Սառնաղբյուր

«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

18649
(Թարմացված է 14:29 28.12.2019)
Sputnik Արմենիայի ընթերցողները Ռուբեն Գյուլմիսարյանի մտովի ուղեկիցը դառնալու հրաշալի հնարավորություն ունեն: Մեր սյունակագիրը գեղարվեստական ճանապարհորդություն է կատարել՝ հիանալով դարավոր ու հազարամյա հնություններով, հարուստ պատմության բացօթյա վկայագրերով:

Ոչ շատ գունավառ, բայց մաքուր օդով առատ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բյուրեղյա մաքրության աղբյուրներ ու վսեմաշուք վանքեր կան։ Բուն քաղաքում բոլոր ճանապարհները տանում են դեպի շատրվաններով մինի-հրապարակի օղակապտույտ, որին սովորաբար «կալցևոյ» ենք ասում։ Այդտեղից որ կողմ էլ գնաս, քեզ հրաշք է սպասում` Հառիճավանք, Լմբատավանք կամ Սառնաղբյուր։

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Սառնաղբյուրի տարածք

Կարելի է երեք անգամ պտտվել ճանապարհային օղակով, մինչև կողմնորոշվես, թե Արթիկի դեպի որ ծայրամասն է պետք շարժվել, որպեսզի հայտնվես Լմբատավանքի մոտ: Դեռ անհիշելի ժամանակներից Արթիկի տեղում բնակավայրեր եղել են, բայց որպես քաղաք այն հայտնի է դարձել (ու, ասենք, հենց քաղաք է դարձել) խորհրդային տարիներին. հռչակավոր տուֆն այստեղ էին արդյունահանում։

Տուֆի քարհանքերն այստեղ բնապատկերի սովորական մի մասն են. կան արդեն շահագործված, լքված հանքեր, բայց նաև այնպիսիք, որտեղ հիմա էլ աշխատանքը եռում է:  Հայերի համար անփոխարինելի շինարարական քարի արդյունահանումը լուրջ ծավալներով է իրականացվում։ Թերևս, միայն արդյունահանման մասշտաբներն են «կծկվել»՝ ԽՍՀՄ-ի ու Հայաստանի չափերին համապատասխան։ 

Լմբատավանք։ Վանքն այս կառուցված է փոքր բլրի վրա, քաղաքի ծայրամասում, ուր արդեն սկսում են հասնել նորակառույց բազմաբնակարան շենքերի ու առանձնատների ճյուղավորումները: Դա լավ է: Հույս է տալիս, որ դեպի վանք տանող ճանապարհն էլ շուտով մարդավայել տեսք կստանա։ Դատելով նորակառույց առանձնատների ճոխությունից` դրանք շուտով կարող են պարսպով առանձնացված գյուղատեղ դառնալ։

Լմբատավանքի վանական համալիրի մեջ մտնող Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է VI-VII դարերում, բնականաբար, տեղական կարմրանարնջագույն տուֆից։ Այն փոքր է`գմբեթը պահող ութանկյուն աշտարակով։ Պատմամշակութային հուշարձանի գլխավոր հարստությունը պատերին պահպանված միջնադարյան որմնանկարների դրվագներն են, որոցում պատկերված են Քրիստոսն ու Սուրբ Ստեփանոսը և Սուրբ Գևորգը։ Բոլորովին վերջերս` մի երկու տարի առաջ, դարավոր որմնանկարները վերականգնել են իտալիացի վարպետները:

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Լմբատավանք

Իսկ դրանից շատ ավելի վաղ՝ 1950-ականներին, այստեղ պեղումներ էին իրականցվում։ Գլխավոր գտածոները խաչքարերն էին, ու այն ժամանակ, հընթացս, գմբեթն էլ վերականգնեցին` 10-րդ դարից հետո առաջին անգամ։ Իսկ հազարամյակ առաջվա իրականացված այդ վերականգնման մասին վկայում են եկեղեցու պատերի հին գրությունները։ Ու գերեզմանատունը, իհարկե, այստեղի ամենահին գերեզմանները հենց VII դարի են։ Տապանաքարերի գրությունները, խաչերն ու զարդանախշերն արդեն ջնջվել են։

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Լմբատավանք

Լմբատավանքի տեսքով կարելի է հիանալ նաև կողքից՝  տաղավար-զրուցարանից, որ ստեղծվել է հատուկ այդ նպատակով այս տափաստանում տնկված ծառերի ներքո` հիշեցնելով առասպելն այն մասին, թե ինչ անախորժությունների բախվեցին ութ դար առաջ այստեղ ներթափանցած թուրք-մոնղոլները։ 

Բանն այն է, որ Լմբատավանքն, ի տարբերություն հայկական շատ այլ եկեղեցիների, պաշտպանված չէ ո՛չ խորը ձորերով, ո՛չ բարձր լեռներով: Այս վանքին դժվար չէ մոտենալ, իսկ օտար նվաճողների համար նաև՝ դժվար չէ թալանել...  Դե, ուրիշ էլ ինչի էին ընդունակ մոնղոլ-թաթարական հորդաները...

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Լմբատավանք

Թուրք փաշային նախապես զգուշացրել էին, որ Լմբատավանքին ավելի լավ է չդիպչել, այն վերին ուժերի պահպանության ներքո է գտնվում։ Բայց փաշան չէր լսել ու որոշել էր գրոհել։ Սակայն չէր հասցրել, ոտքերը թուլացել էին։ Թուրքերը սարսափահար փախել են`իրենց հետ տանելով հաշմանդամ փաշային, ու իրենց համակած վախից ճանապարհին ոչ մի գյուղի կամ վանքի մատով չեն դիպչել:

Լմբատավանքից ուղղվում ենք դեպի քիչ հեռու գտնվող սառնորակ աղբյուրը, որ համանուն Սառնաղբյուր գյուղում է: Առեղծվածային աղբյուրը բխում է գյուղի ծայրամասում գտնվող ժայռափոր քարանձավից:  Իսկ արդեն քարանձավը երկու մասից է բաղկացած. առաջինն աղոթարանն է, որտեղ մոմ են վառում ու ժապավեններ են կապում։ Քարայրի այդ սրահով կարելի է թափանցել քարանձավի երկրորդ՝ «ջրային» սրահը, որտեղից աղբյուրն է բխում։ Մաքրամաքուր ու սառնորակ ջուր։ Ըստ ավանդության` այն բուժիչ է, դրա համար այստեղ ամբողջ Հայաստանից գալիս են ՝ «ջրաբուժվելու»։ 

Ըստ ավանդության՝ ինչ-որ ժամանակ այդ անձավում է ապաստանել Գրիգոր Լուսավորիչը, և այդ մասին է վկայում է մուտքի մոտ փակցված ցուցանակը։ Այս աղբյուրի ջուրը նրան ուժ է տվել: Բայց այստեղ դիմանալու համար տաք հագուստ էլ է հարկավոր։

Աղբյուրի մոտ հավերժ թաց քարեր կան։ Քարանձավի այդ հատվածը ոչնչով պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից, բայց այս անձավում ջերմաստիճանը մոտ +10 է՝ Ցելսիուսի սանդղակով: Ըստ որում, այդ + 10 աստիճանը պահպանվում է և՛ ամռանը, և՛ ձմռանը: Նախանձելի կայուն միկրոկլիմա է:

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Սառնաղբյուր

Ահա այսպիսի եղանակային անոմալիա, ու թող ֆիզիկոսներն ու օդերևութաբանները դա բացատրեն, քանի որ անձավը ժայռի խորքում չէ, այն բառացիորեն դուրս է նայում։ Ձեռքդ հանում ես քարանձավի «պատուհանից» ու զգում ջերմաստիճանների տարբերությունը, իսկ նույն պահին, ներսում գոլորշու տեսքով երևում է արտաշնչումս, ինչպես ձմռանը կամ ուշ աշնանը։ 

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Սառնաղբյուր

Օգոստոսյան այդ օրը ջուրը շատ-շատ էր. և՛ բուժիչ, և՛ աղբյուրի, և՛ երկնային՝ անձրևային։ Թեպետ... նայած ինչն անձրև համարես, քանի որ մեզ հանդիպածը ջրե պատ էր կամ ջրաշիթերի պարսպաշար, որը հանկարծակի հորդաց երկնքից՝ հողին գամելով տուֆի ամենուր տարածված փոշին, առատորեն լցվելով փոքր ջրամբարն ու Արթիկի փողոցները վերածելով ջրառատ գետերի։

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Սառնաղբյուր

Ստիպված էինք սպասել։ Բայց մենք բնությունից խռով չենք, հակառակը՝ օրհնված տեղատարափը հաճելի էր, մանավանդ գրեթե մեկ ամիս կաթիլ իսկ չտեսած երևանյան տապից հետո: Համ էլ հասկացանք, թե ինչու է մայրաքաղաքում այդքան չոր, որովհետև բոլոր անձրևները Շիրակում են գալիս, մինչև վերջին կաթիլը:

Территория родника Сарнахбюр
© Sputnik / Aram Nersesyan
Սառնաղբյուր
18649
թեգերը:
Շիրակի մարզ, Վանք, Եկեղեցի, Լմբատավանք, Սառնաղբյուր, Արթիկ
Խաչատուր Սուքիասյան. արխիվային լուսանկար

Ինչու են օլիգարխներն էլի ուզում ԱԺ մտնել, կամ հարուստներ և հայտնիներ ԱՄՆ-ի սենատում էլ կան

292
(Թարմացված է 10:19 15.05.2021)
Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր նախընտրական ցուցակում հայտնի գործարարների ընդգրկել: Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է՝ ինչի է գործարարին պատգամավորի մանդատ պետք, արդյոք նրանք կարող են երկրին օգուտ տալ։

Հանուն ինչի՞ են միլիոնատերերը խորհրդարան մտնում։ Հարցվածների վարկածները մի քանիսն են՝ երաշխավորել դրամապանակում ունեցածի ապահովությունը, օգտագործել քաղաքական լծակները՝ դրամապանակում եղածը մեծացնելու համար, օգտագործել պատգամավորական անձեռնմխելիությունը հնարավոր քրեական հետապնդումների դեպքում, բավարարել անձնական հավակնությունները:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ոչ ոք չասաց, թե  հարուստները խորհրդարան են մտնում, որպեսզի զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, ներկայացնեն իրենց ընտրողների ու ընդհանրապես հասարակության շահերը։

Նույն մարդկանց հարցրի՝ իսկ իշխանությանը ինչի՞ն է պետք միլիոնատերերի ներկայությունը խորհրդարանում։ Պատասխանողներն ինձ ուղղեցին՝ ոչ միայն միլիոնատերերի, այլև հայտնի մարդկանց (երգիչներ, արտիստներ, մարզիկներ)։

Օլիգարխների դեպքում կարևոր է ֆինանսական ռեսուրսը։ Իսկ դերասանները, մարզիկները, երգիչներն իրենց թիկունքում հարյուր հազարավոր երկրպագուներ ունեն, այդ ձայները պետք են այն կուսակցությանը, որի ցուցակում հայտնվել է շատերի կուռքը։

Վերջին լուրերից․«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է որոշ գործարարների ընդգրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակում։

Միանգամից մտքովս անցնում են Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի անունները․նրանց դասում են Փաշինյանի ընտանիքի մտերիմների շարքում։

Երկուսն էլ արդեն ԱԺ-ում եղել են, բայց դժվար է ասել, թե աչքի են ընկել նախաձեռնություններով և արդյունավետ աշխատանքով։

Երկրորդ անգամ նույն գետը մտնելով (եթե ԶԼՄ-ները չեն սխալվում)՝ «հայկական Ֆորբսի» ցուցակի մարդիկ, իհարկե, կարող են իրենց որպես խորհրդարանականներ ավելի համոզիչ, վառ դրսևորել։ Բայց կա մի «բայց». իրեն բիզնեսին նվիրած մարդը հազիվ թե կարողանա նույն հաջողությամբ իրեն նվիրել պատգամավորական աշխատանքին։ Իսկ գումար վաստակելն այդ կարգի գործարարների համար ամեն դեպքում ավելի կարևոր է, քան օրենքներ կազմելը։ Դա հավասարապես վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության այլ ոլորտներին։

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

Օրինակ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը իրենց լավ էին դրսևորում մարտի դաշտում, բայց ոչ ԱԺ պատգամավորի դերում։ Մի դեպքում զբաղվում էին իրենց գործով, մյուս դեպքում՝ պատվավոր «պարտականություն» էին կատարում։

Սա խորհրդային տարիներից պահպանված ավանդույթ է. ականավոր մարզիկ Յուրի Վարդանյանին ժամանակին ընտրել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, որից հետո որպես դեսպան Վրաստան էին ուղարկել: Եվրոպայի հնգակի, աշխարհի յոթնակի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիրը քաղաքականության մեջ ոչ մի «քաշ» չբարձրացրեց, բայց մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ականավոր մարզիկ։ Մի՞թե դա քիչ է։

Իսկ ահա Դոնալդ Թրամփը՝ հաջողակ գործարար, մագնատ, միլիարդատեր։ Ուզեց նախագահ դառնալ, դարձավ։ Քարոզարշավի համար իր փողերը բավական էին, գերտերության կառավարման հմտությունների և միջազգային գործերում հաջողությունների մասին կլռենք։ Հեռացավ՝ երկիրը հասցնելով այն վիճակին, որ մոլեգնող ամբոխը փորձեց գրավել Կապիտոլիումի շենքը։ Այդ երկրում նման բան նրան դեռ չէր եղել։

Ասում են, եթե մարդը բիզնեսի մեջ ակնառու հաջողությունների է հասնում, ուրեմն խելացի է, փորձառու, խորաթափանց։ Պարզվեց`եթե մարդ մի գործում խելացի, փորձառու և խորաթափանց է, պարտադիր չէ, որ նա նույն հատկությունները դրսևորի  նաև պետական գործերում։

Մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդհանուր թվով 268 անդամ ավելի քան մեկ միլիոն դոլարի ակտիվներ ունեն։ Յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներ ունի:

«Մեր քաղաքացիների՝ Վաշինգտոնում իրենց շահերի պաշտպանությունն ունևոր մարդկանց վստահելու հակվածությունն անփոփոխ է։ Ֆինանսական բարեկեցությունը նաև անհրաժեշտ պայման է նախընտրական քարոզարշավներ վարելու համար»,-ասել է Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տնօրեն Շեյլա Կրումհոլցը «Ֆրանս Պրես» գործակալությանը:

Հարկ է նաև նշել, որ մի կողմից ամերիկացիների եկամուտների ընդհանուր աճի, մյուս կողմից գնաճային գործընթացների ֆոնին մեր օրերում միլիոն դոլարն այնքան էլ պատկառելի գումար չէ, որքան Մորգանի և Ռոքֆելերի ժամանակներում:

Մեզ մոտ լրիվ այլ է։ Հայաստանում պատգամավորի հաշվին մեկ միլիոն դոլարի առկայությունն անմիջապես լուրջ հարց է առաջացնում՝ որտեղի՞ց։ Եթե կուտակել է պատգամավոր դառնալուց առաջ, ապա հասկանալի է, իսկ եթե եկել է դատարկ գրպանով, ու կապիտալն աճում է, ապա հանուն ինչի՞ է եկել։

Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացահայտեցին ընտրողների վստահությունը վայելող մի քանի տասնյակ կայացած գործիչների՝ իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների, որոնց ներկայությունը Ազգային ժողովում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ։ Եթե նրանք զբաղեցնեն իրենց տեղերը, «հանուն ինչի՞ են եկել» հարցը ինքնաբերաբար կվերանա։ Եկել են երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, արժանապատվության զգացումը վերադարձնելու և այնպես անելու, որ բոլորը ենթարկվեն երկրի օրենքներին։ Ու որ «որտեղի՞ց է նրանց բանկային հաշվին առկա գումարը»  հարցը չառաջանա։ Եվ ահա այդ դեպքում ազնվորեն վաստակած գումարն ու իշխանության գալը հակոտնյա չեն լինի։

292
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Պատգամավոր, ԱՄՆ, օլիգարխ, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է
Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն
Իսրայելի վարչապետը որդու հետ

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

1090
Թել Ավիվը կրկին փորձում է Հայոց ցեղասպանության թեման օգտագործել որպես Թուրքիայի կառավարության վրա քաղաքական ճնշման գործիք։ Թուրքիան պաղեստինցիների հետ առճակատման հարցում հակադրվում է Իսրայելին։

Այս անգամ հայկական խաղաքարտը որոշել են շահարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու` Յաիրի ձեռքով։ Նրան հանձնարարել են ակնարկել այն, ինչը վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս։

Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարել է պաղեստինցիներին` իսրայելցիների գլխին թափելով հնարավոր բոլոր կշտամբանքները։

Թուրք–իսրայելական դիմակայությունը դեռ շարունակվում է փոխադարձ վիրավորանքների մակարդակով։ Հարցը չի սահմանափակվել միայն արտգործնախարարությունների հայտարարություններով, ներգրավվել են նաև ոչ ավանդական նյուսմեյքերները։

Երեկ խոսեց Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն։ Բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ` նա հասկացրեց, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Դուք Անատոլիայում չեք ծնվել։ Դուք եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն իրականացրել տեղի քրիստոնյա բնակչության նկատմամբ։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը։ Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որը կրկին ուզում է օկուպացնել և հալածել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության տարիներին», – հայտարարեց Յաիրը` դիմելով թուրքերին։

Ի՞նչ է նշանակում Իսրայելի ղեկավարի որդու ասածը։ Արդյոք պե՞տք է նրա գնահատականները ընկալել որպես մասնավոր անձի կարծիք, թե՞ դա այնուամենայնիվ որոշակի ազդանշան է, որը վկայում է Թուրքիայի դեմ Իսրայելի պայքարի մեթոդաբանության հնարավոր վերանայման մասին։

Յաիր Նեթանյահուն իր հոր ղեկավարած վարչակազմում որևէ պաշտոն չունի, բայց Իսրայելի քաղաքական դաշտում նա ամենևին էլ վերջին խաղացողը չէ։ Պետության ղեկավարը որդու շուրթերով շատ հաճախ է այնպիսի ուղերձներ հնչեցնում, որոնք ցանկանում է հասցնել այս կամ այն գործիչներին կամ երկրներին։ Կրտսեր Նեթանյահուի թվիթերյան շեշտադրումները սովորաբար ամենևին էլ պատահական չեն լինում և քողարկված ուղերձներ են պարունակում։ Նման միջնորդավորված ազդանշանների առավելությունն այն է, որ միշտ կարելի է հայտարարել, թե ղեկավարի ընտանիքի անդամի գնահատականը կառավարության պաշտոնական տեսակետը չէ։ Վարչապետի վարչակազմն արդեն բազմաթիվ անգամ է դիմել նման հնարքի։

Դա հաշվի առնելով` տեղին է ենթադրել, որ Յաիր Նեթանյահուի միկրոբլոգի տեքստը գրել է իրականում ոչ թե անձամբ ինքը, այլ վարչապետի խորհրդականներից մեկը։ Ամեն դեպքում կարելի է չկասկածել, որ այդ նախաձեռնությունն առնվազն համաձայնեցված է քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ։ Հետևաբար Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը պետք է ընկալել որպես Իսրայելի ղեկավարի կողմից Էրդողանին հասցեագրված ազդանշան։

Նկատենք` կրտսեր Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ հիշում է Ցեղասպանության մասին։ 2018 թվականի մայիսին ի պատասխան Էրդողանի այն հայտարարություններին, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն է», Յաիրը Facebook–ում գրել էր. «Թուրքիա, դու ես պատասխանատու Հայոց ցեղասպանության և հույների ու քրդերի նկատմամբ իրագործած աներևակայելի վայրագությունների համար։ Թուրքեր, դուք եք ապօրինաբար գրավել քրիստոնյա ժողովուրդների հողերը Փոքր Ասիայում: Այնպես որ, ձայնդ կտրի՛ր...»։

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

Վարչապետի որդին նույն թեմային է վերադարձել 2019 թվականի մարտին։ Այն ժամանակ Յաիրը, արձագանքելով իր հոր հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններին, Twitter–ում գրել էր. «Ուզում եմ հիշեցնել Էրդողանին, որ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս անվանումով քաղաքն է։ Նախքան թուրքական օկուպացիան այն ավելի քան հազար տարի քրիստոնեության կենտրոնն է եղել։ Ես նրան հիշեցնում եմ նաև թուրքերի կողմից հույների, ասորիների և հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության մասին։ Նրանք Փոքր Ասիայում քրիստոնյաների էթնիկ զտումներ են իրականացրել...»։

Էրդողանը դրան բավական նյարդային էր արձագանքել։ Նա կրտսեր Նեթանյահուին անվանել էր «ծայրահեղ թուրքատյաց» և համեմատել նրան նորզելանդական սերիական մարդասպան Բրենթոն Տարանտի հետ, որը Քրայսչերչ քաղաքում 50 մուսուլման էր սպանել։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը պահանջել էր, որ Իսրայելի վարչապետը «քաշի իր որդու ականջները»` սպառնալով, որ հակառակ դեպքում անձամբ կանի դա։ «Եթե սահմանն անցնեք, մենք կդիմենք արդյունավետ դաստիարակչական մեթոդների և ձեզ արժանի դաս կտանք», – հայտարարել էր Էրդողանը։

Ավագ Նեթանյահուն նույնպես մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում հիշել է հայերի նկատմամբ երիտթուրքական ռեժիմի հրեշավոր հանցագործությունների մասին, սակայն, ի տարբերություն որդու, նա խուսափել է «ցեղասպանություն» բառից։ Վերջին անգամ Իսրայելի վարչապետը 1915 թվականի իրադարձությունները հիշատակել է 2019 թվականի սեպտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳԱ 74-րդ նստաշրջանում, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները համեմատել էր հիտլերյան նացիստների մեթոդների հետ։

«Գազայի լողափերում խաղացող երեխաներին ռմբակոծելը նույնքան լուրջ հանցագործություն է մարդկության դեմ, ինչպես Հոլոքոստը», – հայտարարել էր այն ժամանակ Թուրքիայի նախագահը։ Ի պատասխան Բենիամին Նեթանյահուն նրան ուղղված կարճ տեսաուղերձ էր ձայնագրել և նշել, որ նա, ով քրդերի է սպանում և հերքում հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, Իսրայելին դաս տալու իրավունք չունի։

Իսրայելի առաջնորդները հայերի կոտորածի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ Թուրքիային վախեցնելու կարիք են ունենում։ Իսկ անձամբ իրենք մինչ օրս որևէ գործուն քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործության ճանաչման և դատապարտման համար։ ՀՀ ԱԳՆ–ն մեկ անգամ արդեն արձագանքել է Երուսաղեմի ղեկավարների կողմից ցեղասպանության թեման որպես վախեցնելու գործիք օգտագործելու փորձերին։

907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը

Երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել էր. «Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»։ Պաշտոնական ԱԳՆ–ն հասկացրել էր, որ Իսրայելի քաղաքական գործիչների շուրթերից հնչող մեղադրանքները ավելի տեղին կլինեին, եթե Իսրայելն անձամբ ճանաչեր և դատապարտեր երիտթուրքերի իրագործած ցեղասպանության փաստը։

Համաշխարհային մամուլը նույնպես բազմաթիվ անգամ անդրադարձել է Բենիամին Նեթանյահուի անհետևողականությանը։ 2019 թվականի սեպտեմբերին Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքը «Անհարմար է. Նեթանյահուն կշտամբում է Էրդողանին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, որը Իսրայելը ևս չի ճանաչել» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

«Մեղադրանքն ավելի անկեղծ կլիներ, եթե Նեթանյահուն անցած տարի անձամբ չարգելափակեր Քնեսեթի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձը», – ասվում է հոդվածում։

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի տապալման հարցում Բենիամին Նեթանյահուի դերը իսկապես վճռական էր։ Հենց վարչապետի վարչակազմի ճնշման տակ խորհրդարանի քարտուղարությունը համաձայնեց չեղարկել Ցեղասպանության ճանաչման հարցով 2018 թվականի հունիսի 26-ին նախանշված քվեարկությունը։ Եթե քվեարկությունը կայանար, պատգամավոր Իցիկ Շմուլիի ներկայացրած բանաձևը անկասկած կընդունվեր, քանի որ նախօրեին դրան աջակցել էր ավելի քան 50 խորհրդարանական։

Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է բնութագրել այն քաղաքական գործչին, որը մյուսներին մեղադրում է մի բանը մերժելու համար, ինչը ինքն անձամբ չի ճանաչում և թույլ չի տալիս, որ ճանաչեն։ Բոլորից լավ այդ հարցին պատասխանել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի հեղինակ Իցիկ Շմուլին։

«Քվեարկությունը տապալելով` Նեթանյահուն համերաշխություն հայտնեց Էրդողանին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հարցում», – հայտարարել է նա։

Դժվար է չհամաձայնել պատգամավորի հետ։

Գործող վարչապետի նախկին հավատարիմ համախոհ, աշխատանքի նախկին նախարար Նաթան Շչարանսկին մի քանի տարի առաջ ինձ տված հարցազրույցում խորին համոզմունք հայտնեց, որ Նեթանյահուն առանց վարանելու, պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, եթե դա անեն Միացյալ Նահանգների ղեկավարները։

Վաշինգտոնն այդ հարցում հետևողականություն դրսևորեց, սակայն Իսրայելի վարչապետը շարունակում է պոչ խաղացնել։ Ցավոք, հիմքեր չկան հուսալու, որ Բենիամին Նեթանյահուի մոտեցումները առաջիկայում արմատական փոփոխությունների կենթարկվեն։ Բայց դա չի նշանակում, որ Իսրայելից պետք չէ հայկական հարցի վերաբերյալ սկզբունքային ու բարոյական դիրքորոշում ակնկալել։ Չէ՞ որ Նեթանյահուն հավերժ չէ, իսկ այդ հարցում նրա բոլոր ընդդիմախոսների մոտեցումները շատ ավելի առաջադեմ են։

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Օրերս հայտնի դարձավ, որ Նեթանյահուն կրկին չի կարողացել խորհրդարանական մեծամասնություն կազմել, և իշխող կոալիցիայի ձևավորումը վստահել է «Եշ Աթիդ» ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին։

Հիշեցնեմ, որ Լապիդը Ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերից մեկի հեղինակն էր, հենց նա էր Քնեսեթում Թուրքիայի նկատմամբ կոշտ գծի առավել հետևողական կողմնակիցը։ Այժմ Լապիդը կառավարությունը գլխավորելու շանսեր ունի։ Եթե Երուսաղեմում իշխանափոխություն տեղի ունենա, մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ Իսրայելի կառավարության մոտեցումներում կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ։ Այս անգամ դա միանգամայն իրատեսական է։

1090
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Բինյամին Նեթանյահու, Իսրայել, Թուրքիա
Ըստ թեմայի
Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին
Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր
Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է
Լևոն Տեր–Պետրոսյան. արխիվային լուսանկար

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին

22
(Թարմացված է 15:44 16.05.2021)
Ըստ ՀՀ առաջին նախագահի` ՀԱԿ ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որ մեր երկրում ողջախոհության ճրագը չմարի:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Եթե «Հայ Ազգային Կոնգրեսը» մասնակցի առաջիկա ընտրություններին, ապա վարչապետի թեկնածուն կլինի Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այս մասին ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե ՀԱԿ վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

22
թեգերը:
Հայաստան, Վարչապետ, Ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»
4 «օրենքով գողի» ազատություն է տրվել` ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար
«Պատիվ ունեմ» դաշինքի անունը պատահական չէ. քաղտեխնոլոգը` ՀՀԿ–ի և Վանեցյանի միության մասին