զենքով տղա

Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը

3400
(Թարմացված է 17:41 25.08.2019)
Բրիտանիայի Բիրմինգեմի համալսարանի գիտնականները, վերլուծելով փոխհրաձգությունները Վայրի Արևմուտքում, գիտականորեն հիմնավորել են, որ միմյանց հայացքներով այրող կովբոյներից սովորաբար պարտվում է նա, ով առաջինն է կրակում։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է վիճել այդ պնդման հետ այն տղաների օրինակով, որոնք մի ժամանակ Երևանում համարվել են «հեղինակություններ»։

Երևանում ամեն ինչ այլ է եղել։ Հաճախ պետք չէր հարվածել կամ կրակել․երևանցի «հեղինակությունների» անունը հաճախ ատրճանակից ուժեղ էր։

Սկզբի համար կողմնորոշվենք տեղանքում։ 60-ական թթ-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Նկարիչների տան մոտ, որն այն ժամանակ դեռ չկար, գտնվում էր «Երևան» հյուրանոցը (այսօր՝ Grand Hotel Yerevan)։ Սովորաբար այն կիսադատարկ էր։ Տեսանելի շարժում նկատվում էր միայն նախասրահում, որտեղ սանդուղքի տակ ծվարել է թերթի կրպակը։

Խորհրդային թերթերից և ամսագրերից բացի այստեղ կարելի էր գնել լեհական «Էկրան», գերմանական «Օյլենշպիգել», Իտալիայի կոմկուսի «Ունիտա» թերթը։ Այն նաև հրապարակում էր մերկ գեղեցկուհիների լուսանկարներ, հավանաբար նրա համար, որ դրանք մարդկանց ուշադրությունը շեղեին գործազրկության և երկրի այլ սոցիալ-քաղաքական խնդիրներից։

Թերթերի վաճառքով զբաղվում էր բնականից շիկահեր Ստելլան, որը նպաստում էր արևմտյան արժեքների ներթափանցմանը հայկական մշակույթ։ Մենք՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներս, ավելի ակտիվ էինք հաղորդակից լինում դրանց, բայց չեմ կարող ասել, որ շիկահեր Ստելլան կապ չուներ դրա հետ։

Միաժամանակ, աղջկան հովանավորում էր Սպարտակ Բզնունին՝ երևանցի լավ տղան՝ իմպուլսիվ հոգեկանով և կարճ տարածությունում մարտի գերազանց տեխնիկայով, ինչը զգալիորեն կրճատում էր Ստելլայի հետ օտար տղամարդկանց շփվելու հնարավորությունն ու ժամանակը (Բզնունու մասին մեզ նախազգուշացրել էր հյուրանոցի շվեյցարը և, հավանաբար, ճիշտ էր արել)։

Մարգարյան հիվանդանոցը կառավարության ժամանակավոր կացարանը պիտի լիներ. ծննդատան պատմությունը

Բզնունին՝ կիսածանր քաշային կարգում բռնցքամարտիկը, սակավախոս էր, խիստ, ձիգ, հագնվում էր միայն այդ տարիների նորաձևությանը համահունչ, շատ ակնածելի տեսք ուներ, ինչ-որ բանով հիշեցնում էր ժամանակակից Դոն Պիպոյին, բայց ամեն դեպքում դա չէր կարևորը։

Բզնունու մեջ գլխավորը զրուցակիցների հետ շփվելիս քաղաքավարությունն էր,  ընդգծված գեղեցիկ խոսքը, և այդ առումով նրա նմանը չկար․հայոց լեզվի ուսուցիչներից քչերը կարող էին մրցել նրա հետ։ Ինչպես այսօր կասեին, դա Բզնունու «ֆիրմային բրենդն էր», նրա այցեքարտը, և ես Երևանում ուրիշ ոչ մեկին չեմ հիշում, ով կարող էր այդքան արագ հաշվեհարդար տեսնել և միաժամանակ հարգալից լինել լեզվակռվում։

Ահա, օրինակ․«Հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց ձեր պահվածքը ստիպում է ինձ համոզելուց անցնել հարկադրելուն և դրանով հանդերձ վերականգնել արդարությունը։ Ուրիշ ի՞նչ կհրամայեք անել։ Թե՞ տվյալ հանգամանքում դուք այլ կերպ կվարվեիք»։

Դրան հետևում էր արմունկով հարվածը։ Հարվածը չէր պահանջում թափ հավաքել և հասցվում էր կարճ տարածությունից, իսկ դրա ուժը ստեղծվում էր հիմնականում իրանը թեքելով և ծանրության կենտրոնը տեղափոխելով, որից հարվածը հատուկ ուժ էր ստանում։ Այլ կերպ ասած՝ նա նոկաուտի էր ենթարկում։ Այդ հարվածը կոչվում է «խուկ»։

Երբ մենք՝ «Ինտուրիստ» հյուրանոցի թերթի կրպակի մշտական այցելուները, ավելի լավ ճանաչեցինք Բզնունուն, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվող քաղաքացի գրեթե չկար։

Հետո շիկահերի սիրեցյալն ինչ-որ տեղ անհետացավ, ասում էին`բանտ է նստել, որից հետո տեղափոխվել է Ամերիկա։ Եվ միայն 15 տարի անց ես հանդիպեցի նրան Երևանում ընդհանուր ծանոթի հուղարկավորության ժամանակ։ Տարիները միայն առնականություն էին հաղորդել նրան, Սպարտակ Բզնունին նախկինի նման ձիգ էր ու նորաձև․ հագուկապը փայլուն էր, գլխին՝ գլխարկ։

Բիրմինգեմի համալսարանի մասնագետների հետ կարող էր վիճել նաև մանկությանս ընկերը՝ Ռադիկը, որը Երևանի քրեական օղակներում հայտնի էր «Խդո» մականունով։ Դիմացինի պատասխան արձագանքը նույնպես չէր կարող կանխել նրա կրակոցը, ինչը հաստատվել է մի գեղեցիկ ամառային օր Թումանյանի անվան փողոցում, որով Ռաֆիկն անցել է դստեր և նորաթուխ փեսայի հետ։

Երիտասարդների հասցեին մի պատահական ջահելի բաց թողած անտեղի արտահայտությունն այն կարմիր գիծն է եղել, որը կռվարարը ոչ մի դեպքում չէր կարող հանդուրժել, և այդտեղ թնդացել է կրակոցը։ Բայց անհարմար բան է պատահել․ Խդոն շտապելիս վրիպել է և կրակել փեսայի ուսին։

Մի քանի անգամ այցելել եմ նրան գաղութում։ Ընկերս նախկինի նման ծխում էր «Մորո» թանկարժեք սիգարետ և չէր կորցրել ոգու ամրությունը։ Այստեղ պետք է հիշել, որ ո՛չ Սպարտակ Բզնունին, ո՛չ Ռադիկը «օրենքով գող» չէին և չէին էլ ձգտում դառնալ։ Լավ տղայի կարգավիճակը նրանց ձեռք էր տալիս։

«Գողը պետք է գողանա և նստի բանտում։ Մենթը պետք է բռնի գողերին և դրա համար կոչումներ ու աշխատավարձ ստանա։ Գողի վարքականոնը շատ չի տարբերվում կոմունիզմի շինարարի բարոյական կոդեքսից․ շեղվել ես ճանապարհից, ձախ ես գնացել, պատրաստ եղիր պատասխանել փողով։ Երբեմն՝ կյանքով», - բացատրել է ինձ հայտնի «օրենքով գող» Յուրի Կարինյանը։

Երևանցի լավ տղաները չէին ուզում գողանալ և նստել բանտում, բայց ստիպում էին հարգել իրենց։

 

3400
թեգերը:
օրենքով գող, աղջիկ, տղամարդ, տղա, Արևմուտք, Երևան
Ըստ թեմայի
Հին Երևանի կանգուն վկաները. Մելիք-Ադամյան 2/2
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37
Հին Երևանի կանգուն վկաները. Հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

59
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

59
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Ալաա Ալ-Սաիդ

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

773
(Թարմացված է 19:03 03.03.2021)
22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։

«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։

Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с однокурсниками
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդը համակուրսեցիների հետ

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։

Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։

«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։

Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։

Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид на озере Севан
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։

Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с друзьями у храма Гарни
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդն ընկերների հետ
773
թեգերը:
հայերեն, մուսուլման, Իրաք, Ուսանող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր
«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

0
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

0
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն