դառնալով քաղաքի պատվավոր քաղաքացի։

Այնուամենայնիվ, նա հեռացել է Շեմախից, երբ այրիացրել է, այդ ժամանակ նա արդեն ուներ որդի և դուստր։ Համբարձումը տեղափոխվել է Վոլգայի ափերի մոտ` Ցարիցինի մոտ գտնվող Սարեպտա գերմանական գյուղ։ Ինչո՞ւ հենց գերմանական, ամենայն հավանականությամբ` այն պատճառով, որ նրա ավագ եղբայրը` Սարգիսը, եղել է Շեմախում լյութերական համայնքի հիմնադիրը։

Այստեղ գերմանացիների մեջ, այրի տղամարդու համար պարկեշտ կին են գտել` Կարոլինա Կնոբլոխին։ 1892թ.–ի հոկտեմբերին ծնվել է նրանց որդին` Վոլդեմար–Վլադիմիրը, ճիշտ է` արդեն Սարատովում։

«Հանճարեղ հայր Կոմիտաս». ինչպես Կլոդ Դեբյուսին սիրահարվեց Կոմիտասի երաժշտությանը

Ի պատիվ Համբարձումի` նրա յոթ երեխաներից ոչ մեկը չէր կարող բողոքել, որ անտեսված է մնացել դաստիարակության ու կրթության հարցում։ Վլադիմիրն, ամեն դեպքում, բոլորից առանձնացել է. նրան հեշտությամբ են տրվել օտար լեզուները, նա հիանալի նվագել է, բայց հատկապես սիրել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նույնիսկ էլեկտրականության հետ փորձեր է արել ու մի անգամ «էլեկտրական թնդանոթ» սարքել, որը պայթել է և կարգին անցք բացել տան պատի մեջ` վախեցնելով բոլորին։ Տղա է, ինչ ասես։

Վլադիմիրի ձեռքից թնդանոթը խլել են, իսկ գիտելիքների ծարավը հագեցնելու համար նրան ուղարկել են Մոսկվայի համալսարանում սովորելու ֆիզիկա և մաթեմատիկա, իսկ 1913թ.–ին մայրը պնդել է, որպեսզի նա շարունակի ուսումը Բեռլինում, որտեղ ապրել են նրա հարազատները։

Բայց Վլադիմիրը ո՛չ գիտնական է դարձել, ո՛չ էլ երաժիշտ։ Նրան գերել է աստվածաբանությունը, ընդ որում, այնպես, որ նա սկսել է օրեր ու շաբաթներ անցկացնել քրիստոնեական խմբակում։ Նա լյութերականությունից հեռանում է դեպի բապտիզմ, գումար վաստակում մասնավոր դասերով և կրկին տեղափոխվում Ռուսաստան` Մոսկվա։ Իսկ 1917թ.–ի ամռանը Սամարայում բացվում է մանկավարժական ինստիտուտ, իսկ Վլադիմիրին կանչում են այնտեղ դասավանդելու. ինստիտուտը դառնում է բապտիստական կենտրոն։

Հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը չէին կարող չազդել Վլադիմիր Համբարձումյանցի կյանքի վրա, բայց նա շարունակում է գլխավորել Ռուսական ուսանողական քրիստոնեական շարժումը և նույնիսկ ամենամյա համագումարներ անցկացնում, ընդհուպ` մինչև 1924թ.–ը։

Իսկ այդ տարի արգելել են շարժումը։ Ինչ–որ մեկը դուրս է եկել շարժումից` վախից, ինքնապահպանման բնազդից, մնացածներն անցել են ընդհատակ, և նրանց շարքում, իհարկե, եղել է Վլադիմիր Համբարձումյանցը, որն այդ ժամանակ ռուսաֆիկացրել էր ազգանունը և դարձել Համբարձումով։ Եկել էր կրթությունը հիշելու ժամանակը. նա աշխատում է Մոսկվայի ռենտգենի ինստիտուտում, իսկ ավելի ուշ`  Կոմունալ ծառայությունների միությունում։

Այդ ժամանակ Վլադիմիրը բապտիզմից հեռանում է դեպի ուղղափառություն` ավագ քահանա Վալենտին Սվենցիցկու ջանքերի շնորհիվ։ Հայր Վալենտինը Մոսկվայի եկեղեցում կնքել է Համբարձումովի երեխաներին, իսկ հետո էլ Վլադիմիրը ծառայության է անցել ուղղափառ եկեղեցում։

Տարիներն անցել են, դրա հետ մեկտեղ ուժաղացել են եկեղեցու նկատմամբ հալածանքները։ Համբարձումովը, որը 1931թ–ին կտրուկ հանդես է եկել ժամանակավոր պատրիարք Սինոդի կողմից ներմուծված` խորհրդային իշխանություններին հնազանդվելու բանաձևի դեմ, թեև դադարեցրել է ծառայությունը, բայց հաջորդ տարի ձերբակալվել է։ Նրան երեք տարով աքսորել են հյուսիս, բայց միջամտել է Գիտությունների ակադեմիան, և նա պայմանական պատիժ է ստացել։

1937թ.–ի սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Համբարձումովին հիշեցրել են նաև պայմանական ժամկետը և ակադեմիկոսների միջամտությունը, Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը նրան տանում է հարցաքննության։ Հետաքրքիր է, որ պահպանվել է մեկ հարցաքննության արձանագրությունը. Վլադիմիրը նշում է միայն մահացած կամ արտասահմանում գտնվող մարդկանց անունները, որոնց չէին կարող բռնել։

Ահա այսպիսի հատված.

–Նշեք այն մարդկանց անունները, որոնք ձեր բնակարան են այցելել ու պատմեք նրանց հետ զրույցների բնույթի մասին։

– Ես արդեն ասել եմ այն մասին, որ եղբայրս ու քույրս այցելել են իմ բնակարան, մյուս անձանց վերաբերյալ կտրականապես հրաժարվում եմ ցուցմունք տալ։ Մեր զրույցները ընտանեկան–կենցաղային, կրոնական և գիտական բնույթ են կրել, ընդ որում, պետք է նշեմ, որ այդ խոսակցությունները քաղաքական բնույթ չեն կրել, և ես, մասնավորապես, կարծում եմ, որ քաղաքական խնդիրները գլխավոր խնդիրները չեն ո՛չ առանձին մարդկանց կյանքում, ո՛չ հասարակության։

Իսկ երբ Համբարձումովը չեկիստներին ասել է, որ «խորհրդային իշխանությունը ժամանակավոր երևույթ է ցանկացած իշխանության նման», հարցաքննությունը կարելի էր չշարունակել։

Այդպես էլ արել են. քննչական գործի եզրակացությունում հայր Վլադիմիրին մեղադրում են նրանում, որ նա ակտիվորեն մասնակցել է, և եղել եկեղեցականների հակահեղափոխական անօրինական միապետական կազմակերպության կազմակերպիչներից մեկը, հակահեղափոխական աշխատանք տարել խորհրդային իշխանությունը տապալելու և միապետական կարգը վերականգնելու համար։

Թուրք ազգայնականը սպառնացել էր «հայերի որս» սկսել

Նոյեմբերի սկզբին նրան դատապարտել են գնդակահարության, այն ի կատար է ածվել հաջորդ օրը Մոսկվայի մոտ` Բուտովսկի զորավարժարանում։ Ազգականների հարցերին պատասխանել են` «դատապարտվել է` 10 տարի ազատազրկման առանց նամակագրության իրավունքի»։

Վլադիմիր Համբարձումովի անունը վերականգնվել է 1960թ.–ին, իսկ 2000թ.–ին Ռուս ուղղափառ եկեղեցին սրբադասել է նրան որպես սուրբ նահատակ։

92
թեգերը:
Վլադիմիր Համբարձումով
Ըստ թեմայի
«Խելահեղ» Ֆալյանը. մարզիչ, որը ստեղծեց ոսկե «Արարատի» հիմքը
Թե ինչու և ինչպես «հայկականացվեցին» ցարական Ռուսաստանի նամականիշները
Աստղագետները գտել են «վամպիր» աստղ, որը «պահմտոցի» է խաղում զոհի հետ
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանն Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

110
(Թարմացված է 09:04 29.05.2020)
Անվանի ըմբշամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ-ի և Գերմանիայի դրոշների ներքո հանդես եկած Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում պատմել է ամենահիշվող մրցաշարի, օլիմպիական խաղերի եզրափակիչում ձախողման պատճառի մասին, հիշել զավեշտալի մի դեպք։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

90-ականների սկզբին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը համաշխարհային մակարդակի յուրաքանչյուր մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր: Իսկ 1992 թվականի օլիմպիական եզրափակիչը կարող էր լրիվ այլ ազդեցություն ունենալ հետագայում բազմաթիվ տիտղոսներ նվաճած ըմբշամարտիկի համար:

Չմոռացվող գոտեմարտը

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը շատ մոտ էր բաղձալի երազանքին՝ օլիմպիական ոսկե մեդալին: Եզրափակչում նորվեգացի Յոն Ռյոնիգենի հետ մրցելիս` հայ ըմբիշը որոշեց չգրոհել, ռիսկի չդիմել և վերջին վայրկյանին բաց թողեց մրցակցի գրոհն ու պարտվեց։

Выступающий за Германию борец Альфред Тер-Мкртчян (в красном) и кореец Квон-Хо Сим во время греко-римской борьбы (54кг) на Олимпийских играх (25 сентября 2000). Сидней
© AFP 2020 / KIM JAE-HWAN
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում

«Ոչ մի ըմբիշի չեմ ցանկանա` այնպիսի զգացումներ ունենա, ինչպիսին ես ունեցա եզրափակիչ գոտեմարտից հետո: Համոզված եմ, որ նման զգացում ունեցել է լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Կարելինը, որը պարտվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի եզրափակչում»,- ասում է Ալֆրեդը:

Ճիշտ է, դա Կարելինի 4–րդ ոսկե մեդալը կլիներ օլիմպիադաներում, բայց մարզիկը կարծում է, որ այդ պարտությունը ևս մեծ ցավ պատճառել նրան։

Սթրես, վթարներ ու վերադարձ

Օլիմպիադայի եզրափակիչում ցավալի պարտությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի համար։ «Որոշել էի ավարտել մարզական կարիերաս: Գոտեմարտի վերջին վայրկյանը միշտ աչքիս առաջ էր: Երկու անգամ, մտքերով տարված, լուրջ ավտովթարի ենթարկվեցի: Կարելի է ասել, որ խաչ էի քաշել ըմբշամարտի վրա»,–պատմում է Ալֆրեդը:

Բայց Գերմանիայում ապրող նրա ծանոթները առաջարկում են մասնակցել տեղի ակումբային մրցաշարերին: Ու երբ մեկնում է Գերմանիա, նոր միջավայրը տրամադրում է կրկին մարզվելու, գորգը կրկին ձգում է, և նա վերադառնում է սիրած մարզաձևին։

Որոշիչ խորհուրդներ

Իր մարզական կարիերայում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը մարզվել ու շփվել է շատ մարդկանց հետ, բայց, ինչպես ինքն է ասում` երբեք չի մոռանում որոշ խորհուրդներ, որոնք իրեն օգնեցինք ըմբշամարտում հաջողություններ հասնելու գործում։

Պատանեկան տարիքում մարզիչ Հրաչ Դադոյանն ասել է, որ առաջնայինը կարգապահությունն է, և պետք է գորգի վրա  հավասար պայմաններում բաց գոտեմարտել, այդ դեպքում արդյունքի հասնել հնարավոր է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արամ Սարգսյանն էլ միշտ խորհուրդ է տվել չառանձնացնել ոչ մի մրցաշար, այլ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալ որպես սովորական մրցման:

«Եվ վերջապես հավաքների ժամանակ ես նույն սենյակում էի օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանի հետ: Մի անգամ մարզումից հետո հոգնած եկա սենյակ, հագուստս ու պայուսակս գցեցի ու գնացի լողափ: Երբ հետ եկա, տեսա, որ Մնացականը իմ շորերը հանել է պայուսակից ու կախել, որպեսզի չորանան: Իմ մոտ անմիջապես փոխվեց վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ», - ասում է Ալֆրեդը:

«Դավաճան» վերելակը

1992 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից առաջ որոշ ըմբշամարտիկներ կարող է և չներկայանային մրցումներին, որովհետև անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, որը հետո որպես զավեշտալի դեպք պետք է հիշեին։

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

«Մենք 5-6 ըմբիշներով նստեցինք վերելակ, ընդ որում`մեզանից չորսը պետք է եզրափակչին մասնակցեին, ու վերելակը կանգնեց: Մոտ կես ժամ սպասում էինք, թե ո՞վ մեզ կօգնի դուրս գալ: Երբ վերջապես դուրս եկանք վերելակից, Միխայիլ Մամիաշվիլին գոռում էր բոլորիս վրա։ Բայց բարեբախտաբար հաջողվեց այլ երկրի հավաքականի ավտոբուսով հասանել մարզադահլիճ»,- հիշում է Տեր-Մկրտչյանը: Հենց այս մրցաշարում, եզրափակիչում հայ ըմբիշը, հաղթանակի հասնելով բուլղարացի Բրատան Ցենովի նկատմամբ, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը

2017 թվականի հունվարից 3 ամիս գլխավորելով Շվեյցարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը` Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պայմանագիր ստորագրեց շվեյցարացիների հետ ու մինչև օրս այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն է։

«2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շվեյցացարցի երեք ըմբիշ գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար: Նման նախադեպ Շվեյցարիայում չէր եղել: Մեկ ամիս անց երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցանք փոխչեմպիոն»,- ասում է Տեր- Մկրտչյանը և հավելում, որ փորձում է փոխել շվեյցարացիների հոգեկերտվածքը ըմբշամարտի հետ կապված:

Հայկական ըմբշամարտի ձեռագիրը

Այսօր աշխարհում հայտնի են հայ ըմբիշներից շատերը, գնահատված է հայկական ըմբշաարտի յուրահատուկ ձեռագիրը: Արմեն Նազարյանը Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, Ալֆրեդ Տեր- Մկրտչյանն էլ` Շվեյցարիայի: Ու, ընդ որում, այս երկու երկրների հավաքականները հաճախակի հավաքներ են անցկացնում Հայաստանի ընտրանու հետ։

«Ըմբշամարտի հայկական դպրոցի ձեռագիրը հայտնի է բոլորին: Մենք ունենք նաև յուրահատուկ ոճ, որը մեր ըմբիշներից շատերին ապահովել է հաղթանակ տարբեր կարգի մրցումներում: Դրա համար հայ ըմբիշների հետ մարզվելը միայն օգուտ է տալիս բոլորին»,–ասում է Տեր–Մկրտչյանը:

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, օլիմպիական արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի անցած ճանապարհը ըմբշամարտում ուսուցողական է շատ ըմբիշների համար: Նա ասում է` շատ կարևոր է, որ մարզիչը կարողանա հոգեբանորեն տրամադրել իր մարզիկին անել ավելին: Նրա խոսքով` մարզիչը նաև ուժեղ հոգեբան պետք է լինի: Կարճ ասած`եթե շվեյցարացի որևէ ըմբիշ ցանկանում է հասնել մեծ արդյունքների, ընդամենը պետք է լսի հավաքականի ազգությամբ հայ գլխավոր մարզչին:

110
թեգերը:
Շվեյցարիա, Օլիմպիական խաղեր, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Ալֆրեդ Տեր-Մկրտչյան
Ըստ թեմայի
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Եթովպիա

Այբուբենների նմանություն, Կոմիտասի ազդեցություն, հոգևոր կապեր. հայկական հետքը Եթովպիայում

250
(Թարմացված է 00:04 29.05.2020)
Եթովպիայի հայությունն աներևակայելի հարուստ պատմություն ունի։ Բազմաթիվ պատումներ կան պալատական հայերի և եթովպական մշակույթի վրա նրանց ունեցած ազդեցության մասին։ Sputnik Արմենիան ի մի է բերել դրանք։

Հայաստանի և Եթովպիայի լեռների միջև հեռավորությունը 3466 կմ է՝ ուղիղ գծով գնալու և Կարմիր ծովը կտրելու դեպքում։ Իհարկե, խելագար միտք է, բայց այդ երկրում հայկական հետք ունեցող բազմազան պատմությունները հետաքրքրություն են առաջ բերում և դրդում են ճամփորդել, ճիշտ է՝ հիմա միայն համացանցի սահմաններում։ Ի դեպ, երկու երկրների ժողովուրդների միջև անհավատալի նմանություններ կգտնեք, կան նաև մի շարք առասպելներ, որոնց մասին էլ այսօր կպատմենք։

Պետական տոները

Հայաստանում մայիսի 28-ին պետական տոն են նշում։ Դարեր շարունակ առանց պետականության մնացած հայ ժողովուրդը 102 տարի առաջ այս օրը հռչակեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Համայն աշխարհի հայերը հիշում են Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի հերոսներին։ Այդ մարտերը կենաց ու մահու կռիվ էին։

Аддис Абеба
Ադիս Աբեբան

Իսկ Եթովպիայում մայիսի 28-ը համարվում է 1991 թվականի քաղաքացիական պատերազմի ավարտի օր և դեմոկրատական հանրապետության հաստատումը նշանավորող Ազգային տոն։

Երկու երկրների փոխհարաբերությունները

Եթովպիայի հայերի մասին հիշատակումներ կարելի է գտնել Մովսես Խորենացու աշխատություններում։ «Հայոց պատմության» մեջ նրա գրում է, որ դեռևս մ․թ․ա․ 12-րդ դարում Եթովպիայում առնվազն մեկ հայ էր ապրում՝ Զարմայր Նահապետը, որը Տրոյական պատերազմում եթովպական զորքերի հրամանատարն էր։ Այդ ժամանակներից էլ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է սկսվել, հատկապես առևտրի ոլորտում։ Ասում են նույնիսկ, որ հենց հայերն են առաջին անգամ արտահանել եթովպական սուրճը և տարածել Եվրոպայում։

Կրոնն ու եկեղեցական կապերը

Ավանդաբար երկու երկրների եկեղեցիները սերտորեն փոխկապակցված են, քանի որ երկուսն էլ հին արևելյան եկեղեցիների թվին են պատկանում և երկուսն էլ ստիպված են եղել պայքարել օսմանյան նվաճողների դեմ։ 15-րդ դարում հայոց սրբի՝ Գրիգոր Լուսավորչի և նահատակներ սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի վարքագրությունները թարգմանվել են հին եթովպական գեեզ լեզվով։ Եթովպական եկեղեցին տարին երեք անգամ նշում է Սուրբ Գրիգորի տոնը, մեկ անգամ էլ՝ Հռիփսիմեի և Գայանեի տոնը։

Կորուսյալ քաղաքի գանձերը. ինչ են հայտնաբերել Եթովպիայում

Էջմիածնում 14-15-րդ դարերի եթովպական ձեռագրերի հատվածներ են պահվում։ Հայաստանում ժամանակին հաճախ կարելի էր հանդիպել եթովպացի հոգևորականների։ 1867թ․-ին Եթովպիայում բացվեց հայկական կրոնական առաքելությունը։ Այդ ժամանակից ի վեր եկեղեցական կապերն ավելի աշխուժացան։ 1935 թ․-ին Ադիս Աբեբայի հայկական ժամատան տեղում հիմնադրվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։

Կոմիտասը և եթովպական երաժշտությունը

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ հայերը Եթովպիայում խոշոր առևտրականներ, զորահրամանատարներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անգամ արտաքին գործերի, ֆինանսների և առևտրի նախարարներ են եղել։

Բայց առանձնահատուկ է հայերի ներդրումն այդ երկրի երաժշտական ժառանգության մեջ։ 20-րդ դարասկզբին Կոմիտասի աշակերտ Գևորգ Նալբանդյանն ապագա կայսեր՝ ռաս (իշխան) Թեֆերի Մաքոննենի հանձնարարությամբ գրում է երկրի օրհներգը, որը գործող հիմնն էր մինչև այնտեղ միապետական կարգի տապալումը։  

Оркестр армянских сирот в Эфиопии
official site of the Genocide museum institute
Հայ որբերից կազմված երգչախումբ Եթովպիայում

Նալբանդյանի հիմնած «Արբա Լիջոչ» («Քառասուն մանկունք») նվագախումբը Եթովպիայի փոփ-երաժշտության ստեղծագործությունների գրեթե կեսի հիմքն է դրել և աֆրիկյան երաժշտությանը կոմիտասյան տարրեր է միահյուսել։ Իսկ նրա եղբորորդին՝ Ներսես Նալբանդյանը, Ադիս Աբեբայում մանկավարժական գործունեություն էր ծավալում։ Արդյունքում ամենատարբեր՝ ֆոլկից մինչև էթնո-ջազ ժանրերում ստեղծագործող երաժիշտների մի ողջ սերունդ է դաստիարակվել մարդկանց կողմից, որոնք հայկական երաժշտության տեսություն էին սովորել անձամբ Կոմիտասի մոտ։

Кеворк Налбандян
© Photo :
Գևորգ Նալբանդյանը

Ազգային այբուբենները

Հայկական և եթովպական այբուբենների նմանության մասին տեղեկություններ կարելի է գտնել տարբեր աղբյուրներում։ Տեսքից դատելով` 8 տառի արտաքին համընկնում կարելի է հայտնաբերել՝ մի քանի տասնյակից։

Մասնագետները պնդում են, որ եթովպական նշանները նման են հայկական տառերին։ Սակայն այնտեղ ամեն նշանը մի վանկ է, մինչդեռ հայերենում յուրաքանչյուր տառը հստակ հնչյունի գրավոր նիշն է։ Ստացվում է, որ նմանություն որպես այդպիսին չկա։

Ինչպես Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի առաջին օրհներգը ստեղծեց ու կապիտան դարձավ

Բայց դա երկու երկրներին չի խանգարում շարունակել զարգացնել հարաբերությունները։ Ավելին՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են Եթովպիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել, ինչի շնորհիվ բազմադարյա հարաբերությունները նոր շունչ կստանան։

250
թեգերը:
Եթովպիա, Հայաստան, Կոմիտաս
Ըստ թեմայի
Հայ լուսանկարիչների գերդաստանը, կամ ինչու հայերը փախան Եթովպիայից
Ինչպես 40 հայ որբեր Եթովպիայում կազմեցին կայսերական փողային նվագախումբը
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին
Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

0
(Թարմացված է 13:07 29.05.2020)
Ռաֆիկ Հայրապետյանը ոստիկանություն է ներկայացել դատարանում իր խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից ժամեր անց, երբ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որը մեղադրվում ու հետախուզվում էր «Հարսնաքարի» հայտնի գործով, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ապա՝ նախաքննական մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության՝Ռաֆիկ Հայրապետյանը ոստիկանություն է ներկայացել դատարանում իր խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից ժամեր անց, այն բանից հետո, երբ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունն ու խափանման միջոց նշանակել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ռուբեն Հայրապետյանի և մյուս 4 մեղադրյալների նկատմամբ կալանքի միջնորդությունները բավարարվել են:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին ու որդու 4 ընկերները մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:

Նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը երեկ հայտարարել էր, որ դատարանը չի հաստատել նրան մեղսագրված արարքներից երկուսի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ու որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը:

 

0
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, որդի, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան