«Մոսկվա» կինոթատրոն

Մարտեր առանց կանոնների «Մոսկվա» կ/թ–ի տոմսի համար, կամ Երևանի «սրտի» պատմությունը

185
(Թարմացված է 00:35 13.08.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Երևանի սրտում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը միշտ նշանակալի է եղել, համենայն դեպս այն տարիներին, որոնց մասին քիչ թե շատ ինֆորմացիա կա։ Երբ Երևանը սկսել են լրջորեն և պլանով կառուցապատել, մայրաքաղաքում գերիշխել են երկու թաղամասեր` Կոնդը և Շհարը, և այդ վայրը հենց վերջինի կենտրոնն էր։

Բոլոր ճանապարհները, որոնցով մենք` դպրոցականներս, փախչում էինք դասերից կամ մաքուր խղճով զբոսնում կիրակի օրերին, տանում էին դեպի «Մոսկվա» կինոթատրոն։ Թեպետ հետագայում առաջացել են այլ հետաքրքրություններ և կածաններ, բայց անշլագային սեանսի գնվածից հետո առաջացած հաղթանակի զգացողությունն ընդմիշտ մնացել է, իսկ ոտքերդ, միևնույն է, բերում էին այստեղ, ուր էլ որ գնայիր։

Прохожие у кинотеатра Москва
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մոսկվա» կինոթատրոն

Կինոթատրոնի տակի խանութում վաճառում էին քաղաքի ամենահամեղ հացը, իսկ «Բելոչկա» սրճարանում` ամենահամեղ թխվածքը և տաք կակաոն, որի մեջ կաթը քչություն չէր անում, իսկ այդ ամենը կարելի էր ուտել «Մուրենա» գիշատիչ անվանումով ահռելի շոկոլադե կոնֆետով, որը բուլղարական կամ չեխական էր։ Հետո փոքրերը ծնողների հետ գնում էին Կարապի լիճ, իսկ ինքնուրույն դպրոց գնացողները` կինոթատրոնի դրամարկղ։

Кинотеатр Москва. Золотой абрикос
© Sputnik / Arpi Beglaryan
«Մոսկվա» կինոթատրոն

Ասել, որ այստեղ ցուցադրվող անշլագային ֆիլմերի համար հերթեր էին գոյանում, նշանակում է ոչինչ չասել։ Դրանք հերթեր չէին, այլ մարտեր առանց կանոնների, և տեղի հավաքարարները տասնամյակների ընթացքում դրամարկղերի մոտից, հավանաբար, հանել են պոկված կոճակների հարյուրավոր կիլոգրամներ։
Հետո անկառավարելի հայկական հերթն ինչ-որ կերպ կանոնավորելու համար յուրաքանչյուր դրամարկղի պատուհանի մոտ տանող ճանապարհն առանձնացվեց հաստ մետաղական խողովակով, իսկ այդ հատվածում տեղավորվում էր միջին քաշի մեկ մարդ։ Դրանից հետո էլ բժիշկների գործն էր ավելացել. շատ կողոսկրեր են կոտրվել այդ երկաթների վրա հրմշտոցների մեջ։

Летний кинотеатр Москва в городе Ереване.
© Sputnik / A.Hekekyan
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ

Դա, բնականաբար, նույնպես չէր օգնում, քանզի միջին վիճակագրական հայը, որը տենչում է հաղորդակից լինել համաշխարհային և հայրենական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներին` դժվարին պայմաններում բացահայտում էր բազմության վրա ճախրելու ընդունակությունը, իսկ տոմս գնելն արդեն մանրուք է։ Նման եղանակով հայթայթված «ավելորդ տոմսերը» հետո իրացվում էին նույն դրամարկղի մուտքի մոտ, բայց բավական բարձր գնով։ Իսկ նրանք, ովքեր այդպես էլ չէին կարողանում ճախրել, մի շաբաթ սպասում էին, մինչև իրարանցումն անցնի, տոմսեր էին գնում դրամարկղի ձանձրացող աշխատողներից և ֆիլմը դիտում կիսադատարկ դահլիճում։

Մարգարյան հիվանդանոցը կառավարության ժամանակավոր կացարանը պիտի լիներ. ծննդատան պատմությունը

Բայց այս բոլոր պատմությունները տեղի են ունեցել 1936թ–ից հետո, երբ «Մոսկվա» կինոթատրոնը` Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի ստեղծագործական մտքի արգասիքը, կառուցվել է այստեղ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու վայրում։ Քաղաքը կառուցած ճարտարապետները երկար են ընդդիմացել եկեղեցին քանդելուն, բայց կարողացել են ընդամենը հետաձգել այն։ Քանդվել են մի քանի որմնանկարներ և երկաթյա դուռը, որը մի ժամանակ եղել է Բայազետ ամրոցում։
Ավելի վաղ նման ճակատագրի է արժանացել պարսկական մզկիթը` ներկա Նկարիչների միության տեղում և դիմացը գտնվող ռուսական եկեղեցին, գրեթե նույն տեղում, որտեղ այսօր կանգնած է Ռուսական դրամատիկական թատրոնի շենքը։ Դա քաղաքի` պատմության գիրկն անցած խորհրդանիշներից է. հայկական, ռուսական եկեղեցիների և մզկիթի սերտ հարևանություն մի վայրում։

Здание русского драмтеатра имени Станиславского в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Ռուսական դրամատիկական թատրոնը Երևանում

Պողոս Պետրոս եկեղեցին չի հաջողվել քանդել մեկ պայթյուններով, երկրորդն էլ վերջնականապես հողին չի հավասարեցնել այն. մնացել է գմբեթը` կրող կոնստրուկցիաներով և խաչով։ Պատմում են, որ պայթյունի աշխատանքները ղեկավարող աշխղեկը ցանկացել է բարձրանալ և գցել խաչը։ Դա նրան հաջողվել է, բայց սայթաքել է և ընկել խաչի հետևից։ Միգուցե լեգենդ է, միգուցե` իրականություն։
Հատուկ դեպք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը` ավանգարդիստական լուծում, որն անհասկանալիորեն թույլ են տվել իրագործել այդ տարիներին։ Ամենայն հավանականությամբ, այստեղ դեր է խաղացել խնդրի անհավանական բարդությունը. դահլիճը խցկել շենքերի երկու ճակատների, Թումանյան փողոցի մայթի սահմանափակ տարածության և ներքին բակի միջև։

Фотография гостиницы Ереван 1930-ых годов в здании мэрии Еревана
© Sputnik / Mikhail Chernyakhovsky
«Երևան» հյուրանոց. 1930–ականներ

Մեր օրերին Ամառային կինոդահլիճը պատրաստվում էին քանդել, բայց հասարակությունը թույլ չտվեց։ Պաշտոնական վարկածով` այդ վայրում պատրաստվել են վերականգնել եկեղեցին, սակայն, ամենայն հավանականությամբ, եթե քանդեին, փոխարենը կկառուցեին հերթական հյուրանոցը` հանրային սննդի կետով։
Կասեք, որ տեղը փոքր է հյուրանոցի համար. դե դա կլիներ փոքր հյուրանոց, լվացքի մեքենային շատ տեղ պետք չէ։


«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված առաջին ֆիլմը եղել է Համո Բեկնազարյանի «Պեպոն»։ Այն դիտել ցանկացողները շատ են եղել, ավելին` մարդիկ ֆիլմին զուգահեռ երգել են, իսկ օժտված երաժիշտներն իրենց հետ երաժշտական գործիքներ են բերել, օրինակ, դուդուկ։
1926թ–ին կառուցվել է «Ինտուրիստ» հյուրանոցը (հետագայում` «Երևան», այսօր` «Գոլդեն Թուլիփ»), իսկ երեք տարի անց հարվածային տեմպերով սկսել են կառուցել շինարարների ակումբ, որը հետո տրամադրվել է Ռուսական դրամատիկական թատրոնին։

Այդ կոնստրուկտիվիստական շինությունը եղել է Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի և Գևորգ Քոչարի մտահղացումը։ Նախագիծը կոշտ քննադատության է ենթարկվել, բայց արմատական միջոցներ չեն ձեռնարկել, և ճարտարապետների գաղափարը կյանքի է կոչվել։
«Ինտուրիստ» հյուրանոցի անկրկնելի տեսքը ծնվել է Նիկոլ Բունիաթյանի երևակայությամբ։ Ճարտարապետը չէր կարող ենթադրել, որ շենքը կուլտային կդառնա ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաև այն իրադարձությունների շնորհիվ, որոնք պետք է տեղի ունենային այստեղ։ Այստեղ բավական երկար ապրել է Չարենցը, մինչև Աղասի Խանջյանը բնակարան չի հայթայթել նրա համար, այստեղ են ձերբակալել Գուրգեն Մահարուն...

Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին

Ավելի ուշ հյուրանոցի ռեստորանին կից ամենահայտնի սրճարանում տարվա տաք եղանակին նստած է եղել երևանյան ամբողջ բոհեմը, և եթե ինչ-որ մեկը ցանկանում էր տեսնել Ֆրունզիկ Մկրտչյանին, ապա կարող էր գալ այստեղ։

Կամ Կոստան Զարյանը։ Սակայն, ինչպես ասում են հնաբնակները, գրողը` Երևանի միակ մարդը, որը թիթեռնիկով կոստյումով էր դուրս գալիս, մշտական այցելու չի եղել։ Իսկ ահա Լևոն Ներսիսյանը բամբ ձայնով սրտանց ողջունում էր այստեղ մտնող մարդկանց։

185
թեգերը:
Թատրոն, Հյուրանոց, կինո, «Մոսկվա» կինոթատրոն, Երևան