Սերգեյ Մերգելյան

Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

6509
(Թարմացված է 20:51 25.08.2019)
Սահուն քայլերով և ընդմիշտ Սերգեյ Մերգելյանն իր տեղը գրավեց գիտության պատմության մեջ, որպես մաթեմատիկոս և ոչ միայն գիտության պատմության: Նրա կազմակերպչական աշխատանքը, գիտատեխնիկական ինտուիցիան ամբողջությամբ արդարացնում են այն գերադրական աստիճանները, որոնցով միշտ խոսում էին նրա մասին, հատկապես, պատանեկության ու երիտասարդության տարիներին:

Երբ իրեն հանճար էին անվանում, Սերգեյ Մերգելյանը փորձում էր կատակի տալ, փոքր-ինչ նյարդայնանում էր, իրեն կաշկանդված զգում: Միգուցե պատճառը նաև այդ համեստությունն էր, ինչպես և ամենակուլ նախանձի դեմ դուրս գալու նրա ներքին հմտության բացակայությունը, որ չթողեցին նրան հասնել բոլոր այն բարձունքներին, որոնք անհամբեր իրեն էին սպասում:

Ի՞նչ մանկություն պետք է ունեցած լիներ երեխան, ով 18 տարեկանում հայտնվեր Նարիմի «զտիչ» ճամբարում: 1936 թ.–ին նրա հորը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատը տարավ. աստված գիտե միայն, թե ինչի համար, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչնչի համար, տարավ հենց այնպես, ինչպես սովորաբար: Ու, ամենայն հավանականությամբ, տարավ իսկապես ոչ մի բանի համար, որովհետև երկու-երեք տարի անց (այն ժամանակների համար դա ակնթարթային տևողություն էր) Նիկիտա Մերգելովին բաց թողեցին, իսկ պատերազմը սկսվելուց առաջ ընտանիքը Սիմֆերոպոլից Երևան տեղափոխվեց։ Երևանը, Թուրքիային մոտ գտնվելու պատճառով, զանգվածային էվակուացիայի ենթարկվող տարածք չէր: Եվ ահա այստեղ Մերգելովին, որպես լավ մասնագետի, ստվարաթղթի գործարանը ոտքի կանգնեցնելու նպատակով իր մոտ է կանչում Հայաստանի կոոպերատիվների կոմիսարիատը:

Այստեղ ողջ ընտանիքը տեղավորվեց բակային հարմարություններ ունեցող մեկ սենյականոց տանը: Իհարկե, սիբիրյան ճամբարից հետո սա իսկական առանձնատուն էր: Կահույքից Սերգեյին բաժին հասավ ընդամենը գրասեղանի մի հատվածը՝ դասերն անելու համար: Մերգելյանի կենսագիր, լրագրող Գրիգոր Ափոյանը գրում է, որ կար ժամանակ, երբ բոլոր առարկաներից Մերգելյանը միայն մաթեմատիկայից էր հետ մնում: Անհավանական է հնչում, բայց, ով գիտե, գուցե հենց այդ «հետ մնալն» էր, որ ապագա գիտնականի մեջ սպորտսմենին բնորոշ նախանձախնդրություն ծնեց և այն էլ այնպիսի, որ 1943 թվականին նա միանգամից կարողացավ հանձնել թե՛ 9-րդ, թե՛ 10-րդ՝ ավարտական դասարանի քննություններն ու դարձավ Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող:

Մերգելյանի  առաջընթացն արդեն կատակ բան չէր, նրան կանգնեցնել հնարավոր չէր: Համալսարանական 5 տարին նա ավարտում է 3 տարում և 1946 թվականին դառնում դիպլոմակիր: Ի դեպ, հենց առաջին կուրսում նա ոչ լրիվ ամիս սովորելուց հետո դիմում է գրում՝ էքստերն քննություններ հանձնելու ու երկրորդ կուրս տեղափոխվելու խնդրանքով: Իսկ առջևում Մոսկվայում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան էր… Այդտեղ նույնպես պատանին ժամանակ վատնել չցանկացավ, ընդամենը 1.5 տարում գործնական կերպով հանձնեց թեկնածուական մինիմումները ու գրեց անհավանական մի դիսերտացիա, որի գիտական ղեկավարը ոչ այլ ոք էր, քան Մստիսլավ Վսեվոլոդովիչ Կելդիշն էր: Ոչ մաթեմատիկոսներին չվախեցնելու համար հարկ է նշել միայն, որ ամբողջ աշխատանքը բաղկացած էր տասնյակ տարիների ընթացքում կուտակված գիտական հանելուկների անվանական լուծումներից:

Սերգեյ Մերգելյանը, հավանաբար, արդեն նյարդային խանգարման եզրին սպասում էր գիտական խորհրդի որոշմանը, և իհարկե, ինքն էլ նման դատավճռի չէր հավատում:Ակադեմիայի թղթակից-անդամները, պրոֆեսորները միաձայն քննարկման դրեցին ինչպես դոկտորական թեկնածությունը, այնպես էլ, որպես բացառություն, գիտահետազոտական մաթեմատիկական դոկտորի կոչում շնորհելու հարցը: Այսպես ահա, Մերգելյանը, որի 21 տարին էլ դեռ չէր լրացել, ի դեպ, որոշ երկրների չափորոշիչներով դեռևս անչափահաս, դառնում է խորհրդային գիտության ամենաերիտասարդ դոկտորը:

Ժամանակին գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Գիլբերտը գիտությունը թողած ու լավ պոետ դարձած իր աշակերտներից մեկի մասին այսպես է խոսել. «Ճիշտ վարվեց, մաթեմատիկայի համար նա քիչ երևակայություն ուներ»: Ակնհայտ է, որ աստված Մերգելյանին երևակայությունից չէր զրկել և կարիերայի ընթացքում՝ 1952 թվականին, նա ստանում է Ստալինյան մրցանակ (այն ժամանակների համար հսկայական գումար), իսկ 1953 թ. հասնում է ևս մեկ ռեկորդի՝ դառնալով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ  թղթակից-անդամը։

Ոչ մի երևանցու մտքով չի անցնի Մաթեմատիկական մեքենաների Երևանյան գիտահետազոտական ինստիտուտնի այսքան երկար անվանումը տալ, ընդամենը` «Մերգելյանի ինստիտուտ» և վերջ, ամեն ինչ դառնում է հասկանալի: Իսկ «Մերգելյանը» այստեղ ոչ միայն ազգանուն է, այլ այդ նույն ինստիտուտի շուրջ գտնվող տարածքի ժողովրդական անվանումը, և այն էլ՝ բավական ընդարձակ տարածքի:

Գործից տեղյակ մարդիկ վկայում են, որ 1956 թվականին այդ ինստիտուտի կառուցման նախաձեռնողները կարողացան իրենց գաղափարով «վարակել» Խրուշովին, ու ինստիտուտը Երևանում բացվեց միայն Մերգելյանի հեղինակության շնորհիվ: Այն տարիներին նման ինստիտուտներ (եթե իհարկե կային) Միության հարավային տարածաշրջաններում չէին կառուցվում: Ու Հայաստանը մինչև օրս հպարտանում է գիտության այդ բնագավառում ունեցած իր գերազանց հիմքով: Միշտ պետք է հիշել, որ այդ հաջողությունները դժվար թե իրականանալի դառնային առանց Սերգեյ Մերգելյան անունի:

30 տարեկանը չբոլորած Սերգեյ Նիկիտովիչը սկսում է ղեկավարել այդ ինստիտուտը: Եվ նա չդարձավ «խցում փակված գիտնական», չդարձավ  կաբինետային պրոֆեսոր, այլ ապրեց իր լիարժեք կյանքով՝ ընկերություն անելով գրողների, պոետների, կինոռեժիսորների, Ինդիրա Գանդիի ու Ջավախարլալ Ներուի հետ: Նման մարդիկ միայն իրենց գոյությամբ նույնիսկ շատերին են նյարդայնացնում, ընդ որում, խոսքը ոչ միայն նախանձ-անհաջողակներին է վերաբերում, այլ նաև միջազգային ճանաչման հասած բավական հաջողակ գիտնականների: Խանդը, ամեն դեպքում, թեկուզև իռացիոնալ, բայց չմեռնող երևույթ է…

Եվ ահա, ճաշակելով խորհրդային բավական ազդեցիկ գիտական հաստատության ղեկավարության բոլոր բարիքները, նա թողնում է տնօրինությունն ու հեռանում Մոսկվա՝ աշխատելու Վ. Ա. Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքսային վերլուծության բաժնում` միաժամանակ դառնալով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի բաժնի փոխտնօրեն: Ու հավանաբար, ամեն բան կարգին էլ կլիներ, եթե նա հենց այդտեղ մնար, բայց, ահա, հաջողվում է Մերգելյանին համոզել վերադառնալ Երևան և զբաղեցնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը:

Ստեղծագործող անձին ու գիտնականին ադմինիստրատիվ աշխատանքը հակացուցված բան է, առավել ևս այնպիսի մի աշխատանք, որը լի է ֆինանսական բախումների խարդախություններով: Զարմանալի ոչինչ չկա, որ նրա հոգեկան մաքրության ու նման գործերում փորձի պակասի պատճառով այստեղ ոչինչ չի ստացվում, ինչից էլ որոշ շահագրգիռ կողմեր չեն զլանում օգտվել:

Այստեղ մենք Մերգելյանին նախանձողների անունները չենք տալու, նախ որովհետև խոսքը նրանց մասին չէ, և հետո էլ, գոյություն ունի այսպես ասած՝ անմեղության կանխավարկած, առավել ևս, որ հավանական չկամեցողներն արդեն լքել են մեղսավոր այս աշխարհը: Ու առհասարակ, դա առանձին, կոմպետենտ զրույցի թեմա է: Ինչ էլ որ եղած լինի, ակնհայտ է, որ Սերգեյ Նիկիտովիչը զբաղվեց ոչ իր գործով: Նա ստեղծագործելու համար էր, իսկ ադմինիստրատիվ աշխատանքն այլ մարդկանց տարերքն է, մարդիկ, ովքեր գիտակ են այս գործում ու նաև շնորհված են  խորհրդային կառավարչական դաշտում գլուխ հանելու ունակություններով:

Սերգեյ Մերգելյանին Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում նշանակելն, իհարկե, գիտնականին նվաստացնելու մի փորձ էր: ԲՈՒՀ-ը բոլոր առումներով էր անհույս, և նրա վերջնական փլուզումը կգրեին Սերգեյ Նիկիտովիչի անվան տակ, բայց այստեղ, ահա, վերցրեց ու փլուզվեց ողջ Խորհրդային Միությունը: 1990 թվականին Մերգելյանը հեռացավ ԱՄՆ: Նա երկար տարիներ, միայն Մոսկվա այցելության փոքր ընդմիջումներով, դասավանդեց Կորնելյան հեղինակավոր համալսարանում:

Վերջին տարիներին առողջությունը թույլ չէր տալիս հաճախ այցելել Մոսկվա կամ Երևան, ու այդպես էլ մնաց նա Ամերիկայում մինչև իր կյանքի վերջին օրերը: Մահից քիչ առաջ նրան շնորհվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան: Հեռավոր հայրենիքը, վերջապես, հիշեց, որ օվկիանոսից անդին ինքը գիտնական ունի, ով թևակոխել է իր կյանքի 8-րդ տասնամյակը: Նա կտակի մեջ գրել էր, որ իրեն թաղեն Մոսկվայում՝ կնոջ կողքին, ու մոխիրը նրա Ամերիկայից Մոսկվա բերվեց:

Փականագործ, սպորտսմեն, թե գիտնական, ոչ բոլորն են ի վիճակի խոստովանել դիմացինի առավելությունը սեփական անձի նկատմամբ: Դա միայն յուրահատուկներին է տրված, ու այդ հատկանիշի համար դատելը նույնն է, ինչ մեղադրել կոլորատուրային սոպրանո երգելու անկարողության մեջ: Միայն թե փոս փորել այն մարդու ոտքերի տակ, ով պետք է գերազանցի քեզ` ստոր նախանձի դրսևորում է, ու դա չունի ներում: Առավել ևս, որ մարդը այդ չի կարող դրան համարժեք պատասխան տալ: Եվ դա էլ միայն այն պատճառով, որ նրա մտքով անգամ չի անցնի, որ իր ոտքերի տակ կարող են փոս փորել…

6509
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

59
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

59
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Ալաա Ալ-Սաիդ

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

773
(Թարմացված է 19:03 03.03.2021)
22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։

«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։

Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с однокурсниками
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդը համակուրսեցիների հետ

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։

Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։

«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։

Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։

Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид на озере Севан
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։

Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с друзьями у храма Гарни
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդն ընկերների հետ
773
թեգերը:
հայերեն, մուսուլման, Իրաք, Ուսանող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր
«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

0
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

0
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն