Եվրո 2019–ը

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն

114
(Թարմացված է 00:02 16.07.2019)
Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Թողնելով զուտ մարզական նրբերանգները այդ գործից շատ ավելի լավ գլուխ հանողներին` կարծում եմ, արժե հատուկ ուշադրություն դարձնել ահա թե ինչին:

Այս կարգի մարզական խոշոր միջոցառումներ Հայաստանը հաճախ չէ, որ հյուրընկալում է: Մանավանդ «միլիոնների խաղի»՝ ֆուտբոլի հետ կապված: Թող որ՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն է: Դա իսկապես մարզական մեծ իրադարձություն է, ֆուտբոլային մեծ տոն:

Գաղտնիք չէ, որ նման կարգի մրցաշար հյուրընկալելուն դասական առումով լիովին համապատասխանողը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտն է, որի տրիբունաները նախատեսված են գրեթե 15 հազար հանդիսականի համար: Առաջնության եզրափակիչ փուլի բացմանն ու մեկնարկային հանդիպմանը, ինչպես ազդարարվեց ընթացքում, ներկա էր մոտ 11 հազար հանդիսական: Օրվա երկրորդ՝ Պորտուգալիա-Իտալիա հանդիպմանը դրանից գրեթե երեք անգամ ավելի քիչ, մոտ 4000 հանդիսական էր հետևում մարզադաշտում:

Ասել, թե մինչև 19 տարեկանների (Մ19) Եվրո-2019-ի եզրափակիչ փուլը բարձր մակարդակով կազմակերպելու համար քիչ բան է արվել, իհարկե, չի կարելի: Մայրաքաղաքի կենտրոնում, Ազատության հրապարակում անգամ «ֆան գոտի» է պատրաստվել ու կահավորվել, ինչը արդեն իսկ որոշակիորեն դրական է խոսում իրադարձության նկատմամբ պատասխանատուների մոտեցման մասին:

Ավելին, նույնիսկ sms «հրավիրատոմսեր» են տարածվել:

Բայց փաստը ակնհայտ է. Մ-19 Եվրո-2019-ի  մեկնարկային հանդիպումները տեղի ունեցան մի դեպքում մոտ 70-75 տոկոսով լի, մյուս դեպքում՝ կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Իսկ կիսադատարկ տրիբունաներով, կներեք, ի՞նչ տոն, մանավանդ՝ ֆուտբոլային:

Անհրաժեշտ է նկատել, որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների լավագույն թիմերի խաղերին մարզադաշտում հետևելու համար տոմսերի գները, նույնիսկ Հայաստանի չափանիշներով, միանգամայն մատչելի են: Այնքան մատչելի, որ դրանից էժանը միայն անվճարն է: Բջջային կապով տարածված կարճ հաղորդագրության համաձայն` տոմսի արժեքը 200-ից 500 դրամ է:

Պարզ ասած՝ տրիբունաների կիասադատարկության դեպքում հիմնական հարցը հազիվ թե կարող էին տոմսերի գները լինել: Եթե դու 15-16 տարեկան ես ու իսկապես սիրում ես ֆուտբոլ, ապա հազիվ թե քեզ մեկուկես պաղպաղակի գնին կամ ավտոբուսի կրկնակի ուղեվարձին հավասար տոմսի արժեքը հետ պահի, այն էլ՝ Եվրոպային պատանեկան առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներին մարզադաշտում հետևելուց:

Հոգնե՞լ է կանանց ֆուտբոլից. սերբ «Մարադոնան» կարող է գլխավորել «Երևան» ակումբը

Ակներև է նաև, որ առաջին հանդիպմանն ավելի շատ հանդիսական կար հենց այն պատճառով, որ մեր պատանեկան հավաքականն էր ելույթ ունենում: Դեռ լավ է, որ Հանրապետական մարզադաշտը փոքր է՝ տարողության առումով: Եթե միջին տարողության տրիբունաներով, ասենք՝ 30 կամ 40 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ լիներ, ապա առաջին հանդիպումն էլ կթվար, որ կիսադատարկության պայմաններում է անցնում:

Տեսեք. Հայաստանը հիմա կարծես ֆուտբոլային «բում» է ապրում, համենայն դեպս, կարճ ժամանակահատվածում մի շարք նոր ֆուտբոլային ակումբներ են ստեղծվել: Մյուս կողմից, Հայաստանում միշտ էլ ֆուտբոլի, մանավանդ արտասահմանյան ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել ու կա: Է, արտասահմանյան ֆուտբոլ ասվածն իր ոտքով, այն էլ՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի տեսքով, եկել է մեր բակը: Ու ստացվում է, նույնիսկ չենք ուզում պատուհանից նայել, թե բակում ինչ է կատարվում:

Հարց է ծագում. իսկ մի՞թե հնարավոր չէր այդ հարցի մասին ավելի լավ հոգալ: Ի՞նչ նկատի ունեմ: Այն, որ կարելի էր և՛ Արցախից, և՛ Սյունիքից, և՛ Շիրակից, և՛ Տավուշից ու Լոռուց, մի խոսքով, մեր հայրենիքի բոլոր հատվածներից հարյուրավոր ֆուտբոլասեր ու ֆուտբոլով զբաղվող երեխաների ներկայությունն ապահովել, կազմակերպել այդ ամենը: Հատկապես՝ ֆուտբոլով զբաղվող երեխաների, պատանիների մասին է խոսքն, առաջին հերթին:

Գուցե կարելի էր շատ ավելի ակտիվ գովազդային արշավ կազմակերպել, որպեսզի համեստագույն թվով նստարաններ ունեցող Հանրապետական մարզադաշտում աչք չծակեր, որ հանդիպումը կիսադատարկ տրիբունաների պայմաններում է անցնում:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

Չէ, արհեստականորեն մարզադաշտ «լցնելու» կողմնակիցը չենք: Բայց եթե ամեն ինչ ավելի հեռատես ու հստակ կազմակերպված լիներ, ապա արհեստականորեն «լցնելու» խնդիր էլ չէր ծագի, այլ հակառակը, գուցե «ավելորդ տոմսի» պահանջ լիներ:

Իսկ այսպես՝ հա, ապրեն մերոնք, որ կարողացել են հասնել նրան, որ այս մրցաշարը մեր երկրում անցկացվի, բայց դա հազիվ մի քանի հազար հոգու է հետաքրքրում:

Հուսանք, կազմակերպիչները ևս իրենց հետևությունները կանեն, ու գոնե եզրափակիչ խաղը կիսադատարկ ստադիոնում չի անցնի:

114
թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Պատանի ֆուտբոլիստների ամենաաստղային հնգյակը. ովքե՞ր են այս օրերին Հայաստանում
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին