Ալյոշա Աբրահամյան

Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը

399
(Թարմացված է 11:37 28.08.2019)
1970-ականների լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն այսօր կդառնար 74 տարեկան:

 

Հայ տղաները 1970-ականներին ֆուտբոլ էին խաղում ինքնամոռաց։ Իհարկե, գրեթե բոլորը ձգտում էին գոլի հեղինակ դառնալ` իրենց Մարկարով, Իշտոյան կամ Ղազարյան երևակայելով։ Իսկ դարպասներում քչերն էին սիրում կանգնել, և լավ բակային դարպասապահը ոսկու գին ուներ։ Նրան շատ հարգալից անվանում էին Ալյոշա՝ աստղային «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի պատվին։

Ալյոշա Աբրահամյանի խաղի ոճը կարծես խարխլում էր դարպասապահների կանոնները. նա հաճախ էր գնդակը բռնում առաջ պարզած ձեռքերով և այդպես էլ պահում այն. կրծքին չէր սեղմում, ինչպես անում են բոլոր ողջամիտ դարպասապահները։ Նա այնպես էր խաղում, որ սիրտդ կանգնում էր անխուսափելի գոլի կանխազգացումից, սակայն ամեն ինչ, որպես կանոն, բարեհաջող ավարտ էր ունենում։ Եվ, հավանաբար, ճշմարիտ էր այն զգացողությունը, որ եթե Ալյոշան արտաքնապես հանգիստ էր, ոչ մի գնդակ բաց չէր թողնի, իսկ եթե նյարդայնանում էր` փորձանքի էր պետք սպասել։

Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին
Պաշտպաններին նա հաճախ էր հանդիմանում, սակայն կարճ և կոնկրետ՝ բնիկ լենինականցուն հատուկ սուր և դիպուկ արտահայտություններով` երկար պարզաբանումների մեջ չմտնելով, թե ով է ճիշտ և ով՝ մեղավոր։ Բայց՝ արդար էր. եթե բաց թողած գոլի հարցում սեփական մեղքն էր տեսնում, ամոթահար կախում էր գլուխը։

Կարծես թե 1977 թվականին էր «Զենիթի» խաղը «Հրազդան» մարզադաշտում, որն ավարտվեց ոչ–ոքի` 2:2 հաշվով։ Մեզ` մանկական մարզումների ժամանակ առանձնացածներիս, խրախուսելու համար ուղարկում էին հերթապահելու դաշտի եզրում և դարպասների հետևում: Այդպես ես հայտնվեցի Ալյոշայի մեջքի հետևում՝ դարպասի մյուս կողմում, դարպասապահից մի քանի մետրի վրա։ Բայց անհավանական մի բան տեղի ունեցավ. հենց այդ պահին «Արարատի» պաշտպաններից մեկը (նույնիսկ հիշում եմ՝ ով, բայց չեմ ասի), անհաջող խփեց գնդակին և այն ընկավ Ալյոշայի դարպասը: Ալյոշան գնդակը զարմացած հայացքով ուղեկցեց։

 «Կեցցե՛, կյանքում մեկ անգամ գոլ խփեց, այն էլ` ինձ», – լենինականցու անզուգական  բարբառով փնթփնթալով ասաց Աբրահամյանը՝ նյարդայնացած երկար ձեռքով դուրս բերելով  գնդակը ցանցից։

Իսկ ձեռքերի ուժն ու մատների կպչունությունը, ինչը երբեմն թույլ էր տալիս գնդակը կրծքին չսեղմել, ասես նա հարազատ էր՝ վոլեյբոլից էր մնացել։ Զարմանալի է, բայց փաստ. Ալյոշայի հայրն ու երեք ավագ եղբայրները վատ չէին խաղում ֆուտբոլ, իսկ Ալյոշան հաճույքով խփում էր վոլեյբոլի գնդակին և նույնիսկ մասնակցում այդ մարզաձևի համամիութենական մանկական սպարտակիադային։ Բասկետբոլ ևս խաղում էր, սակայն մի օր Լենինականի «Շիրակը» մնաց առանց դարպասապահի և նրան խնդրեցին կանգնել դարպասում։ Եվ՝ սկսվեց։

Մահացել է «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը
1965 թվականին` 19 տարեկանում,  նա արդեն «Արարատում» էր, իսկ մեկ տարի անց «Սմենա» ամսագիրն Ալյոշա Աբրահամյանին անվանեց ԽՍՀՄ լավագույն դեբյուտանտ–դարպասապահ։ «Արարատի» հետ մեկտեղ Ալյոշան 1971 թվականին երկրի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ։

Երկու Աբրահամյանները`  հարազատ եղբայրներ Ալյոշան և հաղթանդամ ու հուսալի պաշտպան Ֆուրմանը, թիմի համար հույս ու հենարան դարձան։ Ֆուրմանից վախենում էին հարձակվողներից շատերն ու դարպասապահներից մեկը` Ալյոշա Աբրահամյանը, ով անձամբ էր դա խոստովանում։ Այդ պատճառով կարելի է հասկանալ ողբերգության աստիճանը, երբ 1972 թվականի ամռանը ավտովթարի հետևանքով վրա հասած անհեթեթ մահը խլեց Ֆուրմանի կյանքը երիտասարդ տարիքում։

Երկու ամիս Աբրահամյանը չէր խաղում` դարպասում իր տեղը զիջելով մշտական փոխարինող Նորայր Դեմիրճյանին, որն, ի դեպ, նույնպես հիանալի դարպասապահ էր։ Այնուհետև սեղմեց ատամներն ու վերադարձավ. դարձավ չեմպիոն, հաղթեց Գավաթում...

Երևանում բացվել է «Արարատ–73» արձանախումբը
Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին՝ լավ դարպասապահների պակասի մասին խոսակցություններ միշտ եղել են։ Որոշակի առումով այդպես էլ կա, բայց մյուս կողմից՝ չէ՞ որ նրանք քիչ չէին։  Տարբեր մակարդակների ԽՍՀՄ առաջնություններում հիանալի խաղ էին ցուցադրում Ռաֆիկ Մարտիրոսյանն ու հայտնի Սերգեյ Զատիկյանը, նրանց փոխարինելու եկավ Ալյոշան։ Իսկ հիշատակված Նորայր Դեմիրճյանը կարող էր խաղալ խորհրդային բարձրագույն լիգայի բազմաթիվ ակումբների հիմնական կազմում, սակայն չգիտես ինչու՝ «Արարատից» այդպես էլ չգնաց։

Սակայն միևնույնն է՝ Ալյոշա Աբրահամյանն առանձնահատուկ էր և՛ իր խաղի ոճով, և՛ մարզական «չարությամբ», և՛ սեփական մեղքն ընդունելու ունակությամբ։ Նա այդպես էլ մինչև կյանքի վերջն ինքն իրեն չներեց 1972 թվականին գերմանական «Կայզերսլաուտերնի» դեմ ՈւԵՖԱ–ի գավաթի խաղում բաց թողած գոլերից մեկի համար։ Նույնիսկ 40 տարի անց մեղադրում էր իրեն այդ սխալի համար, որը, նրա կարծիքով, ճակատագրական էր։

Վերջին տարիներին Ալյոշան լուրջ հիվանդ էր։ Նա կյանքից հեռացավ մեկ տարի առաջ, ընդամենը 2 օր չապրելով մինչև օգոստոսի 28-ը՝ իր 73-ամյակը։

399
թեգերը:
ֆուտբոլ, Ալյոշա Աբրահամյան
Ըստ թեմայի
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը
Հիմա կամ երբեք․ ինչպես են Երևանում դիմավորել հաղթանակած «Արարատին»
«Արարատի» լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալյոշա Աբրահամյանն իրեն այդպես էլ չներեց