Ավտոկայան

«Կյանքի ու մահվան կռիվ» Երևան-Դիլիջան երթուղայինում կամ ինչ տպավորությամբ կգնա զբոսաշրջիկը

426
(Թարմացված է 09:27 10.07.2019)
Միջքաղաքային տրանսպորտի սարսափելի վիճակի՝ կարգուկանոնի բացակայության, ժամանակացույցի խախտումների, մեքենաների հին ու շարքից դուրս եկած լինելու մասին բազմիցս գրվել ու խոսվել է։ Sputnik Արմենիայի թղթակիցն իր մաշկի վրա է այս ամենը զգացել։

Սիրում եմ բացահայտել Հայաստանը տուրիստի աչքերով, ունենալ այն նույն փորձառությունը, ինչ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն են ունենում՝ ինչ ու ինչպես են տեսնում։ Նախընտրում եմ Հայաստանում ճամփորդել ոչ թե հարմարավետ տաքսիով, այլ այնպես, ինչպես մեր երկիր ժամանած սովորական զբոսաշրջիկը կաներ, ինչպես շատերս ենք անում օտար երկրներում. օգտվում տեղական տրանսպորտից՝ շփվում սովորական մարդկանց հետ, ծանոթանում, ճանաչում նրանց։ Այս անգամ ամուսնուս հետ ուղղություն վերցրեցինք դեպի Դիլիջան։ Նախապես զանգահարեցի Հյուսիսային ավտոկայան՝ ճշտելու երթուղու ժամանակացույցը։ Այդպես ուրբաթ առավոտյան 11 անց 8 րոպե հասնում ենք Հյուսիսային ավտոկայան։ Ծրագրել ենք մեկնել 12-ի երթուղով, շուտ ենք եկել, որ նախապես վճարենք, որպեսզի խնդիրներ չունենանք (Հայաստանում միջքաղաքային երթուղային տաքսուց օգտվելու առաջին փորձն է, այնպես որ բավականին անփորձ ենք մեզ պահում)։

Մեքենայից իջնում ենք թե չէ, մոտենում է գործունյա մի երիտասարդ ու հարցնում, թե ուր ենք գնում։ «Դիլիջան»,–պատասխանում ենք։

«Մի 20 րոպեից մեքենան կգա, կգնաք»,- ասում է երիտասարդն ու ձեռքով ցույց տալիս, թե որտեղ սպասենք։ Նայում եմ ձեռքի ուղղությամբ․մեծ ու ծանր թվացող ուսապարկերով 4 անգլախոս տուրիստ ուղղակի նստած են մայթեզրի քարին։ Պայուսակներով, տոպրակներով տեղացիներ խմբված սպասում են՝ բոլորի հայացքը նույն ուղղությամբ՝ երևի մեքենան հենց այդ կողմից է գալու։

«Որտեղի՞ց ենք տոմսը գնում»,- շատ միամտաբար հարցնում եմ ես։

«Տոմս չկա, կգա, կնստեք»։

«Բայց էստեղ սպասող մարդիկ ավելի շատ են, քան երթուղային տաքսիում հնարավոր տեղերը»,- блондинка շարքի հարցերը շարունակում եմ ես։

«Ով շուտ է եկել, նրանք կնստեն, ով ավելի ուշ, հաջորդին կսպասեն»,- պատասխանում է երիտասարդն ու մի կողմ գնում։

Այստեղ ինձ «այցի է գալիս անհանգստությունը», ներքուստ զգում եմ, որ հեշտ չի լինելու։ Մոտենում եմ սպասող մարդկանց, լարված կանգնում հերթում։ Ամուսինս գրեթե 20 տարի Եվրոպայում է ապրել,  հետևաբար, կենցաղային տարբեր հարցերում իմ անհանգստությունը չի հասկանում, լարվածությունս ավելորդ է համարում։ Հայերի՝ հերթ կանգնելու մշակույթի մասին գիտի, բայց միշտ լավատես է։ Ես՝ ոչ․․․

Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրով հետաքրքրվել է Մինսկի ավտոմոբիլային գործարանը

Ինչևէ, «խելոք» կանգնել ենք շարքում, առայժմ սպասողների շարքում ամենաթարմ ժամանածներն ենք, մտածում ենք, որ «դե լավ, այս մեկով չգնանք, հաջորդին կսպասենք, մյուսում հաստատ տեղ կունենանք»։ Եվս մեկ մեքենա է կանգնում, երաժշտական գործիքն ուսին, ուսապարկը՝ ձեռքին զբոսաշրջիկ է դուրս գալիս, մոտենում մեզ, հանգիստ շարքում կանգնում։ Մի քանի րոպե անց սկսում են նոր մարդիկ ժամանել․մենք արդեն շատ ենք։ Մի 15 րոպե անց գալիս է երկար սպասված մեքենան։ Ու գնաց․․․Բոլորն իրար հրում են, կանայք գոռգոռում են, կռիվ անում, վիրավորում, հայհոյում մեկմեկու, նետվում երթուղայինի մեջ, քաշում իրար թևից։ Դիսպետչերը փորձում է կարգավորել իրավիճակը, բայց, բնականաբար, չի ստացվում։

Կես րոպե դեռ չէր անցել, երթուղայինն արդեն լեփ-լեցուն էր։ Վարորդը բերում է ևս 2 աթոռակ (табуретка), դնում երթուղայինի միջանցիկ հատվածում, հիմա էլ սկսվում է դրսում մնացածների միջև «աննահանջ պայքար» հանուն 2 աթոռակի։ Տեսարանից ապշահար՝ մի կողմում կանգնած ենք մնացել, երաժշտական գործիքով զբոսաշրջիկը մոտեցել է երթուղայինին, դիսպետչերը հայերեն ասում է, որ «սա լցված է, տեղ չկա, այն կողմում սպասեք մյուսին»։ Մոտենում եմ, նույնը կրկնում անգլերեն, զբոսաշրջիկը շնորհակալություն  հայտնում ու հանգիստ կանգնում։

Գալիս է հաջորդ մեքենան, ամեն ինչ նորից է սկսվում, ամուսինս բացում է առջևի դուռն ու ինձ նստեցնում, ավելի ճիշտ, «փրկում է» կանանցից, մեզանից հետո հաջորդ երկար սպասողն ամերիկացի զբոսաշրջիկն էր՝ Քրիսը (արդեն հասցրել էինք ծանոթանալ և իմանալ, որ լեզվաբան է, ԱՄՆ-ից հրավիրյալ դասախոս է հայաստանյան բուհերից մեկում, ուսանողներից մեկն էլ խորհուրդ է տվել հանգստյան օրերին Դիլիջան գնալ)։ Դիսպետչերն անհույս փորձեր է անում խեղճ Քրիսին երթուղային նստեցնելու։ Իսկական Սոդոմ-Գոմոր է։ Քաղաքավարի կերպով երթուղային բարձրանալ փորձող Քրիսին ամեն հասնողը մի կողմ է քաշում, գոռում վրան, հրում։ Առաջին նստարանին 1 տեղ է մնացել, մի կին ամուր նստել է ու չի շարժվում, ասում եմ՝ «տեղ տվեք էս մարդուն», այս կինը խելահեղ գոռում է և Քրիսին հրում, չի թողնում նստել։

«Երեխես ա ստեղ նստելու», -ասում է և շարունակում հրել Քրիսին։ Վերջինս տեղի է տալիս, իջնում, աղջիկը բարձրանում է, նստում կնոջ կողքին։ Հիմա իմ հռետորական ելույթի հերթն է։

«Դուք հասկանու՞մ եք, որ բոլորդ էս մարդուց ուշ եք եկել։ Տիկին, անհարմար չե՞ք զգում, ինչ տպավորությամբ է էս մարդը հետ գնալու մեր երկրից»։

Քրիսը կքանստում է երթուղայինի մեջ՝ պատրաստակամ նույնիսկ այդ դիրքով հասնելու Դիլիջան։ Վերջապես կինն իր կողքին տեղ է տալիս նրան։

Ես ու ամուսինս անհարմար ենք մեզ զգում, ամբողջ ճանապարհին խոսում ենք Քրիսի հետ, փորձում պարպել լարվածությունն ու փոխել նրա տրամադրությունը։ Կինը սկսում է իրեն վատ զգալ, ինձ ասում է, որ իր փոխարեն ներողությունը խնդրեմ Քրիսից իր պահվածքի համար, անդադար ասում է՝ թարգմանեմ, որ իրենք այդպիսին չեն, ուղղակի ստացվեց․ Քրիսը ներողամիտ ժպտում է։ Կինն ամբողջ ճանապարհին փորձեր է անում արածը հարթելու։

«Անպայման զգուշացրեք, որ Դիլիջանից հետ գալն այսպես չէ, պետք է նախապես տոմս գնել, տեղերն ամրագրել, այսպես չի լինում»,- ասում է կինը։ Թարգմանում եմ։

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

Հետադարձի համար երկու օր առաջ տոմսերն ամրագրում ենք։ Մարտական եմ տրամադրված՝ «ո՞վ գիտի, բա որ էլի նույնը լինի»։ Մեկնումից 3 ժամ առաջ ավտոկայան ենք գալիս, ամեն կերպ ուզում ենք ինքներս մեզ ապահովագրել։ Վերցնում ենք ամրագրած տեղերի համապատասխան տոմսը՝ թղթի փոքրիկ կտոր՝ վրան գրված մեր տեղերը։ Ուրախ վճարում ենք 2000 դրամ ու դուրս գալիս․ արդեն հույսով լեցուն ենք, որ տեղի համար պայքարելու կարիք չի լինելու։ Իսկապես, մեքենան գալիս է, հանգիստ, առանց գոռգոռոցի զբաղեցնում ենք մեր տեղերն, ու մեքենան շարժվում է։ Թեթևության զգացում ունենք ոչ միայն մեզ, այլև Քրիսի համար։ Դիլիջան-Երևան երթուղայինում տեղ ունենալու համար Քրիսը «կյանքի ու մահվան կռիվ չի տա»։

Հ․Գ․Հաջորդիվ կպատմեմ Երևան-Գյումրի գնացքում ունեցած փորձառության մասին։

426
թեգերը:
Զբոսաշրջիկ, Դիլիջան, Հայաստան, Տրանսպորտ
Ըստ թեմայի
Տուգանքներ «սելֆիամոլների» համար. ի՞նչ պետք է անի զբոսաշրջիկը դատարանում չհայտնվելու համար
Մի շտապօգնություն ամբողջ Թալինի համար. ինչո՞ւ է ֆրանսիացի զբոսաշրջիկը մահացել Հայաստանում
Արարատի գաղտնիքն ու կիսատ–պռատ զբոսավարները. ի՞նչ հարցեր է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկը
Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի ու 239-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների հուշահամալիր

Նոր սերնդի գեներալները Հայաստանում շատ են, իսկ երեխաներով զբաղվող չկա

167
Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում բացվել է Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի ու 239-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների հուշահամալիրը։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է իր հիշողությունները փառավոր զորավարի մասին։

Նույն ազգանունով երկու գեներալը փոքր Երևանում խառնաշփոթ էին ստեղծում։ Ու չսխալվելու համար Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյանին անվանում էին ալեհեր ու բարձրահասակ, իսկ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանին՝ հերոս։

Մի դեպքում առաջնորդվում էին ակնհայտ ֆիզիկական տվյալներով, մյուս դեպքում՝ պարգևներով. գեներալ– լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը Խորհրդային Միության հերոս էր։ Գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը հերոսի կոչում չէր ստացել, բայց մազերը սպիտակելու պատճառը դա չէր․ դա սովորական տարիքային փոփոխություն էր։

Ութսունականների երևանցիները հաճախ էին տեսնում նրան փողոցներում քաղաքացիական հագուստով, ու ինչպես այն ժամանակ ընդունված էր, քաղաքակիրթ կերպով բարևում էին։

Ճանաչված լինելը ոչ միայն հաճելի է, այլև հաճախ օգտակար։ Իննսունականների սկզբին, երբ բոլորի համար էլ դժվար էր, գեներալի հարսը մի անգամ դատարկ ձեռքով տուն վերադարձավ։ Մարտիրոսյանը հանգվեց ու խանութ գնաց։ Միլիցիոները ճանաչեց նրան ու հաց տվեց գեներալին։ Հերթում կանգնածները չառարկեցին։

Հայկական զորախումբը պատրաստ է Մոսկվայի շքերթին, կամ րոպեում քանի՞ քայլ են անում զինվորները

Գեներալի որդին՝ Ռոբերտը, շարունակեց հոր գործը: Դա հաճախ է լինում զինվորականների ընտանիքում։ Ծառայության ընդհանուր ժամկետը` քսանյոթ տարի, որից յոթը՝ ԳԴՀ-ում, ևս երկուսը՝ Արցախում, նա ապստամբներին հրետանային հրաձգություն էր սովորեցնում։

Նրա դստերը՝ Ելենային, որը կոսմետոլոգ էր աշխատում, Երևանում շատերն են հիշում (այժմ նա Ամերիկայում է), սակայն թերևս ամենալավը կանայք են հիշում։ Նա հաջողության ու ընդհանուր ճանաչման էր հասել, սակայն գեղեցկանալու համար կանայք գնում էին ոչ թե պարզապես գեղեցկության սրահ, այլ «գեներալ Մարտիրոսյանի դստեր մոտ»։

Հայկ Մարտիրոսյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր, սակայն կա մի քաղաք, որտեղ նա ավելի շուտ է ճանաչում ստացել` դեռ մինչ գեներալ դառնալը։ Ավելին, վերջերս այդ քաղաքում փողոց են բացել ու այն անվանել Մարտիրոսյանի պատվին։

Քաղաքը կոչվում է Նովոմոսկովսկ (պատերազմի տարիներին՝ Ստալինոգորսկ), գտնվում է Տուլայի մարզում, հիշում է իր հերոսներին։ Այստեղ գնդապետ Մարտիրոսյանը պաշտպանել է քաղաքը, հետք է մղել ֆաշիստական զորքերին պաշտպանական սահմաններից, չի թողել Մոսկվային մոտենալ։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

․․․Երևանցիների ավագ սերունդը ներկայիս սերնդից առավել է նրանով, որ փողոցով քայլելիս, թատրոն մտնելիս, հյուր գնալիս կարող էր տեսնել ուսադիրների վրա գեներալական աստղերով պատերազմի մարդկանց։

Կհարցնեք՝ ի՞նչ լավ բան կա դրանում, ո՞րն է առավելությունը։ Նույն ուրախությունն է, որն այսօր զգում են նույն փողոցով քայլող, նույն տանն ապրող հայտնի մարդու հետ հանդիպելիս, որը նույն «Արարատին» է երկրպագում ու շտապում է թոռանը դպրոցից վերցնել։ Այդպիսի հայտնի մարդ կարող էր լինել, օրինակ, Արմեն Ջիգարխանյանը, Պարույր Սևակը Երևանում կամ Շառլ Ազնավուրը` Փարիզում:

Իսկ առավելությո՞ւնը որն է։ Մի ժամանակ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակություն գաղափար կար։ Երիտասարդություն կա, դաստիարակությունն է քիչ։ Պատերազմը ոչ ոք չի չեղարկել, իսկ հայրենասիրությունն ինքնին չի առաջանում, այն պետք է դաստիարակել, բայց ինչպե՞ս։ Մի բան է, երբ դրանով զբաղվում են զուտ քաղաքացիական անձիք, ու լրիվ այլ բան է, երբ դրանով զբաղվում են ռազմաճակատից վերադարձած մարդիկ։ Օրինակ, ղարաղաբյան պատերազմի մասնակիցները։

Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց

Նոր սերնդի գեներալները Հայաստանում շատ են, սակայն դպրոցներում ու ինստիտուտներում, զանգվածային միջոցառումներին ուսադիրների վրա մեծ աստղերով զինվորականներն են քիչ։

Անհատներին եմ անցնում։ Երևանում կարելի էր հանդիպել նրանց, բարևել ու հանդիպումների հրավիրել․ նրանք չէին մերժում։ Գեներալներ Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Միխայիլ Մուրադյանը, Տարաս Թուսուզյանը, Աշոտ Ղազարյանն ու բնականաբար Հայկ ու Սարգիս Մարտիրոսյանները (երևի էլի կային, բայց թվարկել եմ նրանց, ում հիշել ու ճանաչել եմ)։

Հայրենական մեծ պատերազմ է գործուղվել վաթսուն հայ գեներալ։ Պատերազմի ավարտից հետո գեներալի կոչում են ստացել ևս ութսուներեքը։

Մեր օրերում մեծ աստղերը երկրի պաշտպանների նոր սերնդի ուսադիրների դրա են։ Հրամաններն այսօր հայերեն են տրվում, համազգեստների վրայի շքանշաններն ու մեդալները հայկական են, կանոնադրությունը հայերեն է, մի բան է անփոփոխ՝ նվիրյալ ծառայությունը հայրենիքին։

«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցները

167
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Երևան, Հայաստան, հերոս, գեներալ
Ըստ թեմայի
Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ
«Կանաչ խաչ» և գեղեցիկ աղջիկներ. ինչո՞վ է վտանգավոր դեղատնային բիզնեսը Հայաստանում
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
Վենեսուելա

Համավարակը և իշխանափոխությունը․ մինչև տարեվերջ ո՞ր պետության իշխանությունները կլքեն աթոռը

217
(Թարմացված է 09:33 06.08.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Պնդումները, թե կորոնավիրուսի համավարակը կարող է որոշ երկրներում իշխանափոխության պատճառ դառնալ, բավական հիմնավոր են։ Խոսքը հատկապես այն երկրների մասին է, որտեղ առաջիկա ամիսներին խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ են սպասվում։
Կորոնավիրուսը և իշխանափոխությունը

Հայաստանում իշխանափոխության հեռանկար կարծես թե չկա հենց այն պատճառով, որ առաջիկա առնվազն մեկ տարում համապետական ընտրություններ չեն նախատեսվում, իսկ թե մեկ տարի հետո ինչպիսի իրավիճակ կստեղծվի՝ կարծում եմ Նոստրադամուսն էլ չէր կարողանա կանխատեսել։

​Համենայնդեպս պարզ է, որ իշխանափոխության հեռանկարն առաջին հերթին վերաբերվում է այն պետություններին, որտեղ մինչև համավարակն էլ քաղաքական իրավիճակը բավական խախուլ էր ու անորոշ և, որոնք չեն կարող խուսափել հզոր տերությունների ազդեցությունից ու ճնշումներից։ Ամենավառ օրինակը երևի թե Վենեսուելան է։ Շատ կոնկրետ փաստ ներկայացնեմ․ հենց երեկ ամերիկյան Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթ ունեցավ Վենեսուելայի գործերով հատուկ հանձնակատար Էլիոթ Աբրահամսը և ասաց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենայն հավանականությամբ իշխանությունից կզրկվի մինչև տարեվերջ։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

​Որն է այս կանխատեսման հիմքը։ Ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ դեկտեմբերին Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, իսկ ներկա պայմաններում ժողովուրդը դժվար թե իր քվեն տա գործող իշխանություններին։ Մենք՝ հայաստանցիներս, իհարկե, շատ լավ գիտենք, որ ցանկացած ընտրությունների արդյունքները կարելի է նաև կեղծել, բայց Վենեսուելայի դեպքում մի շատ հետաքրքիր առանձնահատկություն կա․ այստեղի գործող խորհրդարանն ընդդիմադիր է։ Այո, այո, մի քանի տարի առաջ Վենեսուելայում հաղթել է ընդդիմությունը։

​Պարզապես հիշեցնեմ՝ երբ սոցիալիստների նախկին առաջնորդ Ուգո Չավեսը մոտ ութ տարի առաջ կյանքից հեռացավ, Վենեսուելայում նախագահական ընտրություններ կազմակերպվեցին, հաղթեց Չավեսի հետնորդը՝ Նիկոլաս Մադուրոն։ Կասկածելի ընտրություններ էին, ընդդիմությունը ժողովրդին դուրս բերեց փողոց, տեղի ունեցան բախումներ, սպանվեց ավելի քան 40 մարդ: Համաձայնեք՝ շատ ծանոթ ու ցավոտ պատկեր է: Բայց մեր երկու երկրների նմանությունը այսքանով կարծես թե սահմանափակվում է: Մենք նավթ ու գազ չունենք, իսկ Վենեսուելայի արտաքին եկամուտների 95 տոկոսը գոյանում է նավթի արտահանումից:

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

Հիշո՞ւմ եք՝ Սովետի ժամանակ այսպիսի մի չար կատակ էր շրջանառվում․ «Սոցիալիզմը այն հասարակարգն է, որտեղ անվճար դեռ ոչինչ չեն տալիս, իսկ փողով արդեն ոչինչ հնարավոր չէ գնել»: Այ, մոտավորապես այսպիսի պատկեր ստեղծվեց Վենեսուելայում․ սուպերմարկետներում հսկայական հերթեր էր, անհետանում էր շաքարը, կաթը, բրինձը, սուրճը, ալյուրն ու ձեթը: Իհարկե, կարող եք ասել՝ այսպիսի հետևանքների է հանգեցնում սոցիալիստական գաղափարախոսությունը: Կարող եք նույնիսկ Ուինսթոն Չերչիլին մեջբերել․ «Կապիտալիզմի գլխավոր թերությունը՝ բարիքների անհավասար բաշխումն է, սոցիալիզմի հիմնական առավելությունը՝ աղքատության հավասար բաշխումը»։ Բայց, ախր, Վենեսուելայի դեպքում խոսքն այն երկրի մասին է, որն ունի աշխարհում ամենամեծ նավթային պաշարները։

Վերջին տարիներին Վենեսուելայից հեռացել է ավելի քան 4 միլիոն մարդ, կամ յուրաքանչյուր ութերորդ բնակիչը։ Այս աննախադեպ արտագաղթն ահագնացել է այն բանից հետո, երբ, ըստ մասնագետների, դեռ մեկ տարի առաջ փլուզվել է Վենեսուելայի առողջապահական համակարգը, սկսվել է գիպերինֆլյացիան, իսկ հաղթած ընդդիմության առաջնորդը՝ Խուան Գուայդոն հայտարարել է, որ հենց ինքն է երկրի ղեկավարը։ Այսինքն՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այստեղ երկիշխանություն է։ Քանի դեռ զինվորականները սատարում են Մադուրոյին, նա կարող է իրեն ապահով զգալ։ Բայց ընդդիմությունն էլ, ինչպես ասում են, ձեռքերը ծալած չի նստում։ Մի քանի ամիս առաջ՝ մայիսին հաղորդվեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն ավելի քան 200 միլիոն դոլար են վճարել ամերիկյան ընկերություններից մեկին՝ Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու համար։

Համաձայնեք՝ նման պայմաններում ամենևին չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջը աշխարհի առնվազն մեկ պետությունում՝ Վենեսուելայում, իշխանափոխություն տեղի կունենա։ Թե ինչ դեր է տվյալ դեպքում խաղում կորոնավիրուսը՝ կարելի է անվերջ վիճել։

217
թեգերը:
Հայաստան, իշխանափոխություն, Ընտրություններ, Վենեսուելա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Նիկոլ Փաշինյան

ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ

0
Հատուկ թռիչքն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթ օրը։ Թե ինչ ինքնաթիռով` դեռ քննարկման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց Լիբանանի բարեկամ ժողովրդին ցավակցության ու սփոփանքի խոսքերով։

«ՀՀ կառավարության անունից ուզում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում հայտնել վիրավորներին»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը Լիբանանին օգնելու իր պատրաստակամությունն է հայտնել` Բեյրութին պատուհասած ողբերգության հետևանքները վերացնելու հարցում։

Վարչապետը հայտնեց, որ բացի պետական աջակցությունից ՀՀ ԿԲ–ում հատուկ հաշվեհամար է բացվել նաև անհատական օգնությունների առցանց փոխանցումների համար։

«Ասեմ նաև, որ այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը առաջիկա մեր ինքնաթիռով կմեկնի Բեյրութ` տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,– հավելեց Փաշինյանը։

Վերջին 40 տարվա ցնցումներից այդքան վնաս չէինք կրել, ինչքան այս պայթյունից․ Հավաթյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հատուկ թռիչքն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթ օրը։ Թե ինչ ինքնաթիռով` դեռ քննարկման փուլում է։

Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին հեռախոսազրույց էր ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Վարչապետը հայտնել էր, որ Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում, և դրա արդյունքում ըստ անհրաժեշտության Հայաստանի կառավարությունը Լիբանանին օժանդակելու որոշումներ կկայացնի:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա:

0
թեգերը:
ցավակցություն, Տիգրան Ավինյան, ինքնաթիռ, Բեյրութ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բեյրութի պայթյունն ու մեծ քաղաքականությունը. որքանով է հավանական ահաբեկչության վարկածը
Բեյրութի պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել Նիդեռլանդների դեսպանի կինը
Պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի սարսափելի կադրերը դրոնից. տեսանյութ
Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել