Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները

Հիմա ի՞նչ. վեթինգ, միտինգ, թե «նաթհինգ», թեպետ եղածից հետո երևի միայն՝ «ուեդդինգ»

95
(Թարմացված է 11:22 17.07.2019)
Ինչ էլ ասվի, որոշակի առումով նույնիսկ զվարճալի է հետևել, թե հայրենի իշխանավորներն ինչպես արձագանքեցին ու դեռ կարձագանքեն «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով», նույն ինքը՝ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության բավականին խոշոր կտորների հրապարակմանը:

Խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանն, օրինակ, ընդհանրապես կասկածի տակ դրեց, թե հրապարակվածը հենց այդ արձանագրության հատվածներ են: Դե, միգուցե, դա սևագիր է: Երևի դեռ լավ է, որ չեն ասում, թե այդ ո՞վ է դարձել ինչ-որ Վենետիկի հանձնաժողով, որ մեզ խելք սովորեցնի: Վենետիկի հանձնաժողովը, ի դեպ նկատենք, եվրոպական ընդգրկմամբ իրավագետների բարձրակարգ փորձագիտական կառույց է ու խորհրդատվական մարմին:

Որ հանդարտ նայես, սկզբունքորեն սարսափելի բաներ չեն ասվել այդ հանձնաժողովի վերջին նստաշրջանում ու արձանագրության մեջ: Նշվել է, որ Հայաստանում դատավորների համընդհանուր «զտումը» կամ այսպես ասած՝ «վեթինգը» ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, որ դրա փոխարեն ավելի լավ է բարեվարքության պահանջները խստացնել ու այսուհետ կիրառել (եկամուտների հայտարարագրում և այլն): Ասել են, նաև, որ «ՍԴ անդամ, թե՞ ՍԴ դատավոր» բառախաղը, ողջամիտ չէ, որքան էլ ԱԺ մեծամասնության կողմից ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանը հենց երդման ելույթում նշեց, թե իբր ահռելի տարբերություն կա, ու գրեթե ինքնահռչակվեց ՍԴ նախագահ:

Եվ այդպես շարունակ, Վենետիկի հանձնաժողովի «սևագրության» բովանդակությունն ամբողջությամբ չվերապատմենք: Բայցևայնպես, այդ դիտարկում-դիտողությունների մեջ գրեթե չկար մի այնպիսի բան, որ առանց այդ ու նախքան այլ չի ասվել տեղական տարբեր փորձագետների, հիմնականում քննադատական դիրքերից ելույթ ունեցող հայրենական գործիչների կողմից:

Իսկ հիմա, որ Վենետիկի հանձնաժողովն է ասում, արդեն այլ հնչողություն է ստանում:

Արդարադատության նախարարությունն էլ, գիտեք, հայտարարությամբ հանդես եկավ: Ի դեպ, հետաքրքիր է, որ ի տարբերություն ԱԺ փոխնախագահի և նրանից մեկ օր առաջ, արդարադատության նախարարությունը հրապարակվածն ինչ-որ «սևագրություն» չէր համարել, այլ ամենայն լրջությամբ արձագանքել էր: Չնայած, «ամենայն լրջության» առումով մի փոքր վերապահում կարելի է անել: Բանն այն է, որ ԱՆ պաշտոնական հայտարարության մեջ տեղ է գտել նաև այսպիսի ձևակերպում. «Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»:

Եվ իսկապես, ախր, ո՞ւմ մտքով կանցներ, որ «սահմանափակ հասանելիությամբ» զեկույցը (արձանագրությունը) կարող էր կողմնակի անձանց ձեռքն ընկնել:

Մանավանդ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում դա գրեթե անհնար պետք է լիներ, հաշվի առնելով էլեկտրոնային փոստի, ինտերնետ կապի, համակարգիչների և նմանօրինակ այլ տեխնիկական հնարավորությունը, «աղավնիների փոստի» ու ձիաշարժ կառքերի առկայությունը: Մանավանդ, նման տույժ գաղտնի փաստաթղթի՝ այդպիսի մեծ արագությամբ՝ Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանից մի 20-25 օր անց տարածվելը, իսկապես որ, տարակուսելի է: Ոչինչ չես ասի:

Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովի դիտողություններին, ապա ամենից շատը, իհարկե, ոչ ողջամիտ բառախաղի պահը դուր եկավ: Այսինքն, եվրոպական փորձագետները ոչ միայն հստակ արձանագրել են, որ «ՍԴ դատավո՞ր, թե՞ ՍԴ անդամ» հարցադրումն ու հակադրումը բացարձակ արհեստական ու մտացածին է, այլև ազդանշան են տվել կամ ակնարկել են, որ չարժե նման, կներեք, «խաղեր տալ»:

Դե, եթե բանը բառախաղերին հասավ: Ապա Վենետիկի հանձնաժողովի արձանագրումից հետո մնում է թերևս միայն ավելացնել, լավ, բա հիմա ի՞նչ է լինելու. վեթի՞նգ, միտի՞նգ, թե՞ նաթհինգ, այսինքն՝ ոչինչ:

Թեպետ, այն ամենից հետո, ինչ գործադիր իշխանության ճյուղը, օրենսդիր ճյուղի գործուն մասնակցությամբ արեց դատական իշխանության ճյուղի նկատմամբ, վիճակը գուցե «ուեդդի՞նգը» կփրկի:

Ովքեր դեռ ժամանակակից «անգլահայերենից» հետ են մնացել, մի թեթև թարգմանեմ: Ասել կուզի՝ դատավորների զտո՞ւմ է արվելու, դատարանների դուռ-լուսամուտների մի նո՞ր շրջափակում, թե՞ կլինի ուեդդինգ, որ նշանակում է հարսանիք կամ պսակադրություն: Պարզ ասած, գուցե իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր, դատական («չորրորդն» էլ ձեզ՝ նվեր) ձուլվեն մեկ սյան մե՞ջ: Հետո՞ ինչ, թե ինչ է այնտեղ «սևագրում» ինչ-որ հանձնաժողով բան ասել կամ դա ինչպես են մեկնաբանում չարակամ, չուզող ու «միակողմանի շահարկողները»:

95
թեգերը:
Վեթինգ, Դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարդևանյան. «ՀՀ–ում դատաիրավական բարեփոխումների հստակ հայեցակարգ է պետք»
Դա ի՞նչ է, սևագիր է, թե չէ. Լենա Նազարյանը` Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին
Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»
Ալիկ Ավդալյանի նախնիների տունը Մուշում

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

161
(Թարմացված է 09:11 06.07.2020)
Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Արևմտյան Հայաստանում հերթական դաշտային աշխատանքի ու ֆիլմի նկարահանումների ժամանակ Մուշի հայերի հետ այցելեցի տեղի այն գյուղերը, որոնցում առավել շատ են պահպանվել հայկական պատմամշակութային հուշարձաններն ու ազգային ինքնությանը տեր կանգնող հայերը։ Մուշից մի քանի կիլոմետր հեռու Քրդագոմ գյուղն է։

Село Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղը

Անվանումից պարզ է դառնում, որ նախկինում ևս այն հիմնականում քրդերով է բնակեցված եղել։ Այսօր նույն վիճակն է։ Տեղացի տարեց քրդերից մեկը ներկայացնում է գյուղի պատմությունը.

-Սա Ավդալ աղայի գյուղն է եղել։
-Ո՞վ է Ավդալ աղան,- հարցնում եմ։

Հարցուփորձը վերածվում է մի մեծ ու ողբերգական պատմության սկզբի։ Քուրդը պատմում է ինչպես Ավդալ աղայի, այնպես էլ նրա թողած ժառանգության մասին։  

Курд села Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղի քուրդ բնակիչ

«Մեծ մարդ էր Ավդալ աղան։ Հարուստ մարդ էր, բայց բարի մարդ էր»,-նշում է քուրդ գյուղացին։

Մեզ ուղեկցող մշեցի հայ Արմեն Գալուստյանից հետաքրքրվում եմ, թե ով է եղել Ավդալը, որ այդպիսի հետք է թողել քրդերի հիշողության մեջ։ Մուշում ապրող և հայկականությունը ամուր պահող մեր հայրենակիցը ցավով է պատմում, որ 1915-ի կոտորածի ժամանակ Ավդալը սպանվել է դաժանաբար, սպանվել հենց այն մարդկանց կողմից, որոնց ինքը տարիներ շարունակ օգնել է։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Հարյուրավոր հայերի լցրել են Ավդալի կառուցած ցորենի ամբարները և այրել դրանք։ Մի քուրդ երեխայի օգնությամբ, սակայն, փրկվել են Ավդալի որդին ու թոռը։ Ամիսներ անց սովի ու տառապանքի ճանապարհին մահացել է նաև որդին՝ 12-ամյա երեխային թողնելով բախտի քմահաճույքին։

Армянин из Муша Армен Галустян в селе Крдагом
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Մշեցի հայ Արմեն Գալուստյան

Քրդագոմի՝ մեզ արդեն ծանոթ քուրդը շարունակում է պատմությունը՝ նշելով, որ մի քանի տարի առաջ իրենց են այցելել Ավդալի հետնորդները՝ Ցեղասպանությունից հրաշքով փրկված 12-ամյա թոռան՝ Տիգրան Ավդալյանի զավակները։ Այսօր նրանք ապրում են Ռուսաստանում և ոչ միայն չեն մոռացել իրենց ազգային արմատները, այլև վերադարձել ու գտել են իրենց բնօրրանը։

Алик Авдалян с Арменом из Муша у родового дома
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ Ավդալյանն ու Արմեն Գալուստյանը

Մշեցի Արմենի օգնությամբ կարողանում եմ կապ հաստատել Ավդալի՝ Ռուսաստանում բնակվող հետնորդների հետ։ Երկու եղբայր, որոնք իրենց կյանքը նվիրել են հայկական ինքնության խնդիրների բարձրաձայնմանը և ազգային արժեքների պահպանմանը։ 12 տարեկանում Ցեղասպանության արհավիրքի միջով անցած նրանց հայրը բոլոր մանրամասնություններով նկարագրել է այն դաշտերը, լեռներն ու շինությունները, որոնք շրջապատել են իրեն Մուշում։

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

Որդիները հիմա պարբերաբար այցելում են Մուշ, իրենց աչքերով տեսնում այդ դաշտերը, լեռներն ու կիսավեր շինությունները՝ հագեցնելով Ավդալին միացած իրենց հոր կարոտը։

Алик и Петрос Авдаляны
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ և Պետրոս Ավդալյանները

«300-ից մեկը մնաց, ու դա, երևի, մերանի համար մնաց, Մշո մերանի համար, իսկ Մշո մերանը շատ ձիգ մերան է»,-հուզմունքով ասում է Ալիկ Ավդալյանը՝ Տիգրանի ավագ որդին։

Алик Авдалян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ Ավդալյան

Եղբոր խոսքը շարունակում է Պետրոսը՝ անդրադառնալով Մուշի հայերի հետ իրենց կապերին։ Նրա խոսքով` Քրդագոմում և Մուշի մյուս բնակավայրերում իրենք հանդիպել են բազմաթիվ հայերի, խոսել ինչպես իրենց նախապապի մասին պահպանված հուշերի, այնպես էլ յուրաքանչյուրի անցած ճանապարհի, այսօրվա կենսակերպի մասին։

Петрос Авдалян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Պետրոս Ավդալյան

Նրանք նշում են, որ եթե Արևմտյան Հայաստանում ապրող էթնիկ հայերն այսօր չեն թաքցնում իրենց ծագումն ու անկաշկանդ խոսում են այդ մասին, ապա սփյուռքում մեծ արագությամբ ձուլում է ընթանում։ Պետրոս Ավդալյանն առաջարկում է օրինակ վերցնել Մուշի, Դիարբեքիրի, Սասունի և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի հայերից։

Армяне села Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղի հայ բնակիչներ

«Ես պատկերացնում եմ, որ ամեն մի հայ պետք է մտածի բոլորիս ապագայի մասին, որ մենք մեր ազգությունը չկորցնենք։ Ես ցանկանում եմ, ձգտում եմ, որ մեր գերդաստանն էլ չվերջանա մեզանով, մեր երկու եղբայրներով»,–ասում է Պետրոսը։

Село Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղը

Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Մշեցի Արմեն Գալուստյանն այդ բազմաթիվ հայերից մեկն է։ Նրա կյանքի ոդիսականի մասին, սակայն, կպատմեմ հաջորդ ակնարկներում։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

161
թեգերը:
քուրդ, Նաիրի Հոխիկյան, Արևմտյան Հայաստան, հայեր, հայ, Մուշ
թեմա:
Զարթիր, լաո
Ըստ թեմայի
«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները
Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
Աշոտ Դանիելյանը Սիդնեյի օլիմպիադայում

Եվրոպայի ամենաուժեղ մարդը, կամ ինչու Աշոտ Դանիելյանից հետ վերցրին օլիմպիական մեդալը

398
(Թարմացված է 09:47 05.07.2020)
Ծանրամարտիկ Աշոտ Դանիելյանը Sputnik Արմենիային պատմել է իր կարիերայի հաջողությունների, օլիմպիական մեդալի ճակատագրի և իր ու Արա Վարդանյանի հետ պատահած շատ զավեշտալի դեպքի մասին։

Հանրաճանաչ ծանրորդ Աշոտ Դանիելյանն իր մարզական կարիերայի ընթացքում ուրախացնող շատ պահեր է պարգևել մարզասերներին, բայց Սիդնեյի օլիմպիական խաղերի հանելուկը, որի պատճառով Դանիելյանը որակազրկվեց, մինչև օրս լուծել չի հաջողվում:

Օլիմպիական հանելուկ

Աշոտ Դանիելյանն օլիմպիական խաղերին մասնակցել է երեք անգամ՝ 1996, 2000 և 2004 թվականներին, բայց միայն Սիդնեյում՝ 2000 թվականին է կարողացավ մեդալ նվաճել: Պոկում վարժությունում բարձրացնելով 207,5 կգ և հրումում գլխավերևում պահելով 257,5 կգ կշռող ծանրաձողը` հայ ծանրորդը երկամարտի 465 կգ արդյունքով երրորդն էր`բրոնզե մեդալակիրը:

Բայց օլիմպիական խաղերի ավարտից հետո բրոնզե մեդալը Դանիելյանից հետ վերցրեցին ու որակազրկեցին դոպինգ օգտագործելու պատճառաբանությամբ: Սակայն Դանիելյանն այդ որոշման հետ համաձայն չէ ու մինչ օրս էլ չի հասկանում, թե ինչ խաղ խաղացին իր գլխին: 2001 թվականին արդեն Հայաստանում Աշոտ Դանիելյանը պոկեց 215 և հրեց 262,5 կգ` ապացուցելով, որ արժանի էր օլիմպիական մեդալին: Ընդ որում, Աշոտն այս արդյունքներով գերազանցեց օլիմպիական չեմպիոն իրանցի Ռզազադեի համաշխարհային ռեկորդները, բայց ոչ պաշտոնական մրցումներում:

«Օլիմպիական մրցաշարի ավարտից 4-5 օր հետո սկսեցին շշուկներ տարածվել իմ արդյունքի վերաբերյալ: Անհասկանալի խաղեր սկսվեցին: Քաղաքականություն էր, թե ի՞նչ էր` չեմ կարող ասել: Բայց իմ որակազրկումը ձեռնտու էր չորրորդ տեղում հայտնված Անդրեյ Չեմերկինին, որն էլ հետո ստացավ բրոնզե մեդալը: Օլիմպիական խաղերում մրցումների ավարտից 24 ժամ հետո արդեն հրապարակվում են դոպինգի արդյունքները: Իսկ իմ դեպքում ամեն ինչ սկսվեց մի քանի օր անց: Հարց է առաջանում` ինչո՞ւ էին ինձ թողել մրցումներին,  եթե դոպինգ թեստը դրական էր եղել: Մի խոսքով հարցեր, որոնց պատասխանը չստացանք: Անկախ ամեն ինչից, ինձ Հայաստանում ընդունեցին, որպես բրոնզե մեդալակրի, ես ստացա պարգև և ճանաչվեցի Սիդնեյի օլիմպիական խաղերի լավագույն հայ մարզիկը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է Աշոտ Դանիելյանը:

Եվրոպայում տիտղոսներ, աշխարհում` ոչ

Դանիելյանն իր հիմնական նվաճումները գրանցել է Եվրոպայի առաջնություններում: Աշխարհում ընդունված է, որ ծանրամարտի գերծանր քաշային կարգում չեմպիոն հռչակված մարզիկը համարվում էր ամենաուժեղ մարդը: Այպիսով` Դանիելյանը Եվրոպայի ամենաուժեղ մարդու կոչումը նվաճեց երկու անգամ՝ Եվրոպայի 1999 և 2000 թվականների առաջնությունում: Եվս երկու անգամ՝ 2003 և 2006 թվականներին, մեր ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ և մեկ անգամ էլ 2005 թվականին դարձավ բրոնզե մեդալակիր: Բայց աշխարհի առաջնություններում հայ ծանրորդին մեդալ վաստակել չհաջողվեց։

Тяжелоатлеты из Армении Ашот Даниелян (справа) и немец Ронни Веллер на церемонии вручения медалей Чемпионата Европы по тяжелой атлетике в весовой категории +105 кг (30 апреля 2000). София
© AP Photo / DIMITAR DEINOV
Աշոտ Դանիելյանը Եվրոպայի մրցումներում. 2000թ.

«Չեմ կարող ասել, թե ինչու չէի կարողանում մեդալ նվաճել աշխարհի առաջնություններում: Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր, չէր ստացվում: Չեմ կարող ասել, որ հոգեբանական խնդիր կար: Պատրաստվում էի ինչպես միշտ, բայց անհեթեթ բաներ էին կատարվում մոտեցումների ժամանակ ու արդյունքի չէի հասնում», - հիշում է Դանիելյանը:

Զավեշտալի դրվագ աշխարհի առաջնությունում

Աշխարհի 1999 թվականի առաջնությունում գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Աշոտ Դանիելյան  ու Արա Վարդանյանը: Այդ տարիներին մեր ծանրորդներն իրենք էին իրենց մարզահագուստը հայթայթում: Արայի հագին մի տրիկո էր, որի վրա գրված էր Ukraina (ուկրաինացի ծանրորդներից նվեր էր ստացել):

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Երբ հայտարարում են Արայի անունը և այն երկիրը, որը ներկայացնում է նա ու մրցահարթակ են հրավիրում Վարդանյանին, մրցավարը մեր ծանրորդին չի թույլատրում ներս մտնել`ասելով, որ հիմա պետք է մրցահարթակ դուրս կա Արմենիան ներկայացնող մարզիկը, այլ ոչ թե Ուկրաինան: Պարզ է, որ մրցավարը ծանրորդներին դեմքով չէր ճանաչում, այլ կողմնորոշվում էր մարզահագուստի վրա գրածով: Հետո ստիպված փոխում են Արա Վարդանյանի մարզահագուստն ու շարունակում մրցումները:

Հայր ու որդին մարզիչ–մարզիկի դերում

Ծանրամարտում Աշոտ Դանիելյանի հայտնվելը պատահական չէր: Հայրը՝ Ռոման Դանիելյանը, ծանրամարտի մարզիչ էր ու, տեսնելով որդու բնատուր ուժը, Աշոտին տարավ ծանրամարտի դահլիճ:

7-8 տարեկան էր նա, երբ առաջին անգամ մոտեցավ ծանրաձողին: Բայց շուտով հայրը համարեց, որ դեռևս վաղ է Աշոտին ծանրամարտով զբաղվել, ու փոքրիկ հսկան սկսեց  մարզվել ըմբշամարտով։

«Ըմբշամարտով մարզվում էի, բայց սիրում էի ծանրամարտը: Մասնավորապես գերծանր քաշայինների մրցումներին էի հետևում, ու տեսնում, թե ինչ կիլոգրամներ էին բարձրացնում: Ի վերջո 11 տարեկանում նորից գնացի ծանրամարտի դահլիճ ու մնացի այնտեղ մինչև վերջ»,- հիշում է Աշոտ Դանիելյանը: Նա հպարտությամբ հավելում է, որ իր հայրը միշտ իր կողքին է եղել բոլոր մրցումների ու հավաքների ժամանակ:

Ճանաչված ծանրորդ Աշոտ Դանիելյանը չի հեռացել սպորտից ու մասնավորապես` իր սիրած մարզաձևից: Նա աշխատում է Ֆիզկուլտուրայի հայկական պետական համալսարանում՝ Ծանրամարտ, բռնցքամարտ, սուսերամարտի ամբիոնի վարիչն է: Փորձն ու գիտելիքները ապագա սերնդին փոխանցելը նույնպես կարևոր և դժվար աշխատանք է:

398
թեգերը:
մեդալ, Օլիմպիական խաղեր, ծանրորդ, ծանրամարտ, Աշոտ Դանիելյան
Ըստ թեմայի
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին
Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

5
(Թարմացված է 15:40 06.07.2020)
Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանն ու Մարգարիտ Ազարյանը, դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի:

Տեղեկատվությունն այս մասին հրապարկվել է Դատական տեղեկատվական Datalex.am համակարգում:

Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Դատական հայցի համաձայն`հայցվոր կողմը վիճարկում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am կայքում հրապարակված տեղեկությունների իսկությունը՝ դրանք որակելով որպես «զրպարտություն» և հրապարակային հերքում պահանջելով:

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել  իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

Նշենք, որ Վանեցյանները դատարան են դիմել 2020թ. հունիսի 04-ին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2020թ. հունիսի 05-ին և ընդունվել է վարույթ:

Դատական նիստի օրն այս պահին դեռ նշանակված չէ:

5
թեգերը:
ԶԼՄ, դատ, Դատարան, ծնող, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին