Նորագավիթի ավտոմաքսատուն

Ինչքան կարող ենք՝ ավտո բերենք, իսկ ավտոների «թաղման» բյուրո» հետո կբացենք

842
(Թարմացված է 23:20 29.07.2019)
2020-ից ուժի մեջ են մտնելու ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ում չարտադրված մյուս բոլոր մեքենաները, հատկապես՝ 7 տարեկան և ավելի վաղ արտադրվածները բազմապատիկ ավելի բարձր մաքսատուրքով են մաքսազերծվելու:

Վերջին օրերին ավտոմեքենաների ներկրման հետ կապված տեղեկությունները, լինեն դրանք մաքսակետերում կուտակումների մասին, թե դրանց տրվող իրավիճակային լուծումների, մարտական գործողությունների ամփոփաթերթիկ են հիշեցնում: Առանց որևէ հրահանգի, միահամուռ մի մղումով, շատ-շատերը ամեն գնով ցանկանում են հասցնել «ավտո բերել», քանի դեռ ԵԱՏՄ մաքսատուրքերն ուժի մեջ չեն մտել:

Ուշագրավ  է հատկապես ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանի հայտնած տեղեկությունը, որ եթե 2018-ին Հայաստան ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա, ապա հուլիսի վերջին, այսինքն՝ վաղը, մյուս օրը այդ ցուցանիշն արդեն գերազանցած կլինենք և կհասնենք 70000-ի շեմին:

Այսօր հանդիպեցի այդ ցուցանիշի արտահայտության մի փոքրիկ օրինակի. երեք երկար բեռնատար` ավտոգնացք կազմած, մարդատար ավտոմեքենաներ էին տեղափոխում, ավելի ճիշտ՝ քարշ տալիս: Հատկանշական էր այն, որ երկու շարքով իրար գլխի շարված այդ ներկրվող ավտոմեքենաների մեծ մասը վնասված էր: «Մեր հայերը դա շատ ժամանակ հատուկ են անում կամ անել տալիս, որ էժանով «ռաստամոժկա» անեն»,-բացատրեց տաքսու վարորդը:

Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ չի թանկանա. ՊԵԿ

Հնարավոր է, իհարկե: Մենք հո գիտենք մերոնց: Բայց հնարավոր է, որ ոչ էլ հատուկ են անում, այլ ուղղակի, գնում են ինչ կա-չկա: Հարված ստացա՞ծ («ուդառ կերած») մեքենա է, կամ դուռը ջարդված, գուցե թևը («կռիլո»), գուցե բախարգելը («բամպեր») պոկվա՞ծ: Հոգ չէ, ամեն մեկն էլ թե՛ գնորդ կունենա, թե՛ նորոգող կգտնվի: Միայն թե փող լինի և ժամանակը բավականացնի:

Այո, 2020-ից ուժի մեջ են մտնելու ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ում չարտադրված մյուս բոլոր մեքենաները, հատկապես՝ 7 տարեկան և ավելի վաղ արտադրվածները բազմապատիկ ավելի բարձր մաքսատուրքով են մաքսազերծվելու: Ըստ ավտոսիրողների հաշվարկների` ներկայումս մաքսազերծման համար սահմանված գումարից մոտ 6 անգամ ավելին կպահանջվի. հնարավոր է, մաքսազերծման համար նույնքան գումար վճարես, որքան 10 կամ ավելի տարվա «Օպելը», գուցե BMW-ն գնելու համար:

Եվ հիմա, ինչպես անհատները, այնպես էլ՝ «ավտո բերողները» սևեռվել են այն բանի վրա, որ մինչև 2020 թվականի մեկնարկը որքան ի վիճակի են, եվրոպական, ամերիկյան կամ ճապոնական և այլ՝ ոչ-ԵԱՏՄ-ական արտադրության ավտոմեքենաներ հասցնեն

ա) գնել կամ ձևակերպել գնում,

բ) ներկրել Հայաստան,

գ)  մաքսազերծել:

Քանի ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել Վարդավառի օրը Երևան-Սևան մայրուղում. տեսանյութ

Տրամաբանորեն հասկանալ ի է նաև, որ նրանց զգալի մասը հույս ունի հետագայում առնվազն կրկնակի շահել՝ ոչ ԵԱՏՄ արտադրության մեքենաների վաճառքից, քանզի դրանց գները, բնականաբար, հայաստանյան ավտոշուկայում վեր կխոյանան:

Հիմնականում այս գործոնների և ընկալումների ազդեցությամբ է, որ այս տարվա 7 ամսվա ընթացքում արդեն համարյա 70 հազար ավտոմեքենա է ներկրվել:

Մաքսային ծառայությունը փորձում է հասցնել սպասարկել այդ ահռելի հոսքը: Այդ նպատակով, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օրինակ  «ավտոմաքսատանը» կամ Նորագավիթի մաքսատան բաժիններն օգոստոսի 1-ից անցնելու են 7-օրյա աշխատանքային գրաֆիկի, առնվազն 6-ով ավելանալու է նաև մաքսային ձևակերպումներով զբաղվող աշխատակիցների թիվը:

Բայց չի կարելի բացառել, որ ՊԵԿ-ը հարկադրված լինի էլի շտկել մաքսազերծման ճակատում ներգրավված աշխատակիցների թիվը և, պատկերավոր ասած՝ անցնել 8 կամ 9-օրյա աշխատանքային շաբաթի: Համենայն դեպս, միանգամայն հավանական է, որ վերջնաժամկետին՝ այս տարվա դեկտեմբերի 31-ին ավելի մոտ այդ ավտոներկրումային բումը կարող է հասնել իր բարձրակետին:

ԱԱԾ նոր բացահայտումը. պետական պաշտոնյաներ են ձերբակալվել. տեսանյութ

Բայց ի՛նչն է շատ ավելի հետաքրքիր: Գաղտնիք չէ, որ Հայաստան ներկրվող ավետոմեքենաների մեծ մասը օգտագործած, առնվազն 5, 7, հաճախ՝ 10 և ավելի տարեկան է: Նախքան այս էլ ընդհանուր պատկերը նույնն էր: Ու կա ոչ անհիմն զգացողություն, որ Հայաստանում շուտով այնքան «քշած ավտո» կլինի, որ ոչ թե դրանք մի քիչ էլ քշելու, այլ քայլելու կամ ոտք դնելու տեղ չի մնա:

Կատակը՝ կատակ, բայց այս տեմպերով մեր երկրում շուտով ավտոմեքենաները «կուտեն» մարդկանց: Դա հարցի դեռ մի կողմն է:

Նման ծավալով օգտագործած և հին մեքենաները շատ ավելի շուտ կսկսեն շարքից դուրս գալ և հայտնվել… որտե՞ղ: Իսկը Հայաստանում ավտոմեքենաների «թաղման բյուրո» բացելու ժամանակն է: Երկիրը վերածվում է «ավտոգերեզմանոցի»՝ բաց երկնքի տակ: Շարքից դուրս եկող ավտոմեքենաների վերամշակմամբ զբաղվող լուրջ ձեռնարկություններ չունեցող մեր երկրում դա լուրջ խնդիր է: Ըստ որում, այդ խնդիրն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ կա: Հիմա պարզապես տեմպերն են արագացել ու ավտոթափոնի ծավալներն են սպառնում աճել՝ երկրաչափական պրոգրեսիայով: Շարքից դուրս եկած մեքենաների կամ դրանցից մնացած «երկաթեղենի» մշակման միակ ձևն էլ մետաղի ջարդոն դարձնել-արտահանելն է մնում:

Այնպիսի տպավորություն է, որ առաջնորդվում ենք դեռ որքան կարող ենք ավտո բերենք, իսկ հետո այդ հին և հնոտ մեքենաներից գոյացած թափոնին տիրություն անելու ինչ-որ ձև կգտնենք: Իսկ միգուցե, սովորության համաձայն», չնստե՞նք ու սպասենք այն օրվա գալստյանը, երբ ավտոջարդոնի ծավալները ձեռնոց կնետեն կուտակված կենցաղային աղբին՝ ընդհուպ բնակելի թաղամասերի բակերում:

«Բագրատաշենում» անընդհատ հերթեր են գոյանում. Մելքումյանը գտել է խնդրի լուծումը

Չնայած, ինչի՜ մասին ենք խոսում, այս շոգ-կրակին ո՞վ,  կամ ո՞ր պաշտոնյան հավես ունի նման մանր հարցերով զբաղվել: Մինչև հարցը խնդիր չդառնա, խնդիրն էլ պրոբլեմային գլխացավանքի չվերածվի, ո՞վ այն բանի տեղ կդնի:

ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

Թերևս միայն «դզող-փչողների» համար կարելի է չանհանգստանալ. ավտոնորոգման տարբեր պրոֆիլի մասնագետներն ու կետերը մի 5-6 տարվա անդադար ու լարված աշխատանքի ծավալով, կարելի է ասել՝ արդեն ապահովված են:

 

842
թեգերը:
ավտոմեքենա, վարորդ, ավտոներկրողներ, ավտոներկրող, Շուշան Ներսիսյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական հերթեր Ճապոնիայի նավահանգիստներում. հայ ավտոներկրողները փակուղու մեջ են
Եթե վարորդները դիմեն դատարան, պետբյուջեն կնվազի միլիարդավոր դրամներով
Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա
Սպիտակ Նիվայի դարաշրջանը վերադառնում է Հայաստան