SOS մանկական գյուղ. արխիվային լուսանկար

Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում

179
(Թարմացված է 19:03 29.08.2019)
Որդեգրման ներկա գործընթացում ռիսկերը շատ են և վերլուծության փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են որդեգրմանը վերաբերող խնդիրներն ու ռիսկերը` թե՛ տեղական, թե՛ միջազգային որդեգրումների դեպքում։

Քնարիկ Գարանֆիլյանն ունի հինգ երեխա, որոնցից ոչ մեկն իր կենսաբանական զավակը չէ. մեկը որդեգիր է, երկուսի համար նա խնամատար է, երկուսի համար` խնամակալ։ Քնարիկի և ամուսնու կյանքը փոխած ու իրենց ընտանիք բերված առաջին երեխան որդեգիր տղան էր։Երեխան մանկատանը հայտնվել չէր հասցրել. որպես սոցիալական աշխատող տիկին Գարանֆիլյանն իմացավ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, միանգամից ամուսնու հետ որոշում կայացրեցին հոգ տանել նրա մասին՝ մինչև ծնողը կհայտնվի։ Սակայն նա այդպես էլ չհայտնվեց, մեկ տարի անց սկսեցին երեխայի որդեգրման գործընթացը։

2008-2018թթ. հանրապետության տարածքում գործող մանկատներից որդեգրվել է 619 երեխա, որոնցից 505-ը որդեգրվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից (մի մասն ազգությամբ հայ),  114-ը՝ ՀՀ քաղաքացիների։ Ամենից շատ երեխաներ որդեգրվել են Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ից։ Իտալիա, ԱՄՆ, Գերմանիա` ամենաշատ որդեգրումները հենց այս երկրներից են, ԱՄՆ-ի դեպքում որպես որդեգրող ավելի հաճախ հանդես են գալիս ազգությամբ հայերը, որոնք օվկիանոսից այս կողմ են գալիս, հասնում, որպեսզի հենց հայ երեխա որդեգրեն։ Եվրոպական երկրներում դեպքում որդեգրողներն ավելի շատ այլազգիներն են։ Իտալիայի դեպքում նշվում է, որ արտաքնապես հայերն ու իտալացիները նման են, իսկ Գերմանիայի պարագայում դերակատար է երկու ազգերի գենետիկ նմանությունը։ Հայերը հիմնականում որդեգրում են առողջ երեխաներ, անգամ թեթև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ որդեգրելու ցանկություն սովորաբար չեն ունենում, ինչը չես ասի օտարերկրացիների մասին. այս դեպքում որդեգրված երեխաների մեծ մասը հաշմանդամություն ունի։

Երեխաների որդեգրման խնդիրները և ռիսկերը կքննվեն միջգերատեսչական աշխատանքային խմբում

Տիկին Գարանֆիլյանի խոսքով՝ մանկատներում այսօր ավելի շատ հաշմանդամություն ունեցող երեխաներ են ապրում և պետք է ամեն կերպ խրախուսել մարդկանց, որ հենց նրանց որդեգրեն, ցույց տան օրինակներ, թե ինչպես կարող են այս երեխաները երջանկությամբ լցնել տուն։ Որպես լավագույն օրինակ հիշում է Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին և երեցկին Անահիտին։ 5 տարի առաջ նրանք դարձան Հայաստանում առաջին ընտանիքը, որ հաշմանդամություն ունեցող երեխա որդեգրեցին՝ սկզբում Հովհաննեսն էր, հետո նրան Հուսիկը միացավ. եղբայրներ դարձած տղաներն ընկերություն էին անում դեռ մանկատանը՝ Հովհաննեսը Հուսիկի ոտքերն էր, Հուսիկն էլ ՝ Հովհաննեսի աչքերը։

«Հաշմանդամություն ունեցող երեխաներին Հայաստանում չորդեգրելու պատճառներից մեկն այն է, որ նրանց մեծացնելը դժվար է, և մեր երկրում համապատասխան ծառայություններ չկան, որոնք կօգնեն ծնողին»,- ասում է Գարանֆիլյանն ու նշում, որ հաշմանդամություն ունեցող երեխաների միջազգային որդեգրումները միգուցե շատ են նաև այն պատճառով, որ արտերկրում նման սոցիալական ծառայություններ կան, իհարկե չի բացառում նաև, որ որոշակի արտոնություններ էլ ունեն այդ ընտանիքները։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պարտականությունները կատարող Անահիտ Քալանթարյանի խոսքով՝որդեգրման գործընթացը կարգավորող նոր կարգով, որն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն կարծիքի համար և կհաստատվի կառավարության որոշմամբ,նախատեսված են վերապատրաստման դասընթացներ որդեգրել ցանկացող անձանց համար՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային որդեգրումների համար։ «Սա կարևոր է, որպեսզի ձախողված որդեգրման դեպքեր էլ չունենանք»,– կարծում է Քնարիկ Գարանֆիլյանն ու նշում, որ նման դեպքեր եղել են, երբ երեխային նույնիսկ, այսպես ասած, վերադարձրել են պետությանը կամ հանձնել է ՀՕՖ-ի հոգածությանը։ Որդեգրման ներկա գործընթացում հաշվի են առնվում որդեգրել ցանկացողի, օրինակ, կենսապայմանները, բայց ոչ ծնողավարման հմտություններն ու գիտելիքները, բայց երեխայի համար ավելի կարևոր է, որպեսզի նա ընտանիքում ջերմություն և սեր ստանա։

«Բարեփոխումներով նաև նախատեսված է համադրման գործընթացը. որդեգրող ծնողի ցանկություններին և պահանջներին համապատասխան պետք է հստակ համադրում իրականացվի։ Այն իրականացվելու է երկու փուլով և բազմակողմանի է լինելու՝ սկսած բնավորության առաձնահատկություններից»,- ասում է Անահիտ Քալանթարյանը։

Որպես ոլորտի մասնագետ Քնարիկ Գարանֆիլյանը համաձայն է՝ համադրումը պարտադիր է, այլապես մինչև հիմա պոտենցիալ որդեգիր ծնողները երեխաներ փնտրում են ավելի հաճախ արտաքին չափանիշներով, ու ամենակարևորն անտեսվում է.

«Փնտրում են առողջ երեխա, որ աչքերի գույնն իրենց աչքերի գույնն ունենա, որ իրենց նման լինի. թվում է, թե երեխան ինչ-որ ապրանք է, որ իրենք ընտրում են ինչ-որ պարամետրերով»,- ասում է Գարանֆիլյանը։

Որդեգրմանը վերաբերող նոր կարգով նաև վերահսկման հստակ մեխանիզմներ են սահմանվում. որդեգրմանը հաջորդող երեք տարվա ընթացքում վեց ամիսը մեկ անգամ պարտադիր վերլուծություն է կատարվելու երեխայի կենսապայմանների և իրավիճակի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում նաև մոնիթորինգային այցեր են կազմակերպվելու։

Մի առանձին խնդիր է միջազգային որդեգրումը. ըստ գործող կարգի, ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառումն իրականացվում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը, եթե այն բացակայում է, ապա ԱԳՆ-ն։

Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի. նախարար

Փորձագետի խոսքով՝ իրականության մեջ օտարերկրացիների կողմից որդեգրումների դեպքում վերահսկողության թելը կորցնում ենք։ Հարցի լուծումը, ըստ Գարանֆիլյանի, տեղական որդեգրումների ավելացումն է։ Առաջարկում եմ՝ հայացք գցել մեր ժողովրդի անցյալին։ Որդեգրում, խնամատարություն, խնամակալություն. այսօր էլ ինչ էլ անվանենք խնամքի այլընտրանքային ձևերին, բայց անցյալում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին միշտ հոգ տանող ընտանիք ու մարդիկ են գտնվել, անգամ մանկատներ հայ իրականության մեջ ստեղծվել են Ցեղասպանությունից հետո միայն։ Նա վստահ է, որ մեր երկիրն ու ժողովուրդն ունի այդ հնարավորությունը, որ իր երեխաների մասին ինքը, այլ ոչ թե օտարը հոգ տանի։

179
թեգերը:
հաշմանդամ, հայ, Գերմանիա, Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան, որդեգրում, երեխա
Ըստ թեմայի
Որդեգրման բում Գյումրիում. բազմաթիվ մարդիկ ուզում են օթևանել հայտնաբերված նորածիններին