Իոսիֆ Մոնթրեզորի և հայ կամավորների հուշարձանը

Իոսիֆ Մոնթրեզորի հայ կամավորները. երբ երդում են տալիս սպային, ոչ թե արքաներին

262
(Թարմացված է 09:33 22.08.2019)
Երկու անգամ ջարդված ու վերականգնված այս հուշարձանը կանգնած է Վանաձոր–Սպիտակ ճանապարհին։

Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին վեր խոյացող այս կոթողը զբոսաշրջիկների այցելության պարտադիր հուշարձանների ցանկում ներառված չէ։ Շատերն են այն տեսել, սակայն քչերը գիտեն, թե ինչու է այն կանգնեցվել և ում հիշատակն է հավերժացնում։ Միևնույն ժամանակ, Իոսիֆ Մոնթրեզորի ջոկատի սխրանքն արժանի է պատմության դասագրքերում զետեղված լինելու։

Մոնթրեզորները Ռուսաստանում են հայտնվել XVIII  դարում։ ֆրանսիական ազնվական տոհմի ներկայացուցիչները հաստատվել էին Կուրսկում և Կիևում, գրեթե բոլոր տղամարդիկ իրենց նվիրել էին ռազմական գործին։ Երեք եղբայրներ` Իոսիֆը, Անտոնն ու Սեմյոնը, մարտում հոր մահվանից հետո (կռվում էր Սուվորովի ղեկավարության տակ) հաշվեգրվել էին Օտարերկրյա դավանակիցների կորպուսին (այլ կերպ` Հունական գիմնազիա)։ Ուսումնական այս հաստատությունը հիմնադրվել էր Եկատերինա II–ի հրամանով, տարբեր ազգությունների ներկայացուցիչներին կրթելու նպատակով. ենթադրվում էր, որ նրանք հետագայում պաշտոնյա կդառնան կայսրության համապատասխան ազգային շրջաններում։

Եղբայրները սպաներ դարձան և մեկընդմիշտ բաժանվեցին. Իոսիֆը ենթասպա դառնալով` ուղարկվել էր Թուրքիայի հետ պատերազմում կռվելու։ Այնտեղ երիտասարդ և խոստումնալից սպային նկատեց իշխան Ցիցիանովը, և երբ վերջինս դարձավ կովկասյան փոխարքա, իր մոտ վերցրեց Մոնթրեզորին` առանց երկմտելու։ Ելիզավետոպոլ ամրոցի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության և հերոսության համար Իոսիֆ Մոնթրեզորը մայորի կոչում ստացավ առանց հերթի. նրա 20 տարեկանը դեռ նոր էր լրացել։

1804 թվականի ամռանը Էրիվանը պաշարած ռուսական զորքերը հեծելազորի հարցում զիջում էին շրջակայքն ավերած պարսիկներին, սակայն պարենամթերքի պակասն ավելի սուր էր զգացվում, և դա ավելի կենսական խնդիր էր։ Ցիցիանովը մտածում էր մթերապաշար բերել Թիֆլիսից Ղարաքիլիսա (Վանաձոր). այստեղից ավելի մոտ էր Էրիվանը, և շուտով որոշեց այդպես էլ վարվել։

Հրամանն արդեն տրվել էր, երբ ռուսական զորքերը փակեցին հաղորդակցությունները դեպի Ղարաքիլիսայի շրջան, Փամբակ էին ներխուժել պարսից ջոկատները` վրաց արքայորդի Ալեքսանդրի գլխավորությամբ, որին շահ Քաջարը Վրաստանի վալի (տիրակալ) էր հայտարարել։ Նման օպերատիվ մթնոլորտում Մոնթրեզորը Ցիցիանովից հրահանգ ստացավ անհապաղ ընդառաջ գնալ պարեն տեղափոխող տրանսպորտային միջոցին մինչև Ղարաքիլիսա։

Մոնթրեզորի ջոկատը բաղկացած էր 5 սպայից, 108 հրացանակիրներից, մեկ ռմբարկուից և մեկուկես տասնյակ հայ կամավորներից։ Ամենավտանգավոր հատվածները հրամայված էր անցնել գիշերը, քանի որ պարսիկներն ու արքայորդին խուսափում էին գիշերային բախումներից. Մոնթրեզորը դուրս եկավ 1804 թվականի օգոստոսի 15-ի գիշերը` մտադիր լինելով երեք օրում հաղթահարել շուրջ 150 վերստ։

Կստեղծվեն նոր աշխատատեղեր, մշակութային կոթողները կփրկվեն
Սակայն արշավը սկսելուց գրեթե անմիջապես հետո Ապարան գետի ձորից քիչ հեռու` Մոնթրեզորի ջոկատը հանդիպեց պարսից հեծելազորին։ Կարելի էր 200 կազակների հետ ետ քաշվել Ցիցիանովի մոտ, սակայն Մոնթրեզորը որոշեց հետ չկանգնել. լեռնային ճանապարհներով ավելի քան 20 վերստ անցան մշտական բախումների պայմաններում։

3 օրը 6 դարձավ, և միայն օգոստոսի 21-ին ջոկատը հայտնվեց Փամբակի հարթավայրում, որտեղ էլ նրան սպասում էին հակառակորդի հիմնական ուժերը` Ալեքսանդրի և պարսից սարհանգ Մանսուրի գլխավորությամբ։ Ռուսական ջոկատը գրեթե անմիջապես շրջապատման մեջ հայտնվեց, պարսիկները զինվորներին առաջարկեցին հանձնվել, իսկ սպաներին` ծառայության անցնել շահի մոտ` արտոնություններ և բարձր դիրք խոստանալով։

Մոնթրեզորը կարճ և հստակ պատասխան տվեց` «մահը կգերադասեմ ամոթալի գերությունից»։ Վրաց–պարսկական «միությունը» պատասխանը վերագրեց  արևելյան թարգմանության բարդություններին և կրկնեց նախադասությունը լիարժեք հստակություն մտցնելու համար։ Մոնթրեզորը երկրորդ անգամ ևս նույն պատասխանը տվեց։ Ալեքսանդրը մոլեգնեց և հրամայեց «այդ ֆրանսիացուն» ողջ բռնել, որպեսզի հանդգնության համար ինքն անձամբ մահապատժի ենթարկի նրան։

Մոնթրեզորը զինվորներին հրամայեց պատրաստվել վերջին մարտին, իսկ հայ կամավորներին առաջարկեց գնալ. նրանք կայսրին երդում չեն տվել։ Հայերը պատասխանեցին, որ կայսրին երդում չեն տվել իհարկե, սակայն նա հեռու է, իսկ Մոնթրեզորը` մոտ, և իրենք երդում են տալիս Մոնթրեզորին։

Պարսիկները գերազանցում էին թվաքանակով, այն էլ 48 անգամ, սակայն մարտը շարունակվեց մի քանի ժամ, քանի որ Մոնթրեզորի զինվորները գտնվում էին հովտի նեղ հատվածում, և պարսիկները չէին կարողանում նրանց շրջանցել բոլոր կողմերից։ Բացի այդ, նրանք պարզապես կարողանում էին մարտնչել...

Նրանք, ովքեր մի քանի ժամ հետո ողջ մնացին, վերջին համազարկը տվեցին ռազմամթերքի մնացորդներով և անցան սվինային գրոհի։ Զոհվեցին բոլորը, բացի գերի ընկած 15 ծանր վիրավորից։ Զենքի կողքին գտան մայոր Մոնթրեզորի մասնատած մարմինը և ևս երեք հոգու։

Մանսուրը մի կողմ քաշեց դիակների հետ մարտնչելու ցանկություն ունեցող Ալեքսանդրին և հրամայեց մոտակա գյուղերից  հայերի կանչել մեռածներին թաղելու համար՝ ի նշան հակառակորդի քաջության և հավատարմության: Այդպես էլ արեցին:

Շուտով Ցիցիանովն անձամբ ժամանեց ջոկատի զոհվելու վայր։ Թիֆլիսի գնդի սպաների միությունը հավերժացրեց ռուս զինվորների մահվան տեղը համեստ կոթողով։ Այն կանգուն մնաց մինչև 1827 թվականի հոկտեմբերի ավերիչ երկրաշարժը։ Շուտով կոմս Վորոնցովը հրամայեց վերականգնել հուշարձանը։

Երկրորդ հուշարձանն ավելի երկար մնաց կանգուն։ Այն քանդեցին 1918 թվականին։ Երկար ու ձիգ 60 տարի այդ հողակտորը որբացած էր, սակայն 1978 թվականին հավաքվեցին մերձակա գյուղերի բնակիչներն ու սեփական ուժերով երրորդ անգամ կանգնեցրին կոթողը ի հիշատակ 215 տարի առաջ 1804 թվականի օգոստոսի 21-ին զոհված Մայոր Իոսիֆ Մոնթրեզորի, պորուչիկ Վլադիսլավ Լադիգինի, ենթասպաներ Անիսիմ Ցերերի և Միխայիլ Վերեշչագոյի։

Սրանք այս կոթողի տակ հանգչողներից չորսն են միայն։ Իսկ նրանց կողքին թաղված է ևս 108 հրացանակիր և մեկուկես տասնյակ հայ կամավոր։ Հուշարձանն այդ կանգնած է Վանաձոր–Սպիտակ մայրուղու մոտ, սակայն ոչ բոլորը գիտեն նրա պատմությունը։

Արցախի մարդակերպ կոթողները զարմացրել են ռուս լրագրողին

262
թեգերը:
Իոսիֆ Մոնթրեզոր, Հուշարձան
Ըստ թեմայի
«Պատիվ ունեմ». հուշարձան` ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին
Հայերին տանջողների հուշարձան չի կարելի կանգնեցնել. պահանջագիր Լեհաստանում
Գյումրու ռազմաբազայի զինծառայողները Հաղթանակի տոնի առիթով 100 հուշարձան են վերանորոգել
Օշականի հուշարձան-կամրջի մոտ տեղադրված լողավազանն ապօրինի է. առաջարկում են ապամոնտաժել
Քիմ Քարդաշանն ու Քանյե Ուեսթը. արխիվային լուսանկար

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

56
​Եկեք անկեղծ լինենք։ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, սիրում է անակնկալներ մատուցել։
Համ Ամերիկայի ապագա նախագահի կինը մեր հայրենակցուհին կլինի, համ էլ կհպարտանանք, որ այդ նախագահը լողացել է Կարապի լճում

Երևի կհիշեք, թե ինչպես տարիներ առաջ Հայաստան այցելելիս նա անսպասելիորեն նախօրոք չհայտարարված համերգ կազմակերպեց մեր Օպերայի մոտ՝ Կարապի լճի ափին, հետո էլ անսպասելիորեն ցատկեց ու երգը շարունակեց ջրի մեջ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Քանյե Ուեսթը շատ ավելի մեծ անակնկալ մատուցեց, հայտարարելով, որ մտադիր է մասնակցել Ամերիկայում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

​Հիմա կասեք՝ դե լավ էլի, ինչպե՞ս կարող է երգիչը, երաժիշտը երկրի բարձրագույն ղեկավար դառնալ։ Կներեք, ուրեմն մեզ մոտ՝ Հայաստանում, լրագրողը կարող է, Ուկրաինայում հեռուստաաստղը կարող է, իսկ Ամերիկայում երգիչը չի՞ կարող։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ամերիկացի նախագահներից շատերը նաև լրջորեն զբաղվել են երաժշտությամբ։

«Ուոլ սթրիթ ջորնալ» թերթը վկայում է, որ ԱՄՆ-ի երրորդ նախագահ, Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆերսոնը հենց ջութակի շնորհիվ է գերել իր ապագա կնոջը՝ Մարթա Սքելթոնին։ Բայց ինչո՞ւ հեռու գնանք. Բարաք Օբաման բազմիցս երգել է հենց Սպիտակ տանը կազմակերպված տարբեր միջոցառումների ժամանակ։ Իսկ Պրահայի կենտրոնում ինքս եմ տեսել այն ջազ ակումբը, որի մուտքի մոտ գրված էր. «Այստեղ սաքսոֆոն է նվագել Բիլ Քլինթոնը»։

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

​Բայց վերադառնանք Քանյե Ուեսթին։ Ո՞ր կուսակցությունից է պատրաստվում մասնակցել նախագահական ընտրություններին։

Համաձայնեք` շատ հետաքրքիր հարց է, որովհետև հաջողության հասնելու համար պիտի կա՛մ դեմոկրատ, կա՛մ հանրապետական լինես։ Սևամորթները ավանդաբար դեմոկրատներին են հարում, բայց Քանյե Ուեսթը ժամանակին իր աջակցությունն էր հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին։ Իսկ երկու օր առաջ Forbes հանդեսին տված ծավալուն հարցազրույցում Քանյե Ուեսթն ասել էր.

«Այ հենց հիմա հանում եմ այն գլխարկը, որի վրա գրված է Թրամփի կարգախոսը՝ «Մենք կրկին հզոր կդարձնենք Ամերիկան»»։

Վերլուծաբաննները, սակայն, համոզված են, որ եթե Քանյե Ուեսթի նախագահական հավակնությունները լուրջ են և նա իրոք մտնի ընտրապայքարի մեջ, շահողը հենց Դոնալդ Թրամփն է լինելու, որովհետև սևամորթ ռեփերը աֆրոամերիկացիների ձայները կխլի դեմոկրատների հիմնական թեկնածուից՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից։

Ի դեպ, Քանյե Ուեսթն արդեն դատապարտել է Բայդենի իրոք խիստ վիճահարույց արտահայտությունը՝ «Եթե սևամորթը չի քվեարկում դեմոկրատների օգտին, ուրեմն ինքն իսկական սևամորթ չէ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը շատ հանգիստ է արձագանքել նախագահ դառնալու` ռեփերի մտադրությանը.

«Թող փորձի էլի»,–ասել է Թրամփը։

​Ինչևէ՝ ռեփերը մտադիր է ստեղծել իր սեփական կուսակցությունը և անվանել այն The Birthday Party։ Երևի հասկանում եք, որ սա բառախաղ է, քանզի «փարթի» բառն անգլերենում նշանակում է թե՛ կուսակցություն, թե՛ երեկույթ։

Քայնե Ուեսթի բացատրությունը սա է.

«Եթե մենք հաղթենք, բոլոր ամերիկացիները կզգան, որ դա իրենց ծննդյան օրվա երեկույթի նման մի բան է»։

Համաձայնեք՝ մի քիչ տարօրինակ, բայց հաճելի բացատրություն է։

​Կարելի է ասել, որ ընդամենն այսքանն է հստակ։ Նույնիսկ պարզ չէ, թե ով է լինելու Ամերիկայի ապագա փոխնախագահը, քանզի ռեփերն ինչ-որ հոգևորականի անուն է տվել, որին լայն հասարակայնությունն ընդհանրապես չի ճանաչում։ Արտաքին և ներքին քաղաքականության մասին Քանյե Ուեսթը նույնպես շատ անորոշ կերպով է արտահայտվել, ասելով միայն, որ կհամագործակցի լավագույն մասնագետների հետ և կհրավիրի նրանց Սպիտակ տուն։

Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք

​Ինչ կարելի է ասել։ Պարզ է ընդամենը մի բան` եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը։

Չինաստանի մասին Քանյե Ուեսթն արդեն դրվատանքով է արտահայտվել, կարծիք հայտնելով, որ այդ երկիրը կորոնավիրուսի տարածման համար մեղավոր չէ և ավելացնելով. «Ես սիրում եմ Չինաստանը։ Չինաստանը փոխեց իմ կյանքը»։

Իսկ թե ինչու է Քանյե Ուեսթի նախագահ ընտրվելը շահեկան լինելու մեզ համար, կարծում եմ բացատրության կարիք չկա՝ բա աշխարհի ամենահզոր երկրի առաջին տիկինը մեր հայրենակցուհին է լինելու։

56
թեգերը:
Կարապի լիճ, ամուսին, Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ, Նախագահ, ԱՄՆ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»
Грусть

Ինչպես հայերը պատրաստվեն COVID-19–ի երկրորդ ալիքին. փորձառու մարդկանց խորհուրդներ

259
(Թարմացված է 00:45 10.07.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի, կարանտինի և ինքնամեկուսացման դժվարությունների մասին, ինչպես նաև ներկայացնում այն մարդկանց խորհուրդները, որոնք գիտեն` ինչպես է մարդը գոյատևում, երբ մնում է ինքն իր հետ։

Կորոնավիրուսի, այսպես կոչված, «երկրորդ ալիքը» կլինի՞, թե՞ բախտներս կժպտա։ Կարծես թե առաջին տարբերակն է լինելու։ Այդ մասին են վկայում բազմաթիվ վարակաբանները, փորձագետներն ու նույնիսկ հասարակ դիտորդները։ Ի՞նչ են ասում նրանք։

Լսում ենք. Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկո. «Կորոնավիրուսը կվերադառնա աշնանը»։

WMA բժիշկների համաշխարհային արհմիության նախկին ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Էյդելման. «Սուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային դրսևորմամբ սրված նոր տիպի կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի բռնկմանը պետք է սպասել նոյեմբեր–դեկտեմբերին»։

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիկտոր Զուև. «Երբ համավարակի անկում նկատվի, COVID-19–ի վարակիչ հատկությունը մի փոքր կնվազի, իսկ երկրորդ ալիքը կսկսվի հոկտեմբերից»։

Ստացվում է, որ թուլանալը դեռ վա՞ղ է։ Այո՛։ Այնտեղ, որտեղ շտապել են կարանտինը չեղարկել, կորոնավիրուսն արդեն վերադարձել է` չսպասելով աշնանը, և ստիպված են դարձյալ խիստ միջոցներ ձեռնարկել։ Նախկինից էլ խիստ։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Իտալական Վենետոյում (Վենետիկ) կորոնավիրուսով վարակված, սակայն ստացիոնար բուժումից հրաժարված բնակիչներին ազատազրկում է սպառնում։

COVID-19–ի հետ կապված իրավիճակի բարդացման պատճառով Սերբիայի նախագահը խոստանում է Բելգրադում պարետային ժամ սահմանել։ Այդ պատճառով բողոքի ակցիաները չեն դադարում։

Եվ այսպես շարունակ։ Ասածս ի՞նչ է։ «Կորոնայի» առաջին ալիքն ամբողջությամբ չմարելով` աշնանը կամ սպասվող ձմռան սկզբին կարող ենք հայտնվել երկրորդի հարվածի տակ, և այդ ժամանակ ինքնամեկուսացման կամ հարկադիր մեկուսացման խստացումներն ավելի սարսափելի պատկեր կստանան։ Խիստ կարանտինը կվերադառնա, և դա որևէ լավ բան չի խոստանում։

Այդ «պատժամիջոցը»՝ մեկուսացումը, ինչպես արդեն գիտենք, ամենաբարդն է մեզ համար․ բակերը, ընկերները, հարևանները, նարդին, սուրճը, մանղալը, գրկախառնություններ-համբույրները և խիստ հայկական «ջիգյարի» այլ արտահայտումները՝ ամեն բան գրողի ծոցն է գնում և վճռական հակասության մեջ է մտնում չորս պատերի մեջ փակված մնալու հեռանկարի հետ։ Դե, սովոր չենք, չենք կարողանում, չենք ցանկանում․․․

Իսկ այժմ՝ նրանց մասին, ովքեր կարողանում են, գիտեն և անգամ հաճույք են ստանում դրանից։ Օգտակար կլինի իմանալ հնարավոր տհաճություններից առաջ։

Աշխարհում բազմաթիվ մասնագիտություններ և սիրողական զբաղմունքներ կան, որոնք տևական ժամանակ հասարակությունից հեռու ապրելու ունակություն են ենթադրում՝ երկրաբաններ, տիեզերագնացներ, միայնակ ճանապարհորդներ, սուզանավերի նավաստիներ, էլ չասենք նրանց մասին, ովքեր նստած են ճաղերի հետևում։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Օրինակ` գործարար Վարդա Ա․-ն, որը տնտեսական հոդվածով անազատության մեջ էր հայտնվել։ Բանտախցում նստած է եղել գրեթե մեկ տարի, այն էլ` մենախցում։ Վարդան Ա․-ն չի հասկանում նրանց, ովքեր չեն կարողանում իրենք իրենց հետ մենակ մնալ․ միայնության մեջ ավելի լավ ես մտածում, ավելի արագ ես լուծումներ գտնում, կոնֆլիկտների ավելի քիչ առիթներ կան։ Թեև բանտը, իհարկե, քաղցր բան չէ, ավելին` առանձնանալու վատագույն վայրն է։

Կարող ես մենակության զգացողությունը «վայելել» ոչ միայն բանտախցում, այլև տիեզերքում։ Քանի որ մենք սեփական տիեզերագնացներ դեռ չունենք, հիշենք ռուս տիեզերագնացներին։ Տիեզերագնաց-փորձարկող Ալեքսանդր Միսուրկինի խոհերից․ «Փոքրիկ, փակ տարածքում երկար ժամանակ միևնույն մարդկանց հետ ծանր է ապրել, բայց պետք է հասկանալ, որ կայանի ներսում անվտանգ է, իսկ եթե դուրս գաս, կմեռնես, չէ՞ որ դրսում վակուում է»։

COVID-19-ի հետ համեմատությունը ակամա է ծնվում․ ինքնամեկուսացումը չարիք չէ, այլ բարիք, իսկ համաճարակաբանորեն ոչ բարենպաստ տարածություն դուրս գալը վտանգավոր է յուրաքանչյուրիս և մեր մտերիմների համար։ Տիեզերագնացը նաև նշում է, որ փակ տարածության մեջ շատ կարևոր են մարդկանց միջև հարգալից և փոխվստահելի հարաբերությունները։

Բնակարանի չորս պատերի մեջ երկար ժամանակ մենակ մնացած մարդկանց մասին․ այստեղ տեղին է հիշել հայտնի ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի խորհուրդները։ Առավելագույն ժամանակը, որ նա անցկացրել է ինքն իր հետ, 222 օր է՝ զբոսանավով շուրջերկրյա ճամփորդություն կատարելու ընթացքում, առանց նավահանգիստներ մտնելու և առանց բջջային հեռախոսների. 1990թ․-ին դրանք դեռ չկային։

Հայտնի ճանապարհորդը հաստատում է գործարար-բանտարկյալի կարծիքը․ «Մենակությունը շուրջդ դիտելու, ինքդ քո մեջ նայելու հնարավորություն է տալիս»։

Բայց նույն այդ Կոնյուխովը Esquire ամսագրին տված հարցազրույցում խոստովանում է․ «Գիտարշավների ժամանակ ձանձրանալու, տաղտուկին տրվելու ժամանակ չկա, պետք է աշխատես, դու ունես նպատակ, դրան հասնելու միջոցներ, հեռանկարները հստակ են և հասկանալի։ Այդ առումով, իհարկե, օվկիանոսում ավելի հեշտ է, քան Մոսկվայում ինքնամեկուսացման մեջ»։

Կոնյուխովը, իհարկե, չգիտի, որ Երևանում շատ ավելի դժվար է ինքնամեկուսացած լինել, փոխարենը մենք գիտենք։ Եվ երևի սկսում ենք գիտակցել, որ փորձությունների շրջանում ամենավատ բանը մենակությունը չէ․ ամենավատը ձեռքերը ծալած նստելն է։

Իսկ մինչ այդ կորոնավիրուսի երկրորդ ալիքը թափ է առնում։ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Լուգո գավառում, դրա պատճառով կրկին կարանտին են հայտարարել։ Լուգոն արդեն երկրորդ մարզն է Իսպանիայում, որտեղ կրկնակի կարանտին է։ Հուլիսի 4-ին նույնը տեղի ունեցավ ավելի քան 200 հազար բնակչություն ունեցող Սեգրիայում (կատալոնական Լյեյդա գավառ)։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին ալիքն անգամ դեռ չի ավարտվել։ Պատրաստվել է պետք։

259
թեգերը:
քաղբանտարկյալ, տիեզերագնաց, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը
Հայաստանի գավաթ

Ֆուտբոլային թրելլեր գավաթի եզրափակիչում. Հայաստանի գավաթակրի անունը հայտնի է

10
(Թարմացված է 22:15 10.07.2020)
Տասը գոլ, լարված պայքար, գերկամային որակներ,  հաղթելու մեծ ցանկություն։ Այս ամենի արդյունքում Հայաստանի գավաթակիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: «Նոա» - «Արարատ-Արմենիա» եզրափակիչը թերևս լավագույն խաղն էր հայկական թիմերի միջև 2019/20 մրցաշրջանում:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը։ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում գավաթակիր դարձավ «Նոան»։

Նշենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչում իրար արժանի մրցակիցներ էին խաղում` «Նոան» ու «Արարատ Արմենիան»: 

Հանդիպման մեկնարկից 29 րոպե անց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3:0 հաշվով,  բայց երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվեց վերջնական հաշիվը՝ 5:5:

11 մետրանոց հարվածաշարով հաղթեց ու Հայաստանի գավաթը նվաճեց «Նոան»։

Խաղի 8-րդ րոպեին Ուգուչուկվու Լուիս Օգանան, հնարավորությունն օգտագործելով,  առաջ մղեց «Արարատ-Արմենիային»: Բաց թողած գնդակը չի կարելի ասել, թե անմիջապես ընկճեց «Նոայի» ֆուտբոլիստներին:

Բայց Ալան Տատաևի ինքնագոլից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սկսեցին գործել շատ հանգիստ ու վստահ, և 29-րդ րոպեին Յուսուֆ Օդուբանջոն երրորդ անգամ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից:

Առաջին խաղակեսի ավարտից վեց րոպե առաջ Մաքսիմ Մայրովիչի գոլն ինչ– որ տեղ հույս տվեց «Նոայի» ֆուտբոլիստներին: Բայց հերթական սխալը պաշտպանությունում նորից վերականգնեց երեք գնդակի առավելությունը «Արարատ-Արմենիայի» օգտին. Ուգուչուկվու Լուիս Օգանան դաձավ դուբլի հեղինակ, իսկ չեմպիոնը հաղթում էր 4:1 հաշվով:

Ընդհանրապես եզրափակիչներում հիմնականում ոչ գոլառատ հանդիպումներ են լինում: Թիմերը զգույշ են գործում պաշտպանությունում, խուսափելով սեփական դարպասը գնդակ ընդունելուց, ու համարյա միշտ գործում են թիկունքն ապահովագրելով:

Ամենախոշոր հաշիվը ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություններում գրանցվել էր 1995 թվականին, երբ «Արարատը»  4:2 հաշվով պարտության մատնեց «Կոտայքին»: Դժվար էր սպասել, որ «Նոա» - «Արարատ-Արմենիա» մրցավեճում խոշոր հաշիվ կգրանցվի: Բայց մինչև ընդմիջում գրանցվեց դարպասի հինգ գրավում:

Արագ գոլը ֆուտբոլում հաճախ է խորը հետք թողնում հանդիպման վերջնական արդյունքի վրա: Հաջողության հասած թիմը ոգևորության ալիքի ներքո կարողանում է զարգացնել ձեռք բերածը, իսկ գնդակ բաց թողած թիմը չի կարողանում ուշքի գալ:

«Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում դաշտի տեր համարվող «Նոայի» ֆուտբոլիստներն ութերորդ րոպեին հայտնվելով հետապնդողի դերում, շատ արագ կարող էին պատասխան գնդակը խփել: Բայց դա անել չհաջողվեց, իսկ պաշտպանությունում հաճախակի ձախողումներն ու անփույթ խաղը «Նոային» եզրափակիչի ավարտից մեկ ժամ առաջ փաստի առջև կանգնեցրին:

Ճիշտ է, որոշակի ինտրիգ խաղի մեջ մտցրեց Մաքսիմ Մայրովիչի գոլը, որը հաշիվը դարձրեց 1:3, բայց այդ ինտրիգը շատ արագ մարեց:

Գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու Ուգուչուկվու Լուիս Օգանան խփեց իր ութերորդ գոլը՝ 1:4:

Բայց ամեն ինչ առջևում էր:

Շատերը մտածեցին, որ վերջ` «Արարատ-Արմենիան» կպահպանի երեք գնդակի առավելությունը, և այս խաղում հաղթողն արդեն վճռված է:

Սակայն «Նոան» գերկամային հատկանիշներ դրսևորելով` երկրորդ կեսի 21 րոպեների ընթացքում երեք գնդակ անցկացրեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Վլադիմիր Ազարովի (11մ), Միխայիլ Կովալենկոյի և Դանու Սպատարուի գոլերից հետո վերականգնվեց հաշվի հավասարակշռությունը՝ 4:4: Հիմնական ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց, չնայած հաղթանակին ավելի մոտ էր «Նոան»:

Իսկ լրացուցիչ ժամանակում «Նոան» արդեն ուներ թվային առավելություն, քանի որ 93-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտ սստացավ Ալֆոնսե Կոջոն:

Լրացուցիչ ժամանակում էլ կողմերը մեկական գնդակ փոխանակեցին: Ու երբ Վլադիմիր Ազարովի իրացրած երկրորդ 11 մետրանոցից հետո թվաց, որ հաղթելու է «Նոան», Յուսուֆ Օտուբանջոն նորից խփեց պատասխան գնդակը՝ 5:5: Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դարձավ «Նոան»:

Չորս օրից՝ հուլիսի 14-ին, «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում որոշվելու է Հայաստանի չեմպիոնը:

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» իր տիտղոսը պաշտպանելու համար այդ խաղում բավարարում է ոչ-ոքի հաշիվը:

10