Երևան. արխիավյին լուսանկար

Փաշինյանը` Երևանի «Մարությանի» թեկնածու, կամ ուր կորավ 65 հազարով նստարան արտադրող ընկերությունը

883
(Թարմացված է 14:27 07.09.2019)
«Իրենց պտուղներից կճանաչեք նրանց». աստվածաշնչյան այս արտահայտությունը բոլոր ժամանակներում էլ արդիական է։ Էլ ինչպե՞ս է կարելի դատել պարողի, փայտահատի կամ պետպաշտոնյայի աշխատանքի արդյունավետության մասին։ Միայն նրանց բարի, չար կամ անօգուտ գործերի պտուղներից։

Ընդհանրապես արժեր ցանկացած պաշտոնյայից պահանջել անգիր իմանալ Մատթեոսի յոթերորդ գլուխը։ Ոչ թե կրոնական նկատառումներից ելնելով, այլ որովհետև այնտեղ պետական այրերի պատվի վերաբերյալ գրեթե ամեն ինչ կա գրված։

Ահա, օրինակ, Երևանի քաղաքապետարանը որոշ թաղամասերում սկսել է նոր, գեղեցիկ աղբամաններ տեղադրել։ Հարցը նույնիսկ այն չէ, որ դրանք պլաստիկից են, և առաջին իսկ չմարած ծխախոտն այդ աղբամաններն այրված քիմիակույտի կվերածի։ Բանն այն է, որ նույնիսկ եթե ամբողջ քաղաքում նոր աղբամաններ տեղադրեն, հարցը դրանով չի լուծվի, քանի որ աղբահանության խնդիրը, ի գիտություն քաղաքապետարանի, լուծվում է աղբը տանելու միջոցով։

Այո, այո, իրոք այդպես է, կարող եք ինձ շնորհակալություն չհայտնել հուշման համար. շարունակեք ձեզ պարգևավճարներ դուրս գրել, մենք մեր հարկերը չենք խնայի դրա համար։

Կամ, օրինակ, քաղաքում տեղադրվելիք 500 նստարանըշատ լավ նախաձեռնություն է, հատկապես, որ նախորդ տարվա «թավշյա հեղափոխությունից» հետո հին նստարանների մեծ մասը կորել էր։

Հարցը նույնիսկ այն չէ, որ նստարանները պատվիրել են այն նույն ընկերությանը, որին նախորդներն էին նստարաններ պատվիրում։ Ավելին, հարցը նույնիսկ այն չէ, որ յուրաքանչյուր նստարանը 164 հազար դրամ արժե, որն անգամ 4 հազարով թանկ է, քան Տարոն Մարգարյանի օրոք։

Երևանի քաղաքապետարանը չի հասցնի իրականացնել տրանսպորտային բարեփոխումները. փորձագետ

Բավական է թերթել 2017 թվականի մայիսյան մամուլը, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, այլ ընդամենը Երևանի «Մարությանի» թեկնածու. այն ժամանակ նա վստահեցնում էր, որ գիտի ընկերություն, որը նստարանները կպատրաստի ոչ թե 160, այլ 65 հազար դրամով։ Հիմա էլ պարզվում է, որ նույն արտադրողի նստարանները նույնիսկ մի քիչ թանկացել են, իսկ 65 հազարով արտադրողներից ձեն–ձուն չկա։

Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞ չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը

«Իրենց պտուղներից կճանաչեք նրանց». նշվում է վերոհիշյալ յոթերորդ գլխում։ Ու իսկապես, միայն պտուղներով են դատում ցանկացած մարդու աշխատանքի արդյունավետությունը, լինի պետպաշտոնյա, անտառահատ, թե պարող։ Վատ պարողը գլոբալ առումով հասարակությանը չի խանգարում, իսկ ահա հանրությունը երբեմն չափազանց շատ է խանգարում պաշտոնյաներին։

Նկատե՞լ եք, որ վերջերս չեն խոսում մետրոյի նոր կայանների բացման, Երևանի քաղաքային տրանսպորտային համակարգի վերակենդանացման մասին։ Օպերայի հարակից տարածքի կանաչապատումից նույնպես նորություն չկա։

Չէ, այնպես չէ, որ ընդհանրապես բան չի արվել. օրինակ` հայտարարվել է, որ Դալմայի այգիների մոտ 270 մետրանոց երկնաքեր կկառուցվի։ Հարցը նույնիսկ այն չէ, որ սեյսմիկ գոտում այդ հսկայի ամեն մետրի կառուցումը մեկ միլիոն դոլար կարժենա. հետաքրքիր է` ինչ ակնկալիքներ ունի տեսական ներդրողն այդ լուրջ գումարը ներդնելուց։ Բայց կարող է կան բիզնես–նախագծեր, որոնց մասին մենք չգիտենք։

Հարցը նույնիսկ այն չէ, որ երկնաքերը, ամենայն հավանականությամբ, չի կառուցվի կամ էլ շուտով կհայտարարվի, որ այն հետաձգվում է մինչև 2050 թվականը. մարդ բռնի ու դիտմամբ մինչև 2050-ն ապրի։

Բանն այն է, որ մի կողմից մենք ունենաք օդից կախված հարցեր` կապված մետրոյի շինարարության, հանրային տրանսպորտի վերակենդանացման, աղբահանության ու երկնաքերի հետ... Բավական է, մնացածը մեզ նույն տեմպով են խոստացել։ Դրանք միայն խոստումներ են, իսկ որոշ խոստումների մասին արդեն չենք էլ հիշում։

Վարչապետն ուղիղ եթերում աշխատանքային հանդիպման է հրավիրել Երևանի քաղաքապետին. թեման աղբն է

Ինչ վերաբերում է հստակ արված ու ավարտի հասցրած գործերին, այսինքն` պտուղներին, որոնցով պետք է ճանաչենք «նրանց», դա միայն Կարապի լճի կղզու բացած դռնակն է։ Ինչ կա` կա, քաղաքապետարանին ասացին, քաղաքապետարանն էլ բացեց։

Հիմա կարելի է պարգևավճարներ դուրս գրել. մենք առատաձեռն ենք, մենք չենք ափսոսում մեր վճարած հարկերը։ Հատկապես, որ մի օր «իրենց պտուղներից կճանաչեք նրանց»։

883
թեգերը:
նստարան, աղբաման, աղբ, Նիկոլ Փաշինյան, Հայկ Մարության, Երևան
Ըստ թեմայի
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները
«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը
Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում
Երիտասարդներ, արխիվային լուսանկար

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

180
(Թարմացված է 21:48 13.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա կորոնավիրուսային իրավիճակը այնքան լուրջ խնդիր է, որ բոլորովին չի տրամադրում մտածելու այլ խնդիրների մասին, որոնք ծառանալու են ամբողջ մարդկության առջև, ասենք՝ այս դարի կեսերին։

Այնինչ այդ խնդիրները հետզհետե սկսում են ուրվագծվել հենց այսօր, բոլորիս աչքի առջև ու BBC-ին ներկայացրել է այն 10 գլխավոր մարտահրավերները, որոնց հետ մարդկությունը ստիպված է լինելու գործ ունենալ 30 տարի հետո՝ 2050 թվականին։ Թույլ տվեք հնարավորինս հակիրճ անդրադառնալ դրանց, իսկ առաջիկայում հաստատ դեռ առիթներ կլինեն շատ ավելի մանրամասն խոսելու այդ դրանց մասին՝ առանձին-առանձին։

Եվ այսպես՝ առաջին։ Մարդու գենային մոդիֆիկացումը։ Խոսքը, ինչպես մասնագետներն են ասում, մարդու ԴՆԹ-ի խմբագրման մասին է։ Սա մի կողմից՝ հսկայական օգուտներ կարող է բերել շատ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում, մյուս կողմից՝ էթիկական բնույթի նուրբ հարցեր է առաջացնում՝ արդյոք մենք իրավունք ունենք արհեստականորեն կատարելագործել մարդու օրգանիզմը և, ի վերջո, ստեղծել իդեալական մարդ արարած։

Երկրորդ։ Տարեցների թվի ավելացում։ Համաձայնեք՝ Հայաստանը այն երկրներից է, որտեղ այս խնդիրը առավել, քան հրատապ է։ Իսկ գլոբալ առումով մասնագետներն այսպիսի կանխատեսումներ են անում՝ հարյուր տարին բոլորած մարդկանց թիվն այսօր աշխարհում ընդամենը մոտ կես միլիոն է, 2050 թվականին այն գերազանցելու է 25 միլիոնը, այսինքն` աճելու է 50 անգամ։ Իհարկե, հրաշալի է, որ մարդիկ ավելի երկար են ապրելու, բայց… Անցնենք հաջորդ խնդրին։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Կլիմայական փոփոխություններ։ Երբևէ լսե՞լ եք կլիմայական փախստականների մասին։ Իսկ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ եթե գլոբալ տաքացումը շարունակվի, որոշ տարածքներ լիովին կանցնեն ջրի տակ և դրանց բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր, այլ երկրներ, այսինքն՝ կդառնան կլիմայական փախստականներ։

Անցնենք սոցիալական ցանցերին։ Սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, որովհետև շփվելու անսահման հնարավորություններ էին ընձեռում, հիմա կամաց-կամաց հասկանում ենք, թե որքան խոցելի ենք դառնում՝ ով ասես կարող է կեղծ անվան տակ գրանցվել ու հանգիստ հայհոյել քեզ։ էլ չեմ ասում սուտ տեղեկության տարածման մասին։ Լավ՝ քանի անգամ կարող է մեռնել Միխայիլ Գորբաչովը՝ մի հիսուն անգամ թաղեցին խեղճ մարդուն։ Ու այս խնդիրը գնալով խորանալու է։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Հաջորդը։ Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հիշում եմ՝ մի ժամանակ Ֆուրմանովի փողոցում, երբ բակի տղաներով երթևեկելի հատվածում ֆուտբոլ էինք խաղում՝ հատ ու կենտ մեքենաներ էին անցնում։ Հիմա երեկոյան վերադառնում ես աշխատանքից, հաստատ, 100 տոկոսով գիտես, որ քաղաքի այսինչ հատվածում անպայման խցանում է լինելու։ Իսկ ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում ու ավելանում է։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե 2050 թվականին Երևանում ինչ է կատարվելու։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ պատկերացնում։

Անցնենք առաջ։ Ինչ է լինելու, երբ Երկրի բնական պաշարները, որոնք մենք անխնա օգտագործում ենք, սկսեն սպառվել։ Մասնագետները փաստում են՝ սովորական բջջային հեռախոսում կա մոտ 60 բաղադրիչ, որոնցից առնվազն մի քանիսը՝ հազվադեպ հանդիպող մետաղներ են։ Ճիշտ եք։ Այդ մետաղները այլ նյութերով փոխարինելու եղանակներն առաջիկա տասնամյակներում երևի այնուամենայնիվ կգտնվեն։ Բայց վերցրեք մեր հայաստանյան հանքարդյունաբերությունը՝ ախր մեր արտահանման, մանավանդ եվրոպական արտահանման մի զգալի մասը՝ բնական պաշարներն են, որոնք անսահման չեն։ Բա 2050-ին ինչ է լինելու։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Եվ վերջապես։ Որոշ մասնագետներ համոզված են, որ անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ արհեստական բանականությունը գերազանցելու է մարդկային բանականությանը և սկսելու է ինքնուրույն կատարելագործվել ահռելի արագությամբ։ Եվ այստեղ ծագում է ամենագլխավոր հարցը՝ իսկ արդյոք առանց մարդու միջամտության զարգացող այդ բանականությունը բարյացակամ կլինի մեր՝ մարդկանց նկատմամբ։ Բա, որ հանկարծ որոշի, որ մարդկությունը խոչընդոտում է իր կատարելագործմանը։ Բայց շատ ճիշտ եք՝ թող այս ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր առօրյա խնդիրներն էլ բավարար են։

180
թեգերը:
խցանում, կորոնավիրուս, երեխա, թոռ, տարեց, Տրանսպորտ, Երևան, արհեստական բանականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

343
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

343
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Բողոքի ակցիա Խոր Վիրապի մոտ

Կրկնակի բերման ենթարկում, առանձնազրույցներ․ ՄԻՊ-ն ամփոփել է բողոքի ակցիայի արդյունքները

41
(Թարմացված է 00:48 14.07.2020)
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր ՄԻՊ հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ:

Ընդ որում, ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:

«Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ»,-ասված է հայտարարության մեջ:

Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

Տեղեկացվում է, որ գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Վետօ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը և շարժման անդամներն ավտոերթ էին իրականացնում դեպի Խոր Վիրապ վանական համալիր՝ բողոքելով Հայաստանում արտակարգ դրության երկարացման դեմ։ Ակցիայի 48 մասնակիցների, այդ թվում և Նարեկ Մալյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մարտի 16-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Հուլիսի 13-ի արտահերթ նիստում կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել այն։ Արտակարգ դրությունը կտևի մինչև օգոստոսի 12-ը։

41
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Նարեկ Մալյան, Խոր Վիրապ, Բողոքի ակցիա, Հայաստան