Խնամատար ընտանիքներ

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն

1218
(Թարմացված է 15:49 18.07.2019)
Մոտ 1 ամիս առաջ ՀՀ Կառավարությունը հերթական նիստում որոշում ընդունեց ՀՀ-ում խնամատար ընտանիքի ինստիտուտի օրենսդրության բարեփոխման և զարգացման վերաբերյալ։ Ի՞նչ է խնամատարությունը, ի՞նչ է ստանում խնամատարության հանձնված երեխան և այլ հարցեր Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել՝ զրուցելով մի քանի խնամատար ընտանիքների հետ։

Արթուրը, Ավետն ու Լյուսին

Խաչապուրու խմորի պատրաստումը կիսատ է մնացել. Արթուրը, Ավետն ու Լյուսին համբերատար սպասում են, որպեսզի մայրն ավարտի շատ հարցեր տվող աղջկա հետ զրույցը ու միասին շարունակեն իրենց համով գործը։

Անահիտ Պետրոսյանն ամուսնու հետ քսաներեք տարի սպասեց հրաշքին. զույգն իսկական ընտանիք է դառնում, երբ երեխաներ են հայտնվում։

Խնամատար ընտանիքներ
© Photo : provided by Anahit Petrosyan
Արթուրը, Ավետն ու Լյուսին` Անահիտ Պետրոսյանի հետ

«Մեկ տարի առաջ հուլիսի 10-ին, 12:15-ին նրանք իմ տուն եկան՝ Արթուրս, Ավետս ու Լուսինես. Աստծո կամքով նրանք երեքն են»,- ասում է Անահիտն ու հիշում, թե ինչպես իմացավ խնամատար ծնող դառնալու ծրագրի մասին, ինչպես տնայցի ժամանակ մասնագետներին ասաց, որ դեմ չէ երկու կամ երեք երեխա լինեն, որովհետև քույր-եղբայրներին բաժանել չի ուզում, խնամատար մայր կդառնա բոլորի համար։

«Հենց առաջին օրը, որ տուն բերեցինք, ամուսինս երեխեքի մազերը կտրեց, միասին լողացրեցինք նրանց։ Հիմա բոլոր պարտականությունները բաշխել ենք երկուսիս միջև, որ երեխաների համար ավելի լավ լինի։ Օրինակ` եթե ես երեխեքի հետ դաս եմ պարապում, ամուսինս կարող է նաև ամանները լվանալ, միայն թե ես երեխաներից չկտրվեմ, զբաղվեմ նրանցով»,- պատմում է Անահիտն ու երջանիկ հուզմունքով ասում, որ երկրորդ օրն արդեն 23 տարի երազած բառը լսեց՝ «մամա»։

Սկզբում հարազատները, հարևանները ասել են, որ դժվար է լինելու, փոքր չեն, մեծ են (Արթուրը՝ 9 ու կես, Ավետը՝ 8 ու կես, Լուսինեն 7 ու կես), ինքն էլ ծնող լինելու փորձ չունի, չեն ենթարկվի, բայց կնոջ ներքին ձայնը հուշել է, որ ամեն ինչ ստացվելու է։ «Այդպես էլ եղավ՝ մեր հրեշտակներն են։ Իհարկե, խնդիրներ լինում են, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում»,- պատմում է Անահիտը։ Խնդիրների գոյությունն էլ է ապացուցում, որ իրենք ընտանիք են դարձել։ Երեխաներին սովորեցնում են այն ամենն, ինչ իրենց կյանքում պետք կգա, ոչ միայն կրթության հարցում են օգնում, այլև սովորեցնում, թե ինչպես, օրինակ, սեղանի շուրջը նստել էլեկտրաէներգիա խնայել, անկողին հարդարել, լավ մարդ լինել։

Հուսով եմ` կկարողանամ օգնել ինչով կարող եմ. Նունե Սարգսյանը «Բարի տնակ» է այցելել

«Դամաշնիկիս կողքը մի քիչ պատռված էր, դե սեփական տուն է, դուրս ու ներս ենք անում անընդհատ, իմաստ չկար փոխելու. Արթուրս ասաց՝ «մամ, մեծանամ, կաշխատեմ, քո համար նորը կառնեմ»,- ասում է Անահիտն ու խոստովանում, թե որքան հուզեցին ու ջերմացրեցին իրեն այդ խոսքերը։

Խնամատարության ծրագրի պահանջներից մեկն է, որպեսզի երեխաների կապը կենսաբանական ընտանիքի հետ չկտրվի։ Անահիտի խոսքով՝ մոր մասին տեղեկություններ չունեն, ասում են, որ հրաժարվել է երեխաներից, իսկ հայրական կողմի հետ կապը պահպանվում է։ Երեխաներին տատիկն է պահել, որը վերջերս մահացել է։ Երեխաների հետ գնացել են հոգեհանգստին մասնակցելու, որպեսզի հասկանան, թե ինչու տատիկն էլ չի գալու, իսկ հորեղբոր, հորաքրոջ և հոր հետ կապ կա, երբեմն այցելության են գալիս։

Խնամատարության ծրագրին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան երեխաները, այսինքն՝ չափահաս դառնալուց հետո ծրագիրն ավարտվում է։ Ի՞նչ է դրանից հետո լինելու, Անահիտն առանց մի վայրկյան վարանելու պատասխանում է.

«Արթուրն ասում է՝ մամ, ամուսնանամ, քո սենյակում կմնամ կնոջս հետ, ասում եմ՝ շատ լավ, Ավետն էլ ասում է, դե ես էլ մյուս սենյակում կմնամ, Լյուսիս էլ ասում է խոհանոցը սենյակ կդարձնենք։ Մի խոսքով`իմ երեխաներն են, ոնց որ հենց ես լույս աշխարհ բերած լինեմ իմ ճուտիկ-բուլիկներն են, այլ բանի մասին չեմ էլ մտածում։

Կարոն

Աիդա Արզումանյանի ամուսինը մահացել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ` 1988–ին։ Տարիներ շարունակ դստեր հետ մենակ են եղել, մինչև որ լսեց խնամատարության ծրագրի մասին ու որոշեց, որ ինքը պիտի որդի ունենա, իսկ աղջիկը՝ եղբայր։ 2007թ.-ին Աիդայենց տուն եկավ Կարոն. նա 7 տարեկան էր, աղջիկը՝ 17։ Աիդան հիշում է, որ սկզբում աղջիկը Կարոյին խանդով էր վերաբերվում, իսկ հիմա առանց իրար կյանք չունեն։

«Տղաս արդեն քսանմեկ տարեկան է և քրոջ մասին հոգ է տանում այնպես, ինչպես յուրաքանչյուր հարազատ եղբայր դա կանի՝ ուր է գնամ, երբ է տուն գալիս»։ Աիդան հիշում է, որ սկզբում շատ դժվար էր, Կարոն հաստատությունից էր եկել և ընտանիքում պահելաձև չգիտեր, պարզապես չէր տեսել։ Բավականին ագրեսիվ երեխա էր։ Երկար ճանապարհ անցան նաև «մամա» բառին հասնելու համար.

«Մայրս մի օր մեր տանն էր, ինքը հենց սկզբից տատիկին շատ սիրեց, կապված էր հետը։ Ասացի՝ «մամ», ինչ-որ բան էի հարցնում, մամաս տղայիս ասաց՝ «տեսա՞ր, ինձ մամա է ասում, իսկ դու իրեն՝ Աիդա տյոտյա, խի՞ չես ասում «մամա»։ Խոհանոցից լսում էի իրենց զրույցը։ Տղաս ասաց՝ «ուզում եմ, բայց ամաչում եմ»։ Մայրս խոստացավ, որ եթե ինձ մամա ասի, ինչքան մոտը գումար ունի, ամբողջը կտա, որ գնա, ինչ ուզում է առնի։ Ձեռքս ուտելիք էր, տանում էի սեղանին դնեի, մեկ էլ վազելով եկավ, դիմացս կանգնեց, ասաց՝ «մամ ջան, տուր ես, կտանեմ»։ Ոտքերս թուլացան»,- Աիդան հիշում է, որ տատիկը խոստումը պահեց և իր մոտ եղած ամբողջ գումարը Կարոյին տվեց։ Ի՞նչ արեց Կարոն, ամբողջ գումարով գնաց ու տան համար հավի բուդ գնեց, ոչ մի լումա իր համար չծախսեց։ Կարոն հիմա էլ է  այդպիսին, աշխատավարձը ստանում է թե չէ, մոր ու քրոջ համար նվերներ է գնում, մնացածն էլ ամբողջությամբ բերում, մայրիկին տալիս, որ նա տնօրինի։ Երբեմնի ագրեսիվ տղայից բան չի մնացել։ Կարոն բակի ամենալավ, ամենահարգալից, հոգատար տղան է։

«Ես իրեն հենց սկզբից եմ ասել, որ դու իմ տան տղեն ես, իմ օջախի ծխեցնողն ես լինելու։ Ինչքան ասում է՝ «մամ», մինչև չասեմ «հա ջան», չի հանգստանում, որ չեմ ասում, իրար է խառնվում, մտածում է՝ կարող է հիվանդ եմ, ինձ լավ չեմ զգում»։

Հիմա Աիդան նորից է դիմել խնամատար ծնող դառնալու համար. տղան է առաջարկել, ասում է՝ «արի մեկին էլ փրկենք, ոնց որ ինձ ժամանակին փրկեցիր»։ Աիդան վստահ է, որ այս անգամ ավելի հեշտ է լինելու, որովհետև տղան ու աղջիկն արդեն կօգնեն մյուս երեխայի դաստիարակության հարցում։

Սյուզին

Աննիչկա Գրիգորյանն ունի երեք որդի և մեկ դուստր, հարսներ, թոռներ. մի խոսքով` մեծ  ու համերաշխ ընտանիք։ Երկու տարի առաջ ձմռանը համագյուղացիներից իմացավ ծրագրի մասին, հետաքրքրվեց,  ընտանիքի հետ խորհրդակցեց ու որոշեց, որ ընտանիքում տեղ ունեն ևս մեկ անդամի համար։

«Թոռնիկս առողջական խնդիրներ ուներ, մտածեցի, որ բարի գործ անեմ, մի երեխայի ճակատագիր փրկեմ, Աստված երեխաներիս առաջ էլ դա կբերի»։

Հպում երազանքին. Անգելինայի երջանկության երեք ամիսները

Այդպես եկավ Սյուզին։ Աննիչկան հիշում է, թե սկզբում որքան դժվար էր, ինչքան  չլսող, ինքնասածի, ագրեսիվ երեխա էր, թվում էր, թե չեն կարողանալու այդ պատասխանատու գործն անել ու ստիպված են լինելու Սյուզիին հետ վերադարձնել։

«Զայրանում էի, ճնշումս բարձրանում էր, վատանում էի»,- հիշում է երկու տարի առաջվա դեպքերը։ Սյուզին արդեն երրորդ դասարանում էր, բայց անգամ հայերեն տառերը կիսատ գիտեր։

«Աղջիկս սկսեց հետը պարապել, դժվար էր շատ. համոզելով, խնդրելով, բարկանալով հասավ նրան, որ հիմա Սյուզին այնպես չէ, որ գերազանցիկ է, բայց առաջադիմությունն անհամեմատելի է, ռուսերեն ու անգլերեն տառերն էլ գիտի»։

Աննիչկան Սյուզիի ագրեսիվ պահվածքը բացատրում է նրանով, որ նա մինչ այդ ոչ թե ընտանիքում, այլ հաստատությունում էր ապրել, որտեղ ինչ-որ ժամանակ եղել են նաև իր չորս քույրն ու եղբայրները, հիմա եղբայրներից մեկը ևս խնամատարության է հանձնված է, ապրում է իրենցից ոչ հեռու, հետևաբար, քույր ու եղբայր պարբերաբար հանդիպում են, շփվում։ Մոր մասին շատ տեղեկություններ չունի, ասում են, թե նորից է ամուսնացել։ Կապ են պահպանում տատիկի հետ, Սյուզիի ծննդյան օրը Աննիչկան նաև տատիկին էր հրավիրել, ասում է, որ շատ լավ կին է, այնպես որ կենսաբանական հարազատներից «կտրելու» նպատակ չունի։

«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ

«Մերվել ենք արդեն, մենք իրեն, ինքը՝ մեզ։ Ասում եմ՝ քեզ լավ պահես, Ռոզան ամուսնանա (աղջիկն է), իր սենյակը քեզ եմ տալու, հետո էլ ավելացնում եմ`խելոք աղջիկ մեծացիր, քեզ իմ տնից եմ ամուսնացնելու ։ Ուրախանում է շատ, հիմա անհամբեր սպասում է, թե երբ է Ռոզան ամուսնանալու», պատմում է կինը։ Աննիչկան ասում է, որ Սյուզին հիմա ամբողջ ընտանիքի հետ մտերիմ է, տղաների տուն է հյուր գնում-գալիս։ Իրեն «տատի» է ասում, որովհետև մեծ թոռնիկի հետ հասակակից է։ Հիմա Սյուզին ճամբարում է, Աննիչկան ուրախությամբ նշում է, որ մեկնելուց առաջ ասել է, թե ամենաշատը տատիկին է կարոտելու։

Ինչ է խնամատարությունը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ՝ խնամատարության վերաբերյալ 2008թ․-ին Կառավարության կայացրած որոշումից հետո մինչև այսօր 95 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում։ Լինում են դեպքեր, երբ երեխայի և խնամատար ծնողների միջև շատ ամուր սոցիալական կապեր են ձևավորվում, և անգամ խնամատարության ավարտից հետո արդեն չափահաս դարձած երեխան շարունակում է ապրել այդ ընտանիքում։ Այնուամենայնիվ, ծրագրի նպատակը երեխաներին կենսաբանական ընտանիքներից հեռացնելը չէ։ 2019թ.-ին մեկ ընտանիքում մեկ երեխա խնամելու համար տրամադրվող ամսական գումարի չափը 132.636 ՀՀ դրամ է, որից 72.728 ՀՀ դրամը տրվում է որպես աշխատավարձ , իսկ 59.908 ՀՀ դրամ՝ երեխայի խնամքի համար նախատեսված գումար։

Սեյվ դը չիլդրեն Հայաստանի Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Գրիգորի Գրիգորյանցի խոսքով՝ խնամատարությունն այլընտրանք է ոչ թե ընտանիքին, այլ հաստատությանը։ Կարևոր է, որպեսզի ոչ միայն պահպանվի կապը կենսաբանական ընտանիքի հետ, այլև կենսաբանական ընտանիքը մասնակցի երեխայի դաստիարակությանը, իսկ հարակից ծառայությունները պիտի մշտապես աշխատանք տանեն, որպեսզի ի վերջո երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնեն։

«Գիտական բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հաստատությունը լավ չէ երեխայի համար, դա պիտի վերջին տեղում լինի, երբ խնամքի կազմակերպման մյուս բոլոր հնարավորությունները սպառվել են։ Միշտ առաջնայինը պետք է լինի երեխայի լավագույն շահը»,- ասում է Գրիգորյանցն ու ավելացնում, որ շատ կարևոր է ծնողների հետ ճիշտ աշխատանք կատարել, որպեսզի հասկանան՝ խնամատարությունը որդեգրում չէ, դա  մասնագիտացված վճարովի ծառայություն է։

1218
թեգերը:
ընտանիք, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Երեխան, որին Քիմ Քարդաշյանն «ուզում է որդեգրել», Գյումրուց չէ. մանկատան տնօրեն
Բաթոյանն այցելել է Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից ընկած երեխային
Երևանում 11 խնամատար ընտանիքում ապրում է մանկատան 13 երեխա
Զարդանախշ

Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

212
(Թարմացված է 08:59 13.08.2020)
Բնակարանների սեփականատերերը մտահոգ են. գույքահարկն ավելանում է, բայց բոլորը չէ, որ կարող են այն վճարել։ Երևանում բնակարանները շատ են ու տարբեր, դրանցում ապրող մարդիկ` ևս։ Թե ինչպե՞ս է ձևավորվել Երևանի բնակֆոնդը՝ հիշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Սկզբում հայտնվեցին «ստալինկաները», հետո «խրուշչովկաները», այնուհետև «բրեժնևկաները», այսօր արդեն թանկարժեք «առանձնատների» մի ամբողջ թաղամաս, որոնց վրա խեթ է նայում Քննչական կոմիտեն։  Ամեն ինչ սկսվեց «ստալինկաներից»։

Ի՞նչ են դրանք և ինչու՞մն է դրանց գրավչությունը։ Երևանում այդ շենքերը կառուցվել են անցած դարի 30-ականների վերջից մինչև 50-ականների կեսերը, գլխավորապես Մաշտոցի անվան (այն ժամանակ, բնականաբար Ստալինի անվան) պողոտայի երկու կողմերում, որոնք  ամուր կանգնած են նաև այսօր։

Կհարցնեք՝ի՞նչ առավելություններ ունեն «ստալինկաները»։ Շատ։ Ընդարձակ շքամուտքեր, երկաթակուռ ճաղաշարեր, սալիկապատ հատակը, նույն հարկում ոչ ավել, քան երկու կամ երեք բնակարաններ` 50-100 քմ մակերեսով, մինչև 3 մետր ձգվող առաստաղներով, առանձին սանհանգույցով, մեծ  խոհանոցով, ընդարձակ պատշգամբով, որոնք գերազանցապես գտնվում են քաղաքի պատմական մասում։ Եվ սա դեռ ամենը չէ։

Առաջին հայացքից գայթակղիչ այս բնակարանները, սակայն, թերություններ էլ ունեն։ Շենքերը բավական հին են (տարիքն այստեղ էլ անհնար է թաքցնել), գները` թանկ։ Կարծես՝ այսքանը։

Մաշվածության մասին ավելի մանրամասն․ մինչև 1945 թվականը կառուցված «ստալինկաներին» 125 տարվա կյանք էին խոստանում։ Իսկ 45 թվականից հետո կառուցվածները նախատեսված են մինչև 150 տարվա շահագործման  համար։

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Հիմա «խրուշչովկաների» մասին։ Շինարարական նորմերի ու կանոնների համաձայն` դրանց շահագործման համար կես դար էր հատկացված։ Բայց երևանյան Չերյոմուշկաներում մեր երկարակյացներն իրենց դարն արդեն ապրել են և տա Աստված, որ շարունակեն գոյատևել առանց միջադեպերի։

Սակայն ամեն ինչ իր վերջն ունի և նույնիսկ «ստալինկաները» հավերժ չեն, չնայած Երևանում դրանք դեռ երկար են կանգուն կմնան։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք կարծես հատ–հատ կառուցված լինեն, քանի որ բառիս բուն իմաստով ձեռքի աշխատանք են։

Կարող եմ անձամբ վկայել՝ Մաշտոցի պողոտայում գտնվող N 24 բնակարանի օրինակով, որում ապրել եմ։ Բնակարանի հիմքի փորվածքն արել են ձեռքով` բահ, լինգ,  քլունգ, ձեռնասայլակներ։ Ճակատային և ներսի պատերի քարերը (վարդագույն տուֆ) տեղափոխել են մեծ բեկորներով, որոնք տեղում ավելի փոքր կտորների են բաժանել, հետո դրանք խելքի են բերում քարտաշները, որոնք օգտագործել են հատիչ, մուրճ, պեմզա։ Միևնույն ժամանակ դրանք կառուցելիս քարտաշները կիլոգրամներով կուլ են տվել դեպի երկինք բարձրացող փոշու քուլաները, ռեսպիրատոր դիմակներ նրանք չեն դրել, հարիր չէր։

Проспект Маштоца
© Sputnik / Aram Nersesyan
Մաշտոցի պողոտա

Քարերը  նույնպես ձեռքով են վերև բարձրացրել, հատակի ծածկի համար ցեմենտի խառնուրդը խառնել են բոլորի աչքի առաջ, այնուհետև բահերով պատգարակների վրա լցրել, ոտքով բարձրացել կոնկրետ հարկ և գործի անցել։ Թե մեկ հերթափոխի ժամանակ քանի անգամ են բարձրացել-իջել ոչ ոք չէր հաշվել։ Բետոնախառնիչը  և ինքնաթափ բեռնատարները հայտնվեցին միայն 50-ականների կեսերին։

Օգտագործվող նյութերը` քարը, փայտը, մետաղը, ապակին և այլն, բոլորը բարձրորակ են եղել, շինարարները` նույնպես, և զարմանալու ոչինչ չկա, որ շենքերն ինչպես կառուցվել են, այդպես էլ կանգուն մնացել են․․․

Здание на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина, Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում կառուցված շենքը

Շինանյութի գողությունները սկսվեցին «խրուշչովկաների» կառուցման տարիներին, ինչի պատճառով երկրաշարժն ավերեց Լենինականի շենքերի մեծ մասը։ Աստված մի արասցե, եթե Երևանում նման բան պատահեր, նույն պատկերը կլիներ։ Ցեմենտը, ավազը պակաս էին լցնում, փոխում դրա տեսակը, հապճեպ  արմատուրա կապում, շտապում էին շահագործման հանձնել շենքը ։

«Բրեժնևկաների» ժամանակ կառուցել են ինչպես պատահի, հաճախ՝ ինչպես ցանկացել են։ Որպես ասածիս վառ ապացույց մի օրինակ բերեմ։

Երկու ընկեր ապրում էին Հրաչյա Քոչարի փողոցի 27 ա հասցեում  գտնվող շենքի նույն հարկում։ Երկուսի բնակարանն էլ երկսենյականոց էր։

– Քեզ չի թվո՞ւմ, որ քո ճաշասենյակը իմինից մեծ է, – մի օր նրանցից մեկը հարցրեց մյուսին։

– Ինձ չի թվում, դա իսկապես այդպես է։

– Այդ ինչպե՞ս, – զարմացել է ընկերը։

Պարզվում է՝ բնակարանը կառուցող աշխղեկը պատրաստվում էր ամուսնանալ այդ հարևաններից մեկի քրոջ հետ և ապագա զոքանչին դուր գալու համար, միջնապատը տասնյակ սանտիմետրեր հետ էր տվել դեպի մյուս հարևանի բնակարան։ Հարսանիքն, իհարկե, կայացավ, իսկ որոշ ժամանակ անց նույն հարկում մեկ այլ ընտանիք հաստատվեց, սակայն հյուրասենյակի պատն այլևս տեղից չշարժվեց։ Ընկերությունը հաղթեց։

Իսկ դրանից ավելի կարևոր էր փոխզիջումը։ Հայաստանի նախարարների խորհրդի տունը (Ավագ Պետրոսյանի փողոց) պետք է այնպես կառուցվեր, որ մինչև հարևան շենքի ճակատային մասը մոտ 5-6 մետր մնար։ Հարևան տան բնակիչները աղմուկ բարձրացրին։ Գլխավոր փաստարկն այն էր, որ իրենց զրկում են արևից։  Նախարարների խորհրդի տան բնակիչները հարցրին՝ իսկ եթե արանքում մեկական սենյակ խցկեն ու նրանց տա՞ն։

«Կլինի», – միաձայն ասացին ցուցարարները և յուրաքանչյուրը ստացավ իր հասանելիքը։

Ինչն է միավորում «բրեժնևկաներին», «խրուշչովկաներին» և երևանյան մյուս տներին` բացառությամբ անհատական նախագծով կառուցված դղյակների։ Կայանատեղիների բացակայությունը։ Այն ժամանակ բակերում ավտոկայանատեղիները համար տարածքներ չէին նախատեսում՝ մեքենաների  բացակայության պատճառով. անձնական օգտագործման մեքենաները սակավաթիվ էին։ «Ստալինկաների» բնակիչներին սպասարկում էին ծառայողական մեքենաները, որոնք բակեր մուտք չէին գործում, այլ սպասում էին փողոցում։ Բակերն իրենց նշանակությունն ունեին. այնտեղ վազվզում էին երեխաները, խաղում և մեծանում։

Աբովյան 10–ն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանման ցանկում. ինչ գիտենք հրդեհված շենքի մասին

... Այդ բակերում խաղացող երեխաները վաղուց են մեծացել, իրենց երեխաներն ունեցել․․․ սերնդափոխություն է եղել, բայց հայրերից որդիներին, այնուհետև թոռներին, հետո էլ ծոռներին անցած «ստալինյան», «խրուշչովյան», «բրեժնևյան» տներն առ այսօր կանգուն են մնացել նաև այն պատճառով, որ դրանց պատերի ներքո շատ են աղոթել։

... Իսկ հինգաստղանի հյուրանոցների տեսքով կառուցված տները բանկային քարտի պարունակության և ճաշակի հարց են։ Կարծում եմ՝ դրանք հարմար են ժամանակավոր բնակության համար, իսկ հիմնական բնակվողներին շատ արագ կհոգնեցնեն, որովհետև հոգի չունեն․․.

212
թեգերը:
գույքահարկ, Ավտոկայանատեղի, շենք, Երևան
Ըստ թեմայի
Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին
Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից
Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար
ԱԱԾ աշխատակից, արխիվային լուսանկար

Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները

311
(Թարմացված է 17:37 13.08.2020)
ԱԱԾ համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները սովորական երևույթ են դարձել։ Վերջին նշանակումները ևս բազմաթիվ հարցեր են առաջ քաշում։ Մտավախություն կա, որ ԱԱԾ–ն գործիք է դառնում իշխանության ձեռքում ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Դրանք սկսվել են ընթացիկ տարվա մայիսին, երբ հատուկ ծառայությունների փոխտնօրեն նշանակվեց մի մարդ, որն այն ժամանակ կատարում էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտավորությունները` 29-ամյա Արգիշտի  Քյարամյանը։

Իշխանությունները այս նշանակումը բացատրեցին քաղաքական նկատառումներով։ Նրանց խոսքով` տևական ժամանակ ոստիկանությունում և ԱԱԾ–ում «դրսից» մարդիկ չէին նշանակվում։ Փոխարենը խոստանում էին, որ նրանք արդյունավետ կաշխատեեն։  Սակայն, դատելով վարչապետի տրամադրվածությունից՝ խոստումները չեն իրականացել, ինչն էլ, իբր, նրանց ստիպել է «դրսից» մարդ բերել։

Այդ նշանակումից մեկ ամիս անց Քյարամյանը գլխավորեց ԱԱԾ–ն` փոխարինելով կադրային «չեկիստ» Էդուարդ Մարտիրոսյանին։ Վերջինիս համակարգից հեռացնելը բացատրեցին ուժայինների կողմից կարանտինային միջոցների ապահովման անարդյունավետությամբ։

Դեռ մայիսին, Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ–ին հանձնարարել է հայտնաբերել երևանյան բակերից մեկում մանկական միջոցառման (որի նկարները հայտնվել էին սոցցանցերում) կազմակերպիչներին։ Համավարակի եռուն շրջանում, բազմամարդ միջոցառումները կտրականապես արգելված էին։ Իսկ, թե ինչու հենց հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն մանկական միջոցառումների կանխմամբ, այդպես էլ անհասկանալի մնաց։  Ըստ շրջանառվող լուրերի` Փաշինյանի հանձնարարությունն ԱԱԾ աշխատակիցներին շոկի է ենթարկել, բայց հրամանը հրաման է, և այն պետք է կատարել։

Չի կարելի բացառել, որ Մարտիրոսյանն այն ժամանակ փորձել է համոզել վարչապետին, որ մանր խնդիրների («գյուղի ուչաստկովիների» մակարդակի, ինչպես մի անգամ ասել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը) լուծման հարցում հատուկ ծառայությունների  մասնակցությունն անհրաժեշտ չէ, ինչն էլ առաջացրել է Փաշինյանի դժգոհությունը։ Ինչևէ, այդ դեպքից մի քանի շաբաթ անց Մարտիրոսյանը հեռացավ։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրենը կղեկավարի Հայկական ԱԷԿ–ը։  Ըստ էության այս նշանակումը խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններին ատոմակայանում օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող մարդ է անհրաժեշտ։

Սակայն, վերադառնանք Քյարամյանին։ ԱԱԾ նոր տնօրենի նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նրա տեղակալներից մեկը` Ռոբերտ Բազիկյանը։ Վերջինս այն ժամանակ կտրականապես հերքեց խոսակցությունները, թե պաշտոնից հեռանում է Քյարամյանի պատճառով։ Բազիկյանն իր որոշումը բացատրեց երկար տարիների աշխատանքով և հանգստանալու անհրաժեշտությամբ, թեև նա համեմատաբար երիտասարդ կադրերից մեկն է՝ 43 տարեկան։

Եվ ահա, օգոստոսի 12-ի առավոտյան հայտնի դարձավ նոր նշանակումների մասին. Քյարամյանի տեղակալներից մեկը դարձավ Քննչական դեպարտամենտի արդեն նախկին պետ Միքայել Համբարձումյանը, մյուսը` Արմեն Աբազյանը։

Համբարձումյանն ԱԱԾ–ի հնաբնակներից է։ Երկար տարիներ զբաղեցրել է Քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը։ Առանց նրա մասնակցության չի անցել գրեթե ոչ մի քննչական գործողություն, որն իրականացվել է աղմկահարույց քրեական գործերի շրջանակում, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ նախկին նախագահի եղբոր` Սաշիկ Սարգսյանի  գործերը և այլն։ Լուրեր են պտտվում, որ նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցած գործը նույնպես համակարգել է Համբարձումյանը։

Արմեն Աբազյանի դեպքում վարվել են նույնկերպ, ինչպես նախկինում Քյարամյանի հետ։ Նրան սկզբում նշանակել են ՔԿ փոխնախագահ, իսկ երկու օր անց տեղափոխել ԱԱԾ։  Սակայն, ի տարբերություն Քյարամյանի՝ Աբազյանը մինչև ՔԿ–ում պաշտոն ստանալը ղեկավարել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունը։

Ուժային կառույցներից մեկի նախկին նախագահի կարծիքով՝ կադրային փոփոխություններն ԱԱԾ–ում այդ կառույցի իրական պահանջմունքը չեն արտացոլում։ Նրա խոսքով՝ դրանք անտրամաբանական են, բացառությամբ մեկ–երկու դեպքի, ղեկավար պաշտոնների են նշանակվում համակարգից անտեղյակ, հատուկ ծառայություններում աշխատելու փորձ ու հմտություններ չունեցող մարդիկ։

«Ինձ թվում է, որ այդ մարդկանց նշանակելու հիմնական չափանիշը` նրանց հավատարմությունն է երկրի քաղաքական ղեկավարին։ Մյուս որակները որևէ մեկի չեն հետաքրքրում։ Օրինակ՝ հեռուն գնալ պետք չէ։ Նախկինում ժամանակ առ ժամանակ հայտնում էին օտարերկրյա լրտեսներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին։  Սակայն այսօր դա չկա։ Վաղուց չենք լսում լրտեսների և գործակալների մասին։ Մի՞թե նրանք այլևս չկան»,  – հարցադրում է անում մեր զրուցակիցը։

Նա բողոքում է, որ ներքին օրակարգը աստիճանաբար ավելի մեծ տեղ է զբաղեցնում ԱԱԾ–ի աշխատանքում, և տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիոն բացահայտումներից բացի, ԱԱԾ–ն որևէ այլ բանով չի զբաղվում։

«Կցանկանայի հավատալ, որ այնտեղ միայն կոռուպցիայի դեմ չեն պայքարում, պարզապես մնացածի մասին չեն բարձրաձայնում»,– ասում է նախկին ուժայինը։

Տրամագծորեն հակառակ կարծիքին է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Բարսեղյանը վստահություն է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բոլոր քայլերի արդյունքում ստանալ հզոր, գործունակ հատուկ ծառայություն։ Կադրային փոփոխությունների շարքը Բարսեղյանը բացատրում է նրանով, որ ի սկզբանե վարչապետն ինքն անհրաժեշտ մարդկանց փնտրտուքի մեջ էր։

Նա հիմքեր չունի կասկածելու ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների մասնագիտական որակներին։ Դատողությունները, թե Քյարամյանը երիտասարդ է, փորձ և փորձառություն չունի, գեներալը պարզապես անհիմն բամբասանք է համարում։

Գլխավոր վարչության պետի նախկին տեղակալն ասում է, որ նախկին ԱԱԾ-ն սպասարկում էր կոռումպացված համակարգի շահերը՝ գործիք լինելով ոչ լեգիտիմ իշխանության ձեռքում։ Հիմա երկրում իրավիճակն արմատապես փոխվել է, իշխանության են եկել քաղաքացիների վստահության քվեն ստացած ուժերը։ Հետևաբար, նույնքան լեգիտիմ կառույց պետք է դառնա նաև Ազգային անվտանգության ծառայությունը, ինչին էլ միտված են ներկա բարեփոխումները։

Բարսեղյանը մեծ հույսեր է կապում Միքայել Համբարձումյանի նշանակման հետ՝ նրան համարելով հատուկ ծառայության ամենաարժանավոր և փորձառու ներկայացուցիչներից մեկը։ Բարսեղյանը լիահույս է, որ նրա աշխատանքն այդքան պատասխանատու պաշտոնում միմիայն օգտակար կլինի այդ կառույցին։

Միաժամանակ գեներալը վստահ է, որ ուժային գերատեսչությունը պետք է ձերբազատվի նախորդ իշխանության հետ անքակտելիորեն կապված մարդկանցից։

Ինչպես տեսնում եք՝ հասարակության շրջանում ԱԱԾ-ի ներսում տեղի ունեցող գործընթացների մասին միանշանակ կարծիք չկա։ Եվ ամեն մեկը հակված է կատարվածին նայել սեփական զանգակատան բարձունքից։ Թերևս այս կամ այն նախաձեռնությունների հաջողության կամ ձախողման լավագույն վկայությունը գործնականում կարտացոլեն այդ քայլերի արդյունքները։ Ոլորտի առանձնահատկություններից ելնելով, իհարկե, այդ քայլերից շատերը չեն կարող տեսանելի լինել։

Պետք է խոստովանել՝ վերջին երկու տարիների ընթացքում տարբեր պատճառներով ԱԱԾ-ն չափազանց շատ է հայտնվում լրատվամիջոցների գլխագրերում։ Եվ, եթե որոշ մարդիկ դա մեկնաբանում են պրոֆեսիոնալիզմի պակասով, մյուսները համարում են աշխատանքի թափանցիկության արդյունք։

Բայց գլխավոր ցուցանիշը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետք է լինի ազգային անվտանգության սպառնալիքներին հակազդելը։ Չմոռանանք, որ մինչ օրս չի բացահայտվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործը։

Հիմա, ինչպես երբեք, այդ կառույցը կարիք ունի վերականգնելու իր հեղինակությունը, որը զգալիորեն անկում ապրեց հիշյալ արտահոսքի պատճառով։

311
թեգերը:
Էդուարդ Մարտիրոսյան, Արթուր Վանեցյան, Արգիշտի Քյարամյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
Ինչի համար է Վանեցյանն ԱԱԾ հրավիրվում. Արսեն Բաբայանը հրապարակել է ծանուցագիրը
ԱԱԾ–ից կադրային արտահոսքը կանգ չի առնում. «Հրապարակ»
Պետական սահմանին ի՞նչը կարգելվի «ցուցադրել». ԱԱԾ–ն օրենքում փոփոխություններ է առաջարկել
Հրավառություն

Հրավառությունների հարցը կլուծվի՞․Ավինյանը զբաղվում է քաղաքացիներին անհանգստացնող հարցով

0
(Թարմացված է 18:09 13.08.2020)
Բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի, հրավառություն ապահովող ապրանքների վաճառքը երկրում սահմանափակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներկրումը և վաճառքը կսահմանափակվի։ Տեղեկությունը գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում։

«Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի», - գրել է փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, ՃԵԿ կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում։

Նշենք, որ ըստ Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ը լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը առաջացնում են նախազգուշացում, իսկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։

0
թեգերը:
Հայաստան, Երևան, հրավառություն, Տիգրան Ավինյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները
Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց