Օրերս BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ հրատարակչության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։ BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ այդ խումբն է կրակել։
Կարապետյանն իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքներն արդեն հերքել է։ Sputnik Արմենիան փաստեր է հրապարակում զորահրամանատարի անձի մասին։
Գեներալի անցած ճանապարհը
Ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը ծնվել է 1962 թվականին Ստեփանակերտում։ Նա ազգային–ազատագրական շարժման առաջին ակտիվիստներից էր, ով եկել էր այն եզրահանգման, որ բնակչությանը պետք է նախապատրաստել զինված դիմադրության։ 1988 թվականի փետրվարին, երբ Աղդամից բազմահազարանոց ցույցը շարժվեց դեպի Ասկերան, Կարապետյանը այն 200 կամավորների թվում էր, որոնք թույլ չտվեցին շարասյուներին հայկական գյուղ մտնել։
Որտեղի՞ց Օհանովսկի ազգանունը
Սամվել Կարապետյանը, ինչպես դա ընդունված էր դիմադրության նախնական շրջանում, վերցրեց «Օգանով» կեղծանունը` մորական կողմից։ Մոր եղբայրը` Ռուդոլֆ Օգանովը, ԽՍՀՄ–ում հայտնի քրեական հեղինակություն էր։
Ավելի ուշ կեղծանունը ձևափոխվեց, փաստորեն, երկրորդ ազգանվան` Օգանովսկու`զուգահեռ անցկացնելով պատմական ռուս գեներալ Պյոտր Օգանովսկու հետ, չնայած վերջինս հայկական արմատներ չուներ։ Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին Օգանովսկին Կովկասյան IV–րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որը թուրքերի հետ մարտնչում էր Արևմտյան Հայաստանի տարածքում։ Նա պատմության մեջ մնաց, որովհետև 1914 թվականի դեկտեմբերին Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ հրաժարվեց կատարել հրամանատարության` հետ քաշվելու մասին խուճապային հրամանը և գեներալ Յուդենիչի հետ միասին հետ մղեց, այնուհետև ջախջախեց թուրքական զորքերը։
Պատերազմ և խաղաղություն
1992-2000 թվականներին, արցախյան պատերազմի ժամանակ և նրանից հետո, Սամվել Կարապետյանը Կենտրոնական պաշտպանական շրջանի (Ստեփանակերտում տեղակայված գունդ) հրամանատարն էր։ Նրա հրամանատարության տակ գտնվող զորամասը պատվի և հերոսության խորհրդանիշ «Մարտական դրոշ»–ի է արժանացել։
Մարտական գործողությունների ընթացքում նրա հրամանատարության տակ գտնվող Կենտրոնական պաշտպանական շրջանը հետ վերցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայր, ոչնչացրեց հակառակորդի բազմաթիվ հենակետեր, մեծ թվով ռազմատեխնիկա գրավեց։
Ադրբեջանական «Էվերեստը»` նրանց զոհաբերության խորան. հաջորդ կայարանը` Լելե Թեփե
Օգանովսկին 1993 թվականի մարտին Քելբաջարի շրջանում` առաջապահ ստորաբաժանումների բախման ժամանակ, վիրավորվել էր, իսկ Հորադիզի մոտ ծանր վիրավորում ստանալուց հետո փրկվել` երեք օրում մի քանի վիրահատության ենթարկվելով։
Պարգևներ և պաշտոններ
Գեներալ Կարապետյանը արժանացել է Արցախի բարձր պարգև «Ոսկե արծիվ» շքանշանին։ Նա ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված առաջին հրամանատարներից մեկն է։ 2000 թվականից Կարապետյանը Արցախի պաշտպանական գերատեսչությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արցախի պաշտպանբության փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019 թվականի ապրիլին։
Այժմ գլխավորում է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան և Ազատամարտիկների միությունը։
Շուշիի հատուկ պահեստն առանձին բարձունքի վրա էր։ Ամեն օր այնտեղ էին գալիս աշխարհի տարբեր երկրների հայերի ուղարկած բեռները՝ սննդամթերքից ու հագուստից մինչև հումանիտար տարբեր իրեր։ Ամենից շատ հասնում էին ՌԴ Սիզրան քաղաքից եկող բեռնատարները, բայց քիչ չէին նաև այլ երկրներից ու քաղաքներից եկող ապրանքները, իսկ ՀՀ-ի ամենատարբեր ընկերություններ ուղարկում էին ամեն ինչ։
Մինչ մի խումբը դատարկում էր ապրանքը, մյուս խմբերն իրար հետևից փոքր բեռնատարների մեջ բարձում էին անհրաժեշտ ամեն բան՝ առաջնագիծ հասցնելու համար։ Դա անընդհատ աշխատող օղակ էր, որն այդ օրերին երբևէ կանգ չառավ սփյուռքի հայերի ու ՀՀ-ի գործարարների, շարքային քաղաքացիների շնորհիվ։
Մենք ստացել էինք «Դելտա» անվանումը արագ տեղաշարժվելու և ջոկատի բոլոր անդամներով մեկ մարդու պես համակարգված գործողություններ անելու համար։ Մեր ջոկատի 11 անդամներից որևէ մեկը վայրկյան անգամ չէր մտածում գլխին թափվող արկերի, օրուգիշեր հնչող օդային տագնապի, գիշերվա ցրտի ու խիստ վտանգավոր առաջադրանքների մասին։ Մենք հասկանում էինք, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ առաջնագծում կռվող մեր հայրենակիցներն ավելի ծանր վիճակում են։ Մեր պարտքն էր ամուր պահել նրանց թիկունքը։
Մի բան է, երբ լսում ես պատերազմի մասին, և բոլորովին այլ բան, երբ մեկնում ես սահման
Այդ օրը մենք Շուշիում հանգիստ ավարտեցինք առաջադրանքի կատարումը։ Չկար մեքենա, որը կկարողանար մեր ջոկատը տեղափոխել այլ վայր, իսկ ժամանակ կար։ Որոշեցինք քայլել։ Ջոկատի 3 անդամների՝ Խորենի, Դավիթի ու Հայկարամի հետ ուղղություն վերցրինք դեպի Շուշի։ Թշնամու հրետանին աշխատում էր հենց Շուշիի ուղղությամբ։ Բայց մենք որոշեցինք ամեն դեպքում քայլել դեպի Սուրբ Ղազանչեցոց, լինել գեղեցիկ քաղաքի փողոցներում։
Հանկարծ ուժեղ պայթյուն լսվեց։ Հասկացանք, որ հերթական արկը մեզնից շատ հեռու չի ընկել։ Շուշին անընդհատ հրետակոծության էր ենթարկվում։ Առաջին պատահած մեքենան նստեցինք և շարժվեցինք դեպի Ստեփանակերտ։ Քաղաքից դուրս տանող ոլորաններում տեսանք հեռվից մեր ուղղությամբ եկող թշնամու ինքնաթիռը։ Թիրախում մենք չէինք․ դժվար թե մեկ մեքենայի վրա թշնամին այդքան մեծ ռեսուրս ծախսեր։ Նրանց թիրախում Շուշիի պահեստն էր։
Արցախցի վարորդն արագացրեց մեքենայի ընթացքը։ Ոլորաններն իջնող մեքենան ամեն վայրկյան կարող էր գլորվել ձորը, բայց ընտրություն չկար։ Մենք ականատես էինք լինում իսկական օդային մարտի։ Թշնամու ինքնաթիռը ռմբակոծում էր Շուշին, ներքևից էլ հակաօդային տարբեր զենքերով կրակում էին մերոնք։ Ռումբերն ընկնում էին մեզնից բառացիորեն տասնյակ մետրեր հեռու, և ամեն անգամ ռումբի պայթյունից մեքենան ուժեղ ցնցվում էր, մի կողմ հրվում։ Մեզ փրկում էր այն, որ ճանապարհը հարթ տարածքում չէր, և ընկնող արկերի բեկորները չէին տարածվում դեպի մեր կողմը։
Նկատեցի, որ վարորդն ընթացքի ժամանակ հանել է հեռախոսը և նկարում է։ Մի ձեռքում ղեկը, մյուսում՝ հեռախոսը, նաև հասցնում էր հայհոյել թշնամուն։ Հարվածների տակ մեծ արագությամբ ընթանում էինք ու ծիծաղում՝ երևի չգիտակցելով, որ ամեն վայրկյանը կարող է լինել մեզ համար վերջինը ․․․
ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում, նախարար, գիտնական, օդաչու. կրկին նշանավոր շուշեցիների մասին
Ոլորաններից մեկում` հենց ճանապարհի վրա, ընկավ թշնամու արկը։ Եթե 10 վայրկյան առաջ գնացած լինեինք, այդ հատվածում մեր մեքենան էր լինելու։ Այդ մեքենան հաց էր հասցնում զորքին։ Մի մասը տարել էր Շուշի, շտապում էր մեկ այլ վայր՝ դեպի Ճարտար։
Շարունակում էինք արկերի ու ռումբերի տարափի տակ սլանալ դեպի Ստեփանակերտ։ Հանկարծ մեր ջոկատի Խորենը նկատեց․ «Տղերքը խփեցին․․․»։ Իրոք, թշնամու ինքնաթիռը, որ հասցրել էր այդ ընթացքում 2-3 պտույտ կատարել Շուշիի վերևում, Շոշ գյուղի մոտակայքում ընկավ։
Դա նաև մեր վերջին այցն էր Շուշի։
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին
Վաղ առավոտյան ճանապարհ ենք ընկնում Ծովագյուղ։ Աշխատանքիս 16 տարիների ընթացքում առաջին անգամ ուզում եմ, որ պատմությանս հերոսին հասնելու ճանապարհն ավելի երկար լինի, մտածելու, ճիշտ բառեր գտնելու ժամանակը՝ ավելի շատ։ Հասնում ենք։ Մեզ դիմավորում է բարձրահասակ, սիրունատես ու ժպտադեմ Վարազդատը՝ երկու ձեռքերը պատերազմում թողած հերոսս։ Հյուրասենյակը, որտեղ հարցազրույցը պետք է անցկացնենք, բազմամարդ է. ծնողներն են, քույրերը, եղբոր կինը, վազվզող փոքրիկներ ու սիրուն Սոնան՝ Վարազդատի նշանածը։
Զրույցն անբնական կմկմոցով եմ սկսում։ Ամենից շատ խուսափում եմ մոր՝ տիկին Լիանայի հայացքից. կծկվել է մեծ բազկաթոռի մի անկյունում, որ հերթական անգամ լսի որդու պատմությունը։
Վարազդատը սկսում է խոսել, լարվածությունս չքանում է։ Ծանրագույն օրերի մասին հերոսս խոսում է զարմանալի թեթևությամբ ու հումորով։
Նոյեմբերի 2-ը Սանեյանների ընտանիքում երբեք չի մոռացվի. րոպեների տարբերությամբ կողք–կողքի ծանր վիրավորում ստացան երկու եղբայրները՝ Վարազդատն ու Վարդանը։ Այդ օրը երկուսով մահվան սահմանագծին մոտեցան ու երկուսով էլ հետ եկան։
«Վերջին выпуск-ն եմ»,- պատմելով ընտանիքի, քույրերի ու եղբոր մասին՝ ասում է Վարազդատը։ Իրենից երկու տարով մեծ եղբորից միշտ անբաժան են եղել։ Ծիծաղելով ասում է՝ փոքր ժամանակ մեկմեկու ծեծել էլ են, բայց միշտ իրար թիկունք են պահել։ Այդպես Վարազդատը որոշել է ավագ եղբոր ճանապարհով գնալ՝ խաղաղապահ դառնալ։ Աֆղանստան, Կոսովո... իրենց օրինակելի ծառայության համար երկու եղբայրները առաքելություններից բազմաթիվ շնորհակալագրերով են վերադարձել։
Մեկնելուց առաջ խաղաղապահները լուրջ ֆիզիկական պատրաստվածություն են անցնում, մարզվում՝ ցանկացած իրավիճակի պատրաստ լինելու։
«Վարազդատը ձեռքերի վրա քայլում էր այնպես, ինչպես մենք՝ ոտքերի վրա»,- ժպտալով ու հպարտությամբ որդու պատմությանը կողքից ավելացնում է մայրը։ Հետո շուրթերը սեղմվում են, խորը շունչ է քաշում ու նորից լռում։ Մի քանի ամսից պետք է եղբայրներն ու քեռին (նույնպես խաղաղապահ) միասին հերթական առաքելությանը մեկնեին, բայց չհասցրին... Երբ արցախյան վերջին պատերազմը սկսվեց, Վարդանը դեռ Կոսովոյում էր. Հայաստան եկավ հոկտեմբերի վերջին ու հենց նույն օրն էլ Արցախ մեկնեց։
Վարազդատը սիրում է երկար քնել, բայց սեպտեմբերի 27-ին քունն առնել չհաջողվեց։
«Տեսա՝ արագ-արագ հագնվում է, որ դուրս գա, ասացի՝ Վարո ջան, տոլման տաքացնեմ, կեր, նոր դուրս արի։ Ինքն էլ վրաս ջղայնացավ, թե քեզ ասում եմ՝ տագնապ են տվել, դու տոլմա ես տաքացնում։ Չկերավ, բայց ես իր բաժին տոլման վերցրել, պահել էի, սպասում էի, որ շուտ կվերադառնա»,- ասում է տիկին Լիանան։
Մի քանի օրում Վարազդատի գումարտակը համալրվեց կամավորականներով ու մեկնեցին Արցախ՝ Հադրութ։
«Կամավորականներից շատերը փախչում էին, բայց չեմ մեղադրում՝ կյանքի հարց է, իրենք էլ զինվորական ծառայության մեջ չէին, հոգով պատրաստ չէին դրան»,–պատմում է Վարազդատը։
Ասում է՝ Արցախում անցկացրած բոլոր օրերն են դժվար եղել։
Բոլոր դժվար օրերից հիշում է մեկը. արդեն սեպտեմբերի վերջերն էր, Հադրութի Դրախտիկ գյուղում էին՝ շրջափակման մեջ։
«Մի օրվա մեջ եկել, թիկունք էին մտել։ Մենք կապ չունեինք, որ իմանայինք։ Իրենց կողմից կրակոցներ չկային. դրանից գլխի ընկանք, որ գալիս են։ Տղերքը սկսեցին խրամտներ փորել, ես չէի փորում։ Ասացի՝ չգիտեք՝ որ կողմից են գալու. անիմաստ գործ եք անում։ Անգամ վիճեցինք էլ մի քիչ, բայց մեկ է՝ չփորեցի։ Եթե հետևից գային, իմ փորած փոսն իմ համար գերեզման էր դառնալու։ Զանգեցի մեր վարորդներից մեկին։ Հենց որ իմացավ` «Դժոխքում» ենք (հեռակապով պայմանական անուններ էին օգտագործում, Դրախտիկը՝ «Դժոխք»), ասաց՝ արագ դուրս եկեք, շրջափակման մեջ եք։ Երեք սպաներ կային, մոտեցա, ասացի՝ պետք է հետ գնանք, որ գոնե կարողանանք կռիվ տալ։ Ասացին՝ ինչ շրջափակում, մեր դեմից են գալիս... Երբ հարձակումը սկսվեց, էդ սպաներն առաջինը փախան»,–պատմում է Վարազդատը (Վարոն)։
Վարոն դասակի տղաներին առաջարկում է ցրվել ու հանդիպել արդեն մեքենայի մոտ։
«Էդ հողերն արդեն վերցրած էին, անիմաստ կռիվ էինք տալիս...Իրենք 1200 հոգով էին, իսկ մենք այդ հատվածում 18 հոգով էինք, 30-ն էլ` առաջնագծում։ Ի՞նչ պետք է անեինք իրենց դեմ։ Մեզ ինչ-որ չափով փրկեց նաև մառախուղը, չէին տեսնում` ուր են կրակում»։
Զոհերից խուսափել, այնուամենայնիվ, չստացվեց։ Զոհվածները ժամկետային զինծառայողներ էին...
Դրախտիկից հրաշքով դուրս եկած տղաներն ուժասպառ էին, Վարոյի խոսքով՝ «քայլող мишень» (թիրախ)։ Նրանց մի քանի օրով հանգիստ տվեցին։ Ուղարկեցին Հայաստան, բայց ոչ տուն. մնում էին զորամասում՝ ամեն րոպե պատրաստ հետ գնալու։ Վարոն տուն եկավ միայն կարճ ժամանակով, նորից մեկնելուց առաջ մայրն արծաթե խաչ նվիրեց՝ մայրական օրհնանքով։
Վարդանը՝ ավագ եղբայրը, Կոսովոյից վերադարձել, Արցախ էր գնացել։ Թեպետ խաղաղապահ գումարտակի տարբեր վաշտերում էին, բայց հրամանատարին խնդրեցին կազմակերպել, որ նույն դիրքում լինեն։
«Սկզբում ասացին, թե Շուշի են տանում, հետո որոշեցին Մարտունի 2 տանել, բայց Ճարտար տարան։ Մեզ ասացին՝ էդտեղ մնացել է մի միջանցք, որտեղից հակառակորդը կարող է գալ, մտնել Ստեփանակերտ։ Պետք է պաշտպանեինք»։
Գիշերը հարձակումը սկսվեց. F16-ի առաջին իսկ նետած ավիառումբից չորս ժամկետային զինծառայողներ տեղում զոհվեցին։
«Արդեն որ կասետային գցեցին, կապիտանի ոտքը կտրվեց, օգնություն կանչեց, եղբայրս շտապեց, մի հատ էլ ընկավ կապիտանի դեմքին, մահացավ, երրորդից արդեն ախպերս վիրավորվեց։ Բարձր կանչում էր՝ «Վարո»։ Հասա, տեսա` ոտքն է արյունոտ։ Լյարդի մեջ էլ կային բեկորներ, բայց ես փորի հատվածը չտեսա, ասեցի՝ մի մտածի, ոտքդ է, շուտ կհանեմ։ Վառլամի հետ՝ գրկած, մի կերպ հանում էինք թիկունք։ Ասում էր՝ թողեք ինձ էստեղ, քնեմ։ Մի քանի չափալախ տվեցի։ Հանեցինք, Աստծուց էր` մի ավտո եկավ, դրինք մի քանի կմ տարանք։ Հասանք «սկոռիին», Վառլամը հետ գնաց, ես մնացի, որ տեսնեմ՝ախպորս վիճակն ինչ է լինում։ Իջա սկոռիից, որ ախպորս բատինկեքը հանեմ, ոտքերը հանգստանան։ Ձախը հանեցի, բայց որ աջը վիրավոր էր, ասաց՝ ցավում ա, մի արա, ձեռքերս թողեցի ու ռումբն ընկավ։ Թևերս հետ թռան...»։
Ավիառումբի հարվածից արդեն շտապօգնության մեքենայի մեջ պառկած Վարդանը ևս մեկ վիրավորում է ստանում։ Վարոյին ալիքը հետ է շպրտում։ Ասում է՝ ամբողջ ընթացքում գիտակցությունը տեղն է եղել։
«Վարդանը «սկոռիի» մեջից իմ կողմն էր նայում, տեսա, որ ձեռքերս համարյա պոկված են, ասացի՝ մի կողմ գնամ, որ ախպերս ինձ էդ վիճակում չտեսնի, բայց չկարողացա ինձ պահել ու ընկա։ Ինձ էլ դրեցին «սկոռիի» մեջ։ Դոշակները վառվում էին, հետևի դռներն էլ բաց էին։ Ոտքով պահում էի, որ չընկնեի, դե, ձեռքերով չէի կարող պահել։ Ախպերս էլ մի ձեռքով վիզս էր գրկել, որ չընկնեի, մյուսով դոշակի կրակն էր հանգցնում, որ չգար վրաս։ Ռումբի հարվածից խաչս էլ էր ընկել, Վարդանը վերցրել, ձեռքում պահել էր, հետո նորից վիզս գցեց, ու մենք բաժանվեցինք»։
Ստեփանակերտի հիվանդանոցում Վարոյի ձեռքերն ամպուտացրին ու նրան անմիջապես Երևան ուղարկեցին։ Վարդանի վիրավորումն ավելի ծանր էր՝ բազմաբեկորային՝ որովային հատվածում, լյարդի, ոտքի, շատ արյուն էր կորցրել։ Նրան տեղափոխեցին Խոջալու, հետո Սիսիան, նոր միայն օրեր անց՝ Երևան։ Նրան շուտով վեցերորդ անգամ են վիրահատելու...
Երբ մայրը Վարոյին առաջին անգամ հիվանդանոցում տեսավ, սավանով ծածկված էր, ձեռքերի հատվածը չէր երևում։ Խոստովանում է՝ առաջին բանը, որ արեց, մոտեցավ, երկու ոտքերին ձեռք տվեց, տեսավ` տեղում են, խոր շունչ քաշեց։ Միայն հաջորդ օրը, երբ Վարոն քնած էր, մայրը մոտեցավ ու սավանը մի կողմ տարավ...
Հիվանդանոցում հենց առաջին օրվանից Սոնան Վարազդատի ընտանիքի կողքին էր։
Սոնայի հետ ծանոթացել են չորս տարի առաջ, երբ աղջիկը դեռ դպրոցական էր, Վարազդատն էլ պատրաստվում էր Աֆղանստան մեկնել։ Սոնան հենց առաջին րոպեից Վարազդատի սիրտը մտավ։
«Գրում էի, պատասխանում էր, հետո ասում էր՝ ինձ մի գրի. նպատակներ ունեմ, պետք է սովորեմ...»,- իր ու Սոնայի սիրո պատմության մասին խոսելիս Վարազդատը միանգամից փոխվում է, աշխուժանում, աչքերում կրակներ են վառվում։
«Դեմի օրվանից էլ սիրտը մտա»,- վստահ ասում է Վարոն։
«Ամենասկզբում՝ չէ, ասում էի՝ սիրուն տղա է, հա դե լավ, այդքանը»,- ասում է Սոնան, իսկ Վարազդատը կողքից ինձ աչքով է անում` մի լսիր։
Սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի նախորդ օրը, մատանի էին գնել, ինչպես ընդունված է՝ կոնյակ, շոկոլադ, պատրաստվում էին առաջիկա օրերին գնալ Սոնայի մատին մատանի դնելու։ Պատերազմը խառնեց պլանները։
Վարազդատի ու Սոնայի նշանադրությունն օրեր առաջ եղավ։ Սիրելիի մատին մատանի դրեց եղբայրը՝ Վարդանը... Պարի ժամանակ Սոնան ամուր՝ իրենց երկուսի փոխարեն, գրկել էր Վարազդատին։
«Թևերը կապ չունեն. կարևորը Վարազդատի հոգին է, իսկ նրա հոգին թևեր ունի»,- ժպտալով ասում է Սոնան։ Անկեղծանում է՝ ոչ մի րոպե չի կասկածել, որ Վարազդատը Նա է ու միակն է։ Կամուսնանան մոտ մեկ տարուց, երբ Վարազդատն արդեն պրոթեզավորված կլինի։
«Հենց հիվանդանոցից տուն բերեցինք, հեռախոսն ուզեց, ասաց՝ նասկիս հանեք, հեռախոսը հարմարացրեք։ Դրեցինք ու ինքը սկսեց ոտքի մատով հեռախոսից օգտվել։ Հիմա էլ, որ հեռախոսը մոտ է դրած լինում, քթով պատասխանում է»,- պատմում է մայրը։
Պրոթեզավորումն, ամենայն հավանականությամբ, Երևանում չի արվելու, այլ Մոսկվայում։ Այն, ինչ տեղում պետությունն է առաջարկում, Վարոյի խնդրի ցանկալի լուծումը չի տալու։ Վարոն ցանկանում է այնպիսի պրոթեզներ ունենալ, որ ինքնուրույնությունը վերադարձնի՝ իր ձեռքերով ուտի, հագնվի, աշխատի։ Հանուն հայրենիքի կորցրածի մասին չի ափսոսում, ոչ մի բանի համար չի զղջում։
Առօրյա հարցերում նրան օգնում է ամբողջ ընտանիքը, անգամ տան ամենափոքրիկները։
Երբ մի պահ սենյակից դուրս է գալիս, ժամեր շարունակ արցունքները խեղդած մայրն ասում է.
«Վարդանս չի թրաշվում, ասում է՝ Վարոյի թևերը կլինեն, նոր միայն։ Իսկ իմ ամենամեծ երազանքն այն է, որ Վարոս իր ձեռքերով ինձ զանգի»։
Սենյակի մի անկյունից Վարդանի կնոջ՝ Հայկուհու ձայնն է լսվում։ Ասում է՝ անգամ այս վիճակում Վարազդատն իրենց տանն ուրախությունն է, տրամադրությունը, ընտանիքի թևերը...
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ խուսափեց հստակ պատասխանել ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ և Որոտան համայնքներին:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում` ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ։ Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: Այն ժամանակ, որ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն։ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու:
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ։ Դուք եք որոշել, որ ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է։ Է, կողմ չքվեարկեիք»,–հավելեց նա։
Փաշինյանն ասաց` Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կան տարածքներ, որոնք մինչ օրս գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո. ինչո՞ւ նման հարցեր չեն բարձրացնում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։