Տաքսի

«Կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր», կամ երևանցի տաքսիստի անհավանական արկածները

523
(Թարմացված է 20:48 30.08.2019)
Տաքսի ծառայությունները` օն լայն ու ոչ, անհատ տաքսիստներն այնքան շատ են Երևանում, որ թվում է` մրցակցությունը պիտի ստիպի ամենքին հնարավորինս ազնիվ ու լավ աշխատել։ Մինչդեռ տաքսիստների մասին աներևակայելի պատմությունները շարունակում են մեր իրականության մի մասը մնալ։

Ինձ էլ, ինչպես և վստահ եմ ձեզ, թվում էր թե ոչ սերվիսային տաքսիներից օգտվելուց ամենամեծ խաբեությունը կարող է լինել այն, որ վարորդը հաշվիչ չունենա, կամ գիտակցաբար տանի ուղևորին ոլոր-մոլոր երկար ճանապարհով, վերջում ասի`թե իբր չունի մանր ու էլի մի քանի նման բաներ:

Բայց այն ինչի ականատեսը, իսկ ավելի ճիշտ՝ ունկնդիրը դարձա օրերս, իրոք որ ոչ սովորական էր, անգամ՝ ապշեցնող և, միաժամանակ, համապատասխանում էր «կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր» և հակառակը՝ «կլիներ տխուր, եթե չլիներ այդքան ծիծաղելի» ձևակերպումներին:

Մայթի մոտ օդում պարզած ձեռքիս սահուն արգելակմամբ արձագանքեց հին օպելի վարորդ մի տաքսիստ:

Երթևեկության ուղղությունս ճշտելով` իջեցրեց պատուհանը, ստանալով ծխելու թույլտվություն, վառեց ծխախոտը ու ավանդաբար սկսեց խոսել:

Թեմաների սպեկտորը ինչպես միշտ բազմազան էր. «Թավշյա հեղափոխության» մետամորֆոզներից մինչև Ամուլսարի շահագործում,  ԱԱԾ ձերբակալություններից, մինչև սոցիալական վիճակ:

Ու հենց սոցիալական վիճակին անդրադառնալիս` վարորդը պատմեց իր ընտանիքի մասին, և որ ինքը մի կերպ տաքսի վարելով ծայրը ծայրին է հասցնում, իսկ գործազուրկ կինը տանը նստած բողոքում է գործ չունենալուց:

«Գցում-բռնում էի, ի՞նչ կարա անի կինս, գցեցի-գցեցի ու մի օր բռնեցի»։ Այնուհետև վարորդը գումար վաստակելու, իսկ իրականում կուլտուրական դրամաշորթության մեխանիզմ է մշակում, որը մի կողմից ապշեցնում է անբարոյականությամբ, մյուս կողմից աչքի ընկնում ստեղծարարությամբ, որին կնախանձեին անգամ Բոնին և Քլայդը:

Ինչպես են «Զվարթնոցի» տաքսիստները խաբել օտարերկրացիներին. տեսանյութ

Կինը առավոտյան նստում է տաքսու հետևի նստարանին, վարորդ-ամուսինը երթևեկում է դիմապակու կանաչ լույսը վառ, իբր «ազատ է»: Շուտով տեսնում են առաջին պոտենցիալ զոհին՝ ուղևորին, ով ինչպես և ես մայթի մոտ պարզում է ձեռքը տաքսին «որսալու» ակնկալիքով: Վարորդն արգելակում է և հետևի դռնից իսկույն դուրս է գալիս կինը՝ որպես ուղևոր, որն «ավարտում» է հենց այդտեղ: Հետո կինը խեղճ հայացքով դիմում է ուղևորին օգնության խնդրանքով` ասելով, որ երթևեկության դիմաց վճարվելիք գումարը կազմել է 1300 դրամ, իսկ նա ունի միայն 1000:

Նոր ուղևորը, տեսնելով կնոջ շփոթահար և անելանելի իրավիճակը, որպես կանոն ընդառաջում է՝ կամ հենց տեղում տալով պակասող չարաբաստիկ 300 դրամը, կամ էլ վարորդին խնդրելով ավելացնել այդ 300 դրամը իր երթևեկության հաշվին: Կինը մեքենայից իջնում է, ուղևորը՝ նստում: Վարորդը իրականացնում է երթևեկությունը ի սկզբանե «+300» հաշվեկշռով, հասցնում է ուղևորին ուր որ պետք է և հետո հետ վերադառնում կնոջը վերցնելու, հաջորդ գթասիրտ «զոհին» ընդառաջ: Եվ այդպես ամբողջ օրը:

«Իսկ ինչու՞ հենց 300 դրամ» , - հետաքրքրվեցի ես։ Վարորդը բացատրեց, որ 400-ի դեպքում արդեն կնվազի հավանականությունը օգնության ձեռք մեկնելու, իսկ 200-ի դեպքում պարզապես ձեռնտու չէ ու բացի դրանից 300-ը սիմվոլիկ է՝ մինիմալի ուղիղ կեսն է, և, նման 2 երթևեկություն իրականացնելով ,վաստակում ես 3-ի գումար:

«Ես իմ գլխի տերն եմ, բա հո չեմ սպասելու Փաշինյանի ասած 2050 թվին, հենա համ աշխատատեղ եմ ստեղծել, համ ընտանեկան բիզնես, համ էլ ավելացրել եմ միջին եկամուտս», - բացատրեց տաքսու վարորդը` ավելացնելով, որ իմ բախտը բերել է, որ կնոջը վերցնելու ճանապարհին հայտնվեցի իր մեքենայում, այդպիսով ստանալով միանգամից 2 նվեր՝ տեղեկացա այս պատմության մասին և վճարեցի 1000 դրամ, շատ հնարավոր 1300-ի փոխարեն:

«Զվարթնոցում» ուղևորի համար տաքսիստները ծեծել են իրար. տեսանյութ

Ու այս ֆոնին, երևանյան օն լայն տաքսի ծառայությունները շարունակում են օրվա մեծ մասն աշխատել սահմանված մինիմալ տարիֆից բարձր սակագնով, սովորական ծառայությունները հաճախ առաջարկում են մինչև 20 րոպե սպասել տաքսուն, իսկ նախկին վարչապետի մատնանշած թրաշով ու «չստիկով» տաքսիստները` տարատեսակ խաբեությունների դիմել` զուգահեռ վտանգելով ուղևորի կյանքն ու առողջությունը, նաև ձանձրացնելով իրենց կյանքի մասին պատմություններով։

523
թեգերը:
տաքսի, երևանցիներ, Երևան
Ըստ թեմայի
Սամի Նասերին Երևանում. նվեր–պորտֆոլիո «Տաքսի» ֆիլմի աստղին
Գերմանիայում 5-տեղանոց անվարորդ թռչող տաքսի են փորձարկել. տեսանյութ
ՌԴ քաղաքացիություն չունեցողներին Ռուսաստանում կարգելվի տաքսի վարել