Մաուգոժատան Լուժինցկան և Պյոտր Բարլոգան

Երբ Պյոտրին տարան, ներսումս հույս կար՝ գուցե նա ողջ է. ով էր Արագածի վրա զոհված լեհ տղան

6358
(Թարմացված է 13:43 20.09.2019)
Արագածի վրա արջի հետ անհավասար կռվում զոհված լեհ տղայի պատմությունը ցնցեց շատերին։ Սերն այնքան մեծ էր, այնքան իրական, որ տղան իր կյանքի գնով փրկեց նշանածի կյանքը։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է 33-ամյա Պյոտրի սիրելիի՝ Մաուգոժատայի հետ։

Ո՞վ էր Պյոտրը, ինչպե՞ս ծնվեց նրանց մեծ սերը

Ամբողջ ճանապարհին մտածում եմ՝ ինչպես եմ հարցերը ձևակերպելու, որ հանկարծ ցավ չպատճառեմ, ինչ բառեր եմ օգտագործելու...Դուռը թակում եմ, հայ կին է բացում և շտապում ասել, որ ճիշտ ենք եկել։  Ուղեկցում է հյուրասենյակ, անմիջապես մոտենում է մի աղջիկ ու ներկայանում. «Աննան եմ, Պյոտրի քույրը»։

Հաջորդ վայրկյանին ներս է մտնում Մաուգոժատան Լուժինցկան՝ Պյոտր Բարլոգայի նշանածը։ Հարցազրույցը սկսելուց առաջ երկար-բարակ նախաբան եմ ասում, իրականում ձգձգում եմ հարցերս տալու պահը, վախենում եմ ցավեցնել։

«Պյոտրն ինձ փոխել է, սովորեցրել է կյանքն այլ կերպ ընկալել, չներփակվել. դրանից է, որ ես հիմա չեմ լացում, կարող եմ ձեզ հետ խոսել։ Պյոտրը կցանկանար, որ ես սա պատմեի»։

Պյոտրն ու Մաուգոժատան ծանոթացել են վեց տարի առաջ բարձր IQ ունեցողների, այսպես ասած, գիտակների ակումբում։

«Հենց ծանոթության պահից իրար լավ էինք հասկանում, սկզբում զուտ ընկերական հարաբերություններ էին, ակումբի անդամներով տարին մեկ անգամ գնում էինք էքսկուրսիաների»,–պատմում է աղջիկը։

Մաուգոժատան իր կյանքն ուներ Կրակովում, Պյոտրը՝ Վարշավայում։ Որոշ ժամանակ անց աղջիկը գործի բերումով տեղափոխվում է մայրաքաղաք Վարշավա։ Այդ ժամանակ Պյոտրը պատրաստվում էր Նեպալ գնալ, Հիմալայները պիտի բարձրանար։ Ապահովագրական ընկերությունն հատուկ արժեքով առաջարկ ուներ, որը սակայն երկու անձի համար էր։

Петр Барлога и Маугожата Лужинцка
© Photo : provided by Małgorzata Lurzyńska
Петр Барлога и Маугожата Лужинцка

Ընդ որում, պայմանն այն էր, որ այդ երկուսը պիտի մտերիմ մարդիկ լինեն։ Այդպես` Պյոտը Մաուգոժատային խնդրում է, որ միանա իրեն ապահովագրությունը վերցնելիս և նրան ներկայացնում է որպես իր ընկերուհի։ Տղան ապահովագրությունը վերցնում ու գնում Նեպալ։ Վեց շաբաթ անց Պյոտրը վերադառնում է ու Մաուգոժատային ասում. «Եթե այլ պլաններ չունես, կուզեի՝ ես դառնայի քո «պլանը»»։ Այդպես սկսում են միասին ապրել ու ճամփորդել։ Երկու տարում հասցնում են քսան երկիր այցելել։

Մաուգոժատան ասում է, որ Պյոտրը բացառիկ ազնիվ մարդ էր ու դիմացինից էլ նույնն էր ակնկալում։ Սիրում էր մարդկանց հետ ծանոթանալ, ճամփորդելիս մի հարյուր հոգու հետ հասցրել են ծանոթանալ։

Մաուգոժատան ու Պյոտրն ապրում էին վարձակալած տանը, հետո որոշել են իրենց տունն ունենալ։ Երկար փնտրտուքներից հետո հասկանում են, որ ցանկանում են հողակտոր գնել և իրենց տունն իրենց ձեռքերով կառուցել։ Վարշավայի մոտ հրաշալի հողակտոր են գտնում։ Հողատերը մեծահարուստ մարդ է, բազմաթիվ բիզնեսներ ունի։ Նա Պյոտրին աշխատանքի առաջարկ է անում։ Մաուգոժատան ասում է, որ Պյոտրի «ձեռքից ամեն ինչ գալիս էր», ինչին կպնում էր, ոսկի էր դառնում, տարբեր գործեր էր կատարում, հիմնականում տանից էր աշխատում։ Նաև բարեգործական ձեռնարկներին էր մասնակցում. օրինակ` սոցիալապես անապահով երեխաներին անգլերեն են դասավանդում, ամեն տարի մասնակցում նրանց համար նվերների պատրաստմանը։

«Նա ինձ համար հեղինակություն էր, որով հիանում էի»։

Այս ամենի կողքին մեծ ու սիրող սիրտ ուներ. շատ էր սիրում կատուներին. «Ոնց որ իր երեխաները լինեին»։

Ինչո՞ւ Հայաստան

Պյոտրն ու Մաուգոժատան այնքան էին ճամփորդել, որ շատ անվճար միավորներ ունեին կուտակած, որը կարող էին օգտագործել կամ Բեյրութ, կամ Երևան ավիատոմսի համար։ Ընտրեցին Հայաստանը։ Մինչ Հայաստան գալը Պյոտրը համացանցով գտել էր Լիլիթին՝ «քաուչսերֆինգի համար»։

Լեհաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Հայաստանում մահացած զբոսաշրջիկի դին հայրենիք տեղափոխելու հարցով

Եվրոպացիների շրջանում շատ տարածված է. ճամփորդելիս ոչ թե հյուրանոցում մնալ կամ վարձակալած տանը, այլ վարձակալել, այսպես ասած, անկողին ու ապրել տեղացի մեկի ընտանիքում։ Այդպես և՛ ավելի մատչելի է, և՛ հնարավորություն է մարդկանց հետ ծանոթանալու։ Ցավոք, Լիլիթը Պյոտրին այդպես էլ չհանդիպեց։ Դեպքի մասին իմացավ համացանցից։ Անմիջապես Լիլիթն ու մայրիկը շտապեցին ոստիկանական տեղամաս՝ Մաուգոժատային իրենց տուն բերելու համար։

Մինչ այդ` սեպտեմբերի 10-ին վաղ առավոտյան, Պյոտրն ու Մաուգոժատան ժամանել էին Հայաստան ու առանց ժամանակ կորցնելու շրջել. գնացել էին Տաթև, տեսել «Սատանի կամուրջը», հետո եղել Տանձավերում՝ «Կախարդական անտառում», Սևանում, հետո ավտոստոպով հասել Արագած։ Պյոտրը գիտեր Արագածի մասին, շատ էր կարդացել, անգամ շրջակա բնակավայրերի մասին գիտեր։ Մաուգոժատան հիշում է, որ երբ վերելքից առաջ բնակիչներին հարցրեցին՝ արդյոք այս կողմերում, գայլեր, արջեր չկան, տեղաբնակներն անգամ ծիծաղեցին։ Այնպես որ, մտքներով չէր էլ անցնում, որ վերևում կարող է վտանգավոր լինել։

Արագածի վրա շատ մարդկանց են տեսել, անգամ չորս լեհի հետ են ծանոթացել, մարդիկ կային արդեն իջնում էին, մարդիկ կային նոր էին բարձրանում։ Այն նույն տեղով, որով իրենք էին գնում, ժամեր առաջ մի ութ հոգանոց խումբ էր անցել.

«Պյոտրն ինձնից առաջ էր քայլում։ Այնպես որ չէր երևում, թե հետևում ինչ կա։ Երբ հասավ այդ վայրը, աջ թեքվեց, կանգնեց ու գոռաց»։

Петр Барлога и Маугожата Лужинцка на своем участке
© Photo : provided by Małgorzata Lurzyńska
Մաուգոժատան Լուժինցկան և Պյոտր Բարլոգան` իրենց ապագա տան տարածքում

Մաուգոժատան առաջին վայրկյաններին չհասկացավ, թե ինչու է Պյոտրը բղավում, երբ հասկացավ, արջն արդեն հարձակվել էր Պյոտրի վրա, և երկուսով գլորվում էին։ Մի քանի հարյուր մետր այդպես գլորվել են, խոտածածկ էր, բայց նաև քարքարոտ։ Մաուգոժատան վազում էր նրանց հետևից՝ տեսնելու, թե ինչ եղավ։ Հանկարծ արջը փախավ։ Վազելով մոտեցավ Պյոտրին։

«Ես բժիշկ եմ, հասկացա, որ նա մահացած էր. հայացքը սառած էր, գլուխը՝ ջախջախված, բայց միևնույն է՝ սրտի մերսում արեցի, արհեստական շնչառություն տվեցի։ Ոչինչ չօգնեց։ Պյոտրի ուսապարկից հանեցի հեռախոսն ու զանգահարեցի փրկարարներին։ Մեզ չէին կարողանում գտնել, ստիպված նորից վազելով բարձրացա վերև, որպեսզի GPS-ն աշխատի»։

Մաուգոժատան այդ սարսափելի օրվա յուրաքանչյուր վայրկյանը հիշում է բոլոր մանրամասներով, այն վայրկյանները, որոնք իրեն հույս էին տալիս, որ միգուցե Պյոտրը ողջ է։

«Երբ ուղղաթիռով նրան տարան, իմ ներսում դեռ հույս կար, որ միգուցե ես սխալվել եմ, միգուցե մի բան անեն, ու Պյոտրն ապրի։ Ես զանգեցի Պյոտրի մայրիկին, ասացի, որ սարսափելի բան է կատարվել, հնարավոր է՝ նա էլ չկա»։

Ոստիկանությունում Մաուգոժատային արդեն ասացին, որ Պյոտրը մահացել է.«Նա ինձ խոստացավ, որ հաջորդ ուղևորությունն անկանկալ ուղղությամբ է լինելու, բայց ես այդպես էլ երբեք չեմ իմանա, թե դեպի ուր»։

Մաուգոժատայի աչքերից մի կերպ զսպած արցունքներ են գլորվում։

Ասում է, որ սար այլևս երբեք չի բարձրանա, Հայաստան էլ չի գա, բայց միշտ կհիշի այն գեղեցիկ պահերը, որ այստեղ Պյոտրի հետ են ապրել։ Ու միշտ կհիշի այստեղի մարդկանց, Հայաստանի վերաբերմունքը, օգնությունն այս դժվար պահին։ Ցույց է տալիս խնամքով ծալված դրոշը. Ալպինիզմի հայկական ֆեդերացիան է տվել՝ «Պյոտր, դու միշտ կլինես մեր սրտերում» գրությամբ։

Պյոտրը «հիշողությունների պատ» ուներ, որի վրա փակցնում էր տարբեր ճամփորդություններից բերված հիշողություններ, դրոշն այդ պատին է ամրացվելու. Հայաստանից հիշողությունը, ցավոք, սա էր։

Մանվելյան. «Զարմանալի է, թե արջն ինչպես էր հայտնվել 3500 մետր բարձրության վրա»

Հույս ունեն, որ մի քանի օրից կկարողանան վերադառնալ Լեհաստան՝ Պյոտրի հետ։

«Եկել եմ եղբորս հետևից, մենք նրա հետ կգնանք»,- նույն զսպված արցունքներով ասում է նրա քույրը` Աննան։

Петр Барлога и Маугожата Лужинцка на горе Арагац
© Photo : provided by Małgorzata Lurzyńska
Մաուգոժատան Լուժինցկան և Պյոտր Բարլոգան

Հրաժեշտ տալիս բառեր չեմ գտնում ասելու, Մաուգոժատան սեղմում է ձեռքս ու ասում. «Մենք ուզում էինք տուն կառուցել, ամուսնանալ ու ամբողջ աշխարհը տեսնել»...

Հաջորդ կիրակի օրը Վարշավայում Պյոտրի հուղարկավորության արարողությունը կլինի, կանայք պատմում են, որ Պյոտրը սիրում էր՝ ամեն բան գեղեցիկ ու տեղը տեղին լիներ։ Իրենք գեղեցիկ հուղարկավորություն են անելու, ինչպես Պյոտրը կուզեր։

6358
թեգերը:
արջ, Զոհ, Մահ, զույգ, Արագած, Լեհաստան, Հայաստան
Ըստ թեմայի
23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն
Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել
Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում