Բռնություն

Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

627
(Թարմացված է 21:35 05.07.2019)
Կարելի է չկասկածել, որ վերջին օրերին Facebook-ի հայաստանցի օգտատերերից շատերին վրդովեցրած «բռնաբար հայեր» բովանդակությամբ ու «բռնության ձայնը» հեշթեգով տարածվող ալիքի նպատակային թիրախներից մեկը «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացմանը նախապատրաստելն էր:

Խորհրդանշական է, որ հենց Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, հրատապ հնչեղություն է ստացել մի հարց, որը հակասում է մեր Մայր օրենքին: Լուրջ իրավաբաններն ահազանգում են, որ Եվրոպայի խորհրդի ՝ կանանց նկատմամբ ու ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ այսպես կոչված «Ստամբուլյան կոնվենցիան» հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Մինչդեռ, Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, միանգամայն պարզորոշ հայտարարություններ է անում, որոնցից ուղղակիորեն բխում է, որ իշխանությունը վճռական է տրամադրված «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու հարցում:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը դեռ նախորդ իշխանությունների օրոք ստորագրել էր տվյալ կոնվենցիան: Սակայն այն դեռևս չի վավերացվել ԱԺ կողմից: Էլ ավելի հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ինչ-որ տեղ շեղվելով հեղափոխական սկզբունքայնությունից, ըստ որի ինչ կար-չկար նախորդների ժամանակ` նախորդներով հանդերձ, վատ էր, մերժելի և մերժված, այս դեպքում հակված է կոնվենցիայի վավերացմանը: Իշխանությունն ասում է, թե մարտական է տրամադրված՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունները, որ արտացոլված են գերատեսչության պաշտոնական կայքի լրահոսում, այս առումով կասկածի տեղ չեն թողնում՝ իշխող ուժը արդեն իսկ որոշել է վավերացնել այդ կոնվենցիան: Ըստ որում, կառավարության ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ օրերս մեկնարկել է ծրագիր, որի անվանումը հանում է բոլոր հարցերը. «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը»: Փոխարենը, ծագում են նոր հարցեր:

«Զսպեք» դեսպանին և դադարեցրեք գեյ–քարոզչությունը. ակտիվիստները նամակ են գրել Թրամփին

Ինչ վերաբերում է «հանվող հարցերին», ապա դրանց շարքում ամենից փոքրը, բայց աղմկոտն այն է, որ արդեն պարզից պարզ է, թե որտեղից էր գալիս և ինչին էր նպատակաուղղված կանանց ու երեխաներին, նաև ծառայության վայրում երիտասարդ տղաների բռնաբարելու վերաբերյալ անհասցե-անանուն բազմաթիվ «պատմությունների» թիրախային ժայթքումը: 

Ինչ վերաբերում է ծագող նոր հարցերին, ապա առանձնացնենք առնվազն երկու՝ մասնագիտական հիմնավորվածության առումով ծանրակշիռ գնահատական:

Սահմանադրական իրավունքի մասնագետ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն, օրինակ, հայտարարեց. « Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, «Ստամբուլյան կոնվենցիան» միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ): Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը: Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական ...»:

Շատ ավելի հանգամանորեն է այս խնդրին, ի դեպ, բավականին հետևողականորեն արդեն որերորդ անգամ անդրադարձել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Ստամբուլյան երկսայր կոնվենցիան, կամ ինչու է աղմկում «հայկական համացանցը»

Իրավաբանի բնորոշմամբ՝ այս կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարող է խնդիր առաջանալ նաև այն առումով, որ կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են, օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա (12-րդ հոդվածի 1-ին մաս): Ի լրումն՝ կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ:

Կոնվենցիայի՝ ավանդույթներն ու նախապաշարմունքներն արմատախիլ անելու վերաբերյալ դրույթը Արա Զոհրաբյանի համոզմամբ խնդրահարույց է: Նա նաև նշում է. «Մեր Սահմանադրությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների ավանդույթները պահպանելու իրավունքն է երաշխավորել (56-րդ հոդված), իսկ կոնվենցիան ընդունելու դեպքում պետք է իր ժողովրդի ավանդույթները արմատախիլ անի: Այս թեզի ընդդիմախոսները կպնդեն, որ բացասական ավանդույթները վերացնելու մասին է խոսքը, բայց ով է որոշելու դա բացասական է, թե ոչ, երբ կոնվենցիայում կան շատ վիճելի հասկացություններ»:

Ի դեպ, այդ խնդրահարույց կոնվենցիայի որոշ դրույթներում ազգային և պահպանողական շրջանակները տեսնում են քողարկված ականներ, որոնց նպատակաուղղված են ընտանիքի ինստիտուտի քայքայմանն ու ավանդական արժեքային կողմնորոշիչների ոչնչացմանը: Ավելի վաղ, նկատենք, բավականին ինտենսիվ հակազդում կար նաև ընտանեկան բռնությանը, ինչպես նաև այսպես կոչված՝ «գենդերային» օրինագծերին: Ընտանեկան բռնության օրենքն, ինչպես հայտնի է, ընդունվեց: Իսկ, թե որքան ազատ են ժամանակակից Հայաստանում իրենց զգում ԼԳԲՏ-ները, թող ոստիկանները ասեն: Նրանք, որոնց վրա հենց բաժանմունքում հարձակվել էին նշված սեռական կողմնորոշմամբ անձինք, կամ այն ոստիկանները, որոնց հասցեին օրերս բարձրաձայն հայհոյանքներ էին հնչեցվում գիշերային Երևանում:

627
թեգերը:
Բռնաբարություն, Բռնություն, Զարուհի Բաթոյան, Նիկոլ Փաշինյան, Ստամբուլյան կոնվենցիա, Հայաստան
թեմա:
Ստամբուլյան կոնվենցիա (22)
Ըստ թեմայի
Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ քարոզի. ովքե՞ր էին հավաքվել ԱԺ բակում
Իշխանությունը հայտնվել է ԼԳԲՏ մուրճի և պահպանողական հանրության զնդանի արանքում. Իշխանյան
«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար
Նոր Մարաղա

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

320
(Թարմացված է 10:54 27.11.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը պատմում է, թե ինչպես են Նոր Մարաղայի բնակիչները լքում իրենց հայրենի գյուղը։ Շատերը 30 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կորցնում իրենց տները։

Երբ թվում էր, թե պատերազմի բոլոր հարվածները հասցված են, բոլոր արցունքները` թափված, իսկ քարտեզը պատրաստ է վերագծման, հայտարարվեց, որ Մարտակերտի շրջանի ևս 7 գյուղ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ գյուղերի բնակիչներն այդ մասին տեղեկացան լավագույն դեպքում վերջնաժամկետից 24 ժամ առաջ։

...Ճանապարհին հանդիպեցինք դեպի մեզ սլացող մի մեքենա, որի թափքին բառի ամենաբուն իմաստով տուն էր բարձած. ի՞նչը կարող է լինել ավելի տպավորիչ, բայց և ավելի ահարկու խորհրդանիշ Մարտակերտ հասնելուն ընդառաջ։

Грузовик перевозит каркас дома по трассе между Мартакертским и Аскеранским районами (18 ноября 2020). Карабах
© Sputnik / Karen Avetisyan
Տուն տեղափոխող մեքենան

«Բավական է պարզապես լսել գյուղերի անունները, որպեսզի պատկերացնեք ամբողջ ցավը` Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Ջրաբերդ։ Մի քանի ժամվա ընթացքում այդ «նորը» կդառնա «հին», «մերը»` «օտար»»,- արձանագրեց վարորդն ու արգելակեց՝ ճամփեզրին տեսնելով վիրավոր կովին:

Жители деревень Мартакертского района умертвили домашний скот перед сдачей территорий азербайджанской стороне (18 ноября 2020). Карабах
© Sputnik / Karen Avetisyan
Ճանապարհին ընկած կովը

– Տղերք, ի՞նչ եք անում, – հարցրեց վարորդը ճանապարհի մեջտեղում դաշույնը կովի վզին պահած կասկածելի տղամարդկանց։

– Կովի միսը հասցնենք զինվորներին, սոված են։

Հենց որ միսը տեղափոխեցին թափք, մեքենան սլացավ սահմանի հակառակ ուղղությամբ` հաստատելով այն կասկածը, որ դժվար թե սառնամանիքին փողոցի մեջտեղում կով մորթեին զինվորների համար։

«Ասում են` պատերազմի ժամանակ ամենաակտիվը զինվորներն են, իսկ պատերազմից հետո՝ փրկարարներն ու թալանչիները: Փրկարարներին ինչ–որ չեմ տեսնում», - ճանապարհը քմծիծաղով շարունակեց սրամիտ վարորդը։

Նոր Մարաղա դեռ չէինք հասել, երբ գյուղից լսվեց խոզերի սրտապատառ ճղճղոցները։

– Ի՞նչ եք անում։

– Մորթում ենք խոզերին, որովհետև կենդանի վիճակում չենք կարողանա տանել, ընդամենը մի «Գազել» ենք վարձել, 100 հազար դրամ ա ուզում մեկ երթուղու համար, հազիվ կարողանանք տեղավորել մորթած միսը, որպեսզի կիլոն 1000 դրամով մի կերպ վաճառենք, «Գազելի» փողը հանենք։

Նմանատիպ մի «Գազել» էլ կողքի տան դիմաց էր կանգնած։ Այդ տանն ապրող կինը անասուն չէր պահում, ուստի թափքի մեջ դոշակներ էին, սպիտակեղեն ու կահ–կարասի, որի ընդհանուր արժեքը հազիվ թե գերազանցեր «Գազելի» վարձակալության 100 000–ը։

Жители села Нор Марага Мартакертского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах
© Sputnik / Karen Avetisyan
Նոր Մարաղա

«Ի՞նչ տարօրինակ բան ա ճակատագիրը. Հին Մարաղայի ջարդից հետո հայրս տեղափոխվեց Նոր Մարաղա` տուն կառուցելու ... զրոյից: Նա Թումանյանի պես ասաց մեզ. «Ապրե՛ք, բայց մեզ պես չապրեք»: Բառեր, որոնցով հիմա ինքս եմ ստիպված դիմել երեխաներիս», - մտորեց գյուղի ալեհերներից մեկը։

«Ավրորան» միջազգային դրամահավաք է հայտարարում Արցախի բնակչության համար

Շատերի ցասումն ու բարկությունը կրկնապատիկ էր, քանի որ հաշված օրեր առաջ հրաժեշտ էին տվել սեփական տներին՝ իմանալով, որ սկսվել է լայնամասշտաբ պատերազմ, որի կիզակետում էր նաև Մարտակերտի շրջանը։ Թեպետ պարտությունից կոտրված ու դժբախտ, բայց շատերը հրադադարից հետո վերադարձել էին հայրենի գյուղ, նորից տեղավորվել` ապրեցնելով թեկուզ տխուր, բայց նոր կյանքի վերջին հույսը։ Ու հիմա օրեր անց ամենը տեղավորելուց հետո մի նոր տագնապ ու մի նոր գույժ, որը սպանում է ոչ միայն այն` վերջին մնացած «նոր կյանքի հույսը», այլև շատերի մոտ` երբևէ Արցախ վերադառնալու հեռանկարը։

- Լավ, հաղթանակը չստացվեց, բայց գոնե պարտությունը կարելի էր մարդավարի կազմակերպել, – ասաց տեղի բնակիչներից մեկն ու նեղսրտեց` գյուղի հանձնման լուրը ստանալուց մի քանի ժամ առաջ հույս ունեին, որ գոնե այդ գործընթացը պատշաճ կերպով կկազմակերպվեր:

Жители села Нор Марага Мартакертского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах
© Sputnik / Karen Avetisyan
Նոր Մարաղա

- Օրինակ՝ ի՞նչ մասնագիտություն ունեք:

- Լրագրող եմ։

- Այսինքն` եթե ձեր տունը խլեն ձեզանից, դուք դեռ կկարողանաք անել ձեր գործը, իսկ մեր պարագայում դա պարզապես «հանձնած հող» չէ, այլ մեր ամբողջ եղած–չեղածը, մեր ամբողջ աղքատ հարստությունը, մեր ամբողջ կյանքը՝ դաշտեր, այգիներ, անասուններ, չիրականացած երազանքներ ու չփակած վարկեր:

Մեկ այլ տան շեմին խառնաշփոթի մեջ շվարած կանգնած էր մի տղա։ Պատմեց, որ չի կարողանում կենտրոնանալ և հասկանալ` այդ մնացած ժամերի ընթացքում ինչ անի` հավաքի ամբողջ համեստ ունեցվածքը, թե փորի գերեզմանն ու ծնողների աճյունները հանի։

– Մորս գերեզմանին երդում էի տվել, որ հարսանիքս սկսելու եմ շիրմաքարերի մոտից` ստանալով իր օրհնությունը։ Նույնիսկ այդ վերջին խոստումս կատարելու հնարավորություն չտվեցին...

Հերթական մորթված անասունի հառաչը մեզ ուղղորդեց դեպի գյուղի վերջին տներից մեկը, որտեղ տանտերերը` հայր և որդի, մեզ հրավիրեցին ներս, խնդրեցին օգնել, որ դատարկեն նկուղը, գոմը, քաղեն այգիներում մնացած նուռն ու խուրման։

Жители села Нор Марага Мартакертского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах
© Sputnik / Karen Avetisyan
Նոր Մարաղա

– Պապ, բա՞ տունը չենք վառելու, – հարցրեց որդին։

– Ես չեմ կարողանա, ես եմ սարքել իմ ձեռքերով։ Էդ վառելու փոխարեն եկեք բոլորով մի վերջին անգամ խմենք, – պատասխանեց հայրն ու նկուղից հանեց իր այգու խաղողից թորած օղու վերջին կես լիտրը, տան մուտքի մոտ վառեց մի փոքր խարույկ, վրան տաքացրեց 3 հատ զինվորական պահածո ու բարձրացրեց բաժակը մի վերջին կենացով.

– Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք։

Կենացն ընդհատեց սահմանի մյուս կողմից օդ արձակված զարկը։

– «Հրանոթային զարթուցիչն» ա, թուրքերն են, զգուշացնում են, որ արագացնենք, – ասաց հայրը` շտապելով վերջին ուղեբեռը լցնել մեքենայի բեռնախցիկ։

– Դու գնա, ես գալիս եմ, – հետևից բղավեց որդին` բենզինը լցնելով անվադողին և խարույկի վերցրած ծխացող մի փայտը ձեռքին այն գլորելով տան շեմից ներս։

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը հրկիզել է Մարաղա գյուղը և կոտորել բնակչությանը։ Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ։ Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում 80-100 հայ է սպանվել, ավելի քան 40–ը` վիրավորվել, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ ողջ մնացած մարաղացիները վերադարձել են մահացածներին հողին հանձնելու։

1995 թվականին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում կառուցվեց և վերաբնակեցվեց մի նոր գյուղ, որն անվանվեց Նոր Մարաղա՝ որպես կյանքի շարունակության նշան:

Որոնք են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան 121 հայաբնակ համայնքները

320
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Նոր Մարաղա
Ըստ թեմայի
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Դոնալդ Թրամփ, Իվանկա Թրամփ, Ջարեդ Քուշներ

ԱՄՆ-ում իշխանափոխություն է սկսվել

93
(Թարմացված է 22:50 26.11.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանն ավարտվեց ու թեև Ամերիկայի նախագահը առաջվա պես պնդում է, թե վիճարկելու է Ջո Բայդենի հաղթանակը համապատասխան մարմիններում, այնուհանդերձ նաև հրահանգ է տվել սկսելու իշխանության փոխանցումը իր մրցակցին։
Ամերիկայում նախագահության փոխանցման գործընթացը վերջապես սկսվեց. ինչ սպասել

Բայդենն էլ, իր հերթին, ներկայացրել է իր թիմի անդամներին և արդեն պարզ է, որ առաջիկա տարիներին Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխվելու է մի շարք բնագավառներում, ընդ որում արմատապես է փոխվելու։ Բայց նախ այն մասին, թե ինչ է սպասում Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին, որի անդամներից շատերը անմիջականորեն ներգրավված էին վերջին չորս տարիների քաղաքական և տնտեսական քաղաքական գործընթացներին։ Արևմտյան որոշ լրատվամիջոցներ համոզված են, որ Թրամփի ընտանիքի անդամներին ոչ մի լավ բան չի սպասվում։

​Թրամփի դեպքում սա բավական նուրբ թեմա է։ Տեսեք։ Եթե մարդը մեծահարուստ է և գալիս է իշխանության՝ նախագահ կամ վարչապետ է դառնում արդար ընտրությունների արդյունքում, էդտեղ, համաձայնեք, որևէ արգահատելի բան չկա, ամեն ինչ նորմալ է՝ իսկ ինչու պիտի մեծահարուստը պետության առաջնորդ չդառնա։ Նման օրինակները ողջ աշխարհում բազմաթիվ են։ Միշտ վկայակոչել եմ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահի օրինակը՝ ախր Ջորջ Վաշինգտոնը շատ հարուստ էր, որոշ հաշվարկներով այն ժամանակ այնքան փող և ունեցվածք ուներ, որ կարող է համարվել Ամերիկայի ամենահարուստ նախագահը։

«Մենք պատրաստվում էինք հաղթելու, և, անկեղծ ասած, մենք հաղթել ենք»․ Դոնալդ Թրամփ

Բայց եթե մարդը ղեկավար է դարձել ոչինչ չունենալով և իշխանությունն օգտագործել է հարստություն դիզելու նպատակով, դա վատ է, շատ վատ, ամենաբացասական երևույթներից մեկն է ողջ աշխարհում։ Որովհետև ես որպես շարքային քաղաքացի այդ մարդուն ընտրել եմ իմ շահերը պաշտպանելու համար, իսկ նա իմ քվեն ստանալուց հետո առաջնային է համարել ոչ թե իմ, այլ իր սեփական շահերը։ Շատ լավ գիտեք, որ նման մեղադրանքներ են ներկայացվում նաև Հայաստանի որոշ նախկին ղեկավարների։ Չեմ ուզում խորանալ, որովհետև պարզապես հավաստի տեղեկություններ չունեմ։ 

​Ինչու եմ ասում, որ Թրամփի դեպքում հարցը շատ նուրբ է։ Ախր այդ մարդը մինչև նախագահ ընտրվելը հսկայական կարողություն ուներ, բայց հիմա նրա ընտանիքի անդամներին մեղադրում են, որ չարաշահել են իշխանությունը։ Մասնավորապես, «Ֆոկուս» գերմանական պարբերականը մի հոդված է զետեղել, որը վերնագրված է. «Արդյոք Թրամփի կլանը կհայտնվի ճաղերի հետևում։ Իվանկան և Ջարեդ Քուշները անսպասելիորեն սկսել են նյարդայնանալ»։ Գիտեք, իհարկե, որ Իվանկան Թրամփի աղջիկն է, իսկ Ջարեդն Իվանկայի ամուսինն է։

​Որոշ աղբյուրներ այդ զույգին մեղադրում են այն բանում, որ մեծ ֆինանսական եկամուտներ են ստացել միայն այն հանգամանքի շնորհիվ, որ Ամերիկայի նախագահը Դոնալդ Թրամփն է եղել։ Ավելին, կան մեկնաբաններ, որոնք ասում են՝ ինչու է Թրամփը այդքան կառչած մնում նախագահական աթոռից, միայն մի պատճառ կա՝ զրկվելով այդ աթոռից, նա կարող է զրկվել կամ ազատությունից, կամ հարստությունից, կարծիք է հայտնում լրագրող Սանդրա Ուորդը։

​Բայց ապագային նայենք։ Ինչպես կփոխվի Ամերիկայի քաղաքականությունը նոր նախագահի՝ Ջո Բայդենի օրոք։ Նախ, ներքին քաղաքականության մասին, որը նաև մեր հայրենակիցներին է հետաքրքրում։ Եթե Թրամփը պատ էր կառուցում Մեքսիկայի սահմանին և ուզում էր վերջնականապես հրաժարվել այսպես կոչված «գրին քարտի» ամենամյա վիճակահանությունից, նոր կառավարության քաղաքականությունն այս բնագավառում կարող է ճիշտ հակառակը լինել։ Արդեն հայտնի է, որ Ջո Բայդենն արտգործնախարար է նշանակելու իր երկարամյա մերձավոր Էնթոնի Բլինքենին, իսկ այդ մարդը միշտ ասել է՝ մենք ոչ թե պիտի պատեր կառուցենք, այլ ամեն ինչ անենք, որպեսզի այլ երկրներում մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն և չձգտեն ամեն գնով հայտնվել Միացյալ Նահանգներում։

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

​Ամերիկայի նոր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, նաև կվերականգնի հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Բայց մեզ համար ամենակարևորը՝ իրական նախադրյալներ կան, որ Ջո Բայդենի կառավարությունը կվերականգնի բնականոն հարաբերությունները մեր հարևան Իրանի հետ։ Համենայնդեպս, շատ որոշակի հույսեր կան։

 

93
թեգերը:
Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն 5 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին ու Ադրբեջանին
Սպիտակ տանը մեկ նախագահի տեղ կա. տարօրինակ իրավիճակ ԱՄՆ-ում՝ ընտրություններից հետո
ԱՄՆ–ն հետաքննություն է սկսել Հայաստանից ներկրվող փայլաթիթեղի գործով
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

0
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

0
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է